Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-75
Տիպ
Օրենք
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (21.08.1997-11.01.1998)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԱԺՏ 1996/13-14(1113-1114) հոդ. 162, հուլիս 1996
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
30.06.1996
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
22.07.1996
Дата вступления в силу
10.11.1996
Ուժը կորցնելու ամսաթիվ
21.06.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
«30» հունիսի 1996 թ.

 

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

Տեղական ինքնակառավարման մասին օրենսդրությունը

 

Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարումը կարգավորվում է Սահմանադրությամբ, օրենքներով և օրենքով նախատեսված դեպքերում` այլ նորմատիվ իրավական ակտերով:

 

Հոդված 2.

Օրենքի խնդիրները

 

Սույն օրենքը սահմանում է տեղական ինքնակառավարման հասկացությունը, սկզբունքները, մարմինները, նրանց լիազորությունները, կարգավորում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունները:

 

Հոդված 3.

Տեղական ինքնակառավարման հասկացությունը

 

Տեղական ինքնակառավարումը բնակչության բարեկեցության բարելավման նպատակով սեփական պատասխանատվությամբ գործող տեղական ինքնակառավարման մարմինների` համայնքի սեփականությունը տնօրինելու և համայնքային նշանակության հարցերը լուծելու իրավունքն ու կարողությունն է:

Տեղական ինքնակառավարման մարմիններն ընտրվում են համայնքի անդամների կողմից: Համայնքի անդամ է համարվում Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որը մշտապես բնակվում է տվյալ համայնքում կամ վերջին երեք տարում անընդմեջ ընդգրկված է համայնքում հարկեր, տեղական տուրքեր և վճարներ մուծողների ցուցակում:

 

Հոդված 4.

Տեղական ինքնակառավարման սկզբունքները

 

Տեղական ինքնակառավարման սկզբունքներն են`

1) պետական մարմինների իրավասությունների փոխանցումը տեղական ինքնակառավարման մարմիններին, եթե այդ իրավասություններն առավել արդյունավետ կարող են իրականացվել համայնքներում.

2) ընդհանուր իրավասությունը` համայնքային շահերին վերաբերող, օրենքին չհակասող ցանկացած գործունեության իրականացման իրավունքը, եթե օրենսդրությամբ այն վերապահված չէ պետական մարմիններին.

3) համայնքի ղեկավարի դերի երկակիությունը` որպես ինքնավար կառավարման մարմին և որպես տեղում պետական իշխանության ներկայացուցիչ.

4) համայնքի իրավունքների, օրինական շահերի և սեփականության դատական պաշտպանությունը.

5) իրականացվող լիազորությունների և դրանց ֆինանսավորման համապատասխանությունը.

6) աջակցությունը ֆինանսապես թույլ համայնքներին` ֆինանսական համահարթեցման միջոցով.

7) ինքնուրույնությունը և պատասխանատվությունը տեղական ինքնակառավարումն իրականացնելիս.

8) տեղական ինքնակառավարման մարմինների կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների կազմակերպումը մրցույթների (տենդերների) միջոցով.

9) իր իրավասության շրջանակում համայնքի ղեկավարի միանձնյա ղեկավարումը և պատասխանատվությունը.

10) տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության հրապարակայնությունը:

 

Հոդված 5.

Տեղական ինքնակառավարման մարմինները

 

Համայնքներում երեք տարի ժամկետով ընտրվում են տեղական ինքնակառավարման մարմիններ` համայնքի ավագանի և համայնքի ղեկավար:

Համայնքի ավագանին օրենքով սահմանված կարգով ընտրված ներկայացուցչական մարմին է, որն իրականացնում է Սահմանադրությամբ և սույն օրենքով նախատեսված լիազորությունները:

Համայնքի ղեկավարը (քաղաքային համայնքում` քաղաքապետը, Երևանի թաղային համայնքում` թաղապետը, գյուղական համայնքում` գյուղապետը) օրենքով սահմանված կարգով ընտրված համայնքի գործադիր մարմին է, որն իրականացնում է Սահմանադրությամբ և սույն օրենքով նախատեսված լիազորությունները:

Համայնքի ղեկավարն իր պաշտոնը ստանձնում է համայնքի նախորդ ղեկավարի լիազորությունների ավարտման օրը:

 

Հոդված 6.

Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ընդհանուր բնութագիրը

 

Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները բաժանվում են սեփական և պետության կողմից պատվիրակված լիազորությունների:

Սեփական լիազորությունները բաժանվում են պարտադիր և կամավոր լիազորությունների:

Պարտադիր և պետության կողմից պատվիրված լիազորությունները ենթակա են պարտադիր ֆինանսավորման ու անընդմեջ կատարման:

Կամավոր լիազորություններն իրականացվում են ըստ հնարավորությունների` համայնքի բյուջեով նախատեսված ֆինանսավորմանը համապատասխան:

Սույն օրենքում թվարկված կամավոր լիազորությունները սպառիչ չեն: Տեղական ինքնակառավարման մարմինները կարող են իրականացնել համայնքային շահերին վերաբերող, օրենքին չհակասող ցանկացած գործունեություն, եթե օրենսդրությամբ այն վերապահված չէ պետական մարմիններին.

Պետության կողմից պատվիրակված լիազորությունների իրականացման կարգը սահմանվում է օրենքով կամ կառավարության որոշմամբ:

 

Հոդված 7.

Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունները

 

Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքներով:

Կառավարությունը համապատասխան մարզպետի, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետի ներկայացմամբ սույն օրենքով նախատեսված դեպքերում կարող է պաշտոնանկ անել համայնքի ղեկավարին:

Մինչև համայնքի նորընտիր ղեկավարի` իր պարտականությունների ստանձնումը վարչապետը նշանակում է քաղաքային, Երևանում` թաղային, իսկ մարզպետը` գյուղական համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

Տեղական ինքնակառավարման մարմիններն իրավունք ունեն գանգատարկել դատարան պետական մարմինների, պաշտոնատար անձանց, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց` համայնքի իրավունքները խախտող որոշումները և գործողությունները:

Տեղական ինքնակառավարման մարմինների որոշումները և գործողությունները համապատասխան մարզպետը, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետը կարող են գանգատարկել դատարան:

 

Գ Լ ՈՒ Խ  2

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ

 

Հոդված 8.

Համայնքի ավագանու գործունեության կազմակերպումը

 

Համայնքի ավագանին իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են ավագանու որոշած պարբերականությամբ, բայց ոչ պակաս, քան երեք ամիսը մեկ անգամ:

Ավագանու նիստում կարող է քննարկվել համայնքի շահերին վերաբերող ցանկացած հարց: Քննարկվող հարցերի վերաբերյալ ավագանին կարող է ընդունել որոշումներ և ուղերձներ:

Համայնքի շահերին վերաբերող, բայց իր իրավասությունից դուրս գտնվող հարցերի կապակցությամբ ավագանին կարող է ընդունել ուղերձներ` ուղղված համայնքի բնակչությանը, համայնքի ղեկավարին, մարզպետին կամ պետական այլ մարմնի:

 

Հոդված 9.

Համայնքի ավագանու նիստը

 

Համայնքի ավագանու նիստը վարում է համայնքի ղեկավարը, որն ունի խորհրդակցական ձայնի իրավունք:

Ավագանու նիստն իրավազոր է, եթե ներկա է ավագանու անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:

Մարզպետը, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետը, համայնքի ավագանու նիստին կարող է մասնակցել խորհրդակցական ձայնի իրավունքով:

Համայնքի ղեկավարի հրավերով ավագանու նիստին կարող են մասնակցել համայնքի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցներ, իսկ ավագանու որոշմամբ` նաև այլ անձինք:

Ավագանու նիստն անցկացվում է ավագանու կանոնակարգին համապատասխան:

Համայնքի ավագանու որոշումները և ուղերձներն ընդունվում են ավագանու նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ:

Համայնքի ավագանու որոշումների մեկ օրինակը յոթնօրյա ժամկետում ուղարկվում է համապատասխան մարզպետարան:

 

Հոդված 10.

Ավագանու արտահերթ նիստը

 

Համայնքի ավագանու արտահերթ նիստ գումարում է համայնքի ղեկավարը` իր, ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կամ մարզպետի, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ:

Ավագանու արտահերթ նիստը համայնքի ղեկավարը գումարում է նախաձեռնողի կողմից սահմանված օրակարգով և ժամկետում:

 

Հոդված 11.

Նորընտիր ավագանու առաջին նիստը

 

Նորընտիր ավագանու առաջին նիստը գումարվում է ոչ ուշ, քան կազմավորման օրվանից քսան օրվա ընթացքում: Առաջին նիստը գումարում է համայնքի ղեկավարը:

Համայնքի ավագանին համարվում է կազմավորված, եթե ընտրվել է ավագանու անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:

 

Հոդված 12.

Ավագանու իրավասությունը

 

Համայնքի ավագանին`

1) ընդունում է իր կանոնակարգը.

2) վերահսկում է համայնքի բյուջեի կատարումը և համայնքի կողմից ստացված վարկերի օգտագործումը.

3) սույն օրենքով սահմանված կարգով սահմանում է համայնքի ղեկավարի պաշտոնային դրույքաչափը.

4) սույն օրենքով սահմանված կարգով համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու առաջարկություն է ներկայացնում մարզպետին.

5) պետական մարմիններից և պաշտոնատար անձանցից պահանջում է համայնքի խնդիրներին վերաբերող և օրենքով սահմանված գաղտնիք չպարունակող տեղեկություններ: Այդ պահանջը պարտադիր է պետական մարմինների և պաշտոնատար անձանց համար:

Համայնքի ավագանին համայնքի ղեկավարի ներկայացմամբ`

1) հաստատում է համայնքի ղեկավարի աշխատակազմի կառուցվածքը.

2) համաձայնություն է տալիս համայնքային ենթակայության ձեռնարկություններ ստեղծելու մասին.

3) հավանություն է տալիս համայնքի քաղաքաշինական գլխավոր հատակագծին.

4) հավանություն է տալիս հողերի օգտագործման սխեմային.

5) օրենսդրությանը համապատասխան համաձայնություն է տալիս առևտրի, հասարակական սննդի և սպասարկման ոլորտի ձեռնարկությունների և կազմակերպությունների գործունեության համայնքային կանոններին.

6) հաստատում է համայնքի տարեկան բյուջեն, բյուջեում կատարում է փոփոխություններ, համաձայնություն է տալիս բյուջեի ազատ միջոցներն օգտագործելու մասին, հաստատում է բյուջեի կատարման վերաբերյալ համայնքի ղեկավարի տարեկան հաշվետվությունը.

7) օրենքով սահմանված կարգով սահմանում է տեղական տուրքեր և վճարներ, համաձայնություն է տալիս համայնքի սեփականություն հանդիսացող գույքը վարձակալության հանձնելու և օտարելու մասին, հաստատում է դրանց վարձավճարների չափերը և աճուրդային եղանակով օտարվող գույքի մեկնարկային գինը.

8) հաստատում է համայնքի սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերը.

9) համաձայնություն է տալիս համայնքի փողոցների, պողոտաների, հրապարակների, զբոսայգիների, համայնքային ենթակայության կրթական, մշակութային և այլ ձեռնարկությունների ու կազմակերպությունների անվանմանը և վերանվանմանը, տների, շենքերի և այլ շինությունների համարակալմանը.

10) հաստատում է համայնքի ղեկավարի` այլ համայնքների հետ համագործակցության, միջհամայնքային միավորումներ ստեղծելու, այլ պետությունների տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության մասին կնքած պայմանագրերը.

11) համաձայնություն է տալիս համայնքի ղեկավարի կողմից վարկային պայմանագրի կնքմանը:

Համայնքի ավագանին իրականացնում է Սահմանադրությամբ և սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ:

Քաղաքային, գյուղական համայնքի ավագանին սահմանում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիների համայնքի պատվավոր անդամի կոչում շնորհելու կարգը:

 

Հոդված 13.

Համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու` համայնքի ավագանու առաջարկությունը

 

Համայնքի ավագանին իր անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի գրավոր պահանջով քննարկում է համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու առաջարկությունը:

Համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու առաջարկությունն ընդունվում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Նշված որոշումն անհապաղ ուղարկվում է մարզպետին:

Մարզպետը եռօրյա ժամկետում պաշտոնանկ անելու մասին առաջարկությունը ներկայացնում է կառավարություն` կցելով իր կարծիքը:

Կառավարությունում առաջարկության քննարկմանը խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել ավագանու ներկայացուցիչը և համայնքի ղեկավարը:

Համայնքի ավագանին համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու առաջարկությունը կարող է քննարկել համայնքի ղեկավարի պաշտոնավարությունը սկսելուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո և ոչ ավելի, քան տարին մեկ անգամ:

 

Հոդված 14.

Համայնքի ավագանու անդամի` այլ պաշտոններ զբաղեցնելու սահմանափակումը

 

Համայնքի ավագանու անդամը չի կարող`

1) աշխատել նույն համայնքի ղեկավարի աշխատակազմում կամ մարզպետարանում, համայնքային կամ մարզային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ղեկավար.

2) լինել մեկ այլ համայնքի ղեկավար կամ ավագանու անդամ.

3) աշխատել իրավապահ մարմիններում, ծառայել զինված ուժերում:

 

Հոդված 15.

Համայնքի ավագանու անդամի իրավունքները

 

Համայնքի ավագանու անդամն իրավունք ունի`

1) առաջարկություններ ներկայացնել ավագանու նիստերի օրակարգի և քննարկվող հարցերի վերաբերյալ.

2) նախապատրաստել և ավագանու քննարկմանը ներկայացնել հարցեր, որոշումների և ուղերձների նախագծեր.

3) համայնքի ղեկավարից պահանջել և ստանալ նրա գործունեության վերաբերյալ պաշտոնական տեղեկանքներ:

 

Հոդված 16.

Համայնքի ավագանու անդամի պարտականությունները

 

Համայնքի ավագանու անդամը պարտավոր է`

1) մասնակցել ավագանու նիստերին.

2) պարբերաբար հանդիպել համայնքի բնակչության հետ, համայնքի ընտրողներին տեղեկացնել համայնքի ավագանու աշխատանքների մասին.

3) մասնակցել քաղաքացիների` ավագանու կողմից անցկացվող ընդունելություններին:

 

Հոդված 17.

Համայնքի ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը

 

Ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե`

1) նա հրաժարական է տվել.

2) դադարեցվել է նրա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.

3) նրա նկատմամբ օրինական ուժի մեջ է մտել դատարանի մեղադրական դատավճիռը.

4) նա զորակոչվել կամ ծառայության է անցել զինված ուժերում.

5) դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով նա անգործունակ, անհայտ բացակայող կամ մեռած է ճանաչվել.

6) նա ավագանու անդամության հետ անհամատեղելի պաշտոն է զբաղեցնում.

7) նա մահացել է:

Ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումն արձանագրվում է ավագանու կողմից:

Ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել ավագանու կողմից, եթե նա մեկ տարվա ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի քվեարկությունների կեսից:

 

Գ Լ ՈՒ Խ  3

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԵՎ ՆՐԱ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

 

Հոդված 18.

Համայնքի ղեկավարի աշխատակազմի ձևավորումը

 

Համայնքի ղեկավարն իր լիազորություններն իրականացնում է աշխատակազմի, համայնքային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների միջոցով:

Համայնքի ղեկավարն իր պաշտոնը ստանձնելու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում իր աշխատակազմի կառուցվածքը:

Համայնքի ղեկավարի աշխատակազմն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ կնիք:

Համայնքի ղեկավարի աշխատակազմի մեջ մտնում են համայնքի ղեկավարի տեղակալը, աշխատակազմի քարտուղարը և բաժինները:

Համայնքի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, համայնքի բնակիչների թվին համապատասխան, սահմանում է կառավարությունը` Հանրապետության Նախագահի հրամանագրով սահմանված կարգով:

 

Հոդված 19.

Համայնքի ղեկավարի տեղակալը

 

Համայնքի ղեկավարի տեղակալն իրականացնում է կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները, իսկ համայնքի ղեկավարի բացակայության ժամանակ փոխարինում է նրան:

Համայնքի ղեկավարի տեղակալը կարող է համայնքի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնել այլ լիազորություններ:

 

Հոդված 20.

Աշխատակազմի քարտուղարը

 

Աշխատակազմի քարտուղարը կազմակերպում է`

1) համայնքի ավագանու նիստերի նախապատրաստումը, արձանագրումը և արձանագրության ստորագրումն ավագանու անդամների կողմից.

2) աշխատակազմի գործավարությունը, նամակագրությունը և արխիվային գործը.

3) համայնքի ղեկավարի որոշումների, կարգադրությունների, պաշտոնական այլ փաստաթղթերի նախապատրաստումը և հրապարակումը.

4) համայնքի ղեկավարի և ավագանու կողմից քաղաքացիների ընդունելությունը, նրանց առաջարկությունների, դիմումների ու գանգատների քննարկումը և ընթացքը.

5) համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների կատարման, ինչպես նաև համայնքի ղեկավարի աշխատակազմի աշխատանքային կարգապահության վերահսկողությունը.

6) համայնքի ավագանու ընդունած որոշումների առաքումը համապատասխան մարզպետարան:

Աշխատակազմի քարտուղարն իրականացնում է կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

 

Հոդված 21.

Համայնքի ղեկավարի պաշտոնի անհամատեղելիությունը

 

Համայնքի ղեկավարը չի կարող զբաղեցնել պետական այլ պաշտոն, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի ստեղծագործական, գիտական և մանկավարժական աշխատանքից:

 

Հոդված 22.

Համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը

 

Համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնում է կառավարությունը, եթե`

1) նա հրաժարական է տվել.

2) դադարեցվել է նրա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.

3) նրա նկատմամբ օրինական ուժի մեջ է մտել դատարանի մեղադրական դատավճիռը.

4) դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով նա անգործունակ, անհայտ բացակայող կամ մեռած է ճանաչվել.

5) նա խախտել է սույն օրենքի 21 հոդվածի պայմանները.

6) նա մահացել է:

Համայնքի ղեկավարը մարզպետի կամ ավագանու նախաձեռնությամբ` մարզպետի ներկայացմամբ կարող է պաշտոնանկ արվել կառավարության կողմից:

Մարզպետը համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու առաջարկությունը ներկայացնում է կառավարություն, միաժամանակ դրա պատճենն ուղարկում համայնքի ղեկավարին: Համայնքի ղեկավարը պատճենը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում գումարում է համայնքի ավագանու արտահերթ նիստ: Համայնքի ավագանին իր նիստում քննարկում է համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու մասին մարզպետի առաջարկությունը և ընդունում որոշում, որը ներկայացնում է կառավարություն: Վերջինս սահմանված կարգով քննարկում է համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու` մարզպետի առաջարկությունը:

Կառավարությունը համայնքի ղեկավարին կարող է սահմանված կարգով պաշտոնանկ անել միայն համայնքի բյուջե փաստացի ստացված եկամուտների սահմաններում պարտադիր լիազորությունները չկատարելու, ինչպես նաև պետության կողմից պատվիրակված լիազորությունները անբավարար կատարելու համար:

(22-րդ հոդվածը խմբ. 24.06.97 ՀՕ-130)

 

Հոդված 23.

Համայնքի ղեկավարի վարձատրությունը

 

Համայնքի ղեկավարի աշխատավարձը սահմանվում է սույն օրենքին համապատասխան:

Համայնքի ղեկավարի աշխատավարձը սահմանվում է մարզպետի աշխատավարձի հետևյալ տոկոսաչափերով`

1) մինչև 1000 բնակիչ ունեցող համայնքի ղեկավարի համար` մինչև 40 տոկոսը.

2) 1001-ից մինչև 5000 բնակիչ ունեցող համայնքի ղեկավարի համար` մինչև 50 տոկոսը.

3) 5001-ից մինչև 20000 բնակիչ ունեցող համայնքի ղեկավարի համար` մինչև 60 տոկոսը.

4) 20001-ից մինչև 75000 բնակիչ ունեցող համայնքի ղեկավարի համար` մինչև 75 տոկոսը.

5) 75000-ից ավելի բնակիչ ունեցող համայնքի ղեկավարի համար` մինչև 85 տոկոսը:

 

Հոդված 24.

Համայնքի ղեկավարի աշխատակազմի վարձատրությունը

 

Համայնքի ղեկավարի աշխատակազմի աշխատավարձի հիմնադրամը սահմանվում է համայնքի բյուջեով, իսկ աշխատակազմի աշխատակիցների վարձատրության չափը սահմանում է համայնքի ղեկավարը, բայց ոչ ավելի, քան տվյալ համայնքի ղեկավարի աշխատավարձի 80 տոկոսը:

 

Գ Լ ՈՒ Խ  4

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 25.

Համայնքի ղեկավարի իրավասությունը

 

Համայնքի ղեկավարը`

1) կազմավորում է իր աշխատակազմը և հաստատում նրա կանոնադրությունը.

2) սահմանում է աշխատակազմի աշխատակիցների հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը.

3) նշանակում և ազատում է համայնքի ղեկավարի տեղակալին, աշխատակազմի քարտուղարին, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին և աշխատողներին, համայնքային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ղեկավարներին.

4) ավագանու քննարկմանն է ներկայացնում տարեկան բյուջեի նախագիծը.

5) իր իրավասության շրջանակում ընդունում է որոշումներ և արձակում կարգադրություններ.

6) կատարում է համապատասխան մարզպետի կարգադրությունները քաղաքացիական պաշտպանության, հակահամաճարակային և կարանտինային միջոցառումների, ինչպես նաև տեխնոլոգիական և տարերային աղետների վտանգների նվազեցման ու հետևանքների վերացման հետ կապված աշխատանքների կազմակերպման վերաբերյալ.

7) իրականացնում է Սահմանադրությամբ և սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ:

Համայնքի ղեկավարը պետական ձեռնարկության կամ կազմակերպության ղեկավարի` զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության վերաբերյալ կարող է գրավոր, փաստարկված առաջարկություն ներկայացնել համապատասխան վերադաս մարմնին: Համապատասխան վերադաս մարմինը համայնքի ղեկավարի մասնակցությամբ մեկամսյա ժամկետում քննության է առնում առաջարկությունը և դրա վերաբերյալ կայացնում որոշում:

 

Հոդված 26.

Համայնքի ղեկավարի գործունեությունը ֆինանսների բնագավառում

 

Ֆինանսների բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունները`

1) սահմանված կարգով կազմում և համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքի բյուջեի նախագիծը.

2) տնօրինում է համայնքի բյուջեի միջոցները, ապահովում դրանց նպատակային օգտագործումը.

3) առաջարկություններ է ներկայացնում ավագանուն` տեղական տուրքեր և վճարներ սահմանելու վերաբերյալ.

4) ստորագրում է ֆինանսական փաստաթղթերը:

 

Հոդված 27.

Համայնքի ղեկավարի գործունեությունը քաղաքացիների իրավունքների պաշտպանության բնագավառում

 

Քաղաքացիների իրավունքների պաշտպանության բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունները`

1) իր իրավասության շրջանակում միջոցներ է ձեռնարկում պաշտպանելու համայնքի բնակիչների իրավունքները և օրինական շահերը.

2) ներկայացնում է համայնքի շահերն այլ անձանց հետ փոխհարաբերություններում, ինչպես նաև դատարանում.

3) կատարում է քաղաքացիների ընդունելություն, օրենքով սահմանված կարգով քննության է առնում քաղաքացիների առաջարկությունները, դիմումներն ու գանգատները և ձեռնարկում անհրաժեշտ միջոցներ.

4) օրենսդրությամբ սահմանված կարգով լուծում է հանրահավաքներ, երթեր, ցույցեր և զանգվածային այլ միջոցառումներ անցկացնելու համար թույլտվություն տալու հարցը (սույն լիազորությունը չի իրականացնում թաղային համայնքի ղեկավարը):

Սույն բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է պետության կողմից պատվիրակված հետևյալ լիազորությունները`

1) միջոցներ է ձեռնարկում տեխնոլոգիական և տարերային աղետները կանխելու և դրանց հետևանքները վերացնելու ուղղությամբ.

2) օրենքով սահմանված կարգով կազմում է ընտրողների ցուցակները.

3) օրենսդրությամբ սահմանված կարգով լուծում է որդեգրման, խնամակալության և հոգաբարձության հարցերը:

 

Հոդված 28.

Համայնքի ղեկավարի գործունեությունը հասարակական կարգի պահպանության բնագավառում

 

Հասարակական կարգի պահպանության բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է պետության կողմից պատվիրակված հետևյալ լիազորությունները`

1) սույն օրենքով իրեն վերապահված պարտադիր լիազորությունների պատշաճ իրականացման համար համայնքի տարածքում գործող հասարակական կարգի պահպանության մարմիններից կարող է պահանջել համապատասխան աջակցություն: Այդ պահանջն օրենսդրության սահմաններում ենթակա է պարտադիր կատարման.

2) իրավասու մարմինների ներկայացմամբ հաստատում է համայնքի տարածքի ճանապարհային երթևեկության նշանների տեղաբաշխումը.

3) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ենթարկում է վարչական պատասխանատվության:

 

Հոդված 29.

Համայնքի ղեկավարի գործունեությունը պաշտպանության բնագավառում

 

Պաշտպանության բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է պետության կողմից պատվիրակված հետևյալ լիազորությունները`

1) աջակցում է զորակոչին, զորահավաքներին, ուսումնավարժական հավաքներին.

2) աջակցում է քաղաքացիական պաշտպանության մարմինների գործունեությանը:

Սույն բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է հետևյալ կամավոր լիազորությունները`

1) միջոցներ է ձեռնարկում զինծառայողների ընտանիքների սոցիալական պաշտպանվածության բարելավման ուղղությամբ, աջակցում զինծառայությունից արձակվածների, պատերազմի վետերանների սոցիալական խնդիրների լուծմանը.

2) աջակցում է բնակչության, հատկապես երիտասարդության, ռազմահայրենասիրական դաստիարակությանը:

 

Հոդված 30.

Համայնքի ղեկավարի գործունեությունը հատակագծման, կառուցապատման, շինարարության և հողօգտագործման բնագավառում

 

Հատակագծման, կառուցապատման, շինարարության և հողօգտագործման բնագավառում քաղաքային և գյուղական համայնքի ղեկավարն իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունները`

1) սահմանված կարգով կազմում է համայնքի քաղաքաշինական գլխավոր հատակագիծը և հողերի օգտագործման սխեման և դրանք համայնքի ավագանու կողմից հավանության արժանանալուց հետո ներկայացնում է մարզպետին.

2) համայնքի գլխավոր քաղաքաշինական հատակագծին համապատասխան հաստատում է համայնքի առանձին հատվածների և քաղաքաշինական համալիրների մանրամասն հատակագծման նախագծերը և իրականացնում կառուցապատման աշխատանքները (սույն լիազորությունը թաղային համայնքի ղեկավարն իրականացնում է Երևանի քաղաքապետի համաձայնությամբ).

3) անվանում և վերանվանում է համայնքի փողոցները, պողոտաները, հրապարակները, զբոսայգիները, համայնքային ենթակայության կրթական, մշակութային և այլ ձեռնարկություններն ու կազմակերպությունները.

4) սահմանում է տների, շենքերի և այլ շինությունների համարակալումը:

Սույն բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է պետության կողմից պատվիրակված հետևյալ լիազորությունները`

1) աջակցում է անշարժ գույքի կադաստրի վարմանը.

2) օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով համայնքի քաղաքաշինական գլխավոր հատակագծին և հողերի օգտագործման սխեմային համապատասխան հատկացնում, հետ է վերցնում և վարձակալության է տրամադրում համայնքի տարածքում գտնվող հողերը:

Սույն բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է հետևյալ կամավոր լիազորությունը`

1) իրականացնում է բնակարանային և սոցիալական նշանակության այլ օբյեկտների շինարարությունը:

 

Հոդված 31.

Համայնքի ղեկավարի գործունեությունը կոմունալ տնտեսության և բարեկարգման բնագավառում

 

Կոմունալ տնտեսության և բարեկարգման բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունները`

1) ղեկավարում է համայնքի կոմունալ տնտեսությունը, ապահովում է համայնքի սեփականություն հանդիսացող բնակելի տների և ոչ բնակելի տարածքների, հանրակացարանների, վարչական շենքերի և մյուս շինությունների շահագործումը, կազմակերպում է դրանց հիմնական և ընթացիկ նորոգումը, հաշվառումը և բաշխումը.

2) ղեկավարում է համայնքային ենթակայության ջրմուղի, կոյուղու, ոռոգման, գազի ու ջեռուցման ցանցերի և այլ կառուցվածքների շահագործումը.

3) կազմակերպում է համայնքի բնակավայրերի բարեկարգումը և կանաչապատումը.

4) կազմակերպում է աղբահանությունը.

5) կազմակերպում է սանիտարական մաքրման կայանքների շինարարությունը, վերանորոգումը և շահագործումը (սույն լիազորությունը չի իրականացնում թաղային համայնքի ղեկավարը).

6) ապահովում է գերեզմանների պատշաճ պահպանությունը (սույն լիազորությունը չի իրականացնում թաղային համայնքի ղեկավարը).

7) վերահսկում է համատիրության գործունեության համապատասխանությունն օրենսդրությանը և համատիրության կանոնադրությանը.

8) նախապատրաստում և անցկացնում է համատիրության հիմնադիր ժողովը, աջակցում է համատիրությունների ընդհանուր ժողովների անցկացմանը:

Սույն բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է հետևյալ կամավոր լիազորությունը`

1) կազմակերպում է հանգստի վայրերի խնամքը և պահպանությունը:

 

Հոդված 32.

Համայնքի ղեկավարի գործունեությունը տրանսպորտի բնագավառում

 

Տրանսպորտի բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունները`

1) կազմակերպում է համայնքային ենթակայության ճանապարհների, կամուրջների և ինժեներական այլ կառույցների շինարարությունը, պահպանումը և շահագործումը.

2) կանոնակարգում է հասարակական տրանսպորտի աշխատանքը համայնքում, կազմակերպում է համայնքային ենթակայության տրանսպորտային ձեռնարկությունների և կազմակերպությունների գործունեությունը (սույն լիազորությունը չի իրականացնում թաղային համայնքի ղեկավարը):

 

Հոդված 33.

Համայնքի ղեկավարի գործունեությունն առևտրի և սպասարկման բնագավառում

 

Առևտրի և սպասարկման բնագավառում քաղաքային և գյուղական համայնքի ղեկավարն իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունը`

1) օրենսդրությանը համապատասխան, համայնքի, ավագանու համաձայնությամբ, սահմանում է առևտրի, հասարակական սննդի և սպասարկման ոլորտի ձեռնարկությունների և կազմակերպությունների գործունեության համայնքային կանոնները:

 

Հոդված 34.

Համայնքի ղեկավարի գործունեությունը կրթության և մշակույթի բնագավառում

 

Կրթության և մշակույթի բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունները`

1) կազմակերպում է համայնքային ենթակայության մասնագիտացված դպրոցների, մանկապարտեզների, ակումբների, մշակույթի տների, գրադարանների, կրթական և մշակութային այլ ձեռնարկությունների ու կազմակերպությունների գործունեությունը, դրանց կառուցման, շահագործման և նորոգման աշխատանքները:

Սույն բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է պետության կողմից պատվիրակված հետևյալ լիազորությունները`

1) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի հետ կապված միջոցառումներ.

2) աջակցում է համայնքի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների պահպանությանը:

Սույն բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է հետևյալ կամավոր լիազորությունը`

1) աջակցում է ազգային արհեստների, ժողովրդական ստեղծագործության և գեղարվեստական ինքնագործունեության զարգացմանը:

 

Հոդված 35.

Համայնքի ղեկավարի գործունեությունն առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում

 

Առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունը`

1) կազմակերպում է համայնքային ենթակայության առողջապահական և մարզական ձեռնարկությունների ու կազմակերպությունների աշխատանքը:

Սույն բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է պետության կողմից պատվիրակված հետևյալ լիազորությունը`

1) աջակցում է առողջապահության մարմինների` սանիտարահիգիենիկ, հակահամաճարակային և կարանտինային միջոցառումների իրականացմանը:

Սույն բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է հետևյալ կամավոր լիազորությունները`

1) աջակցում է շրջակա միջավայրի առողջացմանը և սանիտարական պահպանությանը.

2) նպաստում է համայնքում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանը, իրականացնում է սպորտային հրապարակների և մարզական այլ կառույցների շինարարություն, ստեղծում է հանգստի գոտիներ:

 

Հոդված 36.

Համայնքի ղեկավարի գործունեությունն աշխատանքի և սոցիալական ծառայության բնագավառում

 

Աշխատանքի և սոցիալական ծառայության բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է հետևյալ կամավոր լիազորությունները`

1) նպաստում է նոր աշխատատեղերի ստեղծմանը, կազմակերպում վճարովի հասարակական աշխատանքներ.

2) միջոցներ է ձեռնարկում հաշմանդամների, կերակրողին կորցրած ընտանիքների, սոցիալապես անապահով այլ խավերի սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ:

 

Հոդված 37.

Համայնքի ղեկավարի գործունեությունը գյուղատնտեսության բնագավառում

 

Գյուղատնտեսության բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունը`

1) իրականացնում է համայնքային նշանակության ոռոգման ցանցերի կառուցումը, վերանորոգումը և շահագործումը:

Սույն բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է պետության կողմից պատվիրակված հետևյալ լիազորությունները`

1) աջակցում է համայնքի տարածքում գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների և վնասատուների, մոլախոտերի դեմ պայքարի աշխատանքներին.

2) աջակցում է համայնքի տարածքում անասնաբուժական ծառայության, հակահամաճարակային միջոցառումների իրականացման, կենդանիների հիվանդությունների կանխման և ագրարային այլ կանոնների պահպանման աշխատանքներին.

3) աջակցում է տոհմային սերմնաբուծական աշխատանքներին.

4) աջակցում է գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների ագրարային ոլորտում արտադրության կազմակերպմանը և զարգացմանը:

Սույն բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է հետևյալ կամավոր լիազորությունը`

1) աջակցում է գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը:

 

Հոդված 38.

Համայնքի ղեկավարի գործունեությունը բնության և շրջակա միջավայրի պահպանության բնագավառում

 

Բնության և շրջակա միջավայրի պահպանության բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է պետության կողմից պատվիրակված հետևյալ լիազորությունը`

1) աջակցում է ընդերքի, անտառային, ջրային և օդային տարածքի, ինչպես նաև բուսական և կենդանական աշխարհի օգտագործման ու պահպանման միջոցառումների իրականացմանը:

 

Գ Լ ՈՒ Խ  5

ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 39.

Համայնքի սեփականությունը

 

Համայնքն ունի սեփականություն, որն օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում են տեղական ինքնակառավարման մարմինները:

Համայնքի սեփականություն կարող են հանդիսանալ համայնքի տարածքում գտնվող մանկապարտեզներ, մասնագիտացված դպրոցներ, ակումբներ, մշակույթի տներ, գրադարաններ, առողջապահական ձեռնարկություններ և կազմակերպություններ, ջեռուցման, ջրմուղի, կոյուղու, ոռոգման, գազի ցանցեր, փողոցներ, հրապարակներ, հանգստի գոտիներ, կամուրջներ, տեղական նշանակության այլ կառույցներ, ինչպես նաև բնակելի շենքեր, բնակարաններ, ոչ բնակելի տարածքներ, վարչական շենքեր, կրթական, մշակութային, մարզական և այլ օբյեկտներ ու շինություններ, ձեռնարկություններ, կազմակերպություններ, տրանսպորտային միջոցներ, անշարժ և շարժական այլ գույք: Քաղաքային և գյուղական համայնքների սեփականություն կարող են հանդիսանալ նաև գերեզմանատները:

Համայնքի սեփականության գույքի ցանկը, ըստ համայնքների, սահմանում է կառավարությունը:

Համայնքի սեփականությունը համայնքի ղեկավարի կողմից ենթարկվում է ամենամյա պարտադիր գույքագրման, որը ներկայացվում է ավագանու հաստատմանը:

Համայնքի սեփականությունը գոյանում է`

1) պետական ձեռնարկությունները կամ պետական սեփականություն հանդիսացող գույքը համայնքի սեփականությանը հանձնելուց.

2) համայնքային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների գործունեությունից.

3) բարեգործական հատկացումներից, քաղաքացիների, ձեռնարկությունների և կազմակերպությունների նվիրատվություններից.

4) օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:

 

Հոդված 40.

Համայնքի ձեռնարկատիրական գործունեությունը

 

Համայնքի ղեկավարը, պարտադիր լիազորությունների իրականացման նպատակով, օրենքով սահմանված կարգով, համայնքի ավագանու համաձայնությամբ կարող է ստեղծել շահույթի նպատակ չհետապնդող ձեռնարկություններ, եթե այդ լիազորությունների արդյունավետ իրականացումը հնարավոր չէ գործող ձեռնարկությունների միջոցով:

 

Հոդված 41.

Համայնքի կողմից վարկեր ստանալը

 

Համայնքի ղեկավարն ավագանու համաձայնությամբ համայնքի սոցիալական ենթակառույցները զարգացնելու նպատակով ներդրումներ կատարելու համար կարող է վարկ ստանալու պայմանագիր կնքել: Վարկային պայմանագիր կնքելու համաձայնությունը տալիս է ֆինանսների նախարարությունը` մարզպետի միջնորդությամբ:

 

Գ Լ ՈՒ Խ  6

ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵՆ

 

Հոդված 42.

Համայնքի բյուջեն

 

Համայնքի բյուջեն տեղական ինքնակառավարման մարմնի` Սահմանադրությամբ և օրենքով վերապահված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ դրամական միջոցների ձևավորման և ծախսման որոշակի ժամանակահատվածի ֆինանսական ծրագիրն է:

Համայնքի բյուջեն համայնքի ավագանին հաստատում է յուրաքանչյուր տարի: Բյուջեն կազմելիս և հաստատելիս հաշվի են առնվում համայնքի բնակչության կենսական շահերը, համայնքի զարգացման տարեկան և հեռանկարային ծրագրերը և եղած ռեսուրսները:

Համայնքի բյուջեում ավագանին փոփոխություններ կատարում է համայնքի ղեկավարի ներկայացմամբ:

Համայնքի բյուջեի նախապատրաստման, քննարկման, հաստատման և դրանում փոփոխություններ կատարելու կարգը, ինչպես նաև պետական բյուջեի հետ հարաբերությունը կարգավորվում է օրենքով:

Կառավարությունը և համապատասխան մարզպետը մեթոդական օգնություն են ցույց տալիս համայնքի բյուջեի նախագծի նախապատրաստմանը:

(42-րդ հոդվածը խմբ. 24.06.97 ՀՕ-130)

 

Հոդված 43.

Համայնքի բյուջեի ձևավորման աղբյուրները

 

Համայնքի բյուջեն ձևավորվում է`

ա) հողի հարկի 95 տոկոսից,

բ) գույքահարկի 95 տոկոսից,

գ) օրենքով նախատեսված այլ հարկատեսակների մասհանումներից,

դ) տուրքերից և պարտադիր այլ վճարներից,

ե) սուբվենցիաներից և դոտացիաներից,

զ) օրենքով չարգելված այլ աղբյուրներից:

(43-րդ հոդվածը խմբ. 24.06.97 ՀՕ-130)

 

Հոդված 44.

Պարտադիր լիազորությունների ֆինանսավորումը

 

Պարտադիր լիազորությունները պարտադիր ֆինանսավորվում են հարկերից, տուրքերից, պարտադիր այլ վճարներից և պետության կողմից տրամադրվող դոտացիաներից:

(44-րդ հոդվածը լրաց. 24.06.97 ՀՕ-130)

 

Հոդված 45.

Բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը

(վերնագիրը խմբ. 24.06.97 ՀՕ-130)

 

Համայնքի տվյալ տարվա բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը նախորդ տարվա բյուջեի կատարման ընթացքում իրականացված ծախսերի նկատմամբ մուտքերի գերազանցումն է, որը համայնքի ավագանու որոշումներով կարող է օգտագործվել տվյալ տարվա բյուջեով նախատեսված լրացուցիչ ֆինանսավորման կամ չկանխատեսված ծախսերի ֆինանսավորման ուղղություններով:

(45-րդ հոդվածը խմբ. 24.06.97 ՀՕ-130)

 

Հոդված 46.

Համայնքի բյուջեի քննարկումը և հաստատումը

 

Համայնքի ղեկավարը համայնքի տարեկան բյուջեի նախագիծը համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացնում պետական բյուջեի հաստատումից հետո մեկամսյա ժամկետում կամ մինչև պետական բյուջեի հաստատումը: Բյուջեի նախագիծն ավագանու անդամներին է ուղարկվում քննարկումից առնվազն մեկ շաբաթ առաջ:

Համայնքի ղեկավարը համայնքի ավագանուն ներկայացնում է բյուջեի նախագիծը, պատասխանում է ավագանու անդամների հարցերին:

Համայնքի ղեկավարը քննարկումներից հետո կարող է վերցնել մինչև մեկ շաբաթ ժամանակ` ներկայացված նախագծի մեջ անհրաժեշտ փոփոխություններ և լրացումներ կատարելու համար կամ պահանջել հաստատել բյուջեն:

(46-րդ հոդվածը լրաց. 24.06.97 ՀՕ-130)

 

Հոդված 47.

Համայնքի զարգացման եռամյա ծրագիրը

 

Համայնքի ղեկավարն ընտրվելուց հետո առաջին տարեկան բյուջեն ներկայացնելիս միաժամանակ համայնքի ավագանուն է ներկայացնում համայնքի զարգացման եռամյա ծրագիրը:

 

Հոդված 48.

Համայնքի զարգացման եռամյա ծրագրի և տարեկան բյուջեի հրապարակումը

 

Համայնքի զարգացման եռամյա ծրագիրը և տարեկան բյուջեն հրապարակվում են:

Համայնքի բնակչության համար եռամյա ծրագիրը և բյուջեն առավել մատչելի և ընկալելի դարձնելու համար պատրաստվում և հրապարակվում են հիմնական ցուցանիշներ, վիճակագրական և գրաֆիկական տվյալներ պարունակող տեղեկատուներ և գրքույկներ:

 

Հոդված 49.

Բյուջեի կատարումը

 

Համայնքի ղեկավարը բյուջեի հիման վրա ճշտում է իր աշխատակազմի և նրա կառուցվածքային ստորաբաժանումների խնդիրները, հաստատում է ստորաբաժանումների դրամարկղային գործառնությունների եռամսյակային կամ ամսական պլանները:

Համայնքի ղեկավարն ապահովում է բյուջեի կատարումը, պարտադիր կարգով ստորագրում է բոլոր ֆինանսական փաստաթղթերը և անձնական պատասխանատվություն է կրում ֆինանսական գործառնությունների ճշգրիտ ու օրենքին համապատասխան կատարման համար:

Համայնքի բյուջեի կատարման սպասարկումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը` տեղական գանձապետական բաժանմունքների միջոցով:

Համայնքի բյուջե հարկերի մուտքն ապահովում են հարկային մարմինները:

(49-րդ հոդվածը խմբ., փոփ. 24.06.97 ՀՕ-130)

 

Հոդված 50.

Բյուջեի կատարման վերահսկողությունը

 

Համայնքի բյուջեի կատարման վերահսկողությունն իրականացնում է համայնքի ավագանին, որն իրավազոր է ստուգել ցանկացած բյուջետային գործողություն, աշխատանքների կատարման արդյունավետությունը և որակը, պահանջել հաշվետվություններ կատարված ծախսումների վերաբերյալ:

 

Հոդված 51.

Բյուջեի կատարման հաշվետվությունների քննարկումը և հաստատումը

 

Համայնքի ղեկավարը եռամսյակը մեկ բյուջեի կատարման ընթացքի մասին հաղորդումներ է ներկայացնում համայնքի ավագանուն:

Բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը համայնքի ավագանուն ներկայացվում է բյուջետային տարին ավարտվելուց հետո հաջորդ բյուջեի եռամսյակային կատարման վերաբերյալ հաղորդման հետ միասին:

Ավագանու նիստում համայնքի ղեկավարը պատասխանում է ավագանու անդամների հարցերին և տալիս անհրաժեշտ բացատրություններ:

Համայնքի ավագանին բյուջեի կատարման վերաբերյալ կարող է անցկացնել աուդիտ և իրավախախտումներ հայտնաբերելու դեպքում դիմել համապատասխան իրավասու մարմիններ:

Համայնքի ավագանին քննարկում և հաստատում է բյուջեի կատարման հաշվետվությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  7

ՄԻՋՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐ

 

Հոդված 52.

Միջհամայնքային միավորումներ կազմելու իրավունքը

 

Համայնքների որոշակի խնդիրներ համատեղ լուծելու և ծախսերը նվազեցնելու նպատակով տեղական ինքնակառավարման մարմինները կարող են ստեղծել միջհամայնքային միավորումներ:

Միջհամայնքային միավորումներն ունեն իրավաբանական անձի կարգավիճակ:

 

Հոդված 53.

Միջհամայնքային միավորումներ կազմելու կարգը

 

Միջհամայնքային միավորումները ստեղծում են համայնքների ղեկավարները պայմանագրեր կնքելու միջոցով, որոնք հաստատում են համայնքների ավագանիները:

 

Հոդված 54.

Միջհամայնքային միավորման մարմինները

 

Միջհամայնքային միավորման կառավարման համար ստեղծվում է միավորման խորհուրդ` կազմված համայնքների ղեկավարներից, որն իր կազմից ընտրում է խորհրդի նախագահ:

Միջհամայնքային միավորման խորհրդի նիստն իրավազոր է, եթե ներկա է խորհրդի անդամների կեսից ավելին: Որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ:

 

Գ Լ ՈՒ Խ  8

ՄԱՐԶԻ ԽՈՐՀՈՒՐԴ, ԵՐԵՎԱՆԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Հոդված 55.

Մարզի խորհուրդը

 

Մարզպետին կից ստեղծվում է խորհրդակցական մարմին` մարզի խորհուրդ, որի կազմի մեջ մտնում են համայնքի ղեկավարները և մարզպետը:

Մարզպետը հրավիրում և վարում է մարզի խորհրդի նիստերը` իր սահմանած օրակարգով:

Մարզի խորհրդի գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով և Հանրապետության Նախագահի հրամանագրով:

 

Հոդված 56.

Երևանի խորհուրդը

 

Երևանում ստեղծվում է Երևանի խորհուրդ, որի կազմի մեջ մտնում են Երևանի քաղաքապետը և թաղային համայնքների ղեկավարները: Երևանի քաղաքապետը խորհրդի ղեկավարն է:

Երևանի խորհուրդը, Երևանի քաղաքապետի ներկայացմամբ, հաստատում է Երևան քաղաքի համար օրենքով սահմանված աղբյուրներից ձևավորվող եկամուտների սահմաններում ծախսերի նախահաշիվը` բյուջեն:

Երևանի քաղաքապետը Երևանի խորհրդի համաձայնությամբ`

1) անվանում և վերանվանում է Երևանի փողոցները, պողոտաները, հրապարակները, զբոսայգիները, քաղաքային ենթակայության կրթական, մշակութային և այլ ձեռնարկություններն ու կազմակերպությունները.

2) օրենսդրությանը համապատասխան կանոնակարգում է առևտրի և սպասարկման ոլորտի ձեռնարկությունների և կազմակերպությունների գործունեությունը.

3) հաստատում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիներին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու կարգը:

Երևանի խորհրդի աշխատակարգը հաստատում է Երևանի քաղաքապետը:

Երևանի խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է խորհրդի անդամների կեսից ավելին:

Երևանի խորհրդի գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով և Հանրապետության Նախագահի հրամանագրով:

 

Գ Լ Ո Ւ Խ  9

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 57.

Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 1996 թվականի նոյեմբերի 10-ից:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած համարել «Տեղական ինքնակառավարման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հարաբերությունների կարգավորման մասին անցումային դրույթներ», «Հայաստանի Հանրապետության պատգամավորների գյուղական, ավանային խորհրդի մասին», «Հայաստանի Հանրապետության պատգամավորների շրջանային խորհրդի մասին», «Հայաստանի Հանրապետության պատգամավորների քաղաքային, քաղաքի շրջանային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները և «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների և մասնագետների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9 հոդվածի երկրորդ մասը:

 

Հոդված 58.

Տեղական ինքնակառավարման մարմինների և համատիրության մարմինների փոխհարաբերությունները

 

Համատիրության մարմինների ընդունած որոշումները չեն կարող հակասել տեղական ինքնակառավարման մարմինների` իրենց իրավասության շրջանակներում ընդունած որոշումներին և պարտադիր չեն տեղական ինքնակառավարման մարմինների համար:

 

Հոդված 59.

Անցումային դրույթ

 

Կառավարությանը` մինչև 1997 թվականի հունվարի 1-ը սահմանել համայնքի սեփականության գույքի ցանկը:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

22 հուլիսի 1996 թ.

ՀՕ-75