Գլխավոր տեղեկություն
Номер
N 261
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (03.10.2001-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1999.05.06/11(77)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.04.1999
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.04.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.04.1999
Дата вступления в силу
22.04.1999

040.0261.22.04.99

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
22 ապրիլի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 ապրիլի 1999 թվականի N 261
քաղ. Երևան

 

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Սևանա լճից ոռոգման և էներգետիկ նպատակներով ջրի բացթողումների և լճի ավազանում ջրի չկարգավորված օգտագործման պատճառով լճի մակարդակի կտրուկ անկման, նրա էկոլոգիական վիճակի վատթարացման հանգամանքը և ստեղծված վիճակը բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Համաձայնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության 1999 թվականին ոռոգման նպատակով Սևանա լճից ջրի բացթողումները 52 մլն խոր. մետրով կրճատելու վերաբերյալ առաջարկությանը և 1999 թվականին ոռոգման նպատակով Սևանա լճից ջրառը սահմանել 198 մլն խոր. մետր:

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը`

ա) 1999 թվականի ընթացքում ավարտել Հրազդանի ՀԷԿ-ի բազայի վրա նախատեսվող ջրակուտակիչ կայանի աշխատանքային նախագծերի կազմման աշխատանքները և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն նշված կայանի կառուցման համար` ըստ տարիների, անհրաժեշտ ֆինանսական ներդրումների վերաբերյալ.

բ) մինչև 1999 թվականի մայիսի 15-ը ավարտել Սևան-Հրազդան համակարգի ՀԷԿ-երի կարգավորիչ ջրամբարների բացվածքների և ջրի ելքերի չափաբերումն ու աստիճանավորումը.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի հետ համատեղ մինչև ոռոգման շրջանի սկսվելը վերացնել ապօրինի ջրառը Սևան-Հրազդան համակարգի դերիվացիոն ջրանցքներից.

դ) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հետ համատեղ կարգավորել Գեղամավանի դիտակետից ներքև տեղադրված` ջրանցքից դեպի գետ ջրհոսքը կարգավորող ջրարգելակիչի (սեգմենտ) աշխատանքային ռեժիմը:

(2-րդ կետը փոփ. 03.10.01 N 934)

3. (կետն ուժը կորցրել է 03.10.01 N 934)

4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին` ելնելով ձկնապաշտպան կառույցների աշխատանքի արդյունավետության ապահովման անհրաժեշտությունից` Սևանա լճից ջրի բացթողումների ժամային ռեժիմները համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հետ:

(4-րդ կետը փոփ. 03.10.01 N 934)

5. Երևանի քաղաքապետին` Երևանյան լճից ջրի օգտագործման ռեժիմը համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ և լճից ջրի բացթողումն իրականացնել կոմիտեի հայտերով:

(5-րդ կետը փոփ. 03.10.01 N 934)

6. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի, Կոտայքի, Արագածոտնի մարզպետներին և Երևանի քաղաքապետին` կազմակերպել Սևանա լիճ թափվող գետերից և Սևան-Հրազդան համակարգի դերիվացիոն ջրանցքներից ջրառ իրականացնող ջրօգտագործողների կողմից ջրօգտագործման թույլտվությունների ստացումը` եռամսյա ժամկետում:

7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին` մինչև 2001 թվականի հոկտեմբերի 20-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել առաջարկություն Գավառ, Մարտունի, Վարդենիս, Սևան և Ջերմուկ քաղաքներից Սևանա լիճ արտանետվող կեղտաջրերի հեռացման ու կենսաբանական մաքրման կայանների կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորումների նախապատրաստման աշխատանքների մասին:

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` մինչև 2001 թվականի հոկտեմբերի 30-ը` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Գավառ, Մարտունի, Վարդենիս, Սևան և Ջերմուկ քաղաքներից Սևանա լիճ արտանետվող կեղտաջրերի հեռացման ու կենսաբանական մաքրման կայանների կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորումների նախապատրաստման ֆինանսավորման աղբյուրների մասին:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին` նշված աշխատանքների ֆինանսավորման մասին որոշումն ընդունելու օրվանից սկսած 3-ամսյա ժամկետում ապահովել Գավառ, Մարտունի, Վարդենիս, Սևան և Ջերմուկ քաղաքներից Սևանա լիճ արտանետվող կեղտաջրերի հեռացման և կենսաբանական մաքրման կայանների կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորումների մշակումը և դրանք սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն 2003 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսելու կամ Հայաստանի Հանրապետության կառավարություն այլ ֆինանսական աղբյուրներից միջոցներ հատկացնելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու համար:

(7-րդ կետը խմբ. 03.10.01 N 934)

8. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային` 1999-2000 թվականների գիտահետազոտական թեմաների պետական պատվերի ցանկում ընդգրկել թեմաներ`

Սևանա լճի ջրային հաշվեկշռի և ակտիվ ջրատվության ճշգրտման,

Սևանա լճի բնական ներհոսքի և արտահոսքի փոփոխականության ուսումնասիրության ու դրա կանխատեսման մեթոդիկայի մշակման,

Սևանա լճի և դրա մեջ թափվող գետերի էկոլոգիական վիճակի գնահատման ու դրանց ջրերի որակի բարելավման միջոցառումների, էկոլոգիական փոփոխությունների կանխատեսման մեթոդների մշակման,

Սևանա լճի ձկնային համակարգի էկոլոգիակենսաբանական փոփոխությունների օրինաչափությունների բացահայտման հարցերի վերաբերյալ:

9. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության հետ համատեղ երկամսյա ժամկետում չափաբերել Գեղամավանի դիտակետը և ներկայացնել առաջարկություն դիտակետի աշխատանքի ավտոմատացման վերաբերյալ.

բ) ապահովել Սևանա լճի ջրի մակարդակի չափման աշխատանքների կատարումը թերակղզու հյուսիսային և հարավային ջրեզրերին, ինչպես նաև Մարտունու և Շորժայի դիտակետերում` միաժամանակ կատարելով ուսումնասիրություններ լճի մակերևույթի վրա.

գ) 1999 թվականի մայիսի 1-ից վերսկսել Սևանա լճի ջրի աղտոտվածության դիտարկման աշխատանքները.

դ) 1999 թվականին կահավորել Սևանա լիճ թափվող գետերի հիդրոլոգիական դիտակետերը և ապահովել դրանց անխափան աշխատանքը.

ե) մեկամսյա ժամկետում ապահովել Հրազդան-Լուսակերտ դիտակետի անխափան աշխատանքը.

զ) մշտական վերահսկողություն սահմանել Սևան-Հրազդան համակարգում ջրի օգտագործման հաշվառման աշխատանքների նկատմամբ:

(9-րդ կետը փոփ. 03.10.01 N 934)

10. Սևանա լճում հազվագյուտ և անհետացող ձկնատեսակների պաշարների վերականգնման ու վերարտադրության նպատակով պետական պատվերի տեղադրումը` սկսած 2000 թվականից, իրականացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության միջոցով:

11. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` լուծել`

ա) Ախպարայի ջրամբարը նստվածքներից մաքրելու համար նախագծով նախատեսված գումարի հատկացման հարցը.

բ) Հրազդանի (Աթարբեկյան) ՀԷԿ-ի բազայի վրա նախատեսվող ջրակուտակիչ կայանի կառուցման աշխատանքային նախագծերի կազմման համար անհրաժեշտ գումարների հատկացման հարցը:

12. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը` մեկամսյա ժամկետում շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների հետ համատեղ իրականացնել Սևանա լճի ավազանում առկա լողամիջոցների գույքագրում, կատարել դրանց տեխնիկական վիճակի զննում ու գնահատում և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն:

13. Սևանա լճի էկոլոգիական և տնտեսական արժեքների վերականգնման գործընթացը բարելավելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):

(13-րդ կետը փոփ. 12.08.00 N 472)

14. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի ապրիլի 22-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թվականի
ապրիլի 22-ի N 261 որոշմամբ

 

Կ Ա Զ Մ

 

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
(վերնագիրը խմբ. 03.10.01 n 934)

 

Վ. Այվազյան

- ՀՀ բնապահպանության նախարար (հանձնաժողովի նախագահ)

Ե. Ավետիսյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ

Ա. Անդրեասյան

- ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

Մ. Միքայելյան

- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Ա. Ներսիսյան

- ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ

Կ. Սարգսյան

- ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ

Հ. Վարյան

- ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ

Ա. Պետրոսյան

- ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ

Գ. Այվազյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ

Վ. Դավիդյանց

- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ, ՀՀ գլխավոր պետական սանիտարական բժիշկ

Հ. Հարոյան

- ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետ

Գ. Կոջոյան

- ՀՀ հիդրոօդերևութաբանության վարչության պետ

Վ. Հակոբյան

- ՀՀ Գեղարքունիքի մարզպետ

Ռ. Հովհաննիսյան

- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն

Վ. Նարիմանյան

- ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների պահպանության վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

(կազմը փոփ. 02.10.99 N 621, խմբ. 12.08.00 N 472, 03.10.01 N 934)