Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (30.05.2023-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 27.11.2023
Принят
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարի առաջին տեղակալ
Дата принятия
30.05.2023
Подписан
Նալբանդյանի գյուղական համայնքի ավագանի
Дата подписания
30.05.2023
Дата вступления в силу
30.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ1/0048/02/21

2023 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ1/0048/02/21

Նախագահող դատավոր՝

 Ն. Կարապետյան

Դատավորներ՝

 Լ Գրիգորյան

 Տ. Նազարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Գ. Հակոբյան

զեկուցող

Է. Սեդրակյան

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

 

2023 թվականի մայիսի 30-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Արարատի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.04.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի «ՎԿ Գրուպ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Արարատի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի ու «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի` գազահաշվիչների ապահավաքակցման, փոխարինման և վերահաշվարկին ուղղված գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու ու որպես հետևանք պարտավորությունները դադարած ճանաչելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել գազահաշվիչների ապահավաքակցման, փոխարինման և վերահաշվարկին ուղղված գործողություններն ու որպես հետևանք դադարած ճանաչել պարտավորությունները:

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Մ. Ստեփանյան) (այսուհետ՝ Դատարան) 13.12.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ ոչ իրավաչափ են ճանաչվել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ու վերջինիս Արարատի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի կողմից Ընկերությանը պատկանող RPT3-G-160 N00441102 տիպաչափի գազահաշվիչի սարքի ապահավաքակցման, փոխարինման և ստուգաչափման գործողություններն ու որպես հետևանք դադարած են համարվել թիվ 547551 եզրակացության հիման վրա կատարված վերահաշվարկի, տույժի և ծախսի մասով պարտավորությունները: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ու վերջինիս Արարատի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի կողմից Ընկերությանը պատկանող RPT3-G-160 N0043085 տիպաչափի գազահաշվիչի սարքի ապահավաքակցման, փոխարինման և ստուգաչափման ու վերահաշվարկին ուղղված գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու, որպես հետևանք թիվ 547962 եզրակացությամբ վերահաշվարկի և ծախսերի մասով պարտավորությունները դադարած ճանաչելու մասով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 20.04.2022 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Դատարանի 13.12.2021 թվականի վճիռը մասնակիորեն բեկանվել և փոփոխվել է՝ վճռի եզրափակիչ մասի 2-րդ և 5-րդ կետերը շարադրվել են հետևյալ կերպ. Ընկերության հայցն ընդդեմ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Արարատի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի՝ հայցվորին պատկանող RPT3-G-160 N0043085 տիպաչափի գազահաշվիչի սարքի ապահավաքակցման, փոխարինման, ստուգաչափման գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջների մասին, մերժվել է, Ընկերության հայցն ընդդեմ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Արարատի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի՝ հայցվորին պատկանող RPT3-G-160 N0043085 տիպաչափի գազահաշվիչի սարքի վերահաշվարկին ուղղված գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու և որպես հետևանք թիվ 547962 եզրակացությամբ վերահաշվարկի և ծախսերի մասով պարտավորությունները դադարած ճանաչելու պահանջների մասին, բավարարվել է՝ ոչ իրավաչափ են ճանաչվել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Արարատի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի կողմից Ընկերությանը պատկանող RPT3-G-160 N0043085 տիպաչափի գազահաշվիչի սարքի վերահաշվարկին ուղղված գործողությունները, որպես հետևանք թիվ 547962 եզրակացությամբ վերահաշվարկի և ծախսերի մասով Ընկերության պարտավորությունները ճանաչվել են դադարած։

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ու «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Արարատի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը (ի պաշտոնե ներկայացուցիչ՝ Է. Ավոյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 553-րդ հոդվածի 1-ին կետը, 555-րդ և 556-րդ հոդվածները, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից 08.07.2005 թվականի թիվ 95-Ն որոշմամբ հաստատված «Բնական գազի մատակարարման և օգտագործման» կանոնների (այսուհետ նաև՝ Կանոններ) 4.13 կետը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անհիմն փաստել է, որ կապարակնիքի ճոպանի վնասվածքը արտաքին զննությամբ տեսանելի թերություն է և եթե սարքը փոխարինելիս արձանագրվել է արտաքին թերությունների բացակայություն, ապա հիմնավոր է բողոք բերած անձի փաստարկն այն մասին, որ առկա է ողջամիտ կասկած առ այն, որ նշված թերություններն ու անսարքություններն առաջ են եկել սարքը լաբորատոր փորձաքննության ուղարկելուց հետո։ Այլ կերպ ասած, նման արձանագրմամբ չի հաստատվում, որ սարքի փոխարինման ժամանակ առկա է եղել վերահաշվարկի համար հիմք հանդիսացած խախտումը։

Վերաքննիչ դատարանի նշված դիտարկումները հիմված են զուտ ենթադրությունների վրա, քանի որ դատարանը վեճը լուծելիս որպես իրեղեն ապացույց չի զննել գազահաշվիչը և ոչ էլ կապարակնիքի տեսանելիությամբ գազահաշվիչի որևէ լուսանկար, հետևաբար չէր կարող հստակ փաստել, որ կապարակնիքի ճոպանի վնասվածքն արտաքին զննությամբ տեսանելի թերություն է:

Վերաքննիչ դատարանը կապարակնիքի ճոպանի վնասվածքն արտաքին զննությամբ տեսանելի թերություն համարվելու փաստը՝ հաստատված է համարել առանց համապատասխան իրեղեն ապացույցներ կամ լուսանկարներ (լուսաժապավեններ), ձայնագրություններ և տեսագրություններ զննելու, մինչդեռ գործի նյութերից պարզ չէ՝ «Արմավիրի Գազմաշ» ՍՊԸ-ի կապարակնիքը որ մասում է տեղակայված, իսկ ճոպանը որ հատվածից է կտրված և ամրացված: Ընդ որում՝ հարկ է նշել, որ բացի «Արմավիրի Գազմաշ» ՍՊԸ-ի կապարակնիքից, գազահաշվիչի վրա առկա է նաև «ՍՉԱՄ» ՓԲԸ-ի կապարակնիքը և դրանք տեղադրվում են մեկ ճոպանի վրա (առաջինը տեղադրվում է «Արմավիրի Գազմաշ» ՍՊԸ կապարակնիքը) և կտրելով «Արմավիրի Գազմաշ» ՍՊԸ կապարակնիքի ճոպանը՝ հնարավոր է «ՍՉԱՄ» ՓԲԸ-ի կապարակնիքը չվնասելով միջամտել գազահաշվիչի աշխատանքին:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից բնական գազի քանակի և արժեքի վերահաշվարկը կատարվել է Կանոնների 4.9 կետի և 4.13 կետի «բ» ենթակետով նախատեսված կարգով, ինչը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ճանաչվել է իրավաչափ:

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել Կանոնների 4.13 կետը՝ վերահաշվարկի հիմքերը պայմանավորելով բաժանորդի կողմից խախտում թույլ տված լինելու հանգամանքը վիճելի մնացած լինելու պայմանով, մինչդեռ Կանոնների 4.9, 4.11, 4.12, 4.12.1 և 4.13 կետերի համալիր վերլուծությունից հետևում է, որ վերահաշվարկի համար հիմք է առևտրային հաշվառքի սարքի խախտման առկայությունը՝ առանց որևէ մեղքի բաժինը որոշելու, ինչպես նաև բաժանորդի ծախսած բնական գազի քանակի սխալ հաշվառումը:

Տեղի է ունեցել հաշվառքի սարքի շրջանցմամբ գազի օգտագործում և որպես օգտագործող հանդես է եկել Ընկերությունը, հետևաբար վերջինս էլ պայմանագրային իրավահարաբերությունների ուժով պարտավոր է կրել հաշվառքի սարքի շրջանցմամբ օգտագործված գազի վճարման պարտականությունը: Այսինքն, տվյալ դեպքում, խոսքը չի գնում ոչ խախտման հայտնաբերման արդյունքում հաշվեգրված տույժի, ոչ պատճառված վնասի, այլ զուտ հաշվառքի սարքի շրջանցմամբ օգտագործված գազի արժեքի մասին:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 20.04.2022 թվականի որոշումը՝ 13.12.2021 թվականի Դատարանի վճիռը բեկանելու մասով և այդ մասով ուժ տալ Դատարանի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) 17.06.2021 թվականի դատական նիստի ընթացքում Դատարանը կողմերի միջև բաշխել է ապացուցման պարտականությունը՝ նշելով, որ պատասխանողը պետք է ապացուցի, որ՝

1. եղել են առևտրային հաշվառքի սարքերի արտահերթ ստուգաչափման կասկածներ (ապացուցման բեռը վերաբերում է երկու առևտրային հաշվառքի սարքերին),

2. եղել են առևտրային հաշվառքի սարքերի խախտման դեպքեր,

3. առկա են եղել չափագիտական մարմնի կողմից տրված փորձագիտական եզրակացություններ, որոնցով հաստատվել են հաշվառքի սարքերի կնիքների վնասված լինելը,

4. այդ երկու դեպքում էլ եղել են արձանագրված խախտումներ, այդ խախտումները պայմանավորված են եղել որևէ անձի ներգործությամբ և այդ խախտումները հանգեցրել են ծախսած բնական գազի սխալ հաշվառման,

5. խախտման արձանագրման արդյունքում ծախսած գազի քանակի և արժեքի վերահաշվարկը կատարվել է օրենքի պահանջների պահպանմամբ:

Վերը նշված փաստերի ապացուցման պարտականությունը դրվել է պատասխանող կողմի վրա (հատոր 2-րդ, գ.թ. 22-24).

2) Դատարանը 21.07.2021 թվականին որոշում է կայացրել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը փոփոխելու վերաբերյալ՝ սահմանելով, որ գործի լուծման համար նշանակություն ունեն և ապացուցման են ենթակա նաև այն փաստերը, որ հայցվորի մոտ բացակայել է մեղքը, առևտրային հաշվառքի սարքերը գտնվել են հայցվորի տնօրինության տակ, առևտրային հաշվառքի սարքերը չեն գտնվել hայցվորի տնօրինության տակ (դրանց մոտ մուտք ունենալու անհնարինությունը)։

1-ին և 3-րդ փաստերի ապացուցման պարտականությունը դրվել է հայցվոր կողմի վրա, իսկ 2-րդ փաստի ապացուցման պարտականությունը՝ պատասխանողի վրա (հատոր 2-րդ, գ.թ. 43-45)

3) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Արարատի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի տնօրեն Է. Ավոյանը 04.09.2020 թվականին գրություն է հասցեագրել Ընկերության տնօրեն Ա. Պետրոսյանին այն մասին, որ «Հայտնում եմ Ձեզ, որ ս/թ սեպտեմբերի 7-ին ժամը 11:00-ին անհրաժեշտությունից ելնելով Ձեր ընկերությանը պատկանող RPT-3 G-160 տիպի N0043085 գազահաշվիչը փոխարինվելու է՝ արտահերթ ստուգաչափման ուղարկելու նպատակով (…)»։ Գրության ներքևի մասում առկա է նշում՝ «ստացա մեկ օրինակը, Ա.Պետրոսյան, ստորագրություն, 04.09.20թ.» (հատոր 1-ին, գ.թ. 29)

4) 07.09.2020 թվականի՝ «Գազափոխման համակարգից սնվող կազմակերպության առևտրային հաշվառքի սարքի տեղադրման (փոխարինման)» թիվ 36 ակտի համաձայն՝ տեղի է ունեցել հաշվառքի սարքի փոխարինում, նպատակը՝ արտահերթ փոխարինում։ Փոխարինված սարքի արտաքին զննությամբ թերություններ չեն հայտնաբերվել։ Թիվ 36 ակտն ստորագրված է բաժանորդի անունից՝ Ա.Պետրոսյանի կողմից (հատոր 1-ին, գ.թ. 30),

5) «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ի փորձագետ Ո. Ոսկանյանի կողմից «Գազահաշվիչի փորձագիտական հետազոտությունների արդյունքների վերաբերյալ» 08.09.2020 թվականի թիվ 547962 եզրակացության համաձայն՝ փորձագիտական հետազոտության է ենթարկվել RPT-3 G-160 տիպի N0043085 գազահաշվիչը և հայտնաբերվել է առևտրային հաշվառքի սարքի խախտում, պատճառը՝ արտաքին միջամտություն։ Մուտքային վերահսկման ժամանակ արտաքին զննմամբ հայտնաբերված թերությունները՝ կտրված և ամրացված է համրման սարքը ձգող «Արմավիրի Գազմաշ» ՍՊԸ-ի կապարակնիքի ճոպանը։ Նախնական ստուգաչափման արդյունքներով գազահաշվիչի սխալանքի շեղումը թույլատրելի տիրույթից կազմում է -։ Եզրակացության ներքևում նշված է, որ նախնական փորձաքննությունը և զննումը կատարվել է բաժանորդի ներկայությամբ, սակայն անհայտ պատճառով բաժանորդը հրաժարվել է ստորագրել ակտը։ Թիվ 547962 եզրակացության անբաժանելի մաս կազմող հավելվածի համաձայն՝ ստուգաչափման աջակցության և նորոգման ծախսերի վերաբերյալ գումարները կազմում են 35.596 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 31-32)

6) Ընկերության տնօրեն Ա. Պետրոսյանին ուղղված ծանուցմամբ հայտնվել է, որ, հիմք ընդունելով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից 08.07.2005 թվականի թիվ 95-Ն որոշմամբ հաստատված «Բնական գազի մատակարարման և օգտագործման» կանոնների 4.9 և 4.13 կետի «բ» ենթակետը, կատարվել է բնական գազի վերահաշվարկ, որի ճշտված քանակը կազմում է 64.257մ3, արժեքը՝ 8.134.039,08 ՀՀ դրամ, 4.14 կետի համաձայն՝ հաշվարկված տույժի գումարը կազմում է՝ 8.134.039,08 ՀՀ դրամ, պատասխանողին պատճառած վնասը՝ 42.715,2 ՀՀ դրամ, ընդհանուր վերահաշվարկված գումարը կազմում է 16.310.793,36 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 37)

7) «Վերահաշվարկ» վերտառությամբ փաստաթղթի համաձայն՝ «Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում ԳՄՕԿ 413 կետի «բ» ենթակետի համաձայն՝ Արարատի ԳԳՄ-ի կողմից կատարվել է վերահաշվարկ՝ Վգք=ԱՏօր2ԷճԷճx0.5Qmaxգք1 բանաձևով, ընդ որում՝ վերահաշվարկի համար անհրաժեշտ ելակետային տվյալներն են՝ ԱՏօր2 6 օր, ԺԷճ 20.00 ժամ, Qmax 250.000 մ3, Հգք1 52.816,00 մ3, ԳԷճ՝ 7.8048920: Հաշվարկված գազի արժեքը՝ 8.134.039,08 դրամ, ԳՄՕԿ 414 կետով տույժի գումարը՝ 8.134.039,08 դրամ, ընդամենը վճարման ենթակա գումարը՝ 16.268.078.16 դրամ» (հատոր 1-ին, գ.թ. 38)

8) RPT-3 G-160 մակնիշի 0043085 համարի առևտրային հաշվառքի սարքի ստուգաչափման և վերանորոգման ծախսերի հաշվարկի համաձայն՝ հայցվորի գազահաշվիչի ստուգաչափման և վերանորոգման արժեքը կազմել է 42.715,2 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 39):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից 08.07.2005 թվականի թիվ 95-Ն որոշմամբ հաստատված «Բնական գազի մատակարարման և օգտագործման» կանոնների 4.13 կետի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ չափագիտական մարմնի կողմից տրված փորձագիտական եզրակացությամբ հաստատված առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում բաժանորդի ծախսած գազի քանակի և արժեքի վերահաշվարկի հարցին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 550-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Էներգամատակարարման պայմանագրով էներգամատակարարող կազմակերպությունը պարտավորվում է աբոնենտին (սպառողին) միացման ցանցի միջոցով մատուցել էներգիա, իսկ աբոնենտը պարտավորվում է վճարել ստացած էներգիայի համար, ինչպես նաև պահպանել պայմանագրով նախատեսված սպառման ռեժիմը, ապահովել իր տնօրինության տակ գտնվող էներգետիկ ցանցերի շահագործման անվտանգությունը և իր կողմից օգտագործվող էներգիայի սպառման հետ կապված սարքերի ու սարքավորումների սարքինությունը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 553-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ էներգամատակարարող կազմակերպությունը պարտավոր է միացված ցանցի միջոցով աբոնենտին մատուցել էներգամատակարարման պայմանագրով նախատեսված քանակով էներգիա` իր ու աբոնենտի միջև համաձայնեցված մատուցման ռեժիմի պահպանմամբ: Էներգամատակարարող կազմակերպության մատուցած և աբոնենտի օգտագործած էներգիայի քանակը որոշվում է դրա փաստացի սպառման հաշվարկի տվյալներին համապատասխան:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 555-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ աբոնենտը պարտավոր է ապահովել շահագործվող էներգետիկ ցանցերի, սարքերի և սարքավորումների պատշաճ տեխնիկական վիճակն ու անվտանգությունը, պահպանել էներգիայի սպառման համար սահմանված ռեժիմը, ինչպես նաև էներգամատակարարող կազմակերպությանն անհապաղ տեղեկացնել վթարների, հրդեհների, էներգիայի հաշվիչ սարքերի անսարքությունների և էներգիան օգտագործելու ժամանակ առաջացած այլ խախտումների մասին:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ էներգետիկ ցանցերի, սարքերի և սարքավորումների տեխնիկական վիճակին ու շահագործմանը վերաբերող պահանջները, ինչպես նաև դրանք պահպանելու նկատմամբ հսկողություն իրականացնելու կարգը սահմանվում են օրենքով, այլ իրավական ակտերով և դրանց համապատասխան ընդունված պարտադիր կանոններով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 556-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ աբոնենտը վճարում է էներգիայի հաշվման տվյալներին համապատասխան իր փաստացի ընդունած էներգիայի քանակի համար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ կողմերի համաձայնությամբ:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ էներգիայի համար վճարի հաշվարկման կարգը սահմանվում է օրենքով, այլ իրավական ակտերով կամ կողմերի համաձայնությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 560-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ միացված ցանցի միջոցով գազի, նավթի և նավթամթերքի, ջրի ու այլ ապրանքների մատակարարման հետ կապված հարաբերությունների նկատմամբ էներգամատակարարման պայմանագրի մասին կանոնները (550-559 հոդվածներ) կիրառվում են, եթե այլ բան սահմանված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ չի բխում այդ պարտավորության էությունից:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից 08.07.2005 թվականի թիվ 95-Ն որոշմամբ հաստատված «Բնական գազի մատակարարման և օգտագործման» կանոնների (այսուհետ՝ Կանոններ) 1.1 կետում սահմանված են բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններում օգտագործվող հիմնական հասկացությունները, որի համաձայն՝ առևտրային հաշվառքի սարքի խախտումը Չափագիտական մարմնի տված փորձագիտական եզրակացությամբ փաստված առևտրային հաշվառքի սարքի առանձին դետալների խափանումները կամ դրանց վնասվածքներն են, կամ առևտրային հաշվառքի սարքի կնիքների բացակայությունը, կամ դրանց կեղծված կամ վնասված լինելը, կամ առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի նկատմամբ որևէ անձի կողմից այլ ներգործությունները:

Նույն կետի համաձայն՝ Չափագիտական մարմինը «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական չափագիտական հսկողություն իրականացնող կազմակերպությունն է:

Կանոնների 4.9 կետի համաձայն՝ առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում կատարվում է բաժանորդի ծախսած գազի քանակի և արժեքի վերահաշվարկ: Գազի քանակի վերահաշվարկը կատարվում է նույն կանոնների 4.11, 4.12, 4.12.1, 4.13 կետերի համաձայն: Վերահաշվարկված գազի արժեքը որոշվում է վերահաշվարկված և առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման ամսվա ընթացքում հաշվառված գազի քանակների հանրագումարին ու տվյալ բաժանորդի սպառողական խմբին համապատասխան, առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման ամսվա գազի սակագնի արտադրյալով: Նույն կետը չի սահմանափակում մատակարարի կամ բաժանորդի իրավունքը` առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով մյուս կողմից պահանջելու պատճառած վնասի հատուցում:

Կանոնների 4.11 կետի համաձայն՝ առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում, երբ առկա է հսկիչ հաշվառքի սարք, բաժանորդի ծախսած գազի քանակի վերահաշվարկը կատարվում է համաձայն հսկիչ հաշվառքի սարքի ցուցմունքի` առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրվանից մինչև առևտրային հաշվառքի սարքի վերջին ցուցմունքի գրանցման օրն ընկած ժամանակահատվածի համար: (…)

Կանոնների 4.12 կետի համաձայն՝ առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում, երբ առկա չէ հսկիչ հաշվառքի սարք, Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ առևտրային հաշվառքի սարքի խախտումը պայմանավորված է եղել առևտրային հաշվառքի սարքի առանձին դետալների այնպիսի խափանումներով կամ վնասվածքներով, որոնք չէին կարող պայմանավորված լինել որևէ անձի ներգործությամբ, միևնույն ժամանակ հնարավոր է եղել որոշել առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի սխալանքի թույլատրելի տիրույթը գերազանցող չափը (արտահայտված տոկոսներով), ապա.

ա) բնակչության և կենցաղային սպառում ունեցող կազմակերպությունների համար վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով՝ (…). բ) ոչ կենցաղային սպառում ունեցող կազմակերպությունների համար վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով ՝(…):

Կանոնների 4.12.1 կետի համաձայն՝ առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում, երբ առկա չէ հսկիչ հաշվառքի սարք, Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ առևտրային հաշվառքի սարքի խախտումը պայմանավորված է եղել առևտրային հաշվառքի սարքի առանձին դետալների այնպիսի խափանումներով կամ վնասվածքներով, որոնք չէին կարող պայմանավորված լինել որևէ անձի ներգործությամբ, միևնույն ժամանակ Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացության համաձայն հնարավոր չէ որոշել առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի սխալանքի թույլատրելի տիրույթը գերազանցող չափը (արտահայտված տոկոսներով), ապա`

ա) եթե առևտրային հաշվառքի սարքը հագեցված չէ էլեկտրոնային ճշտիչով կամ Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ փաստվել է էլեկտրոնային ճշտիչի կամ դրա առանձին դետալների աշխատանքի այնպիսի խափանումը, որի հետևանքով հնարավոր չէ արտածել նույն կետի «բ» ենթակետի բանաձևում նշված ցուցանիշների ճշգրիտ արժեքները, ապա վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով՝ (…). բ) էլեկտրոնային ճշտիչով հագեցած առևտրային հաշվառքի սարքի դեպքում, եթե ճշտիչի հիշողությունից հնարավոր է արտածել սույն ենթակետի բանաձևում նշված ցուցանիշների ճշգրիտ արժեքները, վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով՝ (…):

Կանոնների 4.13 կետի համաձայն՝ առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում, երբ առկա չէ հսկիչ հաշվառքի սարք, Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ փաստվել է, որ բացակայում են կամ կեղծված են, կամ վնասված են առևտրային հաշվառքի սարքի կնիքները, կամ առևտրային հաշվառքի սարքի խախտումը պայմանավորված է եղել առևտրային հաշվառքի սարքի առանձին դետալների այնպիսի խափանումներով կամ վնասվածքներով կամ բացակայությամբ, որոնք կարող էին պայմանավորված լինել միայն որևէ անձի ներգործությամբ, միևնույն ժամանակ, մատակարարի գնահատմամբ` հաշվի առնելով Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությունը, այն հանգեցրել է բաժանորդի ծախսած բնական գազի քանակի սխալ հաշվառման, ապա.

ա) բնակչության և կենցաղային սպառում ունեցող կազմակերպությունների համար վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով` (…). բ) ոչ կենցաղային սպառում ունեցող կազմակերպությունների համար վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով՝ (…).:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում փաստել, որ վերոհիշյալ Կանոնների 4.9 կետի վերլուծությունից բխում է, որ բաժանորդի ծախսած գազի քանակի և արժեքի վերահաշվարկի միակ հիմքը առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքն է։ Ընդ որում՝ առևտրային հաշվառքի սարքի խախտումը առևտրային հաշվառքի սարքի առանձին դետալների խափանումներն են, դրանց վնասվածքները, առևտրային հաշվառքի սարքի կնիքների բացակայությունը, դրանց կեղծված կամ վնասված լինելը, կամ առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի նկատմամբ որևէ անձի կողմից այլ ներգործությունները: Բացի այդ, հարկ է նկատել, որ վերոհիշյալ կանոններից նաև ուղղակիորեն հետևում է, որ առևտրային հաշվառքի սարքի խախտման ցանկացած դրսևորում պետք է փաստվի բացառապես Չափագիտական մարմնի տված փորձագիտական եզրակացությամբ, իսկ Չափագիտական մարմինը «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական չափագիտական հսկողություն իրականացնող կազմակերպությունն է: Այլ կերպ ասած՝ առևտրային հաշվառքի սարքի խախտման փաստը հաստատող՝ միակ թույլատրելի ապացույցը Չափագիտական մարմնի տված փորձագիտական եզրակացությունն է:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում գազի քանակի վերահաշվարկը կատարվում է նույն կանոնների 4.11, 4.12, 4.12.1, 4.13 կետերի համաձայն: Ընդ որում, 4.11, 4.12, 4.12.1, 4.13 կետերի վերլուծությունից բխում է, որ 4.11 կետով գազի քանակի վերահաշվարկ կատարվում է այն դեպքում, երբ առկա է հսկիչ հաշվառքի սարք, իսկ 4.12, 4.12.1, 4.13 կետերով՝ այն դեպքում, երբ առկա չէ հսկիչ հաշվառքի սարք: Այնուհետև, 4.12, 4.12.1, 4.13 կետերի վերլուծությունից բխում է, որ 4.12 և 4.12.1 կետերով գազի քանակի վերահաշվարկ կատարվում է այն դեպքում, երբ Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ առևտրային հաշվառքի սարքի խախտումը պայմանավորված է եղել առևտրային հաշվառքի սարքի առանձին դետալների այնպիսի խափանումներով կամ վնասվածքներով, որոնք չէին կարող պայմանավորված լինել որևէ անձի ներգործությամբ, իսկ 4.13 կետով՝ այն դեպքում, երբ Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ փաստվել է, որ առևտրային հաշվառքի սարքի խախտումը պայմանավորված է եղել առևտրային հաշվառքի սարքի առանձին դետալների այնպիսի խափանումներով կամ վնասվածքներով կամ բացակայությամբ, որոնք կարող էին պայմանավորված լինել միայն որևէ անձի ներգործությամբ: Բացի այդ, գազի քանակի վերահաշվարկը կատարվում է Կանոնների 4.13 կետով նաև այն դեպքում, երբ Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ փաստվել է, որ բացակայում են կամ կեղծված են, կամ վնասված են առևտրային հաշվառքի սարքի կնիքները:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Կանոնների 4.13 կետով գազի քանակի վերահաշվարկ կատարելու համար անհրաժեշտ է նաև, որ առևտրային հաշվառքի սարքի խախտումը մատակարարի գնահատմամբ` հաշվի առնելով Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությունը, հանգեցրած լինի բաժանորդի ծախսած բնական գազի քանակի սխալ հաշվառման: Ինչ վերաբերում է 4.12 և 4.12.1 կետերի տարբերությանը, ապա հարկ է նշել, որ 4.12 կետով գազի քանակի վերահաշվարկ կատարվում է այն դեպքում, երբ հնարավոր է եղել որոշել առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի սխալանքի թույլատրելի տիրույթը գերազանցող չափը (արտահայտված տոկոսներով), իսկ 4.12.1 կետով այն դեպքում, երբ Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացության համաձայն հնարավոր չի եղել որոշել առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի սխալանքի թույլատրելի տիրույթը գերազանցող չափը (արտահայտված տոկոսներով):

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ բոլոր այն դեպքերում, երբ Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ փաստվել է, որ բացակայում են կամ կեղծված են, կամ վնասված են առևտրային հաշվառքի սարքի կնիքները, և միևնույն ժամանակ, մատակարարի գնահատմամբ` հաշվի առնելով Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությունը, այն հանգեցրել է բաժանորդի ծախսած բնական գազի քանակի սխալ հաշվառման, ապա գազի քանակի վերահաշվարկը կատարվում է Կանոնների 4.13 կետով:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Արարատի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի տնօրեն Է. Ավոյանը 04.09.2020 թվականին գրություն է հասցեագրել Ընկերության տնօրեն Ա. Պետրոսյանին այն մասին, որ «Հայտնում եմ Ձեզ, որ ս/թ սեպտեմբերի 7-ին ժամը 11:00-ին անհրաժեշտությունից ելնելով Ձեր ընկերությանը պատկանող RPT-3 G-160 տիպի N0043085 գազահաշվիչը փոխարինվելու է՝ արտահերթ ստուգաչափման ուղարկելու նպատակով (…)»։ Գրության ներքևի մասում առկա է նշում՝ «ստացա մեկ օրինակը, Ա.Պետրոսյան, ստորագրություն, 04.09.20թ.»

 07.09.2020 թվականի՝ «Գազափոխման համակարգից սնվող կազմակերպության առևտրային հաշվառքի սարքի տեղադրման (փոխարինման)» թիվ 36 ակտի համաձայն՝ տեղի է ունեցել հաշվառքի սարքի փոխարինում, նպատակը՝ արտահերթ փոխարինում։ Փոխարինված սարքի արտաքին զննությամբ թերություններ չեն հայտնաբերվել։ Թիվ 36 ակտն ստորագրված է բաժանորդի անունից՝ Ա.Պետրոսյանի կողմից:

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ի փորձագետ Ո. Ոսկանյանի կողմից «Գազահաշվիչի փորձագիտական հետազոտությունների արդյունքների վերաբերյալ» 08.09.2020 թվականի թիվ 547962 եզրակացության համաձայն՝ փորձագիտական հետազոտության է ենթարկվել RPT-3 G-160 տիպի N0043085 գազահաշվիչը և հայտնաբերվել է առևտրային հաշվառքի սարքի խախտում, պատճառը՝ արտաքին միջամտություն։ Մուտքային վերահսկման ժամանակ արտաքին զննմամբ հայտնաբերված թերությունները՝ կտրված և ամրացված է համրման սարքը ձգող «Արմավիրի Գազմաշ» ՍՊԸ-ի կապարակնիքի ճոպանը։ Նախնական ստուգաչափման արդյունքներով գազահաշվիչի սխալանքի շեղումը թույլատրելի տիրույթից կազմում է -։ Եզրակացության ներքևում նշված է, որ նախնական փորձաքննությունը և զննումը կատարվել է բաժանորդի ներկայությամբ, սակայն անհայտ պատճառով բաժանորդը հրաժարվել է ստորագրել ակտը։ Թիվ 547962 եզրակացության անբաժանելի մաս կազմող հավելվածի համաձայն՝ ստուգաչափման աջակցության և նորոգման ծախսերի վերաբերյալ գումարները կազմում են 35.596 ՀՀ դրամ:

Ընկերության տնօրեն Ա. Պետրոսյանին ուղղված ծանուցմամբ հայտնվել է, որ, հիմք ընդունելով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից 08.07.2005 թվականի թիվ 95-Ն որոշմամբ հաստատված «Բնական գազի մատակարարման և օգտագործման» կանոնների 4.9 և 4.13 կետի «բ» ենթակետը, կատարվել է բնական գազի վերահաշվարկ, որի ճշտված քանակը կազմում է 64.257մ3, արժեքը՝ 8.134.039,08 ՀՀ դրամ, 4.14 կետի համաձայն՝ հաշվարկված տույժի գումարը կազմում է՝ 8.134.039,08 ՀՀ դրամ, պատասխանողին պատճառած վնասը՝ 42.715,2 ՀՀ դրամ, ընդհանուր վերահաշվարկված գումարը կազմում է 16.310.793,36 ՀՀ դրամ։

 «Վերահաշվարկ» վերտառությամբ փաստաթղթի համաձայն՝ «Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում ԳՄՕԿ 413 կետի «բ» ենթակետի համաձայն՝ Արարատի ԳԳՄ-ի կողմից կատարվել է վերահաշվարկ՝ Վգք=ԱՏօր2ԷճԷճx0.5Qmaxգք1 բանաձևով, ընդ որում՝ վերահաշվարկի համար անհրաժեշտ ելակետային տվյալներն են՝ ԱՏօր2 6 օր, ԺԷճ 20.00 ժամ, Qmax 250.000 մ3, Հգք1 52.816,00 մ3, ԳԷճ՝ 7.8048920: Հաշվարկված գազի արժեքը՝ 8.134.039,08 դրամ, ԳՄՕԿ 414 կետով տույժի գումարը՝ 8.134.039,08 դրամ, ընդամենը վճարման ենթակա գումարը՝ 16.268.078.16 դրամ»:

 RPT-3 G-160 մակնիշի 0043085 համարի առևտրային հաշվառքի սարքի ստուգաչափման և վերանորոգման ծախսերի հաշվարկի համաձայն՝ հայցվորի գազահաշվիչի ստուգաչափման և վերանորոգման արժեքը կազմել է 42.715,2 ՀՀ դրամ:

Նկատի ունենալով, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը վերանայել և բեկանել է Դատարանի 13.12.2021 թվականի վճիռը՝ Ընկերությանը պատկանող RPT3-G-160 N0043085 տիպաչափի գազահաշվիչի սարքի վերահաշվարկին ուղղված գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու, որպես հետևանք թիվ 547962 եզրակացությամբ վերահաշվարկի և ծախսերի մասով պարտավորությունները դադարած ճանաչելու պահանջների մասով, ստորև շարադրվում են միայն վերոհիշյալ պահանջների մասով Դատարանի և Վերաքննիչ դատարանի եզրահանգումները.

Այսպես. Դատարանը անդրադառնալով առևտրային հաշվառքի սարքի խախտման վերաբերյալ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից 08.07.2005 թվականի թիվ 95-Ն որոշմամբ հաստատված «Բնական գազի մատակարարման և օգտագործման» կանոններին՝ արձանագրել է, որ «(…) չափագիտական մարմնի պարտականությունն է խախտման վերաբերյալ եզրակացության ներկայացումը, այսինքն՝ եզրակացությանը ներկայացվող միակ հստակ պահանջը խախտման փաստի կամ դրա բացակայության արձանագրումն է: Հետևաբար «մատակարարի գնահատմամբ` հաշվի առնելով Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությունը, այն հանգեցրել է բաժանորդի ծախսած բնական գազի քանակի սխալ հաշվառման» եզրույթից հետևում է, որ կախված եզրակացությամբ արձանագրված խախտման տեսակներից, մատակարարը, հաշվի առնելով տարբեր գործոններ, որոնց թվարկումը ԳՄՕԿ կանոններով չի տրվել հաշվի առնելով հնարավոր դեպքերի բազմաթվությունը, ինքն է որոշում, թե արձանագրված խախտումը կարող է արդյոք հանգեցնել բնական գազի սխալ հաշվառման, թե ոչ: (…) Դատարանը վերահաշվարկ կատարելու և այն 8.134.038.08 ՀՀ դրամ կազմելու մասով Պատասխանողի գործողությունները դիտում է իրավաչափ: Միաժամանակ Դատարանը հարկ է համարում արձանագրել, որ եզրակացությունում նշվել է, որ արտաքին զննմամբ սարքի թերություններ չեն հայտնաբերվել։ Սակայն այդ նշման առկայությունը չի կարող բացառել խախտման փաստը, այլապես արտաքին զննմամբ ԳՄՕԿ կանոններով նախատեսված խախտումների համար փորձաքննություն չէր պահանջվի, եթե հնարավոր լիներ առանց դրա նշանակման պարզելու խախտումների առկայությունը»:

Միաժամանակ Դատարանը, անդրադառնալով առևտրային հաշվառքի սարքի արտահերթ ստուգաչափման և նորոգման ծախսերի վերաբերյալ ԳՄՕԿ կանոններին, գտել է, որ «Հիմք ընդունելով, որ վերը նշված հիմնավորումներով հաստատվել են խախտման և վերահաշվարկի իրավաչափության հարցերը, Դատարանն արձանագրում է, որ սույն դեպքում կիրառելի են ԳՄՕԿ 4.8 կետի դրույթներն առ այն, որ արտահերթ ստուգաչափման հետ կապված բոլոր ծախսերը պետք է կրի բաժանորդը: Հետևաբար անհիմն է որպես ոչ իրավաչափ գործողության հետևանք նաև 42.715,2 ՀՀ դրամ ծախսերի հատուցման մասով հայցը»:

Վերաքննիչ դատարանը, մասնակի բավարարելով Ընկերության ներկայացուցիչների վերաքննիչ բողոքը, արձանագրել է, որ «(…) կապարակնիքի ճոպանի վնասվածքը արտաքին զննությամբ տեսանելի թերություն է և եթե սարքը փոխարինելիս արձանագրվել է արտաքին թերությունների բացակայություն, ապա հիմնավոր է բողոք բերած անձի փաստարկն այն մասին, որ առկա է ողջամիտ կասկած առ այն, որ նշված թերություններն ու անսարքություններն առաջ են եկել սարքը լաբորատոր փորձաքննության ուղարկելուց հետո։ Այլ կերպ ասած, նման արձանագրմամբ չի հաստատվում, որ սարքի փոխարինման ժամանակ առկա է եղել վերահաշվարկի համար հիմք հանդիսացած խախտումը: (…) Սույն քաղաքացիական գործով պատասխանողը կրել է այն փաստերի ապացուցման բեռը, որ եղել են արձանագրված խախտումներ, այդ խախտումները պայմանավորված են եղել որևէ անձի ներգործությամբ, հանգեցրել են ծախսած բնական գազի սխալ հաշվառման և որ խախտման արձանագրման արդյունքում ծախսած գազի քանակի և արժեքի վերահաշվարկը կատարվել է օրենքի պահանջների պահպանմամբ։ Վերաքննիչ դատարանն արդեն իսկ արձանագրել է, որ սույն քաղաքացիական գործով վիճելի է մնացել բաժանորդի կողմից խախտում թույլ տված լինելու հանգամանքը, ինչի պայմաններում բացակայում է վերահաշվարկ կատարելու համար անհրաժեշտ առաջին պայմանը։ Ուստի, (…) պարտադիր պայմաններից առնվազն մեկի բացակայության պայմաններում կատարված վերահաշվարկն իրավաչափ չի կարող համարվել։ (…) Վերոգրյալի լուսի ներքո անհրաժեշտ է ոչ իրավաչափ ճանաչել «ՎԿ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող RPT3-G-160 N0043085 տիպաչափի գազահաշվիչի վերահաշվարկին ուղղված գործողությունները և որպես հետևանք թիվ 547962 եզրակացությամբ վերահաշվարկի և ծախսերի մասով պարտավորությունները դադարած ճանաչել»:

Մինչդեռ վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծությունները և դրանք համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապացույց է այն փաստական տվյալը, որի հետազոտման և գնահատման հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմքում դրված, ինչպես նաև գործի կամ հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայությունը կամ բացակայությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ փաստերը, որոնք, օրենքի կամ նորմատիվ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք իրավաչափ են եղել պատասխանողի՝ Ընկերությանը պատկանող RPT3-G-160 N0043085 տիպաչափի գազահաշվիչի սարքի վերահաշվարկին ուղղված գործողությունները, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ի փորձագետ Ո. Ոսկանյանի կողմից տրված «Գազահաշվիչի փորձագիտական հետազոտությունների արդյունքների վերաբերյալ» 08.09.2020 թվականի թիվ 547962 եզրակացության համաձայն՝ փորձագիտական հետազոտության է ենթարկվել RPT-3 G-160 տիպի N0043085 գազահաշվիչը և հայտնաբերվել է առևտրային հաշվառքի սարքի խախտում, պատճառը՝ արտաքին միջամտություն։ Մուտքային վերահսկման ժամանակ արտաքին զննմամբ հայտնաբերել են թերություններ՝ կտրված և ամրացված է համրման սարքը ձգող «Արմավիրի Գազմաշ» ՍՊԸ-ի կապարակնիքի ճոպանը։ Այսինքն՝ Չափագիտական մարմնի վերոհիշյալ եզրակացությամբ հաստատվել է առևտրային հաշվառքի սարքի խախտման փաստը, որպիսի հանգամանքը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից 08.07.2005 թվականի թիվ 95-Ն որոշմամբ հաստատված «Բնական գազի մատակարարման և օգտագործման» կանոնների համաձայն, բաժանորդի ծախսած գազի քանակի և արժեքի վերահաշվարկի միակ հիմքն է:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ «(…)կապարակնիքի ճոպանի վնասվածքը արտաքին զննությամբ տեսանելի թերություն է և եթե սարքը փոխարինելիս արձանագրվել է արտաքին թերությունների բացակայություն, ապա հիմնավոր է բողոք բերած անձի փաստարկն այն մասին, որ առկա է ողջամիտ կասկած առ այն, որ նշված թերություններն ու անսարքություններն առաջ են եկել սարքը լաբորատոր փորձաքննության ուղարկելուց հետո»։

Վճռաբեկ դատարանը իրավաչափ է համարում վերոգրյալի առնչությամբ Դատարանի հետևությունն այն մասին, որ «(…)եզրակացությունում նշվել է, որ արտաքին զննմամբ սարքի թերություններ չեն հայտնաբերվել։ Սակայն այդ նշման առկայությունը չի կարող բացառել խախտման փաստը, այլապես արտաքին զննմամբ ԳՄՕԿ կանոններով նախատեսված խախտումների համար փորձաքննություն չէր պահանջվի, եթե հնարավոր լիներ առանց դրա նշանակման պարզելու խախտումների առկայությունը»։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք իրավաչափ է եղել գազի քանակի վերահաշվարկը Կանոնների 4.13 կետով կատարելը, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում փաստել, որ, Չափագիտական մարմնի եզրակացության համաձայն, կտրված և ամրացված է եղել համրման սարքը ձգող «Արմավիրի Գազմաշ» ՍՊԸ-ի կապարակնիքի ճոպանը, ինչից հետևում է, որ եզրակացությամբ հայտնաբերվել է առևտրային հաշվառքի սարքի կնիքի վնասվածք, որի պայմաններում գազի քանակի վերահաշվարկը ենթակա է կատարման բացառապես Կանոնների 4.13 կետով:

Անդրադառնալով Կանոնների 4.13 կետով սահմանված վերջին պայմանին, որի համաձայն՝ անհրաժեշտ է, որ առևտրային հաշվառքի սարքի խախտումը մատակարարի գնահատմամբ` հաշվի առնելով Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությունը, հանգեցրած լինի բաժանորդի ծախսած բնական գազի քանակի սխալ հաշվառման, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այս մասով իրավաչափ են Դատարանի հետևություններն առ այն, որ «(…)«մատակարարի գնահատմամբ` հաշվի առնելով Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությունը, այն հանգեցրել է բաժանորդի ծախսած բնական գազի քանակի սխալ հաշվառման» եզրույթից հետևում է, որ կախված եզրակացությամբ արձանագրված խախտման տեսակներից, մատակարարը, հաշվի առնելով տարբեր գործոններ, որոնց թվարկումը ԳՄՕԿ կանոններով չի տրվել հաշվի առնելով հնարավոր դեպքերի բազմաթվությունը, ինքն է որոշում, թե արձանագրված խախտումը կարող է արդյոք հանգեցնել բնական գազի սխալ հաշվառման, թե ոչ»:

Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պատասխանողի՝ Ընկերությանը պատկանող RPT3-G-160 N0043085 տիպաչափի գազահաշվիչի սարքի վերահաշվարկին ուղղված գործողությունները իրավաչափ են եղել:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում փաստել նաև, որ Կանոնների 4.8 կետի համաձայն՝ երբ Չափագիտական մարմնի տված փորձագիտական եզրակացությամբ փաստվել է առևտրային հաշվառքի սարքի այնպիսի խախտում, որի դեպքում մատակարարված բնական գազի վերահաշվարկն իրականացվում է Կանոնների 4.13 կետի համաձայն, ապա առևտրային հաշվառքի սարքի արտահերթ ստուգաչափման հետ կապված բոլոր ծախսերը կրում է բաժանորդը:

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերությանը պատկանող RPT3-G-160 N0043085 տիպաչափի գազահաշվիչի սարքի վերահաշվարկին ուղղված գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու, որպես հետևանք թիվ 547962 եզրակացությամբ վերահաշվարկի և ծախսերի մասով պարտավորությունները դադարած ճանաչելու պահանջներն անհիմն են, որպիսի իրավաչափ եզրակացության հանգել է Դատարանը, ինչը, սակայն, անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված՝ վերաքննիչ դատարանի դատական ակտը մասնակիորեն բեկանելու և առաջին ատյանի դատարանի դատական ակտին մասնակիորեն օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

 «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։

 Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից առաջին ատյանի դատարանի դատական ակտին մասնակիորեն օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ) գլխի կանոններին համապատասխան:

Իրավահարաբերության ծագման պահին գործող «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետի «բ» ենթակետի բովանդակությունից բխում է, որ դատարանի ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափով՝ ոչ դրամական պահանջի գործերով` բազային տուրքի քսանապատիկի չափով:

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ու «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Արարատի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի կողմից Ընկերությանը պատկանող RPT3-G-160 N0043085 տիպաչափի գազահաշվիչի սարքի վերահաշվարկին ուղղված գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու և որպես հետևանք թիվ 547962 եզրակացությամբ վերահաշվարկի ու ծախսերի մասով Ընկերության պարտավորությունները դադարած ճանաչելու պահանջները բավարարելու մասերով, բեկանման, որի արդյունքում օրինական ուժ է տրվում Դատարանի՝ հայցն այդ մասով մերժելու վերաբերյալ վճռին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերությունից հօգուտ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ու «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Արարատի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի ենթակա է բռնագանձման 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված ու «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Արարատի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:

Միևնույն ժամանակ, նկատի ունենալով, որ սույն գործով Դատարանի 13.12.2021 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոքը ներկայացվել է Ընկերության կողմից, և վերջինիս կողմից վերաքննիչ բողոքի համար նախապես վճարվել է 30000 ՀՀ դրամ, իսկ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ու վերջինիս Արարատի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի կողմից Վերաքննիչ դատարանում դատական ծախսեր չեն կատարվել, հետևաբար Վճռաբեկ դատարանն այդ հարցը համարում է լուծված:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նկատի ունենալով, որ սույն գործով Դատարանի վճռով հայցը բավարարվել է մասնակի՝ ․․․ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի և այդ ընկերության Արարատի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի կողմից Ընկերությանը պատկանող RPT3-G-160 N0043085 տիպաչափի գազահաշվիչի սարքի ապահավաքակցման, փոխարինման, ստուգաչափման և վերահաշվարկին ուղղված գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու, որպես հետևանք թիվ 547962 եզրակացությամբ վերահաշվարկի և ծախսերի մասով պարտավորությունները դադարած ճանաչելու մասով հայցը մերժվել է, Վերաքննիչ դատարանի որոշմամբ ․․․Ընկերության հայցն ընդդեմ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի և այդ ընկերության Արարատի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի՝ հայցվորին պատկանող RPT3-G-160 N0043085 տիպաչափի գազահաշվիչի սարքի վերահաշվարկին ուղղված գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու և որպես հետևանք թիվ 547962 եզրակացությամբ վերահաշվարկի և ծախսերի մասով պարտավորությունները դադարած ճանաչելու պահանջների մասին, բավարարվել է, ոչ իրավաչափ են ճանաչվել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ու «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Արարատի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի կողմից «Ընկերությանը պատկանող RPT3-G-160 N0043085 տիպաչափի գազահաշվիչի սարքի վերահաշվարկին ուղղված գործողությունները, որպես հետևանք դադարած են ճանաչվել թիվ 547962 եզրակացությամբ վերահաշվարկի և ծախսերի մասով Ընկերության պարտավորությունները, Վճռաբեկ բողոք ներկայացրած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը՝ Դատարանի վճիռը բեկանելու մասով և այդ մասով ուժ տալ Դատարանի վճռին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի «ա» կետի հիմքով ավել վճարված պետական տուրքը՝ 224022 ՀՀ դրամը, ենթակա է վերադարձման «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Արարատի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղին, քանի որ Վերաքննիչ դատարանի որոշումը՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ու «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Արարատի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի կողմից Ընկերությանը պատկանող RPT3-G-160 N0043085 տիպաչափի գազահաշվիչի սարքի վերահաշվարկին ուղղված գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու և որպես հետևանք թիվ 547962 եզրակացությամբ վերահաշվարկի ու ծախսերի մասով Ընկերության պարտավորությունները դադարած ճանաչելու պահանջները բավարարելու մասերով, բեկանվում է և օրինական ուժ է տրվում Դատարանի՝ հայցն այդ մասով մերժելու վերաբերյալ վճռին։

 

Միևնույն ժամանակ սույն գործով այլ դատական ծախսերի կատարման վերաբերյալ ապացույցներ գործում առկա չեն և նման պահանջ դատարան չի ներկայացվել, որպիսի պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մնացած մասով դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

 1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.04.2022 թվականի որոշումը՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Արարատի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի կողմից «ՎԿ Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող RPT3-G-160 N0043085 տիպաչափի գազահաշվիչի սարքի վերահաշվարկին ուղղված գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու և որպես հետևանք թիվ 547962 եզրակացությամբ վերահաշվարկի և ծախսերի մասով «ՎԿ Գրուպ» ՍՊԸ-ի պարտավորությունները դադարած ճանաչելու պահանջները բավարարելու մասերով, և այդ մասերով օրինական ուժ տալ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 13.12.2021 թվականի վճռին:

 2. «ՎԿ Գրուպ» ՍՊԸ-ից հօգուտ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Արարատի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:

 3. Դատական ծախսերի հարցը համարել լուծված։

 4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Գ. Հակոբյան

Զեկուցող

Է. Սեդրակյան

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 նոյեմբերի 2023 թվական: