Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-3-Ն
Տիպ
Օրենք
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (31.08.2008-21.05.2011)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.01.14/2(301) Հոդ.7
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
17.12.2003
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
07.01.2004
Дата вступления в силу
24.01.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2003 թվականի դեկտեմբերի 17-ին

 

ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1.

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը կարգավորում է վիճակախաղերի կազմակերպման գործունեության հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև սահմանում է դրա նկատմամբ պետական վերահսկողությունը:

2. Սույն օրենքի գործողությունը չի տարածվում գովազդային վիճակախաղերի վրա:

 

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

1) վիճակախաղ`   հրապարակային միջոցառում, որի ընթացքում կազմակերպիչը մասնակիցների միջև անցկացնում է վիճակախաղի շահումային ֆոնդի խաղարկություն, ընդ որում, շահումները կախված չեն նրա գործողություններից և կամքից, այլ բացառապես արդյունք են պատահականության.

2) ոչ խաղարկությունով վիճակախաղ`   տոմսի շահող լինելու հանգամանքը հնարավոր է պարզել անմիջապես այն ձեռք բերելուց հետո.

3) խաղարկությունով վիճակախաղ`   տոմսի շահող լինելու հանգամանքը պարզվում է այն ձեռք բերելուց և շահումային ֆոնդի խաղարկության անցկացումից հետո.

4) համակցված վիճակախաղ` վիճակախաղի տոմսի շահող լինելու հանգամանքը հնարավոր է պարզել և' անմիջապես այն ձեռք բերելուց հետո, և´ այն ձեռք բերելուց ու շահումային ֆոնդի խաղարկության անցկացումից հետո.

5) տոտալիզատոր (այսուհետ` նույնպես վիճակախաղ)`  խաղ, որի մասնակիցը կանխագուշակում է խաղային, սպորտային, սոցիալապես նշանակալից իրավիճակի հնարավոր տարբերակը, ընդ որում, շահումը պայմանավորված է կանխագուշակման մասնակի կամ լրիվ համընկնումից տեղի ունեցած փաստով: Սույն օրենքի իմաստով տոտալիզատորի կազմակերպում է համարվում նաև ինքնուրույն կամ հանձնարարության պայմանագրով որպես հանձնակատար, կոմիսիայի պայմանագրով որպես կոմիսիոներ, գործակալության պայմանագրով որպես գործակալ, երաշխավորության պայմանագրով որպես երաշխավոր, լիազորագրի հիման վրա որպես ներկայացուցիչ (այդ թվում` առևտրային), ինչպես նաև առևտրային միջնորդ հանդիսացող կամ որևէ ձևով լիազորված ցանկացած անձի (այսուհետ` ինտերնետ տոտալիզատորի կազմակերպիչ) կողմից հրապարակային կամ այլ պայմանագրերով կամ առանց դրանց մասնակցին տոտալիզատորի մասնակցելու հնարավորության ստեղծումը (որևէ կերպ իրավունքի տրամադրումը) անմիջականորեն (խաղասրահում) և (կամ) ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով (այսուհետ` ինտերնետ տոտալիզատոր), բացառությամբ շարժական կապի երկրային ցանցի միջոցով մատուցվող տվյալների հաղորդման ծառայությունների և (կամ) կարճ հաղորդագրությունների միջոցով ինտերակտիվ խաղարկությունների.

6) գովազդային վիճակախաղ`   կազմակերպվում է ծառայություններ կամ ապրանքներ գովազդելու նպատակով, ընդ որում, շահումային ֆոնդն ամբողջությամբ ձևավորվում է գովազդատուի կողմից` նրա նախորդ տարվա գործունեության արդյունքում ձևավորված զուտ շահույթի հաշվին և չի կարող գերազանցել տվյալ ապրանքի կամ ծառայության նախորդ տարվա իրացումից ստացված հասույթի 8 տոկոսը: Եթե շահումային ֆոնդն ամբողջությամբ չի ձևավորվում գովազդատուի կողմից` նրա նախորդ տարվա գործունեության արդյունքում ձևավորված զուտ շահույթի հաշվին և գերազանցում է տվյալ ապրանքի կամ ծառայության նախորդ տարվա իրացումից ստացված հասույթի 8 տոկոսը, ապա տվյալ գործունեությունը դիտվում է որպես վիճակախաղի կազմակերպման գործունեություն.

7) վիճակախաղերի կազմակերպում` վիճակահանության կազմակերպման ու անցկացման, շահումների հանձնման (խաղարկությունով կամ համակցված վիճակախաղերի դեպքում` նաև շահումային ֆոնդի խաղարկության անցկացման) գործընթաց.

8) վիճակախաղի տոմս` սույն օրենքին և վիճակախաղի պայմաններին համապատասխան տեղեկատվության կրիչ, որն անհրաժեշտ է շահող կամ չշահող համարվելու փաստը որոշելու համար, և որը հանդիսանում է նաև կազմակերպչի և մասնակցի միջև կնքված պայմանագիր: Ընդ որում, տոտալիզատորում վիճակախաղի տոմսի դեր կարող է կատարել պաշտոնական գրառումը թղթի, մագնիսական կրիչի կամ այլ էլեկտրոնային սարքավորման վրա.

9) մարված տոմս` վիճակախաղի չիրացված տոմս, որն անցել է սույն օրենքի 6-րդ հոդվածի գործընթացը և դակված է, կամ անկյունը կտրված է այնպես, որ վնասված չեն տոմսի համարը, սերիան, խաղարկության համարը և խաղարկությանը մասնակցող դաշտերը.

10) վիճակախաղի մասնակից`  վիճակախաղի տոմսի տիրապետող (վիճակախաղի տոմսի սեփականության իրավունքը տրվում է «ըստ ներկայացնողի» սկզբունքով).

11) շահումային ֆոնդ`  արժեքների հանրագումար, որը ձևավորվում է վիճակախաղի մասնակիցների կողմից վիճակախաղի տոմսերի ձեռքբերման դիմաց վճարված գումարից և բաշխվում է նրանց միջև` վիճակահանության արդյունքներին և վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգին համապատասխան.

12) շահումային ֆոնդի խաղարկություն`   հրապարակայնորեն կազմակերպված խաղային ընթացակարգ, որի ընթացքում որոշվում է մասնակցի տոմսի շահած կամ չշահած համարվելու փաստը.

13) վիճակախաղի կազմակերպիչ`  սույն օրենքին համապատասխան վիճակախաղերի գործունեության իրականացման միջոցով եկամուտ (շահույթ) ստանալու նպատակ հետապնդող` համապատասխան գործունեություն իրականացնելու լիցենզիա ստացած առևտրային կազմակերպություն.

14) լիազոր մարմին`  վիճակախաղերի կազմակերպման գործունեության լիցենզավորման և լիցենզիայի պարտադիր պահանջների կամ պայմանների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացման համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմին:

(2-րդ հոդվածը լրաց. 25.12.06 ՀՕ-21-Ն)

 

Հոդված 3. «Վիճակախաղ» բառի օգտագործումը

 

Միայն վիճակախաղերի կազմակերպիչները կարող են իրենց անվանումների, վիճակախաղերի տոմսերի, ցուցանակների և գովազդների մեջ օգտագործել «վիճակախաղ» բառը, դրա ածանցյալները կամ թարգմանությունները, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ բառի օգտագործման իմաստից ակներև է, որ խոսքը չի վերաբերում վիճակախաղերի կազմակերպման գործունեությանը:

 

Գ Լ ՈՒ Խ  2.

 

ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

Հոդված 4. Վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնողները

 

1. Հայաստանի Հանրապետությունում վիճակախաղերի կազմակերպման գործունեություն կարող են իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի և (կամ) Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձ հանդիսացող հիմնադիրներ ունեցող Հայաստանի Հանրապետությունում գրանցված առևտրային կազմակերպությունները` համապատասխան լիցենզիայի հիման վրա:

2. Օտարերկրյա պետություններում կազմակերպված վիճակախաղերի տոմսերի իրացումը, բացառությամբ ինտերնետ տոտալիզատորի Հայաստանի Հանրապետությունում արգելվում է:

(4-րդ հոդվածը լրաց. 25.12.06 ՀՕ-21-Ն)

 

Հոդված 5. Վիճակախաղերի կազմակերպմանը ներկայացվող պահանջները

 

1. Կազմակերպիչը`

ա) բացառությամբ տոտալիզատորների կազմակերպման դեպքերի, ապահովում է խաղարկությանը մասնակցող տոմսերի ընդհանուր արժեքի առնվազն կեսի չափով շահումային ֆոնդի (առանց դրանում ներառվող վիճակախաղի տոմսերի արժեքի) ձևավորումն ու մասնակիցների միջև բաշխումը.

բ) նախքան վիճակախաղի գովազդի հրապարակումը դրա բովանդակությունը համաձայնեցնում է լիազոր մարմնի հետ, ընդ որում, վերջինս չի տալիս իր համաձայնությունը, եթե գովազդը հակասում է «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, լիազոր մարմնի հետ համաձայնեցված համապատասխան վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգի դրույթներին, պարունակում է թյուր կամ ապակողմնորոշող տեղեկություններ.

գ) իրային շահումների խաղարկման դեպքում վիճակախաղի շահող մասնակցին տեղեկացնում է այդ իրային շահմանը համարժեք դրամական չափի մասին և շահողի ցանկությամբ տրամադրում դրամական շահումը.

դ) խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգով սահմանված ժամկետներում չպահանջված (չստացված) շահումների չափով ավելացնում է այդ ժամկետի ավարտին հաջորդող հերթական խաղարկության շահումային ֆոնդը.

ե) շահման փաստը և արժեքը հրապարակում է միայն շահողի համաձայնությամբ, բացառությամբ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի.

զ) շահողի առաջին իսկ պահանջով տրամադրում է շահումը.

է) վիճակախաղի մարված տոմսերը հաշվառում և պահպանում է սույն օրենքի 6-րդ հոդվածի համաձայն.

ը) վիճակախաղի կազմակերպման գործունեությունից բացի, կարող է զբաղվել միայն վիճակախաղերի տոմսերի իրացման, պատրաստման և (կամ) ներմուծման գործունեությամբ.

թ) յուրաքանչյուր հաջորդ տարվա համար վճարում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետներում տարեկան պետական տուրքի գումարը.

ժ) վիճակախաղը կազմակերպում է իր սահմանած և լիազոր մարմնի հետ համաձայնեցված կանոնակարգին համապատասխան.

ժա) օրենքով սահմանված կարգով ստանալով լիցենզիա` կարող է իրականացնել օրենքով նախատեսված վիճակախաղերի բոլոր տեսակները` պարտադիր օգտագործելով իր ֆիրմային անվանումը (լոգոն).

ժբ) վիճակախաղի մասնակցի առաջին իսկ պահանջով տրամադրում է տվյալ վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լուսապատճենը` այդ վիճակախաղի պայմաններին ծանոթանալու համար.

ժգ) յուրաքանչյուր վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգի հիման վրա կազմակերպվող ոչ խաղարկությունով վիճակախաղի դեպքում` առավելագույնը երեքամսյա ժամանակահատվածում, ապահովում է սույն հոդվածի 1-ին մասի «ա» կետով սահմանված պահանջը` անկախ տվյալ խմբաքանակի ամբողջությամբ իրացման փաստից:

2. Վիճակախաղի տոմսում արտացոլված վավերապայմանները համարվում են լիազոր մարմնի հետ համաձայնեցված` համապատասխան վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգի անբաժանելի մասը:

3. Վիճակախաղերի տոմսերի խաղարկության սկիզբ է համարվում տոմսի վրա նշված ժամը:

4. Լիազոր մարմինը գովազդի վերաբերյալ իր համաձայնությունը պարտավոր է տալ կամ այն մերժել գովազդը իրեն ներկայացնելու օրվանը հաջորդող տասն օրվա ընթացքում: Եթե նշված ժամկետում համաձայնություն տալը չի մերժվում, ապա այն համարվում է տրված:

5. Վիճակախաղին մասնակցելու իրավունք ունեն միայն 18 տարեկանը լրացած անձինք:

6. Ոչ խաղարկությունով վիճակախաղի կազմակերպիչը վիճակախաղերի տոմսերի իրացման գործընթացն սկսվելուց հետո յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ` մինչև հաջորդ ամսվա 5-ը, թերթում հրապարակում է տվյալ վիճակախաղի արդյունքները` նշելով վիճակախաղի անվանումը և տվյալ վիճակախաղի շահած տոմսերի մասին տվյալները` ըստ համարների (սերիաների) և շահումի չափի:

7. Խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի կազմակերպիչը յուրաքանչյուր խաղարկության անցկացումից հետո` հնգօրյա ժամկետում, թերթում հրապարակում է տվյալ վիճակախաղի խաղարկության արդյունքները` նշելով վիճակախաղի անվանումը, խաղարկության համարը և տվյալ վիճակախաղի շահած տոմսերի մասին տվյալները` ըստ շահման փուլերի, տոմսերի համարների (սերիաների) և շահումի չափի:

8. Արգելվում է վիճակախաղերի տոմսերի վաճառքի իրականացումը շահումների ցուցադրման վայրից 500 մետրից մոտ հեռավորության վրա:

9. Սույն հոդվածի 8-րդ մասում նշված պահանջի կատարման ապահովումն իրականացնում են Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մարմինները, իսկ մարզերում` մարզպետարանները:

(5-րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-25-Ն, փոփ. 26.05.08 ՀՕ-90-Ն)

 

Հոդված 6. Վիճակախաղի մարված տոմսերի հաշվառումը և պահպանումը

 

1. Վիճակախաղի չիրացված տոմսերը ենթակա են հաշվառման, մարման և պահպանման վիճակախաղի կազմակերպչի կողմից ստեղծված` վիճակախաղի չիրացված տոմսերի հաշվառման, մարման և պահպանման հանձնաժողովի (հետագայում` հանձնաժողով) մասնակցությամբ`

ա) խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի դեպքում` հերթական խաղարկությունից առաջ, բայց այնպես, որ ապահովվի իրացված և մարված տոմսերի վերաբերյալ սույն օրենքով սահմանված հաշվետվությունների ներկայացման ժամկետը.

բ) ոչ խաղարկությունով վիճակախաղի դեպքում` վիճակախաղի գործունեությունն ավարտելու մասին առնվազն 3000 տպաքանակ ունեցող թերթում հայտարարության հրապարակումից հետո` մեկ շաբաթվա ընթացքում:

2. Լիազոր մարմնի ներկայացուցիչ(ներ)ը իրավունք ունի ցանկացած ժամանակ մասնակցել վիճակախաղերի չիրացված տոմսերի հաշվառմանը և մարմանը:

3. Հանձնաժողովի անդամները հաշվառում են չիրացված տոմսերը, ստուգում դրանց իսկությունը և մարում` դակելով կամ կտրելով դրանց անկյունը այնպես, որ չի վնասվում տոմսի համարը, սերիան, խաղարկության համարը և խաղարկությանը մասնակցող դաշտերը:

4. Հանձնաժողովը կազմում է համապատասխան տեղեկանք` առնվազն երկու օրինակից, որտեղ նշվում են տվյալ վիճակախաղի անվանումը, խաղարկության համարը, պահպանման ենթակա վիճակախաղի մարված տոմսերը` ըստ սերիաների, համարների, և դրանց ընդհանուր քանակը:

5. Վիճակախաղի մարված և պահպանման ենթակա տոմսերի վերաբերյալ կազմված տեղեկանքն ստորագրվում է հանձնաժողովի առնվազն չորս անդամների կողմից:

6. Վիճակախաղի մարված և պահպանման ենթակա տոմսերի վերաբերյալ տեղեկանքը կազմելուց հետո մարված տոմսերը տեղադրվում են հատուկ պարկերում կամ ծանրոցներում և կնքվում վիճակախաղի կազմակերպչի կնիքով:

7. Վիճակախաղի մարված տոմսերի պահպանման ձևն ու վայրը, որտեղ առկա են պահպանման համար անհրաժեշտ պայմաններ, ապահովում է կազմակերպիչը:

8. Կազմակերպիչը պատասխանատվություն է կրում չիրացված տոմսերի հաշվառման, մարման, մարված տոմսերի պահպանման և հանձնաժողովի աշխատանքի համար:

9. Վիճակախաղի մարված տոմսերը ենթակա են պահպանման տեղեկանքի կազմման պահից առնվազն մեկ տարի:

 

Հոդված 7. Վիճակախաղերի կազմակերպչի կողմից լիազոր մարմին ներկայացվող տեղեկություններին (հաշվետվություններին) ներկայացվող պահանջները

 

1. Խաղարկությամբ կամ համակցված վիճակախաղի կազմակերպիչը`

ա) վիճակախաղի տոմսերի խաղարկության անցկացումից առնվազն երեք ժամ առաջ փաստաթղթային տեսքով ներկայացնում է հաշվետվություն, որում նշվում են կազմակերպչի անվանումը, վիճակախաղի անվանումը, վիճակախաղի խաղարկության հերթական համարը և թողարկված` վաճառված ու մարված վիճակախաղի տոմսերի մասին տվյալները` ըստ համարների, սերիաների, քանակի, և մարված տոմսերի վերաբերյալ` կազմված տեղեկանքի մեկ օրինակ.

բ) վիճակախաղի տոմսերի խաղարկության անցկացումից հետո` հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում, փաստաթղթային տեսքով ներկայացնում է հաշվետվություն, որում նշվում են կազմակերպչի անվանումը, վիճակախաղի անվանումը, վիճակախաղի խաղարկության հերթական համարը և շահած տոմսերի տվյալները` ըստ քանակի, համարների (սերիաների), շահումների չափերի ու տեսակների, և շահումային ֆոնդի չափի մասին:

2. Ոչ խաղարկությունով վիճակախաղի կազմակերպիչը`

ա) վիճակախաղի տոմսերի թողարկումից հետո, նախքան այդ տոմսերի իրացումը, փաստաթղթային տեսքով ներկայացնում է հաշվետվություն, որում նշվում են կազմակերպչի անվանումը, վիճակախաղի անվանումը, վիճակախաղի տոմսի գինը, տվյալ խաղարկության համար թողարկված տոմսերի ընդհանուր քանակը և շահող տոմսերի մասին տվյալները` ըստ քանակի, համարների (սերիաների), շահումների չափերի ու տեսակների.

բ) վիճակախաղերի տոմսերի իրացման գործընթացն սկսելուց հետո յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ` մինչև հաջորդ ամսվա 5-ը, փաստաթղթային տեսքով ներկայացնում է հաշվետվություն, որում նշվում են կազմակերպչի անվանումը, վիճակախաղի անվանումը և իրացված տոմսերի մասին տվյալները` ըստ քանակի, գնի, և շահած տոմսերի մասին տվյալները` ըստ քանակի, գնի, համարների (սերիաների), շահումների չափերի ու տեսակների:

3. Տոտալիզատորի և ինտերնետ տոտալիզատորի կազմակերպիչները մինչև յուրաքանչյուր ամսվան նախորդող վերջին աշխատանքային օրը փաստաթղթային տեսքով ներկայացնում են հաշվետվություն, որում նշում են կազմակերպչի անվանումը, տոտալիզատորի անվանումը և տվյալ ամսվա ընթացքում տոտալիզատորի խաղադրույքների ընդունման և անմիջականորեն ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված համակարգիչների քանակը (անկախ փաստացի օգտագործման օրերի քանակից), ինչպես նաև համակարգիչների տեղակայման վայրերի հասցեները:

31. Ինտերնետ տոտալիզատորի կազմակերպիչները յուրաքանչյուր ամսվա համար մինչև տվյալ ամսվան նախորդող վերջին աշխատանքային օրը լիազոր մարմին են ներկայացնում նաև տեղեկատվություն` տվյալ ամսում (անկախ փաստացի աշխատանքային օրերի քանակից) ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված ինտերնետային կայքերի գրանցված հասցեների մասին:

32. Տոտալիզատորի և ինտերնետ տոտալիզատորի կազմակերպիչները տվյալ ամսվա ընթացքում տոտալիզատորի խաղադրույքների ընդունման կամ անմիջականորեն ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված համակարգիչների քանակի կամ ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված ինտերնետային կայքերի գրանցված հասցեների ավելացման դեպքում այդ մասին ավելացումից առնվազն հինգ աշխատանքային օր առաջ լիազոր մարմին են ներկայացնում լրացուցիչ հաշվետվություն կամ տեղեկատվություն:

4. Սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկությունները (հաշվետվությունները) ներկայացվում են յուրաքանչյուր խաղարկության համար:

5. Սույն հոդվածի 1-32-րդ մասերում նշված հաշվետվությունների ձևերի և դրանց ներկայացման կարգի առանձնահատկություններն անհրաժեշտության դեպքում սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Նշված հաշվետվությունները կազմակերպչի կողմից լիազոր մարմին են ներկայացվում (հանձնվում) երկու օրինակից, փակ ծրարների մեջ` կնքված և ստորագրված կազմակերպչի կողմից` ծրարների վրա նշագրելով հաշվետվության ներկայացման ժամը, ամսաթիվը, տարին, կազմակերպչի անվանումը, վիճակախաղի անվանումը, վիճակախաղի խաղարկության հերթական համարը: Յուրաքանչյուր հաշվետվության յուրաքանչյուր օրինակի յուրաքանչյուր էջ պետք է կնքված և ստորագրված լինի կազմակերպչի կողմից: Հաշվետվության ներկայացման ժամը, ամսաթիվը և տարին հաշվետվության ընդունման պահին լիազոր մարմնի ներկայացուցիչ(ներ)ը իր հերթին նշագրում է և ստորագրում ծրարների վրա: Ընդ որում, երկու ծրարներից մեկը կարող է բացվել միայն հաշվետվության արժանահավատության ստուգման անհրաժեշտության դեպքում:

6. Կազմակերպիչը լիազոր մարմին է ներկայացնում`

ա) յուրաքանչյուր եռամսյակի համար, մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա վերջին օրը, համապատասխան տարածքային հարկային մարմնի տեղեկանքը` հաշվետու եռամսյակում հարկերի և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների գծով կազմակերպչի պարտավորությունների մասին.

բ) մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 30-ը լիազոր մարմին է ներկայացնում հաշվապահական հաշվառման օրենսդրությանը համապատասխան պետական մարմիններին ներկայացվող իր տարեկան ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ անկախ աուդիտորական եզրակացությունը և հաշվապահական հաշվառման օրենսդրությանը համապատասխան պետական մարմիններին ներկայացվող իր տարեկան ֆինանսական հաշվետվությունները հրապարակում է առնվազն 3000 տպաքանակ ունեցող մամուլում ու մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա մայիսի 15-ը լիազոր մարմին է ներկայացնում թերթի մեկ օրինակը:

7. Կազմակերպիչը լիազոր մարմին է ներկայացնում իր կողմից վճարված մեկ միլիոն դրամը գերազանցող յուրաքանչյուր շահումների գումարների վերաբերյալ հաշվետվություն` ոչ ուշ, քան վճարմանը հաջորդող տասներորդ օրը, որտեղ նշվում են կազմակերպչի անվանումը, վիճակախաղի անվանումը, շահած վիճակախաղի տոմսի համարը (սերիան), խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի դեպքում` նաև խաղարկության համարը, վիճակախաղի շահած մասնակիցների անունը, ազգանունը, անձնագրի տվյալները, մշտական բնակության վայրը և շահած գումարի չափը:

8. Սույն հոդվածի 7-րդ մասում նշված հաշվետվության ձևի և դրա ներկայացման կարգի առանձնահատկություններն անհրաժեշտության դեպքում սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

9. Սույն հոդվածի 7-րդ մասում նշված հաշվետվությունները լիազոր մարմնի կողմից հրապարակման ենթակա չեն: Լիազոր մարմնի այն աշխատակիցները, ովքեր կխախտեն սույն պահանջը, կենթարկվեն օրենքով սահմանված պատասխանատվության:

(7-րդ հոդվածը խմբ., լրաց., փոփ. 25.12.06 ՀՕ-21-Ն, փոփ. 24.10.07 ՀՕ-230-Ն)

 

Հոդված 8. Վիճակախաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգը

 

1. Վիճակախաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգում պետք է արտացոլվեն`

ա) հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը.

բ) վիճակախաղի ֆիրմային անվանումը (լոգոն), վիճակախաղի անվանումը.

գ) վիճակախաղի կազմակերպման և անցկացման նկարագիրը.

դ) վիճակախաղի խաղարկության անցկացման հրապարակման կարգը.

ե) վիճակախաղի տոմսի գինը.

զ) շահումների բաշխումը` ըստ շահումների տեսակների և չափի (բացառությամբ տոտալիզատորի), իսկ ոչ խաղարկությամբ վիճակախաղի դեպքում` նաև ըստ քանակի.

է) ոչ խաղարկությամբ վիճակախաղի դեպքում` իրացման համար նախատեսված տոմսերի քանակը.

ը) վիճակախաղի խաղարկությունների անցկացման հաճախականությունը.

թ) վիճակախաղի խաղարկությունների անցկացման վայրը.

ժ) վիճակախաղի տոմսի նկարագիրը.

ժա) շահումները տալու վայրը, ժամկետը.

ժբ) վիճակախաղի կազմակերպչի իրավունքներն ու պարտականությունները.

ժգ) վիճակախաղի մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները:

2. Վիճակախաղի տոմսը պետք է պարունակի`

ա) վիճակախաղի կազմակերպչի ֆիրմային անվանումը.

բ) վիճակախաղի ֆիրմային անվանումը (լոգոն), վիճակախաղի անվանումը.

գ) վիճակախաղի տոմսի գինը.

դ) վիճակախաղի տոմսի համարը (սերիան).

ե) շահումը որոշելու կարգը, որը պետք է համապատասխանի լիազոր մարմնի հետ համաձայնեցված` տվյալ վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգով սահմանված կարգին.

զ) շահումների վճարման վայրը, կարգը և ժամկետները.

է) թողարկման կամ խաղարկության հերթական համարը.

ը) խաղարկությամբ կամ համակցված վիճակախաղի դեպքում` վիճակախաղի տոմսերի խաղարկության վայրը կամ հեռուստաալիքը, անցկացման տարեթիվը, ամիսը, օրը և ժամը:

3. Վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգը և վիճակախաղի տոմսի աշխատանքային նմուշը լիազոր մարմնի համաձայնեցմանն են ներկայացվում լիցենզիա ստանալու հայտի հետ միասին:

4. Կազմակերպիչը վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգում կատարվող փոփոխությունները կամ լրացումները կամ վիճակախաղի կազմակերպման և անցկացման նոր կանոնակարգերը, նախքան դրանց կիրառումը, համաձայնեցնում է լիազոր մարմնի հետ` փոփոխությունները կամ լրացումները կամ վիճակախաղի կազմակերպման և անցկացման նոր կանոնակարգերը ներկայացնելով լիազոր մարմին` երկու օրինակից:

Լիազոր մարմինը 15-օրյա ժամկետում ընդունում է որոշում կանոնակարգում առաջարկվող փոփոխություններին կամ լրացումներին կամ վիճակախաղի կազմակերպման և անցկացման նոր կանոնակարգերին համաձայնություն տալու կամ դրանք մերժելու մասին: Որոշման պատճենը երեք օրվա ընթացքում տրամադրվում (փոստով առաքվում) է կազմակերպչին:

Եթե լիազոր մարմինն ընդունել է կանոնակարգի փոփոխություններին կամ լրացումներին կամ վիճակախաղի կազմակերպման և անցկացման նոր կանոնակարգերին վերապահումով համաձայնություն տալու մասին որոշում, ապա կազմակերպիչը պարտավոր է այդ որոշումն ընդունելուց հետո` 10 օրվա ընթացքում, լիազոր մարմին ներկայացնել ուղղված փաստաթղթերը, որից հետո լիազոր մարմինը 5-օրյա ժամկետում հայտատուին տրամադրում է լիազոր մարմնի հետ համաձայնեցված` վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգում կատարված փոփոխության կամ լրացման կամ վիճակախաղի կազմակերպման և անցկացման նոր կանոնակարգի մեկ օրինակը: Եթե կազմակերպիչը վերը նշված որոշումն ստանալուց հետո` 10 օրվա ընթացքում, ուղղված փաստաթղթերը լիազոր մարմին չի ներկայացնում, ապա լիազոր մարմնի որոշումը` կանոնակարգի փոփոխություններին կամ լրացումներին կամ վիճակախաղի կազմակերպման և անցկացման նոր կանոնակարգերին վերապահումով համաձայնություն տալու վերաբերյալ, համարվում է չեղյալ:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված փոփոխություններին կամ լրացումներին կամ վիճակախաղի կազմակերպման և անցկացման նոր կանոնակարգերին լիազոր մարմինը չի տալիս իր համաձայնությունը, եթե դրանք`

ա) հակասում են Հայաստանի Հանրապետության օրենքներին կամ այլ իրավական ակտերին.

բ) հակասում են սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասի պահանջներին:

6. Վիճակախաղի կազմակերպիչը վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգը կամ կանոնակարգի փոփոխությունը կամ լրացումը լիազոր մարմնի հետ համաձայնեցնելուց հետո լիազոր մարմին է ներկայացնում վիճակախաղի տոմսի վերջնական նմուշը:

 

Գ Լ ՈՒ Խ  3.

 

ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 9. Վիճակախաղերի կազմակերպման գործունեության լիցենզավորումը

 

1. Վիճակախաղերի կազմակերպման գործունեության լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգերով:

2. Լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե`

ա) հայտին կից փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքների կամ այլ իրավական ակտերի պահանջներին, կամ դրանցում ներկայացված են կեղծ տեղեկություններ.

բ) հայտատուն ունի հարկային և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների ժամկետանց պարտավորություններ.

գ) վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենքներին կամ իրավական այլ ակտերին, կամ դրանցում ներառված են պայմաններ, որոնք հակասում են 8-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերի պահանջներին.

դ) օրենքով նախատեսված այլ դեպքերում.

ե) հայտատուն բանկում չունի պետական տուրքի գումարի կրկնակի չափով երաշխիքային ավանդ:

3. Լիցենզիա ստանալու հայտը բավարարելու որոշումն ընդունելու դեպքում լիցենզիան հայտատուին է տրամադրվում օրենքով սահմանված պետական տուրքի առաջին տարեկան վճարումը կատարելուց և ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում` վճարումը հավաստող փաստաթուղթը ներկայացնելուց հետո:

4. Եթե վերապահումով լիցենզիա տրամադրելու մասին որոշում ընդունելուց հետո այդ որոշման մեջ նշված թերությունները վերացնելու մասին տեղեկությունները կամ լիցենզիա ստանալու համար պետական տուրքի առաջին տարեկան վճարման անդորրագիրը կազմակերպիչը լիազոր մարմին է ներկայացնում մեկամսյա ժամկետից ուշ, ապա լիազոր մարմինը, որպես լիցենզիան հանձնելու պայման, հայտատուից հայտարարագիր է պահանջում առ այն, որ անցած ժամանակահատվածում լիցենզիա ստանալու հայտին կից փաստաթղթերը չեն կորցրել իրենց իրավական ուժը` սույն օրենքի և իրավական այլ ակտերի պահանջներին համապատասխանության իմաստով:

5. Եթե վերոհիշյալ հայտարարագիրը չի ներկայացվում, կամ հայտատուն հայտնում է, որ հայտին կից փաստաթղթերից որևէ մեկը կորցրել է իրավական ուժը, և չի ներկայացվում այդ փաստաթղթին փոխարինող փաստաթուղթ, ապա լիազոր մարմինը որոշում է կայացնում մերժելու լիցենզիա ստանալու հայտը:

 

Հոդված 10. Վիճակախաղերի կազմակերպման գործունեության նկատմամբ վերահսկողությունը

 

1. Վիճակախաղերի կազմակերպման գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը` տեղում ստուգումների կամ փաստաթղթային վերահսկողության միջոցով, և դրա հետևանքով սույն օրենքի 11-րդ հոդվածում նշված խախտումների բացահայտման դեպքում լիազոր մարմինը կիրառում է սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցները:

2. Վիճակախաղերի կազմակերպման գործունեության ստուգումներն իրականացվում են օրենքով սահմանված կարգով:

3. Փաստաթղթային վերահսկողությունն իրականացվում է կազմակերպիչների կողմից` իրենց գործունեության վերաբերյալ լիազոր մարմին սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված կարգով ներկայացվող տեղեկությունների (հաշվետվությունների) ուսումնասիրության միջոցով:

 

Գ Լ ՈՒ Խ  4.

 

ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

Հոդված 11. Սույն օրենքի խախտումները

 

Սույն օրենքի իմաստով խախտումներ են համարվում, եթե կազմակերպիչը`

ա) խախտել է սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները.

բ) խախտել է սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված պահանջները.

գ) խախտել է սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված պահանջները կամ լիազոր մարմին ներկայացված տեղեկություններում (հաշվետվություններում) առկա են կեղծ տվյալներ.

դ) լիցենզիա ստանալու համար հայտը ներկայացնելիս կամ դրանից հետո` մինչև լիցենզիան ստանալու պահը, խեղաթյուրել է պահանջվող տեղեկությունները կամ ներկայացրել է ոչ լիարժեք տեղեկություններ, եթե դրանց ճիշտ կամ լիարժեք ներկայացումը կհանգեցներ լիցենզիա ստանալու հայտի մերժման:

 

Հոդված 12. Սույն օրենքի խախտումների համար կիրառվող պատասխանատվության միջոցները

 

Սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված խախտումների դեպքերում լիազոր մարմինը կազմակերպչի նկատմամբ կիրառում է պատասխանատվության հետևյալ միջոցները`

ա) նախազգուշացում և խախտումները վերացնելու մասին հանձնարարական.

բ) տուգանք.

գ) լիցենզիայի գործողության կասեցում.

դ) լիցենզիայի գործողության դադարեցման հայցով դիմում է դատարան:

 

Հոդված 13. Նախազգուշացումը և խախտումները վերացնելու մասին հանձնարարականը

 

1. Տեղում ստուգումների կամ փաստաթղթային վերահսկողության միջոցով լիազոր մարմինն արձանագրում է թույլ տրված խախտումը և նախազգուշացնում է կազմակերպչին:

2. Նախազգուշացումը նախատեսում է նաև թույլ տրված խախտումը լիազոր մարմնի սահմանած ժամկետում վերացնելու կամ ապագայում նման խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարական, որի կատարումը պարտադիր է:

3. Նախազգուշացումը` որպես պատասխանատվության միջոց, կիրառվում է սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված պահանջների խախտման դեպքում:

 

Հոդված 14. Տուգանքը

 

1. Տուգանքը գանձվում է լիազոր մարմնի որոշմամբ: Եթե կազմակերպիչը համաձայն չէ տուգանքի նշանակման վերաբերյալ որոշման հետ, ապա լիազոր մարմինը տուգանքը գանձելու հայցով դիմում է դատարան:

2. Տուգանքը` որպես պատասխանատվության միջոց, կիրառվում է հետևյալ չափերով, եթե կազմակերպիչը`

ա) խախտել է սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով սահմանված շահումային ֆոնդի մեծության նվազագույն չափը` դրա չհամալրված (չբաշխված) մասի կրկնակի չափով.

բ) խախտել է սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ի մասի «բ» կետով սահմանված պահանջը` յուրաքանչյուր խախտման համար հարյուր հազար դրամի չափով.

գ) խախտել է սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով սահմանված պահանջը` հարյուր հազար դրամի չափով.

դ) խախտել է սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով սահմանված պահանջը` չտեղափոխված մասի կրկնակի չափով.

ե) խախտել է սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կամ «զ» կետերով սահմանված պահանջները` երկու հարյուր հազար դրամի չափով.

զ) սույն օրենքի 13-րդ հոդվածին համապատասխան նախազգուշացում կիրառելուց հետո` 2 տարվա ընթացքում, կրկնել է նույն խախտումը` հարյուր հազար դրամի չափով.

է) սույն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան թույլ տված խախտումը լիազոր մարմնի կողմից սահմանված ժամկետում չվերացնելու և այդ մասին լիազոր մարմնին գրավոր չտեղեկացնելու համար` խախտման յուրաքանչյուր դեպքի համար` հարյուր հազար դրամ.

ը) խախտել է սույն օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ կամ 7-րդ մասերով սահմանված պահանջները` խախտման յուրաքանչյուր դեպքի համար` հարյուր հազար դրամ:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` տուգանքի կիրառումից հետո երկու տարվա ընթացքում տուգանքի կիրառման համար հիմք հանդիսացող խախտումը շարունակելու կամ նման նոր խախտում (բացառությամբ նույն մասի «ա» և «ը» կետերում նշված խախտման դեպքերի) թույլ տալու դեպքում տուգանքի չափն ավելացվում է մեկ միլիոն դրամով:

4. Տեղեկությունները (հաշվետվությունները) ուշ ներկայացնելու կամ դրանցում ոչ արժանահավատ տվյալներ արտացոլելու համար լիազոր մարմինը կարող է կազմակերպչի ղեկավարների նկատմամբ նշանակել տուգանք` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված վարույթով:

5. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 8-րդ մասում նշված պահանջի խախտման դեպքում գանձվում է տուգանք` Երևան քաղաքում` տեղական ինքնակառավարման մարմինների, իսկ մարզերում` մարզպետարանների կողմից` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված կարգով և վարույթով:

 

Հոդված 15. Լիցենզիայի գործողության կասեցումը

 

1. Լիազոր մարմինը կասեցնում է լիցենզիայի գործողությունը`

ա) եթե կազմակերպիչը խախտել է սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «ը», «թ» կամ «ժ» կետերով սահմանված պահանջները.

բ) եթե կազմակերպիչը խախտել է սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված պահանջները.

գ) եթե կազմակերպիչն ունի հարկերի և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների ժամկետանց պարտավորություններ.

դ) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

Սույն հոդվածի 1-ին մասի «ա», «բ» և «գ» կետերի պահանջները խախտելու դեպքում լիցենզիայի գործողությունը կասեցվում է մինչև խախտման պատճառի վերացումը: Սույն հոդվածի 1-ին մասի «դ» կետի պահանջը խախտելու դեպքում լիցենզիայի գործողությունը կասեցվում է համապատասխան օրենքով սահմանված ժամկետով:

Լիցենզիայի կասեցումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով:

2. Լիցենզիայի գործողության կասեցման ժամկետի ընթացքում կազմակերպիչը չի կարող իրականացնել վիճակախաղերի կազմակերպման գործունեություն, բացառությամբ շահումների տրման գործողությունների:

 

Հոդված 16. Լիցենզիայի գործողության դադարեցումը

 

1. Լիազոր մարմինը լիցենզիայի գործողությունը դադարեցնում է`

ա) եթե կազմակերպիչը սույն օրենքի 11-րդ հոդվածի «գ» կետում նշված փաստաթղթերում ներկայացրել է կեղծ տվյալներ.

բ) եթե կազմակերպիչը թույլ է տվել սույն օրենքի 11-րդ հոդվածի «դ» կետում նշված խախտումը.

գ) եթե կազմակերպիչը սույն օրենքի 15-րդ հոդվածին համապատասխան լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող խախտում թույլ տալուց հետո` մեկ տարվա ընթացքում, թույլ է տվել խախտում, որը հիմք է լիցենզիայի գործողությունը կրկին կասեցնելու համար.

դ) լիցենզավորված անձի դիմումի համաձայն.

ե) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

2. Լիցենզիայի գործողությունը դադարեցվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով:

3. Լիցենզավորված անձի դիմումի համաձայն լիցենզիայի գործողությունը դադարեցվում է, եթե փաստաթղթային կամ տեղում ստուգման արդյունքների հիման վրա ձևավորված լիազոր մարմնի հիմնավոր կարծիքով նա ի վիճակի է կատարել շահումներից բխող իր բոլոր պարտավորությունները:

 

Հոդված 17. Լիցենզիայի գործողության դադարեցման հետևանքները

 

Լիցենզիայի գործողության դադարեցման պահից կազմակերպիչը`

ա) լիազոր մարմնի սահմանած ժամկետում ապահովում է շահումների տրամադրումը.

բ) լիազոր մարմնի սահմանած ժամկետում ապահովում է իրացված` խաղարկության չմասնակցած (չխաղարկված) տոմսերի հետգնումը:

 

Գ Լ ՈՒ Խ  5.

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 18. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը սահմանված կարգով տրված լիցենզիաները` սույն օրենքի պահանջների պահպանմամբ, ուժի մեջ են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը:

2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

3. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 27-ի ՀՕ-80 օրենքը:

 

Հոդված 19. Անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո վիճակախաղի կազմակերպիչները մինչև հերթական պետական տուրքի վճարման ժամկետը պարտավոր են իրենց հիմնադիր փաստաթղթերը համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին:

2. Սույն հոդվածի 1-ին մասի պահանջի չկատարման դեպքում վիճակախաղի կազմակերպչի լիցենզիան համարվում է կասեցված սույն հոդվածի 1-ին մասում նշված օրվանից` անկախ պետական տուրքի վճարման փաստից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2004 թ. հունվարի 7
Երևան
ՀՕ-3-Ն

 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան