Գլխավոր տեղեկություն
Номер
N 1487-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.09.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.08.21-2023.09.03 Պաշտոնական հրապարակման օրը 01.09.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
31.08.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
01.09.2023
Дата вступления в силу
02.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 օգոստոսի 2023 թվականի N 1487-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՀԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության համակարգում գործող ձերբակալվածներին պահելու վայրերի շինության և կահավորման առանձնահատկությունները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

01.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

օգոստոսի 31-ի N 1487-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՀԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության (այսուհետ` ոստիկանություն) համակարգում գործող ձերբակալվածներին պահելու վայրերի (այսուհետ` ՁՊՎ) կառուցվածքը պետք է ապահովի արտաքին միջավայրից պահվող անձանց հուսալի մեկուսացումն ու բացառի փախուստի հնարավորությունը լուսամուտախորշից, դռնախորշից կամ պատերի և առաստաղային ծածկերի քայքայման, քանդման, շենքերի առաջին հարկերի ականահատման միջոցով:

 

2. ՁՊՎ-Ի ՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՀԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2. ՁՊՎ-ի համալիրի մեջ մտնում են պահվող անձանց արգելանքի տակ պահելու հիմնական շենքը (առանձին կամ ոստիկանության այլ ստորաբաժանումների հետ համատեղ), զբոսաբակը և այլ շինություններ։

3. ՁՊՎ-ի մուտք, զբոսաբակ և այլ նշանակության սենյակներ մտնող աստիճանները, ինչպես նաև խցերից առնվազն մեկը սարքավորվում են թեքահարթակներով։

4. ՁՊՎ-ի շենքը կառուցվում է քարից, երկաթբետոնից կամ այլ ամուր շինանյութից: Խցերի և ՁՊՎ-ի այլ շինությունների ներքին պատերը և միջնորմերը շարվում են 40 սմ-ից ոչ պակաս հաստությամբ ամբողջական քարից: Խցերի պատերը սվաղվում են ցեմենտ-ավազե շաղախով, մետաղական ցանցի վրա Փ 8-10 մմ ամրանով, բջիջը՝ 10-12 սմ, առանց ելուստների, անկյունները կլորացված։

5. Խցերի հատակը պետք է լինի փայտյա, 30 մմ-ից ոչ պակաս հաստությամբ՝ երկաթբետոնե հատակի վրա, բետոնի հաստությունը՝ 10-20 սմ, ամրանը՝ Փ12-14 մմ, շրիշակները՝ 5 սմ լայնքի, մետաղական շերտաձողի հաստությունը՝ 3 մմ, ամրացված մետաղական խարիսխով։

6. Ծածկերը կառուցվում են հավաքովի երկաթբետոնե տարրերից:

7. Խցերի տեսանելիությունն ապահովելու նպատակով դռների կենտրոնում` հատակի մակարդակից 150 սմ բարձրության վրա տեղադրվում են` միջանցքի կողմից 4 սմ տրամագծով, դեպի խուց լայնացող դիտանցքներ: Դրանք պատրաստվում են չկոտրվող նյութից (ստալինիտ-պողպատացանց, նավային ապակի և այլն) և միջանցքի կողմից փակվում են ցցաձողի վրա պտտվող կափարիչով:

8. Նոր կառուցվող ՁՊՎ-ների լոգասենյակը և զուգարանը տեղակայվում են առանձնացված, իսկ հիմնական նորոգվող ՁՊՎ-ներում հնարավորության դեպքում դրանք առանձնացվում են։ Զուգարանի ու լոգարանի դռները սարքավորվում են հատակից 150 սմ բարձրությամբ, 120 x 150 մմ չափերով դիտանցքներ` տեսադիտարկում կատարելու նպատակով: Լոգարանում ցնցուղի, իսկ զուգարանում զուգարանակոնքի հատվածներն ընդհանուր տարածքից առանձնացվում են կիսապատերով ուղիղ տեսադիտարկումից խուսափելու համար, ինչպես նաև հարմարեցվում են հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին։

9. Խցերի 6 սմ-ից ոչ պակաս հաստությամբ և 190 x 75 սմ չափսի դռները պետք է կախվեն մուտքի ձախ կողմից և շղթայակապով բացվեն դեպի միջանցք: Դռան բացվածքի անկյունը նախատեսում է մեկ մարդու մուտք (ելք): Այդ նպատակով միջանցքի կողմից տեղադրվում են բացվածքը ֆիքսող սահմանափակիչներ (դիմադիրներ): Խցերի կողմից դռները պատվում են պողպատաթիթեղով, որի եզրերը ծալվում են դռան ճակատին և ամբողջ եզրագծով ամրացվում են մետաղյա անկյունակով:

10. Խցերում անցկացվում է խմելու ջրի ծորակ և կոյուղի, իսկ անչափահասների, հղի և իրենց մոտ երեխա ունեցող կանանց համար առանձնացված խցերում նաև տաք ջրի ծորակ։

11. Ներքին ապակիները պետք է լինեն օրգանական՝ 4 մմ հաստությամբ:

12. Հանձնուքները, պահվող անձանց հանձնելու համար, դռների վրա հատակի մակարդակից 1-1,2 մ բարձրության վրա նախատեսվում են 18 x 22 սմ չափսով օդանցքներ: Դրանք բացվում են դեպի միջանցք, բարձակներով պահվում են հորիզոնական դիրքում և փակվում վագոնային տիպի փականներով: Խցերի դռների փականները պետք է նախատեսվեն տուփաձև, վրադիր և ավտոմատ փակվեն մեկ պտույտ, իսկ հետո` բանալիով երկու պտույտ:

13. Խցերի, ծառայողական և օժանդակ շինությունների բոլոր պատուհանախորշերում տեղադրվում են մետաղյա վանդակաճաղեր 12 մմ-ից ոչ պակաս տրամագծով մետաղաձողերից: Վանդակի բջիջների չափսերը 120 x 150 մմ, իսկ արտաքին կողմից տեղադրվում են պատուհաններ, որոնք ՁՊՎ միջանցքից՝ էլեկտրական սեղմակի միջոցով բացվում են դեպի դուրս։

14. Վանդակների ամրացման համար 120 մմ-ից ոչ պակաս խորությամբ պատի շարվածքի մեջ խցվում են խարիսխներ: Պատուհանների ապակեկալները պատրաստվում են փեղկերով 100x60 մմ չափսերով, որոնք բացելու միջոցով կատարվում է խցերի օդափոխությունը: Պատուհանախորշերի ներքևի մասը պետք է գտնվի հատակի մակարդակից 1,6 մ-ից ոչ պակաս բարձրության վրա: Խցերի պատուհանախորշերում պատուհանագոգի փոխարեն պատրաստվում են կլորացված անկյուններով թեքություններ: Խցերի կողմից ապակիները պաշտպանվում են մետաղյա ցանցով:

15. Խցերի բլոկը մեկուսացվում է ՁՊՎ-ի այլ շինություններից վանդակաճաղ դռնով: ՁՊՎ-ի երկհարկանի պլանավորման դեպքում ծառայողատնտեսական շինությունները տեղավորվում են առաջին հարկում:

16. ՁՊՎ-ի քննչական սենյակի դուռը պետք է ձայնամեկուսացված լինի: Տեսակցությունների սենյակում տեղադրվում է 1 մ-ից ոչ պակաս լայնությամբ, մեջտեղում 20 սմ բարձրություն ունեցող միջնորմով սեղան: Ներքևից սեղանը կիսվում է հոծ արգելապատով:

17. Պահվող անձի և պաշտպանի կամ փաստաբանի տեսակցության տեսողական հսկողությունն ապահովելու նպատակով սենյակի դռան վրա՝ հատակից 150 սմ բարձրությամբ, չկոտրվող օրգանական ապակուց սարքավորվում է դիտանցք կամ սենյակում տեղակայվում է միայն տեսագրման հնարավորությամբ տեսախցիկ, որը թույլ է տալիս տեսնել, բայց չլսել պահվող անձի և պաշտպանի (փաստաբանի) խոսակցությունը:

18. Ծառայողական սենյակներում և խցերում պահվող անձանց համար նախատեսված կահույքն ամրացվում է հատակին:

19. ՁՊՎ-ի շենքի մուտքում տեղադրվում է ամրացված կառուցվածքով արտաքին դուռ, որը սարքավորվում է օպտիկական դիտանցքով, ինչպես նաև զանգով և խոսակցության սարքավորմամբ: Արտաքին դռնախորշում` ներսի կողմից տեղադրվում է լրացուցիչ մետաղյա վանդակաճաղով դուռ:

20. ՁՊՎ-ի բոլոր շինություններն ապահովվում են էլեկտրական լուսավորության միջոցներով (շիկացման կամ «Լեդ» լամպերով)։ Էլեկտրականության անցկացումը պետք է լինի քողարկված: Վթարային լուսավորումն իրականացվում է մարտկոցային կուտակիչներով:

21. ՁՊՎ-ի խցերն ապահովվում են միջանցքում տեղադրված էլեկտրական կարգավորիչներով, որոնց միջոցով անհրաժեշտության դեպքում գիշերային ժամերին թուլացվում է խցերի լուսավորությունը:

22. ՁՊՎ-ն կահավորվում է հերթապահ մասին (հերթապահ ծառայությանը) միացված ահազանգման ազդանշանային համակարգերով, տեսաձայնագրման հնարավորությամբ տեսախցիկներով, որոնք տեղադրվում են մուտքերում, միջանցքներում, զբոսաբակում, ինչպես նաև միայն տեսագրման հնարավորությամբ տեսախցիկներով, որոնք տեղադրվում են քննչական և տեսակցության սենյակներում։ Խցերում, բուժսենյակներում, լոգասենյակներում և զուգարաններում տեսաձայնագրումը և տեսագրումն արգելվում են։

23. ՁՊՎ-ի շինությունների բոլոր հնարավոր խոցելի տեղերը պաշտպանվում են (պաշարվում) ահազանգման ազդանշանային ցուցիչներով:

24. ՁՊՎ-ում նախատեսվում են ազդանշանների հետևյալ տեսակները` «Տագնապ» և «Կանչ»:

25. «Կանչ» ազդանշանի կոճակը տեղադրվում է ՁՊՎ-ի խցում` պահվող անձի և ՁՊՎ ոստիկանի միջև կապն ապահովելու նպատակով, իսկ «Տագնապ» ազդանշանի կոճակը տեղադրվում է ՁՊՎ-ի միջանցքում՝ ՁՊՎ ոստիկանի և հերթափոխի ավագի (օգնականի) միջև հրատապ կապն ապահովելու նպատակով։

26. Զբոսաբակերը տեղակայվում են ՁՊՎ-ին կից տարածքում` խցերի կողմից և պետք է ունենան առանձին ելք:

27. Զբոսաբակերի պարիսպների և առանձնացնող միջնորմերի բարձրությունը պետք է լինի 3 մ-ից ոչ պակաս: Զբոսաբակերի վերևի մասում տեղադրվում են 8-10 մմ տրամագծով ձողերից 150 x 150 մմ բջիջներով վանդակաճաղեր և ծածկվում մետաղացանցով։ Զբոսաբակի բոլոր պատերը հարթ սվաղվում են:

28. Զբոսաբակերը կահավորվում են մարմնամարզական պարագաներով (պտտաձող, ծանրաձող, հանտել, գնդակ, օղակ և այլն), նստարանով՝ վերին մասը մետաղյա ծածկով՝ արևի ուղիղ ճառագայթներից և տեղումներից պաշտպանելու համար, ինչպես նաև աղբամանով։

29. Զբոսաբակի չափերը որոշվում են ելնելով ՁՊՎ-ի խցերի և պահվող անձանց քանակից՝ պահվող անձանց զբոսանքի հնարավորությունն ապահովելու համար։

30. ՁՊՎ-ի տեխնիկական բնութագիրն արտացոլվում է հատուկ անձնագրում` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 5-ի N 574-Ն որոշման հավելվածով հաստատված ներքին կանոնակարգի Ձև N 12-ի, որը պահվում է հերթափոխի ավագի մոտ:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

01.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 սեպտեմբերի 2023 թվական: