ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ/4142/02/20 2023 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ/4142/02/20 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Գ. Հակոբյան | |
զեկուցող |
Է. Սեդրակյան | |
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ | ||
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ | ||
Տ. Պետրոսյան |
2023 թվականի մայիսի 30-ին
գրավոր ընթացակարգով քննելով «Հայկական Ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) բերած վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22․04․2022 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Կարեն Մանգասարյանի ընդդեմ Ընկերության՝ ամենամյա արձակուրդը տեղափոխելու և աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին հրամաններն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հատուցում վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Սույն գործով դիմելով դատարան՝ Կարեն Մանգասարյանը պահանջել է անվավեր ճանաչել Ընկերության 16.11.2020 թվականի ամենամյա արձակուրդը տեղափոխելու վերաբերյալ թիվ 671-Ա հրամանը։
Թիվ ԱՐԴ/0252/02/21 քաղաքացիական գործի շրջանակներում դիմելով դատարան՝ Կարեն Մանգասարյանը պահանջել է անվավեր ճանաչել աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին Ընկերության 08.01.2021 թվականի թիվ 2/Ա հրամանը, իրեն վերականգնել 20․11․2006 թվականի թիվ 15-6 աշխատանքային պայմանագրով աշխատանքում և Ընկերությանը պարտավորեցնել իրեն վճարել հատուցում՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար։
ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Գ․ Ֆիդանյան) 30․12․2020 թվականի որոշմամբ սույն քաղաքացիական գործով ներկայացված հայցադիմումն ընդունվել է վարույթ, իսկ 01․02․2021 թվականի որոշմամբ թիվ ԱՐԴ/0252/02/21 քաղաքացիական գործը միացվել է սույն գործին։
ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Գ․ Ֆիդանյան) (այսուհետ՝ Դատարան) 27․12․2021 թվականի վճռով Կարեն Մանգասարյանի հայցն ընդդեմ Ընկերության՝ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին 08.01.2021 թվականի թիվ 2/Ա հրամանն անվավեր ճանաչելու, հայցվորին 20.11.2006 թվականի թիվ 15-6 աշխատանքային պայմանագրով աշխատանքի վերականգնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հատուցում վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասով, բավարարվել է, Կարեն Մանգասարյանը վերականգնվել է նախկին աշխատանքում` Ընկերության գնումների բաժնի առաջատար ճարտարագետի պաշտոնում, և բռնագանձվել է հարկադիր պարապուրդի գումար՝ սկսած 08.01.2021 թվականից մինչև վերջինիս փաստացի աշխատանքի վերականգնելու օրը՝ միջին աշխատավարձի չափով: Ընկերության՝ ամենամյա արձակուրդը տեղափոխելու վերաբերյալ 16․11․2020 թվականի թիվ 671-Ա հրամանն անվավեր ճանաչելու պահանջի մասով հայցը մերժվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 22․04․2022 թվականի որոշմամբ Կարեն Մանգասարյանի և Ընկերության բերած վերաքննիչ բողոքները մերժվել են, և Դատարանի 27․12․2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 03․08․2022 թվականի որոշմամբ Կարեն Մանգասարյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է բերել Ընկերությունը (ներկայացուցիչ՝ Տիգրան Վարդազարյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածը,«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 64-րդ, 66-րդ և 191-րդ հոդվածները, ՀՀ կառավարության 14.07.2011 թվականի ««Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի կիրարկում ապահովելու մասին» թիվ 1024-Ն և 02․03․2006 թվականի «Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 276-Ն որոշումները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով․
Վերաքննիչ դատարանը, Դատարանի ոչ իրավաչափ դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելով, ինչպես նաև անտեսելով այն փաստը, որ բողոքաբերը Կարեն Մանգասարյանի հաշմանդամության մասին տեղեկացել է միայն 29.03.2021 թվականին՝ հայցի հիմքի փոփոխությունը և լրացումը թույլատրելու վերաբերյալ միջնորդությունից, փորձել է տեղեկատվություն ստանալ ՀՀ պետական մարմիններից, իսկ մերժվելուց հետո դիմել է Դատարան ապացույց պահանջելու միջնորդությամբ, ինչը ևս մերժվել է և առանց որևէ հիմնավոր պատճառաբանության և վերլուծության բողոքաբերի փաստարկներն ու դրանց հիմնավորումները գործի ելքի համար ոչ էական գնահատելով և նյութական իրավունքի նորմի կիրառելիության հանգամանքին անդրադարձ չկատարելով՝ թույլ է տվել արդար և անկողմնակալ լինելու սկզբունքի խախտում:
Սույն գործի նյութերում առկա չէ որևէ ապացույց, որ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինը կայացրել է վարչական վարույթը կասեցնելու մասին որոշում, ինչից էլ հետևում է, որ Դատարանն իրավասու չէր սեփական նախաձեռնությամբ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի փոխարեն կասեցնել վարչական վարույթը կամ ենթադրել, որ այդ վարույթը եղել է կասեցված: Բացի այդ, վարչական վարույթի կասեցումը պարտադիր պահանջ չէ և այն կարող է կասեցվել, եթե առկա լինի ՀՀ կառավարության 02․03․2006 թվականի «Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 276-Ն որոշման 26-րդ կետի «ա» և «գ» ենթակետերի պահանջներից որևէ մեկը, այնինչ սույն գործով անհասկանալի է, թե ո՞ր կետով է վարույթը ենթադրաբար կասեցված եղել, եթե նման ապացույց գործում առկա չէ:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանը 25.08.2020 թվականից մինչև 25.10.2020 թվականը վարչական վարույթը կասեցված է համարել այն հիմքով, որ Կարեն Մանգասարյանը հետագայում ճանաչվել է հաշմանդամ, մինչդեռ այդ պատճառաբանությունն անհիմն է, քանի որ Կարեն Մանգասարյանը հաշմանդամության կարգ ստանալու համար դիմել է միայն 17.11.2020 թվականին, իսկ անաշխատունակության թերթիկի փակման հիմքով աշխատանքի է ներկայացել 15.11.2020 թվականին: Այսինքն՝ հաշմանդամության կարգ ստանալու համար հայցվորը դիմել է այն ժամանակ, երբ արդեն իսկ ծագել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված հիմքը: Ընդ որում, բժշկական փորձաքննական թիվ 517562 որոշումը տրվել է 05.02.2021 թվականին՝ աշխատանքային պայմանագիրը լուծելուց գրեթե մեկ ամիս անց և որևէ իրավական հետևանք Ընկերության համար չէր կարող առաջացնել:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 22․04․2022 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը մերժել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը․
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) սույն գործով դիմելով դատարան՝ Կարեն Մանգասարյանը պահանջել է անվավեր ճանաչել ամենամյա Ընկերության 16.11.2020 թվականի արձակուրդը տեղափոխելու վերաբերյալ թիվ 671-Ա հրամանը։
Թիվ ԱՐԴ/0252/02/21 քաղաքացիական գործի շրջանակներում դիմելով դատարան՝ Կարեն Մանգասարյանը պահանջել է անվավեր ճանաչել աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին Ընկերության 08.01.2021 թվականի թիվ 2/Ա հրամանը, իրեն վերականգնել 20․11․2006 թվականի թիվ 15-6 աշխատանքային պայմանագրով աշխատանքում և Ընկերությանը պարտավորեցնել իրեն վճարել հատուցում՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար։
Դատարանի 30․12․2020 թվականի որոշմամբ սույն քաղաքացիական գործով ներկայացված հայցադիմումն ընդունվել է վարույթ, իսկ 01․02․2021 թվականի որոշմամբ թիվ ԱՐԴ/0252/02/21 քաղաքացիական գործը միացվել է սույն գործին (հատոր 1-ին, գ․թ․ 1-4, 34, հատոր 4, գ․թ․ 3-8)․
2) Ընկերության և Կարեն Մանգասարյանի միջև 20.11.2006 թվականին անորոշ ժամկետով կնքված թիվ 15-6 աշխատանքային պայմանագրով Կարեն Մանգասարյանն Ընկերությունում աշխատանքի է ընդունվել որպես երկրորդ կարգի ճարտարագետ (հատոր 1-ին, գ․ թ․ 6, 7)․
3) Ընկերության 08.01.2021 թվականի թիվ 2/Ա հրամանով Կարեն Մանգասարյանի հետ 20․11․2006 թվականին կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվել է ժամանակավոր անաշխատունակության պատճառով 127 աշխատանքային օր՝ 19․05․2020 թվականից մինչև 14․11․2020 թվականը, անընդմեջ բացակայելու և ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի հիմքով (հատոր 4-րդ, գ․ թ․ 16)․
4) 25.06.2021 թվականին կայացած նախնական դատական նիստում գործին մասնակցող անձանց հետ Դատարանը քննարկել և սահմանել է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի հետևյալ շրջանակը․
ա) Ընկերության և Կարեն Մանգասարյանի միջև 20.11.2006 թվականին անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքված լինելը,
բ) Ընկերության 16.11.2020 թվականի թիվ 671Ա հրամանի հիմքում ընկած փաստերի իրավաչափ լինելը,
գ) Ընկերության 16.11.2020 թվականի թիվ 671Ա հրամանի ընդունման օրենքով, այլ նորմատիվ կամ գործատուի ներքին իրավական ակտերով սահմանված կարգը պահպանված լինելը,
դ) 15․04․2020-14․05․2020 թվականներին Կարեն Մանգասարյանի ամենամյա արձակուրդում գտնվելը,
ե) 11․05․2020-14․05․2020 թվականներին Կարեն Մանգասարյանի անաշխատունակության մեջ գտնվելը,
զ) 15.05-2020-16.06.2020 թվականներին Կարեն Մանգասարյանի ամենամյա արձակուրդում գտնվելը,
է) 19․05․2020-14.11․2020 թվականներին Կարեն Մանգասարյանի անաշխատունակության մեջ գտնվելը,
ը) Կարեն Մանգասարյանի ամենամյա արձակուրդի հրամանը երկարաձգված լինելը, դրա օրը (կամ երկարացման օրը)
թ) Ընկերության 08.01.2021 թվականի թիվ 2/Ա հրամանի հիմքում ընկած փաստերի իրավաչափ լինելը,
ժ) Ընկերության 08.01.2021 թվականի թիվ 2/Ա հրամանի ընդունման օրենքով, այլ նորմատիվ կամ գործատուի ներքին իրավական ակտերով սահմանված կարգը պահպանված լինելը,
ի) աշխատողի երկարատև անաշխատունակության հետևանքով (եթե աշխատողը ժամանակավոր անաշխատունակության պատճառով աշխատանքի չի ներկայացել ավելի քան 120 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 140 օր, եթե օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված չէ, որ որոշակի հիվանդությունների դեպքում աշխատատեղը և պաշտոնը պահպանվում են ավելի երկար ժամանակով) բացակայած լինելը,
լ) Կարեն Մանգասարյանի COVID19-ով վարակված լինելը, ինքնամեկուսացման մեջ գտնվելը (հատոր 2-րդ, գ․ թ․ 87-89, 93, 94):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանը սույն գործով կիրառել է ՀՀ կառավարության 14.07.2011 թվականի ««Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» ՀՀ կառավարության թիվ 1024-Ն և 02․03․2006 թվականի «Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 276-Ն որոշումները, որոնք չպետք է կիրառեր՝ արդյունքում թույլ տալով այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հաստատվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ աշխատողի երկարատև անաշխատունակության հետևանքով աշխատանքային պայմանագիրը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված հիմքով լուծելու վերաբերյալ վեճերով ապացուցման առարկան որոշելու առանձնահատկություններին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա` ղեկավարվելով վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավական նորմերով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 8-րդ կետերի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում գործին մասնակցող անձանց հետ քննարկում է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի, այդ թվում՝ ապացուցման կարիք չունեցող փաստերի և ապացուցման ենթակա փաստերի շրջանակը, գործին մասնակցող անձանց հետ քննարկում է ապացուցման պարտականությունը նրանց միջև բաշխելու հարցը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանում է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը։
Նախկինում կայացրած որոշումներով անդրադառնալով քաղաքացիական գործերով ապացուցման առարկային՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր գործով ապացուցման առարկան ձևավորվում է ոչ միայն հայցի կամ դրա դեմ բերվող առարկությունների հիմքում ընկած փաստերից, այլև վիճելի իրավահարաբերությունը կարգավորող իրավանորմում մատնանշված փաստերից (տե՛ս, Սեյրան Քոչարյանն ընդդեմ Օնիկ Մալաքյանի, Շուշիկ Ալեքսանյանի թիվ ԵԱՔԴ/0232/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2013 թվականի որոշումը):
ՀՀ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ապացուցման առարկան կազմում են այն նյութաիրավական և դատավարական բնույթի փաստերը, որոնք գործի հարուցման, քննության և լուծման համար ունեն նշանակություն: Դատավարական բնույթի փաստերը, որպես կանոն, գործի վարույթը կասեցնելու, կարճելու կամ հայցը (դիմումը) առանց քննության թողնելու հիմք են, որոնք ենթակա են ապացուցման: Ընդ որում, մրցակցային դատավարության պայմաններում ապացուցման առարկայի մեջ մտնող ինչպես նյութաիրավական, այնպես էլ դատավարական բնույթի փաստերը հիմնավորելու պարտականությունը դրված է գործին մասնակցող անձանց վրա (տե՛ս, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «Կալաչ» ՍՊԸ-ի, Սիլվա Համբարձումյանի թիվ ԵԿԴ/0469/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17․07․2015 թվականի որոշումը)։ ՀՀ Սահմանադրական դատարանը 08․12․2009 թվականի թիվ ՍԴՈ-845 որոշմամբ անդրադառնալով 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ նշված հոդվածով ըստ էության նախատեսվում է ապացուցման առարկայի շրջանակներն ուրվագծելու` դատարանի իրավասությունը: Ապացուցման առարկան այն իրավաբանական (հիմնականում նյութաիրավական բնույթի) փաստերի համակցությունն է, որոնք էական նշանակություն ունեն գործն ըստ էության լուծելու համար, և ենթակա են պարզելու դատական քննության ընթացքում: Յուրաքանչյուր գործով ապացուցման առարկայի մեջ մտնող փաստերի կազմը տարբեր է, այն կախված է կողմերի ներկայացրած պահանջներից ու առարկություններից:
ՀՀ Սահմանադրական դատարանը փաստել է, որ ապացուցման առարկայի մեջ մտնող նյութաիրավական փաստերը հանգամանքներ են, որոնց առկայության կամ բացակայության հետ նյութական իրավունքի նորմերը կապում են քաղաքացիական իրավունքների և պարտականությունների ծագումը, փոփոխումը, դադարումը, կամ որոնք արգելակում են իրավունքների և պարտականությունների առաջացմանը: Գործով այս փաստերը պարզելն անհրաժեշտ է տվյալ իրավահարաբերությունը կարգավորող նյութական իրավունքի նորմի ճիշտ կիրառման և գործն ըստ էության ճիշտ լուծելու համար: Դա էլ հաշվի առնելով որոշվում է ապացուցման առարկան, որն ապացուցողական գործունեության առաջին և ամենակարևոր դատավարական գործողությունն է: Դատարանի վճիռը չի բխի գործի փաստական հանգամանքներից, հետևաբար` օրինական ու հիմնավորված լինել չի կարող, եթե գործին մասնակցող անձինք և դատարանը ճիշտ չորոշեն ապացուցման առարկան կազմող փաստական հանգամանքների շրջանակը և լրիվ չպարզեն դրանք: Փաստական հանգամանքների այդ ամբողջությունը, որն անհրաժեշտ է նաև այլ իրավական հարցեր լուծելու համար, յուրաքանչյուր գործով ենթակա է պարտադիր պարզաբանման: Գործով ապացուցման ենթակա փաստական հանգամանքների այդ ամբողջությունը կազմում է ապացուցման առարկայի հիմնական բովանդակությունը: Բայց դա դեռ բավարար չէ ամեն մի գործով քննության բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունն ապահովելու համար: Ապացուցման առարկան ավելի լայն հասկացություն է, դրա մեջ մտնում են նաև այն փաստական հանգամանքները, որոնց պարզաբանումն անհրաժեշտ է գործին ճիշտ լուծում տալու համար:
ՀՀ Սահմանադրական դատարանը հավելել է, որ յուրաքանչյուր գործով ապացուցման առարկան կազմող փաստական հանգամանքների ճիշտ սահմանումն անհրաժեշտ պայման է դատաքննության սահմանները որոշելու համար: Ապացուցման առարկայի շրջանակների անհիմն ընդարձակումը կարող է գործը ծանրաբեռնել ավելորդ նյութերով, որը պատճառ կհանդիսանա գործին չվերաբերող նյութերի կուտակմանը, դատավարության ձգձգմանը: Մյուս կողմից` ապացուցման առարկայի շրջանակների անհիմն սահմանափակումը կարող է պատճառ դառնալ գործի միակողմանի, ոչ լրիվ և ոչ օբյեկտիվ քննության համար:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի, այդ թվում՝ ապացուցման կարիք չունեցող փաստերի և ապացուցման ենթակա փաստերի շրջանակը որոշելը գործը դատաքննության նախապատրաստելու փուլի կենտրոնական խնդիրներից մեկն է (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մաս, 7-րդ կետ, 169-րդ հոդված), որի պատշաճ լուծումը առանցքային նշանակություն ունի գործի քննությունը ճիշտ կազմակերպելու, վարույթի ընթացքը, ուղղվածությունը և բովանդակությունն ուրվագծելու, ինչպես նաև օրինական, հիմնավորված և պատճառաբանված դատական ակտ կայացնելու համար։ Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքների շրջանակը որոշելիս դատարանը ղեկավարվում է ոչ միայն կողմերի ներկայացրած պահանջներով և նրանց վկայակոչած հանգամանքներով, այլ նաև նյութական իրավունքի նորմի (նորմերի) բովանդակությամբ և անհրաժեշտության դեպքում կարող է ապացուցման առարկայի մեջ ներառել այնպիսի փաստական հանգամանքներ, որոնք կողմերը չեն վկայակոչել, բայց դրանք նյութական իրավունքի նորմի կիրառման տեսանկյունից գործի լուծման համար ունեն էական նշանակություն։
ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշմամբ արձանագրել է, որ գործը դատաքննության նախապատրաստելու ինստիտուտը նպատակաուղղված է ապահովելու գործի արդյունավետ քննությունը: Այդ նպատակով օրենսդիրը գործը դատաքննության նախապատրաստելու ժամանակ սահմանում է ոչ միայն կողմերի, այլև դատարանի գործողությունները: ՀՀ քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության սկզբունքի հիման վրա: Սակայն գործը դատաքննության նախապատրաստելու վերաբերյալ նորմերը սահմանում են մրցակցային դատավարությունում դատարանի պարտականությունները: Միաժամանակ դատարանը, ղեկավարելով գործը դատաքննության նախապատրաստելու գործընթացը, պահպանում է անկախություն, օբյեկտիվություն և անաչառություն, իսկ գործը դատաքննության նախապատրաստելու ժամանակ դատարանի գործողություններն ուղղված են ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության համար համապատասխան պայմանների ապահովմանը, գործի համար նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերի որոշմանը և գործը լուծելու համար ճիշտ իրավանորմերի կիրառմանը (տե´ս, Երևանի քաղաքապետարանի «Երևանի Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ն ընդդեմ Դավիթ Մարտիրոսյանի ու ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Էրեբունի անձնագրային բաժնի թիվ ԵԷԴ/1637/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ գործը դատաքննության նախապատրաստելու փուլի նպատակը քաղաքացիական գործի արդյունավետ քննության ապահովումն է: Գործը դատաքննության նախապատրաստելու փուլի նշված նպատակի իրականացումը պայմանավորված է դատավարության այս փուլի խնդիրների ճիշտ իրականացմամբ: ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ քաղաքացիադատավարական օրենսդրության վերլուծությունը թույլ է տալիս առանձնացնել գործը դատաքննության նախապատրաստելու փուլի հետևյալ հիմնական խնդիրները՝
- վիճելի իրավահարաբերության բնույթը և կիրառման ենթակա օրենսդրությունը որոշելը,
- դատավարության մասնակիցների կազմը ճշտելը և նրանց մասնակցությունն ապահովելը,
- գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները (ապացուցման առարկան) որոշելը,
- ապացույցների բավարար համակցության ձևավորումը (ապացույցների կենտրոնացումը) ապահովելը:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գործը դատաքննության նախապատրաստելու փուլի առանցքային տարրը նախնական դատական նիստն է. այն գործը դատաքննության նախապատրաստելու այնպիսի իրավական կառուցակարգ է, որն ապահովում է դատավարության քննարկվող փուլի հիմնական խնդիրների լուծումը, գործը դատաքննության նախապատրաստելուն ուղղված գործողությունների զգալի մասի իրականացումը:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ օրենսդիրը նախնական դատական նիստում իրականացվող գործողությունների շարքում նախատեսել է նաև ապացուցում պահանջող փաստերի շրջանակը կողմերի հետ քննարկելու և ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան կողմերի միջև ապացուցման պարտականությունը բաշխելու դատավարական գործողությունները: Դատարանի կողմից կատարվող նշված գործողություններն ուղղված են գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները (ապացուցման առարկան) որոշելու և մինչև դատաքննությունը բոլոր հնարավոր ապացույցները կենտրոնացնելու՝ գործը դատաքննության նախապատրաստելու փուլի խնդիրների լուծմանը (տե՛ս, «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ն ընդդեմ «ԱՐՄԻՆԿՈ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/0930/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը վերահաստատել է, որ ապացուցման առարկան որոշելիս դատարանն ուրվագծում է այն փաստական հանգամանքների շրջանակը, որոնք գործն ըստ էության լուծելու համար ունեն էական նշանակություն, ինչպես նաև թույլատրելիության և վերաբերելիության կանոններից ելնելով կանխորոշում է դատաքննության սահմանները՝ բացառելով գործի քննության ընթացքում ավելորդ հանգամանքներ և ապացույցներ հետազոտելու անհրաժեշտությունը: Այսինքն՝ գործը դատաքննության նախապատրաստելիս օրենքով սահմանված որոշակի կանոնների պահպանմամբ գործին մասնակցող անձանց միջև ապացուցման պարտականությունը բաշխելը, միևնույն ժամանակ ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշման համաձայն գործն ըստ էության լուծելը պետք է դիտարկել դատարանի կարևորագույն խնդիրներից մեկը: Հետևաբար` դատարանը, նախնական դատական նիստում ապացուցում պահանջող փաստերի շրջանակը կողմերի հետ քննարկելիս և ապացուցման բեռը բաշխելիս, պարտավոր է քննության ենթակա վեճի լուծումը պայմանավորել ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան կայացված ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ (տե՛ս, Ասյա Պողոսյանն ընդդեմ Գայանե Գալստյանի, «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի (իրավահաջորդ՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ), երրորդ անձինք Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ԵԱՔԴ/1539/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20․04․2020 թվականի որոշումը):
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` աշխատանքային պայմանագիրը լուծվում է` գործատուի նախաձեռնությամբ:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն` գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` աշխատողի երկարատև անաշխատունակության հետևանքով (եթե աշխատողը ժամանակավոր անաշխատունակության պատճառով աշխատանքի չի ներկայացել ավելի քան 120 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 140 օր, եթե օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված չէ, որ որոշակի հիվանդությունների դեպքում աշխատատեղը և պաշտոնը պահպանվում են ավելի երկար ժամանակով)։
Նշված նորմերի բովանդակությունից հետևում է, որ գործատուն իրավունք ունի իր նախաձեռնությամբ լուծելու աշխատողի հետ անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, եթե ժամանակավոր անաշխատունակության պատճառով աշխատողն աշխատանքի չի ներկայացել․
- ավելի քան 120 օր անընդմեջ կամ,
- վերջին տասներկու ամսվա ընթացքում ավելի քան 140 օր։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ շարադրված պայմաններից որևէ մեկի առկայության դեպքում գործատուին վերապահելով իր նախաձեռնությամբ աշխատողի հետ անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու իրավունք՝ օրենսդիրն ընդհանուր այդ կանոնից նախատեսել է բացառություն։ Մասնավորապես, օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով կարող է նախատեսված լինել որոշ հիվանդությունների դեպքում աշխատատեղը և պաշտոնը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում նշված ժամկետներից ավելի երկար ժամանակով պահպանելու պահանջ։ Ժամանակավոր անաշխատունակության դեպքում աշխատանքից ավելի քան 120 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում ավելի քան 140 օր բացակայելու ընդհանուր կանոնի կիրառմամբ աշխատանքային պայմանագիրը գործատուն չի կարող լուծել, եթե անաշխատունակության հիմք հանդիսացած հիվանդության դեպքում որևէ օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով նախատեսված է աշխատատեղը և պաշտոնը 120 կամ 140 օրը գերազանցող ժամկետով պահպանելու պահանջ։
Շարադրվածի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի կիրառումից բացառություն կազմող միակ հիմքը նախատեսված է նույն հոդվածով, և դրա կիրառումը որևէ այլ հիմքով բացառելու հնարավորություն սահմանված չէ։ Ուստի ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված և ընդհանուր կանոնից բացառություն համարվող հիմքն առկա չլինելու պայմաններում գործատուն կարող է նշված հիմքով լուծել աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը։
Ինչպես արդեն նշվել է, գործով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն իրականացնելու և օրինական, պատճառաբանված ու հիմնավորված դատական ակտ կայացնելու կարևորագույն նախադրյալներից է նախնական դատական նիստում գործին մասնակցող անձանց հետ գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը քննարկելու, ապացուցման առարկայի շրջանակն ուրվագծելու դատարանի գործողությունը։ Աշխատանքային պայմանագիրը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով լուծելու իրավաչափության հարց քննարկելիս դատարանն ապացուցման առարկայի մեջ պետք է ներառի ինչպես հայցի կամ դրա դեմ բերված առարկությունների հիմքում ընկած, այնպես էլ նշված նյութաիրավական նորմի բովանդակությունը կազմող և դրա կիրառումը պայմանավորող փաստերը։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում ապացուցման առարկայի մեջ մտնում է նաև այն փաստը պարզելը, թե արդյո՞ք որևէ օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված է աշխատողի ժամանակավոր անաշխատունակության հիմք հանդիսացած հիվանդության դեպքում իր աշխատատեղը և պաշտոնը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված ժամանակահատվածը գերազանցող ժամկետով պահպանելու պահանջ, թե ոչ։ Այսինքն՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի ճիշտ կիրառելիությունն ապահովելու նպատակով դատարանը քննարկման առարկա պետք է դարձնի այն հարցը, թե գործով կիրառելի է այդ նորմով սահմանված ընդհանուր կանոնը, թե՞ որևէ այլ օրենք կամ նորմատիվ իրավական ակտ սահմանում է աշխատատեղը և պաշտոնը 120 կամ 140 օրը գերազանցող ժամկետով պահպանելու պահանջ, այսինքն՝ առկա՞ է բացառություն կազմող հիմքը։
Սույն գործով Կարեն Մանգասարյանը խնդրել է անվավեր ճանաչել Ընկերության 08.01.2021 թվականի թիվ 2/Ա հրամանը, որով իր հետ 20.11.2006 թվականին անորոշ ժամկետով կնքված թիվ 15-6 աշխատանքային պայմանագիրը լուծվել է ժամանակավոր անաշխատունակության պատճառով 127 աշխատանքային օր՝ 19․05․2020 թվականից մինչև 14․11․2020 թվականը, անընդմեջ բացակայելու և ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի հիմքով։
Դատարանը 27․12․2021 թվականի վճռով աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին 08.01.2021 թվականի թիվ 2/Ա հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հատուցում վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասով հայցը բավարարել է՝ ՀՀ կառավարության 14.07.2011 թվականի ««Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» ՀՀ կառավարության թիվ 1024-Ն և 02․03․2006 թվականի «Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 276-Ն որոշումների վկայակոչմանն ուղեկցող այն պատճառաբանությամբ, որ «(...) Կարեն Մանգասարյանը 19.05.2020-14.11.2020թ.թ. գտնվել է ժամանակավոր անաշխատունակության մեջ: Վերջինիս անաշխատունակությունը չի վերականգնվել և նրան տրվել է ուղեգիր բժշկասոցիալական փորձաքննություն անցնելու համար, որի արդյունքում բժշկասոցիալական հանձնաժողովը«Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 02.03.2006թ. թիվ 276-Ն որոշման 13-րդ հոդվածի հիմքով 25.08.2020թ. թույլատրել է փորձաքննություն անցած անձ Կարեն Մանգասարյանի անաշխատունակության թերթիկի ժամկետը երկարաձգելու, ինչը ենթադրում է, որ սահմանված կարգով թույլատրվել է անաշխատունակության օրերի երկարաձգումը: Նույն որոշման 19-րդ կետի հիմքով հարուցված վարչական վարույթը կասեցվում է, որի համար 26 հոդվածի համաձայն սահմանված է 60 օր ժամկետ: Այսինքն` սկսած 25.08.2020թ. մինչև 25.10.2020թ. Կարեն Մանգասարյանի անաշխատունակությունը կասեցվել է 60 օր ժամկետով և այդքան օրը անաշխատունակության օրերի մեջ բնականաբար չպետք է հաշվարկվի, քանի որ կասեցում նշանակում է որևէ բանի ընթացքի կատարումը ժամանակավորապես դադարեցնել։ Պատահական չէ, որ օրենսդիրը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում ժամանակավոր անաշխատունակության անընդմեջ օրերի քանակը սահմանել է 120 օր, քանի որ նշված նորմի կիրառման համար ընդունվել են «Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 02.03.2006թ. թիվ 276-Ն, «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի կիրարկում ապահովելու մասին 14.07.2011թ. թիվ 1024-Ն որոշումները և դրանք միմյանցից անջատ չեն կարող կիրառվել: Գործատուն ունենալով Կարեն Մանգասարյանի անաշխատունակության թերթիկները սկսած 19.05.2020թ. մինչև 25.08.2020թ., 26.10.2020թ. մինչև 15.11.2020թ. պետք է հաշվարկեր անընդմեջ անաշխատունակ օրերի քանակը և դրանց հանրագումարը 120 օրացուցային օրը գերազանցելու դեպքում կարող էր վերջինիս հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծել հիմքում դնելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը` ավելի քան 120 օր անընդմեջ անաշխատունակության մեջ գտնվելու հիմքով աշխատանքի չներկայանալը: Սույն դեպքում 19.05.2020թ. մինչև 24.08.2020թ. ներառյալ, 25.08.2020թ. և 25.10.2020թ. կասեցված օրեր, 26.10.2020թ. մինչև 14.11.2020թ.` ներառյալ անընդմեջ անաշխատունակության օրերի քանակը կազմում է 120 օր, այսինքն` անաշխատունակության օրերը չի գերազանցում 120 օրը, հետևաբար վիճարկվող անհատական իրավական ակտում առկա չէ իրավական հիմքը` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը (…)»։
Վերաքննիչ դատարանը Ընկերության վերաքննիչ բողոքը մերժել է այն հիմնավորմամբ, որ «(...) բժշկասոցիալական փորձաքննական թիվ 1517562 որոշումից հետևում է, որ Կարեն Մանգասարյանի նկատմամբ կատարվել է հաջորդ բժշկասոցիալական փորձաքննությունը, որի կատարման սկիզբը եղել է 17.11.2020թ., ավարտը 05.02.2021թ.։ Բժշկասոցիալական փորձաքննական թիվ 1517562 որոշմամբ Կարեն Մանգասարյանը ճանաչվել է հաշմանդամ։ Այսինքն ակնհայտ է, որ ԲՍՓձ-ի կողմից անաշխատունակության թերթիկի երկարաձգումը 25.08.2020թ. թույլատրելուց հետո չի ավարտվել Կարեն Մանգասարյանի հաշմանդամության կարգը որոշելու գործընթացը, այդ պատճառով, հաշվի առնելով ՀՀ կառավարության վերը նշված որոշումներով սահմանված ժամկետները, Դատարանն իրավաչափորեն հանգել է հետևության, որ 25.08.2020թ. մինչև 25.10.2020թ. վարչական վարույթը եղել է կասեցված։
Ավելին` վարչական վարույթի կասեցված լինելու մասին է վկայում այն, որ ՀՀ կառավարության 02.03.2006թ. թիվ 276-Ն որոշման թիվ 1 հավելվածի 25-րդ կետով սահմանված է փորձաքննական որոշումն ընդունելու ժամկետը, այն է բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի դիմումը մուտքագրվելու օրվանից ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում։
Տվյալ դեպքում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի դիմումը մուտքագրվել է ԲՍՓՁ-ին մինչև 25.08.2020թ. և այդ ժամանակից սկսած իրականացվել է վարչական վարույթ մինչև 05.02.2021թ., երբ ընդունվել է թիվ 1517562 որոշումը։ ՀՀ կառավարության վերը նշված որոշումներով նախատեսված ժամկետները համադրելով նշված փաստերի հետ ակնհայտ է դառնում, որ մինչև 25.08.2020թ. հարուցված և 05.02.2021թ. ավարտված վարչական վարույթի ընթացքում 25.08.2020թ. մինչև 25.10.2020թ. վարչական վարույթն եղել է կասեցված, հակառակ դեպքում հաշմանդամության կարգի վերաբերյալ որոշումը ՀՀ կառավարության վերը նշված որոշումներով սահմանված ժամկետների համաձայն կլիներ երկու ամսից ավելի շուտ։ Վերը նշվածով հերքվում է նաև պատասխանողի այն պնդումները, թե կասեցման որոշում առկա չէ և կասեցումը պարտադիր չէ, քանի որ անկախ այդ հանգամանքից, ՀՀ կառավարության նշված որոշումներով սահմանված ժամկետների և սույն գործի փաստերի համադրումից հետևում է, որ միայն կասեցված լինելու պայմաններում կարող էր վարչական վարույթի գործընթացն այդքան երկարաձգվել»։
Վերոշարադրյալ պատճառաբանությունների գնահատմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի կիրառումը փաստացի բացառել են ՀՀ կառավարության 14.07.2011 թվականի ««Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» ՀՀ կառավարության թիվ 1024-Ն և 02․03․2006 թվականի «Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 276-Ն որոշումների վկայակոչմամբ։ Մասնավորապես, Դատարանը ՀՀ կառավարության նշված որոշումների կիրառմամբ գտել է, որ 25.08.2020 թվականից 25.10.2020 թվականն ընկած ժամանակահատվածում Կարեն Մանգասարյանի մասով հարուցված վարչական վարույթը 60 օր ժամկետով եղել է կասեցված, քանի որ նրա անաշխատունակության թերթիկի ժամկետը 25.08.2020 թվականին երկարաձգվել է, իսկ կասեցված այդ ժամանակահատվածը ենթակա չէ հաշվարկման ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված անաշխատունակության 120 օրերի մեջ, քանի որ «կասեցում նշանակում է որևէ բանի ընթացքի կատարումը ժամանակավորապես դադարեցնել»: Դատարանը գտել է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը ՀՀ կառավարության նշված որոշումներից մեկուսի չի կարող կիրառվել, և եզրահանգել է, որ Կարեն Մանգասարյանի ժամանակավոր անաշխատունակությունը չի գերազանցել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված 120 օրը, հետևաբար նշված կետի կիրառման պայմանն առկա չի եղել։
Վերաքննիչ դատարանն անհիմն է համարել Ընկերության ներկայացրած վերաքննիչ բողոքի փաստարկները նույն՝ ՀՀ կառավարության 14.07.2011 թվականի ««Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» ՀՀ կառավարության թիվ 1024-Ն և 02․03․2006 թվականի «Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 276-Ն որոշումների կիրառմամբ, և արձանագրել Դատարանի պատճառաբանությունների իրավաչափությունը։
Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարաններն անտեսել են, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի կիրառման միակ բացառություն կազմող հիմքը որևէ օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով որոշակի հիվանդության առկայության դեպքում աշխատատեղը և պաշտոնը 120 կամ 140 օրը գերազանցող ժամկետով պահպանելու հնարավորության առկայությունն է։ Դատարանները ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի կիրառման հնարավորությունը պետք է բացառեն միայն այն դեպքում, եթե աշխատողի ժամանակավոր անաշխատունակության հիմք հանդիսացած հիվանդության մասով որևէ օրենք կամ այլ նորմատիվ իրավական ակտ սահմանում է նշված հոդվածով սահմանված ժամկետը գերազանցող ժամանակահատվածով աշխատատեղը և պաշտոնը պահպանելու պահանջ։ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի կիրառումից բացառություն որևէ այլ հիմքով, առավել ևս՝ ՀՀ կառավարության 14.07.2011 թվականի ««Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» ՀՀ կառավարության թիվ 1024-Ն և 02․03․2006 թվականի «Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 276-Ն որոշումների կիրառմամբ անելու հնարավորություն օրենսդիրը չի սահմանել։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ ստորադաս դատարանները կիրառել են վարչական վարույթը կասեցնելու՝ ՀՀ կառավարության 14.07.2011 թվականի ««Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» ՀՀ կառավարության թիվ 1024-Ն և 02․03․2006 թվականի «Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 276-Ն որոշումներով սահմանված այն նորմերը, որոնք սույն գործով կիրառելի չեն։ Նշվածը Դատարանի կողմից գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները, այսինքն՝ ապացուցման առարկան, սխալ որոշելու հետևանք է։ Դատարանը քննարկման առարկա չի դարձրել և գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանք չի դիտարկել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի՝ որպես նյութաիրավական նորմի, բովանդակությունը կազմող և դրա կիրառումը պայմանավորող փաստերը, ինչի հետևանքով քննարկման առարկա չի դարձվել հայցվորի մոտ այնպիսի հիվանդության առկայությունը, որն օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով իր աշխատատեղը կամ պաշտոնն ավելի երկար պահպանելու հիմք է։ Միաժամանակ Վերաքննիչ դատարանն անտեսել է նշված հանգամանքներն ու կիրառելով նույն իրավական ակտերը (ՀՀ կառավարության որոշումները)՝ հանգել է Դատարանի պատճառաբանությունների իրավաչափության մասին սխալ հետևության։
Շարադրված պատճառաբանություններով Վճռաբեկ դատարանը հիմնավորված է համարում ՀՀ կառավարության 14.07.2011 թվականի ««Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» ՀՀ կառավարության թիվ 1024-Ն և 02․03․2006 թվականի «Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 276-Ն որոշումները սխալմամբ կիրառելու հետևանքով արդարադատության բուն էությունը խաթարված լինելու վերաբերյալ վճռաբեկ բողոքում ներկայացված փաստարկները։
Նկատի ունենալով, որ Դատարանը սխալ է որոշել ապացուցման առարկան, ինչի հետևանքով ստորադաս դատարաններում քննության առարկա չեն դարձվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի կիրառման պայմանները, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պետք է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով վերապահված լիազորությունը՝ բեկանել Վերաքննիչ դատարանի 22․04․2022 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի բովանդակությունից բխում է, որ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության արդյունքում։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1․ Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22․04․2022 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան` ամբողջ ծավալով նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում:
3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Գ. Հակոբյան Դատավորներ` Է. Սեդրակյան Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ Տ. Պետրոսյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 նոյեմբերի 2023 թվական: