ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 սեպտեմբերի 2023 թվականի N 1541-Ն
ՄԵԿՈՒՍԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ՁԵՎԱՓՈԽՎԱԾ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԵՆՍԱԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել մեկուսացված համակարգում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության և կենսաանվտանգության ապահովման կարգը` համաձայն հավելվածի:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
14.09.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականիսեպտեմբերի 14-ի N 1541-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՄԵԿՈՒՍԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ՁԵՎԱՓՈԽՎԱԾ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԵՆՍԱԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ
1. Սույն կարգը տարածվում է մեկուսացված համակարգում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (այսուհետ՝ ԳՁՕ) գործածության վրա։
2. Մեկուսացված համակարգում ԳՁՕ-ների գործածության ընթացքում իրականացվող անվտանգության միջոցառումները պետք է համապատասխանեն գիտության և տեխնիկայի ժամանակակից զարգացման մակարդակին՝ կիրառելով անհրաժեշտ առկա սարքեր և սարքավորումներ:
3. ԳՁՕ-ի գործածության նպատակով լիցենզավորված գիտահետազոտական, փորձացուցադրական աշխատանքներ իրականացնող կազմակերպությունը (այսուհետ՝ կազմակերպություն) պետք է ունենա համապատասխան մասնագիտական գիտելիքներ ունեցող կենսաանվտանգության համար պատասխանատու աշխատակից և գիտահետազոտական ծրագրի ղեկավար։
4. Կենսաանվտանգության համար պատասխանատու աշխատակիցը՝
1) ամենօրյա վերահսկողություն է իրականացնում մեկուսացված համակարգում ԳՁՕ-ի անվտանգ կիրառության նկատմամբ և ի հայտ եկած խնդիրների մասին տեղեկացնում է գիտահետազոտական ծրագրի ղեկավարին.
2) ապահովում է կենսաանվտանգության ապահովման նպատակով միջոցառումների մշակումը և դրանց իրականացումը:
5. Գիտահետազոտական ծրագրի ղեկավարը պետք է ունենա տվյալ ոլորտում նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ, որին նշանակում է գիտահետազոտական կազմակերպության ղեկավարը:
6. Գիտահետազոտական ծրագրի ղեկավարն ապահովում է աշխատանքների նախագծումը, իրականացումը և վերահսկողությունը:
7. Գիտահետազոտական ծրագրի ղեկավարի և կենսաանվտանգության համար պատասխանատու աշխատակցի պարտականությունները սահմանվում են գիտահետազոտական կազմակերպության ներքին կանոնակարգով:
8. Գիտահետազոտական ծրագրի ղեկավարը գիտահետազոտական աշխատանքներում ընդգրկված աշխատակիցներին տեղեկացնում է անվտանգության միջոցառումների, ռիսկերի, դրանց վերացմանն ուղղված պարտադիր միջոցառումների իրականացման մասին և կրում է պատասխանատվություն աշխատանքների անվտանգության համար:
9. Գիտահետազոտական ծրագրի ղեկավարը գիտահետազոտական աշխատանքներում ընդգրկված աշխատակիցներին կենսաանվտանգության անհրաժեշտությունից ելնելով՝ ներկայացնում է ԳՁՕ-ի անվանումը (գիտական և միջազգային), գենետիկական նյութի փոխանցման վերաբերյալ փաստերը, շրջակա միջավայրի և կենսաբազմազանության համար ԳՁՕ-ի ռիսկի գնահատականը:
10. Գիտահետազոտական ծրագրի ղեկավարը մեկուսացված համակարգում ԳՁՕ-ի օգտագործման պայմանների փոփոխության և դրա վերաբերյալ նոր տեղեկատվության ստացման արդյունքում՝ հնարավոր ռիսկերի առաջացման մասին անմիջապես պետք է տեղեկացնի լիազոր մարմնին:
11. Կազմակերպության լաբորատորիան պետք է հավատարմագրված լինի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման կարգի համաձայն և համապատասխանի հետևյալ պահանջներին`
1) ԳՁՕ-ի և ածանցյալ արտադրանքների շրջանակներում գիտական հետազոտությունների և տեխնոլոգիական նորարարությունների իրականացման համար համապատասխան սարքավորումների և մասնագիտական հաստիքների առկայություն.
2) կենսաանվտանգության պահպանմանը համապատասխան գիտահետազոտական գործընթացների իրականացում:
12. Շրջակա միջավայրի, կենսաբազմազանության և մարդու առողջության համար վտանգ ներկայացնող ԳՁՕ-ի չկարգավորվող ռիսկերի հայտնաբերման դեպքում կազմակերպությունը պետք է դադարեցնի փորձարկումներն ու անմիջապես կիրառի ռիսկերի գնահատում և անհրաժեշտության դեպքում՝ այդ ԳՁՕ-ի վերացման միջոցառումներ։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
14.09.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 սեպտեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|