ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հունիսի 1991 թվականի N 420
քաղ. Երևան
Տնամերձ ԵՎ այգեգործական (ամառանոցային) հողերի օգտագործումը կարգավորելու մասին
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին այգեգործության (ամառանոցային) նպատակով հատկացված հողերը 1991 թվականի մարտի 15-ից համարել նրանց սեփականությունը:
2. Սահմանել, որ տնամերձի համար և այգեգործության (ամառանոցային) նպատակով տրված հողամասերը վաճառելիս գանձվում է տվյալ գյուղական խորհրդի վարչական տարածքի վարելահողերի առկա կարգի լրիվ կադաստրային արժեքի միջին գումարը (զուտ եկամուտ X 12), իսկ մասնակի հատուցմամբ տրված տնամերձ հողամասերը վաճառելիս` այդ գումարից հանվում է մուծված մասնակի հատուցման չափը:
Տնամերձ և այգեգործական (ամառանոցային) հողամասերի մեկ անգամից ավելի վաճառելու դեպքում կադաստրային միջին արժեքի գումարը չի գանձվում:
3. Եթե քաղաքներում, քաղաքատիպ ավաններում բնակվող քաղաքացին սեփականության իրավունքով ունի 0,04 հա և ավելի հողամաս, նրան այգեգործության (ամառանոցային) նպատակով նոր հողամաս չի հատկացվում:
4. Եթե քաղաքացին օգտագործում է հողակադաստրային գրքով գրանցված տնամերձ հողամասի ու սեփականաշնորհված հողաբաժնից ավելի հողատարածություն և այն օրենքով սահմանված կարգով հնարավոր չէ օտարել կամ այլ կարիքների համար օգտագործել, ապա սեփականության իրավունքով թողնվում է նրան: Այդ հողատարածության համար քաղաքացուց գանձվում է դրա մասնակի հատուցման արժեքը, իսկ երրորդ տարվանից սկսած եկամտահարկ` օրենքով սահմանված չափով:
5. Այգեգործական (ամառանոցային) հողամասերի օգտագործումը կարգավորելու հետևանքով առաջացած մանր հողակտորները, եթե դրանք օրենքով սահմանված կարգով նպատակահարմար չէ օտարելու կամ այլ կարիքների համար օգտագործելու, թողնվում է փաստացի օգտագործողին, այդ տարածության համար վճարելով տվյալ գյուղի միջին կարգի վարելահողերի համար ընդունված կադաստրային լրիվ արժեքը (զուտ եկամուտ X 12): Այգեգործության (ամառանոցային) նպատակով օգտագործվող հողերից հարկ չի գանձվում:
(5-րդ կետը լրաց. 10.02.92 N 99, փոփ. 23.09.94 N 455)
6. Սահմանել, որ տնամերձ և այգեգործության (ամառանոցային) հողերի վաճառքից գանձված գումարները համաձայն Հայաստանի Հանրապետության «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի փոխանցվում են բաժնետիրական-առևտրային ագրոարդբանկի հայկական բանկի հատուկ հաշվին, որը տնօրինում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը:
7. Տնամերձ և այգեգործական (ամառանոցային) հողամասերի համար գանձվում է հողի հարկ` «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:
(7-րդ կետը լրաց. 23.09.94 N 455)
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ |
Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |