Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.12.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.08.21-2023.09.03 Պաշտոնական հրապարակման օրը 23.08.2023
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
20.12.2022
Подписан
Նախագահող
Дата подписания
20.12.2022
Дата вступления в силу
20.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/25265/02/20

2022 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/25265/02/20

Նախագահող դատավոր`

 Կ. Չիլինգարյան

Դատավորներ`

 Ն Կարապետյան

 Տ. Նազարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Մ. Դրմեյան

զեկուցող

Ս. Անտոնյան

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Գ. Հակոբյան

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2022 թվականի դեկտեմբերի 20-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Հաֆ-Հաֆ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29032022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի «Փաուս» ՍՊԸ-ի ընդդեմ Ընկերության` բարի համբավին զրպարտությամբ պատճառված վնասների հատուցման, զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` «Փաուս» ՍՊԸ-ն պահանջել է Ընկերությանը պարտավորեցնել իր կողմից շահագործվող և տիրապետվող www. facebook.com սոցիալական կայքի իր օգտահաշվի՝ էջի, (ֆեյսբուքյան էջի հղումը՝ https: //www. facebook. com/HafHafshops) միջոցով հրապարակայնորեն հերքել նույն ֆեյսբուքյան էջում 12.08.2020 թվականին ժամը 11:37-ին և ժամը 14:30-ին կատարված հրապարակումների բովանդակության մեջ առկա հայցվոր «Փաուս» ՍՊԸ-ի վերաբերյալ զրպարտություն համարվող փաստացի տվյալները՝ www. facebook.com սոցիալական կայքի իր օգտահաշվում՝ Էջում (https: //www. facebook. com/HafHafshops), մեկ ամիս տևողությամբ բոլորի համար հասանելի ռեժիմով (public) տեղադրելով հետևյալ հերքման տեքստը. ՀԵՐՔՄԱՆ ՏԵՔՍՏ՝ «ՀԵՐՔՈՒՄ՝ ԸՍՏ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃՌԻ:

12.08.2020Թ.-ԻՆ WWW. FACEBOOK.COM ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՅՔՈՒՄ ԱՌԿԱ ԻՐ ՕԳՏԱՀԱՇՎԻ ԷՋՈՒՄ «ՀԱՖ-ՀԱՖ» ՍՊԸ-ն ԺԱՄԸ 11:37-ին ԵՎ 14:30-ԻՆ ԿԱՏԱՐԵԼ Է ԵՐԿՈՒ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ, ՈՐՏԵՂ «ՓԱՈՒՍ» ՍՊԸ-Ի ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ:

«Հաֆ-Հաֆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը իրեն պատկանող և իր կողմից օգտագործվող www. facebook.com սոցիալական կայքի իր օգտահաշվում 12.08.2020թ.-ին ժամը 11:37-ին և 14:30-ին տարածել է երկու հրապարկումներ, որոնցում առկա են իրականությանը չհամապատասխանող փաստեր և տվյալներ «Փաուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության վերաբերյալ, և այդ փաստերի մասին հրապարակումը հանդիսանում է զրպարտություն: Ներկայումս «Հաֆ-Հաֆ» ՍՊԸ-ն հիմք ընդունելով թիվ ——— /պետք է նշել քաղ. գործի համարը/ քաղաքացիական գործով կայացված վճիռը՝ հրապարակային կարգով հերքում է իր ֆեյսբուքյան էջում 12.08.2020թ.- ին ժամը 11:37-ին և 14:30-ին տարածած հրապարակումներում «Փաուս» ՍՊԸ-ի վերաբերյալ առկա փաստերը և պնդումները՝ հայտարարելով, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում, դրանք հրապարակվել են առանց դրանք հիմնավորող հիմքերի և ապացույցների, որի համար «Հաֆ-Հաֆ» ՍՊԸ-ն զղջում է»:

Ընկերությունից հօգուտ հայցվոր «Փաուս» ՍՊԸ-ի բռնագանձել 2.000.000 ՀՀ դրամ՝ որպես հայցվորի գործարար բարի համբավին զրպարտությամբ պատճառված վնասի համար դրամական փոխհատուցում:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Սահակյան) (այսուհետ` Դատարան) 29112021 թվականի վճռով սկզբնական հայցը բավարարվել է մասնակիորեն՝ պարտավորեցնել Ընկերությանը իր կողմից շահագործվող և տիրապետվող www.facebook.com սոցիալական կայքի իր օգտահաշվի՝ էջի (ֆայսբուքյան էջի հղումը՝ https://www.facebook.com/HafHafshops) միջոցով հրապարակայնորեն գրավոր հերքել նույն ֆեյսբուքյան էջում 12082020 թվականին ժամը 11։37-ին և ժամը 14։30-ին կատարված հրապարակումներում առկա հայցվոր «Փաուս» ՍՊԸ-ի վերաբերյալ զրպարտություն համարվող փաստացի տվյալներն այն մասին, որ «Փաուս» ՍՊԸ-ն կատարել է անառողջ մրցակցության փորձ և կարող է դրսևորել ոչ բարեխիղճ վերաբերմունք իր սպառողների հանդեպ։ Հերքումը հրապարակել այնպես, որ այն իր տեղակայման, ձևավորման, տառատեսակի չափի ու տեսակի, հրապարակման ժամի առումով չզիջի Ընկերության https://www.facebook.com/HafHafshops էջում 12082020 թվականին ժամը 11։37-ին և ժամը 14։30-ին կատարված հրապարակումներին։ Հայցը մնացած մասով, մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29032022 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:

Դատավոր Կ Չիլինգարյանը սույն գործով հայտնել է հատուկ կարծիք։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Լիանա Լոբասյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր։

 

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Այսպես․ սույն գործի շրջանակներում Վերաքննիչ դատարանը պատշաճ, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի ուսումնասիրել ներկայացված ապացույցը: Եթե Վերաքննիչ դատարանը ներկայացված ապացույցը ուսումնասիրեր բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ, ստուգեր ապացույցի հավաստիությունն ու արժանահավատությունը, ինչը կարող էր իրականացնել ընդամենը բեռնային համարը մուտքագրելով «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կայքէջի հենց գլխավոր էջում բացվող պատուհանում՝ պարզ կդառնար, որ Ընկերության կողմից DLEO102831401AM պատվիրված նամակը հասցեագրված է եղել «Փաուս» ՍՊԸ-ին՝ ՀՀ, ք. Երևան, Վարշավյան փող. 8 հասցեով: Այդ դեպքում ստորադաս դատարանը ներկայացված փոստային անդորրագիրը կհետազոտեր, կգնահատեր այլ ապացույցի հետ համադրման միջոցով և արդյունքում կհաստատեր այն հանգամանքը, որ Ընկերությունը կատարել է իր պարտավորությունը՝ պատշաճ ծանուցել է հայցվորին։

Այսպիսով՝ բողոքաբերը նշել է, որ փաստացի Ընկերությունը հայցվորին վերաքննիչ բողոքը և դրան կից ներկայացվող փաստաթղթերը ուղարկել է ՀՀ, ք. Երևան, Վարշավյան փողոց, տուն 8 հասցեով, ինչը հավաստվում է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի 24.05.2022 թվականի թիվ ՀՓ/3560-2022 տեղեկանքով և թիվ DLEO102831401AM կոդով ուղարկված փոստային առաքանու կտրոնի (ստացականի) վրա արված ուղղումով, որը կատարվել է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից 20.05.2022 թվականին։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 29.03.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

ՀՀ սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում անդրադարձել է դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի բաղադրատարր հանդիսացող` դատական ակտի բողոքարկման իրավունքի լիարժեք և արդյունավետ իրացումն ապահովելու խնդիրներին և այդ կապակցությամբ հայտնել է մի շարք սկզբունքային իրավական դիրքորոշումներ:

Անդրադառնալով սահմանադրորեն երաշխավորված անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման իրավական խնդրին` ՀՀ սահմանադրական դատարանն իր 28.11.2007 թվականի թիվ ՍԴՈ-719 որոշման մեջ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. անձի` դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից ածանցվում է պետության պոզիտիվ պարտականությունը` ապահովել այն թե՛ նորմաստեղծ, թե՛ իրավակիրառ գործունեություն իրականացնելիս: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը և պայմանները սահմանում է օրենսդիրը: Օրենսդիրն այս գործընթացում օժտված է գնահատման որոշակի ազատությամբ, սակայն սա չի նշանակում, որ օրենսդիրն իրավասու է սահմանելու դատարան դիմելու իրավունքի իրացմանը վերաբերող ցանկացած իրավակարգավորում: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված այս հիմնարար իրավունքի իրացման կարգը և պայմանները նախատեսող իրավակարգավորումները պետք է նպատակ հետապնդեն ապահովելու դատական պաշտպանության միջոցների գործնականում արդյունավետ երաշխավորումը, այլ խոսքով` արդարադատության պատշաճ իրականացումը և անձանց իրավունքների և ազատությունների գործնականում արդյունավետ պաշտպանությունը:

Մեկ այլ, այն է՝ 25.11.2008 թվականի թիվ ՍԴՈ-780 որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի 18.07.2013 թվականի թիվ ՍԴՈ-1037 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման՝ դատական ակտերի բողոքարկման ինստիտուտի նպատակը ոչ միայն ներկայացված պահանջի մերժման կամ բավարարման իրավաչափության ստուգումն է։ Այս ինստիտուտն այն հիմնական և էական իրավական երաշխիքն է, որի միջոցով ապահովվում է ստորադաս դատարանի կողմից արդար դատաքննության իրավունքի հիմնական բաղադրատարրերի, մասնավորապես, [2005 թվականի փոփոխություններով] ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասով և Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված դատավարական երաշխիքների պահպանումը։ Բոլոր այն դեպքերում, երբ առաջին ատյանի դատարանը չի պահպանել հիշյալ դատավարական երաշխիքները, քաղաքացին չունենալով վերաքննության իրավունք, ըստ էության զրկվում է իր գործի արդար դատաքննության իրավունքն արդյունավետորեն իրացնելու հնարավորությունից և արդար դատաքննության իրավունքի խախտման դեմ պաշտպանության արդյունավետ միջոցից։

Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե´ս, Ashingdane v. The United Kingdom, թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):

Եվրոպական դատարանը մեկ այլ վճռով նշել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «...պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը 6-րդ հոդվածի 1-ին կետին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե´ս, Khalfaoui v. France, թիվ 34791/97 գանգատով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):

Եվրոպական դատարանը նշել է նաև, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները՝ խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):

Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներում (տե´ս, ՍԴՈ-652, ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-765, ՍԴՈ-844, ՍԴՈ-873, ՍԴՈ-890, ՍԴՈ-932, ՍԴՈ-942, ՍԴՈ-1037, ՍԴՈ-1052, ՍԴՈ-1115, ՍԴՈ-1127, ՍԴՈ-1190, ՍԴՈ-1192, ՍԴՈ-1196, ՍԴՈ-1197, ՍԴՈ-1220, ՍԴՈ-1222, ՍԴՈ-1257, ՍԴՈ-1289) կարևորելով իրավակարգավորման մի շարք սկզբունքներ, նաև արձանագրել է, որ`

- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

-դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,

-իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման:

Բողոքարկման իրավունքի և այդ համատեքստում նաև դատարանի մատչելիության վերաբերյալ վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով կիրառման ենթակա իրավակարգավորումներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճիռների և նույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումների դեմ, վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 367-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերն ուղարկվում կամ հանձնվում են վերաքննիչ դատարան։ Բողոք ներկայացնողը վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերի պատճեններն ուղարկում է գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը՝ դատական ակտը կայացրած դատարան:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի, 5-րդ մասի համաձայն` բողոքին կցվում են (...) բողոքը գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը՝ դատական ակտը կայացրած դատարանին ուղարկելու մասին ապացույցները (...):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ օրենսդրի կողմից սահմանվել է այն ընթացակարգը, որի պահպանմամբ անձը կարող է իրացնել բողոքարկման իր իրավունքը: Ըստ այդմ, վերաքննիչ բողոք բերող անձը պարտավորվում է գործին մասնակցող անձանց պատշաճ ձևով ուղարկել բողոքի և դրան կից փաստաթղթերի պատճենները: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է նաև, որ բողոքի և դրան կից փաստաթղթերի պատճենները գործին մասնակցող անձանց ուղարկելու՝ վերաքննիչ բողոք բերող անձի պարտականության սահմանումն օրենսդրի կողմից ինքնանպատակ չէ, այլ ուղղված է գործին մասնակցող անձանց` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված իրենց իրավունքների լիարժեք և արդյունավետ իրականացման ապահովմանը, որոնցից է, օրինակ, վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու իրավունքը: Գործին մասնակցող անձը կարող է լիարժեք իրականացնել օրենքով սահմանված իր իրավունքները միայն այն դեպքում, երբ ծանոթ է վերաքննիչ բողոքին և դրա բովանդակությանը (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ընդդեմ Ա/Ձ Հասմիկ Գալստյանի թիվ ԵԱՔԴ/0212/04/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2017 թվականի որոշումը):

Ուստի ցանկացած պարագայում դատարանը պարտականություն է կրում ստուգելու` արդյոք բողոք բերած անձը բողոքն ուղարկել է գործին մաuնակցող այլ անձանց, և արդյոք այն ուղարկվել է ճիշտ հասցեով, քանի որ դրա հիման վրա է դատարանն ապահովում կողմերի մրցակցության և իրավահավասարության սկզբունքի պատշաճ իրականացումը: Նշված պահանջը չպահպանելու դեպքում վերաքննիչ բողոքը ենթակա է վերադարձման:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոք բերած անձն ըստ էության կատարել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջը, և բողոքն ուղարկվել է գործին մասնակցող անձանց թեկուզև որևէ թերությամբ նշված հասցեով կամ անվանմամբ, սակայն թերությունն այնպիսին չէր, որ խոչընդոտեր փոստային առաքանու հանձնումը հասցեատիրոջը, ապա միայն այդ հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելը գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականության դրսևորում է և կհանգեցնի անձի՝ դատարանի մատչելիության իրավունքի անհարկի սահմանափակման:

Սույն գործով Ընկերությունը Դատարանի 29112021 թվականի վճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք (հատոր 2-րդ, գ.թ. 52-63):

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08022022 թվականի որոշմամբ Ընկերության՝ վերաքննիչ բողոքը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ «վերաքննիչ բողոքը բերվել է օրենքով սահմանված մեկամսյա ժամկետը լրանալուց հետո և չի ուղեկցվում այդ ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությամբ (Վճիռը ՀՀ դատական տեղեկատվական համակարգի պաշտոնական ինտերնետային կայքի միջոցով հրապարակվել է 10.12.2020թ., ուստի դրա բողոքարկման ժամկետի հոսքն օրենքի ուժով սկսվել է 11.12.2020թ. և ավարտվել է 11.01.2022թ., իսկ բողոք բերած անձն էլ կարող էր այն բողոքարկել մինչև 11.01.2022թ. ներառյալ). վերաքննիչ բողոքում չի նշվել հայցվորի հասցեն (որպես հասցե նշվել է «ք. Երևան, Կարապետ Ուլնեցու փողոցի 1-ին փակուղու 2-րդ շենք, բն. 22», մինչդեռ հայցվորի հասցեն է «ՀՀ, ք. Երևան, 0037, Քանաքեռ-Զեյթուն, Վարշավյան փողոց, տուն 8»` ըստ գործում առկա տվյալների). վերաքննիչ բողոքը եզրափակող` բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը չի համապատասխանում բողոքին փաստացի կցված փաստաթղթերի կազմին (ցանկում նշված «Լիազորագրի պատճենը ...» չի կցվել վերաքննիչ բողոքին, իսկ վերաքննիչ բողոքին փաստացի կցված Վճռի բնօրինակը և «DLEO101614964AM» կոդով առաքանուն վերաբերող ծրարը չեն նշվել ցանկում) վերաքննիչ բողոքին չի կցվել դրա օրինակը հայցվորին ուղարկելու փաստը հաստատող որևէ վերաբերելի ապացույց (ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքին կցված փոստային առաքման անդորրագրին (առաքանի թիվ 5926465, կոդը` «DLEO102009438AM»), ապա դրանում որպես ստացողի հասցե նշվել է «Մարզ Երևան ք. Երևան փ. Կ Ուլնեցու 1 փակ, 2, 22», ուստի այդ անդորրագիրը վերաբերելի չէ հայցվորին, որի հասցեն է «ՀՀ, ք. Երևան, 0037, Քանաքեռ-Զեյթուն, Վարշավյան փողոց, տուն 8»` ըստ գործում առկա տվյալների). վերաքննիչ բողոքում չեն նշվել այն որպես պատասխանողի ներկայացուցիչ ստորագրած անձի անունը և ազգանունը, և բողոքին չի կցվել պատասխանողի անունից այն ներկայացնելու լիազորությունը հավաստող որևէ վերաբերելի և թույլատրելի ապացույց (գործում առկա է պատասխանողի կողմից 01.12.2020թ. մեկ տարի ժամկետով տրված մեկ լիազորագիր, որի գործողության ժամկետը լրացել է դեռևս 02.12.2021թ., և դրանում նշված որևէ անձ բողոքը ներկայացնելու պահի դրությամբ չէր կարող այն ստորագրել տվյալ լիազորագրի հիման վրա)»։ (հատոր 2-րդ, գ.թ. 80-81):

Ընկերությունը, Դատարանի 29112022 թվականի վճռի դեմ կրկին ներկայացնելով վերաքննիչ բողոք, ի թիվս այլնի, վերաքննիչ բողոքում ներառել է վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետի բաց թողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն, ինչպես նաև 21032022 թվականին «Փաուս» ՍՊԸ-ին վերաքննիչ բողոքը ուղարկելու, այն է՝ «ք Երևան, Վաղարշյան փողոց 8 տուն» բովանդակությամբ թիվ DLEO102831401AM կոդով (առաքանի թիվ 7824536) փոստային անդորրագիրը (հատոր 2-րդ, գ.թ. 89-104):

Վերաքննիչ դատարանն իր 29.03.2022 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ «բողոք բերող անձի կողմից չի շտկվել 4-րդ խախտումը, այն է՝ վերաքննիչ բողոքը հայցվորին է ուղարկվել «քԵրևան, Վաղարշյան 8» հասցեով, մինչդեռ հայցվորի հասցեն է՝ «քԵրևան, Վարշավյան փողոց, տուն 8» հասցեն» (հատոր 2-րդ, գ.թ. 122-123)։

 

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Ըստ գործում առկա հայցադիմումի՝ «Փաուս» ՍՊԸ-ի հասցեն է՝ «ք. Երևան, Վարշավյան փողոց 8 տուն» (հատոր 1-ին, գ.թ. 5):

Դատարանի 29112021 թվականի վճռի դեմ Ընկերության բերած վերաքննիչ բողոքի օրինակը 21032022 թվականին փոստային առաքմամբ ուղարկվել է քԵրևան, Վաղարշյան փողոց, տուն 8 հասցեով։ Հայցվորը վերաքննիչ բողոքը և դրան կից ներկայացվող փաստաթղթերը ուղարկել է ՀՀ, ք. Երևան, Վարշավյան փողոց, տուն 8 հասցեով, ինչը հավաստվում է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի 24.05.2022 թվականի թիվ ՀՓ/3560-2022 տեղեկանքով և թիվ DLEO102831401AM կոդով ուղարկված փոստային առաքանու կտրոնի (ստացականի) վրա արված ուղղումով, որը կատարվել է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից 20.05.2022 թվականին (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):

Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ կողմերի մրցակցության և հավասարության սկզբունքի պահպանության անհրաժեշտությունից ելնելով՝ վերաքննիչ բողոք ներկայացնող անձը պարտավոր էր վերաքննիչ բողոքն ուղարկել նաև գործին մասնակցող անձանց, ընդ որում, այնպիսի պատշաճ կարգով և հասցեով, որը կապահովեր վերջիններիս կողմից բողոքի ստացումը: Նման պատշաճ հասցեն տվյալ դեպքում գործին մասնակցող անձանց հայցադիմումում նշված հասցեներն են: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատավարության մասնակցի վրա պատշաճ կարգով բողոքը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականությունն այնպիսի սահմանափակում չէ, որը խաթարի դատարանի մատչելիության իրավունքը: Ուստի Ընկերությունը պարտավոր էր պատշաճ կարգով բողոքն ուղարկել «Փաուս» ՍՊԸ-ին:

Անդրադառնալով նշված պարտականությունը Ընկերության կողմից կատարված լինելուն՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Ընկերության կողմից կատարվել է իր դատավարական պարտականությունը դրա մասին է վկայում այն հանգամանքը, որ առաքանին փաստացի ուղարկել է ՀՀ, ք. Երևան, Վարշավյան փողոց, տուն 8 հասցեով, ինչը հավաստվում է վճռաբեկ բողոքին կից ներկայացրված «ՀայՓոստ» ՓԲԸ-ի 24.05.2022 թվականի թիվ ՀՓ/3560-2022 տեղեկանքով։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սահմանափակվել են Ընկերության դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները: Արդյունքում Ընկերությունը զրկվել է իր գործի արդար դատաքննության իրավունքն արդյունավետորեն իրացնելու հնարավորությունից և արդար դատաքննության իրավունքի ենթադրյալ խախտման դեմ պաշտպանության արդյունավետ միջոցից։

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29032022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Մ. Դրմեյան

Զեկուցող

Ս. Անտոնյան

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Գ. Հակոբյան

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

Հատուկ կարծիք

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից թիվ ԵԴ/25265/02/20 քաղաքացիական գործով 20.12.2022 թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ

 

20.12.2022 թվական

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2022 թվականի դեկտեմբերի 20-ին գրավոր ընթացակարգով քննելով «Հաֆ-Հաֆ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29032022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ՝ ըստ հայցի «Փաուս» ՍՊԸ-ի ընդդեմ Ընկերության` բարի համբավին զրպարտությամբ պատճառված վնասների հատուցման, զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու պահանջների մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29032022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ հատուկ կարծիքս այդ մասերի վերաբերյալ:

 

1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.

«Դիմելով դատարան` «Փաուս» ՍՊԸ-ն պահանջել է Ընկերությանը պարտավորեցնել իր կողմից շահագործվող և տիրապետվող www. facebook.com սոցիալական կայքի իր օգտահաշվի՝ էջի, (ֆեյսբուքյան էջի հղումը՝ https: //www. facebook. com/HafHafshops) միջոցով հրապարակայնորեն հերքել նույն ֆեյսբուքյան էջում 12.08.2020 թվականին ժամը 11:37-ին և ժամը 14:30-ին կատարված հրապարակումների բովանդակության մեջ առկա հայցվոր «Փաուս» ՍՊԸ-ի վերաբերյալ զրպարտություն համարվող փաստացի տվյալները՝ www. facebook.com սոցիալական կայքի իր օգտահաշվում՝ Էջում (https: //www. facebook. com/HafHafshops), մեկ ամիս տևողությամբ բոլորի համար հասանելի ռեժիմով (public) տեղադրելով հետևյալ հերքման տեքստը. ՀԵՐՔՄԱՆ ՏԵՔՍՏ՝ «ՀԵՐՔՈՒՄ՝ ԸՍՏ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃՌԻ:

12.08.2020Թ.-ԻՆ WWW. FACEBOOK.COM ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՅՔՈՒՄ ԱՌԿԱ ԻՐ ՕԳՏԱՀԱՇՎԻ ԷՋՈՒՄ «ՀԱՖ-ՀԱՖ» ՍՊԸ-ն ԺԱՄԸ 11:37-ին ԵՎ 14:30-ԻՆ ԿԱՏԱՐԵԼ Է ԵՐԿՈՒ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ, ՈՐՏԵՂ «ՓԱՈՒՍ» ՍՊԸ-Ի ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ:

«Հաֆ-Հաֆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը իրեն պատկանող և իր կողմից օգտագործվող www. facebook.com սոցիալական կայքի իր օգտահաշվում 12.08.2020թ.-ին ժամը 11:37-ին և 14:30-ին տարածել է երկու հրապարակումներ, որոնցում առկա են իրականությանը չհամապատասխանող փաստեր և տվյալներ «Փաուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության վերաբերյալ, և այդ փաստերի մասին հրապարակումը հանդիսանում է զրպարտություն: Ներկայումս «Հաֆ-Հաֆ» ՍՊԸ-ն հիմք ընդունելով թիվ ——— /պետք է նշել քաղ. գործի համարը/ քաղաքացիական գործով կայացված վճիռը՝ հրապարակային կարգով հերքում է իր ֆեյսբուքյան էջում 12.08.2020թ.- ին ժամը 11:37-ին և 14:30-ին տարածած հրապարակումներում «Փաուս» ՍՊԸ-ի վերաբերյալ առկա փաստերը և պնդումները՝ հայտարարելով, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում, դրանք հրապարակվել են առանց դրանք հիմնավորող հիմքերի և ապացույցների, որի համար «Հաֆ-Հաֆ» ՍՊԸ-ն զղջում է»:

Ընկերությունից հօգուտ հայցվոր «Փաուս» ՍՊԸ-ի բռնագանձել 2.000.000 ՀՀ դրամ՝ որպես հայցվորի գործարար բարի համբավին զրպարտությամբ պատճառված վնասի համար դրամական փոխհատուցում:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Սահակյան) (այսուհետ` Դատարան) 29112021 թվականի վճռով սկզբնական հայցը բավարարվել է մասնակիորեն՝ պարտավորեցնել Ընկերությանը իր կողմից շահագործվող և տիրապետվող www.facebook.com սոցիալական կայքի իր օգտահաշվի՝ էջի (ֆայսբուքյան էջի հղումը՝ https://www.facebook.com/HafHafshops) միջոցով հրապարակայնորեն գրավոր հերքել նույն ֆեյսբուքյան էջում 12082020 թվականին ժամը 11։37-ին և ժամը 14։30-ին կատարված հրապարակումներում առկա հայցվոր «Փաուս» ՍՊԸ-ի վերաբերյալ զրպարտություն համարվող փաստացի տվյալներն այն մասին, որ «Փաուս» ՍՊԸ-ն կատարել է անառողջ մրցակցության փորձ և կարող է դրսևորել ոչ բարեխիղճ վերաբերմունք իր սպառողների հանդեպ։ Հերքումը հրապարակել այնպես, որ այն իր տեղակայման, ձևավորման, տառատեսակի չափի ու տեսակի, հրապարակման ժամի առումով չզիջի Ընկերության https://www.facebook.com/HafHafshops էջում 12082020 թվականին ժամը 11։37-ին և ժամը 14։30-ին կատարված հրապարակումներին։ Հայցը մնացած մասով, մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29032022 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:

Դատավոր Կ Չիլինգարյանը սույն գործով հայտնել է հատուկ կարծիք։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Լիանա Լոբասյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել»։

 

2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմք, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.

«Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր։

 

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Այսպես սույն գործի շրջանակներում Վերաքննիչ դատարանը պատշաճ, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի ուսումնասիրել ներկայացված ապացույցը: Եթե Վերաքննիչ դատարանը ներկայացված ապացույցը ուսումնասիրեր բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ, ստուգեր ապացույցի հավաստիությունն ու արժանահավատությունը, ինչը կարող էր իրականացնել ընդամենը բեռնային համարը մուտքագրելով «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կայքէջի հենց գլխավոր էջում բացվող պատուհանում՝ պարզ կդառնար, որ Ընկերության կողմից DLEO102831401AM պատվիրված նամակը հասցեագրված է եղել «Փաուս» ՍՊԸ-ին՝ ՀՀ, ք. Երևան, Վարշավյան փող. 8 հասցեով: Այդ դեպքում ստորադաս դատարանը ներկայացված փոստային անդորրագիրը կհետազոտեր, կգնահատեր այլ ապացույցի հետ համադրման միջոցով և արդյունքում կհաստատեր այն հանգամանքը, որ Ընկերությունը կատարել է իր պարտավորությունը՝ պատշաճ ծանուցել է հայցվորին։

Այսպիսով՝ բողոքաբերը նշել է, որ փաստացի Ընկերությունը հայցվորին վերաքննիչ բողոքը և դրան կից ներկայացվող փաստաթղթերը ուղարկել է ՀՀ, ք. Երևան, Վարշավյան փողոց, տուն 8 հասցեով, ինչը հավաստվում է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի 24.05.2022 թվականի թիվ ՀՓ/3560-2022 տեղեկանքով և թիվ DLEO102831401AM կոդով ուղարկված փոստային առաքանու կտրոնի (ստացականի) վրա արված ուղղումով, որը կատարվել է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից 20.05.2022 թվականին։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 29.03.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը»:

 

3. Վճռաբեկ դատարանը որպես պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.

«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

ՀՀ սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում անդրադարձել է դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի բաղադրատարր հանդիսացող` դատական ակտի բողոքարկման իրավունքի լիարժեք և արդյունավետ իրացումն ապահովելու խնդիրներին և այդ կապակցությամբ հայտնել է մի շարք սկզբունքային իրավական դիրքորոշումներ:

Անդրադառնալով սահմանադրորեն երաշխավորված անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման իրավական խնդրին` ՀՀ սահմանադրական դատարանն իր 28.11.2007 թվականի թիվ ՍԴՈ-719 որոշման մեջ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. անձի` դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից ածանցվում է պետության պոզիտիվ պարտականությունը` ապահովել այն թե՛ նորմաստեղծ, թե՛ իրավակիրառ գործունեություն իրականացնելիս: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը և պայմանները սահմանում է օրենսդիրը: Օրենսդիրն այս գործընթացում օժտված է գնահատման որոշակի ազատությամբ, սակայն սա չի նշանակում, որ օրենսդիրն իրավասու է սահմանելու դատարան դիմելու իրավունքի իրացմանը վերաբերող ցանկացած իրավակարգավորում: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված այս հիմնարար իրավունքի իրացման կարգը և պայմանները նախատեսող իրավակարգավորումները պետք է նպատակ հետապնդեն ապահովելու դատական պաշտպանության միջոցների գործնականում արդյունավետ երաշխավորումը, այլ խոսքով` արդարադատության պատշաճ իրականացումը և անձանց իրավունքների և ազատությունների գործնականում արդյունավետ պաշտպանությունը:

Մեկ այլ, այն է՝ 25.11.2008 թվականի թիվ ՍԴՈ-780 որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի 18.07.2013 թվականի թիվ ՍԴՈ-1037 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման՝ դատական ակտերի բողոքարկման ինստիտուտի նպատակը ոչ միայն ներկայացված պահանջի մերժման կամ բավարարման իրավաչափության ստուգումն է։ Այս ինստիտուտն այն հիմնական և էական իրավական երաշխիքն է, որի միջոցով ապահովվում է ստորադաս դատարանի կողմից արդար դատաքննության իրավունքի հիմնական բաղադրատարրերի, մասնավորապես, [2005 թվականի փոփոխություններով] ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասով և Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված դատավարական երաշխիքների պահպանումը։ Բոլոր այն դեպքերում, երբ առաջին ատյանի դատարանը չի պահպանել հիշյալ դատավարական երաշխիքները, քաղաքացին չունենալով վերաքննության իրավունք, ըստ էության զրկվում է իր գործի արդար դատաքննության իրավունքն արդյունավետորեն իրացնելու հնարավորությունից և արդար դատաքննության իրավունքի խախտման դեմ պաշտպանության արդյունավետ միջոցից։

Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե´ս, Ashingdane v. The United Kingdom, թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):

Եվրոպական դատարանը մեկ այլ վճռով նշել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «...պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը 6-րդ հոդվածի 1-ին կետին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե´ս, Khalfaoui v. France, թիվ 34791/97 գանգատով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):

Եվրոպական դատարանը նշել է նաև, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները՝ խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):

Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներում (տե´ս, ՍԴՈ-652, ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-765, ՍԴՈ-844, ՍԴՈ-873, ՍԴՈ-890, ՍԴՈ-932, ՍԴՈ-942, ՍԴՈ-1037, ՍԴՈ-1052, ՍԴՈ-1115, ՍԴՈ-1127, ՍԴՈ-1190, ՍԴՈ-1192, ՍԴՈ-1196, ՍԴՈ-1197, ՍԴՈ-1220, ՍԴՈ-1222, ՍԴՈ-1257, ՍԴՈ-1289) կարևորելով իրավակարգավորման մի շարք սկզբունքներ, նաև արձանագրել է, որ`

- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

-դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,

-իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման:

Բողոքարկման իրավունքի և այդ համատեքստում նաև դատարանի մատչելիության վերաբերյալ վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով կիրառման ենթակա իրավակարգավորումներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճիռների և նույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումների դեմ, վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 367-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերն ուղարկվում կամ հանձնվում են վերաքննիչ դատարան։ Բողոք ներկայացնողը վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերի պատճեններն ուղարկում է գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը՝ դատական ակտը կայացրած դատարան:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի, 5-րդ մասի համաձայն` բողոքին կցվում են (...) բողոքը գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը՝ դատական ակտը կայացրած դատարանին ուղարկելու մասին ապացույցները (...):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ օրենսդրի կողմից սահմանվել է այն ընթացակարգը, որի պահպանմամբ անձը կարող է իրացնել բողոքարկման իր իրավունքը: Ըստ այդմ, վերաքննիչ բողոք բերող անձը պարտավորվում է գործին մասնակցող անձանց պատշաճ ձևով ուղարկել բողոքի և դրան կից փաստաթղթերի պատճենները: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է նաև, որ բողոքի և դրան կից փաստաթղթերի պատճենները գործին մասնակցող անձանց ուղարկելու՝ վերաքննիչ բողոք բերող անձի պարտականության սահմանումն օրենսդրի կողմից ինքնանպատակ չէ, այլ ուղղված է գործին մասնակցող անձանց` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված իրենց իրավունքների լիարժեք և արդյունավետ իրականացման ապահովմանը, որոնցից է, օրինակ, վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու իրավունքը: Գործին մասնակցող անձը կարող է լիարժեք իրականացնել օրենքով սահմանված իր իրավունքները միայն այն դեպքում, երբ ծանոթ է վերաքննիչ բողոքին և դրա բովանդակությանը (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ընդդեմ Ա/Ձ Հասմիկ Գալստյանի թիվ ԵԱՔԴ/0212/04/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2017 թվականի որոշումը):

Ուստի ցանկացած պարագայում դատարանը պարտականություն է կրում ստուգելու` արդյոք բողոք բերած անձը բողոքն ուղարկել է գործին մաuնակցող այլ անձանց, և արդյոք այն ուղարկվել է ճիշտ հասցեով, քանի որ դրա հիման վրա է դատարանն ապահովում կողմերի մրցակցության և իրավահավասարության սկզբունքի պատշաճ իրականացումը: Նշված պահանջը չպահպանելու դեպքում վերաքննիչ բողոքը ենթակա է վերադարձման:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոք բերած անձն ըստ էության կատարել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջը, և բողոքն ուղարկվել է գործին մասնակցող անձանց թեկուզև որևէ թերությամբ նշված հասցեով կամ անվանմամբ, սակայն թերությունն այնպիսին չէր, որ խոչընդոտեր փոստային առաքանու հանձնումը հասցեատիրոջը, ապա միայն այդ հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելը գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականության դրսևորում է և կհանգեցնի անձի՝ դատարանի մատչելիության իրավունքի անհարկի սահմանափակման:

Սույն գործով Ընկերությունը Դատարանի 29112021 թվականի վճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք (հատոր 2-րդ, գ.թ. 52-63):

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08022022 թվականի որոշմամբ Ընկերության՝ վերաքննիչ բողոքը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ «վերաքննիչ բողոքը բերվել է օրենքով սահմանված մեկամսյա ժամկետը լրանալուց հետո և չի ուղեկցվում այդ ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությամբ (Վճիռը ՀՀ դատական տեղեկատվական համակարգի պաշտոնական ինտերնետային կայքի միջոցով հրապարակվել է 10.12.2020թ., ուստի դրա բողոքարկման ժամկետի հոսքն օրենքի ուժով սկսվել է 11.12.2020թ. և ավարտվել է 11.01.2022թ., իսկ բողոք բերած անձն էլ կարող էր այն բողոքարկել մինչև 11.01.2022թ. ներառյալ). վերաքննիչ բողոքում չի նշվել հայցվորի հասցեն (որպես հասցե նշվել է «ք. Երևան, Կարապետ Ուլնեցու փողոցի 1-ին փակուղու 2-րդ շենք, բն. 22», մինչդեռ հայցվորի հասցեն է «ՀՀ, ք. Երևան, 0037, Քանաքեռ-Զեյթուն, Վարշավյան փողոց, տուն 8»` ըստ գործում առկա տվյալների). վերաքննիչ բողոքը եզրափակող` բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը չի համապատասխանում բողոքին փաստացի կցված փաստաթղթերի կազմին (ցանկում նշված «Լիազորագրի պատճենը ...» չի կցվել վերաքննիչ բողոքին, իսկ վերաքննիչ բողոքին փաստացի կցված Վճռի բնօրինակը և «DLEO101614964AM» կոդով առաքանուն վերաբերող ծրարը չեն նշվել ցանկում) վերաքննիչ բողոքին չի կցվել դրա օրինակը հայցվորին ուղարկելու փաստը հաստատող որևէ վերաբերելի ապացույց (ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքին կցված փոստային առաքման անդորրագրին (առաքանի թիվ 5926465, կոդը` «DLEO102009438AM»), ապա դրանում որպես ստացողի հասցե նշվել է «Մարզ Երևան ք. Երևան փ. Կ Ուլնեցու 1 փակ, 2, 22», ուստի այդ անդորրագիրը վերաբերելի չէ հայցվորին, որի հասցեն է «ՀՀ, ք. Երևան, 0037, Քանաքեռ-Զեյթուն, Վարշավյան փողոց, տուն 8»` ըստ գործում առկա տվյալների). վերաքննիչ բողոքում չեն նշվել այն որպես պատասխանողի ներկայացուցիչ ստորագրած անձի անունը և ազգանունը, և բողոքին չի կցվել պատասխանողի անունից այն ներկայացնելու լիազորությունը հավաստող որևէ վերաբերելի և թույլատրելի ապացույց (գործում առկա է պատասխանողի կողմից 01.12.2020թ. մեկ տարի ժամկետով տրված մեկ լիազորագիր, որի գործողության ժամկետը լրացել է դեռևս 02.12.2021թ., և դրանում նշված որևէ անձ բողոքը ներկայացնելու պահի դրությամբ չէր կարող այն ստորագրել տվյալ լիազորագրի հիման վրա)»։ (հատոր 2-րդ, գ.թ. 80-81):

Ընկերությունը, Դատարանի 29112022 թվականի վճռի դեմ կրկին ներկայացնելով վերաքննիչ բողոք, ի թիվս այլնի, վերաքննիչ բողոքում ներառել է վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետի բաց թողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն, ինչպես նաև 21032022 թվականին «Փաուս» ՍՊԸ-ին վերաքննիչ բողոքը ուղարկելու, այն է՝ «ք Երևան, Վաղարշյան փողոց 8 տուն» բովանդակությամբ թիվ DLEO102831401AM կոդով (առաքանի թիվ 7824536) փոստային անդորրագիրը (հատոր 2-րդ, գ.թ. 89-104):

Վերաքննիչ դատարանն իր 29.03.2022 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ «բողոք բերող անձի կողմից չի շտկվել 4-րդ խախտումը, այն է՝ վերաքննիչ բողոքը հայցվորին է ուղարկվել «քԵրևան, Վաղարշյան 8» հասցեով, մինչդեռ հայցվորի հասցեն է՝ «քԵրևան, Վարշավյան փողոց, տուն 8» հասցեն» (հատոր 2-րդ, գ.թ. 122-123)։

 

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Ըստ գործում առկա հայցադիմումի՝ «Փաուս» ՍՊԸ-ի հասցեն է՝ «ք. Երևան, Վարշավյան փողոց 8 տուն» (հատոր 1-ին, գ.թ. 5):

Դատարանի 29112021 թվականի վճռի դեմ Ընկերության բերած վերաքննիչ բողոքի օրինակը 21032022 թվականին փոստային առաքմամբ ուղարկվել է քԵրևան, Վաղարշյան փողոց, տուն 8 հասցեով։ Հայցվորը վերաքննիչ բողոքը և դրան կից ներկայացվող փաստաթղթերը ուղարկել է ՀՀ, ք. Երևան, Վարշավյան փողոց, տուն 8 հասցեով, ինչը հավաստվում է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի 24.05.2022 թվականի թիվ ՀՓ/3560-2022 տեղեկանքով և թիվ DLEO102831401AM կոդով ուղարկված փոստային առաքանու կտրոնի (ստացականի) վրա արված ուղղումով, որը կատարվել է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից 20.05.2022 թվականին (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):

Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ կողմերի մրցակցության և հավասարության սկզբունքի պահպանության անհրաժեշտությունից ելնելով՝ վերաքննիչ բողոք ներկայացնող անձը պարտավոր էր վերաքննիչ բողոքն ուղարկել նաև գործին մասնակցող անձանց, ընդ որում, այնպիսի պատշաճ կարգով և հասցեով, որը կապահովեր վերջիններիս կողմից բողոքի ստացումը: Նման պատշաճ հասցեն տվյալ դեպքում գործին մասնակցող անձանց հայցադիմումում նշված հասցեներն են: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատավարության մասնակցի վրա պատշաճ կարգով բողոքը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականությունն այնպիսի սահմանափակում չէ, որը խաթարի դատարանի մատչելիության իրավունքը: Ուստի Ընկերությունը պարտավոր էր պատշաճ կարգով բողոքն ուղարկել «Փաուս» ՍՊԸ-ին:

Անդրադառնալով նշված պարտականությունը Ընկերության կողմից կատարված լինելուն՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Ընկերության կողմից կատարվել է իր դատավարական պարտականությունը դրա մասին է վկայում այն հանգամանքը, որ առաքանին փաստացի ուղարկել է ՀՀ, ք. Երևան, Վարշավյան փողոց, տուն 8 հասցեով, ինչը հավաստվում է վճռաբեկ բողոքին կից ներկայացրված «ՀայՓոստ» ՓԲԸ-ի 24.05.2022 թվականի թիվ ՀՓ/3560-2022 տեղեկանքով։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սահմանափակվել են Ընկերության դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները: Արդյունքում Ընկերությունը զրկվել է իր գործի արդար դատաքննության իրավունքն արդյունավետորեն իրացնելու հնարավորությունից և արդար դատաքննության իրավունքի ենթադրյալ խախտման դեմ պաշտպանության արդյունավետ միջոցից։

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար»։

 

Վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում եմ հատուկ կարծիքս դրա վերաբերյալ:

 

Այսպես՝

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ վճռաբեկ բողոքում պետք է նշվեն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքը և դրա հիմնավորումը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն հոդվածի իմաստով` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, եթե առնվազն մեկ այլ գործով ստորադաս դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտում միևնույն նորմը կիրառվել է կամ չի կիրառվել հակասող մեկնաբանությամբ, բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը, դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։

Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն` նույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Տվյալ դեպքում Ընկերության կողմից առաջին անգամ ներկայացված վճռաբեկ բողոքում նշված չեն եղել վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերը և հիմնավորումները։ Նման պայմաններում, կարծում եմ, որ Վճռաբեկ դատարանը պարտավոր էր, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի 1-ին մասով, որոշում կայացնել առաջին անգամ ներկայացված վճռաբեկ բողոքն այդ հիմքով վերադարձնելու մասին՝ այն նույն օրենսգրքի 393-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ: Մինչդեռ Վճռաբեկ դատարանը նման որոշում չի կայացրել, և դրա փոխարեն որոշում է կայացրել «Վճռաբեկ բողոքը մասով վերադարձնելու և մասով առանց քննության թողնելու մասին» այլ պատճառաբանությամբ՝ որ բողոք բերած անձը վճռաբեկ բողոքում չի նշել վճռաբեկ բողոքի հիմքերն ու հիմնավորումները (նշված որոշումն իմ կողմից չի ստորագրվել)։

Դրանից հետո կրկին անգամ ներկայացվել է վճռաբեկ բողոք, որում, իմ կարծիքով, կրկին նշված չեն եղել վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքը և դրա հիմնավորումը: Դրա փոխարեն բողոք բերած անձը բավարարվել է այդ առումով բացառապես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածը վկայակոչելով՝ նշելով, որ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը՝ առանց նշելու, թե Վերաքննիչ դատարանը դատավարական իրավունքի կոնկրետ որ նորմերի խախտում է թույլ տվել, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ինչպես նաև չի նշել վճռաբեկ բողոքը նման հիմքով վարույթ ընդունելու հիմնավորումը։

Բացի այդ, բողոք բերած անձը, նշելով, որ «Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ միասնական և կանխատեսելի պրակտիկա ձևավորելու համար», վճռաբեկ բողոքում չի նշել, թե վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ մասում նշված թվով երեք հիմքերից կոնկրետ ո՞ր հիմքով է ներկայացնում բողոքը, ինչպես նաև այդ հիմքի հիմնավորումը:

Նման պայմաններում, կարծում եմ, որ Վճռաբեկ դատարանն ինչպես չէր կարող վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով՝ նշելով, որ իբրև առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, այնպես էլ չէր կարող եզրահանգում կատարել այդ մասին։

 

Բացի այդ, ցանկանում եմ նշել նաև հետևյալի մասին

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճռաբեկության կարգով բողոքի քննության ժամանակ Վճռաբեկ դատարանը գործով կայացված դատական ակտը վերանայում է միայն վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ բողոքի քննության արդյունքներով կայացված Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են հիմքերը, որոնցով դրվել է դատական ակտի օրինականությունն ստուգելու հարցը։

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի որոշման 2-րդ բաժնի բովանդակությունից բխում է, որ Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանի որոշման օրինականությունն ստուգելու հիմքերում դրել է բացառապես «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածը: Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, դուրս գալով վճռաբեկության սահմաններից, Վերաքննիչ դատարանի դատական ակտի օրինականությունն ստուգել է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի խախտում թույլ տրված լինելու առումով։

 

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ հայտնում եմ իմ անհամաձայնությունը Վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշման վերաբերյալ:

 

Դատավոր`

Գ. Հակոբյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 օգոստոսի 2023 թվական: