ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈԴ
050.0201 Ն. 28.11.23
28 նոյեմբերի 2023 թվականի |
թիվ 201-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի ԹԻՎ 194-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով արտարժույթի առքուվաճառքի գործառնություններից բխող ռիսկերը զսպելու նպատակով սահմանել արտարժույթի առքուվաճառք իրականացնող վարկային կազմակերպությունների նկատմամբ տեսագրման և ձայնագրման պահանջներ, կարգավորել վարկային կազմակերպությունների կողմից ֆինանսական գործառնությունների իրականացման ավտոմատ սարքերի միջոցով ֆինանսական գործառնությունների իրականացումը,
հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասը, «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի ««Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 13-ը հաստատելու մասին» թիվ 194-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) 1-ին կետի 1-ի ենթակետում «Վարկային կազմակերպությունների գրանցման ու լիցենզավորման, վարկային կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցման, վարկային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելուն համաձայնություն տալու, վարկային կազմակերպությունների ղեկավարների որակավորման ու գրանցման կարգը, վարկային կազմակերպությունների գործունեության կանոնակարգը, վարկային կազմակերպությունների գործունեության վայրի և տեխնիկական հագեցվածության պահանջները» բառերը փոխարինել «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» բառերով:
2. Որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 13-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Կանոնակարգի 22-րդ կետում.
ա. 12-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 18-րդ ենթակետ.
«18) «Ֆինանսական գործառնությունների իրականացման ավտոմատ սարք (ՖԳԻԱՍ)» (այսուհետ նաև՝ ավտոմատ սարք)` ըստ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 28-ի թիվ 196-Ն որոշմամբ հաստատված «Ավտոմատ ինքնասպասարկման սարքերի միջոցով ֆինանսական գործառնությունների իրականացման կարգով» սահմանված նշանակության:»:
2) Կանոնակարգի 159-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետով.
«4) արտարժույթի առքուվաճառքի գործառնություններ իրականացնելու դեպքում (բացառությամբ այն դեպքերի, երբ արտարժույթի առքուվաճառքն իրականացվում է իրենց կողմից տրամադրված վարկերի մարումը սպասարկելու համար)՝ տեսագրման և ձայնագրման այնպիսի համակարգ, որը պետք է ապահովի ու փաստացի իրականացնի՝
ա. վարկային կազմակերպության աշխատակցի և հաճախորդների միջև արտարժույթի փոխանակման գործընթացի տեսագրում և ձայնագրում, մասնավորապես, հաճախորդների կողմից վարկային կազմակերպության աշխատակցին դրամական միջոցների փոխանցում, վարկային կազմակերպության աշխատակցի կողմից դրամական միջոցների հաշվարկում, հաճախորդին անդորրագրի ու դրամական միջոցների փոխանցում: Տեսագրումը պետք է իրականացվի այնպես, որ հնարավորություն տա տեսագրելու փողի փոխանցման արկղը, նույնականացնելու փոխանակվող արժույթի տեսակներն ու հաճախորդին (այդ թվում՝ պարզորոշ երևա հաճախորդի դեմքը),
բ. վարկային կազմակերպության դրամարկղի ներսում տեղի ունեցող գործողությունների, այդ թվում` աշխատակիցների գործողությունների տեսագրում և ձայնագրում,
գ. տեսագրությունների և ձայնագրությունների որակը պետք է հնարավորություն տա հստակ դիտելու և լսելու կատարված տեսագրությունները և ձայնագրությունները:»։
3) Կանոնակարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 159.1-րդ կետով.
«159.1.Տեսագրված և ձայնագրված նյութերը պետք է պահպանվեն յուրաքանչյուր օրվա համար առանձին` համակարգչում կամ ցանկացած արտաքին կրիչի վրա՝ համարակալվելով ըստ այդ օրվա ամսաթվի: Տեսաձայնագրություններում պետք է նշվեն տեսագրման ամսաթիվը և ժամը: Տեսագրված և ձայնագրված նյութերը պետք է պահպանվեն վարկային կազմակերպությունում առնվազն 120 օր:»։
4) Կանոնակարգի գլուխ 28-ը լրացնել հետևյալ բովանդակությամբ 175.2-րդ կետով.
«175.2.Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային կազմակերպություններին թույլատրվում է սույն գլխով սահմանված կարգով իրենց գործունեության տարածքից դուրս իրականացնել.
1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 5-ի թիվ 347-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» Կանոնակարգ 14-ով նախատեսված ծառայությունների մատուցում ֆինանսական գործառնությունների իրականացման ավտոմատ սարքերի (ՖԳԻԱՍ) միջոցով,
2) գյուղերում վարկերի տրամադրման (բանկերի վճարային քարտերի միջոցով) կամ հավաքագրման գործընթացներ:»:
5) Կանոնակարգի 176-րդ կետում.
ա.ուղղ. 1-ին նախադասությունում «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային կազմակերպություններին թույլատրվում է իրենց գործունեության տարածքից դուրս իրականացնել վարկերի տրամադրման և (կամ) վարկերի հավաքագրման գործընթացները» բառերը փոխարինել «Իրենց գործունեության տարածքից դուրս վարկային կազմակերպությունները կարող են գյուղերում իրականացնել վարկերի տրամադրման կամ հավաքագրման գործընթացներ» բառերով,
բ. 1-ին ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
գ. 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) գյուղերից կանխիկ միջոցների՝ վարկային կազմակերպություն, վարկային կազմակերպության տարածքային ստորաբաժանում տեղափոխումն իրականացվում է զինված ոստիկանի ուղեկցությամբ կամ ինկասատորի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կամ ինկասացիոն կազմակերպության հետ կնքված պայմանագրի հիման վրա:»,
դ. 3-րդ ենթակետում բոլոր «գյուղական համայնքում» բառերը փոխարինել «գյուղում» բառով։
6) Կանոնակարգի գլուխ 28-ը լրացնել հետևյալ բովանդակությամբ 176.1-րդ, 176.2-րդ և 176.3-րդ կետերով.
«176.1.Արտարժույթի առքի կամ վաճառքի գործառնություններ իրականացնելու նպատակով վարկային կազմակերպությունը կարող է տեղադրել ավտոմատ սարք բացառապես վարկային կազմակերպության, վարկային կազմակերպության մասնաճյուղի (տարածքային ստորաբաժանման) տարածքում (այդ թվում՝ արտաքին պատին ներկառուցված և բացառությամբ դրամարկղի ներսի հատվածի), ինչպես նաև` սույն կանոնակարգի 176.2-րդ կետով սահմանված վայրերում։
176.2. Այն դեպքում, երբ սույն կետով սահմանված վայրերում վարկային կազմակերպությունն ունի գործող մասնաճյուղ (տարածքային ստորաբաժանում), ապա վարկային կազմակերպությունը կարող է արտարժույթի առք կամ վաճառք իրականացնող ավտոմատ սարքը տեղադրել նաև սույն կետով սահմանված վայրերում, ընդ որում` ավտոմատ սարքից հնարավոր է օգտվել բացառապես այդ վայրի ներսից.
1) խանութում,
2) փակ (ոչ բացօթյա) առևտրի կենտրոնում,
3) հյուրանոցում,
4) օդանավակայանի տարածքում,
5) երկաթուղային կայարանի տարածքում,
6) մետրոպոլիտենի կայարանի տարածքում:
176.3. Անկախ ավտոմատ սարքի տեղադրման վայրից՝ վարկային կազմակերպությունը չի կարող դրանց միջոցով իրականացնել արտարժույթի մուտքագրման կամ տրամադրման գործառնություններ, բացառությամբ վարկային կազմակերպության կողմից արտարժույթի առքի կամ վաճառքի գործարքների։»։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
4. Սույն որոշման 2-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով լրացվող 159-րդ կետի 4-րդ ենթակետը և 159.1-րդ կետը տարածվում են գործող վարկային կազմակերպությունների նկատմամբ 2024 թվականի ապրիլի 1-ից։
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
Մ. Գալստյան |
Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 դեկտեմբերի 2023 թվական: