Գլխավոր տեղեկություն
Номер
N 1169-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (21.10.2023-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.07.12-2021.07.25 Պաշտոնական հրապարակման օրը 20.07.2021
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.07.2021
Подписан
Վարչապետի պաշտոնակատար
Дата подписания
20.07.2021
Дата вступления в силу
21.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հուլիսի 2021 թվականի N 1169-Ն

Նախադպրոցական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման կարգը, այդ թվում՝ կրթության եվ զարգացման առանձնահատուկ պայմանների ապահովման համար անհրաժեշտ նպատակային ֆինանսավորման չափաքանակը սահմանելու մասին
(վերնագիրը խմբ. 19.10.23
N 1808-Ն)

Ղեկավարվելով «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և 28-րդ հոդվածի 4-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը լրաց. 19.10.23 N 1808-Ն)

1. Սահմանել նախադպրոցական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման կարգը, այդ թվում՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների ապահովման համար անհրաժեշտ նպատակային ֆինանսավորման չափաքանակը՝ համաձայն հավելվածի:

(1-ին կետը խմբ. 19.10.23 N 1808-Ն)

2. Սահմանել, որ՝

1) սույն որոշման 1-ին կետով սահմանվող պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման կարգով հաշվարկվող հաստատության տարեկան ֆինանսավորման չափի հաշվարկման բանաձևը համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման նպատակով կարող է կիրառվել համապատասխան ֆինանսական միջոցների առկայության դեպքում՝ նկատի ունենալով, որ սույն որոշման 1-ին կետով սահմանվող պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման կարգի 2-րդ կետով նախատեսված խմբերի սաների համար ֆինանսավորումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից այդ կետում նշված ժամանակացույցով.

2) սույն որոշման 1-ին կետով սահմանվող կարգի կիրառման արդյունքում պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմի վարձատրության չափի ավելացման հնարավորության առաջացման դեպքում մանկավարժական կազմի վարձատրության չափի ավելացումն իրականացվում է վերջիններիս ատեստավորման արդյունքում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

Երևան

 

20.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

հուլիսի 15-ի N 1169-Ն որոշման

Նախադպրոցական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման կարգը, այդ թվում՝ կրթության ԵՎ զարգացման առանձնահատուկ պայմանների ապահովման համար անհրաժեշտ նպատակային ֆինանսավորման չափաքանակը
(վերնագիրը խմբ. 19.10.23 N 1808-Ն)

1. Սույն կարգով կարգավորվում են նախադպրոցական ուսումնական հաստատությունների (այսուհետ` հաստատություն)` մեկ սանի հաշվարկով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման հետ կապված հարաբերությունները, այդ թվում՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների ապահովման համար անհրաժեշտ ֆինանսավորման բարձրացված չափաքանակը:

2. Հաստատությանը պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորումն իրականացվում է հետևյալ խմբերի սաների համար՝

1) 2022 թվականի սեպտեմբերի 1-ից՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները.

2) 2023 թվականի սեպտեմբերի 1-ից՝ զինծառայող ծնողի, ռազմական գործողություններին մասնակցած ծնողի երեխաները, Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված (մահացած) կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողի երեխաները.

3) 2024 թվականի սեպտեմբերի 1-ից՝ ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքների երեխաները։

(2-րդ կետը խմբ. 19.10.23 N 1808-Ն)

3. Հաստատությանը պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորումն իրականացնելու նպատակով հաստատության կառավարումն իրականացնող լիազոր մարմինը հավաքագրում և բյուջետային հայտ կազմելու նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացնում համապատասխան տեղեկատվություն՝ սույն կարգի 2-րդ կետում նշված խմբերում ընդգրկվող սաների մասին։

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը սույն կարգի 3-րդ կետում նշված տեղեկատվությունն ամփոփում և ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

5. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 4-րդ կետում նշված տեղեկատվության հիման վրա պլանավորում և համապատասխան միջոցներ է նախատեսում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաջորդ տարվա նախագծում:

6. Պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման գումարը որոշվում է տվյալ հաստատության տարեկան ֆինանսավորման չափը բաժանելով այդ հաստատության սաների միջին տարեկան քանակի վրա, որը հաշվարկվում է հունվարի 1-ի քանակի կրկնապատիկի և սեպտեմբերի 1-ի քանակի հանրագումարը հարաբերելով 3-ի։

7. Հաստատության տարեկան ֆինանսավորման չափը որոշվում է հետևյալ բանաձևով՝

 

ՀՏֆ = (ԱԱֆ + ԲԼլ) x 12 + Պծ + ՍԳ

 

որտեղ՝

ՀՏֆ-ն հաստատության տարեկան ֆինանսավորման չափն է,

ԱԱֆ-ն հաստատության անձնակազմի ամսական աշխատավարձային ֆոնդն է,

ԲԼլ-ն բարձրլեռնային բնակավայրերի շարքում դասվող բնակավայրերում տեղակայված հաստատությունների աշխատողներին բարձրլեռնային վայրերում աշխատելու համար տրվող լրավճարն է,

Պծ-ն հաստատության պահպանման տարեկան ծախսերն են,

ՍԳ-ն սննդի տարեկան գումարն է:

8. Հաստատության անձնակազմի ամսական աշխատավարձային ֆոնդը (ԱԱֆ-ն) հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության խմբերի դասակարգման չափանիշներին համապատասխան՝ հաստատության վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության խմբերի մեկ դրույքի համար բազային աշխատավարձի նկատմամբ կիրառելով հետևյալ գործակիցները՝

 

Վարձատրության
խումբը

Վարձատրության խմբի
համար կիրառվող գործակիցը

1

1.0000

2

1.1109

3

1.2219

4

1.2347

5

1.3183

 

1) հաստատության վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության խմբերի մեկ դրույքի համար բազային աշխատավարձը ընդունվում է հավասար՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափին, որի մեջ չեն ներառվում աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարները.

2) 5-10 խումբ ունեցող հաստատության տնօրենի մեկ դրույք աշխատավարձի համար կիրառելի է 1,15 գործակիցը, 10 և ավելի խումբ ունեցող հաստատության տնօրենի մեկ դրույք աշխատավարձի համար՝ 1,3 գործակիցը.

3) 10 և ավելի խումբ ունեցող հաստատության գլխավոր հաշվապահի և բուժքրոջ մեկ դրույք աշխատավարձի համար կիրառելի է 1,15 գործակիցը։

(8-րդ կետը լրաց., փոփ. 19.10.23 N 1808-Ն)

9. Բարձրլեռնային բնակավայրերի շարքում դասվող բնակավայրերում տեղակայված հաստատությունների աշխատողներին բարձրլեռնային բնակավայրերում աշխատելու համար տրվող լրավճարի չափը (ԲԼլ-ն) որոշվում է տվյալ հաստատության աշխատակիցների դրույքների թվի և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած պետական և տեղական ինքնակառավարման մարմին չհամարվող բյուջետային հիմնարկների աշխատողներին բարձրլեռնային բնակավայրերում աշխատելու համար լրավճար վճարելու կարգով և չափով հաշվարկված մեծության արտադրյալով։

(9-րդ կետը փոփ. 19.10.23 N 1808-Ն)

10. Հաստատության պահպանման տարեկան ծախսերը (Պծ-ն) ներառում են հետևյալ ծախսատեսակները՝

1) էլեկտրամատակարարման ծախսերը, որը որոշվում է վերջին երեք տարվա փաստացի ծախսերի միջինով (հաշվի առնելով սակագնային փոփոխությունները).

2) բնական գազի մատակարարման և սպասարկման ծախսերը, որը որոշվում է վերջին երեք տարվա փաստացի ծախսերի միջինով (հաշվի առնելով սակագնային փոփոխությունները).

3) այլ տիպի ջեռուցման ծախսեր, որը որոշվում է վերջին երեք տարվա փաստացի ծախսերի միջինով, ընդ որում, ջեռուցման մի տեսակից մյուսին անցնելիս հիմք են ընդունվում համանման ջեռուցման համակարգ և ծավալներ ունեցող հաստատության տվյալ տեսակի ծախսերը.

4) ջրամատակարարման և ջրահեռացման ծախսերը, որը որոշվում է վերջին երեք տարվա փաստացի ծախսերի միջինով (հաշվի առնելով սակագնային փոփոխությունները).

5) աղբահանման ծախսերը, որը հավասար է «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կրթական և ուսումնական նշանակության շենքերի և շինությունների աղբահանության վճարի տարեկան չափին.

6) կապի ծառայությունների (ներառյալ համացանցը) ծախսերը, որը հաշվարկվում է`

մինչև 5 խումբ ունեցող հաստատությունների համար՝ տարեկան 129,2 հազ. դրամ,

5-10 խումբ ունեցող հաստատությունների համար՝ տարեկան 139,5 հազ. դրամ,

10 և ավելի խումբ ունեցող հաստատությունների համար՝ տարեկան 170,6 հազ. դրամ.

7) տնտեսական ապրանքների և նյութերի համար նախատեսված ծախսերը, որը յուրաքանչյուր գործող խմբի համար հաշվարկվում է տարեկան 147,0 հազ. դրամի չափով.

8) գրասենյակային ապրանքների և նյութերի համար նախատեսված ծախսերը, որը յուրաքանչյուր գործող խմբի համար հաշվարկվում է տարեկան 27,9 հազ. դրամի չափով.

9) ուսումնամեթոդական, ուսումնաօժանդակ ձեռնարկների, ուսումնադիտողական նյութերի և ուսումնադիդակտիկ պարագաների համար նախատեսված ծախսերը, որը յուրաքանչյուր գործող խմբի համար հաշվարկվում է`

կրտսեր խմբերի համար՝ տարեկան 72,5 հազ. դրամի չափով,

միջին խմբերի համար՝ տարեկան 117,2 հազ. դրամի չափով,

ավագ խմբերի համար՝ տարեկան 304,8 հազ. դրամի չափով.

10) բժշկական ծառայությունների, ինչպես նաև դեղորայքի և բժշկական նյութերի համար նախատեսված ծախսերը, որը յուրաքանչյուր գործող խմբի համար հաշվարկվում է տարեկան 38,7 հազ․ դրամի չափով.

11) hամակարգչային ծրագրերի և կայքի սպասարկման համար նախատեսված ծախսերը, որը յուրաքանչյուր հաստատության համար հաշվարկվում է տարեկան 105,0 հազ. դրամի չափով.

12) տարեկան գույքագրման, հիմնական միջոցների վերագնահատման համար նախատեսված ծախսերը, որը յուրաքանչյուր հաստատության համար հաշվարկվում է՝

մինչև 5 խումբ ունեցող հաստատությունների համար՝ տարեկան 30,0 հազ․ դրամ,

5-10 խումբ ունեցող հաստատությունների համար՝ տարեկան 50,0 հազ․ դրամ, 10 և ավելի խումբ ունեցող հաստատությունների համար՝ տարեկան 80,0 հազ․ դրամ.

13) այլ ծառայությունների ձեռքբերման համար նախատեսված ծախսերը, որը յուրաքանչյուր գործող խմբի համար հաշվարկվում է տարեկան 38,7 հազ. դրամի չափով։

11. Հաստատությանը հատկացվող սննդի տարեկան գումարը (ՍԳ-ն) հավասար է հաստատության սաների քանակի, տարվա ընթացքում սննդի հատկացման օրերի թվի և 420 դրամի արտադրյալին, որը տարվա արդյունքներով ենթակա է ճշգրտման՝ հիմք ընդունելով սաների փաստացի հաճախումները։

12. Կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող սաների կրթության և զարգացման կազմակերպման գործընթացում խելամիտ հարմարեցումներ ապահովելու նպատակով համայնքային ենթակայությամբ գործող նախադպրոցական ուսումնական հաստատությունների պահպանման ծախսերում պետական բյուջեի միջոցներից տրամադրվում են համապատասխան միջոցներ հաշմանդամություն ունեցող երեխաների համար ֆիզիկական միջավայրի հարմարեցումների համար, ինչպես նաև տրամադրվում է նպատակային ֆինանսավորում կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործընթացում խելամիտ հարմարեցումներ ապահովելու նպատակով, որը հավասար է՝

1) կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքով սաների տեսակարար կշիռը հաստատության սաների ընդհանուր թվում 10 տոկոսից փոքր լինելու դեպքում՝ սույն կարգով հաշվարկված հաստատության տարեկան ֆինանսավորման չափի 1 տոկոսին.

2) կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքով սաների տեսակարար կշիռը հաստատության սաների ընդհանուր թվում 10-30 տոկոս լինելու դեպքում՝ հաստատության տարեկան ֆինանսավորման չափի 2,5 տոկոսին.

3) կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքով սաների տեսակարար կշիռը հաստատության սաների ընդհանուր թվում 30 տոկոսից ավելի լինելու դեպքում՝ հաստատության տարեկան ֆինանսավորման չափի 4 տոկոսին։

(12-րդ կետը խմբ. 19.10.23 N 1808-Ն)

13. Ընդ որում՝

1) հաստատությունում չորսժամյա աշխատանքային օր սահմանված լինելու դեպքում՝ սույն կարգով հաշվարկված հաստատության տարեկան ֆինանսավորման չափի նկատմամբ կիրառելի է 0,5 գործակիցը.

2) հաստատությունում քսանչորսժամյա աշխատանքային օր սահմանված լինելու դեպքում՝ սույն կարգով հաշվարկված հաստատության տարեկան ֆինանսավորման չափի նկատմամբ կիրառելի է 2,5 գործակիցը.

3) հաստատությունում վեցօրյա աշխատանքային շաբաթ սահմանված լինելու դեպքում սույն կարգով հաշվարկված հաստատության տարեկան ֆինանսավորման չափի նկատմամբ կիրառելի է 1,2 գործակիցը։

(հավելվածը խմբ., լրաց., փոփ. 19.10.23 N 1808-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


20.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հուլիսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.10.2023, N 1808-Ն 21.10.2023, N 1169-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան