Գլխավոր տեղեկություն
Номер
N 8
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (28.12.1995-02.07.2001)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.01.1995
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Дата подписания
11.01.1995
Дата вступления в силу
11.01.1995
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.07.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հունվարի 1995 թվականի N 8

 

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇԻՎՆԵՐԻՑ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հաշիվներից վճարումների հերթականությունը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Սահմանել Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հաշիվներից վճարումների հետևյալ հերթականությունը`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկերը և պետական բյուջեի նկատմամբ այլ պարտադիր վճարումները.

Ընդ որում, հարկերը և պետական բյուջեի նկատմամբ այլ պարտադիր վճարումները Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության մարմինների կատարողական փաստաթղթերի (վճարման պահանջագրերի) հիման վրա անվիճելի կարգով կարող են կատարվել այդ հաշիվներին առկա կամ հետագայում մինչև կատարողական փաստաթղթերի (վճարման պահանջագրերի) լրիվ կատարումը` փաստացի մուտքագրված յուրաքանչյուր գումարի 75 տոկոսի չափով:

Այն դեպքում, երբ կատարողական փաստաթղթերի (վճարման պահանջագրերի) ներկայացման պահին տվյալ հաշվում առկա գումարի 75 տոկոսը գերազանցում է պահանջագրի գումարին, ապա այն կատարվում է միանգամից և ամբողջությամբ:

բ) Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդին կատարվող մուծումները.

գ) մյուս բոլոր վճարումները` վճարողի կողմից ինքնուրույնաբար:

(1-ին կետը լրաց. 12.06.95 N 331)

2. Սահմանել, որ բյուջետային հիմնարկների և կազմակերպությունների վճարումների իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը:

Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով միայնակ մայրերին, մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող ամենամսյա պետական նպաստների, մինչև 17 տարեկան (սովորող և կրթաթոշակ չստացող` մինչև 18 տարեկան) երեխաներին տրվող ամենամսյա նպաստների և երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող միանվագ նպաստների վճարման նպատակով ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հաշիվներին փոխանցված միջոցների վրա: Այդ միջոցների հաշվին վճարումները կատարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում` անկախ հարկերի և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ այլ պարտադիր վճարումների գծով Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմինների կողմից ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հաշիվներին ներկայացված անվիճելի փաստաթղթերի առկայությունից:

(2-րդ կետը լրաց. 28.12.95 N 119)

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին` մեկշաբաթյա ժամկետում սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ ակտերում:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 5-ի «Միավորումների, ձեռնարկությունների և կազմակերպությունների հաշիվներից վճարումների հերթականության մասին» N 9 որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ