Գլխավոր տեղեկություն
Номер
N 12-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.04.2018-08.06.2021)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՆԻԱԺ 2018.03.30/1(60) Հոդ.242
Принят
Ջերմուկ համայնքի ավագանի
Дата принятия
19.01.2018
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
19.01.2018
Дата вступления в силу
09.04.2018
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հունվարի 2018 թ. N 12-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՄԱՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԼՈՒԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՍԵՓԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Ուժը կորցրած ճանաչել Ջերմուկի քաղաքային համայնքի ավագանու 2014 թվականի հոկտեմբերի 31-ի «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Ջերմուկի համայնքի ղեկավարին վերապահված կամավոր լիազորությունների իրականացման և դրանց համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացման կարգը հաստատելու մասին» N 46-Ա որոշումը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Վ. Հովհաննիսյան

 

 

Հավելված

Ջերմուկ համայնքի ավագանու

2018 թվականի հունվարի 19-ի

N 12-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՄԱՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԼՈՒԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՍԵՓԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի (այսուհետև՝ համայնքի) կամավոր խնդիրների և դրանց լուծման նպատակով համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների և իրականացման հետ կապված հարաբերությունները։

2. Համայնքի կամավոր խնդիրներն են՝

1) համայնքի սոցիալապես անապահով բնակչության սոցիալական օգնության տրամադրման կազմակերպումը.

2) պետական բարձրագույն և (կամ) միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում, ոչ պետական ուսումնական հաստատություններում (պետական հավատարմագրում ունեցող մասնագիտությունների գծով) սովորող համայնքի սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողների ուսման վարձի մասնակի հատկացումը.

3) համայնքի հանրակրթական դպրոցների գործունեության աջակցումը.

4) զոհված զինծառայողների, զինծառայողների, պատերազմի վետերանների, հաշմանդամների, կերակրողին կորցրած ընտանիքների սոցիալական պայմանների բարելավման աջակցումը.

5) միջհամայնքային միավորումների ստեղծումը, ինչպես նաև համայնքների հիմնադրած միություններին անդամակցությունը։

3. Համայնքի կամավոր խնդիրների լուծման նպատակով համայնքի տեղական ինքնակառավարման մարմինները իրականացնում են հետևյալ սեփական լիազորությունները՝

1) միջոցներ են ձեռնարկում զոհված զինծառայողների, զինծառայողների, պատերազմի վետերանների, հաշմանդամների, կերակրողին կորցրած ընտանիքների, սոցիալապես անապահով այլ խավերի սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ.

2) աջակցություն են ցուցաբերում միայն պետական բարձրագույն և (կամ) միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում, ոչ պետական ուսումնական հաստատություններում (պետական հավատարմագրում ունեցող մասնագիտությունների գծով) սովորող համայնքի սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողների ուսման վարձի վճարման կազմակերպմանը.

3) նպաստում են համայնքի հանրակրթական դպրոցների գործունեության կազմակերպմանը.

4) տեղական ինքնակառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կամ հանրային շահերից ելնելով միջհամայնքային միավորումների ստեղծումը, ինչպես նաև համայնքների հիմնադրած միություններին անդամակցությունը։

4. Համայնքի կամավոր խնդիրների և դրանց լուծման համար սեփական լիազորությունների իրականացման համար համայնքի բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցները չեն կարող գերազանցել համայնքի այդ տարվա բյուջեով նախատեսված սեփական եկամուտների 10 %-ը։

5. Կամավոր խնդիրների լուծման համար ֆինանսական միջոցների հատկացումը իրականացնում է համայնքի ղեկավարը՝ համայնքի բյուջեով նախատեսված հատկացումներին համապատասխան և միայն դրանց համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացման չափերի մասին ավագանու որոշումների և (կամ) համաձայնության առկայության դեպքերում։

6. Այն դեպքում, երբ համայնքի ղեկավարի կողմից կամավոր խնդիրների լուծման համար չի պահանջվում ֆինանսական և գույքային միջոցների հատկացում՝ համայնքի ղեկավարը դրանք իրականացնում է ինքնուրույն և սեփական պատասխանատվությամբ։

7. Կամավոր խնդիրների լուծման իրականացման առաջարկություն կարող են նախաձեռնել համայնքի ղեկավարը, համայնքի ավագանու անդամները, բնակիչները, հասարակական կազմակերպությունները և միավորումները, ինչպես նաև քաղաքացիական հասարակության այլ ինստիտուտներ։

8. Այն դեպքում, երբ կամավոր խնդրի լուծման իրականացումը նախաձեռնում է համայնքի ղեկավարը կամ համայնքի ավագանու անդամը, նախաձեռնողը համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացնում խնդրի լուծման իրականացման վերաբերյալ առաջարկությունը՝ նշելով դրա նպատակը, խնդրի կարգավորման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցի չափը և անհրաժեշտության հիմնավորումը հավաստող փաստաթղթեր, եթե դրանք առկա են։

9. Այն դեպքում, երբ կամավոր խնդրի լուծման իրականացումը նախաձեռնում են բնակիչները, հասարակական կազմակերպությունները և միավորումները, ինչպես նաև քաղաքացիական հասարակության այլ ինստիտուտները, ապա վերջիններիս կողմից լիազորված ներկայացուցիչը (այսուհետ՝ նախաձեռնող) համայնքի ղեկավարին է ներկայացնում կամավոր խնդրի լուծման իրականացման վերաբերյալ դիմում՝ նշելով դրա նպատակը և անհրաժեշտության հիմնավորումը, խնդրի կարգավորման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցի չափը և անհրաժեշտության հիմնավորումը հավաստող փաստաթղթեր, եթե դրանք առկա են։

10. Համայնքի ղեկավարը դիմումը և սույն կարգի 9-րդ կետում նշված անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո՝

1) կամավոր խնդրի լուծման իրականացմանը համաձայնվելու դեպքում՝ մեկամսյա ժամկետում ճշտում է դրանց արժանահավատությունը, հաշվարկում կամավոր խնդրի իրականացման համար գումարի մեծությունը և իր կարծիքը, ինչպես նաև կամավոր խնդրի իրականացման վերաբերյալ նախաձեռնողի ներկայացրած փաստաթղթերը և ավագանու որոշման նախագիծը ներկայացնում է համայնքի ավագանու քննարկմանը և այդ մասին տեղեկացնում է նախաձեռնողին.

2) կամավոր խնդրի լուծման իրականացմանը չհամաձայնելու դեպքում նախաձեռնողին՝ գրավոր տեղեկացնում է այդ մասին՝ նշելով չհամաձայնելու պատճառները, փաստական և իրավական հիմքերը։

11. Եթե կամավոր խնդրի լուծման իրականացման նախաձեռնողը սույն կարգի 9-րդ կետում նշված փաստաթղթերը ներկայացնելուց հետո մեկամսյա ժամկետում համայնքի ղեկավարից չի ստանում կամավոր խնդրի լուծման իրականացմանը չհամաձայնելու մասին գրավոր պատասխան կամ իր փաստաթղթերը համայնքի ավագանուն ուղարկելու վերաբերյալ գրություն կամ եթե նախաձեռնողը համաձայն չէ կամավոր խնդրի լուծման իրականացմանը համայնքի ղեկավարի չհամաձայնելու մասին հիմնավորումներին, ապա 20-օրյա ժամկետում համայնքի ղեկավարին ներկայացված դիմումի կրկնօրինակը՝ սույն կարգի 9-րդ կետում նշված փաստաթղթերի հետ միասին, իսկ կամավոր խնդրի լուծման իրականացմանը համայնքի ղեկավարի չհամաձայնելու վերաբերյալ գրավոր պատասխանի առկայության դեպքում՝ այդ պատասխանի վերաբերյալ իր առարկությունները կարող է ավագանուն ուղղված դիմումը ներկայացնել համայնքապետարանի աշխատակազմ, որը պարտադիր քննարկվում է ավագանու առաջիկա նիստում։

12. Համայնքի ավագանին սույն կարգով նշված անհրաժեշտ փաստաթղթերը ստանալուց, ինչպես նաև իր նախաձեռնությամբ կամավոր խնդրի լուծման հարցը քննարկում է միայն սույն կարգի 13-րդ կետում նշված սոցիալական օգնության տրամադրման հանձնաժողովի եզրակացության դեպքում և քննարկելուց հետո ընդունում է որոշում կամավոր խնդրի լուծման իրականացման համաձայնություն տալու կամ մերժելու վերաբերյալ։

Համայնքի ավագանու որոշման մեջ նշվում են՝ կամավոր խնդրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցի չափը և անհրաժեշտության հիմնավորումը, իսկ կամավոր խնդրի լուծման իրականացումը մերժելու դեպքում մերժելու պատճառները, փաստական և իրավական հիմքերը։

13.Համայնքի ավագանին զոհված զինծառայողների, զինծառայողների ընտանիքների սոցիալական պաշտպանվածության բարելավման, պատերազմի վետերանների սոցիալական խնդիրների լուծման, հաշմանդամների, կերակրողին կորցրած ընտանիքների, սոցիալապես անապահով այլ խավերի սոցիալական պայմանների բարելավման վերաբերյալ դիմումները քննարկելու նպատակով՝ իր որոշմամբ հասարակական հիմունքներով կազմում է մշտական գործող հանձնաժողով, որի կազմում ընդգրկվում են՝ համայնքի ավագանու անդամներ, հասարակական կազմակերպությունների և միավորումների ներկայացուցիչներ, աշխատակազմի և համայնքային կազմակերպությունների մասնագետներ, ինչպես նաև համայնքի բնակիչներ և այլ շահագրգիռ անձինք, եթե նրանք այդ մասին նախապես տվել են իրենց համաձայնությունը։

14.Համայնքի սոցիալապես անապահով բնակչի հուղարկավորության կազմակերպման համար օգնության տրամադրման համար համայնքի ղեկավարը կարող է իր որոշմամբ նրա ընտանիքին հատկացնել մինչև հարյուր հազար դրամի սոցիալական օգնություն, նա այդ մասին հաղորդում է ներկայացնում ավագանու առաջիկա նիստում, որը ավագանու կողմից ընդունվում է որպես ի գիտություն։

15. Համայնքի այլ կամավոր խնդիրների լուծման իրականացման համար համայնքի ավագանին կարող է կազմել մշտական կամ ժամանակավոր հանձնաժողովներ։

16.Սոցիալական օգնության տրամադրման վերաբերյալ դիմումները մշտական գործող հանձնաժողովի կողմից քննարկելուց հետո, տալիս է կամավոր խնդրի լուծման իրականացման համար եզրակացություն, նշելով անհրաժեշտ ֆինանսական միջոցի հատկացման չափը և անհրաժեշտությունը։

17. Սոցիալական օգնության տրամադրման վերաբերյալ կամավոր խնդիրների լուծման չափորոշիչներն են՝

1) համայնքի բնակիչ հանդիսանալը.

2) սոցիալապես անապահով ընտանիք հանդիսանալու վերաբերյալ սոցիալական օգնության տրամադրման մշտական գործող հանձնաժողովի դրական եզրակացությունը.

3) սոցիալապես անապահով ընտանիքի կողմից համայնքի բյուջեի նկատմամբ հարկային պարտականությունների բարեխիղճ կատարումը և սոցիալական օգնության տրամադրման դիմումի ներկայացման ժամանակ տեղական հարկերի, տուրքերի, վարձավճարների պարտք չունենալը.

4) համայնքի ղեկավարի, ավագանու անդամի, համայնքապետարանի աշխատակազմի և համայնքային ենթակայության կազմակերպության աշխատակից հանդիսացող անձանց հետ համատեղ տնտեսություն չվարելը։

18. Սոցիալապես անապահով ընտանիքներին հատկացվող մեկանգամյա սոցիալական օգնության առավելագույն չափը սահմանվում է հիսուն հազար դրամ։ Նույն ընտանիքին տարվա ընթացքում սոցիալական օգնության կարող է հատկացվել առավելագույնը 2 անգամ, որի չափը չի կարող գերազանցել սոցիալական օգնության առավելագույն չափի 1,5-պատիկի չափը։ Արգելվում է սոցիալական օգնության հատկացումը համայնքի ղեկավարի, համայնքապետարանի աշխատակազմի և համայնքային ենթակայության կազմակերպության աշխատակից հանդիսացող անձանց և նրանց ընտանիքի անդամներին։

19. Սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողներին ուսման վարձի հատկացումը կարող է իրականացվել միայն պետական բարձրագույն և (կամ) միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում, ոչ պետական ուսումնական հաստատություններում (պետական հավատարմագրում ունեցող մասնագիտությունների գծով) սովորելու դեպքում և առավելագույնը կարող է հատկացվել տարեկան մեկ անգամ՝ ոչ ավելի քան տարեկան ուսման վարձի 50%-ի չափով։ Ուսման վարձի հատկացում չի արվում համայնքի ղեկավարի, ավագանու անդամի, համայնքապետարանի աշխատակազմի և համայնքային ենթակայության կազմակերպության աշխատակից հանդիսացող անձանց հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր), եթե նրանք վարում են համատեղ տնտեսություն։

20.Սույն կարգի խախտմամբ տրամադրված սոցիալական օգնության գումարները ենթակա են վերադարձման համայնքի բյուջե՝ համայնքի ղեկավարի անձնական միջոցներից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։

21. Համայնքի ավագանու կողմից սույն կարգով չկարգավորված կամավոր խնդիրների լուծումների իրականացումը սահմանվում եմ միայն ավագանու որոշմամբ: