ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 նոյեմբերի 2023 թվականի N 2086-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 670-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Կենսաթոշակ վճարելու կարգը հաստատելու մասին» N 670-Ն որոշման N 1 հավելվածը 8.5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8.6-րդ կետով՝
«8.6. Եթե անձը, որի կենսաթոշակի էլեկտրոնային գործն առկա է Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակային բազայում (անկախ կենսաթոշակ ստանալու իրավունքը Լեռնային Ղարաբաղում դադարեցված լինելու հանգամանքից), Հայաստանի Հանրապետությունում մինչև 2024 թվականի հունիսի 1-ն առցանց դիմել է կենսաթոշակ նշանակելու համար, ընտրել է կենսաթոշակի վճարման անկանխիկ եղանակը, և նրան նշանակվել է կենսաթոշակ, ապա կենսաթոշակառուի՝ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով հայտարարություն ստորագրելու ժամկետի հաշվառումն ապահովում է ծառայությունը՝ 12-ամսյա ժամկետի առաջին ամիս դիտարկելով շտեմարանում առկա հետևյալ տեղեկատվությունը ստացվելու կամ հաշվառելու ամսվան հաջորդող ամիսը՝
1) Արցախբանկի տրամադրած՝ Լեռնային Ղարաբաղում կամ Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին հայտարարությունը ստորագրած կենսաթոշակառուների վերաբերյալ.
2) կենսաթոշակառուի՝ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում անձամբ ներկայացրած՝ կենսաթոշակին առնչվող ցանկացած գրավոր դիմումի վերաբերյալ.
3) միգրացիայի և քաղաքացիության բնագավառում լիազոր մարմնից ստացված՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին և դրանից հետո Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու վերաբերյալ.
4) «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքով սահմանված տեղեկատվական բազայում առկա՝ կենսաթոշակառուի աշխատելու վերաբերյալ։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
30.11.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 նոյեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|