Գլխավոր տեղեկություն
Номер
N 1696-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.10.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.10.2023
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
05.10.2023
Дата вступления в силу
06.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 հոկտեմբերի 2023 թվականի N 1696-Ա

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 65-րդ հոդվածի 6-րդ կետով և նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի N 110-Ա որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Համաձայնություն տալ Սիմոնյան կրթական հիմնադրամի և Մասիսի համայնքապետարանի միջև 2022 թվականի հուլիսի 6-ին կնքված Թումո կենտրոն կառուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի Մասիս քաղաքի Հանրապետության փողոց 73/6 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.70815 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը Սիմոնյան կրթական հիմնադրամին նվիրաբերությամբ տրամադրելուն:

2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված Թումո կենտրոնի կառուցման ծրագրի շրջանակներում հողամասն անհատույց սեփականության իրավունքով նվիրաբերությամբ տրամադրելու գործարքների հիմնական պայմանները՝ համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին՝ նվիրաբերության պայմանագիրը կնքելու պահից երեք տարվա ընթացքում, ծրագիրը չիրականացնելու դեպքում ներկայացնել առաջարկություն սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ, իսկ Մասիս համայնքի ղեկավարին առաջարկել լուծել Սիմոնյան կրթական հիմնադրամի հետ կնքված պայմանագիրը։

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավարին նվիրաբերության պայմանագրում նախատեսել դրույթ, համաձայն որի ծրագիրը սահմանված ժամկետում չիրականացնելու դեպքում՝ պայմանագիրը լուծելուց հետո հողամասը և դրա վրա առկա անշարժ գույքերը սեփականության իրավունքով անցնում են համայնքին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

05.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

հոկտեմբերի 5-ի N 1696-Ա որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԹՈՒՄՈ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՆՔՎՈՂ ԳՈՐԾԱՐՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Գույք նվիրաբերողը

ՀՀ Արարատի մարզ, Մասիս համայնք

Սեփականության իրավունք ձեռք բերողը (նվիրառու)

Սիմոնյան կրթական հիմնադրամ

Նվիրաբերման պայմանագրի կնքման ժամկետը

Հողամասը նվիրաբերող մարմնի կողմից որոշումը կայացնելուց հետո 10-օրյա ժամկետում

Հողի սեփականության իրավունքների փոխանցում

Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման պահից

Նվիրաբերման պայմանագրի կնքման և գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը կատարվում են

Սիմոնյան կրթական հիմնադրամի միջոցներով:

Կողմերի պարտավորությունները

1. Նվիրաբերողը պարտավորվում է՝

1) նվիրառուին տրամադրել երրորդ անձանց իրավունքներից, փաստացի տիրապետումից ազատ հողամաս.

2) իր լիազորությունների շրջանակներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրառուին տրամադրել Թումո ստեղծարարական կենտրոնի կառուցման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ բոլոր թույլտվությունները:

2. Նվիրառուն պարտավոր է՝

1) հողամասն օգտագործել բացառապես Թումո կենտրոն կառուցելու նպատակով.

2) պայմանագիրը կնքելու պահից երեք տարվա ընթացքում, առնվազն 400.000.000 /չորս հարյուր միլիոն/ դրամի բարեգործական ծրագրի շրջանակներում կառուցել Թումո ստեղծարարական կենտրոն, ժամանակակից կահավորմամբ, որը պետք է սպասարկի շաբաթական 2300 երեխա.

3) բացառել իր կողմից նվիրաբերման կարգով ձեռք բերված հողամասի օտարումը, գրավադրումը, վարձակալության կամ օգտագործման տրամադրումը, կամ այլ ձևով ծանրաբեռնումը:

Կողմերի պատասխանատվությունը

Կողմերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պատասխանատվություն են կրում

պայմանագրի պայմանների խախտման համար:

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

05.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ