Գլխավոր տեղեկություն
Номер
N 2003-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.11.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
17.11.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.11.2023
Дата вступления в силу
18.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 նոյեմբերի 2023 թվականի N 2003-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ և 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և 4-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, ք. Երևան, Էրեբունի, Տիտոգրադյան 133/1 հասցեում գտնվող՝ 2357.0 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.177205 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ՝ գույք, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 2448104 վկայական, տրված՝ 06.09.2007 թ.) ուղղակի վաճառքի ձևով օտարել «Էրեբունի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ գնորդ, գրանցման վկայականի համարը՝ 278.120.03185) բուժհաստատության գործունեությունն ընդլայնելու և ուռուցքաբանական ծառայությունների հասանելիությունն ու որակը բարձրացնելու նպատակով՝ համաձայն գնորդի կողմից ներկայացված գործարար ներդրումային ծրագրի։

2. Սահմանել՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2023 թվականի սեպտեմբերի 22-ի դրությամբ գույքի գնահատված շուկայական արժեքը՝ 677 300 000 դրամ.

2) անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքում ներառված, հատկացված հողամասի գնահատված շուկայական արժեքը՝ 105 800 000 դրամ.

3) հատկացված հողամասի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ 28 665 744 դրամ.

4) ուղղակի վաճառքով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը՝ գնահատված շուկայական արժեքի 100 տոկոսի չափով՝ 677 300 000 դրամ։

3. Կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի կողմից գույքի վաճառքի գինը, ինչպես նաև գույքի շուկայական արժեքի որոշման դիմաց գանձվող 788 106 դրամը (ներառյալ՝ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել օտարման և գրավի պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ՝

1) գույքի հանձնման-ընդունման պահից սկսած գնորդը պարտավորվում է համաձայն ներկայացված գործարար (ներդրումային) ծրագրի՝ 3 տարվա ընթացքում գույքի վրա իրականացնել 350 000 000 դրամի ներդրում.

2) գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի միասնական տեղեկանքի, պայմանագրի նոտարական վավերացման և սույն որոշումից բխող գույքային իրավունքների պետական գրանցման համար սահմանված գումարներն ու տուրքերը.

3) գույքը համարվում է գրավադրված Հայաստանի Հանրապետության օգտին՝ մինչև գնորդի կողմից սույն որոշմամբ ստանձնված պարտավորությունների ամբողջական կատարման ավարտը.

4) գնորդի կողմից ստանձնված ներդրումները սահմանված ժամկետում չկատարվելու կամ մինչև 50 տոկոս կատարվելու դեպքում գնորդը 3 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված, բայց չկատարած ներդրումներն ամբողջությամբ՝ միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարված ներդրումների գումարի 20 տոկոսի չափով.

5) գնորդի կողմից ստանձնված ներդրումները սահմանված ժամկետում 50 կամ ավելի տոկոսով կատարվելու, բայց ամբողջությամբ չկատարվելու դեպքում գնորդը 2 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված և չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարված ներդրումների գումարի 15 տոկոսի չափով.

6) մինչև պայմանագրային պարտավորությունների ամբողջական կատարման ավարտը գույքը համարվում է գրավադրված Հայաստանի Հանրապետության օգտին, և առանց կոմիտեի գրավոր համաձայնության գնորդն իրավունք չունի գրավի առարկան օտարելու, այն տրամադրելու վարձակալության, անհատույց օգտագործման կամ այլ կերպ տնօրինման։ Գրավ դրված գույքը կոմիտեի գրավոր համաձայնությամբ օտարելիս կամ համապարփակ իրավահաջորդության կարգով այդ գույքի նկատմամբ գնորդի սեփականության իրավունքն այլ անձի անցնելիս գրավի իրավունքը պահպանելու է իր ուժը, և նոր գնորդն իրավահաջորդության կարգով ստանձնելու է գործարքի արդյունքում գնորդին վերապահված ամբողջ պարտավորությունները.

7) սույն կետի 4-րդ կամ 5-րդ ենթակետերով սահմանված պարտավորություններից որևէ մեկը չկատարվելու դեպքում պայմանագիրը ենթակա է լուծման, իսկ գույքը՝ վերադարձման Հայաստանի Հանրապետությանը։ Ընդ որում, պայմանագրի լուծման դեպքում վճարված և ներդրված գումարները վերադարձման ենթակա չեն։

4. Գնորդը գույքի վաճառքի գինը պետք է վճարի Հայաստանի Հանրապետության արժույթով, ընդ որում, գինը նվազեցված վճարման ենթակա հողամասի շուկայական արժեքի չափով՝ 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հատկացված հողամասի շուկայական արժեքը՝ համապատասխան գանձապետական հաշվին։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

17.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ