Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-20
Տիպ
Օրենք
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (18.08.2001-01.01.2009)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 1999.12.27/31(97)
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
23.11.1999
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
15.12.1999
Дата вступления в силу
06.01.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
23 նոյեմբերի 1999 թվականի

 

ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքով կարգավորվող հարաբերությունները

 

Սույն օրենքով կարգավորվում են իրավաբանական անձանց ֆիրմային անվանումների գրանցման, իրավական պահպանության և օգտագործման հետ կապված հարաբերությունները:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐ

 

Հոդված 2. Ֆիրմային անվանումը

 

1. Ֆիրմային անվանումն այն անվանումն է, որի ներքո իրավաբանական անձն իրականացնում է իր գործունեությունը և զանազանվում այլ իրավաբանական անձանցից:

2. Ֆիրմային անվանումը պետք է բովանդակի իրավաբանական անձի կազմակերպական-իրավական ձևը բնորոշող բառեր և տարբերակող նշանակության գոնե մեկ հատուկ (անձնանուն, տեղանքի կամ խորհրդանշական անվանում) կամ հասարակ անուն:

3. Ֆիրմային անվանումը կարող է բովանդակել նաև իրավաբանական անձի գտնվելու վայրի անվանումը, նրա գործունեության բնույթը բնորոշող բառեր, ինչպես նաև այլ տվյալներ, որոնք նրա հիմնադիրները կամ մասնակիցները համարում են անհրաժեշտ:

4. Տնտեսական ընկերակցության ֆիրմային անվանումը պետք է պարունակի «լիակատար ընկերակցություն» կամ «վստահության վրա հիմնված ընկերակցություն» բառերը և ընկերակցության բոլոր մասնակիցների (լիակատար ընկերների) անունները (անվանումները) կամ ընկերակցության մասնակիցներից (լիակատար ընկերներից) առնվազն մեկի անունը (անվանումը)` ավելացրած «և ընկերներ» ու «լիակատար ընկերակցություն» կամ «վստահության վրա հիմնված ընկերակցություն» բառերը:

5. Առևտրային կոոպերատիվի ֆիրմային անվանումը պետք է ցուցում պարունակի դրա գործունեության հիմնական նպատակի մասին:

 

Հոդված 3. Ֆիրմային անվանման իրավական պահպանությունը

 

Հայաստանի Հանրապետությունում ֆիրմային անվանման իրավական պահպանությունն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով ֆիրմային անվանման գրանցման հիման վրա և առանց գրանցման` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, սույն օրենքի և այլ օրենսդրական ակտերի համաձայն:

 

Հոդված 4. Ֆիրմային անվանումներում թույլտվություն պահանջող անունների և անվանումների օգտագործումը

 

1. Ֆիրմային անվանման մեջ հանրահայտ անձի լրիվ կամ կրճատ անունը կարող է օգտագործվել միայն այդ անձի կամ նրա ժառանգների համաձայնությամբ:

2. Եթե հանրահայտ անձը կամ նրա անվան օգտագործման համաձայնություն տվող ժառանգը գտնում է, որ իրավաբանական անձի գործունեությունը ստվերում է հանրահայտ անձի հեղինակությունը (վարկը), ապա նա կարող է դիմել դատարան` այդ անունը ֆիրմային անվանման մեջ օգտագործելու իրավունքից իրավաբանական անձին զրկելու և (կամ) պատճառած վնասները փոխհատուցելու հայցով:

3. Ֆիրմային անվանումների մեջ տարբերակող նշանակության անուններում «Հայ», «Հայաստան», «հայկական» բառերը և դրանց թարգմանությունները, Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների անվանումները, ինչպես նաև ֆիրմային անվանումների մեջ հանրահայտ անձի լրիվ կամ կրճատ անունը` նրա մահվան և ժառանգներ չունենալու դեպքում, կարող են օգտագործվել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

Հոդված 5. Ֆիրմային անվանման գրանցման հայտը

 

1. Մինչև առևտրային կազմակերպություն համարվող իրավաբանական անձի պետական գրանցումը իրավաբանական անձի ֆիրմային անվանումը պետք է գրանցվի Հայաստանի Հանրապետության արտոնագրային գերատեսչությունում (այսուհետ` գերատեսչություն):

2. Ֆիրմային անվանման ցանկացած փոփոխություն կատարվում է միայն նոր ֆիրմային անվանումը սույն օրենքով սահմանված կարգով գերատեսչությունում գրանցելուց հետո: Առևտրային կազմակերպություն համարվող իրավաբանական անձի բացառիկ իրավունքը նոր ֆիրմային անվանման նկատմամբ ուժի մեջ է մտնում միայն կանոնադրության համապատասխան փոփոխության պետական գրանցումից հետո:

3. Ֆիրմային անվանման գրանցման հայտը (այսուհետ` հայտ) իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմին (այսուհետ` պետական ռեգիստր) ներկայացնում է իրավաբանական անձի հիմնադիրներին ներկայացնող լիազորված անձը կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ դրա համար լիազորված մարմինը:

4. Հայտը պետք է պարունակի`

ա) դիմում ֆիրմային անվանման գրանցման մասին, որի մեջ նշվում են գրանցման ներկայացված ֆիրմային անվանման նախընտրելի տարբերակը (ները), դրա (նց) հապավումը կամ կրճատ ձևը (եթե այդպիսին կա), հայտատուի հասցեն.

բ) գրանցման ներկայացված ֆիրմային անվանման բացատրությունը, եթե այն հայերեն հասկանալի չէ:

5. Հայտին կցվում են`

ա) սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված դեպքերում համապատասխան համաձայնությունը կամ թույլտվությունը.

բ) լիազորագիր, եթե հայտը ներկայացվում է հայտատուի կողմից լիազորված անձի միջոցով.

գ) պետական տուրքի վճարման անդորրագիրը:

6. Պետական ռեգիստրը ներկայացված հայտին համապատասխան, ոչ ուշ, քան հայտն ստանալուց հետո մեկօրյա ժամկետում, գերատեսչություն է ներկայացնում հայտ, որը բովանդակում է սույն հոդվածի 4-րդ կետով սահմանված տեղեկությունները:

7. Հայտը ներկայացվում է հայերեն:

8. Պետական ռեգիստր ներկայացվող և պետական ռեգիստրի կողմից գերատեսչություն ներկայացվող հայտերի ձևը, դրանց լրացման կարգը և ֆիրմային անվանման գրանցման համար հիմք հանդիսացող սկզբնական փաստաթղթերը գերատեսչություն հանձնելու կարգը սահմանում է գերատեսչությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ:

(5-րդ հոդվածը խմբ. 03.04.01 ՀՕ-168)

 

Հոդված 6. Հայտի քննարկումը և ֆիրմային անվանման գրանցումը

 

1. Գերատեսչությունը, պետական ռեգիստրից հայտն ստանալու օրվանից մեկօրյա ժամկետում, անցկացնում է փորձաքննություն և որոշում է հայտի և գրանցման ներկայացված ֆիրմային անվանման համապատասխանությունը սույն օրենքի պահանջներին: Եթե հայտը և ֆիրմային անվանումը համապատասխանում են սույն օրենքի պահանջներին, ապա գերատեսչությունը որոշում է կայացնում ֆիրմային անվանումը գրանցելու մասին և պետական ռեգիստրի հայտի ստացման օրվանից մեկօրյա ժամկետում տալիս է համապատասխան որոշում:

2. Հայտի քննարկման ընթացքում, մինչև ֆիրմային անվանման գրանցման վերաբերյալ որոշման ընդունումը, հայտատուն կարող է փոփոխություններ կատարել ներկայացված հայտում: Այդ դեպքում սույն հոդվածի 1-ին կետով սահմանված ժամկետը հաշվարկվում է փոփոխությունը կատարելու օրվանից:

3. Եթե փորձաքննության ընթացքում պարզվում է, որ գրանցման ներկայացված ֆիրմային անվանումը չի համապատասխանում սույն օրենքի պահանջներին, ապա գերատեսչությունը որոշում է կայացնում ֆիրմային անվանման գրանցումը մերժելու վերաբերյալ, ինչի մասին մերժման հիմնավորմամբ սույն հոդվածի 1-ին կետում նշված ժամկետում ծանուցում է պետական ռեգիստրին: Պետական ռեգիստրը մերժումն ստանալու օրվանից մեկօրյա ժամկետում ծանուցում է հայտատուին:

4. Փորձաքննության որոշմանը չհամաձայնելու դեպքում, այն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում, հայտատուն իրավունք ունի բողոք ներկայացնել գերատեսչության բողոքարկման խորհուրդ (այսուհետ` բողոքարկման խորհուրդ):

5. Բողոքարկման խորհուրդը բողոքը քննարկում է գերատեսչության կողմից հաստատված կարգով:

6. Փորձաքննության որոշմանը կամ բողոքարկման խորհրդի որոշմանը չհամաձայնելու դեպքում հայտատուն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմել դատարան:

7. (կետն ուժը կորցրել է 03.04.01 ՀՕ-168)

8. Ֆիրմային անվանումը գրանցելու մասին որոշումն ընդունելուց հետո գերատեսչությունը ֆիրմային անվանումը գրանցում է ֆիրմային անվանումների գրանցման` Հայաստանի Հանրապետության պետական գրանցամատյանում:

9. Ֆիրմային անվանման գրանցման տարին, ամիսը, ամսաթիվը (այսուհետ` թվական) սահմանվում է հայտը գերատեսչություն ներկայացնելու թվականով:

10. Ֆիրմային անվանումը գրանցվում է հայերեն:

11. Պետական գրանցամատյանում գրանցվում է ֆիրմային անվանումը, գրանցման համարը և թվականը, հայտի համարը, հայտատուի հասցեն:

12. Մինչև իրավաբանական անձի պետական գրանցումը, բայց ոչ ավելի, քան 6 ամիս, պետական գրանցամատյանում գրանցված ֆիրմային անվանումն ստանում է ժամանակավոր պահպանություն:

(6-րդ հոդվածը խմբ., փոփ. 03.04.01 ՀՕ-168)

 

Հոդված 7. Ֆիրմային անվանման գրանցումը մերժելու հիմքերը

 

Որպես ֆիրմային անվանում գրանցման ենթակա չէ այն անվանումը, որը`

ա) համընկնում է Հայաստանի Հանրապետությունում ավելի վաղ գրանցված որևէ իրավաբանական անձի ֆիրմային անվանմանը կամ ֆիրմային անվանման կամ ապրանքային և սպասարկման նշանի հրապարակային օգտագործման հետևանքով որևէ բնագավառում հասարակությանը հայտնի կամ համընդհանուր ճանաչում ստացած օտարերկրյա որևէ իրավաբանական անձի ֆիրմային անվանմանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ավելի վաղ գրանցման գործողություն ունեցող որևէ ապրանքային կամ սպասարկման նշանի, ապրանքի ծագման տեղանվան, կամ շփոթելու աստիճան նման են դրանց և վերաբերում են գործունեության նույն ոլորտին.

բ) հակասում է հասարակության շահերին, մարդասիրության և բարոյականության սկզբունքներին.

գ) որոշակի ապրանքի կամ ծառայության անվանում է կամ բնորոշում է դրանց որակը, հատկությունը, քանակը կամ արտադրության եղանակը, կամ գովազդում է դրանք.

դ) բովանդակում է Հայաստանի Հանրապետության պատմական կամ որևէ հանրահայտ անձի լրիվ կամ կրճատ անունը և ներկայացվել է առանց այդ անվան օգտագործման համապատասխան թույլտվության.

ե) համընկնում կամ շփոթության աստիճան նման է որևէ պետության, միջազգային կառավարական և ոչ կառավարական կազմակերպության անվանմանը:

 

Հոդված 8. Գրանցված ֆիրմային անվանումների հաշվառումը

 

1. Գրանցված ֆիրմային անվանումների հաշվառումն իրականացնում է գերատեսչությունը` պետական ռեգիստրի տրամադրած տեղեկությունների հիման վրա:

2. Իրավաբանական անձանց գրանցող մարմինը եռամսյակը մեկ տեղեկություններ է տրամադրում գերատեսչությանը` տվյալ եռամսյակում գրանցված իրավաբանական անձանց, դրանց լուծարման, ինչպես նաև դրանց ֆիրմային անվանումների փոփոխությունների մասին կատարված գրառումների վերաբերյալ:

3. Տրամադրվող տեղեկությունները պետք է պարունակեն իրավաբանական անձի ֆիրմային անվանումը, պետական գրանցման համարը և թվականը, գտնվելու վայրը, իսկ լուծարման դեպքում` նաև իրավաբանական անձանց գրանցամատյանում այդ մասին գրառում կատարելու թվականը:

4. Ստացված տեղեկությունների հիման վրա գերատեսչությունը`

ա) որոշում է կայացնում ֆիրմային անվանման վկայական տալու կամ դրա գրանցումը չեղյալ ճանաչելու մասին.

բ) համապատասխան գրառումներ է կատարում ֆիրմային անվանումների պետական գրանցամատյանում:

(8-րդ հոդվածը խմբ. 03.04.01 ՀՕ-168)

 

Հոդված 9. Ֆիրմային անվանման գրանցման վկայագիրը

 

1. Ֆիրմային անվանման վկայագիր տալու մասին որոշում կայացնելուց հետո, իրավաբանական անձի դիմումի համաձայն, գերատեսչությունը 10 օրվա ընթացքում նրան հանձնում է ֆիրմային անվանման գրանցման վկայագիրը:

2. Ֆիրմային անվանման գրանցման վկայագիրը հաստատում է ֆիրմային անվանման պետական գրանցման փաստը, ինչպես նաև իրավաբանական անձի կողմից դրա օգտագործման բացառիկ իրավունքը:

3. Ֆիրմային անվանման գրանցման վկայագրի ձևը և դրա մեջ նշվող տեղեկությունների ցանկը սահմանում է գերատեսչությունը:

4. Ֆիրմային անվանման գրանցումը գործում է անժամկետ:

 

Հոդված 10. Ֆիրմային անվանումների գրանցման մասին տեղեկությունների հրապարակումը

 

1. Ֆիրմային անվանումների գրանցման, ինչպես նաև սույն օրենքին համապատասխան ֆիրմային անվանումների պետական գրանցամատյանում կատարված բոլոր փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունները հրապարակվում են գերատեսչության պաշտոնական տեղեկագրում:

2. Ֆիրմային անվանման պետական գրանցման մասին հրապարակվող տեղեկությունների լրիվ ցանկը սահմանում է գերատեսչությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

Հոդված 11. Ֆիրմային անվանման օգտագործումը

 

1. Ֆիրմային անվանման օգտագործում է համարվում այդ անվանումով գործարքներ կատարելը, արտադրանքը տնտեսական շրջանառության մեջ մտցնելը, ապրանքներ և ծառայություններ գովազդելը, ֆինանսական գործառնություններ կատարելը, դատարանում հայց ներկայացնելը, ինչպես նաև ֆիրմային անվանման կիրառումը ապրանքների և դրանց փաթեթավորման, ցուցանակների, կնիքների, դրոշմակնիքների, ձևաթղթերի, ազդագրերի վրա և օրենքով չարգելված այլ կիրառումները:

2. Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանումներն օգտագործում են իրավաբանական անձի ֆիրմային անվանումը` ավելացնելով ստորաբաժանման գործունեության բնույթը բնորոշող բառեր կամ գտնվելու վայրի անվանումը:

3. Ֆիրմային անվանումն օգտագործվում է միայն այնպես, ինչպես այն գրանցված է պետական գրանցամատյանում:

4. Ֆիրմային անվանման հետ կարող են օգտագործվել նաև դրա օտարալեզու թարգմանությունները: Այդ դեպքում ֆիրմային անվանման մեջ պարունակվող տարբերակող նշանակության անունը չի թարգմանվում:

 

Հոդված 12. Ֆիրմային անվանման օգտագործման բացառիկ իրավունքը

 

1. Ֆիրմային անվանման օգտագործման բացառիկ իրավունքն ուժի մեջ է մտնում իրավաբանական անձի պետական գրանցման օրվանից կամ գրանցված իրավաբանական անձի ֆիրմային անվանման փոփոխության մասին իրավաբանական անձանց գրանցամատյանում գրառում կատարելու օրվանից և գործում է Հայաստանի Հանրապետությունում նրանց գործունեության ողջ ընթացքում:

2. Օտարերկրյա իրավաբանական անձի ֆիրմային անվանման օգտագործման բացառիկ իրավունքն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետությունում տվյալ ֆիրմային անվանման կամ ապրանքային և սպասարկման նշանի հրապարակային օգտագործման հետևանքով որևէ բնագավառում հասարակությանը հայտնի դառնալու կամ համընդհանուր ճանաչում ստանալու փաստի հիման վրա և գործում է այդպիսի հետևողական օգտագործման ողջ ընթացքում, եթե ֆիրմային անվանումը չի հակասում սույն օրենքով սահմանված ֆիրմային անվանումների գրանցման պայմաններին:

3. Ֆիրմային անվանման օգտագործման բացառիկ իրավունքի խախտում է համարվում պահպանվող ֆիրմային անվանմանը նույնական կամ շփոթելու աստիճան նման անվանման օգտագործումն այլ իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից:

4. Իրավաբանական անձի ֆիրմային անվանումն այլ իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից ապօրինի օգտագործելու, այդ թվում` տվյալ ֆիրմային անվանմամբ նրանց կողմից իրավունքներ և պարտականություններ ձեռք բերելու դեպքում, իրավաբանական անձն իր իրավունքները կարող է պաշտպանել դատական կարգով:

5. Իրավաբանական անձի ֆիրմային անվանման օգտագործման բացառիկ իրավունքը կարող է փոխանցվել միայն տվյալ իրավաբանական անձի հետ մեկտեղ` դրա վերակազմակերպման դեպքում:

 

Հոդված 13. Ֆիրմային անվանման գրանցման գործողության դադարեցումը

 

1. Ֆիրմային անվանման գրանցման գործողությունը դադարեցվում է, և իրավաբանական անձը զրկվում է ֆիրմային անվանման օգտագործման բացառիկ իրավունքից, եթե`

ա) օրենքով սահմանված դեպքերում դատարանի որոշմամբ նրան արգելվել է օգտագործել տվյալ ֆիրմային անվանումը.

բ) օրենքով սահմանված դեպքերում դատարանն անվավեր է ճանաչել ֆիրմային անվանման գրանցումը.

գ) իրավաբանական անձը փոխել է իր ֆիրմային անվանումը.

դ) իրավաբանական անձը լուծարվել է:

2. Հայաստանի Հանրապետության դատարանները ծանուցում են գերատեսչությանը ֆիրմային անվանումների վերաբերյալ որոշումների մասին:

3. Գերատեսչությունը ֆիրմային անվանումների վերաբերյալ դատարանների որոշումների հիման վրա համապատասխան փոփոխություններ է կատարում պետական գրանցամատյանում:

4. Ֆիրմային անվանման օգտագործման բացառիկ իրավունքից իրավաբանական անձի զրկվելու դեպքում տվյալ անվանումը որպես այլ իրավաբանական անձի ֆիրմային անվանում կարող է գրանցվել ոչ շուտ, քան երեք տարի հետո:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 14. Տուրքերը

 

Ֆիրմային անվանման գրանցման և իրավական պահպանության հետ կապված գործողությունների համար գանձվում են պետական տուրքեր, որոնց տեսակները, չափերը և վճարման կարգը սահմանվում են օրենքով:

Ֆիրմային անվանման գրանցումը մերժելու մասին որոշում կայացվելու դեպքում պետական տուրքը սահմանված կարգով ենթակա է վերադարձման:

(14-րդ հոդվածը լրաց. 03.04.01 ՀՕ-168)

 

Հոդված 15. Ֆիրմային անվանումների հետ կապված վեճերի լուծումը

 

Ֆիրմային անվանումների գրանցման և օգտագործման հետ կապված վեճերը լուծվում են դատական կարգով:

 

Հոդված 16. Պատասխանատվությունը ֆիրմային անվանման օգտագործման բացառիկ իրավունքը խախտելու համար

 

1. Ֆիրմային անվանման օգտագործման` իրավաբանական անձի բացառիկ իրավունքը խախտելու դեպքում նրան պատճառված վնասը պետք է փոխհատուցվի խախտողի կողմից:

2. Վնաս կրած իրավաբանական անձի հեղինակությունը (վարկը) վերականգնելու նպատակով գերատեսչությունն իր պաշտոնական տեղեկագրում, խախտողի հաշվին, տեղեկություն է հրապարակում դատարանի համապատասխան որոշման մասին` նշելով նաև, թե ում է պատկանում խախտված իրավունքը:

3. Ֆիրմային անվանման օգտագործման բացառիկ իրավունքը խախտելու դեպքում, խախտողի կողմից պատրաստված ֆիրմային անվանմամբ ցուցանակները, կնիքները, դրոշմակնիքները, ձևաթղթերը, ազդագրերը և այլ տպագիր հրատարակությունները ենթակա են ոչնչացման:

 

Հոդված 17. Միջազգային պայմանագրերը

 

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերում սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

Հոդված 18. Անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո իրավաբանական անձանց` նախկինում գրանցված ֆիրմային անվանումների գրանցման գործողությունը մնում է ուժի մեջ:

2. (կետն ուժը կորցրել է 03.04.01 ՀՕ-168)

3. Ուժը կորցրած ճանաչել 1997 թվականի մայիսի 12-ին ընդունված «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

(18-րդ հոդվածը փոփ. 03.04.01 ՀՕ-168)

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
15 դեկտեմբերի 1999 թ.
ՀՕ-20