Գլխավոր տեղեկություն
Номер
ԲԴԽ-74-Ո-Կ-18
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (04.09.2023-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.10.02-2023.10.15 Պաշտոնական հրապարակման օրը 29.09.2023
Принят
Բարձրագույն դատական խորհուրդ
Дата принятия
04.09.2023
Подписан
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
Дата подписания
04.09.2023
Дата вступления в силу
04.09.2023

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

 

ԲԴԽ-74-Ո-Կ-18

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

 

ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԳԵՎՈՐԳ ԲԱԼՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ`

 

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝

 

նախագահությամբ՝

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ

Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ

 

մասնակցությամբ՝ անդամներ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆԻ

Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Ե. ԹՈՒՄԱՆՅԱՆՑԻ

Դ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ

Էդ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆԻ

Ք. ՄԿՈՅԱՆԻ

Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆԻ

 

Արդարադատության նախարարի տեղակալ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆԻ

 

Արդարադատության նախարարի ներկայացուցիչ

Հ. ՍԱՆՈՅԱՆԻ

 

քարտուղարությամբ՝

Թ. ՂՈՒԿԱՍՅԱՆԻ

 

2023 թվականի սեպտեմբերի 4-ին

ք. Երևանում

 

դռնփակ նիստում, քննության առնելով Արդարադատության նախարարի՝ «Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Բալյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2023 թվականի հուլիսի 3-ի թիվ 53-Ա որոշումը և հետազոտելով որոշմանը կից ներկայացված փաստաթղթերը.

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1.Գործի նախապատմությունը

Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության պետի 19.04.2023 թվականի զեկուցագիրը:

 Արդարադատության նախարարի 02.05.2023 թվականի թիվ 35-Ա որոշմամբ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Բալյանի (այսուհետ նաև` Դատարան կամ Դատավոր)՝ նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ։

Արդարադատության նախարարի 03.07.2023 թվականի թիվ 53-Ա որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ (այսուհետ նաև` Խորհուրդ)՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Խորհրդի որոշմամբ 28.08.2023 թվականին նշանակվել է դատական նիստ:

Արդարադատության նախարարի ներկայացուցչի կողմից 28.08.2023 թվականին կայացած նիստի ընթացքում ներկայացվել է նիստը դռնփակ անցկացնելու մասին միջնորդություն, որը բավարարվել է:

28.08.2023 թվականին կայացած նիստում գործի քննությունն ավարտվել է և 04.09.2023 թվականին նշանակվել է դատական ակտի հրապարակման օր:

 

2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը

Արդարադատության նախարարը Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշմամբ մասնավորապես հայտնել է, որ Ընտանեկան օրենսգրքի 110-րդ հոդվածի 3-րդ մասի 4-5-րդ պարբերությունների, 114-րդ հոդվածի 1-ին և 1.1 մասերի, 116-րդ հոդվածի 1-ին մասի, Կառավարության 18.03.2010 թվականի թիվ 269-Ն որոշմամբ (այսուհետ նաև` Որոշում) հաստատված թիվ 1 հավելվածի 2-րդ բաժնի 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերի, նույն հավելվածի 3-րդ բաժնի 7-րդ, 8-րդ, 9-րդ, 13-րդ, 16-րդ, 17-րդ կետերի, Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համակարգված վերլուծությունից հետևում է, որ որդեգրման ենթակա երեխաները, այսինքն՝ այն երեխաները, որոնց որդեգրման համար առկա են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված իրավական հիմքեր, ինչպես նաև երեխա որդեգրել ցանկացող անձինք պետք է հաշվառվեն օրենքով սահմանված կարգին համապատասխան և դրա համար լիազորված մարմինների կողմից։ Ընդ որում, հաշվառման ընթացակարգերը ներառում են որոշակի հաջորդական գործառույթների իրականացում և եզրափակվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ նաև՝ Նախարարություն) կողմից որդեգրման ենթակա երեխայի, ինչպես նաև որդեգրել ցանկացող անձանց կենտրոնացված հաշվառմամբ, որի արդյունքում համապատասխանաբար կազմվում են որդեգրման ենթակա երեխայի մասին և որդեգրել ցանկացող անձի մասին տեղեկանքները։ Այսպիսով՝ որդեգրման ենթակա երեխայի և որդեգրել ցանկացող անձի կենտրոնական հաշվառման վերցված լինելու հանգամանքը հաստատվում է Նախարարության կողմից կազմված որդեգրման ենթակա երեխայի մասին «Ձև N 2» և որդեգրել ցանկացող անձի մասին «Ձև N 5» տեղեկանքներով։ Նշվածի հիման վրա վարույթ հարուցած մարմինը փաստել է, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի պահանջը կարող է պահպանված համարվել, եթե երեխա որդեգրելու վերաբերյալ դիմումին կցված է «Ձև N 2» տեղեկանքը։

Քննարկվող դեպքում թիվ ԱՎԴ1/4160/02/21 քաղաքացիական գործով (այսուհետ նաև՝ Գործ) 29.12.2022 թվականի վճռի (այսուհետ նաև՝ Վճիռ) պատճառաբանական մասի, հատկապես դրանում ներառված «գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստեր» բաժնի ուսումնասիրությունից երևում է, որ այն չի պարունակում որևէ տեղեկատվություն «Ձև N 2» և «Ձև N 5» տեղեկանքների կամ առհասարակ երեխա Ս. Գ.-ի (այսուհետ՝ Երեխա) և դիմողներ Հ. Տ.-ի և Գ. Գ.-ի (այսուհետ նաև՝ Դիմողներ) կենտրոնացված հաշվառման վերաբերյալ։ Որդեգրումը հաստատելու պահանջի մասին դիմումին (այսուհետ նաև՝ Դիմում) կցված չի եղել որդեգրվող Երեխայի կենտրոնացված հաշվառման մասին տեղեկանքը, այսինքն՝ Դիմումը չի բավարարել երեխա որդեգրելու վերաբերյալ դիմումին պարտադիր կցվող փաստաթղթերին ներկայացվող օրենսդրական պահանջին։ Ընդ որում, Վճռում ներկայացված Դիմողների դիրքորոշման համաձայն՝ վերջիններս իրենց պահանջը հիմնավորելու համար ներկայացրել են մի շարք փաստեր և ապացույցներ, սակայն կրկին չեն հիշատակել որևէ տեղեկություն որդեգրվող Երեխայի և Դիմողների կենտրոնացված հաշվառման, դրա վերաբերյալ տեղեկանքներ կազմված լինելու մասին։ Նշվածը վկայում է այն մասին, որ այդպիսի տեղեկանքներ Դատարան չեն ներկայացվել։ Ավելին, Նախարարության 24.03.2023 թվականի թիվ ՆՄ/ՔՀ-2-4/7103-2023 գրության համաձայն՝ Երեխան և Դիմողները վերցված չեն եղել կենտրոնացված հաշվառման։ Նշված փաստը չի հերքվել և հաստատվել է Դատավորի կողմից ներկայացված բացատրությամբ։

Վերոգրյալ իրավական նորմերի և Գործի փաստական հանգամանքների համադրությունից հետևում է, որ Դիմողները, հաշվառված չլինելով որպես որդեգրել ցանկացող անձինք, չեն ունեցել երեխա որդեգրելու իրավունք, իսկ Երեխան, ներառված չլինելով որդեգրման ենթակա երեխաների ցուցակում, չի հանդիսացել որդեգրման ենթակա երեխա, մինչդեռ Դատարանը վերոգրյալի անտեսմամբ՝ Վճռով հաստատել է Դիմողների կողմից Երեխայի որդեգրման փաստը։

Արդյունքում, Դատավորի կողմից խախտվել են Ընտանեկան օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 116-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները։

 Վարույթ հարուցած մարմինը, վկայակոչելով Ընտանեկան օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասը, 118-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, նշել է, որ նույն օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը սահմանում են երեխայի որդեգրման համար տարբեր նախապայմաններ։ Մասնավորապես առաջին հերթին անհրաժեշտ է արձանագրել, որ Ընտանեկան օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում օրենսդիրը օգտագործել է «ծնողներ» բառը, իսկ նույն մասի 2-րդ կետում՝ «ծնող» բառը։ Տվյալ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի բովանդակությունից հետևում է, որ այն երեխայի որդեգրումը, որն ունի ծնողներ (և՛ հայր, և՛ մայր), որոնց համար պահպանված են ծնողական իրավունքները, հնարավոր է միաժամանակ երկու ծնողի կողմից երեխայի նկատմամբ ծնողական իրավունքներից գրավոր հրաժարմամբ։ Մինչդեռ, Ընտանեկան օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 2-րդ մասի համաձայն, ծնողի՝ երեխային որդեգրման տալու վերաբերյալ գրավոր համաձայնությամբ ընթացակարգը կիրառելի է միայն այն դեպքում, երբ երեխան ունի մեկ ծնող (հայր կամ մայր)։ Ընդ որում, եթե գրավոր հրաժարման հիմքով երեխա որդեգրելիս որպես որդեգրող կարող է հանդիսանալ օրենսդրության սահմանված պահանջները բավարարող ցանկացած անձ, ապա գրավոր համաձայնության հիմքով երեխա որդեգրելիս օրենսդրի կողմից որդեգրողի կարգավիճակի նկատմամբ սահմանված է լրացուցիչ պայման, մասնավորապես այս դեպքում որդեգրող կարող է լինել միայն խորթ հայրը կամ խորթ մայրը կամ մերձավոր ազգականը։

 Քննարկվող դեպքում Դիմումի, դրան կից ներկայացված փաստաթղթերի և Վճռի ուսումնասիրությունից հետևում է, որ Երեխան միաժամանակ ունի հայր՝ Ա. Գ. (այսուհետ՝ Հայր) և մայր՝ Կ. Գ. (այսուհետ՝ Մայր), որպիսի պայմաններում Երեխայի որդեգրումը հնարավոր է միայն Հոր և Մոր կողմից Ընտանեկան օրենսգրքի սահմանված կարգով ձևակերպված Երեխայի նկատմամբ ծնողական իրավունքներից գրավոր հրաժարմամբ։ Մինչդեռ վերջիններս ոչ թե գրավոր հրաժարվել են Երեխայի նկատմամբ ծնողական իրավունքներից, այլ տվել են գրավոր համաձայնություն` Երեխային որդեգրման տալու վերաբերյալ։ Այսպիսով՝ հաշվի առնելով Գործի փաստերը՝ Երեխայի Հայր և Մայր ունենալու, սակայն նրանց կողմից Երեխայի նկատմամբ ծնողական իրավունքներից գրավոր չհրաժարվելու հանգամանքները (Գործով բացակայում է գրավոր հրաժարման վերաբերյալ ապացույց, ավելին՝ Դատարանը Վճռի կայացման հիմքում դրել է Երեխայի ծնողների կողմից գրավոր համաձայնություն տալու փաստը)՝ Ընտանեկան օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին մասի ինչպես 1-ին կետով, այնպես էլ 2-րդ կետով սահմանված կարգավորումները Գործով դառնում են ոչ կիրառելի։

 Վկայակոչելով Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, Սահմանադրական դատարանի 09.04.2007 թվականի թիվ ՍԴՈ-690 և 01.02.2022 թվականի թիվ ՍԴՈ-1628 որոշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ նաև՝ ՄԻԵԴ) մի շարք որոշումներով (տե՛ս, օրինակ, Սալովն ընդդեմ Ուկրաինայի գործով (Salov v. Ukraine), թիվ 65518/01, «89, ՄԻԵԴ 2005-VIII (քաղվածքներ), Գարսիա Ռուիզն ընդդեմ Իսպանիայի (Garcվa Ruiz v. Spain) [ՄՊ], թիվ 30544/96, «26, ՄԻԵԴ 1999-I, Ռուիզ Տորիխան ընդդեմ Իսպանիայի գործով (Ruiz Torija v. Spain), 1994 թվականի դեկտեմբերի 9, «29-30, Շարք A թիվ 303-A), Հիգգինսը և այլք ընդդեմ Ֆրանսիայի գործով (Higgins and Others v. France), 1998 թվականի փետրվարի 19, «42-43, Վճիռների և որոշումների հաղորդումներ 1998-I) արտահայտած դիրքորոշումները՝ վարույթ հարուցած մարմինը նշել է, որ Ընտանեկան օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ դատական ակտի հիմնավորվածության պահանջի հետ համադրելու արդյունքում ստացվում է, որ դատարանն Ընտանեկան օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 2-րդ կետերի հիմքով երեխայի որդեգրումը հաստատելու պահանջը բավարարող վճիռ կայացնելու դեպքում պետք է վճռով հիմնավորի այդ նորմով նախատեսված հիմքի առկայությունը՝ ներկայացնելով անհրաժեշտ փաստական տվյալներ։ Բացի այդ, նշված հարցի վերաբերյալ վճիռ կայացնելիս իրավական հիմքերը բացահայտելուց զատ անհրաժեշտ է, որ դատարանը Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դատական ակտի պատճառաբանվածության պահանջի պահպանմամբ համապատասխան վճռում արտացոլի փաստերի հաստատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ իր դատողությունների ընթացքը և դրանց կապը դատարանի կողմից կատարված եզրահանգումների հետ։ Հակառակ պարագայում որդեգրման վճիռը Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի և 9-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով կհամարվի ոչ հիմնավոր և չպատճառաբանված դատական ակտ։

 Քննարկվող դեպքում Վճռի ուսումնասիրությունից հետևում է, որ Դատարանը Դիմումը բավարարելու վերաբերյալ իր եզրահանգումների հիմքում դրել է Երեխայի ծնողների կողմից գրավոր համաձայնություն տրված լինելու հանգամանքը՝ բավարարվելով միայն Ընտանեկան օրենսգրքի 118-րդ հոդվածի ամբողջական շարադրմամբ։ Հաշվի առնելով, որ Ընտանեկան օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը, այդ թվում՝ նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում են երեխայի որդեգրման համար տարբեր նախապայմաններ՝ վարույթ հարուցած մարմինը փաստել է, որ Դատարանն առհասարակ քննության առարկա չի դարձրել դրանցից յուրաքանչյուրի կարգավորումները, նախատեսվող փաստական կազմի առկայությունը, որն անհրաժեշտ էր այդ հիմքով երեխայի որդեգրման վերաբերյալ օրենսդրությամբ ներկայացված պահանջը հաղթահարելու համար։ Այդուհանդերձ, Դատարանը կայացրել է որդեգրման վերաբերյալ Վճիռ՝ առանց օրենսդրությամբ պահանջվող որդեգրման փաստական հիմքի հաստատման և առանց ներկայացնելու Դատարանի կողմից ապացույցների գնահատման, փաստերի հաստատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ կատարված դատողությունների ընթացքն ու դրանց կապը Վճռով կատարված եզրահանգումների հետ։

 Արդյունքում, Դատավորի կողմից խախտվել են Ընտանեկան օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի, Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի և 9-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները։

 Վարույթ հարուցած մարմինը, վկայակոչելով Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ մասերը, 17-րդ հոդվածի 5-րդ, 8-րդ մասերը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 11-րդ հոդվածի 6-րդ, 7-րդ մասերը, Ընտանեկան օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, նշել է, որ երեխայի որդեգրումը համարվում է օրենքով պահպանվող գաղտնիք։ Այդ գաղտնիքի պահպանմանն ուղղված միջոցների շրջանակներում օրենսդրի կողմից որդեգրման վերաբերյալ գործը քննած և վճիռ կայացրած դատավորի վրա դրվել են հստակ պարտականություններ, որոնք հանգում են հետևյալին՝

 - որդեգրման գործերով դատական քննությունը դռնփակ նիստում անցկացնելու պարտականություն, ընդ որում, այդ մասին որոշումը դատարանը պետք է կայացնի դիմումը վարույթ ընդունելիս,

 - որդեգրման վերաբերյալ վճռի եզրափակիչ մասը դատական իշխանության պաշտոնական կայքում չհրապարակելու պարտականություն և որդեգրման վերաբերյալ վճռի եզրափակիչ մասի հրապարակում միայն դռնփակ դատական նիստում,

 - երեխայի որդեգրման գաղտնիքը նրա որդեգրողների կամքին հակառակ չհրապարակելու պարտականություն։

 Ի տարբերություն Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-4-րդ մասերի կարգավորումների, որոնց համաձայն՝ դատավարության մասնակիցների մասնավոր կյանքի, ներառյալ՝ առևտրային գաղտնիքի, անչափահասների կամ արդարադատության շահերի, ինչպես նաև պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով պայմանավորված գործը կամ դրա մի մասը դռնփակ նիստում քննելու հարցի լուծումը դատարանի հայեցողական լիազորությունն է՝ որդեգրման վերաբերյալ գործի քննությունը դռնփակ նիստում անցկացնելը դատարանի համար սահմանված է որպես իմպերատիվ պահանջ։

 Դատավորի կողմից եզրափակիչ դատական ակտի հրապարակումը լինի դա դռնփակ դատական նիստում, թե դատական իշխանության պաշտոնական կայքում, որպես արդարադատության իրականացման տարր, դատարանի լիազորությունն է։ Որդեգրման վերաբերյալ գործերով կայացված եզրափակիչ դատական ակտի հրապարակման պարտականության կատարման առնչությամբ օրենսդիրը սահմանել է դատական ակտի հրապարակման ընդհանուր կանոններից տարբերվող այլ կարգավորումներ, որի արդյունքում դատական ակտի եզրափակիչ մասը հասանելի է դառնում միայն դռնփակ դատական նիստի մասնակիցներին, ըստ այդմ՝ հստակեցվում է այն անձանց շրջանակը, որոնք տեղեկացված են երեխայի որդեգրման փաստին։ Միաժամանակ, որդեգրման գաղտնիքը պահպանելու ուղղությամբ վերջիններիս վարքագիծը կարգավորելու նպատակով, բացի որդեգրման գաղտնիքը պահպանելու պարտականությունից, օրենսդիրը սահմանում է նաև պատասխանատվության միջոցներ՝ վերջիններիս կողմից իրենց վրա դրված պարտականությունը չկատարելու համար։

 Քննարկվող դեպքում Դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը կայացվել է 11.01.2022 թվականին Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հենրիկ Դարբինյանի կողմից։ Դիմումը վարույթ ընդունելուց հետո վերջինիս կողմից դատական նիստեր չեն հրավիրվել, Գործի քննություն չի իրականացվել։

 Դատավոր Հենրիկ Դարբինյանի զեկուցագրի հիման վրա կատարվել է Գործի վերաբաշխում և այն մակագրվել է Դատավորին, ում կողմից 27.04.2022 թվականին Գործն ընդունվել է վարույթ, հրավիրվել և կայացել են 4 դատական նիստեր։ Լիազոր մարմնի կողմից Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվելուց հետո Գործի վերաբերյալ պահանջված փաստաթղթերն ուսումնասիրելու արդյունքում պարզ է դարձել, որ Գործով հրավիրված 4 դատական նիստերից 1-ն անցկացվել է դռնբաց, 2 դատական նիստերի առնչությամբ միանշանակ պարզ չէ դրանց անցկացման ռեժիմը։ Այդուհանդերձ, Դատարանը չի պահպանել դռնփակ դատական նիստում Գործի քննության իրականացման Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կանոնը, քանի որ նորմում նշված անձինք Դատարանի կողմից ստորագրություն վերցնելու միջոցով չեն նախազգուշացվել որդեգրման վերաբերյալ տեղեկությունները չհրապարակելու և սահմանված կարգի խախտմամբ օգտագործելու համար պատասխանատվության մասին։ Բացի այդ, Դատավորի կողմից որոշում է կայացվել Վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելու վերաբերյալ և Վճռի ամբողջական տեքստը՝ 29.12.2022 թվականն ամսաթվով հրապարակվել է www.datalex.am դատական տեղեկատվական համակարգում (այսուհետ նաև՝ Համակարգ)՝ առնվազն 02.05.2023 թվականի դրությամբ հասանելի լինելով անորոշ թվով անձանց։

 Նման պայմաններում, Դատավորի արարքում առերևույթ առկա են Օրենսգրքի 11-րդ հոդվածի 7-րդ մասով, Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածի 4-րդ մասում ամրագրված առաջին կանոնով, 5-րդ մասով, 17-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերով, Ընտանեկան օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դատավարական իրավունքի նորմերի խախտման հատկանիշներ։

 Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ դատավորի վարքագծի կանոնը սահմանում է բոլոր հանգամանքներում այն ամենից զերծ մնալու պարտականություն, ինչը կարող է հանգեցնել դատական իշխանությունը վարկաբեկող, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագծի դրսևորման։ Ընդ որում, օրենսդիրը հիշյալ նորմի շրջանակներում չի սահմանափակվել կոնկրետ արարքների նկարագրությամբ, այլ որպես խախտում է դիտարկում նորմերում նշված իրավական հետևանքներ առաջացնող ցանկացած վարքագծի դրսևորում։ Ակնհայտ է, որ նշված կանոնների պահպանման առաջնային պայմանը դատավորի կողմից օրենքի պահանջը կատարելն է։

Դատարանի կողմից որդեգրման իրավունք չունեցող անձանց կողմից որդեգրման ենթակա երեխա չհանդիսացող անձի նկատմամբ որդեգրման փաստը հաստատելու, երեխա որդեգրելու համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերի բացակայությամբ, միաժամանակ չհիմնավորված և չպատճառաբանված վճիռ կայացնելու, որդեգրման վերաբերյալ գործի քննությունը մասամբ դռնբաց նիստում անցկացնելու, որդեգրման վճիռը Համակարգում հրապարակելու արդյունքում թույլ տրված նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումները միաժամանակ հանգեցրել են Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնների խախտման, քանի որ Դատարանի նման գործելակերպը նվազեցնում է հանրության վստահությունն արդարադատության նկատմամբ և հեղինակազրկում դատական իշխանությունը։

Վարույթ հարուցած մարմինը, վկայակոչելով Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը, նշել է, որ վարույթի փաստական հանգամանքների, կատարված իրավական վերլուծության և Դատավորի կողմից ներկայացված բացատրության համադրման արդյունքում Դատավորի կողմից նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումը կատարվել է մեղավորությամբ, որը դրսևորվել է կոպիտ անփութությամբ, քանի որ Դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը՝ որդեգրման իրավունք չունեցող անձանց կողմից որդեգրման ենթակա երեխա չհանդիսացող անձի նկատմամբ, ինչպես նաև երեխա որդեգրելու հիմքերի բացակայությամբ երեխայի որդեգրումը հաստատելը, միաժամանակ չպատճառաբանված, չհիմնավորված վճիռ կայացնելը, որդեգրման վերաբերյալ գործի քննությունը մասամբ դռնբաց դատական նիստում անցկացնելը, որդեգրման վճիռը Համակարգում հրապարակելը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել։

Վերոգրյալից հետևում է, որ ներկայացված՝ Դատավորի կողմից կոպիտ անփութությամբ նյութական և դատավարական նորմերի խախտումներ կատարելու հետ միաժամանակ վերջինս կոպիտ անփութությամբ թույլ է տվել նաև դատավորի վարքագծի կանոնների խախտում՝ ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում զերծ չմնալով դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց։

Անդրադառնալով Դատավորի կողմից ներկայացված բացատրության 3.1-3.3 կետերում արտահայտած դիրքորոշումներին՝ վարույթ հարուցած մարմինը նշել է, որ ըստ Դատավորի՝ որդեգրման ենթակա երեխայի մասին տեղեկանքը կրում է ձևական բնույթ, քանի որ դրա առկայությունը կարևորվում է միայն երեխա որդեգրելու վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու հարցը լուծելիս, իսկ երեխա որդեգրելու վերաբերյալ գործի դատաքննության և արդյունքում երեխայի որդեգրման փաստը հաստատող վճռի կայացման համար հիշյալ փաստաթուղթն այլևս անհրաժեշտ չէ։

Հաշվի առնելով գործի փաստական հանգամանքները՝ Դատավորին չի վերագրվում Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի խախտում։ Քննարկվող դեպքում, թեև այլ դատավորի կողմից վարույթ ընդունված Դիմումը չի բավարարել երեխա որդեգրելու վերաբերյալ դիմումին պարտադիր կցվող փաստաթղթերին ներկայացվող օրենսդրական պահանջին, այդուհանդերձ նշված հանգամանքը չի վերացնում գործը քննող Դատարանի պարտականությունը որդեգրման վերաբերյալ գործերի քննությունը և լուծումն իրականացնել որդեգրման հարաբերությունները կարգավորող Ընտանեկան օրենսգրքի իրավական նորմերի կիրառմամբ և որդեգրման փաստը հաստատել այն երեխաների նկատմամբ, որոնք ենթակա են որդեգրման և այն անձանց կողմից ում համար ծագել է երեխա որդեգրելու իրավունքը։ Այլ կերպ՝ Դիմողները չեն ունեցել ոչ միայն դիմում ներկայացնելու, այլև պահանջի բավարարում ստանալու իրավունք։

Վերոգրյալի կապակցությամբ վարույթ հարուցած մարմինը վկայակոչել է Խորհրդի 30.01.2023 թվականի թիվ ԲԴԽ-1-Ո-Կ-3 որոշմամբ արտահայտած դիրքորոշումը:

Ինչ վերաբերում է Դատավորի այն փաստարկին, որ գործում ներգրավված խնամակալության և հոգաբարձության մարմինը որևէ դիտարկում չի ներկայացրել հաշվառված լինելու վերաբերյալ, իսկ Գործով ներկայացված եզրակացություններում որևէ ակնարկ չի եղել որդեգրման ընթացակարգը խախտված լինելու վերաբերյալ վարույթ հարուցած մարմինը նշել է, որ խնամակալության և հոգաբարձության մարմինը, ինչպես նաև Կառավարության լիազորած մարմինը երեխայի իրավունքների և շահերի պաշտպանության հարցում ունեն որոշակի լիազորություններ, սակայն Ընտանեկան օրենսգրքի 112-րդ և 113-րդ հոդվածների 1-ին մասերի համաձայն՝ երեխայի որդեգրումը հաստատելու վերաբերյալ գործի քննությունը և որդեգրման փաստը հաստատելու վերաբերյալ դատական ակտի կայացումը պատվիրակված է դատարանին։

Ընտանեկան օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասը սպառիչ սահմանում է որդեգրելու իրավունքի պայմանները և այդ իրավունքը բացառող հանգամանքները։ Նորմի վերլուծությունից հետևում է, որ որդեգրելու իրավունքը ձևավորվում է 3 նախապայմանների միաժամանակյա առկայությամբ, որոնք են՝ որդեգրել ցանկացող անձի չափահաս լինելը, հաշվառված լինելը և նախապատրաստական դասընթացներին մասնակցելը (վերջին պայմանը պարտադիր չէ այն անձի համար, ով երեխա որդեգրում է ծնողի գրավոր համաձայնության հիման վրա)։ Հիշյալ պայմանների առկայության և միաժամանակ նորմով սահմանված բացառող հանգամանքների բացակայության դեպքում է անձը համարվում որդեգրելու իրավունք ունեցող։

Վերոնշյալ նորմի կիրառման վերաբերյալ Դատավորի կողմից բերված փաստարկի կապակցությամբ վարույթ հարուցած մարմինը նշել է, որ սույն կարգապահական վարույթի շրջանակներում չի քննարկվում Ընտանեկան օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ որդեգրելու իրավունքը բացառող հանգամանքների առկայության կամ բացակայության հարցը։ Գործով առկա տվյալների հիման վրա որդեգրելու իրավունքը բացառող հանգամանքների բացակայության պայմաններում այնուհանդերձ արձանագրվում է որդեգրելու իրավունքի նախապայմաններից մեկի՝ որդեգրել ցանկացողի հաշվառված լինելու պայմանի բացակայությունը, ինչը նշանակում է, որ Դիմողները չեն կարող համարվել որդեգրելու իրավունք ունեցող անձինք։

Անդրադառնալով Դատավորի կողմից բացատրության 3.4 կետով ներկայացրած փաստարկին՝ վարույթ հարուցած մարմինը նշել է, որ Դատավորն ընդունել է, որ ծնողներ ունեցող երեխայի որդեգրումը կարող է կատարվել միայն նրանց կողմից երեխայից հրաժարվելու հիմքով (Ընտանեկան օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ) և Դատավորի կողմից Վճիռը կայացվել է Երեխայի կենսաբանական ծնողների կողմից Երեխայի նկատմամբ իրենց ծնողական իրավունքներից հօգուտ՝ Դիմողների (եղբոր ընտանիքի) հրաժարվելու փաստի հիմքով։

Ընտանեկան օրենսգրքի 118-րդ հոդվածի 5-րդ մասի բովանդակությունից երևում է, որ նորմը սահմանում է երեխայի նկատմամբ ծնողական իրավունքներից հրաժարումն (ինչպես նաև ծնողների՝ երեխային որդեգրման տալու վերաբերյալ գրավոր համաձայնության) իրականացնելու որոշակի կարգ, համաձայն որի՝ ծնողների կողմից երեխայից հրաժարման մտադրությունը պետք է ձևակերպվի դիմումով, Կառավարության լիազորած տարածքային մարմնի ներկայացուցչի ներկայությամբ և հաստատվի երեխայի գտնվելու վայրի կազմակերպության ղեկավարի կամ նոտարի կողմից։ Ընդ որում, սահմանված կարգը բացառող որևէ հանգամանք կամ իրավական ընթացակարգ, որպիսին կարող են լինել Դատավորի կողմից նշված՝ երեխայից հրաժարվելու ծնողների մտադրության մասին վկայող այլ հանգամանքներ, նորմը չի նախատեսում։

Միաժամանակ Վճռի պատճառաբանական մասի և Դատավորի դիրքորոշման միջև առկա է անհամապատասխանություն, այն առումով, որ բացատրությամբ ներկայացված պատճառաբանությունները որևէ կերպ արտահայտված չեն Վճռում, ընդհակառակը՝ Վճռի կայացման հիմքում բացառապես և ուղղակիորեն դրվել է Երեխայի կենսաբանական ծնողների նոտարական կարգով տրված համաձայնությունը՝ Դիմողների կողմից Երեխայի որդեգրման վերաբերյալ։

Անդրադառնալով Դատավորի կողմից բացատրության 3.5 կետով ներկայացրած փաստարկին՝ վարույթ հարուցած մարմինը վկայակոչել է Խորհրդի 14.02.2019 թվականի թիվ ԲԴԽ-8-Ո-Կ-04 և 02.04.2020 թվականի թիվ ԲԴԽ-6-Ո-Կ-3 որոշումների շրջանակներում արտահայտած դիրքորոշումները և հավելել, որ օրենսդիրը դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու ժամկետի հաշվարկը պայմանավորում է դատական ակտի հրապարակմամբ (որն ինչպես արդեն նշվել է՝ դատավորի պարտականությունն է) և դատավորի աշխատակազմի գործողությունները որևէ պարագայում դատավարության մասնակիցների համար նրանց իրավունքների ապահովման տեսանկյունից չպետք է հանդիսանան իրավական հետևանքներ առաջացնող։

Անդրադառնալով Դատավորի այն փաստարկին, որ ընթացակարգային խախտումների արդյունքում տեղի չի ունեցել նյութական իրավունքի անդառնալի խախտում, ուստի Երեխայի օրինական շահերը և իրավունքներն ըստ էության Վճռով պահպանվել են՝ պետք է նշել, որ երեխայի որդեգրման հարաբերությունները կարգավորող վկայակոչված իրավակարգավորումներն ինքնանպատակ չեն, դրանք ուղղված են ապահովելու որդեգրողի և որդեգրվողի, նրա ծնողների օրենսդրությամբ երաշխավորված իրավունքներն ու շահերը։ Դատավորի կողմից թույլ տրված թերացումներն ու բացթողումները պարունակում են նորմերի այնպիսի խախտումներ, որոնք հանգեցրել են անձանց՝ վերոհիշյալ իրավական ակտերով երաշխավորված իրավունքների ոտնահարմանը, ոչ իրավաչափ, չհիմնավորված և չպատճառաբանված դատական ակտի կայացմանը և, որպես հետևանք, դատական իշխանության հեղինակազրկմանը։

Սույն կարգապահական վարույթով էական է այն հանգամանքը, որ իրողության մեջ առկա է որդեգրման իրավահարաբերությունները խաթարող, կոնկրետ անձանց իրավունքները և օրինական շահերը խախտող օրինական ուժի մեջ մտած Վճիռ, որն ըստ էության չի դարձվել վերադաս ատյանի կողմից դատական հսկողության առարկա։

Այսպիսով, վերոնշյալը վկայում է, որ Դատավորի կողմից բացատրությամբ ներկայացված փաստարկները հիմնավոր չեն, դրանք հերքվում են սույն միջնորդությամբ ներկայացված հիմնավորումներով։

Նշանակված դատական նիստում Արդարադատության նախարարի ներկայացուցիչը պնդել է ներկայացված միջնորդությունը:

 

3 Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ

3.1) Դատավորը վարույթ հարուցած մարմնին ներկայացրած բացատրությամբ մասնավորապես հայտնել է, որ Դիմումի վարույթ ընդունելու որոշումն իր կողմից չի կայացվել, ինչով պայմանավորված չի արձանագրվել պարտադիր պահանջ հանդիսացող հաշվառման և համապատասխան եզրակացության բացակայությունները։ Նախորդ դատավորը դիմումն ընդունել է վարույթ՝ համարելով օրենքով սահմանված անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացված, իսկ Գործը վարույթ ընդունելուց հետո դիմումը վարույթ ընդունելու վերաբերյալ որոշման բովանդակության փոփոխություն Քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված չէ։

3.2) Դատավորը հայտնել է, որ չնայած առկա է եղել Ընտանեկան օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասի խախտում, սակայն այն բացառապես վերաբերել է որդեգրման ընթացակարգային կանոններին, իսկ ինչ վերաբերում է որդեգրման արգելքին, ապա նյութաիրավական այդ պահանջը Դատարանի կողմից մանրամասն հետազոտվել է և դրա արդյունքում հանգել համապատասխան եզրակացության: Մասնավորապես Ընտանեկան օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավական նորմերից հետևում է, որ օրենսդիրը կարևոր է համարել հաշվառված լինելու հանգամանքը, բայց ոչ պարտադիր, քանի որ կան բացառող հանգամանքներ, որոնց պարագայում թեկուզև հաշվառված լինեն, սակայն չեն կարող երեխա որդեգրել։ Գործի քննությամբ Դատարանի՝ Դիմումը չբավարարելու համար որևէ բացառման հիմք չի հայտնաբերվել, քանի որ չի հաստատվել որդեգրել ցանկացող անձանց Ընտանեկան օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ բացառող հանգամանք, ավելին՝ նման հանգամանք չի արձանագրվել ի սկզբանե ընդունված վարույթով։

3.3) Շփոթմունքի հիմք են ծառայել նաև սոցիալական ծառայության տարածքային տեսչության և ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կողմից ներկայացված եզրակացությունները, որոնցում որևէ ակնարկ չի եղել որդեգրման ընթացակարգը խախտված լինելու վերաբերյալ։ Գործով ներգրավված խնամակալության և հոգաբարձության մարմինը հաշվառված լինելու վերաբերյալ ևս չի ներկայացրել որևէ դիտարկում։

3.4) Դատավորը բացատրությամբ նշել է նաև, որ Երեխայի հայրը՝ Ա. Գ-ն և Երեխային որդեգրած Գ. Գ.-ն հանդիսացել են հարազատ եղբայրներ։ Այսինքն՝ միևնույն ընտանիքի անդամներ են։ Երեխայի ծնողները չնայած նրան, որ նոտարական կարգով հաստատել են իրենց համաձայնությունը, սակայն իրենց թե համաձայնությունը, և թե հրաժարումը տվել են Երեխայի ծնվելուց հետո՝ թույլատրելով Երեխային ապրել եղբոր ընտանիքի հետ, ինչը գործի քննությամբ հաստատվել է։ Ավելին, Երեխան փաստորեն ծնված օրից բնակվել է հորեղբոր ընտանիքում, նրա խնամքով ու դաստիարակությամբ զբաղվել են վերջիններս, և այդ ամբողջ ժամանակահատվածում Երեխայի կենսաբանական ծնողները որևէ կերպ առնչություն չեն ունեցել Երեխայի հետ իրենց ծնողական իրավունքներից օգտվելու և պարտականությունները կրելու առումով։ Վերոգրյալը հաստատվել է ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր և իրեղեն (լուսանկարներ) ապացույցներով, ինչը Դատարանին թույլ է տվել եզրակացնել, որ Երեխայի կենսաբանական ծնողներն իրենց վարքագծով հրաժարվել են Երեխայի նկատմամբ իրենց ծնողական իրավունքներից հօգուտ եղբոր ընտանիքի։ Եվ այդ առումով Դատարանը որոշիչ է համարել այն իրավաբանական փաստը, ինչով հաստատել է Երեխայի կենսաբանական ծնողների իրական մտադրությունը։ Գործի բնույթից ելնելով՝ այն, որ որդեգրողը և որդեգրվողի հայրը հարազատ եղբայրներ են, ուստի հրաժարման վերաբերյալ օրենսդրական պահանջը կրել է կոնկլյուդենտ բնույթ։

3.5) Դատավորը հայտնել է նաև, որ Գործի վերաբերյալ տեղեկությունները բաց և հասանելի լինելը դատավորի գործունեության հետ որևէ առնչություն չունի։ Գործերը դատարան մուտքագրվում են դատարանի գրասենյակի միջոցով, ինքնաշխատ ձևով մակագրվում են դատավորներին և հետագա համակարգի լրացումները կատարվում են դատարանի աշխատակազմի կողմից, որի նկատմամբ դատարանը չունի վերահսկողական ֆունկցիա։ Նշված հարցն ուղղակիորեն վերաբերում է դատարանի աշխատակազմի գործառույթներին, կանոնակարգվում է գործավարական իրավանորմերով, որոնցում բացակայում է դատական ակտերի հրապարակման վրա դատավորի կողմից վերահսկողություն սահմանելու դրույթներ։

Դատավորը, 25.08.2023 թվականին Խորհրդին ներկայացված դիրքորոշմամբ, ամփոփելով Արդարադատության նախարարին ներկայացրած բացատրությունը, հայտնել է, որ Գործը վարույթ է ընդունել դատարանի կազմի փոփոխության հիմքով: Այսինքն, դիմումի վարույթ ընդունելու որոշումը ինքը չի կայացրել, ինչով էլ պայմանավորված չի արձանագրել պարտադիր պահանջ հանդիսացող հաշվառման և համապատասխան եզրակացության բացակայությունները: Գործը մեկ այլ դատավորի կողմից արդեն իսկ վարույթ ընդունված լինելու պայմաններում իր կողմից այդ ակտի (վարույթ ընդունելու) բովանդակության փոփոխության իրավասություն Քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված չէ:

Ըստ Դատավորի՝ Գործի քննությամբ իր կողմից դիմումը չբավարարելու համար որևէ բացառման հիմք չի հայտնաբերվել: Քանի որ չի հաստատվել որդեգրել ցանկացող անձանց Ընտանեկան օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ բացառող հանգամանք, ավելին՝ նման հանգամանք չի արձանագրվել ի սկզբանե ընդունված վարույթով։

Շփոթմունքի հիմք են ծառայել նաև սոցիալական ծառայության տարածքային տեսչության և ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կողմից ներկայացված դրական եզրակացությունները, որոնցում որևէ ակնարկ չի եղել որդեգրման ընթացակարգը խախտված լինելու վերաբերյալ։

Որդեգրված երեխան փաստորեն ծնված օրից բնակվել է հորեղբոր ընտանիքում, նրա խնամքով ու դաստիարակությամբ զբաղվել են վերջիններս, և այդ ամբողջ ժամանակահատվածում երեխայի կենսաբանական ծնողները որևէ կերպ առնչություն չեն ունեցել երեխայի նկատմամբ, իրենց ծնողական իրավունքներից օգտվելու և պարտականությունները կրելու առումով: Ըստ Դատավորի՝ վերոգրյալը հաստատվել է ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր և իրեղեն (լուսանկարներ) ապացույցներով, ինչը Դատարանին թույլ է տվել եզրակացնել, որ երեխայի կենսաբանական ծնողներն իրենց վարքագծով և գործողություններով հայտել են իրենց իրական մտադրությունը՝ հրաժարվել են երեխայի նկատմամբ իրենց ծնողական իրավունքներից հօգուտ եղբոր ընտանիքի, ուստի հրաժարման վերաբերյալ օրենսդրական պահանջը կրել է կոնկլյուդենտ բնույթ:

Դատավորը նաև նշել է, որ Գործի վերաբերյալ տեղեկությունները բաց և հասանելի լինելու խախտումը որպես դատավորի՝ իր գործունեության հետ որևէ առնչություն չունի, քանի որ Համակարգի լրացման նկատմամբ դատարանը չունի վերահսկողական ֆունկցիա:

Այդուհանդերձ, դատական նիստերն իրականացվել են դռնփակ:

Դատավորը նաև կարևոր է համարել հավելել, որ դատական ակտի կայացման ժամանակահատվածը համընկել է նաև իր ընտանիքում տեղի ունեցած որոշակի իրադարձությունների հետ: Իր որդին զորակոչի հետ կապված, առողջական խնդիրների պատճառով մասնակցել է հանձնաժողովի կողմից անցկացվող հետազոտությունների, որպիսի հանգամանքով պայմանավորված ինքը գտնվել է որոշակի բարոյահոգեբանական, հուզական լարված վիճակում, ինչը ևս իր ազդեցությունն է ունեցել։

Վերը նշված հանգամանքները հաշվի առնելով, ինչպես նաև հաշվի առնելով Դատարանի ծանրաբեռնվածության աստիճանը (բացատրությունում նշված), նաև նկատի ունենալով, որ ընթացակարգային խախտումների արդյունքում տեղի չի ունեցել նյութական իրավունքի անդառնալի խախտում, և, որ երեխայի օրինական շահերը և իրավունքներն ըստ էության դատական ակտով պահպանվել են՝ Դատավորը խնդրել է արձանագրված բացթողումները որակել որպես նվազ նշանակություն ունեցող դատավարական նորմի խախտումներ և մեղմ վերաբերվել։

Դատավորը Խորհրդին ներկայացրած դիրքորոշմամբ խնդրել է առողջական և հոգեբանական վիճակով պայմանավորված կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ նիստն անցկացնել իր բացակայությամբ՝ այն համարելով հարգելի:

 

4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները

4.1) Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հենրիկ Դարբինյանի 11.01.2022 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել Հ. Տ. և Գ. Գ., ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝ ՀՀ Արարատի մարզի Գոռավան համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնի դիմումը՝ Դիմողների կողմից Ս. Գ. որդեգրումը հաստատելու պահանջի մասին (թիվ ԱՎԴ1/4160/02/21 քաղաքացիական գործ)։

Դիմումը վարույթ ընդունելու մասին 11.01.2022 թվականի որոշումը չի պարունակում նշում՝ գործի քննությունը դռնփակ դատական նիստում անցկացնելու վերաբերյալ։

4.2) Դիմումին կից, ի թիվս այլ փաստաթղթերի, ներկայացվել են Երեխայի կենսաբանական ծնողներ՝ Ա. Գ. և Կ. Գ նոտարական կարգով հաստատված համաձայնությունները՝ Երեխային Գ. Գ. և նրա կնոջ՝ Հ. Տ. կողմից որդեգրելու վերաբերյալ, ինչպես նաև Երեխայի ծննդյան վկայականի, Դիմողների ամուսնության վկայականի պատճենները։

4.3) Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հենրիկ Դարբինյանի պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ լիազորությունները դադարելու հիմքով Գործը վերամակագրվել է դատավոր Գևորգ Բալյանին։

4.4) Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Բալյանի 27.04.2022 թվականի որոշմամբ Գործն ընդունվել է վարույթ։ Գործը վարույթ ընդունելու մասին որոշումը չի պարունակում նշում Գործի քննությունը դռնփակ նիստում անցկացնելու վերաբերյալ։

4.5) Դատարանի կողմից Գործով 06.07.2022 թվականին, 13.09.2022 թվականին, 27.10.2022 թվականին, 14.12.2022 թվականին հրավիրվել են դատական նիստեր։

06.07.2022 թվականի դատական նիստի պարզ թղթային եղանակով կազմված արձանագրության համաձայն՝ Գործի քննությունն իրականացվել է դռնբաց նիստում, 13.09.2022 թվականի և 27.10.2022 թվականի դատական նիստերի արձանագրությունների համաձայն՝ Դատարանը հայտարարել է, որ Գործի քննությունն իրականացվում է դռնբաց նիստում, այնուհետև հայտարարել՝ դռնփակ նիստում, 14.12.2022 թվականի դատական նիստի արձանագրության համաձայն՝ Գործի քննությունն իրականացվել է դռնփակ նիստում։

14.12.2022 թվականի դատական նիստի արձանագրության համաձայն՝ Դատարանը որոշել է դատական ակտը հրապարակել 29.12.2022 թվականին դատական իշխանության պաշտոնական կայքում։

4.6) Գործի նյութերը չեն պարունակում տեղեկատվություն Դատարանի կողմից դատական նիստերի քարտուղարից, Գործին մասնակցող անձանցից, նրանց ներկայացուցիչներից, դատական կարգադրիչներից ստորագրություն վերցնելու միջոցով օրենքով պահպանվող գաղտնի տեղեկությունները չհրապարակելու և սահմանված կարգի խախտմամբ օգտագործելու համար պատասխանատվության մասին նախազգուշացված լինելու վերաբերյալ։

4.7) Դատարանի 29.12.2022 թվականի թիվ ԱՎԴ1/4160/02/21 վճռով Դիմումը բավարարվել է։

Վճռի «Գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքներ» բաժնի 13-րդ և 14-րդ կետերի համաձայն՝ «13. Երեխայի մայրը՝ Կ. Մ. Գ. նոտարական կարգով հաստատված համաձայնություն է տվել այն մասին, որ համաձայն է, որ իր երեխային (...) Ս. Ա. Գ. որդեգրեն իր ամուսնու եղբայրը՝ Գ. Բ. Գ. (...) և նրա կինը՝ Հ. Ա. Տ. (...):

14. Երեխայի հայրը՝ Ա. Բ. Գ. նոտարական կարգով հաստատված համաձայնություն է տվել այն մասին, որ համաձայն է, որ իր երեխային (...) Ս. Ա. Գ. որդեգրեն իր եղբայրը՝ Գ. Բ. Գ. (...) և նրա կինը՝ Հ. Ա. Տ (...):»:

Սույն բաժնում որդեգրվող Երեխայի և Դիմողների կենտրոնացված հաշվառման և դրա արդյունքում կազմված համապատասխան տեղեկանքների վերաբերյալ որևէ նշում կատարված չէ։

4.8) Վճռի «Դատարանի իրավական վերլուծությունները» բաժնում վկայակոչվել են Ընտանեկան օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերը, 113-րդ հոդվածը, 116-րդ հոդվածի 1-3-րդ մասերը, 118-րդ հոդվածը։

Վճռի պատճառաբանական մասը հետևյալն է. «Ելնելով անչափահաս երեխայի՝ (...) Ս. Ա. Գ. շահերից, հաշվի առնելով այն հանգամանքները, որ ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն և թույլատրել Գ. Բ. Գ. և Հ. Ա. Տ. կողմից Ս. Ա. Գ. (...) որդեգրումը, որդեգրել ցանկացող Գ. Բ. Գ. հանդիսանում է երեխայի հարազատ հորեղբայրը, իսկ Հ. Ա. Տ. վերջինիս կինն է, երեխայի հայրը և մայրը՝ Ա. Բ. Գ. և Կ. Մ. Գ. նոտարական կարգով հաստատված իրենց համաձայնություններն են տվել, որպեսզի երեխան որդեգրվի Գ. Բ. Գ. և Հ. Ա. Տ. կողմից, Գ. Բ. Գ. և Հ. Ա. Տ. ֆիզիկապես և հոգեպես առողջ են, ունեն դրական բնութագիր, նյութապես ապահովված, ունեն բարվոք բնակարանային կենսապայմաններ, կարող են ապահովել երեխայի լիարժեք ֆիզիկական, հոգեկան, հոգևոր և բարոյական զարգացումը, որդեգրումը ապահովում է որդեգրվող երեխայի լավագույն շահերը, ներկայացված փաստաթղթերը բավարար են։»:

Վճռի եզրափակիչ մասը հետևյալն է. «Դիմումը բավարարել:

Հաստատել Գ. Բ. Գ. (...) և Հ. Ա. Տ. (...) կողմից (...) Ս. Ա. Գ. որդեգրելու փաստը։ (...)»:

4.9) Վճիռը չի բողոքարկվել և 30.01.2023 թվականին մտել է օրինական ուժի մեջ։

4.10) Վճիռը 29.12.2022 թվականի հրապարակվել է Համակարգում (ստեղծման ամսաթիվ։ 2022-12-29 12:42:15), որի հասանելիությունը բաց է եղել 02.05.2023 թվականի դրությամբ։

4.11) Վճռի հիման վրա քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից կատարվել է Երեխայի որդեգրման պետական գրանցում, Երեխայի որդեգրման մասին տրվել է պետական գրանցման վկայական։

4.12) Արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալությունը 22.03.2023 թվականի թիվ 26.2/14444-2023 գրությամբ դիմել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն Դիմողների և Երեխայի կենտրոնացված հաշվառման վերցված լինելու մասին։

4.13) Նախարարությունից 24.03.2023 թվականի թիվ ՆՄ/ՔՀ-2-4/7103-2023 գրությամբ ստացված պատասխանի համաձայն՝ Երեխան, ինչպես նաև Դիմողները կենտրոնացված հաշվառման չեն ներկայացվել։

 

5. Հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում էական նշանակություն ունեցող իրավական հարցադրումները

Հաշվի առնելով Արդարադատության նախարարի կողմից միջնորդությամբ բերված փաստարկներն ու հիմնավորումները և դրանց դեմ Դատավորի կողմից ներկայացված դիրքորոշումը` Խորհուրդը Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար էական է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.

5.1 արդյո՞ք թիվ ԱՎԴ1/4160/02/21 քաղաքացիական գործով Դատավորի կողմից թույլ է տրվել նյութական և/կամ դատավարական իրավունքի նորմի խախտում,

5.2 եթե այո, ապա արդյո՞ք թիվ ԱՎԴ1/4160/02/21 քաղաքացիական գործով կատարված/ենթադրյալ խախտումները կատարվել են դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ,

5.3 արդյո՞ք թիվ ԱՎԴ1/4160/02/21 քաղաքացիական գործով Դատավորի կողմից թույլ տրված նյութական և/կամ դատավարական իրավունքի նորմի խախտումները հանգեցրել են դատավորի վարքագծի կանոնի խախտման:

 

6 Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննության առնելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով Արդարադատության նախարարի ներկայացուցիչների դիրքորոշումները, ուսումնասիրելով Դատավորի բացատրությունն ու դիրքորոշումը, կարգապահական վարույթի նյութերը, ինչպես նաև հետազոտելով ապացույցները՝ Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Խորհուրդն արձանագրում է, որ վարույթ հարուցող մարմնի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության հիման վրա Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննության է առնում Օրենսգրքի 152-րդ հոդվածում ամրագրված դրույթի պահանջներին համապատասխան, այն է՝ «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում կատարվում է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններում»: Այդ կապակցությամբ Բարձրագույն դատական խորհրդի իրավական հետազոտման առարկան սահմանափակվում է միջնորդությամբ ներկայացված հիմքերի և հիմնավորումների շրջանակներում:

Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝

1) արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.

2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները խախտելը, բացառությամբ սույն օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված կանոնի, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:

Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայության ապացուցման պարտականությունը կրում է կարգապահական վարույթը հարուցած մարմինը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կարգապահական խախտման համար դատավորը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով՝ Բարձրագույն դատական խորհրդի՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշմամբ: Դատավորի կողմից կատարված կարգապահական խախտման վերաբերյալ չփարատված կասկածները մեկնաբանվում են դատավորի օգտին:

Վերը նշված հոդվածի մեկնաբանությունից բխում է, որ տվյալ դեպքում վարույթ հարուցող մարմինն է կրում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի առկայությունն ապացուցելու պարտականությունը: Վարույթն իրականացնող մարմնի կողմից պետք է ձեռք բերվեն բավարար ապացույցներ, որոնք իրենց համակցության մեջ բավարար կլինեն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար և կհաստատեն վերջինիս մեղքը: Այսինքն, գործով ձեռք բերված ապացույցների ոչ բավարար լինելու, դրանց հակասականության կամ բացակայության պայմաններում վարույթ հարուցող մարմինը պետք է կրի այդ պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու բոլոր անբարենպաստ հետևանքները:

Խորհուրդը, անդրադառնալով Երեխայի՝ որպես որդեգրման ենթակա երեխա հաշվառված լինելու, իսկ Դիմողների՝ որպես որդեգրել ցանկացող անձինք հաշվառված լինելու, ինչպես նաև երեխայի որդեգրման փաստը հաստատելու մասին թիվ ԱՎԴ1/4160/02/21 քաղաքացիական գործով կայացված վճռի հիմնավորված և պատճառաբանված լինելու մասին հարցերին, հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Սահմանադրության 37-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր երեխա ունի իր ծնողների հետ կանոնավոր անձնական փոխհարաբերություններ և անմիջական շփումներ պահպանելու իրավունք, բացառությամբ այն դեպքի, երբ դա, դատարանի որոշման համաձայն, հակասում է երեխայի շահերին: Մանրամասները սահմանվում են օրենքով:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաները պետության հոգածության և պաշտպանության ներքո են:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր (...) ընտանեկան կյանքի (...) նկատմամբ հարգանքի իրավունք:

«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում, անկախ այն բանից, թե դրանք ձեռնարկվում են սոցիալական ապահովության հարցերով զբաղվող պետական կամ մասնավոր հիմնարկների, դատարանների, վարչական կամ օրենսդրական մարմինների կողմից, առաջնահերթ ուշադրություն է դարձվում երեխայի լավագույն շահերին:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` մասնակից պետությունները պարտավորվում են երեխային ապահովել նրա բարեկեցության համար անհրաժեշտ պաշտպանությամբ և հոգատարությամբ` ուշադրության առնելով նրա ծնողների (...) իրավունքներն ու պարտականությունները, և այդ նպատակով ձեռնարկում են օրենսդրական ու վարչական բոլոր համապատասխան միջոցները:

«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն` մասնակից պետությունները հարգում են ծնողների (...) պատասխանատվությունը, իրավունքները և պարտականությունները` երեխայի զարգացող ունակություններին համապատասխան ուղղություն տալու երեխային` նրա կողմից նույն կոնվենցիայով ճանաչված իրավունքներն իրականացնելիս:

«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` երեխան (...) ծննդյան պահից ձեռք է բերում, (...) որքան դա հնարավոր է, իր ծնողներին ճանաչելու և նրանց խնամքի իրավունք:

Անդրադառնալով «երեխայի լավագույն շահ» հասկացությանը` ՄԻԵԴ-ը արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ պետական իրավասու մարմինների, այդ թվում նաև` դատարանների կողմից երեխայի խնամքի և դաստիարակության վերաբերյալ վեճերի լուծման համար վճռորոշ նշանակություն ունեն երեխայի լավագույն շահերը, որոնց գնահատումը կախված է կոնկրետ գործի հանգամանքներից:1

Համաձայն ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի` երեխայի լավագույն շահը չի կարող որոշվել ընդհանուր բնույթի իրավական դատողությունների միջոցով և կախված է յուրաքանչյուր կոնկրետ գործի հանգամանքներից` հիմք ընդունելով երեխայի շահերի առաջնայնությունը:2

ՀՀ սահմանադրական դատարանը 05.10.2010 թվականի թիվ ՍԴՈ-919 որոշմամբ նշել է, որ օրենքներում օգտագործվող առանձին հասկացություններ չեն կարող ինքնաբավ լինել, և դրանց բովանդակությունը, բնորոշ հատկանիշների շրջանակը ճշգրտվում են ոչ միայն օրինաստեղծ գործունեության արդյունքում, այլ նաև` դատական պրակտիկայում:

Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի` «երեխայի շահ» հասկացությունը բարձրացվել է համընդհանուր ճանաչում ստացած իրավական սկզբունքի աստիճանի և ընտանեկան օրենսդրության հիմքում ընկած ինքնուրույն սկզբունք է: Ընդ որում, նշված հասկացությունը ենթակա է գնահատման յուրաքանչյուր կոնկրետ դեպքում` ելնելով տվյալ գործի բոլոր փաստական հանգամանքների համադրված վերլուծությունից:

Վերոնշյալ իրավական վերլուծություններից բխում է, որ նմանատիպ վեճեր քննելու յուրաքանչյուր դեպքում դատարանի խնդիրն է բացահայտել երեխայի լավագույն շահերը` հաստատելով ողջամիտ հավասարակշռություն ծնողի իրավունքների և երեխայի լավագույն շահերի միջև:

Ընտանեկան օրենսգրքի 34-րդ հոդվածի համաձայն՝ ծնողների և երեխաների իրավունքներն ու պարտականությունները հիմնվում են երեխաների՝ օրենքով սահմանված կարգով հաստատված սերման փաստի վրա։

Ընտանեկան օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ երեխա է համարվում 18 տարին չլրացած յուրաքանչյուր ոք, բացառությամբ այն դեպքերի, երբ նա օրենքով սահմանված կարգով գործունակություն է ձեռք բերում կամ լրիվ գործունակ է ճանաչվում ավելի վաղ:

Ընտանեկան օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ որդեգրումը կատարում է դատարանը՝ երեխային որդեգրել ցանկացող անձի (անձանց) դիմումով։ Երեխայի որդեգրումը հաստատելու մասին գործի քննությունը դատարանը կատարում է հատուկ վարույթի՝ քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով։

Ընտանեկան օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ որդեգրման ենթակա երեխաների հաշվառումն իրականացվում է սույն օրենսգրքի 110-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով։

Ընտանեկան օրենսգրքի 110-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ խնամակալության և հոգաբարձության մարմինը, բացառությամբ Երևանի քաղաքապետի, սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված տեղեկություններն ստանալուց հետո` 3 օրվա ընթացքում, այդ տեղեկություններն ուղարկում է մարզպետարան, ինչպես նաև ապահովում է երեխայի խնամքի և դաստիարակության կազմակերպումը:

Մարզպետարանը երեխաների մասին նման տեղեկություններ ստանալու պահից երեք օրվա ընթացքում իրականացնում է երեխաների հաշվառումը և հայտնում այդ մասին Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնին, ինչպես նաև ապահովում է այդ երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությունը:

Երևանի քաղաքապետը սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված տեղեկություններն ստանալուց հետո` 3 օրվա ընթացքում, իրականացնում է երեխաների հաշվառումը և հայտնում այդ մասին Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնին, ինչպես նաև ապահովում է այդ երեխաների խնամքի և դաստիարակության կազմակերպումը, իրավունքների և շահերի պաշտպանությունը:

Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը իրականացնում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կենտրոնացված հաշվառումը, աջակցում է այդ երեխաների հետագա խնամքի և դաստիարակության կազմակերպմանը ընտանիքներում:

Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կենտրոնացված հաշվառումն իրականացնելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Ընտանեկան օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ որդեգրելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով որպես երեխա որդեգրել ցանկացող հաշվառված չափահաս անձը, (…):

Ընտանեկան օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ երեխային որդեգրելու համար անհրաժեշտ է` 1) ծնողների գրավոր հրաժարումը` երեխայի նկատմամբ ծնողական իրավունքներից կամ 2) ծնողի գրավոր համաձայնությունը` երեխային որդեգրման տալու վերաբերյալ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում երեխա որդեգրելու համաձայնություն կարող է տրվել միայն այն դեպքում, երբ երեխան ունի միայն մեկ ծնող: Ծնողի գրավոր համաձայնության դեպքում երեխան կարող է որդեգրվել միայն խորթ հոր կամ խորթ մոր կամ մերձավոր ազգականների կողմից: Երեխա որդեգրելու համար համաձայնությունը կարող է տրվել միայն երեխայի ծնվելուց հետո:

Կառավարության 18․03․2010 թվականի թիվ 269-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 3-րդ կետի համաձայն՝ որդեգրման ենթակա երեխաների հաշվառումն իրականացնում են նրանց փաստացի գտնվելու վայրի մարզպետարանների (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերը (այսուհետ` աշխատակազմ)` իրենց ենթակայության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների` ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների միջոցով։

Նույն հավելվածի 4-րդ կետի համաձայն՝ հաշվառումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում աշխատակազմը որդեգրման ենթակա երեխայի անձնական քարտի (N 1 ձև) հիման վրա, որը ներառում է երեխայի կենսագրական տվյալների, էթնիկական ծագման, սոցիալական շրջապատի, ընտանիքի պատմության, առողջության, նաև երեխայի հիվանդությունների, բժշկական հետազոտությունների, զննումների, հիվանդությունների, դրանց բուժումների և ընթացիկ առողջական վիճակի ու երեխայի հատուկ պահանջների մասին տեղեկություններ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված որդեգրման համար տրված ծնողի (ծնողների) համաձայնությունը, կազմում է երեխայի համար անձնական գործ, որի պատճենահանված օրինակն ուղարկում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (այսուհետ` նախարարություն)` կենտրոնացված հաշվառման վերցնելու նպատակով։

Նույն հավելվածի 5-րդ կետի համաձայն՝ նախարարությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է որդեգրման ենթակա երեխայի կենտրոնացված հաշվառումը և տեղեկացնում (N 2 ձև) աշխատակազմին։

Նույն հավելվածի 7-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառվելու նպատակով անձամբ կամ լիազորված անձի միջոցով դիմում են (N 3 ձև) իրենց բնակության վայրի աշխատակազմ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը և դրանց պատճենները` (…):

Նույն հավելվածի 17-րդ կետի համաձայն՝ Նախարարությունն աշխատակազմից ստացված անձնական գործի հիման վրա որդեգրել ցանկացող անձին վերցնում է կենտրոնացված հաշվառման և 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում (N 5 ձև) աշխատակազմին և որդեգրել ցանկացող անձին։

Վերոնշյալ նորմերի համադրված վերլուծությունից հետևում է, որ Ընտանեկան օրենսգրքի 113-րդ հոդվածով սահմանված է երեխայի որդեգրումը հաստատելու կարգը, ըստ որի երեխայի որդեգրումը հաստատելու մասին գործերի քննությունը պատվիրակված է դատարանին՝ միաժամանակ սահմանելով, որ դատարանն այդ գործերի քննությունը կատարում է հատուկ վարույթի՝ Քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով, ընդ որում Ընտանեկան օրենսգրքի 114-րդ հոդվածով և Կառավարության 18․03․2010 թվականի թիվ 269-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 2-րդ և 3-րդ բաժիններով սահմանված են որդեգրման ենթակա երեխաների և երեխա որդեգրել ցանկացող քաղաքացիների հաշվառման ընթացակարգերը։

Ընտանեկան օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին մասից հետևում է, որ որպես երեխայի որդեգրման, հետևաբար նաև երեխային որպես որդեգրման ենթակա երեխա հաշվառելու հիմք դիտարկվում է ծնողների գրավոր հրաժարումը երեխայի նկատմամբ ծնողական իրավունքներից և ծնողի գրավոր համաձայնությունը՝ երեխային որդեգրման տալու վերաբերյալ: Ծնողական իրավունքներից հրաժարումը ենթադրում է երեխայի ծնողների կողմից ծնողական իրավունքներից հրաժարվելու մասին դիմումի ներկայացում, որի արդյունքում երեխան հանձնվում է պետության խնամքին՝ ի դեմս համապատասխան մարմինների: Ծնողական իրավունքներից հրաժարված ծնողների երեխայի, որպես որդեգրման ենթակա երեխա հաշվառվելուց հետո, երեխայի տվյալները հասանելի են դառնում որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառված բոլոր քաղաքացիներին:

Տվյալ դեպքում Դատավորը, վերամակագրման արդյունքում ստանալով արդեն իսկ այլ դատավորի կողմից վարույթ ընդունված՝ երեխայի որդեգրման փաստը հաստատելու պահանջի մասին Դիմումը, որին կից ի թիվս այլ փաստաթղթերի ներկայացված են եղել Երեխայի կենսաբանական ծնողներ՝ Ա.Գ-ի և Կ.Գ.-ի կողմից տրված և նոտարական կարգով հաստատված համաձայնությունները՝ առանց երեխայի որպես որդեգրման ենթակա երեխա հաշվառված լինելու, իսկ Դիմողների՝ որպես որդեգրել ցանկացող անձինք հաշվառված լինելու մասին ապացույցների առկայության, հիմք ընդունելով նաև ՀՀ Վեդի համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կողմից տրված որդեգրումը թույլատրելու մասին եզրակացությունը, բավարարել է Դիմումը և հաստատել երեխայի որդեգրման փաստը:

Տվյալ դեպքում Խորհուրդն արձանագրում է, որ Դատավորն իրեն վերամակագրված քաղաքացիական գործը վարույթ ընդունելիս հնարավորություն չի ունեցել պարզել Քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված՝ երեխայի որդեգրման մասին դիմումին կից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերին վերաբերող պահանջների պահպանված լինել/չլինելու հարցը:

Խորհուրդն արձանագրում է նաև, որ երեխայի որդեգրման վերաբերյալ գործերով նույնպես կարևոր նշանակություն ունի երեխայի լավագույն շահերի բացահայտումն ու դրանց առաջնային նշանակության տրամադրումը, քանի որ այդ գործերով կայացվող դատական ակտն առնչվում է երեխայի և այլ անձանց իրավունքներին ու շահերին, և առկա է դրանց հավասարակշռման անհրաժեշտություն։

Խորհուրդը միաժամանակ անհրաժեշտ է համարում արձանագրել, որ երեխայի լավագույն շահերի բացահայտմանը դատարանը կարող է անդրադառնալ գործը վարույթ ընդունելուց հետո՝ գործը դատաքննության նախապատրաստելու, դատաքննության և եզրափակիչ ակտ կայացնելու դատավարական փուլերում։

Այսպես, վերը նշված փաստերի և Ընտանեկան օրենսգրքի 118-րդ հոդվածով Կառավարության 18.03.2010 թվականի թիվ 269-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 2-րդ և 3-րդ բաժիններով սահմանված իրավակարգավորումների համադրման արդյունքում Խորհուրդն արձանագրում է, որ տվյալ բնույթի վեճերը քննարկելիս և լուծելիս վերը ներկայացված օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերում հստակորեն թվարկված ապացույցներով ապացուցման ենթակա հանգամանքները (հաշվառման և այդ կերպ նաև որդեգրման իրավունք ձեռք բերելուն իրավաչափորեն հավակնելու) ստուգելու և պարզելու փոխարեն Դատարանը դրանք հաստատված է համարել այլ ապացույցներով, ինչն ըստ էության հանգեցրել է իր վարույթում քննված և ավարտված գործով վճռի հիմնավորվածության և պատճառաբանվածության վերաբերյալ օրենսդրական պահանջների խախտման, այնքանով, որքանով Դատավորի եզրահանգումները հիմնված չեն որդեգրման գործընթացը և դրանում ներառված քայլերի հստակ հաջորդականությունը մանրամասնորեն կանոնակարգող օրենսդրության՝ սույն Որոշման մեջ ներկայացված իմպերատիվ պահանջների վրա: Ապացույցները գնահատելիս և վեճը լուծելիս դատավորի ներքին համոզմունքն ըստ օրենսդրության պետք է ձևավորվեր նաև այդ ապացույցների ստուգման և գնահատման արդյունքների վրա, սակայն առանց դրանց պահանջի հիմնավորված լինելու վերաբերյալ եզրակացության հանգելիս Դատավորն ինքն իրեն զրկել է հիմնավորված և պատճառաբանված դատական ակտ կայացնելու հնարավորությունից:

Սակայն, սույն պարագայում Խորհրդի գնահատմամբ էական նշանակություն ունի նաև այն հանգամանքը, որ թեև Ս.Ա.Գ.-ի կենսաբանական ծնողներ Ա. Գ.-ն և Կ. Գ.-ն Ընտանեկան օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով չեն հրաժարվել իրենց երեխայի նկատմամբ ծնողական իրավունքներից, սակայն Ս.Ա.Գ.-ին իր հորեղբորը և կնոջը որդեգրման հանձնելու մասին նոտարական կարգով հաստատված համաձայնությունները բովանդակային առումով վկայում են Ս.Ա.Գ.-ի նկատմամբ ունեցած իրենց ծնողական իրավունքներից հրաժարման մասին։

Ինչ վերաբերում է թիվ ԱՎԴ1/4160/02/21 քաղաքացիական գործի քննությունը Դատավորի կողմից դռնփակ անցկացված չլինելու և կայացված դատական ակտի հրապարակման կարգը պահպանված չլինելու վերաբերյալ միջնորդության հիմքերին և հիմնավորումներին, Խորհուրդը արձանագրում է հետևյալը.

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական վարույթը կամ դրա մի մասն օրենքով սահմանված դեպքերում և կարգով դատարանի որոշմամբ կարող է անցկացվել դռնփակ` վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի, անչափահասների կամ արդարադատության շահերի, ինչպես նաև պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով:

Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ դատական ատյանում վարույթը եզրափակող դատական ակտերը (այսուհետ՝ եզրափակիչ դատական ակտ), իսկ օրենքով կամ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նախատեսված դեպքերում նաև այլ դատական ակտերը ենթակա են պարտադիր հրապարակման դատական իշխանության պաշտոնական կայքում:

Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ դատական վարույթը կամ դրա մասը դռնփակ անցկացվելու դեպքում դատական իշխանության կայքում հրապարակվում է եզրափակիչ դատական ակտի եզրափակիչ մասը, եթե այն չի պարունակում օրենքով պահպանվող գաղտնիք:

Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավարության մասնակիցների մասնավոր կյանքի, ներառյալ` առևտրային գաղտնիքի, անչափահասների կամ արդարադատության շահերի, ինչպես նաև պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ գործը կամ դրա մի մասը կարող է քննել դռնփակ դատական նիստում:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ դռնփակ դատական նիստում գործի քննությունն իրականացվում է սույն օրենսգրքով սահմանված կանոնների պահպանմամբ: Գործը կամ դրա մի մասը դռնփակ նիստում քննելու դեպքում դատական նիստին իրավունք ունեն ներկա լինելու դատական նիստերի քարտուղարը, գործին մասնակցող անձինք, նրանց ներկայացուցիչները, դատական կարգադրիչները, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև վկան, փորձագետը, մասնագետը և թարգմանիչը: Նշված անձինք դատարանի կողմից ստորագրություն վերցնելու միջոցով նախազգուշացվում են օրենքով պահպանվող գաղտնի տեղեկությունները չհրապարակելու և սահմանված կարգի խախտմամբ օգտագործելու համար պատասխանատվության մասին:

Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ որդեգրման գործով եզրափակիչ դատական ակտը չի հրապարակվում:

Ընտանեկան օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ երեխայի որդեգրման գաղտնիքը պահպանվում է օրենքով։ (…):

Այսպես, սույն կարգապահական վարույթի նյութերի ուսումնասիրության և դրանց՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի, Քաղաքացիական դատավարության օրենսգրքի վերաբերելի նորմերի ու Ընտանեկան օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումների հետ համադրման արդյունքում Խորհուրդն արձանագրում է, որ ԱՎԴ1/4160/02/21 քաղաքացիական գործի բնույթով պայմանավորված Դատարանն ունեցել է այն որոշակի դատավարական առանձնահատկությունների հաշվառմամբ քննելու պարտականություն, որոնք մասնավորապես պետք է արտահայտվեին դատական վարույթի դռնփակ անցկացումով, Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված անձանցից օրենքով պահպանվող գաղտնի տեղեկությունները չհրապարակելու և սահմանված կարգի խախտմամբ օգտագործելու համար պատասխանատվության մասին ստորագրություն վերցնելու միջոցով նախազգուշացնելով, ինչպես նաև դատական իշխանության տեղեկատվական համակարգում եզրափակիչ դատական ակտի հասանելիության սահմանափակմամբ։

Տվյալ պարագայում Դատարանի կողմից երեխայի որդեգրումը հաստատելու պահանջի մասին քաղաքացիական գործի քննության շրջանակներում նշանակված թվով 4 դատական նիստերից 1-ն անցկացվել է դռնբացության պայմաններում, թվով 2 դատական նիստերի անցկացման ռեժիմն անհայտ է, որից հետո սույն գործով 14.12.2022 թվականին նշանակված դատական նիստն անցկացվել է դռնափակության պայմաններում, սակայն Գործի նյութերը չեն պարունակում տեղեկատվություն Դատարանի կողմից դատական նիստերի քարտուղարից, Գործին մասնակցող անձանցից, նրանց ներկայացուցիչներից, դատական կարգադրիչներից ստորագրություն վերցնելու միջոցով օրենքով պահպանվող գաղտնի տեղեկությունները չհրապարակելու և սահմանված կարգի խախտմամբ օգտագործելու համար պատասխանատվության մասին նախազգուշացված լինելու վերաբերյալ, այսինքն նման պայմաններում մասնակիորեն չեն պահպանվել երեխայի որդեգրումը հաստատելու մասին դիմումի քննության դատավարական պարտադիր պահանջները:

Ինչ վերաբերում է թիվ ԱՎԴ1/4160/02/21 քաղաքացիական գործի բաց և հասանելի լինելու հետ Դատավորի գործունեության առնչություն չունենալու մասին բացատրությամբ ներկայացված Դատավորի պնդմանը, ապա Խորհուրդն արձանագրում է, որ թե՛ Դատավորը և թե՛ Դատավորի աշխատակազմը պարտավոր էին ցուցաբերել անհրաժեշտ հետևողականություն ապահովելու համար վերոնշյալ քաղաքացիական գործի հասանելիության սահմանափակումը:

Վերոգրյալի առնչությամբ հարկ է վկայակոչել նաև Բարձրագույն դատական խորհրդի 14.02.2019 թվականի թիվ ԲԴԽ-8-Ո-Կ-04 որոշման շրջանակներում արտահայտած հետևյալ դիրքորոշումը. «(…)Դատավորը պարտավոր է ոչ միայն ապահովել իր, այլ նաև իր աշխատակազմի պատշաճ մասնագիտական պատրաստվածությունն ու հմտությունների շարունակական կատարելագործումը («Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 66 հոդվ., մաս 2, 67 հոդվ., մաս 2)3:»:

Մեկ այլ՝ 02.04.2020 թվականի թիվ ԲԴԽ-6-Ո-Կ-3 որոշմամբ Բարձրագույն դատական խորհուրդը արձանագրել է հետևյալը. «Վերոգրյալ իրավակարգավորումների համատեքստում Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ դատավորի պարտականությունն է ապահովել գործը ողջամիտ ժամկետում քննության օրենսդրական պահանջը, ուստի դատավարության մասնակիցներին պատշաճ ծանուցելու առումով իր աշխատակազմի թերացումների կամ անգործության համար պատասխանատվությունը կրում է դատավորը: Եվ Դատավորի այն պատճառաբանությունը, որ ծանուցագրերը կողմերին պատշաճ չուղարկելու և «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում լրացումներ չկատարելու համար պատասխանատվությունը կրում է վերջինիս աշխատակազմը, չի կարող դիտվել որպես հիմնավոր բացատրություն, քանի որ օրենսդրի կողմից դատարանների վրա է դրված անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների ապահովմանն ուղղված օրենսդրական բոլոր գործողությունների պատշաճ կատարումը4:»:

Վերոգրյալի լույսի ներքո Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ տվյալ դեպքում Դատարանի կողմից որդեգրման պահանջի մասին թիվ ԱՎԴ1/4160/02/21 քաղաքացիական գործով նշանակված թվով 4 դատական նիստերը կիրառելի օրենսդրության համաձայն պետք է անցկացվեին դռնփակության պայմաններում (դրանից բխող առանձնահատկությունների պահպանմամբ) և կատարվեին որդեգրվող երեխայի կենտրոնացված հաշվառման ենթարկված լինելու և որդեգրել ցանկացող անձանց հաշվառված լինելու մասին ապացույցների ձեռք բերելուն ուղղված գործողություններ, ինչպես նաև ապահովվեր կայացված եզրափակիչ դատական ակտի հասանելիության սահմանափակման կարգը, այնինչ տվյալ դեպքում Դատավորը չի դրսևորել պատշաճ ջանասիրություն, ինչի արդյունքում վերջինիս կողմից թույլ է տրվել Ընտանեկան օրենսգրքով և Քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված իրավանորմերի խախտումներ:

Խորհուրդը միաժամանակ արձանագրում է, որ Դատավորի կողմից նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումը, այն է՝ ԱՎԴ1/4160/02/21 քաղաքացիական գործով նշանակված դատական նիստերը դռնփակության պայմաններում չանցկացնելը՝ դրանից բխող առանձնահատկությունները չպահպանելը, ինչպես նաև որդեգրվող երեխայի կենտրոնացված հաշվառման ենթարկված լինելու մասին տեղեկանքի, որդեգրել ցանկացող անձանց հաշվառված լինելու մասին ապացույցի բացակայության պարագայում որդեգրումը հաստատելու մասին վճիռ կայացնելը և եզրափակիչ դատական ակտի դատական իշխանության պաշտոնական կայքում առանց այլ անձանց համար հասանելիության սահմանափակման կարգի պահպանման 29.12.2022 թվականին կայացված վճռի ամբողջական տեքստը հրապարակելը, հանգեցրել են դատավորի վարքագծի կանոնի խախտման, մասնավորապես վերջինս թույլ է տվել Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված (ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց) վարքագծի կանոնի խախտում:

Խորհուրդն արձանագրում է, որ Դատավորի կողմից թույլ տրված խախտումները կատարվել են կոպիտ անփութությամբ՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Օրենսգրքի 142-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:

Վերը նշված իրավանորմերի տրամաբանությունից բխում է, որ օրենսդրի կողմից արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտման վարքագծի առումով առանձնացվել են մեղքի դրսևորման երկու ձևեր՝ դիտավորություն և կոպիտ անփութություն:

Խորհուրդն արձանագրում է, որ դատավորի կարգապահական պատասխանատվության տեսանկյունից մեղքը դատավորի վերաբերմունքն է իր կողմից կատարված արարքի նկատմամբ:

Միաժամանակ որոշելու համար Դատավորի մեղքի ձևը՝ Խորհուրդը գտնում է, որ Դատավորն իրեն վերագրվող խախտումները կատարել է կոպիտ անփութությամբ, քանի որ չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:

Դատարանի նման վարքագծի դրսևորումն անկողմնակալ դիտորդի տեսանկյունից կարող է ողջամտորեն կասկած հարուցել նաև Դատարանի անկախության ու անաչառության հարցում, դրանով իսկ նվազեցնելով հանրության վստահությունը դատական իշխանության նկատմամբ:

Վերոգրյալի հիման վրա Խորհուրդն արձանագրում է, որ Դատավորի կողմից թույլ տրված խախտումներն իրենց բնույթի և հետևանքների առումով հեղինակազրկում են դատական իշխանությունը։

Ինչ վերաբերում է ծանրաբեռնվածության, դատական ակտի կայացման ժամանակահատվածում ընտանիքում տեղի ունեցած որոշակի իրադարձությունների հետ համընկնելու, ինչպես նաև սույն գործով թույլ տրված բացթողումների անդառնալի հետևանքներ առաջացրած չլինելու հիմքով իր կողմից թույլ տրված խախտումն Օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառմամբ նվազ կարևորություն ունեցող համարելու մասին Խորհրդին ներկայացված Դատավորի դիրքորոշմանը, ապա Խորհուրդը, անդրադառնալով նախկինում արտահայտած իր իրավական դիրքորոշումներին նշված հոդվածի վերաբերյալ, հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Այսպես, Օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ արարքը չի համարվում կարգապահական խախտում, եթե այն, թեև ձևականորեն պարունակում է սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հատկանիշներ, սակայն իր նվազ կարևորության պատճառով կասկածի տակ չի դնում տվյալ դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ չի կարող հեղինակազրկել դատական իշխանությունը:

Վերոգրյալ իրավանորմերի համակարգային վերլուծությունը թույլ է տալիս արձանագրել հետևյալը.

1. դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու զանցակազմն ունի ոչ միայն ձևական, այլև նյութական բաղադրիչ,

2. դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու զանցակազմի նյութական բաղադրիչը պայմանավորված է խախտման կարևորության աստիճանով,

3. դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու զանցակազմի նյութական բաղադրիչը՝ խախտման կարևորության աստիճանը, որպես հետևանք, պետք է կասկածի տակ դնի դատավորի համապատասխանությունն իր կարգավիճակին և հեղինակազրկի դատական իշխանությունը:

Խորհուրդը 05.04.2021 թվականի թիվ ԲԴԽ-7-Ո-Կ-02 որոշմամբ նշել է. «(…) հաշվի առնելով դատավորի անկախության սահմանադրական և միջազգային իրավական պահանջները և այդ համատեքստում գնահատելու համար դատավորի կողմից կատարված իրավունքի խախտման ու դրանով պայմանավորված կարգապահական պատասխանատվության ենթարկելու առկայության կամ բացակայության իրավական հիմքը, որոշիչ նշանակություն է ձեռք բերում նրա կողմից կատարված իրավունքի խախտման կարևորության աստիճանը: (…)»:

Նույն որոշմամբ Խորհուրդն արձանագրել է, որ «(…) սուբյեկտիվ իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, որն իրականացվում է դատարանի կողմից օբյեկտիվ իրավունքի կիրառմամբ, իր հանրային իրավական ընկալման տիրույթում կոչված է ապահովելու գործող իրավակարգի անշեղ կենսագործումը: Այդ առումով իրավունքի յուրաքանչյուր խախտում այս կամ այն կերպ բացասաբար է անդրադառնում իրավակարգի բնականոն գործելու վրա: Միաժամանակ հարկ է նշել, որ կախված իրավախախտման հետևանքից, այն տարաբնույթ անդրադարձ կարող է ունենալ պետության իրավակարգի գործառնական խնդիրների լուծման վրա: Այն բոլոր դեպքերում, երբ իրավունքի խախտումն առաջ չի բերում որևէ սուբյեկտիվ իրավունքից զրկում կամ դրա սահմանափակում, ինչպես նաև իրավունքի սուբյեկտի մոտ չի առաջացնում օրենքով չնախատեսված պարտականություններ կամ այդպիսիք առաջանալու հնարավորություն, ապա իրավունքի նման խախտումը զանցակազմի նյութական բաղադրիչի առկայության պայմաններում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով կարող է որակվել որպես նվազ կարևորություն ունեցող և դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք չհանդիսացող, թեկուզև այն առերևույթ պարունակել է կարգապահական խախտում համարվող արարքի հատկանիշներ (…)5»:

Քննարկվող պարագայում ԱՎԴ1/4160/02/21 քաղաքացիական գործով նշանակված թվով 4 դատական նիստերի մի մասը դռնփակության պայմաններում չանցկացնելու (դրանից բխող առանձնահատկությունները պահպանելը) և որդեգրվող երեխայի կենտրոնացված հաշվառման ենթարկված լինելու և որդեգրել ցանկացող անձանց հաշվառված լինելու մասին ապացույցների ձեռք բերելուն ուղղված գործողություններ չիրականացնելու, ինչպես նաև կայացված եզրափակիչ դատական ակտի հասանելիության սահմանափակման կարգը չպահպանելու հանգամանքները Խորհրդի գնահատմամբ բացառում են արարքը նվազ կարևոր որակելու հնարավորությունը:

Հիշյալ պայմաններում, Խորհուրդն արձանագրում է, որ Դատավորը ենթակա է կարգապահական պատասխանատվության։ Միևնույն ժամանակ, տույժի տեսակը որոշելիս Խորհուրդը հաշվի է առնում Դատավորի կողմից Խորհրդին ներկայացված դիրքորոշումը, ինչպես նաև այն, որ կարգապահական պատասխանատվության հարցի քննության պահին Դատավորը չի ունեցել կարգապահական տույժ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 149-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 155-րդ հոդվածով՝ Խորհուրդը,

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1․ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը՝ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Բալյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, բավարարել: Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Բալյանին հայտարարել նկատողություն:

 2․ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

________________________

1 Տե՛ս, C. v. Finland գործով Եվրոպական դատարանի 09.05.2006 թվականի վճիռը, 52-րդ կետ, գանգատ թիվ 18249/02։

2 Տե՛ս, Schneider v. Germany գործով Եվրոպական դատարանի 15.09.2011 թվականի վճիռը, 100-րդ կետ։

3 Տե՛ս Բարձրագույն դատական խորհրդի 14.02.2019 թվականի թիվ ԲԴԽ-8-Ո-Կ-04 որոշումը:

4 Տե՛ս Բարձրագույն դատական խորհրդի 02.04.2020 թվականի թիվ ԲԴԽ-6-Ո-Կ-3 որոշումը:

5 Տե՛ս Բարձրագույն դատական խորհրդի 05.04.2021 թվականի թիվ ԲԴԽ-7-Ո-Կ-02 որոշումը:

 

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ

Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Անդամներ`

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ե. ԹՈՒՄԱՆՅԱՆՑ

Դ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

Էդ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ք. ՄԿՈՅԱՆ

Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 սեպտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան