ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ1/4818/02/21 2023 թ. | ||
Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ1/4818/02/21 |
|||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Գ. Հակոբյան | |
զեկուցող |
Տ. Պետրոսյան | |
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ | ||
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ | ||
Է. Սեդրակյան |
2023 թվականի մայիսի 30-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի ՀՀ Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքի (այսուհետ` Համայնք) ընդդեմ Արա և Արի Մհեր Տագէսեանների, Հրանտ, Կարինե ու Թամարա Գրիգորյանների, Նորիկ Հայրապետյանի՝ հողամասերը վաճառելու աճուրդներն անվավեր ճանաչելու, որպես անվավերության հետևանք՝ առուվաճառքի պայմանագրերը և սեփականության իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.11.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Համայնքի բերած վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Համայնքը պահանջել է անվավեր ճանաչել հողամասերը վաճառելու աճուրդները, որպես անվավերության հետևանք՝ անվավեր ճանաչել առուվաճառքի, նվիրատվության պայմանագրերը և սեփականության իրավունքի պետական գրանցումները:
ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Էդ. Հովհաննիսյան) (այսուհետ` Դատարան) 23.08.2021 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահությամբ դատավոր՝ Ս. Գրիգորյան) 17.09.2021 թվականի որոշմամբ Համայնքի վերաքննիչ բողոքը վերադարձվել է՝ սահմանելով եռօրյա ժամկետ որոշմամբ նշված թերությունները շտկելու և բողոքը կրկին ներկայացնելու համար:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09.11.2021 թվականի որոշմամբ Համայնքի ներկայացուցչի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Համայնքը (ներկայացուցիչ Մինաս Մալխասյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 49-րդ և 55-րդ հոդվածները, 93-րդ հոդվածի 2-րդ մասը, 95-րդ հոդվածի 1-ին մասը, 5-րդ մասի 2-րդ կետը, 6-րդ մասը, 99-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 6-րդ մասերը, 119-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ դատավարական փաստաթղթերը և ծանուցումներն ստանալու ներկայացուցչի լիազորության առկայության դեպքում դատարանի կողմից ուղարկվող դատավարական փաստաթղթերի և ծանուցումների առաքման պարտականությունը սույն դեպքում պատշաճ կատարված չէ, քանի որ դատավարական փաստաթղթերը կողմի ներկայացուցչին չեն ուղարկվել: Համայնքի անունից դատարանում հանդես եկող միակ ներկայացուցչին դատավարական փաստաթղթերը չուղարկվելու պարագայում դատավարական ժամկետի խախտումը հարգելի է, եթե ներկայացուցիչն իր նախաձեռնությամբ և գործողություններով է վերջիններս ձեռք բերել ու այդ պահից հաշված պահպանել է իր դատավարական պարտականության կատարման համար սահմանված ժամկետը։
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ դատավարական փաստաթղթեր կամ ծանուցագիր պարունակող առաքված նամակը փոստային ծառայությունից վերադարձվելը՝ «թերի հասցե» նշումով, դատավարության մասնակցի կամքից անկախ պատճառ է, եթե դատավարության տվյալ մասնակիցը դատարան ներկայացված փաստաթղթերում նշել է ծանուցման ճիշտ հասցեն՝ անկախ այն հանգամանքից, թե դատարանի աշխատակազմն է առաքվող ծրարի վրա սխալ հասցե նշել, թե փոստային ծառայությունն է ոչ ճիշտ որոշում ընդունել՝ վերադարձնելով ծրարը։
Համայնքի ղեկավարը, որպես տեղական ինքնակառավարման մարմին Համայնքի անունից տալով դատարանում հանդես գալու լիազորագիր և Համայնքի պաշտոնական կնիքով հաստատելով լիազորագրի իսկությունը, այլևս պարտավոր չէ լիազորագրին կցել համայնքի ղեկավար հանդիսանալու մասին ապացույց, եթե Համայնքի ղեկավարը որպես ի պաշտոնե ներկայացուցիչ չի մասնակցում դատավարությանը և որևէ դատավարական գործողություն չի կատարում և որևէ դատավարական փաստաթուղթ, ներառյալ՝ հայցադիմում, կամ բողոք, կամ միջնորդություն (և այլն) չի ստորագրում։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 09.11.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Համայնքի ներկայացուցիչ Մինաս Մալխասյանը 16.08.2021 թվականին հայցադիմում է ներկայացրել Դատարան՝ հողամասերը վաճառելու աճուրդներն անվավեր ճանաչելու, որպես անվավերության հետևանք՝ առուվաճառքի, նվիրատվության պայմանագրերը և սեփականության իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջով (հատոր 1-ին, գ.թ. 3-53)․
2) հայցադիմումին կցվել է ներկայացուցիչ Մինաս Մալխասյանի փաստաբանական գործունեության մասին թիվ 1056 արտոնագիրը և Համայնքի կողմից տրված լիազորագիրը, որի 5-րդ կետի համաձայն՝ ներկայացուցիչն օժտված է բոլոր տեսակի ծանուցումներն ու փաստաթղթերն ստանալու լիազորությամբ (հատոր 1-ին, գ.թ. 56, 60)․
3) Դատարանի (դատավոր` Էդ. Հովհաննիսյան) 23.08.2021 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժվել է (հիմք court.am տեղեկատվական համակարգ)․
4) Դատարանի 23.08.2021 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Համայնքի ներկայացուցիչը 30.08.2021 թվականին ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը Վերաքննիչ դատարանի 17.09.2021 թվականի որոշմամբ վերադարձվել է՝ սահմանելով եռօրյա ժամկետ որոշմամբ նշված թերությունները շտկելու և բողոքը կրկին ներկայացնելու համար։ Առաքանին ուղարկվել է ներկայացուցչի ծանուցման հասցեով, սակայն ներկայացուցիչ Մինաս Մալխասյանի անուն-ազգանվան փոխարեն որպես հասցեատեր նշվել է Համայնքը։ Նշված ծրարը «թերի հասցե» նշումով վերադարձվել է (հատոր 2-րդ, գ.թ. 27-32): Նշված որոշումը երկրորդ անգամ ուղարկվել է Համայնք իրավաբանական անձի հասցեով 14.10.2021 թվականին․ Համայնքը ստացել է 20.10.2021 թվականին (հատոր 2-րդ, գ.թ. 55, 57)․
5) Համայնքի ներկայացուցիչը վերաքննիչ բողոքը՝ թերությունները շտկված ձևով կրկին ներկայացրել է 04.11.2021 թվականին և միջնորդել է հարգելի համարել բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումն ու վերականգնել ժամկետը՝ պատճառաբանելով, որ որոշումն առաքվել է Համայնքի հասցեով, մինչդեռ և՛ հայցադիմումում, և՛ վերաքննիչ բողոքում որպես ծանուցման հասցե նշված է Երևան քաղաք, Կոմիտասի պողոտա 35/6 (հատոր 2-րդ, գ.թ. 68-88)․
6) Վերաքննիչ դատարանի 09.11.2021 թվականի որոշմամբ բողոք բերելու համար սահմանված բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են (հատոր 2-րդ, գ.թ. 96, 97):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում այն հիմնավորմամբ, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 2-րդ մասի, 95-րդ հոդվածի 1-ին մասի, 5-րդ մասի 2-րդ կետի, 6-րդ մասի և 99-րդ հոդվածի 1-ին մասի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, որի առկայությունը հիմնավորվում է ստորև բերված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. արդյո՞ք գործին մասնակցող անձի կողմից ներկայացուցչին տրված լիազորագրում դատական ծանուցումներ ստանալու լիազորություն վերապահելը բավարար է դատարանի կողմից դատական ծանուցումները միայն գործին մասնակցող անձի ներկայացուցչին ուղարկելու համար:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորվում են յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության ու արդար դատաքննության հիմնարար իրավունքները, որոնց բաղկացուցիչ տարրերից մեկն իրավաբանական օգնություն ստանալու իրավունքն է. այդ իրավունքը երաշխիք է իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության արդյունավետ իրացման համար:
ՀՀ սահմանադրական դատարանը 08.10.2008 թվականի թիվ ՍԴՈ-765 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը ներառում է նախ` որակյալ իրավաբանական ծառայություն ստանալու հնարավորությունը, երկրորդ` պետության պարտավորությունը որակյալ իրավաբանական օգնություն ստանալու հնարավորություն ապահովելու բոլոր նրանց համար, ովքեր ի վիճակի չեն ինքնուրույն ստանալ այդպիսի օգնություն:
ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքների կարևորությունը բազմիցս նշվել է ինչպես ՀՀ վճռաբեկ դատարանի, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) որոշումներում:
Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարրն է դատարանի մատչելիության իրավունքը: Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը: Այդուհանդերձ, դա է, որ հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետ 52):
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է` երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձևական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե´ս, Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արդեն իսկ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, ի թիվս այլնի Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը, Վարդան Աբրահամյանն ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/17609/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում, անդրադառնալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքին, բազմիցս փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները (տե´ս, «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Քրիստինե Տոնոյանի, Օվսաննա Մեսրոբյանի թիվ ԵԿԴ/2357/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.03.2019 թվականի որոշումը):
Ըստ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշման՝ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները՝ խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարության մասնակիցները, բացառությամբ գործին մասնակցող անձանց ներկայացուցիչների, նույն օրենսգրքով սահմանված կարգով ծանուցվում են դատական նիստի ժամանակի և վայրի, ինչպես նաև նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` առանձին դատավարական գործողություններ կատարելու մասին:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձի կողմից իր ներկայացուցչին ծանուցելու վերաբերյալ դիմում ներկայացվելու կամ լիազորագրում նման լիազորության առկայության դեպքում ծանուցվում է միայն ներկայացուցիչը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծանուցագիրը դատավարության մասնակիցներին ուղարկելու (հանձնելու) մասին սույն գլխի կանոնները կիրառելի են դատավարական փաստաթղթերը դատավարության մասնակիցներին ուղարկելու (հանձնելու) նկատմամբ:
Միաժամանակ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորմանը համապատասխան՝ դատավարական փաստաթղթերը դատավարության մասնակիցներին ուղարկելու (հանձնելու) նկատմամբ կիրառելի են դատական ծանուցագրերը մասնակիցներին ուղարկելու (հանձնելու) մասին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ գլխով սահմանված կանոնները:
Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությամբ հստակ կարգավորում է նախատեսված այն մասին, որ գործին մասնակցող անձի կողմից իր ներկայացուցչին ծանուցելու վերաբերյալ լիազորագրում լիազորություն սահմանելու դեպքում դատական նիստերի վերաբերյալ ծանուցվում է միայն ներկայացուցիչը: Հետևաբար լիազորագրում` ներկայացուցչի կողմից դատական ծանուցումներն ստանալու (ներկայացուցչին ծանուցելու) վերաբերյալ լիազորության առկայության պայմաններում դատարանի կողմից դատական ծանուցումները ներկայացուցչին ուղարկելը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն, համարվում է դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձին ծանուցելու` դատարանի պարտականության պատշաճ կատարում: Ընդ որում` լիազորագրում` ներկայացուցչի կողմից դատական ծանուցումներն ստանալու վերաբերյալ լիազորության առկայությունը բավարար է դատարանի կողմից դատական ծանուցումները միայն ներկայացուցչին ուղարկելու համար (տե´ս, Ալվարդ Սահակյանի ընդդեմ Հենրիկ Մարտիկյանի թիվ ԱՎԴ1/0452/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.09.2020 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Համայնքի ներկայացուցիչ Մինաս Մալխասյանը 16.08.2021 թվականին հայցադիմում է ներկայացրել Դատարան՝ հողամասերը վաճառելու աճուրդներն անվավեր ճանաչելու, որպես անվավերության հետևանք՝ առուվաճառքի, նվիրատվության պայմանագրերը և սեփականության իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջով:
Հայցադիմումին կցվել է ներկայացուցիչ Մինաս Մալխասյանի փաստաբանական գործունեության մասին թիվ 1056 արտոնագիրը և Համայնքի կողմից տրված լիազորագիրը, որի 5-րդ կետի համաձայն՝ ներկայացուցիչն օժտված է բոլոր տեսակի ծանուցումներն ու փաստաթղթերը ստանալու լիազորությամբ:
Դատարանի (դատավոր` Էդ. Հովհաննիսյան) 23.08.2021 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժվել է:
Դատարանի 23.08.2021 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Համայնքի ներկայացուցիչը 30.08.2021 թվականին ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը Վերաքննիչ դատարանի 17.09.2021 թվականի որոշմամբ վերադարձվել է՝ սահմանելով եռօրյա ժամկետ որոշմամբ նշված թերությունները շտկելու և բողոքը կրկին ներկայացնելու համար։ Առաքանին ուղարկվել է ներկայացուցչի ծանուցման հասցեով, սակայն ներկայացուցիչ Մինաս Մալխասյանի անուն-ազգանվան փոխարեն որպես հասցեատեր նշվել է Համայնքը։ Նշված ծրարը «թերի հասցե» նշումով վերադարձվել է: Նշված որոշումը երկրորդ անգամ ուղարկվել է Համայնքի իրավաբանական անձի հասցեով 14.10.2021 թվականին։ Համայնքն առաքանին ստացել է 20.10.2021 թվականին, իսկ Համայնքի ներկայացուցիչը վերաքննիչ բողոքը՝ թերությունները շտկված ձևով կրկին ներկայացրել է 04.11.2021 թվականին և միջնորդել է հարգելի համարել բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումն ու վերականգնել ժամկետը՝ պատճառաբանելով, որ որոշումն առաքվել է Համայնքի հասցեով, մինչդեռ և՛ հայցադիմումում, և՛ վերաքննիչ բողոքում որպես ծանուցման հասցե նշված է Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 35/6:
Վերաքննիչ դատարանի 09.11.2021 թվականի որոշմամբ բողոք բերելու համար սահմանված բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են:
Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելիս պատճառաբանել է, որ Բողոքաբերը վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումն ստացել է 20.10.2021 թվականին, ուստի կարող էր կրկին վերաքննիչ բողոք ներկայացնել մինչև 26.10.2021 թվականը, այնինչ, Բողոքաբերի կողմից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը ներկայացվել է 04.11.2021 թվականին՝ օրենքով սահմանված 3-օրյա ժամկետի խախտմամբ: Ինչ վերաբերում է ժամկետի բացթողումը հարգելի համարելու մասին միջնորդության հիմքում մատնանշված փաստարկներին՝ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը և կից փաստաթղթերն ի սկզբանե առաքվել են վերաքննիչ բողոքում մատնանշված ծանուցման՝ ք. Երևան, Կոմիտասի պողոտա 35/6 հասցեով, սակայն ծրարը վերադարձվել է «թերի հասցե» նշումով, որից հետո այն առաքվել է հայցվոր իրավաբանական անձի հասցեով և համաձայն փաստային հավաստագրի՝ հասցեատիրոջ կողմից ստացվել է 20.10.2021 թվականին: Միաժամանակ վերաքննիչ բողոքը վերադարձվել է այն ստորագրող անձի ներկայացուցչությունը հիմնավորող փաստաթղթերի ոչ ամբողջական լինելու՝ Ռուստամ Հասանյանի՝ որպես ի պաշտոնե Հայցվորի ներկայացուցչի կարգավիճակը հավաստող համապատասխան փաստաթղթերի բացակայության հիմքով, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանը գտել է, որ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությամբ տեղ գտած պատճառաբանությունները հիմնավոր, իսկ վկայակոչած նորմերը՝ վերաբերելի չեն:
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծությունները և դրանք համադրելով սույն գործի փաստերի հետ` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
Տվյալ դեպքում Մինաս Մալխասյանին պատշաճ կերպով տրվել է լիազորագիր` ներկայացնելու Համայնքը, և լիազորագրում, ի թիվս այլնի, սահմանվել է ներկայացուցչի լիազորությունը` ստանալու դատական ծանուցումները և դատավարական փաստաթղթերը: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը դատավարական փաստաթղթերը պարտավոր էր պատշաճ կերպով ուղարկել ոչ թե Համայնք, այլ վերջինիս ներկայացուցչին, մինչդեռ Համայնքի ներկայացուցիչ Մինաս Մալխասյանին 17.09.2021 թվականի որոշումն ու կից փաստաթղթերն ուղարկելու առաքանիում որպես հասցեատեր է նշվել Համայնքը, ինչի պատճառով առաքանին հասցեատիրոջը չի հանձնվել և փոստի կողմից վերադարձվել է: Այսպիսով «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը և մյուս փաստաթղթերը հասցեատիրոջը չեն հանձնվել Վերաքննիչ դատարանի թույլ տված սխալի հետևանքով, ինչի դատավարական հետևանքները վերաքննիչ բողոք ներկայացրած անձը կրել չի կարող: Նման պայմաններում, երբ վերջին հաշվով առաքանին հանձնվել է ոչ թե այն ստանալու լիազորություն ունեցող ներկայացուցչին, այլ դատավարության կողմին, Վերաքննիչ դատարանը բողոք բերելու ժամկետը վերականգնելու միջնորդությունը քննարկելիս պարտավոր էր հաշվի առնել, որ Համայնքի կողմից դատավարական փաստաթղթերը ներկայացուցչին հանձնելու համար անհրաժեշտ էր որոշակի ժամանակահատված, որպիսի պայմաններում դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի էր և ժամկետը ենթակա էր վերականգնման:
Ինչ վերաբերում է բողոքի ընդունումը մերժելու հիմք հանդիսացած Վերաքննիչ դատարանի մյուս պատճառաբանությանը՝ Համայնքի ի պաշտոնե ներկայացուցչի կարգավիճակը հավաստող փաստաթղթի բացակայության վերաբերյալ, ապա այն ևս անհիմն է, քանի որ մինչև Վերաքննիչ դատարանի կողմից բողոքարկվող որոշումը կայացնելը Համայնքի ներկայացուցիչ Մինաս Մալխասյանը 15.10.2021 թվականին իր նախաձեռնությամբ Վերաքննիչ դատարան է ներկայացրել Ռուստամ Հասանյանի՝ ՀՀ Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքի ղեկավար ընտրվելու մասին 19.12.2019 թվականի որոշումը:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, մերժելով Համայնքի ներկայացուցչի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը, սահմանափակել է Համայնքի` ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված՝ դատական պաշտպանության իրավունքը, ինչը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.11.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Գ. Հակոբյան Զեկուցող Տ. Պետրոսյան Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ Է. Սեդրակյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 նոյեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|