Գլխավոր տեղեկություն
Номер
N 849-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.11.2023-25.11.2023)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.09.18-2023.10.01 Պաշտոնական հրապարակման օրը 18.09.2023
Принят
Երևան քաղաքի ավագանի
Дата принятия
12.09.2023
Подписан
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար
Дата подписания
12.09.2023
Дата вступления в силу
01.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

12 սեպտեմբերի 2023 թ.

N 849-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԲԱՑՕԹՅԱ ՎԱՅՐԵՐԻ (ՓՈՂՈՑ, ՄԱՅԹ, ՀՐԱՊԱՐԱԿ, ԱՅԳԻ, ՊՈՒՐԱԿ ԵՎ ԱՅԼՆ) ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 24.2-րդ կետով՝

 Երևան քաղաքի ավագանին որոշում է.

 1. Սահմանել մշակութային գործունեության իրականացման նպատակով Երևան քաղաքի հանրային բացօթյա վայրերի (փողոց, մայթ, հրապարակ, այգի, պուրակ և այլն) օգտագործման պայմանները, պահանջները և սահմանափակումները՝ համաձայն հավելվածի:

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի նոյեմբերի 1-ից:

 

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար

Լ.  Հովհաննիսյան

 

2023 թ. սեպտեմբերի 12

Երևան

 

 

Հավելված

Երևան քաղաքի ավագանու

2023 թվականի սեպտեմբերի 12-ի

N 849-Ն որոշման

 

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԲԱՑՕԹՅԱ ՎԱՅՐԵՐԻ (ՓՈՂՈՑ, ՄԱՅԹ, ՀՐԱՊԱՐԱԿ, ԱՅԳԻ, ՊՈՒՐԱԿ ԵՎ ԱՅԼՆ) ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են մշակութային գործունեության իրականացման նպատակով Երևան քաղաքի հանրային բացօթյա վայրերի՝ փողոց, մայթ, հրապարակ, այգի, պուրակ և այլն, (այսուհետ՝ Երևան քաղաքի հանրային բացօթյա վայր) օգտագործման պայմանների, պահանջների և սահմանափակումների հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի իմաստով մշակութային գործունեության իրականացում է համարվում Երևան քաղաքի հանրային բացօթյա վայրերում անձի կամ անձանց խմբի կողմից կինոարվեստի և տեսալսողական այլ արվեստների, կերպարվեստի, բեմական, կրկեսային, տարածական և երաժշտական արվեստի ու արվեստի այլ տեսակների և ժանրերի, ինչպես նաև ինքնագործ (սիրողական) գեղարվեստական ստեղծագործական գործունեության ոլորտներում մշակութային արժեքների և առարկաների (օբյեկտների) պահպանմանը, ստեղծմանը, տարածմանը, մեկնաբանմանը, մշակութային բարիքների մատուցմանը և իրացմանը (երաժշտական կատարում, պար, աճպարարություն, նկարչություն, արհեստագործություն, ասմունք, դերասանություն և այլն) ուղղված գործունեությունը:

3. Մշակութային գործունեություն կարող է իրականացնել յուրաքանչյուր ոք՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ Երևան քաղաքի հանրային բացօթյա վայրերի օգտագործման պայմանների, պահանջների և սահմանափակումների պահպանմամբ:

 

2. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԲԱՑՕԹՅԱ ՎԱՅՐԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

 

4. Երևան քաղաքի հանրային բացօթյա վայրերում մշակութային գործունեության իրականացումը չպետք է խոչընդոտի հետիոտնի, տրանսպորտային միջոցների երթևեկությանը, ինչպես նաև հարակից օբյեկտների գործունեությանը:

5. Երևան քաղաքի հանրային բացօթյա վայրերում մշակութային գործունեության իրականացման ընթացքում արգելվում է այնպիսի նյութերի և առարկաների օգտագործումը (կիրառումը), որոնք կարող են անմիջական վտանգ առաջացնել մարդկանց կյանքի, առողջության, սեփականության պաշտպանության, շրջակա միջավայրի պահպանության համար:

6. Մշակութային գործունեության իրականացման ընթացքում արգելվում է պայթյունահրդեհավտանգ, հրդեհավտանգ, դյուրավառ նյութերի և առարկաների օգտագործումը (կիրառումը) պայթյունահրդեհավտանգ օբյեկտների տարածքներում, գազատար և նավթատար խողովակաշարերին, ինչպես նաև բարձր լարման էլեկտրահաղորդալարերին անմիջապես հարակից տարածքներում, երկաթգծի հանգույցներում, այնպիսի վայրերում, որտեղ առկա են էլեկտրահաղորդման լարեր և այլ պայթյունավտանգ, հրդեհավտանգ արգելքներ:

7. Արգելվում է մշակութային գործունեության իրականացումը սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն, պատերազմ կամ քրեական ենթամշակույթ, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման սահմանած և ճանաչած վարքագծի կանոններ քարոզելու նպատակով։

8. Արգելվում է մշակութային գործունեության իրականացումը, որն ուղեկցվում է հայհոյանքներով կամ անպարկեշտ արտահայտություններով կամ մարդկանց անդորրը խախտելով կամ օբյեկտի, հիմնարկի կամ կազմակերպության բնականոն աշխատանքը խոչընդոտելով:

9. Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես հայտարարված սգո և հիշատակի ոչ աշխատանքային օրերին արգելվում է մշակութային գործունեության իրականացումը, որը դրսևորվում է տոնական, զվարճալի երաժշտական կատարումներով, պարերով և այլ կատարողական գործունեությամբ:

10. Մշակութային գործունեության իրականացման ընթացքում ուղեկցվող ձայնի ուժգնությունը չպետք է գերազանցի 60 դեցիբելը:

11. Բնակելի, հասարակական նշանակության շենքերին, շինություններին հարակից բացօթյա հանրային վայրերում՝ մշակութային գործունեություն կարող է իրականացվել բնակելի, հասարակական նշանակության շենքերից, շինություններից առնվազն 10 մ հեռավորության վրա՝ ժամը 10:00-ից 21:00-ն ընկած ժամանակահատվածում և մինչև 23.00-ն՝ բնակելի, հասարակական նշանակության շենքերից, շինություններից առնվազն 100 մ հեռավորության վրա:

12. Մշակութային գործունեության իրականացման ավարտից հետո մշակութային գործունեություն իրականացնող անձը պետք է ապահովի տարածքի պահպանումը՝ այն բերելով իր նախկին տեսքին:

13. Սույն կարգի պահանջների գործողությունը չի տարածվում պետության կամ համայնքի կողմից կամ նրանց պատվերով կազմակերպվող միջոցառումների վրա, ինչպես նաև ծիսակարգային արարողությունների (հարսանեկան, հուղարկավորության կազմակերպում և այլն) ընթացքում իրականացվող մշակութային գործունեության վրա:

14. Սույն կարգով սահմանված պահանջների խախտումն առաջացնում է վարչական պատասխանատվություն:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 սեպտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.11.2023, N 23-Ն 25.11.2023, N 849-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան