ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հոկտեմբերի 2023 թվականի N 1831-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N 1711-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված անձանց բնակարանային ապահովության ծրագիրը հաստատելու մասին» N 1711-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) հավելվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4․ Փոխհատուցում ստանալու համար Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված անձը, իսկ ընտանիքի առկայության դեպքում՝ ընտանիքի չափահաս անդամներից մեկը (այսուհետ` դիմող) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայություն (այսուհետ` ծառայություն) է ներկայացնում դիմում՝ համաձայն N 1 ձևի: Դիմումին կից ներկայացվում են նաև ընտանիքի անդամների անձը հաստատող փաստաթղթերը։ Ծառայությունը դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում հարցում է ուղարկում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ դիմողի՝ Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված լինելու փաստը պարզելու նպատակով։
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հարցմանը պատասխանում է հինգ աշխատանքային օրվա ընթացքում։».
2) հավելվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«5. Ծառայությունը դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելու հաջորդ օրը պարզում է դիմողի՝ ընտանիքների սոցիալական գնահատման համակարգում հաշվառված լինելու և անապահովության 0-ից բարձր միավոր ունենալու փաստը։ Եթե դիմողն առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված կամ «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված հատուկ կարիք ունեցող անձ է, ծառայությունը նույն ժամկետում պարզում է նաև դիմումատուի՝ հատուկ հաստատությունում տեղավորված լինելու փաստը։».
3) հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«6. Ծառայությունը դիմումն ընդունելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում հարցում է ուղարկում նաև Կադաստրի կոմիտե` դիմողի և նրա ընտանիքի անդամների անվամբ Հայաստանի Հանրապետության տարածքում բնակելի տարածության նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման, ինչպես նաև վերջին տասը տարում ՀՀ-ում բնակելի տարածության օտարման մասին տվյալներ ստանալու նպատակով: Միաժամանակ հարցում է ուղարկվում Հայաստանում տվյալ ոլորտում գործունեություն ծավալող միջազգային և հասարակական կազմակերպություններին՝ իրենց կողմից վարվող ծրագրերի շրջանակներում դիմողին բնակարան վարձակալելու նպատակով փոխհատուցման տրամադրման կամ այլ կացարանով ապահովման փաստը պարզելու նպատակով: Նշված կազմակերպությունները հարցումն ստանալուց հետո պատասխանում են յոթ աշխատանքային օրվա ընթացքում։».
4) N 1 ձևով հաստատված դիմումից հանել հետևյալ բառերը՝
«2. Միասնական սոցիալական ծառայության տարածքային մարմնի կողմից տրված՝ ընտանիքների սոցիալական գնահատման համակարգում հաշվառված լինելու և անապահովության 0-ից բարձր միավոր ունենալու վերաբերյալ տեղեկանքը:»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության քաղաքացիական ծառայության պաշտոններում վերապատրաստման արդյունքներով պաշտոնների նշանակման վերջին օրվան հաջորդող աշխատանքային օրը։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
26.10.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հոկտեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|