Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.04.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 27.11.2023
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
12.04.2023
Подписан
Նախագահող
Дата подписания
12.04.2023
Дата вступления в силу
12.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/6580/05/16

2023 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/6580/05/16

Նախագահող դատավոր՝

 Ա. Թովմասյան

Դատավորներ՝

 Ա. Առաքելյան

 Ա. Բաբայան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Հ. Բեդևյան

Լ. Հակոբյան

Ք. Մկոյան

 

2023 թվականի ապրիլի 12-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ կառավարության` ի դեմս Երևանի քաղաքապետարանի, և Երևանի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 25.03.2019 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Սերոբ Խաչատրյանի, Էմմա Պետրոսյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) Երևանի տարածքային ստորաբաժանման, երկրորդ պատասխանող ՀՀ կառավարության, երրորդ անձ Արմինե Խաչատրյան՝ մասնակի` 49քմ մակերեսով հողամասի մասով, փորձագետի 24.10.2011 թվականի թիվ 10-1075 եզրակացությանը կից թիվ 2 հավելվածում նշված համադրվող մասով` Երևանի քաղաքապետի 28.12.1998 թվականի «Երևան քաղաքում ինքնակամ կառուցված շենքերի և շինությունների կարգավիճակի մասին» թիվ 1192 որոշումը (որոշման հավելվածի 87 հերթական համար)` Բեռնակիրների փողոցի թիվ 64 տուն հասցեի 254քմ մակերեսով հողամասից 49քմ մակերեսով հողամասը վարձակալության հանձնելու մասով, անվավեր ճանաչելու, որպես հետևանք` մասնակի` 49քմ մակերեսով հողամասի մասով, փորձագետի 24.10.2011 թվականի թիվ 10-1075 եզրակացությանը կից թիվ 2 հավելվածում նշված համադրվող մասով, Երևանի քաղաքապետարանի և Անահիտ Խաչատրյանի միջև 18.08.1999 թվականին կնքված հողի վարձակալության թիվ ՓԲ-3440 55/430 պայմանագիրը, մասնակի` 49քմ մակերեսով հողամասի մասով, փորձագետի 24.10.2011 թվականի թիվ 10-1075 եզրակացությանը կից թիվ 2 հավելվածում նշված համադրվող մասով, Կոմիտեի Էրեբունու տարածքային ստորաբաժանման 20.09.1999 թվականի թիվ 0114431 անշարժ գույքի նկատմամբ սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականի համաձայն Բեռնակիրների փողոցի թիվ 64 հասցեի 0.0254հա մակերեսով հողամասի նկատմամբ Անահիտ Խաչատրյանի վարձակալության իրավունքի գրանցումը, մասնակի` 49քմ մակերեսով հողամասի մասով, փորձագետի 24.10.2011 թվականի թիվ 10-1075 եզրակացությանը կից թիվ 2 հավելվածում նշված համադրվող մասով, Անահիտ Խաչատրյանի և Արմինե Խաչատրյանի միջև 31.01.2001 թվականին կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը, մասնակի` 49քմ մակերեսով հողամասի մասով, փորձագետի 24.10.2011 թվականի թիվ 10-1075 եզրակացությանը կից թիվ 2 հավելվածում նշված համադրվող մասով, Կոմիտեի Էրեբունու տարածքային ստորաբաժանման կողմից տրված 15.02.2001 թվականի թիվ 548872 անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վկայականով Բեռնակիրների փողոցի թիվ 64 հասցեի 0.0254հա մակերեսով հողամասի նկատմամբ Արմինե Խաչատրյանի վարձակալության իրավունքի գրանցումը, մասնակի` 49քմ մակերեսով հողամասի մասով, փորձագետի 24.10.2011 թվականի թիվ 10-1075 եզրակացությանը կից թիվ 2 հավելվածում նշված համադրվող մասով, Կոմիտեի Էրեբունու տարածքային ստորաբաժանման կողմից տրված 15.02.2001 թվականի թիվ 548872 անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վկայականով, 23.01.2008 թվականին կատարված փոփոխությամբ Բեռնակիրների փողոցի թիվ 64/1 հասցեի 0.0254հա մակերեսով հողամասի նկատմամբ Արմինե Խաչատրյանի սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Սերոբ Խաչատրյանը և Էմմա Պետրոսյանը պահանջել են.

1) մասնակի` 49քմ մակերեսով հողամասի մասով, փորձագետի 24.10.2011 թվականի թիվ 10-1075 եզրակացությանը կից թիվ 2 հավելվածում նշված համադրվող մասով, անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 28.12.1998 թվականի «Երևան քաղաքում ինքնակամ կառուցված շենքերի և շինությունների կարգավիճակի մասին» թիվ 1192 որոշումը (որոշման հավելվածի 87 հերթական համար)` Բեռնակիրների փողոց, թիվ 64 տուն հասցեի 254քմ մակերեսով հողամասից 49քմ մակերեսով հողամասը վարձակալության հանձնելու մասով,

որպես հետևանք`

- մասնակի` 49քմ մակերեսով հողամասի մասով, փորձագետի 24.10.2011 թվականի թիվ 10-1075 եզրակացությանը կից թիվ 2 հավելվածում նշված համադրվող մասով, անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետարանի և Անահիտ Խաչատրյանի միջև 18.08.1999 թվականին կնքված Հողի վարձակալության թիվ ՓԲ-3440 55/430 պայմանագիրը,

- մասնակի` 49քմ մակերեսով հողամասի մասով, փորձագետի 24.10.2011 թվականի թիվ 10-1075 եզրակացությանը կից թիվ 2 հավելվածում նշված համադրվող մասով, անվավեր ճանաչել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունու տարածքային ստորաբաժանման 20.09.1999 թվականի թիվ 0114431 Անշարժ գույքի նկատմամբ սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականի համաձայն Բեռնակիրների փ., թիվ 64 հասցեի 0.0254հա մակերեսով հողամասի նկատմամբ Անահիտ Խաչատրյանի վարձակալության իրավունքի գրանցումը,

- մասնակի` 49քմ մակերեսով հողամասի մասով, փորձագետի 24.10.2011 թվականի թիվ 10-1075 եզրակացությանը կից թիվ 2 հավելվածում նշված համադրվող մասով, անվավեր ճանաչել Անահիտ Խաչատրյանի և Արմինե Խաչատրյանի միջև 31.01.2001 թվականին կնքված Անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը,

- մասնակի` 49քմ մակերեսով հողամասի մասով, փորձագետի 24.10.2011 թվականի թիվ 10-1075 եզրակացությանը կից թիվ 2 հավելվածում նշված համադրվող մասով, անվավեր ճանաչել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունու տարածքային ստորաբաժանման կողմից տրված 15.02.2001 թվականի թիվ 548872 Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վկայականով Բեռնակիրների փ., թիվ 64 հասցեի 0.0254հա մակերեսով հողամասի նկատմամբ Արմինե Խաչատրյանի վարձակալության իրավունքի գրանցումը,

- մասնակի` 49քմ մակերեսով հողամասի մասով, փորձագետի 24.10.2011 թվականի թիվ 10-1075 եզրակացությանը կից թիվ 2 հավելվածում նշված համադրվող մասով, անվավեր ճանաչել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունու տարածքային ստորաբաժանման կողմից տրված 15.02.2001 թվականի թիվ 548872 Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վկայականով, 23.01.2008 թվականին կատարված փոփոխությամբ Բեռնակիրների փ., թիվ 64/1 հասցեի 0.0254հա մակերեսով հողամասի նկատմամբ Արմինե Խաչատրյանի սեփականության իրավունքի գրանցումը։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Միրզոյան) (այսուհետ` Դատարան) 16.06.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի։ Վճռվել է.

1) մասնակի` 49քմ մակերեսով հողամասի մասով, փորձագետի 24.10.2011 թվականի թիվ 10-1075 եզրակացությանը կից թիվ 2 հավելվածում նշված համադրվող մասով, անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 28.12.1998 թվականի «Երևան քաղաքում ինքնակամ կառուցված շենքերի և շինությունների կարգավիճակի մասին» թիվ 1192 որոշումը (որոշման հավելվածի 87 հերթական համար)` Բեռնակիրների փողոց, թիվ 64 տուն հասցեի 254քմ մակերեսով հողամասից 49քմ մակերեսով հողամասը վարձակալության հանձնելու մասով։

Որպես հետևանք`

- մասնակի` 49քմ մակերեսով հողամասի մասով, փորձագետի 24.10.2011 թվականի թիվ 10-1075 եզրակացությանը կից թիվ 2 հավելվածում նշված համադրվող մասով, անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետարանի և Անահիտ Խաչատրյանի միջև 18.08.1999 թվականին կնքված Հողի վարձակալության թիվ ՓԲ-3440 55/430 պայմանագիրը,

- մասնակի` 49քմ մակերեսով հողամասի մասով, Փորձագետի 24.10.2011 թվականի թիվ 10-1075 Եզրակացությանը կից թիվ 2 հավելվածում նշված համադրվող մասով, անվավեր ճանաչել Անահիտ Խաչատրյանի և Արմինե Խաչատրյանի միջև 31.01.2001 թվականին կնքված Անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը,

- մասնակի` 49քմ մակերեսով հողամասի մասով, Փորձագետի 24.10.2011 թվականի թիվ 10-1075 Եզրակացությանը կից թիվ 2 հավելվածում նշված համադրվող մասով, անվավեր ճանաչել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունու տարածքային ստորաբաժանման կողմից տրված 15.02.2001 թվականի թիվ 548872 Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վկայականով, 23.01.2008 թվականին կատարված փոփոխությամբ Բեռնակիրների փ., թիվ 64/1 հասցեի 0.0254հա մակերեսով հողամասի նկատմամբ Արմինե Խաչատրյանի սեփականության իրավունքի գրանցումը։

Վարչական գործի վարույթը` մասնակի` 49քմ մակերեսով հողամասի մասով, Փորձագետի 24.10.2011 թվականի թիվ 10-1075 Եզրակացությանը կից թիվ 2 հավելվածում նշված համադրվող մասով, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունու տարածքային ստորաբաժանման 20.09.1999 թվականի թիվ 0114431 Անշարժ գույքի նկատմամբ սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականի համաձայն Բեռնակիրների փ., թիվ 64 հասցեի 0.0254հա մակերեսով հողամասի նկատմամբ Անահիտ Խաչատրյանի վարձակալության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու, մասնակի` 49քմ մակերեսով հողամասի մասով, Փորձագետի 24.10.2011 թվականի թիվ 10-1075 Եզրակացությանը կից թիվ 2 հավելվածում նշված համադրվող մասով, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունու տարածքային ստորաբաժանման կողմից տրված 15.02.2001 թվականի թիվ 548872 Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վկայականով Բեռնակիրների փ., թիվ 64 հասցեի 0.0254հա մակերեսով հողամասի նկատմամբ Արմինե Խաչատրյանի վարձակալության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու հետևանքների վերացման ածանցյալ պահանջների մասով, կարճվել է։

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.03.2019 թվականի որոշմամբ Արմինե Խաչատրյանի, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կառավարության (ներկայացուցիչ` Երևանի քաղաքապետարան) կողմից ներկայացված վերաքննիչ բողոքները մերժվել են, և Դատարանի 16.06.2017 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել ՀՀ կառավարությունը` ի դեմս Երևանի քաղաքապետարանի (ներկայացուցիչ` Անդրանիկ Մուրադյան), և Երևանի քաղաքապետարանը (ներկայացուցիչ` Անդրանիկ Մուրադյան):

Վճռաբեկ բողոքների պատասխան չի ներկայացվել:

 

2. ՀՀ կառավարության` ի դեմս Երևանի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ Սահմանադրության 10-րդ և 60-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 26-րդ, 27-րդ, 28-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ Սահմանադրության 5-րդ և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի  63-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է կիրառել ՀՀ կառավարության 25.02.1998 թվականի «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների հաշվառման և պետական գրանցման մասին» թիվ 114 որոշումը:

Վերաքննիչ դատարանը, սույն վարչական գործով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ դատական ակտ կայացնելու համար, պետք է պարզեր, թե թիվ ՎԴ/5010/05/12 վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 05.08.2016 թվականի օրինական ուժի մեջ մտած որոշման պայմաններում արդյոք կարող էին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 24.10.2011 թվականի թիվ 10-1075 եզրակացության հիման վրա անվավեր ճանաչվել Երևանի քաղաքապետի 28.12.1998 թվականի թիվ 1192 որոշումը, դրա հիման վրա կնքված հողի վարձակալության և նվիրատվության պայմանագրերն ու դրանց հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումները:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ թիվ ՎԴ/5010/05/12 վարչական գործով 05.08.2016 թվականի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը Երևանի քաղաքապետի 27.11.2008 թվականի թիվ 5524-Ա որոշումն անվավեր ճանաչելու հիմքում դրել է փորձագետի եզրակացությունը, որով արձանագրվել է հողամասերի համադրման փաստը:

Վերաքննիչ դատարանը, բազմակողմանի և օբյեկտիվ գնահատման չենթարկելով գործի փաստերը, հաշվի չի առել, որ թիվ ՎԴ/5010/05/12 վարչական գործով կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտով Երևանի քաղաքապետի 27.11.2008 թվականի թիվ 5524-Ա որոշումը մասնակի` համադրված հողի մասով, անվավեր է ճանաչվել, ինչի արդյունքում, ըստ էության, վերացվել է քննարկման առարկա հողամասերի միջև համադրումը: Ուստի, համադրման հանգամանքի բացակայության պայմաններում ներկայացված հայցապահանջները եղել են հիմնազուրկ և մերժման ենթակա:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելու հիմքում դրել է նաև այն հանգամանքը, որ Անահիտ Խաչատրյանն օբյեկտիվորեն չէր կարող հանդիսանալ վիճելի հասցեի շինությունը կառուցած անձ: Վերաքննիչ դատարանը, սակայն, անտեսել է, որ անձը կարող է դիմել դատական պաշտպանության, եթե ունի «իրական (ռեալ)» իրավունքներ: Հետևաբար, Վերաքննիչ դատարանը պետք է սույն վեճի շրջանակներում նախ պարզեր ՀՀ կառավարության 25.02.1998 թվականի «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների հաշվառման և պետական գրանցման մասին» թիվ 114 որոշման շրջանակներում այն սուբյեկտներին, ովքեր կարող են ունենալ օբյեկտիվ ակնկալիք:

Անդրադառնալով հայցվորի հավակնություններին, մասնավորապես դրանց` օրենքի պահանջից բխելուն, հարկ է նշել, որ Դատարանը, համադրման մասով անվավեր ճանաչելով Երևանի քաղաքապետի 28.12.1998 թվականի թիվ 1192 որոշումը, կատարել է ոչ օբյեկտիվ եզրահանգում այն մասին, որ սույն վարչական գործով վիճարկվող որոշման առարկան է հանդիսացել 49.0քմ հողամասը: Մինչդեռ, նշված համադրումն օրինական ուժի մեջ մտած վճռով վերացած լինելու պայմաններում, Դատարանն իրավասու չէր քննության առնել գոյություն չունեցող փաստը և դրա հիման վրա եզրահանգումներ կատարել:

Միաժամանակ, Դատարանը որևէ իրավական գնահատական չի տվել գործում առկա 29.07.1998 թվականի համաձայնագրին, որով Սվետա Մկոյանը, Անահիտ և Արմինե Խաչատրյանները տվել են համաձայնություն` Բեռնակիրների փողոցի թիվ 64 հասցեի ինքնակամ կառույցն Անահիտ Խաչատրյանի անվամբ գրանցելու համար:

Վերաքննիչ դատարանի վիճարկվող դատական ակտն առերևույթ հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի թիվ 3-54(ՎԴ) գործով կայացված որոշմանը, ըստ որի` դատարանի վճիռը պետք է լինի օրինական և հիմնավորված, իսկ վճռի պատճառաբանական մասում պետք է նշվեն դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.03.2019 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ` հայցն ամբողջությամբ մերժել, կամ գործն ուղարկել նոր քննության:

 

2.1 Երևանի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ Սահմանադրության 10-րդ և 60-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 26-րդ, 27-րդ, 28-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ Սահմանադրության 5-րդ և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է կիրառել ՀՀ կառավարության 25.02.1998 թվականի «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների հաշվառման և պետական գրանցման մասին» թիվ 114 որոշումը:

Վերաքննիչ դատարանը սույն վարչական գործով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ դատական ակտ կայացնելու համար պետք է պարզեր, թե թիվ ՎԴ/5010/05/12 վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 05.08.2016 թվականի օրինական ուժի մեջ մտած որոշման պայմաններում արդյոք կարող էին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 24.10.2011 թվականի թիվ 10-1075 եզրակացության հիման վրա անվավեր ճանաչվել Երևանի քաղաքապետի 28.12.1998 թվականի թիվ 1192 որոշումը, դրա հիման վրա կնքված հողի վարձակալության և նվիրատվության պայմանագրերն ու դրա հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումները:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ թիվ ՎԴ/5010/05/12 վարչական գործով 05.08.2016 թվականի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը Երևանի քաղաքապետի 27.11.2008 թվականի թիվ 5524-Ա որոշումն անվավեր ճանաչելու հիմքում դրել է փորձագետի եզրակացությունը, որով արձանագրվել է հողամասերի համադրման փաստը:

Վերաքննիչ դատարանը, բազմակողմանի և օբյեկտիվ գնահատման չենթարկելով գործի փաստերը, հաշվի չի առել, որ թիվ ՎԴ/5010/05/12 վարչական գործով կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտով Երևանի քաղաքապետի 27.11.2008 թվականի թիվ 5524-Ա որոշումը մասնակի` համադրված հողի մասով, անվավեր է ճանաչվել, ինչի արդյունքում, ըստ էության, վերացվել է քննարկման առարկա հողամասերի միջև համադրումը, ինչից հետևում է, որ համադրման հանգամանքի բացակայության պայմաններում ներկայացված հայցապահանջները եղել են հիմնազուրկ և մերժման ենթակա:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելու հիմքում դրել է նաև այն հանգամանքը, որ Անահիտ Խաչատրյանն օբյեկտիվորեն չէր կարող հանդիսանալ վիճելի հասցեի շինությունը կառուցած անձ: Վերաքննիչ դատարանը, սակայն, անտեսել է, որ անձը կարող է դիմել դատական պաշտպանության, եթե ունի «իրական (ռեալ)» իրավունքներ: Հետևաբար, Վերաքննիչ դատարանը պետք է սույն վեճի շրջանակներում նախ պարզեր ՀՀ կառավարության 25.02.1998 թվականի «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների հաշվառման և պետական գրանցման մասին» թիվ 114 որոշման շրջանակներում այն սուբյեկտներին, ովքեր կարող են ունենալ օբյեկտիվ ակնկալիք:

Անդրադառնալով հայցվորի հավակնություններին, մասնավորապես դրանց` օրենքի պահանջից բխելուն, հարկ է նշել, որ Դատարանը, համադրման մասով անվավեր ճանաչելով Երևանի քաղաքապետի 28.12.1998 թվականի թիվ 1192 որոշումը, կատարել է ոչ օբյեկտիվ եզրահանգում այն մասին, որ սույն վարչական գործով վիճարկվող որոշման առարկան է հանդիսացել 49.0քմ հողամասը: Մինչդեռ, նշված համադրումն օրինական ուժի մեջ մտած վճռով վերացած լինելու պայմաններում Դատարանն իրավասու չէր քննության առնել գոյություն չունեցող փաստը և դրա հիման վրա եզրահանգումներ կատարել:

Միաժամանակ, Դատարանը որևէ իրավական գնահատական չի տվել գործում առկա 29.07.1998 թվականի համաձայնագրին, որով Սվետա Մկոյանը, Անահիտ և Արմինե Խաչատրյանները տվել են համաձայնություն` Բեռնակիրների փողոցի թիվ 64 հասցեի ինքնակամ կառույցն Անահիտ Խաչատրյանի անվամբ գրանցելու համար:

Վերաքննիչ դատարանի վիճարկվող դատական ակտն առերևույթ հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի թիվ 3-54(ՎԴ) գործով կայացված որոշմանը, ըստ որի` դատարանի վճիռը պետք է լինի օրինական և հիմնավորված, իսկ վճռի պատճառաբանական մասում պետք է նշվեն դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.03.2019 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ` հայցն ամբողջությամբ մերժել, կամ գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

1) Երևանի քաղաքապետի 28.12.1998 թվականի Երևան քաղաքում ինքնակամ կառուցված շենքերի և շինությունների կարգավիճակի մասին թիվ 1192 որոշման համաձայն` Երևանի քաղաքապետը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 25.02.1998 թվականի թիվ 114 և Երևանի քաղաքապետի 24.06.1998 թվականի թիվ 329 որոշումներով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի ինքնակամ կառույցների կարգավիճակը որոշող հանձնաժողովի դրական եզրակացությունը (28.12.1998 թվականի թիվ 32 արձանագրություն), ճանաչել է 702 քաղաքացիների սեփականության իրավունքն ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների նկատմամբ (հավելված) և զբաղեցրած հողատարածքը հանձնել է նրանց վարձակալությանը։

Նույն որոշման հավելվածի 87 հերթական համարի տակ կատարված գրառման համաձայն` Բեռնակիրների փողոց, թիվ 64 տուն հասցեի 74.2քմ մակերեսով բնակելի տան նկատմամբ ճանաչվել է Ա. Խաչատրյանի սեփականության իրավունքը և 254քմ մակերեսով հողամասը հանձնվել է վարձակալության (հատոր 1-ին, գ.թ. 129):

2) Կոմիտեի Էրեբունու տարածքային ստորաբաժանման կողմից 20.09.1999 թվականին տրված թիվ 0114431 անշարժ գույքի նկատմամբ սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականի համաձայն` ք. Երևան, Էրեբունի համայնք, Բեռնակիրների փ., թիվ 64 հասցեի 64.2քմ բնակելի տան նկատմամբ գրանցվել է Անահիտ Խաչատրյանի սեփականության իրավունքը, իսկ նույն հասցեի 0.0254հա մակերեսով հողամասի նկատմամբ` Անահիտ Խաչատրյանի վարձակալության իրավունքը (կադաստրային գործ, հատոր 1-ին):

3) Անահիտ Խաչատրյանի և Արմինե Խաչատրյանի միջև 31.01.2001 թվականին կնքված Անշարժ գույքի նվիրատվության պայմանագրի համաձայն` Անահիտ Խաչատրյանն Արմինե Խաչատրյանին է նվիրել, իսկ վերջինս նվեր է ընդունել Երևանի Բեռնակիրների փողոցի 64 բնակելի տունը։

Ըստ նույն պայմանագրի` Բեռնակիրների փողոցի թիվ 64 բնակելի տունը պատկանել է Անահիտ Խաչատրյանին համաձայն Կոմիտեի Էրեբունու տարածքային ստորաբաժանման կողմից 20.09.1999 թվականին տրված թիվ 0114431 սեփականության իրավունքի վկայականի, նվիրվող բնակելի տունը բաղկացած է 64,2քմ ընդհանուր մակերեսից, գտնվում է 254,0քմ վարձակալած հողամասի վրա (կադաստրային գործ, հատոր 1-ին):

4) Կոմիտեի Էրեբունու տարածքային ստորաբաժանման կողմից 15.02.2001 թվականին տրված թիվ 548872 անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն` ք. Երևան, Էրեբունի համայնք, Բեռնակիրների փ., թիվ 64 հասցեի 64.2քմ բնակելի տան նկատմամբ գրանցվել է Արմինե Լևոնի Խաչատրյանի սեփականության իրավունքը, իսկ նույն հասցեի 0.0254հա մակերեսով հողամասի նկատմամբ գրանցվել է Արմինե Խաչատրյանի վարձակալության իրավունքը։

Նույն վկայականի համաձայն` 23.01.2008 թվականին վկայականում Կոմիտեի Էրեբունու տարածքային ստորաբաժանման ղեկավարի գրառմամբ կատարվել է փոփոխություն` հասցեի ուղղում, այն է` Բեռնակիրների փողոց թիվ 64 հասցեն ջնջվել և դարձվել է 64/1 հասցե։

Նույն վկայականի «Հողամասի տվյալները» բաժնում կատարված գրառման համաձայն` իրավունքի տեսակը տողում «վարձակալություն» բառը ջնջվել է և նշվել «սեփականություն» (կադաստրային գործ, հատոր 1.1-ին):

5) Երևանի քաղաքապետի 27.11.2008 թվականի «Բեռնակիրների փողոցի հ.64 հասցեի բնակելի տան նկատմամբ Հակոբ Խաչատուրի Խաչատրյանի գույքային իրավունքները վերականգնելու, 182,47քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» թիվ 5524-Ա որոշման համաձայն` վերականգնվել է Բեռնակիրների փողոցի 64 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Հակոբ Խաչատուրի Խաչատրյանի հողօգտագործման իրավունքը` բնակելի տան և սպասարկման համար անհրաժեշտ 300քմ մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրա սեփականության իրավունքը 300քմ մակերեսով հողամասի և 482,47քմ մակերեսով հողամասի վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։ Նույն որոշման համաձայն` 300քմ մակերեսով հողամասից ավել օգտագործվող 182,47քմ մակերեսով հողամասը տարածագնահատման 5-րդ գոտու կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի միջոցով օտարվել է Հակոբ Խաչատուրի Խաչատրյանին (հատոր 1-ին, գ.թ. 39, 60, 127):

6) Երևանի քաղաքապետի կողմից 10.12.2008 թվականին հաստատված թիվ 3263-2008 Հողամասի գլխավոր հատակագծի համաձայն` հաստատվել է Երևանի քաղաքապետի 27.11.2008 թվականի թիվ 5524-Ա որոշմամբ Հակոբ Խաչատրյանին հատկացված հողամասի հատակագիծը, որի մակերեսը կազմում է 482,47քմ (հատոր   1-ին, գ.թ. 31-33, 52-54):

7) Երևանի Էրեբունի նոտարական տարածքի նոտար Անահիտ Ղազարյանի կողմից 05.09.2009 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` 20.02.2009 թվականին մահացած Հակոբ Խաչատուրի Խաչատրյանի գույքի նկատմամբ հավասար բաժիններով ժառանգներ են հանդիսացել կինը` Էմմա Վարդանի Պետրոսյանը, դուստրը` Սուսաննա Հակոբի Խաչատրյանը, դուստրը` Մայրամ Խաչատրյանը, դուստրը` Գայանե Հակոբի Մուրադյանը, որդին` Արմեն Հակոբի Մուրադյանը, որոնք ժառանգության իրենց բաժնից հրաժարվել են հօգուտ Սերոբ Հակոբի Խաչատրյանի։

Նույն վկայագրի համաձայն` ժառանգատուի գույքը, որի համար տրվել է վկայագիրը, բաղկացած է ք. Երևան, Բեռնակիրների փողոց, տուն 64 հասցեի անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի 1/2 մասից, որը պատկանում է ժառանգատուին` համաձայն Երևանի քաղաքապետի 27.11.2008 թվականին թիվ 5524-Ա որոշման։ Բեռնակիրների փողոց, տուն 64 հասցեի անշարժ գույքը բաղկացած է 482,47քմ մակերեսով հողատարածքից և նրա վրա գտնվող շենք-շինություններից (հատոր 1-ին, գ.թ. 37):

8) Երևանի Էրեբունի նոտարական տարածքի նոտար Անահիտ Ղազարյանի կողմից 05.09.2009 թվականին տրված սեփականության իրավունքի վկայագրի համաձայն` Էմմա Վարդանի Պետրոսյանը 20.02.2009 թվականին մահացած Հակոբ Խաչատուրի Խաչատրյանի հետ համատեղ համարվում է Բեռնակիրների փողոց 64 հասցեում գտնվող անշարժ գույքի համասեփականատեր` ունի այդ գույքի 1/2 բաժնի նկատմամբ սեփականության իրավունք` որպես վերջինիս կին (հատոր 1-ին, գ.թ. 38):

9) Թիվ ԵԷԴ/0446/02/09 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից նշանակված դատաշինարարատեխնիկական փորձաքննության արդյունքում ստացված «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 24.10.2011 թվականի թիվ 10-1075 եզրակացության (այսուհետ` Փորձագետի եզրակացություն) «Հետևություններ» մասի համաձայն` «Բեռնակիրների 64 և 64/1 հասցեների անշարժ գույքերի փաստացի չափագրումից պարզվել է, որ հայցվորներ Սերոբ Խաչատրյանի և Էմմա Պետրոսյանի իրավանախորդ Հակոբ Խաչատրյանին Երևանի քաղաքապետի 27.11.2008 թվականի հ.5524-Ա որոշման համաձայն սեփականության իրավունքով տրամադրվել է 482,47քմ մակերեսով հողամաս, որը համադրվում է Արմինե Լևոնի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի հետ (հ. 548872 սեփականության իրավունքի վկայական տրվ. 15.02.2001թ.), և հողամասերի համադրվող հատվածի մակերեսը 49,0քմ է, որի վրա փաստացի գտնվում է Հակոբ Խաչատրյանի կողմից օգտագործվող բնակելի տան որոշ հատված 13,2քմ արտաքին մակերեսով։ Այսինքն Սերոբ Խաչատրյանի և Էմմա Պետրոսյանի կողմից կատարվել է հողազավթում և նրանց կողմից փաստացի օգտագործվում է 49,0քմ հողամաս, որը Արմինե Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի մի հատվածն է։ Արմինե Խաչատրյանը Բեռնակիրների փողոցի թիվ 64/1 հասցեի անշարժ գույքը ձեռք է բերել նոտարի 31.01.2001 թվականի թիվ 3-607 նվիրատվության պայմանագրի համաձայն։ Սակայն այդ անշարժ գույքը նախկինում հաշվառված է եղել որպես անօրինական շենք շինություններ և նախկին սեփականատիրոջ` Անահիտ Խաչատրյանի կողմից այն օրինականացվել և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում է կատարվել 20.09.1999 թվականին և տրվել է հ.0114431 սեփականության իրավունքի վկայականը։ Սակայն կադաստրային գործում առկա է 31.05.2006 թվականին կազմված անշարժ գույքի հաշվառման ուրվագիծ, որում Արմինե Խաչատրյանի կողմից օգտագործվող հողամասի ուրվագծված պատկերը և երկրաչափական չափերը չեն համապատասխանում 20.09.1999 թվականին տրված հ.0114431 սեփականության իրավունքի վկայականում նշված հողամասի պատկերի և երկրաչափական չափերի հետ։ Այսինքն, 31.05.2006 թվականին կազմված անշարժ գույքի հաշվառման ուրվագծից պարզ երևում է, որ դեռևս 2006 թվականին Արմինե Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասից որոշ հատված փաստացի օգտագործվել է Հակոբ Խաչատրյանի կողմից։ Երևանի քաղաքապետի 27.11.2008 թվականի թիվ 5524-Ա որոշման համաձայն Հակոբ Խաչատրյանին հատկացված հողամասի և Արմինե Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի սահմանային հատվածն ուրվագծային պատկերով և երկրաչափական չափերով համապատասխանում է 31.05.2006 թվականին կազմված անշարժ գույքի հաշվառման ուրվագծում նշված հողամասի տվյալ հատվածի հետ։ Համաձայն 31.05.2006 թվականին կազմված անշարժ գույքի հաշվառման ուրվագծի` կողմերի կողմից օգտագործվող հողամասերի համադրման հատակագիծը բերված է սույն եզրակացության թիվ 4 հավելվածում։ Սերոբ Խաչատրյանի բանավոր հայտարարության համաձայն` Արմինե Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում փաստացի առկա որոշ հատված դեռևս շատ վաղուց եղել է Հակոբ Խաչատրյանի կողմից օգտագործվող հողամասի սահմանը։ Կողմերից որևէ մեկի բանավոր հայտարարությունը չի կարող հիմք հանդիսանալ տվյալ հարցի վերաբերյալ փորձագիտական եզրակացություն տալու համար։ (…) (հատոր 1-ին, գ.թ. 100-125):

10) ՀՀ վարչական դատարանի 16.12.2015 թվականի թիվ ՎԴ/5010/05/12 վարչական գործով կայացված վճռով` Սերոբ Խաչատրյանի և Էմմա Պետրոսյանի հայցը բավարարվել է մասնակի` մասնակի` 49քմ մակերեսով հողամասի մասով, Փորձագետի 24.10.2011 թվականի թիվ 10-1075 Եզրակացությանը կից թիվ 2 հավելվածում նշված համադրվող մասով, անվավեր է ճանաչվել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման կողմից Անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման 15.02.2001 թվականի թիվ 548872 վկայականով ք. Երևան, Բեռնակիրների 64/1 հասցեի նկատմամբ կատարված Արմինե Խաչատրյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը, իսկ Արմինե Խաչատրյանի հակընդդեմ հայցը մերժվել է (հիմք` Datalex.am դատական տեղեկատվական համակարգ):

11) Թիվ ՎԴ/5010/05/12 վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ մտած 05.08.2016 թվականի որոշմամբ Արմինե Խաչատրյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը բավարարվել է` հայցը մասնակի բավարարելու և հակընդդեմ հայցը մերժելու մասով բեկանվել է ՀՀ վարչական դատարանի 16.12.2015 թվականի վճիռը և այն փոփոխվել է` հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել է (հատոր 2-րդ, գ.թ. 7-28, հատոր 3-րդ, գ.թ. 40-61):

12) Թիվ ՎԴ/5010/05/12 վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 05.08.2016 թվականի օրինական ուժ ստացած որոշմամբ հաստատվել են հետևյալ փաստերը.

1. Արմինե Լևոնի Խաչատրյանը 15.02.2001թ. թիվ 54882 վկայականում նշված անշարժ գույքն ամբողջությամբ (այդ թվում` նաև 49քմ մակերեսով հողամասը) ձեռք է բերել 31.01.2001 թվականի նվիրատվության պայմանագրի հիման վրա, որն անվավեր կամ առոչինչ չի ճանաչվել:

2. Մինչ վերը նշված նվիրատվությունը՝ հողամասի վարձակալ է հանդիսացել Անահիտ Լևոնի Խաչատրյանը, որի` բնակելի տան և հողամասի նկատմամբ իրավունքները, ըստ պայմանագրի, հավաստվել են պետության կողմից 20.09.1999 թվականի սեփականության վկայականով։ Նշված վկայականի համաձայն` Անահիտ Խաչատրյանի իրավունքների գրանցման համար հիմք է հանդիսացել Երևանի քաղաքապետի 28.12.1998 թվականի թիվ 1192 որոշումը, որը դատական կամ այլ կարգով չի վերացվել, անվավեր, ոչ իրավաչափ կամ առ ոչինչ չի ճանաչվել։

3. «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետի 24.10.2011 թվականի թիվ 10-1075 եզրակացության «Հետևություններ» մասի համաձայն` հայտնվել է հետևյալը. «Բեռնակիրների 64 և 64/1 հասցեների անշարժ գույքերի փաստացի չափագրումից պարզվել է, որ հայցվորներ Սերոբ Խաչատրյանի և Էմմա Պետրոսյանի իրավանախորդ Հակոբ Խաչատրյանին Երևանի քաղաքապետի 27.11.2008 թ.-ի հ.5524-Ա որոշման համաձայն սեփականության իրավունքով տրամադրվել է 482.47քմ մակերեսով հողամաս, որը համադրվում է Արմինե Լևոնի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի հետ /հ. 548872 սեփականության իրավունքի վկայական տրվ. 15.02.2001թ./, և հողամասերի համադրվող հատվածի մակերեսը 49,0քմ է, որի վրա փաստացի գտնվում է Հակոբ Խաչատրյանի կողմից օգտագործվող բնակելի տան որոշ հատված 13,2քմ արտաքին մակերեսով։ Այսինքն Սերոբ Խաչատրյանի և Էմմա Պետրոսյանի կողմից կատարվել է հողազավթում և նրանց կողմից փաստացի օգտագործվում է 49,0քմ հողամաս, որը Արմինե Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի մի հատվածն է»։

4. Նշված հողամասի համադրվող մասը (49քմ մակերեսով) Սերոբ Խաչատրյանի և Էմմա Պետրոսյանի իրավանախորդ Հակոբ Խաչատրյանին է տրամադրվել Երևանի քաղաքապետի 27.11.2008 թվականի թիվ 5524-Ա որոշմամբ, այսինքն` այն ժամանակ, երբ հողամասի վիճելի 49քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ առկա էր Արմինե Խաչատրյանի սեփականության իրավունքի պետական գրանցում, ինչով հավաստվում է պետության կողմից վերջինիս իրավունքների ճանաչումը։

5. Երևանի քաղաքապետի 27.11.2008 թվականի թիվ 5524-Ա որոշումը ենթակա է անվավեր ճանաչման՝ համադրվող հողամասի մասով (հատոր 2-րդ, գ.թ. 7-28, հատոր 3-րդ, գ.թ. 40-61):

13) Թիվ ՎԴ/5010/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 26.10.2016 թվականի որոշմամբ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 05.08.2016 թվականի որոշման դեմ Սերոբ Խաչատրյանի և Էմմա Պետրոսյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է (հատոր 2-րդ, գ.թ. 29-32, հատոր 3-րդ, գ.թ. 35-38):

14) «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 24.10.2011 թվականի թիվ  10-1075 եզրակացությունը դրվել է նաև թիվ ՎԴ/5010/05/12 վարչական գործի քննության հիմքում:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ սույն վարչական գործով առկա է իրավունքի զարգացման խնդիր «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի կապակցությամբ։

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն հարցադրմանը, թե օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված հանգամանքներն արդյո՞ք կարող են նախադատելի համարվել մեկ այլ գործով վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը գնահատելիս այն պայմաններում, երբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի և քննվող վարչական գործով հայցի առարկաներն ամբողջովին տարբեր են, իսկ վարչական ակտի իրավաչափությունը օրինական ուժի մեջ մտած դատական ակտով չի քննարկվել։

 

Նկատի ունենալով, որ ՀՀ կառավարությունը` ի դեմս Երևանի քաղաքապետարանի, և Երևանի քաղաքապետարանը վճռաբեկ բողոքները ներկայացրել են ըստ էության նույնաբովանդակ հիմքերով ու հիմնավորումներով, Վճռաբեկ դատարանը նպատակահարմար է գտնում դրանք քննության առնել համատեղ:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ ՄԻԵԴ) նշել է, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը պետք է մեկնաբանվի նույն կոնվենցիայի նախաբանի լույսի ներքո, որի համաձայն` պայմանավորվող կողմերի ընդհանուր ժառանգության մասն է իրավունքի գերակայությունը, որի հիմնարար հայեցակետերից է իրավական որոշակիության սկզբունքը, որն inter alia պահանջում է, որ դատարանի կողմից որևէ հարցի կապակցությամբ կայացված վերջնական դատական ակտը կասկած չհարուցի (տե՛ս, Բրումարեսկուն ընդդեմ Ռումինիայի գործով Եվրոպական դատարանի 28.10.1999 թվականի վճիռը, գանգատ թիվ 28342/95, կետ 61), միաժամանակ նշել է, որ իրավական որոշակիության սկզբունքը ենթադրում է res judicata սկզբունքի, այն է` դատական ակտերի վերջնական լինելու սկզբունքի պահպանում: Այդ սկզբունքը պահանջում է, որ կողմերից ոչ մեկը չունենա իրավունք պահանջելու վերջնական և պարտադիր դատական ակտի վերանայում` ուղղակի գործի կրկնակի քննության և գործով նոր ակտի կայացման նպատակով: Այսինքն՝ հարցի առնչությամբ երկու կարծիքի առկայության հնարավորությունը չպետք է հիմք հանդիսանա կրկնակի քննության համար: Նահանջն այդ սկզբունքից արդարացված է միայն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է էական և անհերքելի բնույթ ունեցող հանգամանքներում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավական որոշակիության սկզբունքի կիրառման ապահովման համար կարևոր է մի շարք տարրերի առկայությունը։ Մասնավորապես՝

- Դատարանի կողմից կայացված դատական ակտը պարտադիր է դատավարության մասնակիցների համար, իսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը ենթակա չէ վերանայման,

- Անթույլատրելի է դատարանների կողմից գործի կրկնակի քննության իրականացումը,

- Դատավարության մասնակիցները իրավունք չունեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պայմաններում պահանջել դատական ակտի վերանայում՝ միայն իրենց համար բարենպաստ դատական ակտի կայացման համար։

 Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ վերջնական դատական ակտի վերանայումը չի հանգեցնում իրավական որոշակիության և դատական ակտի պարտադիրության սկզբունքների խախտման, երբ այն իրականացվում է դատական սխալի ուղղման և արդարադատության իրականացման համար։

 Այսպիսով, իրավական որոշակիության սկզբունքը, ըստ էության, երաշխավորում է դատական ակտի կայունությունը և փոխկապակցված է դատական ակտի պարտադիրության սկզբունքի հետ։

 «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը պարտադիր են դրանց հասցեատերերի համար, իսկ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

 Վճռաբեկ դատարանը փաստում է, որ գործի կրկնակի քննությունը հակասում է գործի ողջամիտ ժամկետում քննության սկզբունքին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատական ակտի բողոքարկման արդյունքում դատական գործընթացները շարունակվում են և կասկածի տակ է դրվում ակտի պարտադիրության սկզբունքը։ Անհրաժեշտ է նաև արձանագրել, որ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու արդյունքում դատավարության մասնակիցների մոտ առաջանում են իրենց իրավունքների՝ արդեն պաշտպանված լինելու և դատական ակտի կատարման իրավաչափ ակնկալիքներ, և միայն դատավարության մասնակիցների հակադարձ դիրքորոշումների և մյուս մասնակցի համար անբարենպաստ դատական ակտը բարենպաստով փոխարինելու մտադրության համար ողջամիտ չէ կատարել գործի նոր քննություն։

 Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե դատավարության ընթացքում գործը լուծվել է, ապա նույն անձանց միջև քննվող նույն գործի շրջանակներում պահանջը կրկին քննարկելու հնարավորությունը բացառվում է։ Բացի ներկայացված պահանջի կրկնակի քննարկման բացառումից, անհրաժեշտ է նաև բացառել դատավարության ընթացքում քննարկված և հաստատված կոնկրետ փաստի կրկին քննությունը։

 ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նախկինում քննված քաղաքացիական կամ վարչական գործով դատարանի` օրինական ուժի մեջ մտած` գործն ըստ էության լուծող դատական ակտով հաստատված փաստերը միևնույն կողմերի մասնակցությամբ նույն օրենսգրքով նախատեսված որևէ գործ քննելիս վերստին ապացուցման կարիք չունեն:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նույն կողմերի միջև որևէ գործի քննության ընթացքում հաստատված փաստերը կարող են ներառվել նոր կայացվող դատական ակտ, ինչի արդյունքում կբացառվի արդեն իսկ հաստատված փաստը հերքվելու վտանգը, ինչը կապահովի դատական համակարգի կայունությունը և դատական իշխանության նկատմամբ վստահությունը, ինչպես նաև կբացառվի կողմի համար նույն փաստի կրկնակի ապացուցման պարտականությունը, ինչն ավելորդ ծանրաբեռնվածություն է դատավարության մասնակիցների համար։

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ օրենսդիրը, ըստ էության, վերոնշյալ իրավակարգավորումով նպատակ է հետապնդել պարզեցնելու ՀՀ վարչական դատավարությունում ապացուցման գործընթացը՝ սահմանելով միևնույն փաստը օրինական ուժի մեջ մտած, գործն ըստ էության լուծող դատական ակտով հաստատված լինելու դեպքում միևնույն կողմերի մասնակցությամբ այլ գործ քննելիս կրկին հաստատելու անհրաժեշտության բացակայությունը: Այդպիսով բացառվում է նաև միևնույն փաստական հանգամանքների վերաբերյալ տարբեր գործերով դատարանների կողմից տարբեր իրավական գնահատականներ տալու հնարավորությունը: Միաժամանակ, հանգամանքներ (փաստեր) ասելով՝ պետք է հասկանալ այն եղելությունները կամ արարքները, որոնք իրավահարաբերությունների ծագման, փոփոխման կամ դադարման պատճառ են հանդիսանում:

Ուստի, վերոգրյալի հաշվառմամբ՝ առաջին հերթին պետք է բացահայտել հենց այդ հանգամանքների առկայությունը:

Սույն գործով Դատարանը 16.06.2017 թվականի վճռով Սերոբ Խաչատրյանի և Էմմա Պետրոսյանի հայցը բավարարել է մասնակիորեն: Փորձագետի եզրակացության, գործում առկա ապացույցների հիման վրա` Դատարանը գտել է, որ Երևանի քաղաքապետի թիվ 1192 որոշմամբ 254քմ մակերեսով հողամասը, որպես ինքնակամ զբաղեցված հողամաս, վարձակալության իրավունքով հատկացնելիս ըստ էության հաշվի չեն առնվել Բեռնակիրների 64 հասցեի տնատիրությունում առկա մյուս շինությունների սեփականատերերի իրավունքները` կապված շինության օգտագործման, սպասարկման համար անհրաժեշտ հողամասի հետ, մասնավորապես` հաշվի չի առնվել նշված հողամասից 49քմ մակերեսով հողամասն այլ անձանց կողմից օգտագործելու հանգամանքը: Միաժամանակ, ըստ Դատարանի, քանի որ առկա չէ, գոյություն չունի վարձակալության պայմանագրին կից հատակագիծը, պարզ չէ նաև, թե վիճելի 49քմ մակերեսով հողամասն ի սկզբանե վիճարկվող որոշմամբ հատկացվել է երրորդ անձին, թե այն հետագայում ուղղակի ներառվել է հատկացված 254քմ մակերեսով հողամասի մեջ: Արդյունքում, Դատարանը եզրակացրել է, որ Երևանի քաղաքապետի թիվ 1192 որոշումն իրավաչափ չէ:

 Վերաքննիչ դատարանի 25.03.2019 թվականի որոշմամբ Արմինե Խաչատրյանի, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կառավարության (ներկայացուցիչ` Երևանի քաղաքապետարան) վերաքննիչ բողոքները մերժվել են, ու Դատարանի 16.06.2017 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ: Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ 254քմ մակերեսով հողամասն Անահիտ Խաչատրյանին վարձակալության տրամադրելիս առկա չի եղել դրա վերաբերյալ համապատասխան հայտ: Գործում առկա նյութերի ուսումնասիրության արդյունքում Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Երևանի քաղաքապետի 27.11.2008 թվականի թիվ 5524-Ա որոշմամբ Սերոբ Խաչատրյանի և Էմմա Պետրոսյանի իրավանախորդ Հակոբ Խաչատրյանին սեփականության իրավունքով տրամադրված 482,47քմ հողամասի մակերեսի մեջ ներառվել է սույն գործով վիճելի 49,0քմ հողամասը, որը փորձագիտական եզրակացությամբ դիտարկվել է որպես Սերոբ Խաչատրյանի, Էմմա Պետրոսյանի և Արմինե Լևոնի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի համադրվող հատվածի մակերես: Այսինքն` Երևանի քաղաքապետարանի կողմից խնդրո առարկա 49,0քմ հողամասը դիտարկվել է որպես Հակոբ Խաչատրյանի կողմից օգտագործվող և թիվ 5524-Ա որոշմամբ օրինականացված շինությունների սպասարկման համար անհրաժեշտ հողամաս:

Տվյալ դեպքում, վերը շարադրված իրավական դիրքորոշման լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

 Վճռաբեկ դատարանը նախքան սույն վարչական գործով Երևանի քաղաքապետի 28.12.1998 թվականի որոշման իրավաչափությանը անդրադառնալը հարկ է համարում անդրադառնալ թիվ ՎԴ/5010/05/12 վարչական գործի ելքով պայմանավորված սույն գործի ելքի կանխորոշման հարցին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քննվող և նշված վարչական գործերով կողմերը նույնն են:

 Այսպես. թիվ ՎԴ/5010/05/12 վարչական գործով հայցվորներ Սերոբ Խաչատրյանը և Էմմա Պետրոսյանը 06.08.2012 թվականին հայցադիմում են ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Արմինե Խաչատրյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման՝ մասնակի՝ Արմինե Լևոնի Խաչատրյանին տրված անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման թիվ 548872 վկայականի տրման համար հիմք հանդիսացած գրառումը՝ 49 քմ մասով, առոչինչ ճանաչելու կամ մասնակի Արմինե Լևոնի Խաչատրյանին տրված անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման թիվ 548872 վկայականի տրման համար հիմք հանդիսացած գրառումը՝ 49 քմ մասով, անվավեր ճանաչելու և այդ մասով հայցվոր Սերոբ Խաչատրյանի և Էմմա Պետրոսյանի սեփականության իրավունքը գրանցելուն պարտավորեցնելու պահանջների մասին: Նույն վարչական գործով Արմինե Խաչատրյանը ներկայացրել է հակընդդեմ հայց ընդդեմ Սերոբ Խաչատրյանի, Էմմա Պետրոսյանի, Երևան համայնքի, երրորդ անձինք ՀՀ կառավարություն, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ Երևանի քաղաքապետի 27.11.2008 թվականի թիվ 5524-Ա որոշումը` Հակոբ Խաչատրյանին Երևան Բեռնակիրների 64 հասցեում հատկացված հողամասի մի մասով, այն է` 49քմ մակերեսի մասով (այսինքն այն մասով, որը համադրվել է Արմինե Խաչատրյանի անվամբ սեփականության իրավունքով գրանցված հողամասի մասով), անվավեր ճանաչելու պահանջների մասին։

 Նշված վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 16.12.2015 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի՝ մասնակի` 49քմ մակերեսով հողամասի մասով, Փորձագետի 24.10.2011 թվականի թիվ 10-1075 Եզրակացությանը կից թիվ 2 հավելվածում նշված համադրվող մասով, անվավեր է ճանաչվել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման կողմից Անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման 15.02.2001 թվականի թիվ 548872 վկայականով ք. Երևան, Բեռնակիրների 64/1 հասցեի նկատմամբ կատարված Արմինե Խաչատրյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը, իսկ Արմինե Խաչատրյանի հակընդդեմ հայցը մերժվել է։

Նույն վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 05.08.2016 թվականի որոշմամբ Արմինե Խաչատրյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` հայցը մասնակի բավարարելու և հակընդդեմ հայցը մերժելու մասով, բեկանվել է ՀՀ վարչական դատարանի 16.12.2015 թվականի վճիռը և փոփոխվել է` հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարվել, այն է՝ Արմինե Խաչատրյանի անվամբ սեփականության իրավունքով գրանցված հողամասի 49քմ մակերեսով հողատարածքի հետ համադրման մասով անվավեր է ճանաչվել Երևանի քաղաքապետի 27.11.2008 թվականի թիվ 5524-Ա որոշումը։

 Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցի առարկան պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջն է, որի վերաբերյալ էլ դատարանի կողմից կայացվում է դատական ակտը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր որոշումներում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վեճը պետք է լինի իրական և իր բնույթով` լուրջ: Վեճը չի կարող կապված լինել անձի քաղաքացիական իրավունքների և պարտականությունների հետ աննշան կամ հեռակա կերպով, այլ հենց այդ իրավունքները և պարտականությունները պետք է կազմեն հայցի առարկան, և վեճի հնարավոր լուծումը պետք է վճռական և ուղղակի նշանակություն և ազդեցություն ունենա պաշտպանվող իրավունքների և ազատությունների վրա (տե´ս, Լը Քոմպտեն և մյուսներն ընդդեմ Բելգիայի թիվ 6878/75 դիմումով ՄԻԵԴ 23.06.1981 թվականի որոշումը, պարբ. 47, Բենթհեմն ընդդեմ Նիդերլանդների, թիվ 8848/80 դիմումով ՄԻԵԴ 23.10.1985 թվականի որոշում, պարբ. 32):

 Նշվածի վերաբերյալ հաշվի առնելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածով նախատեսված՝ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("ex officio") պարզելու սկզբունքը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն, ընդգծելով վարչական դատավարության առանձնահատկությունները, պայմանավորում է նաև դատավարության մեջ կիրառելի այլ սկզբունքների՝ այդ թվում նաև՝ տնօրինչականության սկզբունքի յուրահատուկ ձևով կիրառելիությունը։ Միաժամանակ, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նշված երկու սկզբունքները, ըստ էության, հակասության մեջ չեն գտնվում, քանի որ բոլոր դեպքերում անձը հնարավորություն ունի իր հայեցողությամբ ընտրելու և տնօրինելու իր իրավունքների պաշտպանության՝ օրենքով նախատեսված եղանակները։

Այսպես. թիվ ՎԴ/5010/05/12 վարչական գործով հայցի առարկան եղել է անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման թիվ 548872 վկայականի տրման համար հիմք հանդիսացած գրառումը 49 քմ մասով անվավեր կամ առոչինչ ճանաչելու պահանջը, իսկ սույն վարչական գործով հիմնական հայցապահանջը մասնակի` 49քմ մակերեսով հողամասի մասով, փորձագետի 24.10.2011 թվականի թիվ 10-1075 եզրակացությանը կից թիվ 2 հավելվածում նշված համադրվող մասով` Երևանի քաղաքապետի 28.12.1998 թվականի «Երևան քաղաքում ինքնակամ կառուցված շենքերի և շինությունների կարգավիճակի մասին» թիվ 1192 որոշումը (որոշման հավելվածի 87 հերթական համար)` Բեռնակիրների փողոցի թիվ 64 տուն հասցեի 254քմ մակերեսով հողամասից 49քմ մակերեսով հողամասը վարձակալության հանձնելու մասով, անվավեր ճանաչելն է։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցվորներն առաջին անգամ դատական պաշտպանության դիմելիս նախընտրել են վիճարկել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի տրման համար հիմք հանդիսացած գրառման իրավաչափությունը, իսկ երկրորդ անգամ՝ Երևանի քաղաքապետի թիվ 1192 որոշումը, հետևաբար հայցի առարկաներն ամբողջովին տարբեր են։

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ հասկանալու համար, թե արդյոք թիվ ՎԴ/5010/05/12 վարչական գործով հաստատված փաստերը ենթակա են քննարկման սույն վարչական գործով, թե ոչ, անհրաժեշտ է գնահատել թիվ ՎԴ/5010/05/12 վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտի պատճառաբանական մասը։

Այսպես. ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը թիվ ՎԴ/5010/05/12 վարչական գործով Սերոբ Խաչատրյանի և Էմմա Պետրոսյանի իրավանախորդ Հակոբ Խաչատրյանին տրամադրած Երևանի քաղաքապետի 27.11.2008 թվականի թիվ 5524-Ա որոշումը՝ Արմինե Խաչատրյանի անվամբ սեփականության իրավունքով գրանցված հողամասի 49քմ մակերեսով հողատարածքի հետ համադրման մասով, ճանաչել է անվավեր՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նշված վարչական գործով վիճարկվել է միանգամից անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման թիվ 548872 վկայականի տրման համար հիմք հանդիսացած գրառումը՝ 49 քմ մասով, այն պայմաններում, երբ պետական գրանցման համար հիմք հանդիսացած նվիրատվության պայմանագիրը և Երևանի քաղաքապետի որոշումը երբևէ չեն վիճարկվել։ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը, մասնավորապես, արձանագրել է. «Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սկզբում Անահիտ Խաչատրյանի, այնուհետև` Արմինե Խաչատրյանի իրավունքների գրանցման հիմք հանդիսացող Երևանի քաղաքապետի որոշումը և նվիրատվության պայմանագիրը չեն վերացվել, որպիսի պայմաններում դրանց հիմքով կատարված պետական գրանցումներն իրավաչափ են։ Հետևաբար, վիճարկվող պետական գրանցումը լրիվ կամ մասնակի չի կարող անվավեր ճանաչվել` անկախ վճռում նշված հանգամանքներից։ Ուստի Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սկզբնական հայցն ամբողջությամբ մերժելու բողոքի պահանջը հիմնավոր է»։ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը նույն որոշմամբ ներկայացված հակընդդեմ հայցը բավարարել է՝ արձանագրելով, որ «(…)Արմինե Խաչատրյանի սեփականության իրավունքը 254քմ հողատարածքի նկատմամբ գրանցվել է ՀՕ-199-Ն օրենքի 23-րդ հոդվածի հիմքով, որն ուժի մեջ է մտել 26.11.2005 թվականին։ Նշված հողամասի համադրվող մասը /49քմ մակերեսով/ Սերոբ Խաչատրյանի և Էմմա Պետրոսյանի իրավանախորդ Հակոբ Խաչատրյանին է տրամադրվել Երևանի քաղաքապետի 27.11.2008 թվականի թիվ 5524-Ա որոշմամբ, այսինքն` այն ժամանակ, երբ հողամասի վիճելի 49քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ առկա էր Արմինե Խաչատրյանի սեփականության իրավունքի պետական գրանցում, ինչով հավաստվում է պետության կողմից վերջինիս իրավունքների ճանաչումը։ Հետևաբար նշված հողատարածքը չէր կարող տրամադրվել այլ անձի` առանց այդ մասով սեփականության իրավունքի ծագման հիմք հանդիսացող վարչական ակտի և գործարքի վերացման և դրա նկատմամբ չէր կարող գրանցվել այլ անձի սեփականության իրավունքը»։ Նշվածի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում փաստել, որ հակընդդեմ հայցի բավարարման համար ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը հիմք է ընդունել վեճի առարկա գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումների ժամանակագրական հաջորդականությունը։ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ թիվ ՎԴ/5010/05/12 վարչական գործով հաստատված փաստերը սույն վարչական գործով ենթակա են քննարկման, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ սույն վարչական գործով արդեն վիճարկվում է Երևանի քաղաքապետի թիվ 1192 որոշումը, որի իրավաչափությունը թիվ ՎԴ/5010/05/12 վարչական գործով չի քննարկվել։

 Այսպիսով, վերոգրյալ պատճառաբանության լույսի ներքո Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այն հանգամանքը, որ թիվ ՎԴ/5010/05/12 վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշմամբ վիճելի հողամասի համադրվող մասը (49քմ մակերեսով) Սերոբ Խաչատրյանի և Էմմա Պետրոսյանի իրավանախորդ Հակոբ Խաչատրյանին տրամադրած Երևանի քաղաքապետի 27.11.2008 թվականի թիվ 5524-Ա որոշումը, Արմինե Խաչատրյանի անվամբ սեփականության իրավունքով գրանցված հողամասի 49քմ մակերեսով հողատարածքի հետ համադրման մասով, ճանաչվել է անվավեր, չի բացառում սույն վարչական գործով Երևանի քաղաքապետի 28.12.1998 թվականի «Երևան քաղաքում ինքնակամ կառուցված շենքերի և շինությունների կարգավիճակի մասին» թիվ 1192 որոշումն անվավեր ճանաչելու հարցի քննարկումը և համապատասխան եզրակացության հանգելը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված որոշումը թիվ ՎԴ/5010/05/12 վարչական գործով չի վիճարկվել։

 Անդրադառնալով Երևանի քաղաքապետի 28.12.1998 թվականի «Երևան քաղաքում ինքնակամ կառուցված շենքերի և շինությունների կարգավիճակի մասին» թիվ 1192 որոշման իրավաչափության հարցին՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում բացահայտել, թե արդյոք պահպանվել են ՀՀ կառավարության՝ իրավահարաբերության ծագման պահին գործող 25.02.1998 թվականի «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների հաշվառման և պետական գրանցման մասին» թիվ 114 որոշմամբ (այսուհետ՝ Կառավարության թիվ 114 որոշում) (ուժը կորցրել է 31.01.2004 թվականին) նախատեսված պահանջները:

 ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 188-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց անհրաժեշտ թույլտվության կամ քաղաքաշինական ու շինարարական նորմերի և կանոնների էական խախտումներով ստեղծված բնակելի շենքը, շինությունը, այլ կառույցը կամ այլ անշարժ գույքը:

 ՀՀ կառավարության վերոգրյալ թիվ 114 որոշումը սահմանել է հստակ ընթացակարգ՝ կոնկրետ պահանջների բավարարող ինքնակամ կառույցները օրինականացնելու նպատակով։

 Կառավարությունը թիվ 114 որոշմամբ հաստատել է Հայաստանի Հանրապետությունում ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների հաշվառման և դրանց հետագա կարգավիճակի որոշման նպատակով ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների հաշվառման և պետական գրանցման կարգը (այսուհետ նաև՝ Կարգ):

 Կարգի 1-ին կետի համաձայն՝ նույն կարգով սահմանվել է Հայաստանի Հանրապետությունում օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների խախտմամբ` առանց համապատասխան թույլտվության (կամ նախագծի), առանց սահմանված կարգով հողհատկացման, բնակավայրերի գլխավոր հատակագծերին, հողերի օգտագործման սխեմաներին, մանրամասն հատակագծման կամ կառուցապատման նախագծերին, շինարարական նորմերի պահանջներին չհամապատասխանող, ինչպես նաև հողօգտագործման և քաղաքաշինական նորմերի խախտումներով կառուցված շենքերի, շինությունների (բնակելի տներ, ամառանոցներ, ավտոտնակներ, դրանց կից տնտեսական, կենցաղային, հասարակական ու արտադրական կառույցներ), այդ թվում` մինչև 50 տոկոսով կառուցված (կառուցված են պատերը և միջհարկային ծածկը) անավարտ (կիսակառույց) շենքերի ու շինությունների հաշվառման և պետական գրանցման կարգը:

Կարգի 2-րդ կետով սահմանվել է, որ հաշվառման աշխատանքներն իրականացնում են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության տարածքային մարմինները` համայնքների ղեկավարների, Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետի, մարզպետների (համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի վրա կառուցված շենքերի և շինությունների գծով) աջակցությամբ: Հաշվառման ընթացքում ի հայտ եկած ինքնակամ կառույցների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է համայնքների ղեկավարներին, Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետին, մարզպետներին ինքնակամ կառույցների հետագա կարգավիճակի որոշման համար, և հաշվառման գրքերում դրանք գրանցվում են որպես ինքնակամ կառույցներ:

 Հաշվառման ենթակա են մինչև 01011998 թվականն ինքնակամ կառուցված, ինչպես նաև մինչև 50 տոկոսով կառուցված անավարտ (կիսակառույց) շենքերն ու շինությունները:

 Կարգի 4-րդ կետի համաձայն՝ շենք, շինություն ինքնակամ կառուցած անձինք (բացառությամբ նույն որոշման 2-րդ կետում նշված դեպքերի) մինչև 01081998 թվականը համայնքների ղեկավարներին, Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետին, մարզպետներին ինքնակամ կառուցված շենքի, շինության կարգավիճակի որոշման նպատակով ներկայացնում են հայտ կցելով անշարժ գույքի կադաստր վարող մարմինների կողմից տրված չափագրման տվյալները և սահմանված չափով վճարի մուծման անդորրագիրը:

 Կարգի 5-րդ կետի 2-րդ պարբերության համաձայն՝ ինքնակամ կառուցված շենքի, շինության նկատմամբ քաղաքացիների սեփականության իրավունքը ճանաչվում է, և դրանք սահմանված կարգով ներկայացվում են պետական գրանցման, եթե համապատասխանում են գործող քաղաքաշինական, սանիտարական և տեխնիկական նորմերի պահանջներին ու պայմաններին:

 Կարգի 6-րդ կետի համաձայն՝ եթե ինքնակամ կառուցված շենքը, շինությունը կառուցված են պետական սեփականություն հանդիսացող հողերի վրա և համապատասխանում են գործող քաղաքաշինական, սանիտարական և տեխնիկական նորմերի պահանջներին ու պայմաններին, ապա հայտատուի հայտի հիման վրա օրենքով սահմանված կարգով ինքնակամ զբաղեցված հողամասն օտարվում է նրան կամ տրվում վարձակալության` սահմանելով վարձավճար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 Կարգի 7-րդ կետի համաձայն՝ եթե շենքը, շինությունը կառուցված են այլ քաղաքացու` սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա, ապա տվյալ հողամասի սեփականատիրոջ համաձայնության դեպքում շենքի, շինության նկատմամբ ճանաչվում է շենք, շինություն ինքնակամ կառուցած քաղաքացու սեփականության իրավունքը: Սեփականատիրոջ համաձայնության բացակայության դեպքում ինքնակամ կառուցված շենքի, շինության հետագա կարգավիճակի հարցը լուծվում է դատական կարգով:

 Կարգի 8-րդ կետի համաձայն՝ ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների հետագա կարգավիճակի վերաբերյալ որոշումների ընդունման համար շենք, շինություն ինքնակամ կառուցողները, մինչև համայնքների ղեկավարների, Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետի, մարզպետների կողմից համապատասխան որոշման ընդունումը, հաշվառման և չափագրման աշխատանքներն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության տարածքային մարմիններ են մուծում նշված աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման համար սահմանված չափի վճար:

 Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ինքնակամ կառույցի օրինականացման համար Կառավարության որոշմամբ, ի թիվս այլ պայմանների, նախատեսվել է հետևյալ պայմանների առկայությունը.

1. Ինքնակամ կառույցի կարգավիճակի որոշման նպատակով հայտը պետք է ներկայացնեն ինքնակամ կառույցը կառուցած անձինք։

2. Հայտը պետք է իրավասու սուբյեկտներին ներկայացված լինի մինչև 01081998 թվականը։

 Սույն գործի փաստերի համաձայն՝ «ԱԳԿ-Էրեբունի» ՊՓԲԸ գործադիր տնօրեն Ս. Կարապետյանի կողմից 28.07.1998 թվականին հաստատված Բեռնակիրների փ. 64 տուն հասցեի «Պետական սեփականություն հանդիսացող հողի վրա ինքնակամ կառուցված շենքի, շինությունների օգտագործման նպատակի և ընդհանուր բնութագրի» թիվ 1 Աղյուսակի համաձայն՝ Բեռնակիրների փողոց, թիվ 64 հասցեի շինությունը կառուցվել է 1936 թվականին: Երևանի Էրեբունի համայնքի թաղապետի 14.08.1998 թվականի Մասնագիտական եզրակացության համաձայն՝ Անահիտ Խաչատրյանին Բեռնակիրների փողոց 64 հասցեում պատկանող բնակելի տունը կառուցվել է 1938 թվականին։

 Երևանի քաղաքապետի 28.12.1998 թվականի Երևան քաղաքում ինքնակամ կառուցված շենքերի և շինությունների կարգավիճակի մասին թիվ 1192 որոշման հավելվածի 87 հերթական համարի տակ կատարված գրառման համաձայն` Բեռնակիրների փողոց, թիվ 64 տուն հասցեի 74.2քմ մակերեսով բնակելի տան նկատմամբ ճանաչվել է Ա. Խաչատրյանի սեփականության իրավունքը և 254քմ մակերեսով հողամասը հանձնվել է վարձակալության։

Կառավարության թիվ 114 որոշման իրավական վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Երևանի քաղաքապետի 28.12.1998 թվականի «Երևան քաղաքում ինքնակամ կառուցված շենքերի և շինությունների կարգավիճակի մասին» թիվ 1192 որոշման հավելվածի 87 հերթական համարի տակ օրինականացված Բեռնակիրների փողոց, թիվ 64 տուն հասցեի 74.2քմ մակերեսով բնակելի տունը հանդիսացել է Բեռնակիրների փողոց, թիվ 64 հասցեի տնատիրության մեջ գտնվող շինություն, իսկ 254քմ մակերեսով հողամասը՝ տնատիրության հողամաս, որը ներառվում է 508քմ մակերեսով հողամասի մեջ: Ըստ «ԱԳԿ-Էրեբունի» ՊՓԲԸ գործադիր տնօրեն Ս. Կարապետյանի կողմից 28.07.1998 թվականին հաստատված Բեռնակիրների փ. 64 տուն հասցեի «Պետական սեփականություն հանդիսացող հողի վրա ինքնակամ կառուցված շենքի, շինությունների օգտագործման նպատակի և ընդհանուր բնութագրի», Երևանի Էրեբունի համայնքի թաղապետի 14.08.1998 թվականի Մասնագիտական եզրակացության, կադաստրային գործում առկա փաստաթղթերի տվյալների՝ Բեռնակիրների փողոց, թիվ 64 հասցեում գտնվող շենք-շինությունները կառուցվել են 1930-ական թվականներին, ինչից հետևում է, որ Երևանի քաղաքապետի վիճարկվող որոշման կայացման համար Կարգի պայմաններից մեկն արդեն պահպանված չէ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ շենք-շինությունները 1930-ական թվականներին կառուցված լինելու դեպքում չէին կարող օբյեկտիվորեն կառուցված լինել Անահիտ խաչատրյանի կողմից։

 Անդրադառնալով մյուս պայմանի պահպանվածության հարցին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կառավարության թիվ 114 որոշումը սահմանել է հայտ ներկայացնելու հստակ պահանջ, սակայն սույն վարչական գործով Անահիտ Խաչատրյանը 30.07.1998 թվականին Էրեբունու թաղապետին ներկայացված թիվ 430 հայտով խնդրել է միայն ուսումնասիրել Բեռնակիրների փողոց թիվ 64 շենքին հարող տարածքում իր կողմից կառուցված կիսակառույց շենքի, շինության կարգավիճակի հարցը, իսկ նշված խնդրանքի քննարկման արդյունքում Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության, քաղաքաշինության և արտաքին ձևավորման վարչության պետի 30.07.1998 թվականի Մասնագիտական Եզրակացությամբ նպատակահարմար է համարվել Էրեբունի համայնքի Բեռնակիրների փ., թիվ 64 տուն հասցեի 298,0քմ մակերեսով հողամասից 254,0քմ մակերեսով հողատարածքը տալ վարձակալության։

Այսպիսով Վճռաբեկ դատարանը փաստում է, որ պարզապես շենքի, շինության կարգավիճակի ուսումնասիրության խնդրանքը չի կարող համարվել հայտ և ուղղորդված ցանկություն՝ հողատարածքը վարձակալելու համար։

 Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ վիճարկվող որոշման կայացման արդյունքում հայցվորների իրավունքների խախտման փաստին։

 Այսպես. Անահիտ Խաչատրյանը 31.01.2001 թվականի Անշարժ գույքի նվիրատվության պայմանագրով Արմինե Խաչատրյանին է նվիրել Երևանի Բեռնակիրների փողոցի 64 բնակելի տունը: Կոմիտեի Էրեբունու տարածքային ստորաբաժանման կողմից տրված 15.02.2001 թվականի թիվ 548872 Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն՝ Բեռնակիրների փ., թիվ 64 հասցեի 64.2քմ բնակելի տան նկատմամբ գրանցվել է Արմինե Խաչատրյանի սեփականության իրավունքը, իսկ նույն հասցեի 0.0254հա մակերեսով հողամասի նկատմամբ գրանցվել է Արմինե Խաչատրյանի վարձակալության իրավունքը։ Նույն վկայականի համաձայն՝ 23.01.2008 թվականի վկայականում Կոմիտեի Էրեբունու տարածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից կատարված գրառմամբ կատարվել է փոփոխություն՝ հասցեի ուղղում, այն է՝ Բեռնակիրների փողոց թիվ 64 հասցեն ջնջվել և դարձվել է 64/1 հասցե։

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետի 24.10.2011 թվականի թիվ 10-1075 եզրակացությամբ, ըստ էության, հաստատվել է, որ 31.05.2006 թվականին կազմված անշարժ գույքի հաշվառման ուրվագծից երևում է, որ դեռևս 2006 թվականին Արմինե Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասից որոշ հատված փաստացի օգտագործվել է Հակոբ Խաչատրյանի կողմից։ Արմինե Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասից 49,0քմ մակերեսով հատվածը փաստացի երկու հողամասերի համադրվող հատվածն է: Այսինքն, ըստ էության, Սերոբ Խաչատրյանի և Էմմա Պետրոսյանի կողմից փաստացի օգտագործվում է 49,0քմ հողամաս, որը Արմինե Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի մի հատվածն է:

 Վերոգրյալի հիման վրա՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Երևանի քաղաքապետը նախքան համապատասխան որոշում կայացնելը պետք է պարզեր այն հարցը, թե արդյո՞ք որոշման կայացման արդյունքում չեն խախտվի այլ անձանց իրավունքները։ Մասնավորապես՝ սույն պարագայում Բեռնակիրների 13 հասցեի տնատիրության 02.07.1954 թվականի, Ինվենտար N 12510, Մատյանի գրառման համաձայն՝ Բեռնակիրների 13 հասցեի (ներկայիս 64) տնատիրության հողամասը կազմում է 256.50քմ, այսինքն՝ նշված հողամասը, ըստ էության, հանդիսանում է Բեռնակիրների 64 հասցեում գտնվող շինությունների համար ընդհանուր օգտագործման հողամաս, նշված 254քմ հողամասը տնատիրությունից առանձնացնելու վերաբերյալ որևէ համաձայնություն տնատիրության անդամների միջև չի կնքվել, առկա չէ որևէ ապացույց, որ իրավահարաբերության պահին սույն գործով վիճելի 49քմ մակերեսով հողամասն օգտագործվել է միայն Անահիտ Խաչատրյանի կողմից, ինչը կարող էր հիմք հանդիսանալ այն վերջինիս հատկացնելու համար:

 Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Բեռնակիրների 64 հասցեում գտնվող 74,2քմ մակերեսով ինքնակամ կառուցված շինությունը Անահիտ Խաչատրյանի սեփականությունը ճանաչելիս որպես ինքնակամ զբաղեցված հողամաս վարձակալության իրավունքով վերջինիս տրամադրվող 254քմ մակերեսով հողամասի սահմաններում վիճելի 49քմ մակերեսով հողամասը ներառելն իրավաչափ չէ։ Նշված եզրահանգման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում այն հանգամանքը, որ տվյալ դեպքում հաշվի չեն առնվել Բեռնակիրների թիվ 64 հասցեի տնատիրությունում առկա մյուս շինությունների սեփականատերերի իրավունքները, մասնավորապես՝ հաշվի չի առնվել վերոհիշյալ հողամասից 49քմ մակերեսով հողամասը այլ անձանց կողմից օգտագործելու հանգամանքը։ Նշվածի կարևորությունը դրսևորվում է հատկապես նրանում, որ քննարկվող հողամասը հանդիսացել է մյուս շինությունների օգտագործման, սպասարկման համար անհրաժեշտ հողամաս։

 Վերոգրյալի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել նաև, որ Փորձագետի եզրակացության հավելված 2-ում նշված տվյալների ուսումնասիրությունից հետևում է, որ դեռևս Երևանի քաղաքապետի թիվ 1192 որոշմամբ 254քմ հողամասից 49քմ մակերեսով հողամասը որպես ինքնակամ զբաղեցված հողամաս Բեռնակիրների 64 հասցեի տնատիրությունից առանձնացնելու և Անահիտ Խաչատրյանին օգտագործման հատկացնելու ժամանակ հայցվորի կողմից կառուցված և օգտագործվելիս են եղել վերը նշված հատակագծերում, եզրակացությունում նշված 5-6, 6-7, 7-8 հատվածների շինությունները նույնական ձևով, իսկ 4-5 հատվածի հարևանությամբ նույնպես առկա է եղել հարևան հանդիսացող հայցվորի շինությունը։ Երևանի քաղաքապետի թիվ 1192 որոշմամբ Անահիտ Խաչատրյանին որպես ինքնակամ զբաղեցված 254քմ մակերեսով հողամասի սահմանները փաստացի, համաձայն Փորձագետի եզրակացության 2-րդ հավելվածի, սահմանվել են հենց 4-5, 5-6, 6-7, 7-8 հատվածների շինությունների եզրային հատվածներից, հիմքերից՝ առանց պահպանելու համապատասխան տարածք՝ հարևան շինությունների օգտագործման, սպասարկման համար, ինչի արդյունքում էլ փաստացի խախտվել են հայցվորների իրավունքները։

 Ստացվում է, որ Երևանի քաղաքապետի 27.11.2008 թվականի թիվ 5524-Ա որոշմամբ Սերոբ Խաչատրյանի և Էմմա Պետրոսյանի իրավանախորդ Հակոբ Խաչատրյանին սեփականության իրավունքով տրամադրված 482,47քմ հողամասի մակերեսի մեջ ներառվել է սույն գործով վիճելի 49,0քմ հողամասը, որը փորձագիտական եզրակացությամբ դիտարկվել է որպես Սերոբ Խաչատրյանին, Էմմա Պետրոսյանին և Արմինե Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի համադրվող հատվածի մակերես: Այսինքն՝ Երևանի քաղաքապետարանը, խնդրո առարկա 49,0քմ հողամասը դիտարկել է որպես Հակոբ Խաչատրյանի կողմից օգտագործվող, ինչպես նաև՝ թիվ 5524-Ա որոշմամբ օրինականացված շինությունների սպասարկման համար անհրաժեշտ հողամաս, ինչը նշանակում է, որ վեճի առարկա հողամասն այլ անձի տրամադրելը, առանց այն փաստացի տիրապետող անձանց համաձայնության, իրավաչափ չի եղել:

 Այսպիսով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հիմնավոր են Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն առ այն, որ Երևանի քաղաքապետի թիվ 1192 որոշումը՝ Փորձագետի եզրակացության թիվ 2 հավելվածում նշված 49քմ մակերեսով հողամասը Ա. Խաչատրյանին օգտագործման՝ վարձակալության հանձնելու, դրա հետ կապված վարձակալության իրավունքի պայմանագիր կնքելու, իրավունքների գրանցման, նվիրատվության պայմանագրի կնքման և իրավունքների գրանցման մասով ոչ իրավաչափ է և մասնակի՝ 49քմ մակերեսով հողամասի մասով, Փորձագետի 24.10.2011 թվականի թիվ 10–1075 Եզրակացությանը կից թիվ 2 հավելվածում նշված համադրվող մասով, անվավեր ճանաչման է ենթակա Երևանի քաղաքապետի 28.12.1998 թվականի «Երևան քաղաքում ինքնակամ կառուցված շենքերի և շինությունների կարգավիճակի մասին» թիվ 1192 որոշումը (որոշման հավելվածի 87 հերթական համար)` Բեռնակիրների փողոց, թիվ 64 տուն հասցեի 254քմ մակերեսով հողամասից 49քմ մակերեսով հողամասը վարձակալության հանձնելու մասով, որպես հետևանք՝ մասնակի՝ 49քմ մակերեսով հողամասի մասով, Փորձագետի 24.10.2011թ. թիվ 10-1075 Եզրակացությանը կից թիվ 2 հավելվածում նշված համադրվող մասով՝ Երևանի քաղաքապետարանի և Անահիտ Խաչատրյանի միջև 18.08.1999 թվականին կնքված Հողի վարձակալության հ. փբ-3440 55/430 պայմանագիրը, Անահիտ Խաչատրյանի և Արմինե Խաչատրյանի միջև 31.01.2001 թվականին կնքված Անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը, ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ էրեբունու ՏՍ կողմից տրված 15.02.2001 թվականի թիվ 548872 Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վկայականով, 23.01.2008 թվականին կատարված փոփոխությամբ Բեռնակիրների փ., թիվ 64/1 հասցեի 0.0254հա մակերեսով հողամասի նկատմամբ Արմինե Խաչատրյանի սեփականության իրավունքի գրանցումը։

 Անդրադառնալով մասնակի՝ 49քմ մակերեսով հողամասի մասով, Փորձագետի 24.10.2011 թվականի թիվ 10-1075 Եզրակացությանը կից թիվ 2 հավելվածում նշված համադրվող մասով, ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ էրեբունու ՏՍ 20.09.1999 թվականի թիվ 0114431 Անշարժ գույքի նկատմամբ սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման վկայականի համաձայն Բեռնակիրների փ., թիվ 64 հասցեի 0.0254հա մակերեսով հողամասի նկատմամբ Անահիտ Խաչատրյանի վարձակալության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու, մասնակի՝ 49քմ մակերեսով հողամասի մասով, Փորձագետի 24.10.2011 թվականի թիվ 10-1075 Եզրակացությանը կից թիվ 2 հավելվածում նշված համադրվող մասով, ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ էրեբունու ՏՍ կողմից տրված 15.02.2001 թվականի թիվ 548872 Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վկայականով Բեռնակիրների փ., թիվ 64 հասցեի 0.0254հա մակերեսով հողամասի նկատմամբ Արմինե Խաչատրյանի վարձակալության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու հետևանքների վերացման ածանցյալ պահանջների մասով վարչական գործի վարույթը կարճելու վերաբերյալ Դատարանի եզրահանգման իրավաչափությանը, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ 49քմ մակերեսով հողամասի նկատմամբ Անահիտ Խաչատրյանի վարձակալության իրավունքի գրանցումը, այնուհետև Անահիտ Խաչատրյանի և Արմինե Խաչատրյանի միջև 31.01.2001 թվականին կնքված Անշարժ գույքի նվիրատվության պայմանագրի հիման վրա Արմինե Խաչատրյանի վարձակալության իրավունքի գրանցումը՝ նշված գույքի նկատմամբ Արմինե Խաչատրյանի սեփականության իրավունքի գրանցման պահից համարվում են դադարած, ուժը կորցրած, հետևաբար վիճարկվող գրանցումներն այլևս իրավաբանական ուժ չունեն և չի կարող վիճարկման հայցի առարկա լինել, ուստի Վերաքննիչ դատարանն իրավացիորեն եզրահանգել է, որ վիճարկվող 49քմ մակերեսով հողամասի նկատմամբ երրորդ անձի վարձակալության իրավունքի և այդ մասով նվիրատվության պայմանագրի հիման վրա վարձակալության իրավունքի գրանցման անվավեր ճանաչման պահանջների մասով գործի վարույթը ենթակա է կարճման:

 Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանը, մերժելով Արմինե Խաչատրյանի, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կառավարության վերաքննիչ բողոքները և Դատարանի 16.06.2017 թվականի վճիռը թողնելով անփոփոխ, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ: Հետևաբար սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` վճռաբեկ բողոքը մերժելու և ստորադաս դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ՀՀ կառավարության` ի դեմս Երևանի քաղաքապետարանի, և Երևանի քաղաքապետարանի կողմից վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը վճարված լինելու պարագայում պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված` նկատի ունենալով, որ վերջիններիս բողոքը ենթակա է մերժման։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքները մերժել: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 25.03.2019 թվականի որոշումը թողնել անփոփոխ։

2. Դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Հ ԲԵԴևՅԱՆ

Լ. Հակոբյան

Ք ՄԿՈՅԱՆ

 

Հատուկ կարծիք

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատի կողմից թիվ ՎԴ/6580/05/16 վարչական գործով 12.042023 թվականին կայացված որոշման վերաբերյալ

 

12.042023 թվական

 

 Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2023 թվականի ապրիլի 12-ին գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ կառավարության` ի դեմս Երևանի քաղաքապետարանի, և Երևանի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 25.03.2019 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Սերոբ Խաչատրյանի, Էմմա Պետրոսյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) Երևանի տարածքային ստորաբաժանման, երկրորդ պատասխանող ՀՀ կառավարության, երրորդ անձ Արմինե Խաչատրյան՝ մասնակի` 49քմ մակերեսով հողամասի մասով, փորձագետի 24.10.2011 թվականի թիվ 10-1075 եզրակացությանը կից թիվ 2 հավելվածում նշված համադրվող մասով` Երևանի քաղաքապետի 28.12.1998 թվականի «Երևան քաղաքում ինքնակամ կառուցված շենքերի և շինությունների կարգավիճակի մասին» թիվ 1192 որոշումը (որոշման հավելվածի 87 հերթական համար)` Բեռնակիրների փողոցի թիվ 64 տուն հասցեի 254քմ մակերեսով հողամասից 49քմ մակերեսով հողամասը վարձակալության հանձնելու մասով, անվավեր ճանաչելու, որպես հետևանք` մասնակի` 49քմ մակերեսով հողամասի մասով, փորձագետի 24.10.2011 թվականի թիվ 10-1075 եզրակացությանը կից թիվ 2 հավելվածում նշված համադրվող մասով, Երևանի քաղաքապետարանի և Անահիտ Խաչատրյանի միջև 18.08.1999 թվականին կնքված հողի վարձակալության թիվ ՓԲ-3440 55/430 պայմանագիրը, մասնակի` 49քմ մակերեսով հողամասի մասով, փորձագետի 24.10.2011 թվականի թիվ 10-1075 եզրակացությանը կից թիվ 2 հավելվածում նշված համադրվող մասով, Կոմիտեի Էրեբունու տարածքային ստորաբաժանման 20.09.1999 թվականի թիվ 0114431 անշարժ գույքի նկատմամբ սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականի համաձայն Բեռնակիրների փողոցի թիվ 64 հասցեի 0.0254հա մակերեսով հողամասի նկատմամբ Անահիտ Խաչատրյանի վարձակալության իրավունքի գրանցումը, մասնակի` 49քմ մակերեսով հողամասի մասով, փորձագետի 24.10.2011 թվականի թիվ 10-1075 եզրակացությանը կից թիվ 2 հավելվածում նշված համադրվող մասով, Անահիտ Խաչատրյանի և Արմինե Խաչատրյանի միջև 31.01.2001 թվականին կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը, մասնակի` 49քմ մակերեսով հողամասի մասով, փորձագետի 24.10.2011 թվականի թիվ 10-1075 եզրակացությանը կից թիվ 2 հավելվածում նշված համադրվող մասով, Կոմիտեի Էրեբունու տարածքային ստորաբաժանման կողմից տրված 15.02.2001 թվականի թիվ 548872 անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վկայականով Բեռնակիրների փողոցի թիվ 64 հասցեի 0.0254հա մակերեսով հողամասի նկատմամբ Արմինե Խաչատրյանի վարձակալության իրավունքի գրանցումը, մասնակի` 49քմ մակերեսով հողամասի մասով, փորձագետի 24.10.2011 թվականի թիվ 10-1075 եզրակացությանը կից թիվ 2 հավելվածում նշված համադրվող մասով, Կոմիտեի Էրեբունու տարածքային ստորաբաժանման կողմից տրված 15.02.2001 թվականի թիվ 548872 անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վկայականով, 23.01.2008 թվականին կատարված փոփոխությամբ Բեռնակիրների փողոցի թիվ 64/1 հասցեի 0.0254հա մակերեսով հողամասի նկատմամբ Արմինե Խաչատրյանի սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը մերժել և ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 25.03.2019 թվականի որոշումը թողնել անփոփոխ։

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Ք Մկոյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը այդ մասերի վերաբերյալ:

 

1. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Այս հատուկ կարծիքը շարադրելիս հիմք են ընդունվել որոշման մեջ ներկայացված՝ վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումներն ու վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը:

 

2. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Սույն գործով Դատարանը 16.06.2017 թվականի վճռով Սերոբ Խաչատրյանի և Էմմա Պետրոսյանի հայցը բավարարել է մասնակիորեն: Փորձագետի եզրակացության, գործում առկա ապացույցների հիման վրա` Դատարանը գտել է, որ Երևանի քաղաքապետի թիվ 1192 որոշմամբ 254քմ մակերեսով հողամասը, որպես ինքնակամ զբաղեցված հողամաս, վարձակալության իրավունքով հատկացնելիս ըստ էության հաշվի չեն առնվել Բեռնակիրների 64 հասցեի տնատիրությունում առկա մյուս շինությունների սեփականատերերի իրավունքները` կապված շինության օգտագործման, սպասարկման համար անհրաժեշտ հողամասի հետ, մասնավորապես` հաշվի չի առնվել նշված հողամասից 49քմ մակերեսով հողամասն այլ անձանց կողմից օգտագործելու հանգամանքը: Միաժամանակ, ըստ Դատարանի, քանի որ առկա չէ, գոյություն չունի վարձակալության պայմանագրին կից հատակագիծը, պարզ չէ նաև, թե վիճելի 49քմ մակերեսով հողամասն ի սկզբանե վիճարկվող որոշմամբ հատկացվել է երրորդ անձին, թե այն հետագայում ուղղակի ներառվել է հատկացված 254քմ մակերեսով հողամասի մեջ: Արդյունքում, Դատարանը եզրակացրել է, որ Երևանի քաղաքապետի թիվ 1192 որոշումն իրավաչափ չէ:

 Վերաքննիչ դատարանի 25.03.2019 թվականի որոշմամբ Արմինե Խաչատրյանի, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կառավարության (ներկայացուցիչ` Երևանի քաղաքապետարան) վերաքննիչ բողոքները մերժվել են, ու Դատարանի 16.06.2017 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ: Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ 254քմ մակերեսով հողամասն Անահիտ Խաչատրյանին վարձակալության տրամադրելիս առկա չի եղել դրա վերաբերյալ համապատասխան հայտ: Գործում առկա նյութերի ուսումնասիրության արդյունքում Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Երևանի քաղաքապետի 27.11.2008 թվականի թիվ 5524-Ա որոշմամբ Սերոբ Խաչատրյանի և Էմմա Պետրոսյանի իրավանախորդ Հակոբ Խաչատրյանին սեփականության իրավունքով տրամադրված 482,47քմ հողամասի մակերեսի մեջ ներառվել է սույն գործով վիճելի 49,0քմ հողամասը, որը փորձագիտական եզրակացությամբ դիտարկվել է որպես Սերոբ Խաչատրյանի, Էմմա Պետրոսյանի և Արմինե Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի համադրվող հատվածի մակերես: Այսինքն` Երևանի քաղաքապետարանի կողմից խնդրո առարկա 49,0քմ հողամասը դիտարկվել է որպես Հակոբ Խաչատրյանի կողմից օգտագործվող և թիվ 5524-Ա որոշմամբ օրինականացված շինությունների սպասարկման համար անհրաժեշտ հողամաս:

Վճռաբեկ դատարանը որոշել է ՀՀ կառավարության` ի դեմս Երևանի քաղաքապետարանի, և Երևանի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքները մերժել և ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 25.03.2019 թվականի որոշումը թողնել անփոփոխ՝ պատճառաբանելով, որ  ինքնակամ կառույցի օրինականացման համար ՀՀ կառավարության որոշմամբ, ի թիվս այլ պայմանների, նախատեսվել է հետևյալ պայմանների առկայությունը.

1.  Ինքնակամ կառույցի կարգավիճակի որոշման նպատակով հայտը պետք է ներկայացնեն ինքնակամ կառույցը կառուցած անձինք։

2.  Հայտը պետք է իրավասու սուբյեկտներին ներկայացված լինի մինչև 01081998 թվականը։

 ՀՀ կառավարության թիվ 114 որոշման իրավական վերլուծության լույսի ներքո՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Երևանի քաղաքապետի 28.12.1998 թվականի «Երևան քաղաքում ինքնակամ կառուցված շենքերի և շինությունների կարգավիճակի մասին» թիվ 1192 որոշման հավելվածի 87 հերթական համարի տակ օրինականացված Բեռնակիրների փողոց, թիվ 64 տուն հասցեի 74.2քմ մակերեսով բնակելի տունը հանդիսացել է Բեռնակիրների փողոց, թիվ 64 հասցեի տնատիրության մեջ գտնվող շինություն, իսկ 254քմ մակերեսով հողամասը՝ տնատիրության հողամաս, որը ներառվում է 508քմ մակերեսով հողամասի մեջ: Ըստ «ԱԳԿ-Էրեբունի» ՊՓԲԸ գործադիր տնօրեն Ս. Կարապետյանի կողմից 28.07.1998 թվականին հաստատված Բեռնակիրների փ. 64 տուն հասցեի «Պետական սեփականություն հանդիսացող հողի վրա ինքնակամ կառուցված շենքի, շինությունների օգտագործման նպատակի և ընդհանուր բնութագրի», Երևանի Էրեբունի համայնքի թաղապետի 14.08.1998 թվականի Մասնագիտական եզրակացության, կադաստրային գործում առկա փաստաթղթերի տվյալների՝ Բեռնակիրների փողոց, թիվ 64 հասցեում գտնվող շենք-շինությունները կառուցվել են 1930-ական թվականներին, ինչից հետևում է, որ Երևանի քաղաքապետի վիճարկվող որոշման կայացման համար Կարգի պայմաններից մեկն արդեն պահպանված չէ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ շենք-շինությունները 1930-ական թվականներին կառուցված լինելու դեպքում չէին կարող օբյեկտիվորեն կառուցված լինել Անահիտ խաչատրյանի կողմից։

 Անդրադառնալով մյուս պայմանի պահպանվածության հարցին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ կառավարության թիվ 114 որոշումը սահմանել է հայտ ներկայացնելու հստակ պահանջ, սակայն սույն վարչական գործով Անահիտ Խաչատրյանը 30.07.1998 թվականին Էրեբունու թաղապետին ներկայացված թիվ 430 հայտով խնդրել է միայն ուսումնասիրել Բեռնակիրների փողոց թիվ 64 շենքին հարող տարածքում իր կողմից կառուցված կիսակառույց շենքի, շինության կարգավիճակի հարցը, իսկ նշված խնդրանքի քննարկման արդյունքում Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության, քաղաքաշինության և արտաքին ձևավորման վարչության պետի 30.07.1998 թվականի Մասնագիտական Եզրակացությամբ նպատակահարմար է համարվել Էրեբունի համայնքի Բեռնակիրների փ., թիվ 64 տուն հասցեի 298,0քմ մակերեսով հողամասից 254,0քմ մակերեսով հողատարածքը տալ վարձակալության։

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը փաստել է, որ պարզապես շենքի, շինության կարգավիճակի ուսումնասիրության խնդրանքը չի կարող համարվել հայտ և ուղղորդված ցանկություն՝ հողատարածքը վարձակալելու համար։

 Հաջորդիվ Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վիճարկվող որոշման կայացման արդյունքում հայցվորների իրավունքների խախտման փաստին, արձանագրել է, որ Անահիտ Խաչատրյանը 31.01.2001 թվականի Անշարժ գույքի նվիրատվության պայմանագրով Արմինե Խաչատրյանին է նվիրել Երևանի Բեռնակիրների փողոցի 64 բնակելի տունը: Կադաստրի կոմիտեի Էրեբունու տարածքային ստորաբաժանման կողմից տրված 15.02.2001 թվականի թիվ 548872 Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն՝ Բեռնակիրների փ., թիվ 64 հասցեի 64.2քմ բնակելի տան նկատմամբ գրանցվել է Արմինե Խաչատրյանի սեփականության իրավունքը, իսկ նույն հասցեի 0.0254հա մակերեսով հողամասի նկատմամբ գրանցվել է Արմինե Խաչատրյանի վարձակալության իրավունքը։ Նույն վկայականի համաձայն՝ 23.01.2008 թվականի վկայականում Կադաստրի կոմիտեի Էրեբունու տարածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից կատարված գրառմամբ կատարվել է փոփոխություն՝ հասցեի ուղղում, այն է՝ Բեռնակիրների փողոց թիվ 64 հասցեն ջնջվել և դարձվել է 64/1 հասցե։

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետի 24.10.2011 թվականի թիվ 10-1075 եզրակացությամբ, ըստ էության, հաստատվել է, որ 31.05.2006 թվականին կազմված անշարժ գույքի հաշվառման ուրվագծից երևում է, որ դեռևս 2006 թվականին Արմինե Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասից որոշ հատված փաստացի օգտագործվել է Հակոբ Խաչատրյանի կողմից։ Արմինե Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասից 49,0քմ մակերեսով հատվածը փաստացի երկու հողամասերի համադրվող հատվածն է: Այսինքն, ըստ էության, Սերոբ Խաչատրյանի և Էմմա Պետրոսյանի կողմից փաստացի օգտագործվում է 49,0քմ հողամաս, որը Արմինե Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի մի հատվածն է:

 Վերոգրյալի հիման վրա՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Երևանի քաղաքապետը նախքան համապատասխան որոշում կայացնելը պետք է պարզեր այն հարցը, թե արդյո՞ք որոշման կայացման արդյունքում չեն խախտվի այլ անձանց իրավունքները։ Մասնավորապես՝ սույն պարագայում Բեռնակիրների 13 հասցեի տնատիրության 02.07.1954 թվականի, Ինվենտար N 12510, Մատյանի գրառման համաձայն՝ Բեռնակիրների 13 հասցեի (ներկայիս 64) տնատիրության հողամասը կազմում է 256.50քմ, այսինքն՝ նշված հողամասը, ըստ էության, հանդիսանում է Բեռնակիրների 64 հասցեում գտնվող շինությունների համար ընդհանուր օգտագործման հողամաս, նշված 254քմ հողամասը տնատիրությունից առանձնացնելու վերաբերյալ որևէ համաձայնություն տնատիրության անդամների միջև չի կնքվել, առկա չէ որևէ ապացույց, որ իրավահարաբերության պահին սույն գործով վիճելի 49քմ մակերեսով հողամասն օգտագործվել է միայն Անահիտ Խաչատրյանի կողմից, ինչը կարող էր հիմք հանդիսանալ այն վերջինիս հատկացնելու համար:

 Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Բեռնակիրների 64 հասցեում գտնվող 74,2քմ մակերեսով ինքնակամ կառուցված շինությունը Անահիտ Խաչատրյանի սեփականությունը ճանաչելիս որպես ինքնակամ զբաղեցված հողամաս վարձակալության իրավունքով վերջինիս տրամադրվող 254քմ մակերեսով հողամասի սահմաններում վիճելի 49քմ մակերեսով հողամասը ներառելն իրավաչափ չէ։ Նշված եզրահանգման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունել այն հանգամանքը, որ տվյալ դեպքում հաշվի չեն առնվել Բեռնակիրների թիվ 64 հասցեի տնատիրությունում առկա մյուս շինությունների սեփականատերերի իրավունքները, մասնավորապես՝ հաշվի չի առնվել վերոհիշյալ հողամասից 49քմ մակերեսով հողամասը այլ անձանց կողմից օգտագործելու հանգամանքը։ Նշվածի կարևորությունը դրսևորվում է հատկապես նրանում, որ քննարկվող հողամասը հանդիսացել է մյուս շինությունների օգտագործման, սպասարկման համար անհրաժեշտ հողամաս։

 Վերոգրյալի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարել արձանագրել նաև, որ Փորձագետի եզրակացության հավելված 2-ում նշված տվյալների ուսումնասիրությունից հետևում է, որ դեռևս Երևանի քաղաքապետի թիվ 1192 որոշմամբ 254քմ հողամասից 49քմ մակերեսով հողամասը որպես ինքնակամ զբաղեցված հողամաս Բեռնակիրների 64 հասցեի տնատիրությունից առանձնացնելու և Անահիտ Խաչատրյանին օգտագործման հատկացնելու ժամանակ հայցվորի կողմից կառուցված և օգտագործվելիս են եղել վերը նշված հատակագծերում, եզրակացությունում նշված 5-6, 6-7, 7-8 հատվածների շինությունները նույնական ձևով, իսկ 4-5 հատվածի հարևանությամբ նույնպես առկա է եղել հարևան հանդիսացող հայցվորի շինությունը։ Երևանի քաղաքապետի թիվ 1192 որոշմամբ Անահիտ Խաչատրյանին որպես ինքնակամ զբաղեցված 254քմ մակերեսով հողամասի սահմանները փաստացի, համաձայն Փորձագետի եզրակացության 2-րդ հավելվածի, սահմանվել են հենց 4-5, 5-6, 6-7, 7-8 հատվածների շինությունների եզրային հատվածներից, հիմքերից՝ առանց պահպանելու համապատասխան տարածք՝ հարևան շինությունների օգտագործման, սպասարկման համար, ինչի արդյունքում էլ փաստացի խախտվել են հայցվորների իրավունքները։

 Ստացվում է, որ Երևանի քաղաքապետի 27.11.2008 թվականի թիվ 5524-Ա որոշմամբ Սերոբ Խաչատրյանի և Էմմա Պետրոսյանի իրավանախորդ Հակոբ Խաչատրյանին սեփականության իրավունքով տրամադրված 482,47քմ հողամասի մակերեսի մեջ ներառվել է սույն գործով վիճելի 49,0քմ հողամասը, որը փորձագիտական եզրակացությամբ դիտարկվել է որպես Սերոբ Խաչատրյանին, Էմմա Պետրոսյանին և Արմինե Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի համադրվող հատվածի մակերես: Այսինքն՝ Երևանի քաղաքապետարանը, խնդրո առարկա 49,0քմ հողամասը դիտարկել է որպես Հակոբ Խաչատրյանի կողմից օգտագործվող, ինչպես նաև՝ թիվ 5524-Ա որոշմամբ օրինականացված շինությունների սպասարկման համար անհրաժեշտ հողամաս, ինչը նշանակում է, որ վեճի առարկա հողամասն այլ անձի տրամադրելը, առանց այն փաստացի տիրապետող անձանց համաձայնության, իրավաչափ չի եղել:

 Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հիմնավոր են Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն առ այն, որ Երևանի քաղաքապետի թիվ 1192 որոշումը՝ Փորձագետի եզրակացության թիվ 2 հավելվածում նշված 49քմ մակերեսով հողամասը  Ա. Խաչատրյանին օգտագործման՝ վարձակալության հանձնելու, դրա հետ կապված վարձակալության իրավունքի պայմանագիր կնքելու, իրավունքների գրանցման, նվիրատվության պայմանագրի կնքման և իրավունքների գրանցման մասով ոչ իրավաչափ է և մասնակի՝ 49քմ մակերեսով հողամասի մասով, Փորձագետի 24.10.2011 թվականի թիվ  10-1075 Եզրակացությանը կից թիվ 2 հավելվածում նշված համադրվող մասով, անվավեր ճանաչման է ենթակա Երևանի քաղաքապետի 28.12.1998 թվականի «Երևան քաղաքում ինքնակամ կառուցված շենքերի և շինությունների կարգավիճակի մասին» թիվ 1192 որոշումը (որոշման հավելվածի 87 հերթական համար)` Բեռնակիրների փողոց, թիվ 64 տուն հասցեի 254քմ մակերեսով հողամասից 49քմ մակերեսով հողամասը վարձակալության հանձնելու մասով, որպես հետևանք՝ մասնակի՝ 49քմ մակերեսով հողամասի մասով, Փորձագետի 24.10.2011թ. թիվ 10-1075 Եզրակացությանը կից թիվ 2 հավելվածում նշված համադրվող մասով՝ Երևանի քաղաքապետարանի և Անահիտ Խաչատրյանի միջև 18.08.1999 թվականին կնքված Հողի վարձակալության հ. փբ-3440 55/430 պայմանագիրը, Անահիտ Խաչատրյանի և Արմինե Խաչատրյանի միջև 31.01.2001 թվականին կնքված Անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը, ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ էրեբունու ՏՍ կողմից տրված 15.02.2001 թվականի թիվ 548872 Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վկայականով, 23.01.2008 թվականին կատարված փոփոխությամբ Բեռնակիրների փ., թիվ 64/1 հասցեի 0.0254հա մակերեսով հողամասի նկատմամբ Արմինե Խաչատրյանի սեփականության իրավունքի գրանցումը։

3 Վճռաբեկ դատարանի դատավոր Քրիստինե Մկոյանս, համաձայն չլինելով վճռաբեկ բողոքի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից վերը նշված որոշմամբ արտահայտած դիրքորոշման հետ, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը՝ որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ:

Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտած դիրքորոշումն ամփոփ հանգում է նրան, որ սույն վարչական գործով վիճարկվող որոշումն ընդունվել է ինքնակամ կառույցի օրինականացման համար ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված պայմանների  /ինքնակամ կառույցի կարգավիճակի որոշման նպատակով հայտը պետք է ներկայացնեն ինքնակամ կառույցը կառուցած անձինք, հայտը պետք է իրավասու սուբյեկտներին ներկայացված լինի մինչև 01081998 թվականը/ խախտմամբ։

Անդրադառնալով սույն վարչական գործով վիճարկվող որոշումը ինքնակամ կառույցի օրինականացման համար ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված վերոնշյալ պայմանների խախտմամբ ընդունված լինելու վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դիտարկմանը՝ գտնում եմ, որ այն որևէ իրավական նշանակության սույն վարչական գործի շրջանակում վիճարկվող վարչական ակտի ոչ իրավաչափության գնահատման համար ունենալ չէր կարող՝ հետևյալ պատճառաբանությամբ։

ՀՀ Սահմանադրության՝ գործող խմբագրությամբ 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության՝ գործող խմբագրությամբ 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 8-րդ հոդվածն արձանագրում է, որ յուրաքանչյուր ոք, Սահմանադրությամբ կամ օրենքով իրեն վերապահված հիմնարար իրավունքների խախտման դեպքում, ունի ներպետական իրավասու ատյանների կողմից արդյունավետ պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրությունը երաշխավորում է յուրաքանչյուր քաղաքացու, օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի իրավունքների և ազատությունների պաշտպանությունը: Իրավունքների և ազատությունների արդյունավետ պաշտպանությունը երաշխավորող սահմանադրական նման դրույթը բխում է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային հանրահայտ փաստաթղթերի պահանջներից, ինչպիսիք են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, Կոնվենցիան:

Իրավունքների պաշտպանության միջոցների շարքում դատական պաշտպանությունն առանձնահատուկ տեղ է գրավում, քանի որ իրականացվում է իշխանության տարանջատման համակարգում ինքնուրույն և անկախ կարգավիճակ ունեցող մարմնի կողմից: Դատական պաշտպանության իրավունքը բնութագրվում է որպես անձի հիմնական անօտարելի իրավունքներից մեկը և միաժամանակ որպես այլ իրավունքների ու ազատությունների ապահովման միջոց և երաշխիք:

ՀՀ Սահմանադրությունը մարդու իրավունքների և ազատությունների ներպետական իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների շարքում գլխավորը և առաջնայինը համարում է դատական պաշտպանությունը:

Դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքներն էական տեղ են զբաղեցնում մարդու իրավունքների շարքում: Վերջիններիս գոյության գլխավոր նախապայմանն ամենից առաջ պետության՝ յուրաքանչյուր խախտված իրավունք որոշակի ընթացակարգի միջոցով վերականգնելու պարտականությունն է: Եթե բացակայում է իրավունքների պաշտպանության և վերականգնման արդյունավետ ընթացակարգը, ապա օրենսդրությամբ ամրագրված ցանկացած այլ իրավունք ընդամենը հռչակագրային դրույթ է:

ՀՀ Սահմանադրության վերը նշված հոդվածներով երաշխավորված՝ անձի դատական պաշտպանության իրավունքը վարչական դատավարությունում դրսևորվում է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերի, գործողությունների կամ անգործության բողոքարկման եղանակով:

Դատական պաշտպանության իրավունքի իրականացումը հիմնված է տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքի վրա, որն անձի` օրենքով տրված հնարավորությունն է սեփական հայեցողությամբ տնօրինելու իր նյութական ու դատավարական իրավունքները և դրանց պաշտպանության եղանակները, այսինքն` անձն ինքն է որոշում իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար դիմել, թե չդիմել դատարան, իրականացնել, թե չիրականացնել իր դատական պաշտպանության իրավունքը, ինքնուրույն որոշել հարուցված հայցով իր պահանջների առարկան` ծավալը և հիմքը և այլն:

Հանրային իրավահարաբերություններում իրավունքների դատական պաշտպանությունն իրականացվում է վարչական դատավարության կարգով՝ հանրային իրավահարաբերություններում իրավունքների դատական պաշտպանության ձև:

ՀՀ վարչական դատարանում, ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում և ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց վարչական և նորմատիվ ակտերի, գործողությունների կամ անգործության դեմ ֆիզիկական և իրավաբանական անձանց դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը, ինչպեu նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ վարչական մարմինների և պաշտոնատար անձանց հայցադիմումների քննության կարգը սահմանում է ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ Օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ`

1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, այդ թվում, եթե` ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար, բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ` այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտերի ուժով,

2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն,

3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության:

Այսպես, ՀՀ սահմանադրական դատարանն իր 2012 թվականի ապրիլի 17-ի թիվ  ՍԴՈ-1022 որոշմամբ նշել է. «... օրենսդիրը, նախատեսելով վարչական դատարան դիմելու իրավունք ունեցող սուբյեկտների ցանկը, նրանց` դատարան դիմելու իրավունքի իրականացումը յուրաքանչյուր դեպքում պայմանավորել է որոշակի իրավական նախադրյալների, այն է` «իրավական շահի» առկայությամբ: Ընդ որում, յուրաքանչյուր դատավարական սուբյեկտի պարագայում այն կրում է իրեն ներհատուկ բնույթ: Նրանց «իրավական շահը», կախված գործի փաստական հանգամանքներից, ինչպես նաև կոնկրետ սուբյեկտի իրավական կարգավիճակից, կրում է անհատականացված, կոնկրետ հասցեավորված բնույթ...»։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր որոշումներում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վեճը պետք է լինի իրական և իր բնույթով՝ լուրջ: Վեճը չի կարող կապված լինել անձի քաղաքացիական իրավունքների և պարտականությունների հետ աննշան կամ հեռակա կերպով, այլ հենց այդ իրավունքները և պարտականությունները պետք է կազմեն հայցի առարկան, և վեճի հնարավոր լուծումը պետք է վճռական և ուղղակի նշանակություն և ազդեցություն ունենա պաշտպանվող իրավունքների և ազատությունների վրա (տե՛ս, Լը Քոմպտեն և մյուսներն ընդդեմ Բելգիայի թիվ 6878/75 դիմումով ՄԻԵԴ 23.06.1981 թվականի վճիռը, պարբ. 47, Բենթհեմն ընդդեմ Նիդերլանդների թիվ 8848/80 դիմումով ՄԻԵԴ 23.10.1985թ. վճիռը, պարբ. 32):

ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը շարադրված իրավադրույթները, երաշխավորելով անձի՝ իր իրավունքների և ազատությունների իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների և դատական պաշտպանության իրավունքները, սահմանում են անձի դատարան դիմելու իրավունքը, որը կոչված է ստեղծելու պայմաններ անձի խախտված իրավունքները վերականգնելու համար: Դատարան դիմելու իրավունքն անձի համար ապահովում է իրավական երաշխիքներ իր իրավունքների խախտումների դեպքում ստանալ արդյունավետ իրավական պաշտպանություն: Այստեղից հետևում է այն կարևոր կանոնը, որի համաձայն՝ դատական պաշտպանություն անձն ստանում է վերջինիս՝ ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքների և (կամ) ազատությունների խախտման դեպքում: Դատական պաշտպանությունը չի կարող լինել ինքնանպատակ, այն ունի հստակ առաքելություն, հստակ սուբյեկտներ և հասցեատեր ու կոչված է ապահովելու անձի խախտված իրավունքների արդյունավետ վերականգնումը:

ՀՀ վճռաբեկ դատարանի 29102010 թվականի թիվ ՎԴ/4342/05/09 գործով կայացված որոշման համաձայն՝ «... անձն իր իրավունքների և օրինական շահերի դատական պաշտպանություն կարող է հայցել միայն այն դեպքում, եթե գտնում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ անմիջականորեն խախտվել կամ կարող են խախտվել նրա իրավունքները կամ օրինական շահերը: Նշվածից հետևում է նաև, որ վարչական արդարադատություն հայցող անձի պահանջը կարող է բավարարվել միայն նրա` շահագրգիռ անձ լինելու դեպքում, այն է` եթե խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաuտանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները»:

Անդրադառնալով դատական կարգով վարչական ակտի իրավաչափության վիճարկման հարցին` ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներից մեկում արձանագրել է, որ վարչական ակտը վիճարկելիս դատական պաշտպանությունից օգտվելը չի կարող լինել ինքնանպատակ, այլ այն պետք է ուղղված լինի անձի խախտված իրավունքների վերականգնման ապահովմանը: Ուստի, դիմելով վարչական դատարան՝ անձը ոչ միայն պետք է հիմնավորի, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերն ընդունվել, գործողությունները կամ անգործությունը կատարվել են օրենքի խախտմամբ, այլ նաև պետք է մատնանշի իր այն իրավունքներն ու ազատությունները, որոնք խախտվել են (տե՛ս, Սվետլանա Օհանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0909/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013թ. որոշումը):

Այսպիսով, ամփոփելով վերոշարադրյալը` գտնում եմ, որ վարչական դատավարությունը հիմնված է այն տրամաբանության վրա, որ դատարան դիմելու իրավունքն ինքնանպատակ չէ, իսկ դրա առարկան չի հանդիսանում վերացական շահերի պաշտպանությունը, և յուրաքանչյուր դեպքում վարչական դատավարության կարգով դատական պաշտպանության դիմած անձի՝ այդպիսի իրավունքի իրացման սուբյեկտ լինելու հարցը լուծելիս պետք է գործի փաստական հանգամանքների, անձի իրավական կարգավիճակի գնահատմամբ պարզվի վերջինիս մոտ այդ իրավունքի իրացման իրավական շահի առկայությունը, այսինքն՝ բոլոր դեպքերում պետք է հաշվի առնել այն իրավական և փաստական հիմքերը, որոնք կհիմնավորեն դատական պաշտպանության դիմած անձի սուբյեկտիվ իրավական շահագրգռվածությունն այն իրավունքների և ազատությունների նկատմամբ, որոնք անձի պնդմամբ խախտվել կամ անմիջականորեն կարող են խախտվել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ: Դատական պաշտպանությունն ունի հստակ կանխորոշված առաքելություն, այն է՝ խախտված իրավունքների վերականգնում: Այսինքն՝ դատարան դիմելու իրավունքը վերապահված է կոնկրետ այն անձին, ում իրավունքները խախտվել են կամ առկա է նրա իրավունքների խախտման իրական վտանգ: Նշվածը բխում է ինչպես ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասից, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ՀՀ սահմանադրական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումներից:

Սույն դեպքում, ինչպես պարզ դարձավ վերոգրյալից, ստորադաս դատարանները, որպես վիճարկվող վարչական ակտի անվավերությանը հանգեցնող հիմք, նշել են այն ՀՀ կառավարության թիվ 114 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների հաշվառման և դրանց հետագա կարգավիճակի որոշման նպատակով ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների հաշվառման և պետական գրանցման կարգի (այսուհետ՝ Կարգ) կանոնների խախտմամբ ընդունված լինելը։

Գտնում եմ, որ Կարգով նախատեսված պայմանների պահպանված լինել/չլինելու հանգամանքը կարող է էական նշանակություն ունենալ ըստ այդմ՝ հանգեցնել/չհանգեցնել վիճարկվող վարչական ակտի անվավերության, եթե տվյալ կառույցի օրինականացման արդյունքում է խախտվել վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող սուբյետի իրավունքները կամ ազատությունները։ Հակառակ դեպքում, գործ ունենք վերջինիս իրավական շահի բացակայության հետ։ Հետևաբար, նույնիսկ օրինականացման վարույթը եզրափակող վարչական ակտը Կարգով նախատեսված պայմանների խախտմամբ ընդունված լինելու դեպքում նշված հանգամանքը չի կարող ծառայեցվել վիճարկվող վարչական ակտի անվավերության։ Այնինչ, սույն վարչական գործով ինչպես Դատարանը և Վերաքննիչ դատարանը, այնպես էլ Վճռաբեկ դատարանը, որպես վիճարկվող վարչական ակտի ոչ իրավաչափության հիմք ընդունել են այն Կարգով նախատեսված պայմանների պահպանմամբ ընդունված չլինելու հանգամանքը։

Այսպիսով, գտնում եմ, որ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի վճիռը, կայացրել է գործն ըստ էության սխալ լուծող դատական ակտ: Հետևաբար, սույն գործով անհրաժեշտ էր կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը՝ սույն հատուկ կարծիքում շարադրված պատճառաբանություններով:

 

Դատավոր

Ք. Մկոյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 նոյեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան