Գլխավոր տեղեկություն
Номер
N 2089-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.12.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 30.11.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.11.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.11.2023
Дата вступления в силу
01.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 նոյեմբերի 2023 թվականի N 2089-Ն

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՍՈՐՏԵՐԻ ԵՎ ՀԻԲՐԻԴՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ԴՐԱՆՑ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Սերմերի և տնկանյութի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել տնտեսական արդյունավետության պետական փորձարկումների կազմակերպման, օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի և հիբրիդների ցանկում դրանց գրանցման և գրանցումից հանելու կարգը՝ համաձայն հավելվածի:

2․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Բույսերի սորտերի տնտեսական օգտակարության պետական փորձարկումների կազմակերպման, Հայաստանի Հանրապետությունում օգտագործման թույլտվություն ունեցող բույսերի սորտերի ցանկում դրանց գրանցման և գրանցումից հանելու կարգը հաստատելու մասին» N 2292-Ն որոշումը։

3. Բազմամյա բույսերի սորտերի կամ հիբրիդների տնտեսական արդյունավետության պետական փորձարկումների կազմակերպման, Հայաստանի Հանրապետությունում օգտագործման թույլտվություն ունեցող բույսերի սորտերի և հիբրիդների ցանկում դրանց գրանցման և գրանցումից հանելու վերաբերյալ դրույթներն ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 1-ի N 1087-Ն որոշման մեջ սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո։

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

30.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

նոյեմբերի 30-ի N 2089-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՍՈՐՏԵՐԻ ԵՎ ՀԻԲՐԻԴՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ԴՐԱՆՑ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են բույսերի սորտերի կամ հիբրիդների տնտեսական արդյունավետության պետական փորձարկումների կազմակերպման, օգտագործման թույլտվություն ունեցող բույսերի սորտերի և հիբրիդների ցանկում դրանց գրանցման և գրանցումից հանելու հետ կապված հարաբերությունները:

2. Բույսերի սորտերի կամ հիբրիդների տնտեսական արդյունավետության պետական փորձարկումների (այսուհետ՝ փորձարկում) կազմակերպումը, Հայաստանի Հանրապետությունում օգտագործման թույլտվություն ունեցող բույսերի սորտերի և հիբրիդների ցանկում (այսուհետ՝ ցանկ) դրանց գրանցումը և գրանցումից հանելն իրականացնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին):

3. Փորձարկումների իրականացման մեթոդները հաստատում է լիազոր մարմինը:

 

2. ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

4. Փորձարկումների կազմակերպման և ցանկում գրանցելու նպատակով հայտատու է հանդիսանում սորտը կամ հիբրիդը բուծողը, սերմ կամ տնկանյութ արտադրողը, ներկրողը կամ արտահանողը:

5. Հայտատուն սերմերի ցանքից կամ տնկանյութի տնկելուց 15 օր առաջ լիազոր մարմին է ներկայացնում փորձարկումների կազմակերպման և ցանկում գրանցելու մասին հայտ` համաձայն ձևի:

6. Հայտին կից ներկայացվում են՝

1) սորտի կամ հիբրիդի անվանումը (հայերեն, լատիներեն), փորձարկման վայրի հասցեն, նկարագիրը, որը ներառում է սորտի կամ հիբրիդի ձևաբանական (մորֆոլոգիական), բուսաբանական ու կենսաբանական հատկանիշները և ագրոտեխնիկական առանձնահատկությունները, սորտի կամ հիբրիդի լուսանկարները.

2) սորտի կամ հիբրիդի գենետիկորեն ձևափոխված օրգանիզմ չհանդիսանալու մասին տվյալ երկրի իրավասու մարմնի կամ կազմակերպության կողմից տրված փաստաթուղթ (բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում ստացված սորտի կամ հիբրիդի):

7․ Հայտատուն իր նախաձեռնությամբ կարող է ներկայացնել նաև լրացուցիչ փաստաթղթեր:

8. Հայտը և կից փաստաթղթերը հայտատուի հայեցողությամբ լիազոր մարմին ներկայացվում են առձեռն, փոստով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում հայտն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային թվային ստորագրությամբ։

9. Հայտը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը՝

1) հայտատուի կողմից սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան հայտը և կից փաստաթղթերը ներկայացնելու դեպքում՝ փորձարկում կատարելու մասին.

2) հայտը վերադարձնելու մասին՝ նշելով հայտի վերադարձման պատճառները։

10․ Որոշումն ընդունելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինն այն առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային եղանակով տրամադրում է հայտատուին:

11. Հայտը վերադարձվում է, եթե հայտը լրացված չէ կամ լրացված է թերություններով կամ բացակայում են հայտին կից ներկայացվող փաստաթղթերը կամ սորտի կամ հիբրիդի նկարագիրը թերի է։

12․ Հայտատուն հայտը վերադարձնելու մասին որոշումը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում թերությունները վերացնելու դեպքում հայտը կարող է կրկին ներկայացնել լիազոր մարմին։

13. Հայտատուն լիազոր մարմնի կողմից փորձարկում կատարելու մասին որոշումն ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում, մշակաբույսի տեսակով պայմանավորված և փորձարկումների իրականացման մեթոդներով սահմանված քանակությամբ, անվճար սերմեր կամ տնկանյութ է տրամադրում՝ փորձարկումներ կազմակերպելու համար: Սորտի կամ հիբրիդի տրամադրվող սերմերը և տնկանյութը պետք է լինեն հավաստագրված, փաթեթավորված և պիտակավորված:

14. Փորձարկումների համար տրամադրվում են առաջին վերարտադրության կամ հիբրիդային առաջին սերնդի (F1) սերմեր և հավաստագրված կամ վերարտադրված կամ սովորական կարգի տնկանյութ։

15․ Փորձարկումներն իրականացվում են փորձարկում կատարելու մասին որոշումն ընդունելուց հետո՝

1) միամյա բույսերի դեպքում` 2 տարի անընդմեջ՝ բացառությամբ հիբրիդների, որոնց դեպքում` 1 տարվա ընթացքում.

2) բազմամյա բույսերի դեպքում` պայմանավորված բույսի տեսակով 2-4 տարի անընդմեջ՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում արտադրական նպատակով մշակվող, սակայն ցանկում չգրանցված սորտերի (ներառյալ արմատակալների), որոնց դեպքում՝ մեկ տարվա ընթացքում։

16․ Հայաստանի Հանրապետությունում արտադրական նպատակով մշակվող, սակայն ցանկում չգրանցված սորտերի (ներառյալ արմատակալների) գրանցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն) արտադրական այգիներում ըստ մշակաբույսերի սորտափորձարկման մեթոդների համապատասխան արձանագրված տվյալների հիման վրա։

17. Փորձարկումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կազմակերպության կողմից՝ հայտատուի հետ համաձայնեցված փորձահողամասերում:

18․ Կազմակերպությունն իրավասու է փորձարկման ժամկետը երկարաձգելու սույն կարգի 14-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված ժամկետները ևս մեկ տարով, եթե՝

1) բնական աղետների հետևանքով հնարավոր չի եղել արձանագրել փորձարկումների արդյունքները.

2) հայտատուն հիմնավոր պատճառով ժամանակին չի կարողացել փորձարկումների նպատակով կազմակերպությանը հատկացնել մշակաբույսի տեսակով պայմանավորված և փորձարկումների իրականացման մեթոդներով սահմանված քանակությամբ սերմեր կամ տնկանյութ:

19. Կազմակերպության կողմից փորձարկումների ընթացքն ու արդյունքներն արձանագրվում և էլեկտրոնային եղանակով ներկայացվում են կազմակերպության կողմից կազմավորված փորձագիտական խորհրդին` փորձարկումների ավարտից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:

20. Փորձագիտական խորհուրդը ձևավորվում է կազմակերպության կողմից՝ յուրաքանչյուր տարի և բաղկացած է մինչև 10 անդամից, որոնց կազմում ընդգրկվում են լիազոր մարմնի, կազմակերպության, ագրարային ոլորտի գիտական, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, սերմեր և տնկանյութ արտադրողներ:

21․ Փորձագիտական խորհուրդ ձևավորելու նպատակով կազմակերպության կողմից փորձագիտական խորհրդի կազմում ընդգրկելու մասին թեկնածուներ առաջադրելու վերաբերյալ գրություններ են ներկայացվում ագրարային ոլորտի գիտական, ուսումնական հաստատություններին կամ փորձարկման հայտ չներկայացրած սերմեր և տնկանյութ արտադրողներին։

22․ Փորձարկումները կարող են համատեղվել սորտի կամ հիբրիդի տարբերակիչ առանձնահատկության, միատարրության և կայունության փորձարկումների հետ։

 

3. ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԲՈՒՅՍԵՐԻ ՍՈՐՏԵՐԻ ԵՎ ՀԻԲՐԻԴՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

23․ Փորձարկումների ավարտից հետո կազմակերպության կողմից կազմված արձանագրությունները էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացվում են փորձագիտական խորհրդի անդամներին՝ փորձարկումների արդյունքների վերաբերյալ եզրակացություն ստանալու նպատակով։

24. Փորձագիտական խորհուրդը փորձարկումների արդյունքների մասին արձանագրություններն էլեկտրոնային համակարգի միջոցով ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպությանը տալիս է եզրակացություն:

25. Փորձագիտական խորհրդի եզրակացության հիման վրա կազմակերպությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

1) դրական եզրակացության դեպքում՝ սորտը կամ հիբրիդը ցանկում գրանցման ներկայացնելու մասին.

2) բացասական եզրակացության դեպքում՝ սորտը կամ հիբրիդը ցանկում գրանցման ներկայացնելը մերժելու մասին:

26․ Փորձագիտական խորհրդի եզրակացության հիման վրա կազմակերպության կողմից ընդունված որոշումը ներկայացվում է լիազոր մարմնի ղեկավարի հաստատմանը։

27. Ցանկում սորտի կամ հիբրիդի գրանցման ներկայացնելը մերժելու մասին կազմակերպության որոշումը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով:

 

4. ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԲՈՒՅՍԵՐԻ ՍՈՐՏԵՐԻ ԵՎ ՀԻԲՐԻԴՆԵՐԻ ՑԱՆԿԻՑ ՍՈՐՏԻ ԿԱՄ ՀԻԲՐԻԴԻ ՀԱՆՈՒՄԸ

 

28. Բույսերի սորտերի և հիբրիդների ցանկից սորտը կամ հիբրիդը հանվում է հայտատուի գրավոր դիմումի հիման վրա կամ եթե պարզվել է, որ գրանցումը կատարվել է կեղծ փաստաթղթերի հիման վրա՝ 30 օրվա ընթացքում։

29․ Բույսերի սորտերի և հիբրիդների ցանկից սորտը կամ հիբրիդը հանելու մասին առձեռն, փոստով կամ էլեկտրոնային եղանակով տեղեկացվում է հայտատուին 5 աշխատանքային օրվա ընթացքում։

 

5. ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԲՈՒՅՍԵՐԻ ՍՈՐՏԵՐԻ ԵՎ ՀԻԲՐԻԴՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

30. Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով հաստատվում և յուրաքանչյուր տարի առնվազն մեկ անգամ՝ դեկտեմբեր ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակվում է օգտագործման թույլտվություն ունեցող բույսերի սորտերի և հիբրիդների ցանկը:

 

Ձև

 

 

Հայաստանի Հանրապետության

էկոնոմիկայի նախարարության

«Գյուղատնտեսական հետազոտությունների

և հավաստագրման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն

________________________________ -ին

(անունը, ազգանունը)

 

Հ Ա Յ Տ

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍՈՐՏԱՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԲՈՒՅՍԵՐԻ ՍՈՐՏԵՐԻ ԵՎ ՀԻԲՐԻԴՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ԴՐԱՆՑ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1.

_______________________________________________________________________

(Ֆիզիկական անձի անունը, ազգանունը կամ իրավաբանական անձի անվանումը)

 

2. Բնակության վայրը (Ֆիզիկական անձ) կամ գտնվելու վայրը (իրավաբանական անձ), հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում)

 

3. Անձնագիրը (ֆիզիկական անձ)

կամ

պետական գրանցման կամ պետական

հաշվառման տվյալները

(իրավաբանական անձ)

__________________________________________

(սերիան, համարը, երբ և ում կողմից է տրված)

 

_______________________________________

(համարը, տրման ամսաթիվը, հարկ վճարողի

հաշվառման համարը)

4. Խնդրում եմ իրականացնել _________________________________________________ հասցեում

                                                           (փորձահողամասի գտնվելու վայրը)

_______________________________________________________________________________________

 (մշակաբույսի տեսակը, սորտը կամ հիբրիդը)

 

սորտի կամ հիբրիդի տնտեսական արդյունավետության պետական փորձարկումներ և այն գրանցել օգտագործման թույլտվություն ունեցող բույսերի սորտերի և հիբրիդների ցանկում:

5. Սորտի կամ հիբրիդի տնտեսական արդյունավետության պետական փորձարկում կատարելու կամ հայտը վերադարձնելու մասին որոշումը (այդ թվում՝ վերադարձվող հայտը), սորտը կամ հիբրիդը օգտագործման թույլտվություն ունեցող բույսերի սորտերի կամ հիբրիդների ցանկում գրանցելու կամ գրանցումը մերժելու մասին որոշումը ցանկանում եմ ստանալ՝

1) □ առձեռն.

2) □ փոստով.

3) □ էլեկտրոնային եղանակով:

6․ Հայտին կից ներկայացնում եմ՝

1) սորտի կամ հիբրիդի անվանումը (հայերեն, լատիներեն), փորձարկման վայրի հասցեն, նկարագիրը (սորտի կամ հիբրիդի ձևաբանական (մորֆոլոգիական), բուսաբանական ու կենսաբանական հատկանիշները և ագրոտեխնիկական առանձնահատկությունները), լուսանկարները.

2) սորտի կամ հիբրիդի գենետիկորեն ձևափոխված օրգանիզմ չհանդիսանալու մասին տվյալ երկրի իրավասու մարմնի կամ կազմակերպության կողմից տրված փաստաթուղթ (բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում ստացված սորտի կամ հիբրիդի):

 

Հայտատու՝

______________________

______________________

 

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

 

_______ ____________ 20 թ.

 

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

30.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 նոյեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան