Գլխավոր տեղեկություն
Номер
N 1448-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (17.09.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.11.10/61(360) Հոդ.1266
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.08.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.10.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
01.11.2004
Дата вступления в силу
11.11.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 1 նոյեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 օգոստոսի 2004 թվականի N 1448-Ն

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՕԴԱՆԱՎԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ԲԱԶԱՎՈՐՄԱՆ ՈՒ ՀԱՄԱՏԵՂ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱԵՐՈԴՐՈՄՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՕԴԱՆԱՎԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ԲԱԶԱՎՈՐՄԱՆ ԱԵՐՈԴՐՈՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 9-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 05.05.22 N 604-Ն)

1. Հաստատել`

ա) քաղաքացիական և ռազմական ավիացիայի օդանավերի համատեղ բազավորման ու համատեղ օգտագործման աերոդրոմների օգտագործման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) քաղաքացիական և ռազմական ավիացիայի օդանավերի համատեղ բազավորման աերոդրոմների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հոկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության «Երևանի «Էրեբունի» օդանավակայան» հատուկ նշանակության պետական ձեռնարկության «Էրեբունի» օդանավակայանի համալիրը և վառելիքաքսանյութերի պետական ձեռնարկության Երևանի «Էրեբունի» պետական դուստր ձեռնարկությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը հանձնելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ռազմական օդակայանների (աերոդրոմների) համատեղ օգտագործման կարգը հաստատելու մասին» N 507 որոշման 3-րդ և 4-րդ կետերը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգում մի շարք միջոցառումներ իրականացնելու մասին» N 459 որոշման 1-ին կետի «բ» ենթակետը և 2-րդ կետը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. հոկտեմբերի 26
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2004 թվականի
օգոստոսի 26-ի N 1448-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՕԴԱՆԱՎԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ԲԱԶԱՎՈՐՄԱՆ ՈՒ ՀԱՄԱՏԵՂ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱԵՐՈԴՐՈՄՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) պահանջներին համապատասխան կանոնակարգվում է քաղաքացիական և ռազմական օդանավերի համատեղ բազավորման ու համատեղ օգտագործման աերոդրոմների օգտագործումը:

(պարբերությունն ուժը կորցրել է 05.05.22 N 604-Ն)

(1-ին կետը փոփ. 05.05.22 N 604-Ն)

2. Համատեղ բազավորման աերոդրոմները դասակարգվում են 2 խմբի` համատեղ բազավորման քաղաքացիական աերոդրոմ և համատեղ բազավորման ռազմական աերոդրոմ:

3. Սույն կարգի իմաստով համատեղ բազավորման քաղաքացիական աերոդրոմ է համարվում քաղաքացիական ավիացիայի համակարգի այն աերոդրոմը (այսուհետ` քաղաքացիական աերոդրոմ), որտեղ կարող են շահագործվել ռազմական օդանավեր` բազավորման իրավունքով:

4. Սույն կարգի իմաստով համատեղ բազավորման ռազմական աերոդրոմ է համարվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության այն աերոդրոմը (այսուհետ` ռազմական աերոդրոմ), որտեղ կարող են շահագործվել քաղաքացիական օդանավեր` բազավորման իրավունքով:

5. Սույն կարգի իմաստով համատեղ օգտագործման աերոդրոմ է համարվում այն ռազմական աերոդրոմը, որտեղ կարող են շահագործվել քաղաքացիական օդանավեր` առանց բազավորման իրավունքի:

6. Համատեղ բազավորման քաղաքացիական աերոդրոմներում թռիչքների ու վայրէջքների, թռիչքների աերոնավիգացիոն և օդերևութաբանական սպասարկումների, ինչպես նաև մատուցվող այլ օդանավակայանային ծառայությունների սակագները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետությունում օդանավակայանային և թռիչքների աերոնավիգացիոն սպասարկման սակագների հաստատման կարգը հաստատելու մասին» N 2074-Ն որոշման համաձայն:

Համատեղ բազավորման ռազմական և համատեղ օգտագործման աերոդրոմներում թռիչք-վայրէջքների, թռիչքների աերոնավիգացիոն և օդերևութաբանական սպասարկումների, ինչպես նաև մատուցվող այլ օդանավակայանային ծառայությունների սակագները հաստատվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից:

(6-րդ կետը լրաց., փոփ. 10.01.13 N 7-Ն)

7. Անկախ աերոդրոմի պատկանելությունից` քաղաքացիական օդանավերով միջազգային կանոնավոր առևտրային և (կամ) ներքին կանոնավոր առևտրային օդային փոխադրումներ կարող են իրականացվել, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝

1) աերոդրոմը հանդիսանում է կառավարվող և ապահովված է օդային երթևեկության (աերոնավիգացիոն) սպասարկման աերոդրոմային և աերոդրոմին մոտեցման կարգավարական ծառայություններով.

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2007 թվականի ապրիլի 27-ի թիվ 68-Ն հրամանով սահմանված կարգով Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) կողմից աերոդրոմին տրամադրվել է սերտիֆիկատ։

(7-րդ կետը խմբ. 10.01.13 N 7-Ն, 05.05.22 N 604-Ն)

8. Համատեղ բազավորման և համատեղ օգտագործման կառավարվող աերոդրոմներում օդային երթևեկության (աերոնավիգացիոն) սպասարկումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 19-ի N 744-Ն որոշմամբ սահմանված կարգով կոմիտեի կողմից թույլտվություն ստացած կազմակերպությունը:

(8-րդ կետը խմբ. 10.01.13 N 7-Ն, փոփ. 05.05.22 N 604-Ն)

9. Անկախ աերոդրոմի պատկանելությունից` քաղաքացիական օդանավերով կարող են միջազգային չվերթներ և ներքին օդային փոխադրումներ իրականացվել միայն այն համատեղ բազավորման կամ համատեղ օգտագործման աերոդրոմներից, որոնք համապատասխանում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քաղաքացիական աերոդրոմներին ներկայացվող պահանջներին:

(9-րդ կետը խմբ. 10.01.13 N 7-Ն)

10. Համատեղ բազավորման և համատեղ օգտագործման աերոդրոմների համապատասխանությունը սույն կարգի 9-րդ կետով սահմանված պահանջներին ապահովում է աերոդրոմը շահագործողը (այսուհետ` շահագործող):

(10-րդ կետը փոփ. 10.01.13 N 7-Ն)

11. Այն համատեղ բազավորման և համատեղ օգտագործման աերոդրոմները, որոնցում իրականացվում են միջազգային չվերթեր, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` իրենց վերապահված լիազորությունների սահմաններում ապահովում են սահմանապահ, մաքսային, սանիտարակարանտինային և հասարակական կարգի ապահովման, անհրաժեշտության դեպքում` մուտքի արտոնագրերի ձևակերպման ծառայություններ:

Նշված ծառայությունների աշխատանքային պայմանները (տարածքներ, միջոցներ և այլն) ապահովվում են շահագործողի կողմից:

(11-րդ կետը փոփ. 05.05.22 N 604-Ն)

12. Համատեղ օգտագործման և համատեղ բազավորման ռազմական աերոդրոմները, որոնցում շահագործվում են քաղաքացիական օդանավեր, պետք է համապատասխանեն քաղաքացիական աերոդրոմներին ներկայացվող պահանջներին և այդ նպատակով ենթակա են վերահսկման` կոմիտեի կողմից` համաձայն օրենքի 12-րդ հոդվածի 9-րդ մասի:

Անկախ պատկանելությունից` ինչպես քաղաքացիական, այնպես էլ համատեղ օգտագործման և համատեղ բազավորման ռազմական աերոդրոմներում կոմիտեն իր կողմից սահմանված կարգով անցկացնում է աերոդրոմների ուսումնասիրություններ և վերահսկողություններ, որոնք կարող են լինել՝

1) պարբերական` իրականացվում են տարեկան առնվազն 1 անգամ՝ աերոդրոմի համապատասխանությունը քաղաքացիական աերոդրոմներին ներկայացվող պահանջներին վերահսկելու նպատակով.

2) արտահերթ` իրականացվում են`

աերոդրոմում տեղի ունեցած ավիացիոն միջադեպերի դեպքում,

օդանավ շահագործողների (այսուհետ` օգտագործող) կամ թռիչքներին առնչվող ծառայությունների կողմից դիտողությունների առկայության դեպքում, որոնք կարող են ազդել թռիչքների անվտանգության վրա,

աերոդրոմում կատարված գլխավոր փոփոխությունների դեպքում.

3) սեզոնային՝ ձմեռային ժամանակաշրջանին աերոդրոմի պատրաստականությունը վերահսկելու նպատակով։

Սույն կարգի իմաստով գլխավոր փոփոխություններ են համարվում աերոդրոմի տարրերի երկրաչափական չափերի և արհեստական ծածկույթի, աերոդրոմի լուսաազդանշանային և ռադիոնավիգացիոն համակարգերի փոփոխությունները, աերոդրոմի շրջանում օդային երթևեկության խոչընդոտներ հանդիսացող նոր օբյեկտների կառուցումը:

Ուսումնասիրությունները և վերահսկողությունները կարող են իրականացվել նաև շահագործողի պահանջով` աերոդրոմի սերտիֆիկացման, ինչպես նաև աերոդրոմում կատարված գլխավոր փոփոխությունների դեպքում:

Ուսումնասիրությունները և վերահսկողություններն իրականացվում են շահագործողի ներկայացուցիչների մասնակցությամբ:

(12-րդ կետը փոփ. 10.01.13 N 7-Ն, խմբ. 05.05.22 N 604-Ն)

12.1. Եթե սույն կարգի 12-րդ կետով սահմանված վերահսկողությունների արդյունքում արձանագրվում են քաղաքացիական աերոդրոմներին ներկայացվող պահանջներին և թռիչքների անվտանգությանն առնչվող անհամապատասխանություններ՝ կոմիտեն իրավասու է դադարեցնել քաղաքացիական օդանավերի թռիչքները համատեղ օգտագործման և համատեղ բազավորման ռազմական աերոդրոմներում և դրանք թույլատրել շահագործողի կողմից անհամապատասխանությունները վերացնելուց հետո կատարված ուսումնասիրությունների դրական արդյունքների դեպքում՝ համաձայնություն տալու միջոցով։

(12.1-ին կետը լրաց. 05.05.22 N 604-Ն)

13. Համատեղ բազավորման և համատեղ օգտագործման աերոդրոմներում շահագործողի և օգտագործողի միջև իրավահարաբերությունները կանոնակարգվում են պայմանագրային հիմունքներով, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:

14. Սույն կարգի իմաստով օգտագործող են համարվում ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ այլ երկրների քաղաքացիական և պետական ավիացիայի օդանավեր շահագործողները:

 

II. ՀԱՄԱՏԵՂ ԲԱԶԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՄԱՏԵՂ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱԵՐՈԴՐՈՄՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

15. Քաղաքացիական աերոդրոմները, որոնք չեն ընդգրկված համատեղ բազավորման աերոդրոմների ցանկում, ռազմական օդանավերի կողմից կարող են օգտագործվել օդային փոխադրումների, այդ թվում` նաև միջազգային օդային փոխադրումների իրականացման նպատակներով, եթե դրանք իրականացվում են քաղաքացիական ավիացիայի բնագավառում գործող պահանջների և ընթացակարգերի համաձայն: Առանձին դեպքերում (վթարային իրավիճակներում կամ փոխադարձ համաձայնությամբ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օդանավակայաններում Հայաստանի Հանրապետությանը պատկանող կամ Հայաստանի Հանրապետության տարածքում բազավորվող մարտական օդանավերի թռիչքների ու վայրէջքների ընթացքում կարող են կիրառվել տվյալ օդանավակայանում օդային երթևեկության սպասարկման մարմնի և ռազմաօդային ուժերի համապատասխան մարմինների միջև կնքված համաձայնագրերով սահմանվող օդային երթևեկության սպասարկման ընթացակարգեր:

16. Ոչ առևտրային չվերթների իրականացման նպատակով շահագործվող ընդհանուր նշանակության ավիացիայի օդանավերը կարող են բազավորման (կամ օգտագործման) իրավունքով օգտագործվել համատեղ բազավորման աերոդրոմ չհանդիսացող ռազմական աերոդրոմում` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թույլտվության առկայության դեպքում:

17. Համատեղ բազավորման և համատեղ օգտագործման աերոդրոմների շահագործողական պատրաստականությունն ապահովում է շահագործողը` Հայաստանի Հանրապետության օրենսդրության և «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի (Չիկագոյի կոնվենցիա) համաձայն:

(17-րդ կետը փոփ. 10.01.13 N 7-Ն)

18. Համատեղ բազավորման և համատեղ օգտագործման աերոդրոմներում իրականացվող թռիչքները պլանավորվում են շահագործողի և օգտագործողի միջև փոխադարձաբար համաձայնեցված ժամանակացույցի համաձայն:

Թռիչքները պլանավորելիս անհրաժեշտ է ըստ կատարման ժամանակի հնարավորինս տարանջատել ընդհանուր բնույթի օդային երթևեկության մաս չկազմող ռազմական օդանավերի (օպերատիվ օդային երթևեկության) և ընդհանուր բնույթի օդային երթևեկության թռիչքները, եթե ռազմական օդանավերի նշված թռիչքները չեն իրականացվում ժամանակավորապես հատկացված (սեգրեգացված) օդային տարածքի սահմաններում: Կառավարվող աերոդրոմի օդային տարածքի սահմաններում այդ թռիչքների միաժամանակյա իրականացման դեպքում` դրանց տարանջատումը (էշելոնավորումը) ապահովելու նպատակով ինչպես օպերատիվ օդային երթևեկության, այնպես էլ ընդհանուր բնույթի օդային երթևեկության թռիչքների կառավարումն իրականացվում է օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան ատեստավորված օդային երթևեկության սպասարկման կարգավարների կողմից:

(18-րդ կետը լրաց. 05.05.22 N 604-Ն)

19. Համատեղ բազավորման և համատեղ օգտագործման աերոդրոմներում շահագործողն օգտագործողին հատկացնում է տարածքներ` օդանավերի, ինչպես նաև դրանց տեխնիկական սպասարկման ծառայությունների և միջոցների տեղակայման համար:

Համատեղ բազավորման քաղաքացիական աերոդրոմներում շահագործողը տրամադրում է համապատասխան տարածք՝ ռազմական օդանավերի թռիչքների կառավարման խմբի աշխատանքները կազմակերպելու համար, իսկ դրա անհնարինության դեպքում՝ կառավարման խմբին ապահովում է աշխատանքային կետով, որի պատշաճ շահագործման պատասխանատվությունը վերապահվում է կառավարման խմբին։

(19-րդ կետը խմբ. 05.05.22 N 604-Ն)

20. Համատեղ բազավորման քաղաքացիական աերոդրոմներում ավիացիոն անվտանգության ապահովումն իրականացվում է շահագործողի ավիացիոն անվտանգության ծրագրով սահմանված կարգով, որը օրենքի 52-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն հաստատվում է կոմիտեի կողմից:

Համատեղ բազավորման ռազմական և համատեղ օգտագործման աերոդրոմներում ավիացիոն անվտանգության միջոցառումները սահմանում և դրանց իրականացումն ապահովում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:

(20-րդ կետը փոփ., լրաց. 10.01.13 N 7-Ն, փոփ. 05.05.22 N 604-Ն)

21. Համատեղ օգտագործման և համատեղ բազավորման ռազմական աերոդրոմներում վթարափրկարարական և հակահրդեհային անվտանգության ապահովումն իրականացվում է՝ համաձայն օրենսդրության և Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) դոկ 9137 ձեռնարկի մաս 1-ի։

(21-րդ կետը փոփ. 10.01.13 N 7-Ն, խմբ. 05.05.22 N 604-Ն)

22. Համատեղ բազավորման քաղաքացիական աերոդրոմներում, շահագործողի և կոմիտեի համաձայնությամբ, ռազմական ավիացիայի միջոցներով կարող են տեղակայվել լրացուցիչ սարքավորումներ և տեխնիկական միջոցներ` ավիացիոն և թռիչքային անվտանգությունն ապահովելու նպատակով` չխախտելով սույն կարգի 9-րդ կետով սահմանված դրույթները:

(22-րդ կետը լրաց., փոփ. 10.01.13 N 7-Ն, փոփ. 05.05.22 N 604-Ն)

23. Համատեղ բազավորման եւ համատեղ օգտագործման աերոդրոմներում աերոդրոմի տարրերի եւ տեղակայված տեխնիկական միջոցների վերանորոգման աշխատանքների հետեւանքով աերոդրոմի շահագործողական պայմանների հնարավոր փոփոխության մասին շահագործողը նախօրոք` վերանորոգման աշխատանքներն սկսվելուց առնվազն 30 օր առաջ ծանուցում է օգտագործողին:

(հավելվածը փոփ., խմբ., լրաց. 10.01.13 N 7-Ն, 05.05.22 N 604-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2004 թվականի
օգոստոսի 26-ի N 1448-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՕԴԱՆԱՎԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ԲԱԶԱՎՈՐՄԱՆ ԱԵՐՈԴՐՈՄՆԵՐԻ

 

Գյումրու «Շիրակ» օդանավակայանի աերոդրոմ

«Էրեբունի» օդանավակայանի աերոդրոմ

«Արզնի» օդանավակայանի աերոդրոմ

(հավելվածը լրաց. 15.02.18 N 143-Ն, փոփ. 05.05.22 N 604-Ն, լրաց. 07.09.23 N 1511-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան