Գլխավոր տեղեկություն
Номер
N 495-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (25.08.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.05.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.05.2017
Дата вступления в силу
17.05.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 մայիսի 2017 թվականի N 495-Ա

 

«ՋՐԱՌ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 697-րդ, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն) Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան 125/3 հասցեում գտնվող` 207327686 դրամ հաշվեկշռային արժեքով, սեփականության իրավունքով իրեն պատկանող` 7010.6 քառ. մետր մակերես ունեցող շենքով և 7.7 քառ. մետր (5.9 և 1.8 քառ. մետր) մակերես ունեցող շինություններով, ինչպես նաև դրանց զբաղեցրած, պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ (հատկացված) ընդհանուր` 0.52265 հեկտար բաժնային սեփականություն հանդիսացող հողամասով (այսուհետ` գույք) վճարել ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:

(1-ին կետը խմբ. 24.08.23 N 1417-Ա)

2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:

3. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված՝ սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

4. Սույն որոշման 1-ին կետի համաձայն գույքի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկը վճարել «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով:

5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 11-ի «Ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնելու, գույք ամրացնելու և անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ հանձնելու մասին» N 495-Ա որոշման փոփոխությունն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ընկերության տնօրենի և Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը:

(5-րդ կետը խմբ. 24.08.23 N 1417-Ա)

6. «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին հանձնված`

1) Երևան քաղաքի Վարդանանց փակուղի, N 8 հասցեում գտնվող շենքի 5-րդ հարկի՝ 757.6 քառ. մետր մակերեսով և 6-րդ հարկի՝ 759.5 քառ. մետր մակերեսով տարածքները հետ վերցնել «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունից.

2) Երևան քաղաքի Վարդանանց փակուղի, N 8 հասցեում գտնվող՝ 2125.7 քառ. մետրմակերեսով տարածքը՝ իր պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ (հատկացված)՝ 905.9 քառ. մետր մակերեսով հողամասի և շենքի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նկատմամբ սեփականատիրոջ բաժնեմասը կազմող՝ 2126/6645 և Երևան քաղաքի Վարդանանց փակուղի, N 8 շենքի 5/1 հասցեում գտնվող՝ 154 քառ. մետր մակերեսով տարածքը՝ իր պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ (հատկացված)՝ 905.9 քառ. մետր մակերեսով հողամասի և շենքի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նկատմամբ սեփականատիրոջ բաժնեմասը կազմող՝ 154/6645 տարածքներն անհատույց օգտագործման իրավունքով հանձնել ընկերությանը:

7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում լուծել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 28-ի N 578 որոշման հիման վրա «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքված՝ սույն որոշման 6-րդ կետի 1-ին ենթակետում նշված տարածքների անհատույց օգտագործման մասին պայմանագիրը՝ նախատեսելով, որ պայմանագրի լուծման հետ կապված նոտարական վավերացման և գույքային իրավունքների դադարեցման ծախսերն իրականացվելու են «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում ընկերության հետ կնքել սույն որոշման 6-րդ կետի 2-րդ ենթակետում նշված տարածքների անհատույց օգտագործման մասին պայմանագիր՝ սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և դրանից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ ընկերության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. մայիսի 16

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.08.2023, N 1417-Ա 25.08.2023, N 495-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան