Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (06.04.2023-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 27.11.2023
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
06.04.2023
Подписан
Նախագահող
Дата подписания
06.04.2023
Дата вступления в силу
06.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Սնանկության գործ թիվ ԵԴ/0945/04/18

2023

Սնանկության գործ թիվ ԵԴ/0945/04/18

Նախագահող դատավոր`

 Մ Հարթենյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ անունից

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Գ. Հակոբյան

զեկուցող

տ. Պետրոսյան

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Է. Սեդրակյան

 

2023 թվականի ապրիլի 06-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.06.2021 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի Խորեն Մկրտչյանի՝ Սամվել Մելիքյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Խորեն Մկրտչյանը պահանջել է Սամվել Մելիքյանին ճանաչել սնանկ:

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր` Ա. Խաչատրյան) 30.05.2019 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր` Ա. Խաչատրյան) (այսուհետ՝ Դատարան) 17.02.2021 թվականի որոշմամբ միջանկյալ բաշխման ծրագրի դեմ Կոմիտեի ներկայացրած առարկությունը թողնվել է առանց քննության։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 25.06.2021 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 17.02.2021 թվականի «Սամվել Դալիկի Մելիքյանի սնանկության գործով միջանկյալ բաշխման ծրագրի դեմ ներկայացված առարկությունն առանց քննության թողնելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ՝ Արման Մնացականյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը:

 

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ որպես բողոքը մերժելու հիմք նշել է, որ Կոմիտեն ծրագրի օրինակն ստացել է 08.02.2021 թվականին, ծրագրի դեմ առարկություն կարող էր ներկայացվել մինչև 15.02.2021 թվականը ներառյալ, օրենքով սահմանված ժամկետում ծրագրի դեմ առարկություն չի ներկայացվել, Կոմիտեն ծրագրի դեմ առարկություն է ներկայացրել օրենքով սահմանված ժամկետի ավարտից հետո՝ 17.02.2021 թվականին», Դատարանը որոշում է կայացրել առարկությունը թողնել առանց քննության: Մինչդեռ Վերաքննիչ դատարանի այդ հետևությունն անհիմն է, քանի որ Կոմիտեն հայտնել է, որ 08.02.2021 թվականին ստացել է բաշխման ծրագիրը, 15.02.2021 թվականին ներկայացրել է առարկություն, ինչն անտեսվել է Դատարանի կողմից:

Այսպիսով, Սամվել Մելիքյանի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի (այսուհետ՝ Կառավարիչ) կողմից հաստատված՝ սնանկության գործընթացում ստացված դրամական միջոցների միջանկյալ բաշխման ծրագիրը Կոմիտեն ստացել է 08.02.2021 թվականին, հետևաբար առարկություն ներկայացնելու 7-օրյա ժամկետը սկսվում է հաջորդ օրվանից՝ 09.02.2021 թվականից, այդ դեպքում ժամկետը լրանում է 15.02.2021 թվականին ժամը 24։00-ին։ Կոմիտեի կողմից առարկությունը փոստային ծառայությանն է հանձնվել 15.02.2021 թվականին, ուստի օրենքով սահմանված ժամկետում Կոմիտեի կողմից ներկայացվել է գրավոր առարկություն (հիմք՝ RG028569525AM փոստային կոդով անդորրագիրը Հետևաբար Կոմիտեն, պահպանելով առարկություն ներկայացնելու 7-օրյա ժամկետը, 15.02.2021 թվականին ներկայացրել է առարկություն, սակայն Դատարանի կողմից բազմակողմանի և ոչ օբյեկտիվ քննություն չիրականացվելու արդյունքում կայացվել է ոչ իրավաչափ դատական ակտ, քանի որ դատարանը հնարավորություն ուներ ծանոթանալու /www.haypost.am/hy/ track-and-trace կայքում առկա տեղեկատվությանը: Հատկանշական է, որ թիվ ԵԴ/0720/04/18 սնանկության գործով դատարանն իր նախաձեռնությամբ ծանոթացել է նշված կայքում առկա տեղեկատվությանը, իսկ սույն գործով ծանոթանալու արդյունքում կպարզեր, որ Կոմիտեն առարկությունը փոստային բաժանմունք մուտքագրել է 15.02.2021 թվականին, հետևաբար առարկությունը ենթակա էր դատական կարգով քննության։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.06.2021 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Անդրադառնալով սահմանադրորեն երաշխավորված անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման իրավական խնդրին` ՀՀ սահմանադրական դատարանն իր 28.11.2007 թվականի թիվ ՍԴՈ-719 որոշման մեջ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. անձի` դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից ածանցվում է պետության պոզիտիվ պարտականությունը` ապահովել այն թե՛ նորմաստեղծ, թե՛ իրավակիրառ գործունեություն իրականացնելիս: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը և պայմանները սահմանում է օրենսդիրը: Օրենսդիրն այս գործընթացում օժտված է գնահատման որոշակի ազատությամբ, սակայն սա չի նշանակում, որ օրենսդիրն իրավասու է սահմանելու դատարան դիմելու իրավունքի իրացմանը վերաբերող ցանկացած իրավակարգավորում: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված այս հիմնարար իրավունքի իրացման կարգը և պայմանները նախատեսող իրավակարգավորումները պետք է նպատակ հետապնդեն ապահովելու դատական պաշտպանության միջոցների գործնականում արդյունավետ երաշխավորումը, այլ խոսքով` արդարադատության պատշաճ իրականացումը և անձանց իրավունքների և ազատությունների գործնականում արդյունավետ պաշտպանությունը:

ՀՀ սահմանադրական դատարանը 25.11.2008 թվականի թիվ ՍԴՈ-780 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի 18.07.2013 թվականի թիվ ՍԴՈ-1037 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման՝ դատական ակտերի բողոքարկման ինստիտուտի նպատակը ոչ միայն ներկայացված պահանջի մերժման կամ բավարարման իրավաչափության ստուգումն է։ Այս ինստիտուտն այն հիմնական և էական իրավական երաշխիքն է, որի միջոցով ապահովվում է ստորադաս դատարանի կողմից արդար դատաքննության իրավունքի հիմնական բաղադրատարրերի, մասնավորապես, [2005 թվականի փոփոխություններով] ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասով և Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված դատավարական երաշխիքների պահպանումը։ Բոլոր այն դեպքերում, երբ առաջին ատյանի դատարանը չի պահպանել հիշյալ դատավարական երաշխիքները, քաղաքացին չունենալով վերաքննության իրավունք, ըստ էության զրկվում է իր գործի արդար դատաքննության իրավունքն արդյունավետորեն իրացնելու հնարավորությունից և արդար դատաքննության իրավունքի խախտման դեմ պաշտպանության արդյունավետ միջոցից։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե´ս, Ashingdane v. The United Kingdom, թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):

ՀՀ սահմանադրական դատարանն իր 09.02.2016 թվականի թիվ ՍԴՈ-1254 որոշմամբ արձանագրել է, որ օրենսդրորեն պետք է սահմանվեն անհրաժեշտ ու բավարար երաշխիքներ դատական ակտը բողոք բերողի կողմից ամբողջությամբ ու ողջամիտ ժամկետում ստանալու և դատարանի մատչելիության ու արդար դատաքննության իր իրավունքն արդյունավետ իրացնելու համար: Վերը նշվածի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ չնայած այն հանգամանքին, որ դատական ակտերի բողոքարկման ժամկետը, որպես կանոն, հաշվարկվում է հրապարակման պահից, այնուամենայնիվ, անհրաժեշտ են օրենսդրական բավարար երաշխիքներ, որոնք կապահովեն անձի` դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացումը:

Միաժամանակ ՀՀ սահմանադրական դատարանը վերահաստատել է 22.12.2015 թվականի թիվ ՍԴՈ-1249 որոշմամբ արտահայտված այն իրավական դիրքորոշումը, որ ստորադաս դատարանի դատական ակտը վերադասության կարգով բողոքարկելու եղանակով անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի լիարժեք իրացումը մեծապես կախված է այն հանգամանքից, թե որքանով է բողոքարկվող դատական ակտը հասու շահագրգիռ անձին, ողջամիտ ինչ ժամկետում նա կարող է հիմնավոր բողոք ներկայացնել իր իրավունքների դատական պաշտպանության համար: (...) վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքներն օրենքով դրանց ներկայացված պահանջներին համահունչ նախապատրաստելու համար հարկ է, որպեսզի վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք ներկայացնող անձն իր տնօրինության ներքո ունենա բողոքարկվող դատական ակտը, որպեսզի կարողանա նշված ակտի ուսումնասիրության հիման վրա իր վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքում հիմնավորել, պատճառաբանել ստորադաս դատարանի կողմից նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումը և գործի ելքի վրա դրանց ազդեցությունը, կամ դրանց արդյունքում` ծանր հետևանքներ առաջացած լինելու փաստը կամ առաջացման հնարավորությունը:

Իրավահարաբերության ծագման պահին կիրառելի խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 80-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Եթե պարտատերը (պարտատերերը) բաշխման ծրագրի օրինակն ստանալու կամ հայտարարությունը հրապարակելուց հետո` 7 օրվա ընթացքում, բաշխման ծրագրի վերաբերյալ գրավոր առարկություն է ներկայացնում դատարան, ապա դատավորն առարկությունն ստանալուց հետո` յոթ օրվա ընթացքում, հրավիրում է դատական նիստ, որի տեղի և ժամանակի մասին կառավարչին, պարտապանին և պարտատերերին ծանուցում է իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում` նիստից առնվազն երեք օր առաջ տրվող հայտարարությամբ կամ ծանուցագիր ուղարկելու միջոցով:

 

Սույն գործի փաստերի համաձայն`

1) Դատարանի 30.05.2019 թվականի վճռով Սամվել Մելիքյանը ճանաչվել է սնանկ (գործի հավելված, թերթ 10-14), սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Հենրիկ Մարտիկյանը (գործի հավելված, թերթ 60-62)։

2) Դատարանը 08.08.2019 թվականի որոշմամբ հաստատել է Սամվել Մելիքյանի սնանկության գործով ներկայացված պահանջների վերջնական ցուցակը (գործի հավելված, թերթ 51-54):

3) Կոմիտեն 05.11.2020 թվականին պահանջը հաստատելու մասին դիմում է ներկայացրել Դատարան, պահանջը գրանցվել է պահանջների գրանցամատյանում (գործի հավելված, թերթ 63-73, 79)։

4) Սնանկության գործով կառավարիչը 08.02.2021 թվականին Դատարան է ներկայացրել բաշխման ծրագրի մասին հաշվետվություն (գործի հավելված, թերթ 105-108, 110):

5) Սնանկության գործով կառավարչի բաշխման ծրագիրը Կոմիտեն ստացել է 08.02.2021 թվականին (գործի հավելված, թերթ 109, 114):

6) Կոմիտեն թվականին փոստային կապի օպերատորին հանձնելու եղանակով միջանկյալ բաշխման ծրագրի դեմ առարկություն է ներկայացրել Դատարան, փոստային ծրարի վրա որպես առաքանին փոստ հանձնելու ամսաթիվ է նշված 16.02.2021 թվականը, առարկությունը Դատարան է մուտքագրվել 17.02.2021 թվականին և թողնվել է առանց քննության (գործի հավելված, թերթ 117-129, 130):

7) Վճռաբեկ բողոքին կից ներկայացվել է ապացույց առ այն, որ սնանկության գործով կառավարչի բաշխման ծրագրի դեմ առարկությունը Կոմիտեն փոստային ծառայությանն է հանձնել 15.02.2021 թվականին, այսինքն՝ 7-օրյա ժամկետի պահպանմամբ (հիմք վճռաբեկ բողոքին կից ներկայացված թիվ RG028569525AM առաքանին):

Վերաքննիչ դատարանը, քննելով Կոմիտեի վերաքննիչ բողոքը, արձանագրել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 80-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ եթե պարտատերերը բաշխման ծրագրի օրինակն ստանալու կամ հայտարարությունը հրապարակելու հաջորդող 7 օրվա ընթացքում բաշխման ծրագրի վերաբերյալ գրավոր առարկություն չեն ներկայացնում դատարան, ապա կառավարչի հաստատած բաշխման ծրագիրը համարվում է պարտատերերի կողմից ընդունված: Դատավորը կառավարչի ներկայացրած բաշխման ծրագրի մեկ օրինակը վերադարձնում է կառավարչին՝ օրենքով սահմանված ժամկետում առարկված չլինելու նշագրմամբ և կնքված իր կնիքով։

 Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ եթե պարտատերը (պարտատերերը) բաշխման ծրագրի օրինակն ստանալու կամ հայտարարությունը հրապարակելուց հետո՝ 7 օրվա ընթացքում, բաշխման ծրագրի վերաբերյալ գրավոր առարկություն է ներկայացնում դատարան, ապա դատավորն առարկությունն ստանալուց հետո՝ յոթ օրվա ընթացքում, հրավիրում է դատական նիստ, որի տեղի և ժամանակի մասին կառավարչին, պարտապանին և պարտատերերին ծանուցում է իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում՝ նիստից առնվազն երեք օր առաջ տրվող հայտարարությամբ կամ ծանուցագիր ուղարկելու միջոցով: Այսինքն՝ կառավարչի հաստատած բաշխման ծրագիրը պարտատերերի կողմից ընդունված համարվելը պայմանավորված է պարտատերերի կողմից բաշխման ծրագրի օրինակը ստանալուն հաջորդող 7 օրվա ընթացքում դրա վերաբերյալ գրավոր առարկություն ներկայացված չլինելու հանգամանքով: 

Վերաքննիչ դատարանը գտել է, որ կառավարչի հաստատած բաշխման ծրագիրը Կոմիտեն ստացել է 08.02.2021 թվականին, ինչն ընդունել է նաև վերաքննիչ բողոքում, հետևաբար առարկությունը կարող էր ներկայացնել հաջորդող 7 օրվա ընթացքում, այսինքն՝ մինչև 15.02.2021 թվականը ներառյալ, մինչդեռ Կոմիտեի կողմից փոստային կապի օպերատորին հանձնելու եղանակով 15.02.2021 թվականին Դատարան ներկայացված առարկություն առկա չէ, այդպիսին չի ներկայացվել նաև վերաքննիչ բողոքին կից:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կոմիտեի կողմից վճռաբեկ բողոքին կից ներկայացվել է թիվ RG028569525AM փոստային կոդով անդորրագիրը, համաձայն որի Կառավարչի միջանկյալ ծրագրի բաշխման վերաբերյալ առարկությունը կոմիտեն փոստային ծառայությանն է հանձնել 15.02.2021 թվականին: Միաժամանակ www.haypost.am պաշտոնական կայքից կատարված որոնման արդյունքներից պարզ է դառնում, որ նշված ծածկագրով առաքանին ՀՀ սնանկության դատարան է ուղարկվել 15.02.2021 թվականին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, 25.06.2021 թվականին որոշում կայացնելով վերաքննիչ բողոքը մերժելու մասին, ըստ էության կատարել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորումներից բխող եզրահանգումներ, քանի որ Վերաքննիչ դատարանի տնօրինության տակ առկա է եղել միայն 08.02.2021 թվականին Կոմիտեի կողմից բաշխման ծրագրի ստացման վերաբերյալ հավաստագիրը և գործի հավելվածում առկա՝ Կոմիտեի կողմից 16.02.2021 թվականին փոստին հանձնված և 17.02.2021 թվականին Դատարան մուտք եղած առարկությունը, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանը զրկված է եղել հետագայում վճռաբեկ բողոքին կից ներկայացված ապացույցը հետազոտելու հնարավորությունից:

Մինչդեռ՝ վերը նշված ապացույցի՝ թիվ RG028569525AM փոստային կոդով անդորրագրի ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով բողոք բերած անձը, բաշխման ծրագրի մասին սնանկության գործով կառավարչի ծանուցումն ստանալով 08.02.2021 թվականին, այն ստանալու օրվանից օրենքով սահմանված 7-օրյա ժամկետում, այն է՝ 15.02.2021 թվականին ներկայացրել է առարկություն:

ՀՀ սահմանադրական դատարանը 12.07.2016 թվականի ՍԴՈ-1293 որոշմամբ դիրքորոշում է հայտնել այն մասին, որ իրավունքի ցանկացած սահմանափակում` որպես ժողովրդավարական ինստիտուտների և կոնկրետ անձի շահերի միջև հավասարակշռության ապահովման միջոց, պետք է կիրառվի խիստ բացառիկ դեպքերում: Որպեսզի «բացառիկ դեպքեր» հասկացությունը չմեկնաբանվի շատ լայն կամ կամայականորեն, Կոնվենցիան սահմանում է, որ անձի իրավունքները կարող են սահմանափակվել միայն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում և բխում է պետական անվտանգության, հասարակական կարգի, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ ուրիշ այնպիսի շահերից, որոնք ավելի մեծ հանրային կարևորություն ունեն, քան անձի համար նշված իրավունքների ապահովումն է:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քաղաքացիական դատավարության մասնակիցների, այդ թվում՝ պետական մարմինների համար օրենսդիրն առաջադրել է պահանջներ, որոնց պահպանման դեպքում միայն կարող է իրականացվել վերջիններիս իրավունքների պաշտպանությունը: Նման պահանջներից մեկն էլ օրենքով սահմանված ժամկետներում բողոքները, առարկությունները դատարան ուղարկելու պահանջն է: Նշված պահանջն ուղղված է կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքների երաշխավորմանը՝ ապահովելով գործին մասնակցող մյուս անձանց իրազեկվածությունը՝ իրենց իրավունքներին և պարտականություններին վերաբերող դատական ակտի բողոքարկման վերաբերյալ: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը, առարկությունը և այն համապատասխան դատարան ուղարկելու վերաբերյալ ապացույցը պետք է լինի այնպիսին, որ միանշանակ հնարավոր լինի եզրահանգում կատարել համապատասխան պարտականությունը կատարած լինելու վերաբերյալ:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով ներկայացվել է ապացույց, որից միանշանակ հետևում է, որ Կոմիտեն առարկություն ներկայացնելու իր իրավունքն իրացնելիս կատարել է օրենսդրի կողմից իր վրա դրված պարտականությունը՝ բաշխման ծրագրի մասին ծանուցումն իրեն հասու լինելու պահից 7-օրյա ժամկետում Դատարան է ուղարկել բաշխման ծրագրի դեմ առարկություն, որպիսի պարագայում Կոմիտեին իր առարկությունները ներկայացնելու իրավունքից զրկելը կդիտվի որպես դատարանի մատչելիության իրավունքի այնպիսի սահմանափակում, որի արդյունքում կխախտվի այդ իրավունքի բուն էությունը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժելու արդյունքում սահմանափակվել է վերջինիս` ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված` արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 25.06.2021 թվականի որոշումը ենթակա է վերացման, իսկ հարցը պետք է ուղարկվի ՀՀ սնանկության դատարան՝ Կոմիտեի առարկությունն ըստ էության քննելու համար:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.06.2021 թվականի որոշումը և հարցն ուղարկել ՀՀ սնանկության դատարան նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Գ. Հակոբյան

Զեկուցող

 

տ. Պետրոսյան

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

ԱՄԿՐՏՉՅԱՆ

Է. Սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 նոյեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան