Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-76-Ն
Տիպ
Օրենք
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (24.05.2008-01.07.2010)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2004.06.16/31(330) Հոդ.733
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
11.05.2004
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
07.06.2004
Дата вступления в силу
17.06.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2004 թվականի մայիսի 11-ին

 

ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ, ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ, ԼԻԶԻՆԳԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 1. ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում շարժական գույքի կադաստրի վարման, շարժական գույքի գրավի իրավունքի, իսկ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցման (այսուհետ` գրանցման) հետ կապված իրավահարաբերությունները:

 

ՀՈԴՎԱԾ 2. ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ, ԳՐԱՎԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ և ԼԻԶԻՆԳԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Շարժական գույքի կադաստրի վարումը, շարժական գույքի գրավի իրավունքի, իսկ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով և իրավական այլ ակտերով:

 

ՀՈԴՎԱԾ 3. ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՈՒՄԸ

 

1. Շարժական գույքի կադաստրի վարումը լիազորված պետական մարմինների կողմից շարժական գույքի` ըստ տեսակների հաշվառումն է և հաշվառման մատյանների վարումը:

2. Հաշվառման ենթակա շարժական գույքի ցանկը, շարժական գույքի կադաստրի վարման կարգը և հաշվառման մատյանների ձևերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Հաշվառում իրականացնող մարմինները Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմիններն են:

 

ՀՈԴՎԱԾ 4. ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԻ և ԼԻԶԻՆԳԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

1. Շարժական գույքի գրավի և լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցումը գրանցում իրականացնող մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով իրավունքների գրանցման մատյաններում համապատասխան իրավունքների գրանցման, փոփոխման, դադարման գրառումների իրականացումն է:

2. Գրանցում իրականացնող մարմինները Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմիններն են (այսուհետ` գրանցում իրականացնող մարմին):

3. Շարժական գույքի գրավի իրավունքը և լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքը ծագում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված հիմքերով: Շարժական գույքի գրավի իրավունքը կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքը գրանցման չներկայացնելն առաջացնում է սույն օրենքի 10-րդ և 11-րդ հոդվածներով նախատեսված հետևանքներ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

 

ՀՈԴՎԱԾ 5. ԳՐԱՆՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Գրանցման հիմնական խնդիրներն են`

1) շարժական գույքի գրավի գրանցված իրավունքներ ունեցող գրավառուների` գրանցված իրավունք չունեցող գրավառուների հանդեպ գրավի առարկայի հաշվին բավարարում ստանալու նախապատվության ապահովումը.

2) շարժական գույքի լիզինգի պայմանագրով գրանցված վարձակալության իրավունք ունեցող վարձատուի իրավունքների պաշտպանությունը.

3) շարժական գույքի գրավի և լիզինգի պայմանագրով վարձակալության գրանցված իրավունքների վերաբերյալ միասնական տեղեկատվական բանկի ստեղծումը և վարումը.

4) շարժական գույքի գրավի և լիզինգի պայմանագրով գրանցված իրավունքների մասին տեղեկատվության մատչելիության, անընդհատության և օբյեկտիվության ապահովումը:

 

ՀՈԴՎԱԾ 6. ԳՐԱՆՑՄԱՆ ՕԲՅԵԿՏԸ

 

1. Սույն օրենքով գրանցման օբյեկտը շարժական գույքի և գույքային իրավունքների նկատմամբ գրավի և լիզինգի պայմանագրերից ծագող վարձակալության իրավունքներն են:

2. Գրանցման օբյեկտներն են`

տրանսպորտային միջոցների, ինքնագնաց մեքենաների, հաստոցների, սարքավորումների, թռչող և լողացող ապարատների ու սարքավորումների և թվարկվածի բաղկացուցիչ մասերի, որոնք կարող են որակվել որպես անհատապես որոշվող գույք, շրջանառությունից չհանված ցանկացած այլ շարժական գույքի, հանքային իրավունքների նկատմամբ` օրենքով սահմանված կարգով կնքված գրավի կամ գրավի պայման պարունակող պայմանագրերից ծագող գրավի իրավունքները, ինչպես նաև անհատապես որոշվող` օրենքով սահմանված կարգով լիզինգի պայմանագրի առարկա հանդիսացող շարժական գույքի նկատմամբ կնքված լիզինգի պայմանագրերից ծագող վարձակալության իրավունքները:

3. Արժեթղթերի, ինչպես նաև գրավատուն հանձնված գույքի նկատմամբ գրավի կամ գրավի պայման պարունակող պայմանագրերից ծագող իրավունքները սույն օրենքի համաձայն գրանցման ենթակա չեն:

(6-րդ հոդվածը լրաց. 08.04.08 ՀՕ-25-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 7. ԳՐԱՆՑՄԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ

 

Գրանցման սուբյեկտներն են Հայաստանի Հանրապետության քաղաքացիաիրավական հարաբերությունների սուբյեկտները:

 

ՀՈԴՎԱԾ 8. ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

Գրանցման համակարգի հիմնական փաստաթղթերն են`

1) գրանցում իրականացնող մարմնի կողմից վարվող գրանցման մատյանը, որը վարվում է փաստաթղթային կամ էլեկտրոնային տեսքով.

2) գրանցման արդյունքում կազմված գործը:

 

ՀՈԴՎԱԾ 9. ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԻ և ԼԻԶԻՆԳԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՁևԸ և ԱՅՆ ՉՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՀԵՏևԱՆՔԸ

 

Շարժական գույքի գրավի և լիզինգի պայմանագրերը կնքվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 10. ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ

 

1. Առավել վաղ գրանցված իրավունք ունեցող գրավառուն ավելի ուշ գրանցված իրավունք ունեցող գրավառուների և գրանցված իրավունք չունեցող գրավառուների հանդեպ գրավ դրված գույքի արժեքից լրիվ ծավալով բավարարում ստանալու նախապատվության իրավունք ունի: Սույն մասի իմաստով ավելի ուշ գրանցված իրավունք չի համարվում առավել վաղ գրանցված իրավունք ունեցող գրավառուի կողմից գրավի պայմանագրում հետագա փոփոխության գրանցումը, եթե դա կատարվում է առանց գրավի առարկա շարժական գույքի փոխարինման կամ դրա ծավալների ավելացման:

2. Առավել վաղ գրանցված իրավունք ունեցող գրավառուի իրավունքն օրենքով սահմանված կարգով դադարելու դեպքում հաջորդ առավել վաղ գրանցված իրավունք ունեցող գրավառուի նկատմամբ կիրառվում է սույն հոդվածի 1-ին մասի դրույթը:

3. Գրանցված իրավունք ունեցող գրավառուների պահանջը (ներառյալ` հաջորդող գրավի դեպքում) բավարարվում է ըստ գրանցման հաջորդականության` գրավի առարկայի արժեքից նախորդ գրավառուի պահանջներն ամբողջությամբ բավարարելուց հետո:

 

ՀՈԴՎԱԾ 11. ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԼԻԶԻՆԳԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԻՄԱՑՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾԸ և ՉԳՐԱՆՑՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ

 

1. Բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձինք համարվում են լիզինգի պայմանագրով վարձակալության գրանցված իրավունքի մասին տեղեկացված և լիզինգի պայմանագրով վարձակալության հանձնված գույքը դրա օտարման իրավունքը չունեցող վարձակալից կամ այլ անձից հատուցմամբ կամ անհատույց ձեռք բերելիս համարվում են անբարեխիղճ տիրապետողներ:

2. Մինչև լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցումն այդ պայմանագրով վարձակալության հանձնված գույքը հատուցմամբ կամ անհատույց ձեռք բերողը չի համարվի անբարեխիղճ տիրապետող, եթե ապացուցի, որ չգիտեր և չէր կարող իմանալ տիրապետման ապօրինի լինելու մասին:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԻ, ԼԻԶԻՆԳԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

ՀՈԴՎԱԾ 12. ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

1. Շարժական գույքի նկատմամբ գրավի իրավունքի գրանցման, փոփոխության, դադարման և դադարեցման համար դիմողն անձամբ, փոստով կամ այլ անձանց միջոցով (եթե դիմումում դիմումատուի ստորագրության իսկությունը վավերացված է օրենքով սահմանված կարգով) կամ իր լիազորած ներկայացուցչի միջոցով, գրանցումն իրականացնող մարմնի հաստատած դիմումի ձևաթղթի լրացմամբ, անկախ գույքի գտնվելու վայրի` կենտրոնացված գրանցման դեպքում գրանցումն իրականացնող մարմին ներկայացնում է դիմում:

Դիմումներն ընդունվում են ըստ ներկայացման հերթականության, որը որոշվում է դիմումների գրանցման մատյանում նշված ամիս-ամսաթվով և ժամով:

2. Դիմումների գրանցման մատյանի ձևն ու վարման կարգը սահմանում է լիազոր մարմինը:

3. Գրանցման վերաբերյալ ավելի վաղ ներկայացված դիմումներն ունեն առաջնություն` ավելի ուշ ներկայացված դիմումների համեմատ: Դիմումն ամբողջությամբ լրացնում և ստորագրում է դիմողը (լիազորված ներկայացուցիչը):

4. Դիմումում նշվում են`

1) գրանցումն իրականացնող մարմնի անվանումը.

2) գրավատուի և գրավառուի անունը, բնակության վայրը (իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանումը, գտնվելու վայրը).

3) գրավի պայմանագրի կնքման վայրը և ժամանակը.

4) տեղեկատվություն գրավի առարկա շարժական գույքի վերաբերյալ, նրա նույնացման համարը.

5) գրավով ապահովված պահանջի ծավալը.

6) գրավով ապահովված պարտավորության կատարման ժամկետը.

7) դիմողի կամ նրա լիազորված ներկայացուցչի ստորագրությունը.

8) գրավի տեսակը, տեղեկություն հաջորդող գրավի արգելված կամ թույլատրված լինելու մասին.

9) դիմումի ներկայացման տարեթիվը (օրը, ամիսը, տարին), ժամը, րոպեն.

10) խնդրանք իրավունքների գրանցման մասին:

5. Դիմողը պետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` անձը հաստատող փաստաթղթեր, իսկ լիազորված լինելու դեպքում` նաև լիազորությունները հաստատող փաստաթուղթ:

Դիմումին կից ներկայացվում են շարժական գույքի գրավի պայմանագիրը և վճարի անդորրագրերը:

6. Չեն ընդունվում մատիտով գրված, ջնջումներով փաստաթղթերը: Ուղղումներով ներկայացված փաստաթղթերը կարող են ընդունվել, եթե դրանք վավերացված են համապատասխան կողմերի ստորագրությամբ և կնիքով, իսկ նոտարական վավերացում պահանջող փաստաթղթերի դեպքում` նաև նոտարական վավերացմամբ:

Փաստաթղթերը ներկայացվում են մեկ օրինակից` բնօրինակը կամ սահմանված կարգով հաստատված պատճենը:

7. Շարժական գույքի գրավի իրավունքի գրանցման համար, սույն հոդվածով սահմանված փաստաթղթերից բացի, այլ փաստաթղթեր պահանջելն արգելվում է:

8. Որևիցե այլ պատճառաբանությամբ դիմումի ընդունման մերժումն արգելվում է:

 

ՀՈԴՎԱԾ 13. ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՒՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ և ԳՐԱՆՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

1. Սույն օրենքով նախատեսված պայմանագրերից ծագող իրավունքի գրանցման դիմումը կարող է ներկայացվել գրավի պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում` ցանկացած ժամանակ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

2. Գրավի իրավունքի գրանցումն իրականացվում, և գրավի վկայականը տրվում է դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում:

 

ՀՈԴՎԱԾ 14. ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

1. Գրանցումն իրականացնող մարմինը գրավի իրավունքի գրանցման դիմումը ստանալուց հետո դիմողին տալիս է ստացական, որտեղ նշվում է դիմումի ներկայացման տարեթիվը, ժամը, րոպեն և ներկայացված փաստաթղթերի անվանումները, դիմումի մուտքագրման հերթական համարը: Ստացականի ձևը սահմանում է լիազոր մարմինը:

2. Գրավի իրավունքը գրանցելու դեպքում գրանցման մատյանում իրականացվում է համապատասխան գրառում` նշելով պայմանագրում առկա` սույն օրենքով սահմանված տեղեկությունները, և դիմողին տրամադրվում է գրավի իրավունքի գրանցման վկայական, որի ձևը սահմանում է գրանցումն իրականացնող լիազոր մարմինը:

 

ՀՈԴՎԱԾ 15. ԳՐԱՎԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՏՅԱՆԸ

 

1. Գրավի իրավունքի գրանցման մատյանը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները`

1) դիմումի ներկայացման տարեթիվը, ժամը, րոպեն.

2) գրավատուի և գրավառուի անունները, բնակության վայրերը, իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանումը, գտնվելու վայրը.

3) գրավի պայմանագրի կնքման վայրը և ժամանակը.

4) տեղեկատվություն` գրավի առարկա շարժական գույքի վերաբերյալ, դրա նույնացման համարը.

5) գրավով ապահովված պահանջի ծավալը.

6) գրավի իրավունքի գրանցման համարը.

7) գրավի դադարեցման ժամկետը.

8) նշում` հաջորդող գրավ գրանցված լինելու մասին.

9) գրանցման տարեթիվը, ժամը, րոպեն:

2. Գրանցման մատյանը պետք է ստորագրի գրանցումն իրականացնող մարմնի պաշտոնատար անձը:

3. Գրավի մատյանը կարող է գրավի առարկայի մասին պարունակել նաև պայմանագրով սահմանված այլ տեղեկություններ:

 

ՀՈԴՎԱԾ 16. ԳՐԱՎԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԸ

 

1. Գրավի իրավունքի գրանցումից հետո սույն օրենքում սահմանված ժամկետում դիմողին տրամադրվում է գրավի իրավունքի գրանցման վկայական, որը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները`

1) գրանցումն իրականացնող մարմնի անվանումը.

2) գրավատուի և գրավառուի անունները, բնակության վայրերը, իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանումը, հասցեն.

3) գրավի պայմանագրի կնքման վայրը և ժամանակը.

4) տեղեկատվություն` գրավի առարկա շարժական գույքի վերաբերյալ, դրա նույնացման համարը.

5) գրավով ապահովված պահանջի ծավալը.

6) գրավի իրավունքի գրանցման համարը.

7) նշում հաջորդող գրավ գրանցված լինելու մասին.

8) գրանցման տարեթիվը, ժամը, րոպեն:

2. Գրանցման վկայականը պետք է ստորագրի գրանցումն իրականացնող մարմնի պաշտոնատար անձը և վավերացնի կնիքով:

3. Գրավառուի կամ գրավատուի դիմումի հիման վրա գրանցումն իրականացնող մարմինը, դիմումն ստանալուց հետո` մեկօրյա ժամկետում, տալիս է կորած գրանցման վկայականի կրկնօրինակը:

4. Գրանցման վկայականը և գրանցումը կարող են դատարանի կողմից ճանաչվել անվավեր, եթե գրանցումը կատարվել է օրենքի պահանջների խախտմամբ, կամ խախտվել է երրորդ անձի իրավունքը:

 

ՀՈԴՎԱԾ 17. ԳՐԱՎԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՏՅԱՆՈՒՄ և ՎԿԱՅԱԿԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼԸ և ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ

 

1. Սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված գրանցման սուբյեկտը գրավի պայմանագրի ցանկացած լրացում և փոփոխություն (ներառյալ` գրավի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքի փոփոխությունը կամ լրացման, պահանջի զիջումը, ֆինանսական վարձակալությունը և այլն), ինչպես նաև գրավի իրավունքի գրանցման դադարումը, դադարեցումը կատարելու համար գրանցումն իրականացնող մարմին ներկայացնում է դիմում, որում պետք է պարունակվեն հետևյալ տեղեկությունները`

1) նշում գրանցված գրավի իրավունքի, կատարված փոփոխության, գրավի դադարեցման հիմքի մասին.

2) գրավի իրավունքի գրանցման մատյանի համարը.

3) գրավի պայմանագրի փոփոխման կամ լրացման տարեթիվը.

4) գրավատուի և գրավառուի (նրանց լիազորած ներկայացուցիչների) ստորագրությունները, իսկ պահանջի զիջման, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 1-ին մասով և 250-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքերում` միայն գրավառուի (նրա լիազորած ներկայացուցչի) ստորագրությունը:

2. Առանց գրավատուի համաձայնության չեն ընդունվում շարժական գույքի նկատմամբ իրավունքների փոփոխություններ, լրացումներ, դադարում առաջ բերող փաստաթղթեր, բացի այն դեպքից, երբ փոփոխությունը, լրացումը կամ դադարումը կատարվում է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով:

3. Օրենքով սահմանված կարգով պահանջի զիջման կամ պարտքի փոխանցման դեպքում գրավատուի կամ գրավառուի իրավահաջորդի դիմումի հիման վրա գրավի իրավունքի գրանցման մատյանում և վկայականում կատարվում է համապատասխան փոփոխություն:

4. Դիմումին կից ներկայացվում են նոր պարտատիրոջ և պարտապանի անունները, բնակության վայրը (իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանումը, գտնվելու վայրը), ինչպես նաև պայմանագիրը, որի հիման վրա իրականացվել է պահանջի զիջման կամ պարտքի փոխանցման գործարքը:

5. Գրավի իրավունքի գրանցման դադարեցումը կատարվում է գրավառուի դիմումի, պարտավորության կատարված լինելը հավաստող փաստաթղթերի տրամադրման կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա:

6. Գրավատուն, որն ամբողջությամբ կատարել է գրավով ապահովված պարտավորությունը, կարող է պահանջել գրավի իրավունքի գրանցման դադարեցում: Գրավատուի կողմից համապատասխան պահանջ ներկայացվելու դեպքում գրավառուն գրանցումն իրականացնող մարմին պետք է ներկայացնի գրավոր դիմում կամ համապատասխան փաստաթղթեր` գրավով ապահովված պարտավորության դադարման մասին:

7. Գրավատուի պահանջով գրանցումն իրականացնող մարմնին պարտավորության դադարի վերաբերյալ դիմում, կամ գրավատուին` վերջինիս պարտավորությունը դադարած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ առանց օրինական հիմքերի գրավառուի կողմից չտրամադրելու կամ դրանց տրամադրումն անհարկի ձգձգելու դեպքում գրավատուն կարող է պահանջել դրա հետևանքով իրեն պատճառված վնասի լրիվ հատուցում:

 

ՀՈԴՎԱԾ 18. ԳՐԱՆՑՄԱՆ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

1. Գրավի իրավունքի գրանցումը վավեր է մինչև օրենքով կամ պայմանագրով սահմանված հիմքերով գրավի դադարումը:

2. Գրավի իրավունքի գրանցումը համարվում է դադարած` գրանցման սուբյեկտների կողմից գրանցում իրականացնող լիազորված մարմին սույն օրենքով սահմանված կարգով դիմումը ներկայացնելուց հետո` հաջորդ աշխատանքային օրվանից:

 

ՀՈԴՎԱԾ 19. ԳՐԱՆՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԹՈՒՅԼ ՏՐՎԱԾ ՍԽԱԼՆԵՐԻ ՈՒՂՂՈՒՄԸ

 

1. Գրավի իրավունքի գրանցման ժամանակ թույլ տրված սխալների ուղղումը կատարվում է գրավատուի, գրավառուի դիմումի հիման վրա կամ գրանցում իրականացնող մարմնի նախաձեռնությամբ` նախապես գրավառուին և գրավատուին տեղյակ պահելուց հետո` գրավի իրավունքի գրանցման մատյանում և գրանցման վկայականում համապատասխան գրառում կատարելու միջոցով:

2. Գրանցման ժամանակ թույլ տրված սխալները, եթե դրանք չեն փոփոխում գույքի պատկանելությունը, դրա նկատմամբ իրավունքների բնույթը, որակական և քանակական բնութագրերը, գրանցումն իրականացնող մարմնի պաշտոնատար անձը կարող է ուղղել` այդ մասին տեղյակ պահելով շահագրգիռ կողմերին:

3. Գրանցման ժամանակ թույլ տրված սխալները, եթե դրանք առաջացնում են գույքի պատկանելության, դրա նկատմամբ իրավունքների բնույթի, որակական և քանակական բնութագրերի փոփոխություն, գրանցման փաստաթղթերում կարող է ուղղել գրանցումն իրականացնող մարմնի պաշտոնատար անձը` միայն շահագրգիռ կողմերի գրավոր համաձայնության առկայության դեպքում:

4. Եթե գրանցումը կատարվել է որևէ իրավասու մարմնի տված փաստաթղթի հիման վրա, ապա թույլ տրված սխալների ուղղումը կարող է կատարվել միայն ներկայացված փաստաթղթում` տվյալ մարմնի կողմից համապատասխան ուղղում կատարելուց հետո:

5. Գրավի իրավունքի գրանցման ժամանակ թույլ տրված իրավական բնույթի սխալներն ուղղվում են դատական կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 20. ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՐԱՎԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԵՐԺՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

1. Գրանցումն իրականացնող մարմինը գրավի իրավունքի գրանցման ժամանակ, առանց անդրադառնալու պայմանագրի բովանդակությանը, ստուգում է սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված` դիմումի բովանդակությանը ներկայացվող պահանջները, դիմողի` պայմանագրի կողմ լինելը կամ նրա լիազորությունները հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև ներկայացված վճարման անդորրագրերը:

2. Գրանցումն իրականացնող մարմինը մերժում է գրավի իրավունքի գրանցումը, եթե`

1) չի պահպանվել սույն օրենքի 12-րդ հոդվածում սահմանված դիմումի բովանդակությանը ներկայացված պահանջը.

2) դիմողը չի հանդիսանում սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված գրանցման սուբյեկտ.

3) չեն ներկայացվել սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերը.

4) փաստաթղթերը ներկայացվել են մատիտով գրված, ջնջումներով կամ ուղղումներով:

Արգելվում է այլ պատճառներով գրանցման մերժումը, այդ թվում` աննպատակահարմարության պատճառաբանությամբ:

3. Գրավի իրավունքի գրանցումը մերժելու դեպքում մեկօրյա ժամկետում դիմողին գրավոր տեղյակ է պահվում մերժման մասին` պատճառների նշումով:

4. Գրավի իրավունքի գրանցման մերժումն արգելք չէ թույլ տրված խախտումը վերացնելուց հետո կրկին դիմում ներկայացնելու համար:

5. Գրանցման մերժումը կարող է բողոքարկվել դատական կարգով մերժման օրվանից հետո` մեկամսյա ժամկետում:

 

ՀՈԴՎԱԾ 21. ԳՐԱՎԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

1. Շարժական գույքի գրանցման համակարգը բաց է:

2. Գրանցումն իրականացնող մարմինն անձանց կամ պետական մարմինների տեղեկատվություն տրամադրելու դիմումի հիման վրա, որի ձևը սահմանում է գրանցումն իրականացնող մարմինը, նրան տրամադրում է տեղեկանք, որը պետք է պարունակի տեղեկություն գրանցված իրավունքի (իրավունքների) մասին, իսկ եթե գրավի ռեգիստրում գրանցված իրավունք չկա, ապա` տեղեկանք այդ մասին:

3. Տեղեկանքն ստորագրում է գրանցում իրականացնող մարմնի պատասխանատու պաշտոնատար անձը և վավերացնում կնիքով:

4. Գրանցված իրավունքների վերաբերյալ տեղեկատվությունից կարող են օգտվել սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված սուբյեկտները:

5. Սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված` դիմումում ներառված տեղեկատվությունից բացի, որևէ այլ տեղեկություն հրապարակման ենթակա չէ:

6. Գրանցման արդյունքում կազմված գործի տրամադրումը, բացի օրենքով նախատեսված դեպքերից, չի թույլատրվում:

7. Օրենքով նախատեսված դեպքերում գրանցման արդյունքում կազմված գործը տրամադրելիս դա պատճենահանվում և պահվում է գրանցումն իրականացնող մարմնում` մինչև գործը վերադարձնելը:

8. Տեղեկատվությունը տրամադրվում է դիմումն ընդունելուց հետո` մեկօրյա ժամկետում:

9. Շարժական գույքի կադաստրի և շարժական գույքի նկատմամբ իրավունքների գրանցման միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման և վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

ՀՈԴՎԱԾ 22. ԳՐԱՆՑՄԱՆ և ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎՃԱՐՈՎԻՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Գրանցման, ինչպես նաև տեղեկատվության տրամադրումը վճարովի է, որի համար գանձվում է ծառայության դիմաց վճար: Վճարների չափը և ցանկը սահմանում է լիազորված մարմինը` համաձայնեցնելով ֆինանսների բնագավառում լիազորված պետական մարմնի հետ:

2. Գրանցումն իրականացնող մարմինը շարժական գույքի գրավի իրավունքի գրանցման վկայականը կամ դրա կրկնօրինակը տալու, դիմողի մեղքով վկայականում տեղ գտած սխալի ուղղման, գրավի պայմանագրում կատարված փոփոխության գրանցման, գրավի իրավունքի գրանցման դադարեցման և տեղեկատվության տրամադրման համար գանձում է վճարներ:

3. Գրավի իրավունքի գրանցման ժամանակ գրանցումն իրականացնող մարմնի մեղքով թույլ տրված սխալի ուղղման դեպքում վճար չի գանձվում:

 

ՀՈԴՎԱԾ 23. ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԼԻԶԻՆԳԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳՐԱՆՑՄԱՆ, ԳՐԱՆՑՄԱՆ ՓՈՓՈԽՄԱՆ, ԴԱԴԱՐԵՑՄԱՆ, ՄԵՐԺՄԱՆ և ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ և ԳՐԱՆՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԹՈՒՅԼ ՏՐՎԱԾ ՍԽԱԼՆԵՐԻ ՈՒՂՂՈՒՄԸ

 

Շարժական գույքի լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման, գրանցման փոփոխման, դադարեցման, մերժման և տեղեկատվության տրամադրման ժամանակ կիրառվում են սույն գլխի դրույթները` լիզինգի պայմանագրի առանձնահատկությունների հաշվառմամբ:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԹՈՒՅԼ ՏՐՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

ՀՈԴՎԱԾ 24. ԳՐԱՆՑՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Շարժական գույքի գրավի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման, փոփոխման և դադարման` սույն օրենքով սահմանված գործընթացի խախտման, իրեն տրամադրված տեղեկատվությունը գրանցման մատյանում խեղաթյուրված կամ ոչ լրիվ գրանցելու, տեղեկատվության համար դիմած անձին կամ պետական մարմնին անհիմն մերժում տալու, փաստաթղթերը պահպանելու սահմանված գործընթացը խախտելու, պետական, ծառայողական կամ առևտրային գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու, գրանցման մատյանի և գրանցման վկայականի տեղեկություններին չհամապատասխանող տեղեկանք տրամադրելու հետևանքով պատճառված վնասն առաջ է բերում օրենքով սահմանված պատասխանատվություն:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 25. ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:

2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո կնքված շարժական գույքի գրավի իրավունքի, իսկ լիզինգի պայմանագրերով վարձակալության իրավունքի գրանցմանը, իսկ մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը կնքված` շարժական գույքի գրավի, իսկ լիզինգի պայմանագրերով վարձակալության իրավունքները սույն օրենքով սահմանված կարգով գրանցվելու դեպքում ձեռք են բերում գրավ դրված գույքի արժեքից լրիվ ծավալով բավարարում ստանալու նախապատվության իրավունք` գրանցման օրվա դրությամբ, իսկ լիզինգի պայմանագրերով վարձակալության դեպքում ֆիզիկական և իրավաբանական անձինք համարվում են լիզինգի պայմանագրով վարձակալության գրանցված իրավունքի մասին տեղեկացված և լիզինգի պայմանագրով վարձակալության հանձնված գույքը դրա օտարման իրավունքը չունեցող վարձակալից կամ այլ անձից հատուցմամբ կամ անհատույց ձեռք բերելիս համարվում են անբարեխիղճ տիրապետողներ:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2004 թ. հունիսի 7
Երևան
ՀՕ-76-Ն