Գլխավոր տեղեկություն
Номер
N 2090-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (01.12.2023-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 30.11.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.11.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.11.2023
Дата вступления в силу
01.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 նոյեմբերի 2023 թվականի N 2090-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 635-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 26-ի «Ծերության նպաստը, հաշմանդամության նպաստը, կերակրողին կորցնելու դեպքում նպաստը, ինչպես նաև ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացող անձի մահվան դեպքում թաղման նպաստը նշանակելու և վճարելու կարգը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հաստատելու մասին» N 635-Ն որոշման՝

1) 4-րդ կետը «վարչական ակտերի քաղվածքները» բառերից հետո լրացնել «, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում տրված» բառերով.

2) N 1 հավելվածում՝

ա. 3-րդ կետից հանել «փաստացի» բառը,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.1-5.3-րդ կետերով՝

«5.1. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձին, ում սոցիալական կենսաթոշակի էլեկտրոնային գործը, անկախ սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունքը Լեռնային Ղարաբաղում դադարեցված լինելու հանգամանքից, առկա է Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակային բազայում (այսուհետ՝ բռնի տեղահանված անձ), օրենքով նպաստ է նշանակվում դիմումի և Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակային բազա ներառված՝ սոցիալական կենսաթոշակի էլեկտրոնային գործի տեղեկատվության կամ փաստաթղթերի լուսապատճենների հիման վրա։ Դիմումին կից ներկայացվում է անձը հաստատող փաստաթուղթ և ըստ անհրաժեշտության՝ այլ փաստաթղթեր, եթե Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակային բազա ներառված՝ անձի սոցիալական կենսաթոշակի էլեկտրոնային գործում առկա տեղեկատվությունը կամ փաստաթղթերի լուսապատճենները բավարար չեն օրենքով նպաստ նշանակելու համար։ Այս դեպքում՝

1) Լեռնային Ղարաբաղում նշանակված սոցիալական կենսաթոշակի իրավունքը չի վերանայվում և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի փոխարեն նշանակվում է, համապատասխանաբար, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1489-Ն որոշմամբ սահմանված չափերով.

2) մինչև 2024 թվականի հունիսի 1-ը դիմելու դեպքում օրենքի 32.1-ին հոդվածի 1-ին, 3-րդ, 3.1-ին մասերով սահմանված ժամկետները հաշվարկվում են 2023 թվականի դեկտեմբերի 11-ից և նպաստը չի կարող նշանակվել 2023 թվականի հոկտեմբերի 1-ից շուտ, իսկ 2024 թվականի հունիսի 1-ին և դրանից հետո դիմելու դեպքում՝ նպաստը նշանակվում է օրենքի 32.1-ին հոդվածով սահմանված ժամկետներում.

3) հաշմանդամության նպաստ նշանակելիս, եթե անձին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու մասին որոշման (վարչական ակտի) «Գնահատման ամսաթիվը» մասի «սկիզբ» տողում նշված ամսաթիվը 2023 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում է և դիմումը ներկայացվել է մինչև 2024 թվականի հունիսի 1-ը, ապա հաշմանդամություն սահմանելու օրը համարվում է «սկիզբ» տողում նշված ամսաթիվը, բայց ոչ շուտ, քան 2023 թվականի հոկտեմբերի 1-ը, իսկ օրենքի 32.1-ին 2-րդ մասում նշված եռամսյա ժամկետը հաշվարկվում է «Գնահատման ամսաթիվը» մասի «ավարտ» տողում նշված ամսաթվից, բայց ոչ շուտ, քան 2023 թվականի դեկտեմբերի 11-ից։ 2024 թվականի հունիսի 1-ից հետո դիմելու դեպքում հաշմանդամության նպաստ նշանակվում է օրենքի 32.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում՝ սույն կարգի 11-րդ կետով սահմանված ժամկետների հաշվառմամբ։

5.2. Եթե սույն կարգի 5.1-ին կետում նշված անձը օրենքով նպաստ նշանակելու դիմումը ներկայացնում է համապատասխան ստորաբաժանում, ապա դիմումին կից ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթը և ըստ անհրաժեշտության՝ այլ փաստաթղթեր, եթե Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակային բազա ներառված՝ անձի սոցիալական կենսաթոշակի էլեկտրոնային գործում առկա փաստաթղթերի լուսապատճենները կամ կենսաթոշակի թղթային գործում առկա փաստաթղթերը բավարար չեն օրենքով նպաստ նշանակելու համար։

5.3. Սույն կարգի 5.1-ին կետում նշված դիմումը մինչև 2024 թվականի հունիսի 1-ը կարող է ներկայացվել նաև առցանց եղանակով, իսկ դրա հիման վրա նպաստ կնշանակվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշմամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձի կամ ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի կենսաթոշակ նշանակելու համար սահմանված կարգով և ժամկետներում։».

3) N 2 հավելվածում՝

ա. 2-րդ կետի 3-րդ ենթակետը «փաստաթուղթը» բառից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշմամբ փախստական ճանաչված անձի համար՝ անձնագիրը (որն իր նկարագրով համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ հաստատված անձնագրի նկարագրին, սակայն ծածկագիրը տպագրվում է (կամ տպագրված է) բացառապես 070 ծածկագրով) կամ ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը» բառերով,

բ. 10-րդ կետի 3-րդ ենթակետում «օտարերկրյա քաղաքացին» բառերը փոխարինել «փախստականի կարգավիճակ չունեցող օտարերկրյա քաղաքացին» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

30.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 նոյեմբերի 2023 թվական: