ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության |
36110319 Բ-2186/21Մ-8590/21 | ||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
ս. աՎԵՏԻսյանի | |
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի |
25 օգոստոսի 2023 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով դիմող Երվանդ Աշոտի Կարապետյանի ներկայացուցիչ Ա․Սիրունյանի բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 1-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ․Ասլանյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2019 թվականի մարտի 11-ի որոշմամբ բավարարվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտի պետի ժամանակավոր պաշտոնակատարի միջնորդությունն ու թույլատրվել երկու ամիս ժամկետով Երվանդ Աշոտի Կարապետյանի նկատմամբ իրականացնել «Արտաքին դիտում», «Ներքին դիտում», «Նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վերահսկում» ու «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:
2․ Դիմող Երվանդ Կարապետյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2021 թվականի սեպտեմբերի 1-ին որոշում է կայացրել բողոքը բավարարելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի մարտի 11-ի որոշումը բեկանելու և օպերատիվ-հետախուզական նշված միջոցառումներն իրականացնելու թույլտվությունը ստանալու մասին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հիշյալ ստորաբաժանման ներկայացուցչի միջնորդությունը մերժելու մասին։
3. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ․Ասլանյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2022 թվականի հունվարի 17-ի որոշմամբ ընդունվել է վարույթ1 և 2023 թվականի հուլիսի 24-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
4. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։ Բացի այդ, ստորադաս դատարանի դատական ակտը հակասում է Վճռաբեկ դատարանի Ֆրունզիկ Գալստյանի գործով արտահայտած իրավական դիրքորոշմանը։
Մասնավորապես, բողոքաբերը փաստարկել է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու թույլտվություն ստանալու միջնորդությունը և դրա քննության արդյունքում ընդունված դատական ակտը չեն կարող պարունակել ծավալուն փաստական տվյալների համակցություն՝ նկատի ունենալով, որ միջնորդության հիմքում դրված տեղեկատվությունը նախնական է, ենթադրելի և օպերատիվ-հետախուզական գործունեության ճանապարհով ենթակա է ստուգման, ինչին էլ միտված է «Օպերատիվ-հետախուզական գործունեության» մասին ՀՀ օրենքի նպատակը։
Նշվածի ներքո անդրադարձ կատարելով սույն գործի փաստական հանգամանքներին, բողոքի հեղինակը նշել է, որ հարուցված միջնորդությամբ դատարան էր ներկայացվել անհրաժեշտ նվազագույն տեղեկատվությունը, որը բավարար էր Առաջին ատյանի դատարանի վիճարկվող որոշումը կայացնելու համար։ Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, չվիճարկելով հայցվող միջամտությունը թույլատրելու համար անհրաժեշտ նյութեր և հիմնավորումներ ներկայացված լինելու հանգամանքը, սահմանել է օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրող դատական ակտի պատճառաբանվածության առավել բարձր չափանիշ։
Ամփոփելով կատարված վերլուծությունը, բողոքաբերը եզրահանգել է, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ այնքանով, որքանով պայմանավորված է վարութային առանձնահատկությամբ, պատճառաբանված է։
Միևնույն ժամանակ, բողոքի հեղինակը գտել է, որ միջնորդվող օպերատիվ-հետախուզական միջոցառումներից յուրաքանչյուրը պետք է դիտարկել առանձին և մեկի կապակցությամբ արված եզրահանգմամբ չի կարող պայմանավորվել մյուսների թույլատրելիությունը։ Հետևաբար, Վերաքննիչ դատարանն արձանագրելով, որ ներկայացված միջնորդությամբ քննարկվել է միայն հեռախոսային խոսակցությունների վերահսկման անհրաժեշտությունը, սակայն միջնորդվել և թույլատրվել է չորս տեսակի օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացում, բողոքարկված դատական ակտը կարող էր բեկանել բացառապես այդ մասով։
5. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 1-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ բավարարելով Ե․Կարապետյանի նկատմամբ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու միջնորդությունը։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
6. Առաջին ատյանի դատարանի որոշման նկարագրական-պատճառաբանական մասի համաձայն՝ «(․․․) [Ն]երկայացված նյութերից և միջնորդությունից երևում է, որ ՀՀ ԱԱԾ-ում տվյալներ են ստացվել, որ Երևան քաղաքի բնակիչ, 20․12․1977 թ․ ծնված Երվանդ Աշոտի Կարապետյանը (․․․) ք․ Երևան, Նար-Դոսի փող․, 1-ին նրբ․ տուն 43 հասցեում կազմակերպում է ապօրինի խաղատան գործունեությունը։
Նույն տեղեկությունների համաձայն՝ Ե․Կարապետյանն օգտագործում է (․․․) բջջային հեռախոսահամարը։
(․․․) Ե․Կարապետյանի կողմից օգտագործվող բջջային հեռախոսահամարով կայանալիք խոսակցությունները կարող են պարունակել հիշյալ տեղեկատվությունը հիմնավորող տվյալներ, որոնց օգտագործումը կնպաստի հանցագործության բացահայտմանն ու ապացույցների ձեռք բերմանը, քանզի առկա են հանցագործության հատկանիշներ՝ նախատեսված [2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված] ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (․․․)»2։
7․ Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «(․․․) [Մ]իջնորդության նկարագրական-պատճառաբանական մասում անդրադար[ձ է կատարվել] միայն Ե․Կարապետյանի կողմից օգտագործվող բջջային հեռախոսահամարով կայանալիք խոսակցությունների վերահսկման անհրաժեշտությանը, մինչդեռ, (․․․) եզրափակիչ մասում միջնորդություն է հարուցվել Առաջին ատյանի դատարան՝ թույլատրելու 2 ամիս ժամկետով Ե․Կարապետյանի կողմից օգտագործվող՝ (․․․) բջջային հեռախոսահամարով իրականացնել «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում», «Նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վերահսկում» և «Արտաքին դիտում ու ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։
Առաջին ատյանի դատարանն էլ նույնությամբ բավարարել է միջնորդությունը՝ որոշման նկարագրական-պատճառաբանական մասում չնշելով, թե ինչ հիմքերով է բավարարում միջնորդության այն մասը, որը վերաբերում է «Նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վերահսկում» և «Արտաքին դիտում ու ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվություն տալուն։
Այսինքն, (․․․) Առաջին ատյանի դատարանը (․․․) որևէ կերպ չի անդրադարձել [հիշյալ] օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվություն տալու համար բավարար հիմքերին և հիմնավորումներին։
Բացի այդ, Առաջին ատյանի դատարանը բավարարելով միջնորդության այն մասը, որը վերաբերում է «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն տալուն, որևէ կերպ չի անդրադարձել տվյալ ՕՀՄ-ի իրականացման փաստական հիմքերի առկայությանը, չի բերել դրանց վերաբերելիության, արժանահավատության և բավարարության վերաբերյալ հիմնավորումները, ինչը բովանդակազրկել է քննարկվող օպերատիվ-հետախուզական միջոցառման նկատմամբ դատական վերահսկողության էությունը՝ այն դարձնելով ձևական։ Այլ խոսքով՝ Առաջին ատյանի դատարանի որոշումը պատճառաբանված չէ։
Հիմք ընդունելով վերոգրյալը և նկատի ունենալով, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը հիմնավորված և պատճառաբանված չէ, Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ բերված վերաքննիչ բողոքը ենթակա է բավարարման, իսկ դատարանի որոշումը պետք է բեկանել՝ մերժելով քննիչի միջնորդությունը։
Ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքի այն պատճառաբանությանը, որ՝ «(․․․) որոշումը և դրան կցվող նյութերը դատարան է ներկայացվում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի կողմից, ԱԱԾ տնօրենը հիշյալ որոշումը չի կայացրել, վերջինս կամ նրա տեղակալը դատարան չեն դիմել (․․․) դատարան է դիմել նման լիազորություն չունեցող ՀՀ ԱԱԾ ԱԿՊ և ԱՊԴ պետը», ապա այն հիմնավորված չէ՝ հետևյալ պատճառաբանությամբ։
(․․․)
Տվյալ դեպքում, սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտը /ՍԿՊ և ԱԴՊ/ հանդիսանում է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ՀՀ ԱԱԾ կենտրոնական մարմին, որի ղեկավարը՝ տվյալ դեպքում պետի ժամանակավոր պաշտոնակատարը, իրացնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 284-րդ հոդվածի 3-րդ մասով իրեն վերապահված լիազորությունները, իրավասու է օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու համար միջնորդությամբ դատարան դիմելու»3։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
8. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ներկայացված վճռաբեկ բողոքով վիճարկվում է Ե․Կարապետյանի նկատմամբ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու մասով միջնորդությունը մերժելու իրավաչափությունը, ուստի սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչափ է արդյո՞ք Առաջին ատյանի դատարանի դատական ակտը պատճառաբանված չլինելու հիմնավորմամբ Ե․Կարապետյանի նկատմամբ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու մասով ՀՀ ազգային անվտանգության ծառայության ներկայացուցչի միջնորդությունը մերժելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը:
9․ ՀՀ Սահմանադրության 172-րդ հոդվածի համաձայն՝ «Վերաքննիչ դատարաններն առաջին ատյանի դատարանների դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայող դատական ատյան են»:
1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 278-րդ հոդվածի համաձայն՝ «1. Դատարանը քննում է քննչական, (․․․) գործողություններ կատարելու (․․․) վերաբերյալ միջնորդությունները:
(․․․)
3. Դատարանի` սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում ընդունվող որոշումները կարող են վերանայվել վերադաս դատարանի կողմից` դատախազի, միջնորդություն հարուցած մարմնի, այն անձանց կամ նրանց ներկայացուցիչների բողոքի հիման վրա, որոնց շահերը շոշափվում են:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 386-րդ հոդվածի համաձայն՝ «Վերաքննիչ բողոքի հիման վրա վերաքննիչ դատարանն ստուգում է գործի փաստական հանգամանքների բացահայտման և քրեական օրենքի կիրառման ճշտությունը, ինչպես նաև գործը քննելիս և լուծելիս քրեական դատավարական օրենքի նորմերի պահպանումը»:
Դատական վերանայման իրավունքի համատեքստում դատարանների գործառութային տարանջատման առնչությամբ նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ4 անդրադառնալով օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրող առաջին ատյանի դատարանի որոշման վերաքննիչ վերանայման առանձնահատկություններին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե առաջին ատյանի դատարանը լրիվ ծավալով քննության է առնում միջնորդությունը և կայացված որոշմամբ լուծում ներկայացված պահանջի հիմնավորվածության ու իրավաչափության հարցը, ապա վերաքննիչ դատարանը, որպես կանոն, վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում վերանայում է առաջին ատյանի դատարանի կողմից միջնորդության առնչությամբ տրված լուծման հիմնավորվածությունն ու իրավաչափությունը՝ կայացնելով դատական ակտն անփոփոխ թողնելու, միջնորդությունը մերժելու կամ բավարարելու մասին որոշում։ Ընդ որում, դատական ակտի պատճառաբանվածության չափանիշի իմաստով, որպես կանոն, նախատեսված որոշումներից մեկը կայացնելիս, վերաքննիչ դատարանը պարտավոր է պատճառաբանել, թե ինչու՞ է եկել այս կամ այն հետևության, և ո՞ր իրավանորմերով է ղեկավարվել նման որոշում կայացնելիս։ Պատճառաբանությունը պետք է կառուցվի տրամաբանորեն կապված և գործի փաստական հանգամանքներից բխող հստակ, որոշակի և համոզիչ հետևությունների վրա5:
10. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝
- ՀՀ ազգային անվտանգության ծառայության ներկայացուցչի միջնորդությունը՝ Ե․Կարապետյանի նկատմամբ, ի թիվս այլնի, նաև «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ, Առաջին ատյանի դատարանը բավարարել է՝ այն պատճառաբանությամբ, որ առկա են 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքը ենթադրյալ կատարելու մասին վկայող փաստեր, միաժամանակ հիմքեր կան ենթադրելու, որ հեռախոսային խոսակցությունների վերահսկման արդյունքում կարող է ձեռք բերվել տվյալ վարույթի համար նշանակություն ունեցող տեղեկատվություն6,
- Նշված որոշման դեմ ներկայացված բողոքի քննության արդյունքում, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ վիճարկվող դատական ակտում բացակայում են «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու թույլտվություն տրամադրելու փաստական հիմքերի առկայության հիմնավորումներ։ Այլ կերպ ասած՝ Առաջին ատյանի դատարանի որոշումը պատճառաբանված չէ, ինչը, վիճարկվող դատական ակտը բեկանելու և ՀՀ ազգային անվտանգության ծառայության ներկայացուցչի միջնորդությունը նաև հիշյալ օպերատիվ-հետախուզական միջոցառման մասով մերժելու հիմք է։ Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ բողոքի հեղինակի փաստարկն այն մասին, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու թույլտվություն ստանալու մասին միջնորդությունը ներկայացվել է ոչ պատշաճ սուբյեկտի կողմից, հիմնավոր չէ7։
11․ Սույն որոշման 9-րդ կետում շարադրված իրավական դիրքորոշումը կիրառելով նախորդ կետում վկայակոչված փաստերի նկատմամբ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, ի թիվս այլնի, նաև քննարկել է Ե.Կարապետյանի նկատմամբ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդությունը և դատարան ներկայացված նյութերի ուսումնասիրությամբ գտել, որ դրանք բավարար են ներկայացված միջնորդությունը բավարարելու համար, մինչդեռ Վերաքննիչ դատարանը, փաստելով, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը պատճառաբանված չէ, մերժել է նախաքննության մարմնի վերոնշյալ միջնորդությունը՝ առանց ստուգման ենթարկելու մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի նկատմամբ միջամտությանն առաջադրվող պայմանները հաղթահարված լինելու առնչությամբ Առաջին ատյանի դատարանի հետևությունները: Փաստորեն, սույն գործով, օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու թույլտվություն ստանալու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը մերժելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնված է ոչ թե գործի նյութերի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման ու վերլուծության վրա՝ in concreto փաստական հանգամանքների գնահատմամբ հայցվող միջամտության՝ իր բնույթին, նպատակային նշանակությանն ու օրենսդրությամբ առաջադրվող համաչափության պայմաններին համապատասխանելու առումով, այլ զուտ Առաջին ատյանի դատարանի դատական ակտը պատճառաբանված չլինելու վերաբերյալ հետևության վրա։
Վերոգրյալի առնչությամբ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օպերատիվ-հետախուզական գործունեություն, տվյալ դեպքում՝ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու վերաբերյալ ներկայացված միջնորդության և այդ միջնորդության քննության արդյունքում ստորադաս դատարանի կայացրած որոշման օրինականության և հիմնավորվածության ստուգումը քրեադատավարական ինքնուրույն կառուցակարգեր են, պայմանավորված չեն մեկը մյուսով։ Ուստի այն դեպքում, երբ միջնորդության հիմնավորվածությունը կասկածի տակ չի դրվում, օպերատիվ-հետախուզական միջոցառում կատարելու նկատմամբ դատական վերահսկողության արդյունքում կայացված դատական ակտի թերի կամ սխալ պատճառաբանված լինելու վերաբերյալ վերադաս դատարանի եզրահանգումն ինքնին չի կարող հիմք հանդիսանալ այդ միջոցառման կատարման թույլտվություն հայցելու միջնորդությունն անհիմն համարելու և մերժելու համար։ Տվյալ դեպքում, միայն ստորադաս դատարանում ներկայացված միջնորդության և այն հիմնավորող նյութերի շրջանակներում «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն տրամադրելու փաստական հիմքերի ստուգման արդյունքում, Վերաքննիչ դատարանը կարող էր մերժել ներկայացրած միջնորդությունը։
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի դատական ակտը պատճառաբանված չլինելու հիմնավորմամբ Ե․Կարապետյանի նկատմամբ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու մասով ՀՀ ազգային անվտանգության ծառայության ներկայացուցչի միջնորդությունը մերժելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունն իրավաչափ չէ։
12․ Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել քրեադատավարական օրենքի պահանջների խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, և համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի, հիմք է Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի սեպտեմբերի 1-ի որոշումը բեկանելու համար։
Միևնույն ժամանակ, հաշվի առնելով այն, որ Ե․Կարապետյանի նկատմամբ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդության փաստական հիմքը ոչ բողոքաբերի8, ոչ էլ Վերաքննիչ դատարանի կողմից9 չի վիճարկվել և կասկածի տակ չի դրվել, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պետք է մասնակիորեն՝ Ե․Կարապետյանի նկատմամբ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու մասով օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի մարտի 11-ի որոշմանը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2021 թվականի սեպտեմբերի 1-ի որոշումը մասնակիորեն՝ Երվանդ Աշոտի Կարապետյանի նկատմամբ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ն․Մարգարյանի միջնորդությունը մերժելու մասով, բեկանել և այդ մասով օրինական ուժ տալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի մարտի 11-ի որոշմանը։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող՝ 483-րդ հոդվածի 8-րդ մասի, սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:
2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 6:
3 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 43-58:
4 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումը:
5 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Էրիկ Մարգարյանի գործով 2014 թվականի մարտի 28-ի թիվ ՍԴ3/0045/01/13 և Արսեն Մակարյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0016/01/15 որոշումները։
6 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը։
7 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։
8 Տե՛ս նյութեր, հատոր 1, վերաքննիչ բողոքը, թերթեր 9-15։
9 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։
Նախագահող` Հ. Ասատրյան Դատավորներ` ս. աՎԵՏԻՍյան Ա. Պողոսյան Ս. Օհանյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|