Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-102
Տիպ
Օրենք
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (12.06.2002-24.01.2004)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2000.11.30/28(126)
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
23.10.2000
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
16.11.2000
Дата вступления в силу
10.12.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.01.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2000 թվականի հոկտեմբերի 23-ին

 

ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 1. ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

Սույն օրենքը կարգավորում է շահումով խաղերի, խաղատների գործունեության կազմակերպման և կարգավորման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև սահմանում է դրանց նկատմամբ պետական վերահսկողությունը:

 

ՀՈԴՎԱԾ 2. ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

ա) շահումով խաղերի գործունեության կազմակերպում` խաղի իրականացման միջոցով եկամուտ (շահույթ) ստանալու նպատակով շահումով խաղի սարքավորումների տեղադրում և շահագործում կամ շահումով խաղին խաղացողների մասնակցության համար այլ կերպ հնարավորության ստեղծում.

բ) շահումով խաղ` ցանկացած մեքենայացված կամ կենդանի խաղ, որին խաղացողը մասնակցում է անմիջականորեն` որոշակի շահումի ակնկալիքով.

գ) մեքենայացված խաղ` ծրագրավորված կամ մեխանիկական խաղային ավտոմատի կամ նման այլ սարքավորման միջոցով իրականացվող խաղ, որին մասնակցում է միայն խաղացողը.

դ) կենդանի խաղ` ցանկացած խաղ, որին բացի խաղացողից մասնակցում է նաև խաղարկողը, կամ որին միաժամանակ մասնակցելու հնարավորություն է ընձեռված մի քանի խաղացողների` առանց խաղարկողի մասնակցության (բացառությամբ մեքենայացված խաղերի).

ե) խաղատների գործունեության կազմակերպում` խաղատանը շահումով խաղերի անցկացում.

զ) խաղատուն` այն խաղասրահը`

- որի ներքին կամ արտաքին կողմից ցուցադրվում է «խաղատուն» բառը, դրա ածանցյալը կամ թարգմանությունը, կամ`

- որտեղ անց է կացվում կենդանի խաղ (խաղեր) և (կամ) շահագործվում է քսանից ավելի մեքենայացված խաղ.

է) խաղասրահ` շինության ներսում այն տարածքը, որտեղ կազմակերպվում և անց են կացվում շահումով խաղեր.

ը) խաղարկող` խաղը անցկացնելու կամ դրա ելքը հավաստելու համար խաղացողի հետ կազմակերպչի անունից և նրա կողմից լիազորված խաղին փաստացի մասնակցող կամ դրա խաղարկությունն իրականացնող ֆիզիկական անձ.

թ) խաղացող` շահումով խաղին մասնակցող ֆիզիկական անձ կամ անձինք (բացի խաղարկողից).

ժ) կազմակերպիչ` շահումով խաղեր կամ խաղատան գործունեություն կազմակերպելու լիցենզիա (այսուհետ` նաև լիցենզիա) ստացած կազմակերպություն.

ժա) լիազոր մարմին` շահումով խաղերի, խաղատան գործունեության լիցենզավորման և վերահսկողության համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմին:

 

ՀՈԴՎԱԾ 3. «ԽԱՂԱՏՈՒՆ», «ԽԱՂԱՍՐԱՀ» և «ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐ» ԲԱՌԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

«Խաղատուն», «խաղասրահ» կամ «շահումով խաղեր» բառերը, դրանց ածանցյալները կամ թարգմանություններն իր անվանման կամ ցուցանակների մեջ կարող է օգտագործել միայն համապատասխանաբար խաղատան և շահումով խաղերի կազմակերպման լիցենզիա ունեցող կազմակերպությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԽԱՂԱՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

ՀՈԴՎԱԾ 4. ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԽԱՂԱՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետությունում շահումով խաղերի, խաղատների գործունեություն կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետությունում գրանցված առևտրային կազմակերպությունները` լիազոր մարմնի կողմից տրված համապատասխան լիցենզիայի հիման վրա:

 

ՀՈԴՎԱԾ 5. ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԽԱՂԱՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

Շահումով խաղերի, խաղատների գործունեության կազմակերպումն իրականացվում է շահումով խաղերին մասնակցելու հնարավորություն տվող խաղանիշերը, քարտերը կամ այլ տարբերակիչ նշանները խաղասրահում փոխանակելու կամ վաճառելու միջոցով ֆինանսական միջոցների ներգրավմամբ և խաղի ելքի արդյունքներից ելնելով` շահումների հանձնմամբ կամ խաղանիշերի, քարտերի կամ այլ տարբերակիչ նշանների ֆինանսական միջոցներով փոխանակմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 6. ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԽԱՂԱՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Խաղային ավտոմատի շահագործումից ստացված հասույթի մեջ շահումների ծրագրավորված ընդհանուր մեծության նվազագույն չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Կազմակերպիչը`

ա) խաղատան կամ շահումով խաղերի կազմակերպման գործունեություն է իրականացնում միայն լիցենզիայում նշված վայրում (հասցեում).

բ) ապահովում է խաղասրահի արտաքին պատուհաններից դեպի ներս անտեսանելիությունը.

գ) ապահովում է խաղասրահի անվտանգությունը և հակահրդեհային ազդարարման համակարգերով դրա տարածքի պաշտպանությունը.

դ) արգելում է քսանմեկ տարին չլրացած ֆիզիկական անձանց մուտքը խաղասրահ.

ե) պատահականությամբ չպայմանավորված շահումներով խաղեր կազմակերպելիս նախօրոք տեղեկացնում և դրա մասին բացատրում է խաղացողներին.

զ) խաղացողի առաջին իսկ պահանջի դեպքում տրամադրում է շահումը.

է) ապահովում է խաղասրահում խաղանիշերի (ժետոնների) փոխանակումը միայն կանխիկ հայկական դրամով, բանկային քարտով կամ բանկային պրակտիկայում ընդունված այլ վճարային փաստաթղթերով.

ը) յուրաքանչյուր տարվա համար վճարում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տարեկան պետական տուրքի գումարը` նախքան այդ ժամկետի սկիզբը.

թ) խաղասրահում կազմակերպվող խաղերի կանոնները փակցնում է խաղասրահում, տեսանելի տեղում (բացառությամբ այն խաղային ավտոմատների, որոնք իրենց վրա պարունակում են այդ կանոնների նկարագրությունը):

3. Խաղատուն կամ շահումով խաղ կարող է կազմակերպվել քաղաքային համայնքների վարչական սահմաններից դուրս:

4. Համակարգչային ցանցային շահումով խաղերի (ինտերնետ-կազինոների) նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել սույն օրենքով սահմանված պահանջներից տարբերվող պահանջներ:

(6-րդ հոդվածը խմբ. 29.05.02 ՀՕ-331)

 

ՀՈԴՎԱԾ 7. ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ և ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ

 

1. Շահումով խաղերը կազմակերպվում և անցկացվում են կազմակերպչի սահմանած և լիազոր մարմնի հետ համաձայնեցված կանոնակարգին համապատասխան:

2. Շահումով խաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգը լիազոր մարմնի համաձայնեցմանն է ներկայացվում լիցենզիա ստանալու դիմումի հետ միասին:

3. Լիցենզիայի գործողության ընթացքում շահումով խաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխման դեպքում կազմակերպիչը լիազոր մարմնի համաձայնեցմանն է ներկայացնում փոփոխված կանոնակարգը` նախքան դրա կիրառումը:

4. Լիազոր մարմնի կողմից շահումով խաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգին համաձայնություն տալու կարգը սահմանվում է սույն օրենքի 8 հոդվածին 1-ին կետով նախատեսված կարգով:

5. Նույն խաղերի համար Հայաստանի Հանրապետությունում գործում են լիազոր մարմնի սահմանած նույն կանոնները, ընդ որում կազմակերպիչն ազատ է քայլերի մեծության ընտրության հարցում:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԽԱՂԱՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀՈԴՎԱԾ 8. ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԽԱՂԱՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

 

1. Շահումով խաղերի, խաղատների գործունեության լիցենզավորումն իրականացնում է լիազոր մարմինը` սույն օրենքին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

2. Լիցենզիա ստանալու դիմումը մերժվում է, եթե`

ա) դիմումն ու կից փաստաթղթերը չեն համապատասխանում սույն օրենքի և իրավական այլ ակտերի պահանջներին, դրանցում ներկայացված են կեղծ տեղեկություններ.

բ) սույն օրենքի 16 հոդվածի 5-րդ կետով նախատեսված դեպքում.

գ) շահումով խաղի կազմակերպման կանոնները չեն համապատասխանում սույն հոդվածի 1-ին կետում նշված կարգի պահանջներին.

դ) լիցենզիայի հայցորդն ունի հարկային և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների ժամկետանց պարտավորություններ:

3. Լիցենզիա ստանալու դիմումը մերժելու մասին լիազոր մարմնի որոշումը դրա կայացման հիմքերի հետ միասին եռօրյա ժամկետում տրամադրվում կամ փոստով ուղարկվում է դիմողին:

4. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված հիմքերի բացակայության դեպքում լիազոր մարմինը որոշում է ընդունում բավարարել լիցենզիա ստանալու դիմումը և այդ որոշումը եռօրյա ժամկետում տրամադրում կամ փոստով ուղարկում է դիմողին:

5. Լիցենզիա ստանալու դիմումում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների` վրիպումների, ոչ իրավաբանական բնույթի անճշտությունների, նման այլ բացթողումների առկայության դեպքում լիազոր մարմինը որոշում է ընդունում բավարարել լիցենզիա ստանալու դիմումը վերապահումով, որ լիցենզիան կտրվի նկատված թերությունների վերացման դեպքում: Լիազոր մարմինը լիցենզիա ստանալու դիմումը վերապահումով բավարարելու մասին որոշումը եռօրյա ժամկետում տրամադրում կամ փոստով ուղարկում է դիմողին:

6. Լիցենզիա ստանալու դիմումը բավարարելու որոշում ընդունելու դեպքում լիցենզիան դիմողին է տրամադրվում օրենքով սահմանված պետական տուրքի առաջին տարեկան վճարումը կատարելուց և ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում վճարումը հավաստող փաստաթուղթը ներկայացնելուց հետո:

7. Եթե սույն հոդվածի 5-րդ կետում նշված թերությունները վերացնելու մասին տեղեկությունները կամ լիցենզիա ստանալու համար պետական տուրքի առաջին տարեկան վճարման անդորրագիրը լիազոր մարմին են ներկայացվում սահմանված ժամկետից ուշ, ապա լիազոր մարմինը որպես լիցենզիան հանձնելու պայման դիմողից հայտարարագիր է պահանջում առ այն, որ անցած ժամանակահատվածում լիցենզիա ստանալու դիմումին կից փաստաթղթերը չեն կորցրել իրենց իրավական ուժը` սույն օրենքի և իրավական այլ ակտերի պահանջներին համապատասխանության իմաստով:

8. Եթե վերոհիշյալ հայտարարագիրը չի ներկայացվում կամ դիմողը հայտնում է, որ դիմումին կից փաստաթղթերից որևէ մեկը կորցրել է իրավական ուժը` սույն օրենքի և իրավական այլ ակտերի պահանջներին համապատասխանության իմաստով, ապա լիցենզիա տալու մասին լիազոր մարմնի որոշումը համարվում է չեղյալ, եթե միաժամանակ դիմողը չի ներկայացնում այնպիսի փաստաթղթեր, որոնք կապահովեն սույն հոդվածի 4-րդ կետի պայմանը:

9. Շահումով խաղեր կազմակերպելու լիցենզիան իրավունք չի տալիս խաղատուն կազմակերպել: Խաղատան լիցենզիան իրավունք է տալիս նույն խաղասրահում սույն օրենքի պահանջների պահպանմամբ կազմակերպել օրենքով չարգելված շահումով ցանկացած խաղ:

10. Լիցենզիայի ձևը սահմանում է լիազոր մարմինը:

11. Լիցենզիան տրվում է անժամկետ:

12. Լիցենզիան չի կարող գրավադրվել կամ օտարվել: Իրավաբանական անձի առանձնացման դեպքում լիցենզիան պահպանում է լիցենզիա ստացած անձը, իսկ անձի բաժանման դեպքում ստեղծված անձինք կարող են օրենքով սահմանված կարգով դիմել նոր լիցենզիա ստանալու համար:

13. Լիազոր մարմինը վարում է տրամադրված լիցենզիաների գրանցամատյան:

 

ՀՈԴՎԱԾ 9. ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ և ԽԱՂԱՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Շահումով խաղերի և խաղատների գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը` տեղում ստուգումների կամ փաստաթղթային վերահսկողության միջոցով, և դրա արդյունքներով, սույն օրենքով սահմանված խախտումների բացահայտման դեպքում, կիրառում է սույն օրենքի 11 հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցները:

2. Շահումով խաղերի և խաղատների գործունեության ստուգումներն իրականացվում են օրենքով սահմանված կարգով:

3. Փաստաթղթային վերահսկողությունն իրականացվում է լիազոր մարմնի սահմանած կարգով կազմակերպիչների կողմից իրենց գործունեության վերաբերյալ լիազոր մարմին ներկայացվող տեղեկությունների (հաշվետվությունների) վերլուծության միջոցով:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

ՀՈԴՎԱԾ 10. ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ

 

Սույն օրենքի իմաստով խախտում է համարվում, եթե կազմակերպիչը`

ա) խախտել է սույն օրենքի 6 հոդվածի 1-ին կետով սահմանված նվազագույն չափը.

բ) չի կատարել սույն օրենքի 6 հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջները.

գ) շահումով խաղի կամ խաղատան կազմակերպման և անցկացման գործունեություն է իրականացրել սույն օրենքի 7 հոդվածի 1-ին կետում նշված կանոններում սահմանված դրույթներին անհամապատասխան.

դ) խախտել է սույն օրենքով կամ իրավական այլ ակտերով սահմանված տեղեկությունների (հաշվետվությունների) ներկայացման ու հրապարակման կարգը կամ ներկայացրել է կեղծ տվյալներ.

ե) լիցենզիա ստանալու համար դիմումը ներկայացնելիս կամ դրանից հետո մինչև լիցենզիան ստանալու պահը խեղաթյուրել է պահանջվող տեղեկությունները կամ ներկայացրել է ոչ լիարժեք տեղեկություններ, եթե դրանց ճիշտ կամ լիարժեք ներկայացումը կհանգեցներ լիցենզիա ստանալու դիմումի մերժման:

 

ՀՈԴՎԱԾ 11. ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

Սույն օրենքի խախտման դեպքում լիազոր մարմինը կազմակերպչի նկատմամբ կիրառում է պատասխանատվության հետևյալ միջոցները`

ա) նախազգուշացում և խախտումները վերացնելու հանձնարարական.

բ) տուգանք.

գ) լիցենզիայի գործողության կասեցում.

դ) լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում:

 

ՀՈԴՎԱԾ 12. ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄԸ և ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ

 

1. Տեղում ստուգումների կամ փաստաթղթային վերահսկողության միջոցով լիազոր մարմինն արձանագրում է թույլ տրված խախտումը և այդ մասին նախազգուշացնում է կազմակերպչին:

2. Նախազգուշացումը նախատեսում է նաև թույլ տրված խախտումը լիազոր մարմնի կողմից սահմանված ժամկետում վերացնելու կամ ապագայում նման խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարական, որի կատարումը պարտադիր է:

3. Նախազգուշացումը որպես պատասխանատվության միջոց կիրառվում է, եթե կազմակերպիչը`

ա) թույլ է տվել սույն օրենքի 10 հոդվածի «դ» ենթակետով նախատեսված տեղեկությունների (հաշվետվությունների) ներկայացման ու հրապարակման կարգի խախտում.

բ) չի ապահովել սույն օրենքի 6 հոդվածի 2-րդ կետի «բ», «գ», «է» կամ «թ» ենթակետերում նշված պահանջներից որևէ մեկը:

 

ՀՈԴՎԱԾ 13. ՏՈՒԳԱՆՔԸ

 

1. Տուգանքը կիրառվում և գանձվում է լիազոր մարմնի կողմից: Եթե կազմակերպիչը համաձայն չէ տուգանքի կիրառման վերաբերյալ լիազոր մարմնի որոշման հետ, ապա լիազոր մարմինը տուգանքը գանձելու հայցով դիմում է դատարան:

2. Տուգանքը որպես պատասխանատվության միջոց կիրառվում է, եթե կազմակերպիչը`

ա) խախտել է սույն օրենքի 6 հոդվածի 1-ին կետով սահմանված նվազագույն չափը` յուրաքանչյուր խաղային ավտոմատի համար երկու հարյուր հազար դրամի չափով.

բ) խախտել է սույն օրենքի 6 հոդվածի 2-րդ կետի «դ» ենթակետով սահմանված պահանջը` հարյուր հազար դրամի չափով.

գ) խախտել է սույն օրենքի 6 հոդվածի 2-րդ կետի «ե» ենթակետով սահմանված պահանջը` երեք հարյուր հազար դրամի չափով.

դ) խախտել է սույն օրենքի 6 հոդվածի 2-րդ կետի «զ» ենթակետով սահմանված պահանջը` երկու հարյուր հազար դրամի չափով.

ե) սույն օրենքի 12 հոդվածին համապատասխան նախազգուշացում կիրառելուց հետո երկու տարվա ընթացքում կրկնել է նույն խախտումը` հարյուր հազար դրամի չափով:

3. Սույն հոդվածի 2-րդ կետի համաձայն տուգանքի կիրառումից հետո երկու տարվա ընթացքում տուգանքի կիրառման համար հիմք հանդիսացող խախտումը շարունակելու կամ այդպիսի նոր խախտում թույլ տալու դեպքում տուգանքի չափին ավելացվում է մեկ միլիոն դրամով:

4. Տեղեկությունները (հաշվետվությունները) ուշ ներկայացնելու կամ դրանցում անարժանահավատ տվյալներ արտացոլելու համար լիազոր մարմինը կարող է կազմակերպչի ղեկավարների նկատմամբ տուգանք նշանակելու հայցով դիմել դատարան` հարյուր հազար դրամը չգերազանցող չափով:

 

ՀՈԴՎԱԾ 14. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ

 

1. Լիազոր մարմինը կասեցնում է լիցենզիայի գործողությունը, եթե կազմակերպիչը`

ա) խախտել է սույն օրենքի 6 հոդվածի 2-րդ կետի «ա» կամ «ը» ենթակետերում սահմանված պահանջները.

բ) խախտել է սույն օրենքի 7 հոդվածի պահանջները.

գ) ունի հարկային և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների ժամկետանց պարտավորություններ:

2. Լիցենզիայի գործողության կասեցման լիազոր մարմնի սահմանած ժամկետը չի կարող գերազանցել 45 օրը:

3. Լիցենզիայի գործողության կասեցման ժամկետի ընթացքում կազմակերպիչը չի կարող իրականացնել խաղատների, շահումով խաղերի կազմակերպման գործունեություն: Լիցենզիայի գործողության կասեցման ժամկետի ընթացքում կազմակերպչի կողմից խաղատների, շահումով խաղերի կազմակերպման գործունեություն իրականացնելը դիտարկվում է որպես առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվել և առաջացնում է պատասխանատվություն` օրենսդրությամբ սահմանված կարգով:

4. Լիցենզիայի գործողության կասեցմանը լիազոր մարմինն անդրադառնում է կասեցման համար հիմք հանդիսացած խախտումների վերացման մասին կազմակերպչի կողմից լիազոր մարմնին տեղեկացնելուց հետո` 15 օրվա ընթացքում, իսկ կասեցման ժամկետի ընթացքում նման տեղեկություն չներկայացնելու դեպքում` կասեցման ժամկետից հետո` 15 օրվա ընթացքում:

5. Եթե սույն հոդվածի 4-րդ կետին համապատասխան լիազոր մարմինը լիցենզիայի գործողության կասեցմանն անդրադառնում է սույն հոդվածի 2-րդ կետի համաձայն սահմանված ժամկետի ավարտից հետո, ապա անկախ այդ ժամկետից լիցենզիայի գործողությունը մնում է կասեցված` մինչև լիազոր մարմնի կողմից լիցենզիայի գործողության կասեցմանն անդրադառնալը, բայց ոչ ուշ, քան սույն հոդվածի 4-րդ կետով նախատեսված ժամկետը: Սույն հոդվածի 4-րդ կետով նախատեսված ժամկետում լիցենզիայի գործողության կասեցմանը լիազոր մարմնի կողմից չանդրադառնալու դեպքում լիցենզիայի գործողության կասեցումը համարվում է դադարեցված, իսկ լիցենզիայի գործողությունը` վերականգնված:

 

ՀՈԴՎԱԾ 15. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉՈՒՄԸ

 

1. Լիազոր մարմինը լիցենզիան ուժը կորցրած է ճանաչում, եթե կազմակերպիչը`

ա) սույն օրենքի 10 հոդվածի «դ» ենթակետում նշված փաստաթղթերում ներկայացրել է կեղծ տվյալներ.

բ) թույլ է տվել սույն օրենքի 10 հոդվածի «ե» ենթակետում նշված խախտումը.

գ) սույն օրենքի 13 հոդվածին համապատասխան տուգանք կիրառելուց հետո երկու տարվա ընթացքում երրորդ անգամ թույլ է տվել տուգանքի կիրառման համար հիմք հանդիսացող խախտում.

դ) սույն օրենքի 14 հոդվածին համապատասխան լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող խախտում թույլ տալուց հետո` երկու տարվա ընթացքում, թույլ է տվել խախտում, որը հիմք է լիցենզիայի գործողությունը կրկին կասեցնելու համար:

2. Լիցենզիան լիազոր մարմնի կողմից ուժը կորցրած է ճանաչվում կազմակերպչի պատշաճ ծանուցմամբ իրականացվող քննարկման արդյունքներով, եթե առկա է սույն հոդվածի 1-ին կետով սահմանված հիմքերից առնվազն մեկը:

3. Լիազոր մարմինը լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մտադրության մասին կազմակերպչին տեղեկացնում է քննարկումից առնվազն տասնհինգ օր առաջ` գրության մեջ նշելով`

ա) լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու իրավական հիմքերն ու հետևանքները.

բ) այն փաստերն ու փաստաթղթերը, որոնք հիմք են ծառայել լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու համար (կցելով դրանց պատճենները).

գ) քննարկման վայրը, ամսաթիվը և ժամը.

դ) լիազոր մարմնի այն պաշտոնատար անձի անունն ու պաշտոնը, որին կարող են դիմումներ և միջնորդություններ ներկայացվել:

4. Սույն հոդվածի 3-րդ կետում նախատեսված գրության մեջ նշված օրը, ժամին և վայրում լիազոր մարմինը քննում է լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին հարցը` անկախ կազմակերպչի ներկայացուցչի ներկայությունից:

 

ՀՈԴՎԱԾ 16. ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ

 

1. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը լիազոր մարմինը հնգօրյա ժամկետում հրապարակում է զանգվածային լրատվության միջոցներով և դրա կայացման հիմքերի հետ միասին եռօրյա ժամկետում տրամադրում կամ փոստով ուղարկում է կազմակերպչին:

2. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, եթե դրանով այլ ժամկետ սահմանված չէ:

3. Լիցենզիան կարող է ուժը կորցրած ճանաչվել նաև կազմակերպչի միջնորդության հիման վրա:

4. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու պահից կազմակերպիչը դադարեցնում է շահումով խաղերի, խաղատների գործունեությունն ու հնգօրյա ժամկետում լիազոր մարմնին վերադարձնում է լիցենզիայի բնօրինակը:

5. Բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքի, լիցենզիան ուժը կորցրած ճանաչելուց հետո` մեկ տարվա ընթացքում, լիցենզիա ստանալու համար իրավունք չունեն դիմելու`

ա) կազմակերպությունը, որի լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել.

բ) լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու հիմքերի արձանագրման պահին այդ կազմակերպության կանոնադրական կապիտալում մեկ երրորդից ավելի մասնակցություն ունեցող կազմակերպությունը.

գ) կազմակերպությունը, որի կանոնադրական կապիտալում մեկ երրորդից ավելի մասնակցությամբ որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձ լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու հիմքերի արձանագրման պահին այդ կազմակերպության կանոնադրական կապիտալում ունեցել է մեկ երրորդից ավելի մասնակցություն:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 17. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը սահմանված կարգով տրված լիցենզիաները սույն օրենքի պահանջների պահպանմամբ ուժի մեջ են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը, բայց ոչ ավելի, քան օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարի:

2. Անկախ սույն օրենքի 6 հոդվածի 3-րդ կետի և սույն հոդվածի 1-ին կետի դրույթներից, սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ սահմանված կարգով տրված լիցենզիաների հիման վրա խաղատան կամ շահումով խաղի կազմակերպիչները կարող են նոր լիցենզիայի հիման վրա նույն վայրում շարունակել իրենց գործունեությունը, բայց ոչ ավելի, քան սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկու տարի:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան
   

Երևան
16 նոյեմբերի 2000 թ.
ՀՕ-102

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
13.12.2003, ՀՕ-1-Ն 24.01.2004, ՀՕ-102
29.05.2002, ՀՕ-331 12.06.2002, ՀՕ-102
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան