Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.02.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 28.11.2023
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
17.02.2023
Подписан
Նախագահող
Дата подписания
17.02.2023
Дата вступления в силу
17.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/2654/05/14

2023 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/2654/05/14

Նախագահող դատավոր՝

 Ա. Թովմասյան

Դատավորներ՝

 Ա. Պողոսյան

 Ա. Բաբայան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Լ. Հակոբյան

Ք. Մկոյան

 

2023 թվականի փետրվարի 17-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 20.12.2019 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Հանձնաժողովի, երրորդ անձ` ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (այսուհետ՝ Կարգավորող հանձնաժողով)` 16.05.2014 թվականի թիվ 204-Ա որոշումը վերացնելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1 Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է վերացնել 16.05.2014 թվականի ««Հայաստանի Էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին» թիվ 204-Ա որոշումը։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ղազարյան) 01.12.2015 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (նախագահող դատավոր՝ Գ Ղարիբյան, դատավորներ՝ Ք Մկոյան, Ա Առաքելյան) 07.07.2016 թվականի որոշմամբ Հանձնաժողովի վերաքննիչ բողոքը բավարարվել է, ՀՀ վարչական դատարանի 01.12.2015 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան` ամբողջ ծավալով նոր քննության։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ս. Հովակիմյան) (այսուհետ` Դատարան) 19.06.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.12.2019 թվականի որոշմամբ Հանձնաժողովի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 19.06.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հանձնաժողովը (ներկայացուցիչ` Գեղամ Գևորգյան):

Վճռաբեկ բողոքի պատասխաններ են ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ՝ Գագիկ Թովմասյան) և Կարգավորող հանձնաժողովը (ներկայացուցիչ՝ Գարեգին Բաղրամյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել և չի կիրառել իրավահարաբերության ծագման պահին գործող «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը, 7-րդ հոդվածի 2-րդ մասի «ա», «դ» և «ե» կետերը, որոնք պետք է կիրառեր, կիրառել է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 5-րդ և 6-րդ հոդվածները, «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 5-րդ, 17-րդ, 41-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել և կիրառել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 27.12.2006 թվականի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» թիվ 358-Ն որոշմամբ հաստատված կանոնների 13.1-րդ, 13.8-րդ կետերը, չի կիրառել 13.2-րդ կետը, սխալ է մեկնաբանել և կիրառել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի «Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման վճարները հաստատելու մասին» 21.12.2007 թվականի թիվ 659-Ն որոշումը, չի կիրառել ՀՀ կառավարության 08.05.2003թ. «Ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգը հաստատելու մասին» թիվ 626-Ն որոշման 13-րդ կետը, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասը, 27-րդ հոդվածը, 126-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերը:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը հիմնավորել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտի կողմից պայմանագրի կողմին կամ պայմանագիր կնքել ցանկացող անձին պայմանի պարտադրումը, որն իր բնույթով կամ իրականացման տեսանկյունից չի առնչվում պայմանագրի բուն առարկայի հետ, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի «ե» կետով արգելված է որպես գերիշխող դիրքի չարաշահման դրսևորում:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ բազմաբնակարան շենքի դեպքում սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման վճարների վճարման որևէ պարտավորություն բազմաբնակարան շենքի բնակարանի սեփականատերը չի կրում, այդ պարտավորությունը հստակ սահմանված է բազմաբնակարան շենքի կառուցապատողի համար:

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել կառուցապատող-մատակարար կազմակերպություն-սպառող իրավահարաբերության առանձնահատկությունները, անտեսել է սույն գործում առկա մի շարք ապացույցներ և իրավահարաբերության պահին գործող ՀՀ կառավարության 08.05.2003 թվականի «Ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգը հաստատելու մասին» թիվ 626-Ն որոշման 13-րդ կետի պահանջները:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև այն հանգամանքը, որ Ընկերությունը, անկախ կառուցապատողի կողմից պայմանագրով սահմանված պարտավորությունները կատարված լինելու փաստից, իր ռիսկով կատարել և ավարտել է միացման աշխատանքները, ինչի արդյունքում 03.08.2010 թվականին կազմվել է Ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտը, ապա կառուցապատողի կողմից վճարումներ չկատարելու հետևանքով վնասների ռիսկը կարող է կրել միայն Ընկերությունը, քանի որ Ընկերությունն ունեցել է պայմանագրով սահմանված բոլոր իրավունքները և երաշխիքները կառուցապատողի կողմից պարտավորությունների կատարում պահանջելու համար: Տվյալ դեպքում միացման նոր իրավահարաբերություններ շենքի բնակիչների հետ սկսելու և միացման աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությունը բացակայել է:

Վերաքննիչ դատարանը, Ընկերության կողմից լրացուցիչ պարտավորությունների պարտադրման բացակայությունը վերջինիս կողմից շենքի բնակիչներին առաջարկ ներկայացնելու հանգամանքով հիմնավորելով, անտեսել է, որ Ընկերությունը, առաջարկելով շենքի բնակիչներին մարել կառուցապատողի պարտքը՝ վճարել բազմաբնակարան շենքի միացման վճարը, շենքի սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացնելը և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքելը պայմանավորել է բացառապես այդ պարտքը ամբողջությամբ մարելու պայմանով:

Վերաքննիչ դատարանը չի իրականացրել բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն:

Կարգավորող հանձնաժողովի 09.04.2014 թվականի «Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու 1/3 հասցեի բազմաբնակարան շենքի սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացնելու մասին» թիվ 79Ա որոշումը չի հանդիսանում վարչական ակտ, քանի որ այն չի համապատասխանում վարչական ակտին բնորոշ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածով սահմանված հատկանիշներին:

Հանձնաժողովը, Ընկերության գործողությունները որակել է որպես սպառողների նկատմամբ խտրական պայմանների կիրառում՝ հաշվի առնելով Կարգավորող հանձնաժողովի 27.12.2006 թվականի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» թիվ 358-Ն որոշմամբ հաստատված կանոններով, ՀՀ կառավարության, Կարգավորող հանձնաժողովի և մի շարք այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված իրավակարգավորումները, որոնցով նախատեսված չէ բազմաբնակարան շենքի բնակիչների պարտականություն Ընկերությանը վճարելու միացման վճարներ, և սահմանված է արգելք նրանցից պահանջելու սահմանված փաստաթղթերից բացի այլ փաստաթղթեր:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 20.12.2019 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը մերժել կամ գործն ուղարկել համապատասխան դատարան՝ նոր քննության, և սահմանել նոր քննության ծավալը:

 

2.1 Վճռաբեկ բողոքի վերաբերյալ Ընկերության պատասխանի հիմնավորումները.

Իրավաչափ չէ Հանձնաժողովի կողմից ներկայացված այն դիրքորոշումը, որ Ընկերությունը Կանոնների 132-րդ կետով նախատեսված փաստաթղթերից բացի Ծիծեռնակաբերդի խճուղի 1/3 հասցեի բնակիչներից պահանջել է վճարել կառուցապատողի կողմից չկատարված վճարումները՝ պարտքը համամասնորեն բաժանելով բոլոր բնակիչների միջև, ինչպես նաև այն պնդումը, որ Վերաքննիչ դատարանը ճիշտ չի մեկնաբանել կառուցապատող-մատակարար, կազմակերպություն-սպառող իրավահարաբերության առանձնահատկությունները, քանի որ Վերաքննիչ դատարանը 20122019 թվականի որոշումը կայացնելիս առաջին հերթին հաշվի է առել սույն գործով ստեղծված իրադրության առանձնահատկությունները։

Գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտի իրավական կարգավիճակն ընդգրկում է ոչ միայն վերջինիս պարտականությունները (հատկապես գերիշխող դիրքը չչարաշահելու պարտականությունը), այլև վերջինիս բնորոշ հատուկ իրավունքները, որոնց թվին է դասվում իրավունքը հիմնավորելու իր գործունեության թույլատրելիությունը, որը տվյալ դեպքում արտահայտվել է համապատասխան գրությամբ Կարգավորող հանձնաժողովին դիմելու ձևով:

Տրամաբանական չէ Հանձնաժողովի այն պնդումը, որ Կարգավորող հանձնաժողովի կողմից թիվ 25-ն որոշմամբ տրված մեկնաբանությունները վերաբերում են օրենքի նախկին խմբագրությամբ կարգավորումներին և վերաբերելի չեն սույն գործով իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ Օրենքի 7-րդ հոդվածի «ա» կետին, այնինչ կատարված փոփոխությունը չի կարող համարվել էական և ազդել Կարգավորող հանձնաժողովի կողմից տրված պարզաբանման վրա։

Հաշվի առնելով տվյալ գործով առկա իրավիճակի առանձնահատկությունները և եզակիությունը՝ բացառվում է նախկինում նմանատիպ պայմաններում այլ տնտեսվարող սուբյեկտների կամ սպառողների նկատմամբ այլ հավասար պայմանների առկայությունը, ուստի և բացառվում է Ընկերության կողմից խտրական պայմանների կիրառումը:

 Վերոգրյալ պատճառաբանությունների հիման վրա Ընկերությունը խնդրել է մերժել Հանձնաժողովի վճռաբեկ բողոքը։

 

2.2 Վճռաբեկ բողոքի վերաբերյալ Կարգավորող հանձնաժողովի պատասխանի հիմնավորումները.

Կարգավորող հանձնաժողովը, վերահաստատելով սույն գործի շրջանակներում արտահայտած դիրքորոշումները, խնդրել է մերժել Հանձնաժողովի վճռաբեկ բողոքը։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Հանձնաժողովի 27072005 թվականի թիվ 73-Ա որոշմամբ Ընկերությունը, «Բաշխիչ ցանցերով էլեկտրական էներգիայի մատակարարում» ապրանքային շուկայում՝ թիվ 0092 լիցենզիայի հիման վրա (չունի մրցակից) իրացման ծավալով գրավելով շուկայի 100 տոկոսը, համարվել է գերիշխող դիրք ունեցող և գրանցվել է տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված գրանցամատյանում (հատոր 1-ին, գ.թ. 15):

2. Ընկերության Արևմուտք մասնաճյուղի և «Միլլար» ՍՊԸ-ի միջև 29.03.2010 թվականին կնքվել է «Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող համակարգը էլեկտրական ցանցին միացման» թիվ E0400195.P պայմանագիրը, որի 6.3-րդ կետի համաձայն. «Սույն պայմանագիրը կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում Պատվիրատուն պարտավոր է փոխանցել Մատակարարի հաշվին կանխավճար պայմանագրով սահմանված միացման վճարի առնվազն 50%-ի չափով, իսկ մնացած գումարը վճարել միացման աշխատանքների ավարտից հետո Մատակարարի կողմից դուրս գրված հարկային հաշիվը ստանալուց երեք աշխատանքային օրվա ընթացքում» (հատոր 1-ին, գ.թ. 24-25):

3. 21.03.2014 թվականին Ընկերությունը` իր և «Միլլար» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրի կատարման համար անհրաժեշտ աշխատանքներն ավարտելուց հետո, Կառուցապատողի կողմից իր պայմանագրային պարտավորությունները չկատարելու (միացման վճարը չվճարելու) կապակցությամբ, հայցադիմում է ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` «Միլլար» ՍՊԸ-ին պայմանագրային պարտավորությունները կատարելուն պարտավորեցնելու պահանջով (հավելված, գթ 219-223)։

4. Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղի 1/3 շենքի թվով 19 բնակիչներ 20.02.2014 թվականին դիմել են Ընկերությանը` բազմաբնակարան շենքի տրանսֆորմատորային ենթակայանը լարման տակ դնելու, որպես բաժանորդներ գրանցելու, համապատասխան պայմանագրեր կնքելու, էլեկտրաէներգիա մատակարարելու խնդրանքով (հատոր 4-րդ, գ.թ. 46)։

5. Ծիծեռնակաբերդի խճուղի 1/3 շենքի մի քանի բնակիչներ 24.03.2014 թվականին դիմել են Հանձնաժողովին` խնդրով ուսումնասիրել Ընկերության կողմից մենաշնորհ դիրքի չարաշահման գործողությունները և հանձնարարել դադարեցնել դրանք` լարման տակ դնելով շենքը սնուցող ենթակայանը, բնակարանների սեփականատերերի հետ կնքելով համապատասխան մատակարարման պայմանագրեր (հավելված, գթ 265-266)։

6. 25.03.2014 թվականի թիվ 12-ԵԲ-426 գրությամբ Ընկերությունն ի պատասխան Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղի 1/3 շենքի բնակիչների 20022014 թվականի դիմումի՝ հայտնել է, որ ստեղծված իրավիճակում բազմաբնակարան շենքի բնակարանների սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացնելու համար նպատակահարմար է կիրառել Կարգավորող հանձնաժողովի նախադեպային որոշումը, բնակարանների սպառման համակարգերը ցանցին միացնել փուլերով, իսկ միացման վճարը կգանձվի յուրաքանչյուր դիմումի համար (...)։ Միացման վճարի չափը կազմում է 138.000 ՀՀ դրամ։ Գրությամբ Ընկերությունը բնակիչներին տեղեկացրել է նաև, որ Ընկերությանն անհրաժեշտ է դիմել Կարգավորող հանձնաժողով` «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» թիվ 358-Ն որոշմամբ հաստատված կանոնների 13.8-րդ կետին համապատասխան անհատական որոշում ընդունելու համար և խնդրել է բնակիչներին հայտնել դիրքորոշում նշված առաջարկի վերաբերյալ (հատոր 5-րդ, գ.թ. 75-76)։

7. 26.03.2014 թվականի գրությամբ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղի 1/3 շենքի մի քանի բնակիչներ համաձայնել են Ընկերության առաջարկի հետ (հատոր 5-րդ, գ.թ. 77)։

8. Ընկերությունը 26.03.2014 թվականի թիվ 04-ԵԲ-436 գրությամբ դիմել է Կարգավորող հանձնաժողովին` բազմաբնակարան շենքի տեխնոլոգիական միացման աշխատանքների իրականացման հարցի լուծման խնդրանքով (հավելված, գթ 263)։

9. 09.04.2014 թվականին Կարգավորող հանձնաժողովն ընդունել է «Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու 1/3 հասցեի բազմաբնակարան շենքի սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացնելու մասին» թիվ 79Ա որոշումը, որի համաձայն.

«Հաշվի առնելով`

ա) որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու 1/3 հասցեի բազմաբնակարան շենքի (այսուհետ` բազմաբնակարան շենք) մի խումբ բնակիչներ 2014 թվականի փետրվարի 20-ին դիմել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերություն` կառուցապատող ընկերության բացակայության և բնակարանների սեփականության վկայականների առկայության պայմաններում բազմաբնակարան շենքի սպառման համակարգն էլեկտրական ցանցին փուլային եղանակով միացնելու խնդրանքով,

բ) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 2014 թվականի մարտի 26-ի թիվ 04-ԵԲ-436 գրությունը, և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» թիվ 358Ն որոշմամբ հաստատված` էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնների 13.8 կետը` Հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել, որ բազմաբնակարան շենքի`

1) սպառման համակարգի միացումն էլեկտրական ցանցին իրականացվում է փուլային եղանակով` այդ համակարգի միացման համար ներկայացված անհատական դիմումների հիման վրա.

2) սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման վճարը յուրաքանչյուր դիմումի համար գանձվում է առանձին` հիմք ընդունելով 2007 թվականի դեկտեմբերի 21-ի «Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման վճարները հաստատելու մասին» թիվ 659Ն որոշմամբ բազմաբնակարան շենքի սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման յուրաքանչյուր բնակարանի կամ առևտրային սպառողի համար սահմանված միացման վճարի չափը։ Միացման վճարի վճարումը հավաստող փաստաթուղթը դիմումի հետ միասին ներկայացվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերություն։

3) բազմաբնակարան շենքի ապառման համակարգի էլեկտրական ցանցին միացման անհատական դիմումները ներկայացվում են սպառման համակարգի ընդհանուր օգտագործման էլեկտրասարքավորումների` էլեկտրական ցանցին միացման վճարն ամբողջությամբ վճարելուց հետո. (…)» (հատոր 1-ին, գ.թ. 18-19):

10. Կարգավորող հանձնաժողովի 02072014 թվականի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 09042014 թվականի թիվ 79Ա որոշումն անվավեր ճանաչելու մասին դիմումը մերժելու և որոշումն անփոփոխ թողնելու մասին» թիվ 237Ա որոշմամբ մերժվել է Կարգավորող հանձնաժողովի 09.04.2014 թվականի «Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու 1/3 հասցեի բազմաբնակարան շենքի սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացնելու մասին» թիվ 79Ա որոշումն անվավեր ճանաչելու վերաբերյալ բազմաբնակարան շենքի բնակիչների դիմումը (հատոր 1-ին, գ.թ. 75-78):

11. Հանձնաժողովը 25032014 թվականի թիվ ԱՇ-695, թիվ ԱՇ-696, թիվ ԱՇ-697, թիվ ԱՇ-698, թիվ ԱՇ-699 գրություններով Ընկերության տնօրենին, Ա Հարությունյանին, Վ Հարությունյանին, Ա Գալստյանին և Մ Կարապետյանին հայտնել է, որ քաղաքացիներ Ա Հարությունյանի, Վ Հարությունյանի, Ա Գալստյանի և Մ Կարապետյանի 24032014 թվականի դիմումի հիման վրա Հանձնաժողովը հարուցել է վարչական վարույթ (հավելված, գթ 264-270)։

12. Հանձնաժողովի 16.05.2014 թվականի «Ընկերության նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին» թիվ 204-Ա որոշման համաձայն` Հանձնաժողովը որոշել է.

«1. «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության գործողությունը դիտարկել որպես մենաշնորհ դիրքի չարաշահում (․․․)։

2. Մենաշնորհ դիրքի չարաշահման համար «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ նշանակել տուգանք քսան միլիոն դրամի չափով։

3. Հանձնարարել «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը սույն որոշումը ստանալուն հաջորդող օրվանից հետո հաշված մեկ շաբաթվա ընթացքում`

1) վճարել սույն որոշման 2-րդ կետով նշանակված տուգանքը,

2) վերացնել Օրենքի խախտումը` ք. Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 1/3 հասցեում գտնվող շենքի` ԷՄՕԿ-ին համապատասխան դիմում և փաստաթղթեր ներկայացրած բնակիչների հետ կնքելով էներգամատակարարման պայմանագրեր,

3) իրականացնել Ծիծեռնակաբերդի խճուղի 1/3 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի սպառման համակարգի ընդհանուր օգտագործման էլեկտրասարքավորումների` էլեկտրական ցանցին միացում։

4. Սույն որոշման 3-րդ կետում նշված գործողությունները կատարելուց հետո` 3-օրյա ժամկետում Հանձնաժողով ներկայացնել տեղեկատվություն կատարման վերաբերյալ` կցելով համապատասխան ապացույցներ։ (…)» (հատոր 1-ին, գ.թ. 10-17):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, պայմանավորված բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի, 7-րդ հոդվածի 2-րդ մասի «ա», «դ» և «ե» կետերի, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 5-րդ և 6-րդ հոդվածների, «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 5-րդ, 17-րդ հոդվածների, Կարգավորող հանձնաժողովի 27.12.2006 թվականի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» թիվ 358-Ն որոշմամբ հաստատված կանոնների 13.1-րդ, 13.2-րդ, 13.8-րդ կետերի խախտում թույլ տալու հանգամանքով, ինչը, սակայն, հերքվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով

 

Սույն գործով բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում բացահայտել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի իմաստով «գերիշխող դիրքի չարաշահում» իրավախախտման բովանդակությունը:

Տնտեսական գործունեության ազատության և ազատ տնտեսական մրցակցության երաշխավորումը` որպես սահմանադրական կարգի հիմունք, ելակետային նշանակություն ունի Հայաստանի Հանրապետությունում տնտեսական հարաբերությունների կանոնակարգման համար: Տնտեսական գործունեության ազատությունը շուկայական տնտեսության հիմնարար սկզբունքն է և շուկայական տնտեսական հարաբերությունների ձևավորման ու զարգացման օբյեկտիվ նախադրյալը: Միաժամանակ ազատ տնտեսական գործունեության իրավունքը բացարձակ չէ. բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր ապահովելու համար այն ենթակա է սահմանափակման` ազատ տնտեսական մրցակցության ապահովման նպատակից ելնելով: Հետևաբար, նշված երկու իրավական սկզբունքների` տնտեսական գործունեության ազատության և ազատ տնտեսական մրցակցության ներդաշնակ ու հետևողական իրացման պայմաններում է միայն հնարավոր հասնել շուկայական հարաբերությունների վրա խարսխված արդյունավետ տնտեսական համակարգի ձևավորմանն ու կայուն զարգացմանը:

Շուկայական տնտեսության պայմաններում տնտեսական մրցակցային քաղաքականությունը հանդիսանում է պետության տնտեսական քաղաքականության անբաժանելի մասը։ Բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր ապահովելու համար կարևոր նշանակություն ունի տնտեսական մրցակցության պաշտպանությունը, որն, ի թիվս այլնի, շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների զսպման համատեքստում ուղղված է սպառողների իրավունքների պաշտպանությանը։ Գերիշխող դիրքի չարաշահման արգելքն ամրագրվել է 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրությամբ (այսուհետ՝ ՀՀ Սահմանադրություն), որի 331-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը և անբարեխիղճ մրցակցությունն արգելվում են: Իսկ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ մրցակցության սահմանափակումը, մենաշնորհի հնարավոր տեսակները և դրանց թույլատրելի չափերը կարող են սահմանվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է հանրության շահերի պաշտպանության համար:

Տնտեսական մրցակցության լեգալ բնորոշումը տրված է ոլորտը կարգավորող՝ իրավահարաբերության ծագման պահին գործող «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասում, ըստ որի՝ տնտեսական մրցակցությունը կամ մրցակցությունը բնորոշվում է որպես ապրանքների իրացման կամ ձեռքբերման առավել նպաստավոր պայմանների ապահովմանն ուղղված տնտեսական գործունեություն, որի արդյունքում օբյեկտիվորեն սահմանափակվում են տվյալ ապրանքային շուկայում ապրանքների շրջանառության ընդհանուր պայմանների վրա մրցակիցներից յուրաքանչյուրի միակողմանի ազդելու հնարավորությունները։

Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է տնտեսվարող սուբյեկտին գերիշխող դիրք ունեցող ճանաչելու չափանիշները։ Մասնավորապես, Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տնտեսվարող սուբյեկտն ապրանքային շուկայում համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե` (…)

2) որպես իրացնող կամ ձեռք բերող իրացման կամ ձեռքբերման ծավալներով գրավում է տվյալ շուկայի առնվազն մեկ երրորդը, կամ

3) ապրանքային շուկայում իրացման կամ ձեռքբերման առավել մեծ ծավալներ ունեցող երկու տնտեսվարող սուբյեկտներից յուրաքանչյուրը տվյալ ապրանքային շուկայում համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե նրանք, որպես իրացնող կամ ձեռք բերող, իրացման կամ ձեռքբերման ծավալներով միասին գրավում են տվյալ շուկայի առնվազն մեկ երկրորդը, կամ

(…)։

Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ տնտեսվարող սուբյեկտն ապրանքային շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող է համարվում Հանձնաժողովի որոշմամբ:

Այսպիսով, տնտեսվարողին՝ որպես շուկայում գերիշխող դիրք ունեցող ճանաչելու չափանիշը շուկայում վերջինիս զբաղեցրած մասն է՝ ըստ իրացման կամ ձեռքբերման ծավալների մեծության տնտեսվարողի նման կարգավիճակը հավաստվում է Հանձնաժողովի որոշմամբ։

Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը, ի իրացումն ՀՀ Սահմանադրության 331-րդ հոդվածի 2-րդ մասի, արգելում է տնտեսվարող սուբյեկտների կողմից մենաշնորհ կամ գերիշխող դիրքի (այսուհետ` գերիշխող դիրք) չարաշահումը:

Նույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերն սպառիչ կերպով սահմանում են գերիշխող դիրքը չարաշահելու դրսևորումները: Ըստ Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի՝ գերիշխող դիրքի չարաշահում է համարվում՝

ա) իրացման կամ ձեռքբերման չհիմնավորված, խտրական գների սահմանումը կամ կիրառումը կամ օրենսդրությանը հակասող առևտրի այլ պայմանների ուղղակի կամ անուղղակի պարտադրումը.

(…)

դ) այլ տնտեսվարող սուբյեկտների կամ սպառողների նկատմամբ խտրական պայմանների կիրառումը.

ե) պայմանագրի կողմին կամ պայմանագիր կնքել ցանկացող անձին, ներառյալ առևտրի օբյեկտներին, լրացուցիչ պարտավորությունների պարտադրումը, որոնք իրենց բնույթով կամ իրականացման տեսանկյունից չեն առնչվում պայմանագրի բուն առարկայի հետ.

(…)»։

Oրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գերիշխող դիրքի չարաշահումն առաջացնում է տուգանքի նշանակում հինգ միլիոնից երկու հարյուր միլիոն դրամի չափով:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրությամբ որպես ելակետային դրույթ ամրագրվել է գերիշխող դիրքի չարաշահման արգելքը, որի համատեքստում Օրենքն իր կարգավորման առարկայի շրջանակներում սահմանել է այն դեպքերը, երբ Հանձնաժողովը, իրականացնելով տնտեսական մրցակցության պաշտպանությանն ուղղված իր գործառույթները տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համատեքստում, տնտեսվարող սուբյեկտին գերիշխող դիրքի չարաշահման համար ենթարկում է պատասխանատվության։ Օրենքով սպառիչ կերպով թվարկված են այն բոլոր գործողությունները (վարքագիծը), որոնք, նույն Օրենքի իմաստով, կարող են դիտարկվել որպես գերիշխող դիրքի չարաշահում և հանգեցնել պատասխանատվության։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ արարքը ճանաչվում է իրավախախտում միայն այն դեպքում, երբ առկա է իրավախախտման չորս պարտադիր տարրերի միասնությունը, այն է` սուբյեկտ, սուբյեկտիվ կողմ, օբյեկտ, օբյեկտիվ կողմ: Նշվածներից թեկուզ մեկի բացակայությունը վկայում է իրավախախտման բացակայության մասին: Օրենքի համակարգային վերլուծության, այդ թվում՝ գերիշխող դիրքի չարաշահման՝ Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում թվարկված բոլոր դրսևորումների վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «գերիշխող դիրքի չարաշահում» իրավախախտման տարրերն են

1. Իրավախախտման սուբյեկտ «գերիշխող դիրքի չարաշահման» իրավախախտման սուբյեկտը հատուկ է՝ տնտեսվարող սուբյեկտ, որը շուկայում ունի գերիշխող դիրք, այն է՝ տնտեսվարող սուբյեկտ, որը Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված որևէ հիմքով Հանձնաժողովի որոշմամբ ճանաչվել է գերիշխող դիրք ունեցող։

2. Իրավախախտման օբյեկտ իրավախախտման օբյեկտը Հայաստանի Հանրապետությունում բարեխիղճ մրցակցության ապահովմանը և սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերություններն են։

3. Իրավախախտման սուբյեկտիվ կողմ իրավախախտման պարտադիր հատկանիշը մեղքի առկայությունն է, որը դրսևորվում է դիտավորությամբ: Համապատասխան տնտեսվարող սուբյեկտի կողմից գերիշխող դիրքի չարաշահումը կամային գործընթաց է, այսինքն՝ շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտն իրավախախտման օբյեկտիվ կողմը կատարելիս գործում է իր կամքով, և նրա վարքագիծը պայմանավորված չէ այլ սուբյեկտի (սուբյեկտների) կամքով ու վարքագծով։

4. Իրավախախտման օբյեկտիվ կողմ օբյեկտիվ կողմը դրսևորվում է Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված գործողություններից որևէ մեկի կատարմամբ։

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Օրենքի 7-րդ հոդվածի իմաստով «շուկայում գերիշխող դիրքի չարաշահում» իրավախախտումը կարող է առկա լինել միայն տվյալ իրավախախտման վերը նշված բոլոր չորս տարրերի միաժամանակյա առկայության պարագայում այդ տարրերից որևէ մեկի բացակայությունը բացառում է տնտեսվարող սուբյեկտի պատասխանատվությունը։ Ըստ այդմ՝ տնտեսվարող սուբյեկտին գերիշխող դիրքի չարաշահման համար պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Հանձնաժողովի որոշման նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում, ի թիվս այլնի, ՀՀ վարչական դատարանի խնդիրն է պարզել՝ արդյոք բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության արդյունքում Հանձնաժողովի կողմից վարչական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հաստատվում է խնդրո առարկա իրավախախտման վերը նշված բոլոր չորս տարրերի առկայությունը։

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը կարևորում է նաև Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասում, մասնավորապես, 2-րդ մասի «ա», «դ», «ե» կետերում նշված՝ որպես գերիշխող դիրքի չարաշահում դիտարկվող գործողությունների բովանդակության բացահայտումը:

Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ գերիշխող դիրքի չարաշահում է իրացման կամ ձեռքբերման չհիմնավորված, խտրական գների սահմանումը կամ կիրառումը կամ օրենսդրությանը հակասող առևտրի այլ պայմանների ուղղակի կամ անուղղակի պարտադրումը։ Նույն հոդվածի 2-րդ մասի «դ» կետի համաձայն՝ գերիշխող դիրքի չարաշահում է նաև այլ տնտեսվարող սուբյեկտների կամ սպառողների նկատմամբ խտրական պայմանների կիրառումը։

Վճռաբեկ դատարանը, արձանագրելով, որ գերիշխող դիրքի չարաշահման վերը նշված գործողությունների հիմքում տնտեսվարողի խտրական վերաբերմունքն է, անհրաժեշտ է համարում անդրադառնալ «խտրական վերաբերմունք» հասկացության եզրույթաբանական բովանդակությանը։

ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածն ամրագրում է օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը։ Այս հոդվածի պահանջներին համապատասխան՝ պետության պոզիտիվ սահմանադրական պարտականությունն է ապահովել այնպիսի պայմաններ, որոնք նույն կարգավիճակն ունեցող անձանց հավասար հնարավորություն կտան իրացնելու, իսկ խախտման դեպքում՝ պաշտպանելու իրենց իրավունքները, հակառակ դեպքում կխախտվեն ոչ միայն հավասարության, խտրականության արգելման, այլ նաև իրավունքի գերակայության և իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքները (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 29012008 թվականի թիվ ՍԴՈ-731 որոշումը)։

ՀՀ սահմանադրական դատարանը խտրականության արգելման սկզբունքի շրջանակներում տարբերակված մոտեցումը թույլատրելի է համարում միայն այն դեպքում, երբ առկա է տարբերակման օբյեկտիվ հիմք և իրավաչափ նպատակ: Ըստ սահմանադրական դատարանի՝ խտրականության արգելքի խախտում է հանդիսանում այն տարբերակված մոտեցումը, որը զուրկ է օբյեկտիվ հիմքից և իրավաչափ նպատակից (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 04052010 թվականի թիվ ՍԴՈ-881 որոշումը):

ՀՀ սահմանադրական դատարանը շեշտադրել է նաև, որ ենթադրյալ խտրականության դեպքում առկա պետք է լինի մի իրավիճակ, երբ տվյալ կոնկրետ սուբյեկտի նկատմամբ դրսևորվում է տարբերակված մոտեցում նույն իրավիճակում գտնվող այլ սուբյեկտի համեմատությամբ, որի նկատմամբ վերաբերմունքն ավելի բարենպաստ է (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 07062011 թվականի թիվ ՍԴՈ-967 որոշումը)։

Ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան)՝ խտրականությունը բնորոշվում է որպես տարբերակված վերաբերմունք համանման կամ հարաբերականորեն նույնանման իրավիճակում գտնվող անձանց նկատմամբ (տե՛ս Biao v. Denmark, թիվ 38590/10 գանգատով Եվրոպական դատարանի 24052016 թվականի վճիռը, կետ 89)։

Հաշվի առնելով նաև ՀՀ սահմանադրական դատարանի և Եվրոպական դատարանի վերոհիշյալ իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ խտրական վերաբերմունք առկա է այն դեպքում, երբ անձի /անձանց/ նկատմամբ դրսևորվող վերաբերմունքն անբարենպաստ է համանման իրավիճակում գտնվող այլ անձի /անձանց/ նկատմամբ դրսևորվող վերաբերմունքի համեմատությամբ, եթե առկա չէ նման տարբերակված մոտեցման օբյեկտիվ հիմք ու իրավաչափ նպատակ։

Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում խտրական վերաբերմունքի առկայությունը որոշելու համար հարկ է պարզել

-արդյոք առկա՞ է տարբերակված մոտեցում համանման կամ հարաբերականորեն նմանատիպ իրավիճակներում գտնվող անձանց նկատմամբ,

-արդյո՞ք նման տարբերակված մոտեցումն արդարացված է մասնավորապես, արդյո՞ք տարբերակված մոտեցումը հետապնդում է իրավաչափ նպատակ և առկա է ողջամիտ համամասնություն կիրառվող միջոցի և հետապնդվող իրավաչափ նպատակի միջև։

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» և «դ» կետերով գերիշխող դիրքի չարաշահում դիտարկվող գործողությունների առկայությունը հիմնավորելու համար Հանձնաժողովից պահանջվում է վկայակոչել համանման կամ հարաբերականորեն նույնանման իրավիճակում գտնվող տնտեսվարողի կամ սպառողի (սպառողների խումբ), ում նկատմամբ դրսևորվել է ավելի բարենպաստ վերաբերմունք այն տնտեսվարողի կամ սպառողների համեմատությամբ, ում նկատմամբ չարդարացված տարբերակված մոտեցում է դրսևորվել: Այլ կերպ՝ այդ գործողությունների առկայությունը կարող է հաստատված համարվել, եթե առկա է.

- կոնկրետ տնտեսվարող կամ սպառող (սպառողների խումբ),

- վերջինս (վերջիններս) գտնվում է (են) համանման կամ հարաբերականորեն նույնանման իրավիճակում, ինչ այն տնտեսվարողը կամ սպառողը (սպառողների խումբը), ում նկատմամբ տարբերակված մոտեցում է դրսևորվում,

- համանման կամ հարաբերականորեն նույնանման իրավիճակում գտնվող տվյալ տնտեսվարողի կամ սպառողի (սպառողների խմբի) նկատմամբ դրսևորված վերաբերմունքն ավելի բարենպաստ է, քան այն տնտեսվարողի կամ սպառողի (սպառողների խմբի), ում նկատմամբ կիրառվել է տարբերակված մոտեցում,

- տարբերակված մոտեցումն արդարացված չէ որևէ իրավաչափ նպատակով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերը նշված տարրերից որևէ մեկի բացակայությունը բացառում է Օրենքի 7-րդ հոդվածի «ա» և «դ» կետերով գերիշխող դիրքի չարաշահում դիտարկվող գործողությունների համար պատասխանատվությունը:

Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» կետի համաձայն՝ գերիշխող դիրքի չարաշահում է համարվում պայմանագրի կողմին կամ պայմանագիր կնքել ցանկացող անձին, ներառյալ առևտրի օբյեկտներին, լրացուցիչ պարտավորությունների պարտադրումը, որոնք իրենց բնույթով կամ իրականացման տեսանկյունից չեն առնչվում պայմանագրի բուն առարկայի հետ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վկայակոչված նորմով նախատեսված գործողությունը որպես գերիշխող դիրքի չարաշահում դիտարկելու պարտադիր պայմանը պայմանագրի կողմին կամ պայմանագիր կնքել ցանկացող անձին պարտադրվող լրացուցիչ պարտավորությունների՝ պայմանագրի բուն առարկային առնչակցության բացակայությունն է:

Անդրադառնալով գործարքի առարկա հասկացությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ գործարքի առարկա կարող են լինել ինչպես նյութական առարկաները (օրինակ, առուվաճառքի պայմանագրի դեպքում` որոշակի ապրանքը, անշարժ գույքը), այնպես էլ որոշակի գործողությունները (օրինակ, ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի դեպքում` ծառայություններ մատուցելը, կապալի պայմանագրի դեպքում` համապատասխան աշխատանքների կատարումը) (տե՛ս, Նելլի Հակոբյանը, Ոստան և Արթուր Գևորգյաններն ընդդեմ «Համխաչ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/1013/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17072015 թվականի որոշումը)։

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պայմանագրի կողմին կամ պայմանագիր կնքել ցանկացող անձին լրացուցիչ պարտավորություններ պարտադրելու փաստն ինքնին հիմք չէ այդ գործողությունը գերիշխող դիրքի չարաշահում որակելու համար. անհրաժեշտ պայման է նաև, որ պարտադրվող լրացուցիչ պայմանն առնչություն չունենա այն նյութական առարկային կամ գործողությանը, որը տվյալ պայմանագրի առարկան է:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Դիմելով Դատարանը՝ Ընկերությունը պահանջել է վերացնել 16.05.2014 թվականի ««Հայաստանի Էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին» թիվ 204-Ա որոշումը։

Դատարանը, 19.06.2018 թվականին կայացրած վճռով բավարարելով հայցը, արձանագրել է, որ Ընկերությունը բնակիչների կողմից բարձրացված խնդրին լուծում տալու նպատակով դիմել է Կարգավորող հանձնաժողովին` պարզաբանումներ ստանալու նպատակով, որի արդյունքում 09.04.2014 թվականին ընդունվել է «Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու 1/3 հասցեի բազմաբնակարան շենքի սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացնելու մասին» թիվ 79Ա որոշումը։ Հետևաբար, բնակիչների կողմից բարձրացված հարցի լուծումը ընկերության կողմից պետք է տրվեր Հանձնաժողովի կողմից ընդունված որոշմամբ ամրագրված հիմնավորումներով։

Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի վճիռը, արձանագրել է, որ քննարկվող պարագայում Կարգավորող հանձնաժողովը՝ որպես հանրային ծառայությունների ոլորտում կարգավորում իրականացնող ինքնուրույն պետական մարմին, առաջնորդվելով սպառողների և հանրային ծառայությունների ոլորտում կարգավորվող գործունեություն իրականացնող անձանց շահերը հավասարակշռելու օրենսդրական նպատակի իրականացմամբ, Ընկերության և սպառողների միջև ստեղծված իրավիճակը կարգավորելու նպատակով, սահմանել է այլընտրանքային լուծում պարունակող իրավունքի իրացման հնարավորություն, որը չի պարտադրվել Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու 1/3 հասցեի բազմաբնակարան շենքի բնակիչներից որևէ մեկին, քանի որ Կարգավորող հանձնաժողովի 09.04.2014 թվականի «Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու 1/3 հասցեի բազմաբնակարան շենքի սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացնելու մասին» թիվ 79Ա որոշմամբ նախատեսվել է սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման վճարը յուրաքանչյուր դիմումի համար առանձին գանձելու կարգը։ Վերաքննիչ դատարանը փաստել է, որ Հանձնաժողովը չի հիմնավորել նաև մենաշնորհ դիրքի չարաշահման՝ իրավական հիմքերի առկայությունը, քանի որ վարչական վարույթում առկա չեն ապացույցներ, որոնցով կհաստատվեր, որ նմանատիպ այլ իրավիճակներում Ընկերությունը դրսևորել է այլ վարքագիծ:

Սույն գործի փաստական հանգամանքները դիտարկելով Վճռաբեկ դատարանի վերն արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը, հիմնավոր համարելով ստորադաս դատարանների պատճառաբանությունները, գտնում է, որ Ընկերության վարքագծում բացակայել է «գերիշխող դիրքի չարաշահում» իրավախախտման բոլոր չորս տարրերի համակցությունը, որպիսի պայմաններում իրավաչափ չէ Ընկերությանը գերիշխող դիրքի չարաշահման համար պատասխանատվության ենթարկելը:

Այսպես, Օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներին համապատասխան Ընկերությունը Հանձնաժողովի 27072005 թվականի թիվ 73-Ա որոշմամբ Ընկերության «Բաշխիչ ցանցերով էլեկտրական էներգիայի մատակարարում» ապրանքային շուկայում՝ թիվ 0092 լիցենզիայի հիման վրա (չունի մրցակից) իրացման ծավալով գրավելով շուկայի 100 տոկոսը, համարվել է գերիշխող դիրք ունեցող և գրանցվել է տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված գրանցամատյանում։ Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերությունը խնդրո առարկա իրավախախտման հատուկ սուբյեկտ է, որպիսի փաստն անվիճելի է:

Սույն դեպքում առկա է նաև իրավախախտման օբյեկտը՝ Հայաստանի Հանրապետությունում բարեխիղճ մրցակցության ապահովմանը և սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերությունները:

Վճռաբեկ դատարանը վարչական վարույթի նյութերի ուսումնասիրության արդյունքում, սակայն, հերքված է համարում իրավախախտման սուբյեկտիվ կողմի և օբյեկտիվ կողմի առկայությունը՝ հետևյալ պատճառաբանությամբ:

«Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ նույն օրենքի իմաստով հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտը ներառում է, թիվս այլնի, էներգետիկայի բնագավառը։ Այդ բնագավառում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի լիազորությունները և իրականացվող պետական քաղաքականության սկզբունքները նախատեսված են նաև «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքով։

 Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ էներգետիկայի բնագավառում պետական քաղաքականության սկզբունքներից են, ի թիվս այլնի, սպառողների և էներգետիկայի բնագավառի տնտեսվարող սուբյեկտների իրավունքների պաշտպանության ապահովումը և շահերի հավասարակշռումը: Նույն օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ էներգետիկայի բնագավառի կարգավորման հիմնական սկզբունքներից են սպառողների կամ որևէ լիցենզավորված անձի նկատմամբ խտրականության բացառումը, սպառողների և էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց շահերի հավասարակշռումը: Նույն օրենքի 10-րդ հոդվածի համաձայն՝ էներգետիկայի բնագավառի կարգավորման հիմնական միջոցներից է գործունեության լիցենզիա ունեցող անձանց միջև էներգիայի և (կամ) բնական գազի մատակարարման (ծառայությունների մատուցման), ինչպես նաև սպառողների հետ կնքվող էներգիայի և (կամ) բնական գազի մատակարարման (առուվաճառքի) պայմանագրերի օրինակելի ձևերի կամ պարտադիր պայմանների սահմանումը:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝ Կարգավորող հանձնաժողովը՝

(…)

գ) վերահսկում է գործունեության լիցենզիայի պայմանների պահպանումը և կիրառում սույն օրենքով սահմանված տուժանքները

(…)

ը) սահմանում է լիցենզավորված անձանց և սպառողների միջև կնքվող էներգիայի ու բնական գազի մատակարարման պայմանագրերի պարտադիր պայմանները կամ օրինակելի ձևերը և ապահովում դրանց ներդրումը.

(…)

Նույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործունեության լիցենզիա ունեցող անձանց կողմից նույն օրենքի դրույթները, Հանձնաժողովի ընդունած իրավական ակտերը, գործունեության լիցենզիայի պայմանները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքերում հանձնաժողովն իրավասու է տալու խախտումները վերացնելու վերաբերյալ հանձնարարականներ և կարող է կիրառել տուժանքների հետևյալ տեսակները (…):

Իրավահարաբերության ծագման պահին գործող Կարգավորող հանձնաժողովի 27122006 թվականի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» թիվ 358-Ն որոշմամբ (ուժը կորցրել է 01.02.2022 թվականին) հաստատված կանոնների 13.1-րդ կետի համաձայն՝ մատակարարը նոր սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման համար գանձում է Հանձնաժողովի 21122007 թվականի «Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման վճարները հաստատելու մասին» N 659-Ն որոշմամբ հաստատված միացման վճարներ: Բազմաբնակարան շենքերի սպառման համակարգերը էլեկտրական ցանցին միացման համար դիմում ներկայացնում, մատակարարի հետ միացման պայմանագիր կնքում և միացման վճարները վճարում է կառուցապատողը: Նույն կանոնների 13.2-րդ կետի համաձայն՝ նոր սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացվում է նոր սպառողի կամ կառուցապատողի, կամ սպառողի գրավոր դիմումի հիման վրա (…):

Նույն որոշման 138-րդ կետի համաձայն՝ Կարգավորող հանձնաժողովը, սպառողի և մատակարարի շահերի հավասարակշռման նպատակով՝ առանձին դեպքերում, ինչպես նաև պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատակարարին տրամադրվող իրավունքների, թույլտվությունների, եզրակացությունների կամ այլ փաստաթղթերի պատճառով նույն կանոնների 13.4-րդ և 13.5-րդ կետերում նոր սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման համար սահմանված ժամկետների պահպանման անհնարինության դեպքում` մատակարարի կամ Դիմող անձի դիմումի հիման վրա, կարող է ընդունել էլեկտրական ցանցին միացման անհատական որոշումներ: Սույն կետում նշված դեպքերում մատակարարը պարտավոր է դիմել Կարգավորող հանձնաժողով՝ դրանք ի հայտ գալու պահից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում` ներկայացնելով նաև համապատասխան հիմնավորող փաստաթղթեր: Մատակարարը պարտավոր է այդ մասին նույն ժամկետում իրազեկել նաև Դիմող անձին:

Վերոնշյալ իրավակարգավորումների ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մատակարարը նոր սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման համար գանձում է միացման վճարներ: Ընդհանուր կանոնի համաձայն՝ կառուցապատողն է այն սուբյեկտը, ով բազմաբնակարան շենքերի սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացման համար ներկայացնում է դիմում, մատակարարի հետ կնքում միացման պայմանագիր և վճարում միացման վճարները: Միաժամանակ, առանձին դեպքերի համար սահմանվել է հատուկ ընթացակարգ. Կարգավորող հանձնաժողովի 27122006 թվականի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» թիվ 358-Ն որոշմամբ այդ դեպքերի սպառիչ ցանկ սահմանված չէ: Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հատուկ ընթացակարգի կիրառումը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում թելադրվում է սպառողի և մատակարարի շահերի հավասարակշռման նպատակով: Հատուկ ընթացակարգի բովանդակությունը հանգում է նրան, որ Կարգավորող հանձնաժողովը, նպատակ ունենալով հավասարակշռել սպառողի և մատակարարի շահերը, բազմաբնակարան շենքերի սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացնելու գործընթացը կարգավորում է անհատական որոշումներով, որպիսի որոշումները պարտադիր են գործունեության լիցենզիա ունեցող անձի համար և այդ որոշումները չկատարելը հանգեցնում է օրենքով նախատեսված պատասխանատվության:

Սույն գործի փաստերի համաձայն՝ Ընկերության առջև կառուցապատողի՝ «Միլլար» ՍՊԸ-ի կողմից «Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող համակարգը էլեկտրական ցանցին միացման» թիվ E0400195.P պայմանագրին համապատասխան նոր սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման համար գանձվող միացման վճարը վճարելու պարտավորությունը չկատարելու արդյունքում միացման աշխատանքների ձախողման պայմաններում 20.02.2014 թվականին Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղի 1/3 շենքի թվով 19 բնակիչներ դիմել են Ընկերությանը` բազմաբնակարան շենքի տրանսֆորմատորային ենթակայանը լարման տակ դնելու, որպես բաժանորդներ գրանցելու, համապատասխան պայմանագրեր կնքելու, էլեկտրաէներգիա մատակարարելու խնդրանքով:

Ընկերությունը, ի պատասխան վերոգրյալ դիմումի, 25.03.2014 թվականի թիվ 12-ԵԲ-426 գրությամբ հայտնել է, որ ստեղծված իրավիճակում բազմաբնակարան շենքի բնակարանների սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացնելու համար նպատակահարմար է կիրառել Կարգավորող հանձնաժողովի նախադեպային որոշումը, բնակարանների սպառման համակարգերը ցանցին միացնել փուլերով, իսկ միացման վճարը կգանձվի յուրաքանչյուր դիմումի համար (...)։ Միացման վճարի չափը կազմում է 138.000 ՀՀ դրամ։ Գրությամբ Ընկերությունը բնակիչներին տեղեկացրել է նաև, որ Ընկերությանն անհրաժեշտ է դիմել Կարգավորող հանձնաժողով` «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» թիվ 358-Ն որոշմամբ հաստատված կանոնների 13.8-րդ կետին համապատասխան անհատական որոշում ընդունելու համար և խնդրել է բնակիչներին հայտնել դիրքորոշում նշված առաջարկի վերաբերյալ։

Ընկերությունը միաժամանակ 26.03.2014 թվականին դիմել է Կարգավորող հանձնաժողովին` բազմաբնակարան շենքի տեխնոլոգիական միացման աշխատանքների իրականացման հարցի լուծման խնդրանքով։

Կարգավորող հանձնաժողովի 09.04.2014 թվականի «Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու 1/3 հասցեի բազմաբնակարան շենքի սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացնելու մասին» թիվ 79Ա որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն՝ Հանձնաժողովը որոշել է սահմանել, որ բազմաբնակարան շենքի` սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման վճարը յուրաքանչյուր դիմումի համար գանձվում է առանձին` հիմք ընդունելով 21122007 թվականի «Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման վճարները հաստատելու մասին» թիվ 659-Ն որոշմամբ բազմաբնակարան շենքի սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման յուրաքանչյուր բնակարանի կամ առևտրային սպառողի համար սահմանված միացման վճարի չափը։ Միացման վճարի վճարումը հավաստող փաստաթուղթը դիմումի հետ միասին ներկայացվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերություն։ Բազմաբնակարան շենքի ապառման համակարգի էլեկտրական ցանցին միացման անհատական դիմումները ներկայացվում են սպառման համակարգի ընդհանուր օգտագործման էլեկտրասարքավորումների` էլեկտրական ցանցին միացման վճարն ամբողջությամբ վճարելուց հետո։

Վերը նշված փաստերի ուսումնասիրության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կարգավորող հանձնաժողովի 09.04.2014 թվականի «Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու 1/3 հասցեի բազմաբնակարան շենքի սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացնելու մասին» թիվ 79Ա որոշումը Կարգավորող հանձնաժողովի 27122006 թվականի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» թիվ 358-Ն որոշմամբ հաստատված կանոնների 13.8-րդ կետի հիման վրա սպառողի և մատակարարի շահերը հավասարակշռելու նպատակով ընդունված անհատական որոշում է, որը պարտադիր էր Ընկերության համար և դրա չկատարումը կարող էր հանգեցնել վերջինիս պատասխանատվության: Կարգավորող հանձնաժողովի թիվ 79Ա որոշումը բողոքարկվել է միայն վարչական կարգով և Կարգավորող հանձնաժողովի 02072014 թվականի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 09.04.2014 թվականի թիվ 79Ա որոշումն անվավեր ճանաչելու մասին դիմումը մերժելու և որոշումն անփոփոխ թողնելու մասին» թիվ 237Ա որոշմամբ թողնվել է անփոփոխ. թիվ 79 որոշումը դատական կարգով չի բողոքարկվել, ուժը չի կորցրել:

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Ընկերության գործողությունները, որոնք վիճարկվող վարչական ակտով որակվել են որպես գերիշխող դիրքի չարաշահում, պայմանավորված են եղել Կարգավորող հանձնաժողովի գործառույթների ու լիազորությունների շրջանակներում ընդունված 09.04.2014 թվականի «Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու 1/3 հասցեի բազմաբնակարան շենքի սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացնելու մասին» թիվ 79Ա որոշմամբ, Ընկերությունը գործել է նշված անհատական որոշման հիման վրա և դրա կարգավորումներին համապատասխան։ Այլ կերպ՝ Ընկերության վարքագիծը պայմանավորված է եղել այլ սուբյեկտի (Կարգավորող հանձնաժողովի) կամքով ու վարքագծով։

Հետևաբար, սույն դեպքում Ընկերության վարքագծում բացակայել է վերջինիս վերագրված արարքի սուբյեկտիվ կողմը, որը կարող էր դրսևորվել դիտավորության ձևով։

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Ընկերության վարքագծում բացակայել է նաև «գերիշխող դիրքի չարաշահում» իրավախախտման օբյեկտիվ կողմը, այն է՝ Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «ա», «դ» և «ե» կետերում նկարագրված գործողությունները։

Բողոք բերած անձը Վճռաբեկ բողոքում Ընկերության կողմից Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» և «դ» կետերով նախատեսված իրավախախտման կատարման մասով նշել է, որ Հանձնաժողովը, Ընկերության գործողությունները որակել է որպես սպառողների նկատմամբ խտրական պայմանների կիրառում՝ հաշվի առնելով Կարգավորող հանձնաժողովի 27.12.2006 թվականի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» թիվ 358-Ն որոշմամբ հաստատված կանոններով, ՀՀ կառավարության, Կարգավորող հանձնաժողովի և մի շարք այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված իրավակարգավորումները, որոնցով նախատեսված չէ բազմաբնակարան շենքի բնակիչների պարտականություն Ընկերությանը վճարելու միացման վճարներ, և սահմանված է արգելք նրանցից պահանջելու սահմանված փաստաթղթերից բացի այլ փաստաթղթեր:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ապացուցման բեռը կրում է`

1) վիճարկման հայցով` վարչական մարմինը, որն ընդունել է միջամտող վարչական ակտը` դրա համար հիմք ծառայած փաստերի մասով.

(…):

Վարչական դատավարությունում ապացուցման նշված կանոնին համապատասխան պատասխանող Հանձնաժողովից պահանջվում էր դատարան ներկայացնել բավարար ապացույցներ առ այն, որ համանման կամ հարաբերականորեն նույնանման իրավիճակում գտնվող սպառողների նկատմամբ դրսևորվել է ավելի բարենպաստ վերաբերմունք՝ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղի 1/3 շենքի թվով 19 բնակիչների նկատմամբ դրսևորված վերաբերմունքի համեմատությամբ։

Մինչդեռ, Հանձնաժողովի վիճարկվող որոշումը չի բովանդակում որևէ փաստ առ այն, որ համանման կամ հարաբերականորեն նույնանման իրավիճակում գտնվող սպառողների նկատմամբ դրսևորվել է ավելի բարենպաստ վերաբերմունք՝ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղի 1/3 շենքի թվով 19 բնակիչների նկատմամբ դրսևորված վերաբերմունքի համեմատությամբ։ Վարչական վարույթի նյութերում, ինչպես նաև սույն դատական գործի նյութերում բացակայում է այդ փաստի վերաբերյալ որևէ ապացույց։

Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ չի հաստատվում Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» և «դ» կետերով նախատեսված գործողությունների կատարումն Ընկերության կողմից։

Վիճարկվող որոշմամբ Հանձնաժողովն Ընկերությանը վերագրել է նաև Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» կետով նախատեսված գործողության կատարում՝ պատճառաբանելով, որ «․․․ քաղաք Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 1/3 հասցեում գտնվող շենքի բնակարանների սեփականատերեր հանդիսացող անձինք ԷՄՕԿ-ին համապատասխան Ընկերություն են ներկայացրել դիմում և փաստաթղթեր Ընկերության հետ էլեկտրամատակարարման պայմանագիր կնքելու նպատակով, որին ի պատասխան Ընկերությունը ոչ միայն չի կնքել էլեկտրամատակարարման պայմանագիր, այլև նախաձեռնել է մի ընթացակարգ, որի արդյունքում առաջարկել է բնակիչներին համամասնորեն վճարել Ծիծեռնակաբերդի խճուղի 1/3 հասցեում գտնվող շենքի կառուցապատողի պարտքը։ Այսինքն՝ Ընկերությունը պայմանագիր կնքել ցանկացող բնակիչներին անուղղակիորեն պարտադրել է կատարել տվյալ պայմանագրի առարկայի հետ ընդհանրապես կապ չունեցող պարտավորություններ»։ Ընկերությանը վերագրված այս գործողության առնչությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» կետով նախատեսված գործողության կատարման փաստը կարող էր հաստատված համարվել միայն այն դեպքում, եթե Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղի 1/3 շենքի թվով 19 բնակիչներին Ընկերության կողմից առաջադրված լրացուցիչ պարտավորությունը, այն է՝ յուրաքանչյուր դիմումի համար 138000 ՀՀ դրամ միացման վճար վճարելու պարտավորությունը, առնչություն չունենար էլեկտրամատակարարման պայմանագրի բուն առարկայի հետ։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 550-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Էներգամատակարարման պայմանագրով էներգամատակարարող կազմակերպությունը պարտավորվում է աբոնենտին (սպառողին) միացման ցանցի միջոցով մատուցել էներգիա, իսկ աբոնենտը պարտավորվում է վճարել ստացած էներգիայի համար, ինչպես նաև պահպանել պայմանագրով նախատեսված սպառման ռեժիմը, ապահովել իր տնօրինության տակ գտնվող էներգետիկ ցանցերի շահագործման անվտանգությունը և իր կողմից օգտագործվող էներգիայի սպառման հետ կապված սարքերի ու սարքավորումների սարքինությունը:

Նույն օրենսգրքի 552-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Էներգամատակարարման պայմանագիրն աբոնենտի հետ կնքվում է նրա մոտ էներգամատակարարող կազմակերպության գծերին միացված ու սահմանված տեխնիկական պահանջները բավարարող էներգաընդունիչ և այլ անհրաժեշտ սարքավորումների առկայության, ինչպես նաև սպառված էներգիայի հաշվառման ապահովվածության դեպքում:

Կարգավորող հանձնաժողովի 27.12.2006 թվականի թիվ 358-Ն որոշմամբ հաստատված էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնների 13.1-րդ կետի համաձայն՝ մատակարարը նոր սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման համար գանձում է Հանձնաժողովի 21122007 թվականի «Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման վճարները հաստատելու մասին» թիվ 659-Ն որոշմամբ հաստատված միացման վճարներ։

Այսպիսով, վերոնշյալ նորմերի վերլուծության արդյունքում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Էներգամատակարարման պայմանագիրն առուվաճառքի պայմանագրի տեսակ է, որի առարկան մատակարարման ենթակա գույքն է (տվյալ դեպքում՝ էներգիան)։ Էներգամատակարարման համար ՀՀ օրենսդրության համաձայն անհրաժեշտ պայման է աբոնենտի միացման ցանցին միացած լինելը, որն իրականացվում է Կարգավորող հանձնաժողովի 21122007 թվականի «Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման վճարները հաստատելու մասին» թիվ 659-Ն որոշմամբ հաստատված միացման վճարները վճարված լինելու դեպքում միայն։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության կողմից բնակիչներին առաջադրված լրացուցիչ պարտավորությունը, այն է՝ յուրաքանչյուր դիմումի համար 138000 ՀՀ դրամ միացման վճար վճարելու պարտավորությունը, չի կարող դիտարկվել որպես իր բնույթով կամ իրականացման տեսանկյունից էներգամատակարարման պայմանագրի բուն առարկայի հետ չկապված լրացուցիչ պարտավորություն, քանզի էներգամատակարարման պայմանագրի առարկան էներգիան է, ինչը կարող է մատակարարվել միայն նոր սպառողի սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացնելու պայմաններում, իսկ սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացնելու պարտադիր նախապայմանը միացման վճարը վճարած լինելու հանգամանքն է։ Այլ կերպ՝ խնդրո առարկա լրացուցիչ պարտավորությունն ինչպես իր բնույթով, այնպես էլ իրականացման տեսանկյունից առնչվում է էներգամատակարարման պայմանագրի բուն էությանը՝ հաշվի առնելով, որ միացման վճարը վճարած լինելու հանգամանքը աբոնենտին էներգիա մատակարարելու պարտադիր պայմանն է։

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բացակայում է նաև Ընկերության կողմից «շուկայում գերիշխող դիրքի չարաշահում» իրավախախտման օբյեկտիվ կողմը։

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, բավարարելով Ընկերության հայցը, իսկ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի վճիռը, կայացրել են գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտեր: Հետևաբար սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

 

Վճռաբեկ բողոքի դեմ Ընկերության և Կարգավորող հանձնաժողովի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխաններում նշված փաստարկները հաստատվում են վերոնշյալ պատճառաբանություններով:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին: Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ եթե պատասխանող է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ պաշտոնատար անձը, ապա դատական ծախսերը դրվում են Հայաստանի Հանրապետության կամ համապատասխան համայնքի վրա, եթե պատասխանողի որոշումը, գործողությունը կամ անգործությունը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Հանձնաժողովի կողմից վճռաբեկ բողոքի համար պետական տուրքը վճարված լինելու պարագայում պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված` նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքից բացի, այլ դատական ծախս կատարված լինելու վերաբերյալ որևէ ապացույց գործում առկա չէ։

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 20.12.2019 թվականի որոշումը թողնել անփոփոխ։

2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Լ. Հակոբյան

Ք․ ՄԿՈՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2023 թվական: