ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/1533/05/20 2023 թ. | ||||||
Վարչական գործ թիվ ՎԴ/1533/05/20 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի
Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող Ռ. Հակոբյան
Լ. Հակոբյան Հ. Բեդևյան
զեկուցող
2023 թվականի հունվարի 13-ին
գրավոր ընթացակարգով քննելով Երևանի քաղաքապետարանի (այսուհետ՝ Քաղաքապետարան) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 21․04․2022 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Վալերի Մեջլումյանի ընդդեմ Քաղաքապետարանի` 02․10․2019 թվականի թիվ Վ-37/2 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Վալերի Մեջլումյանը պահանջել է վերացնել 02․10․2019 թվականի թիվ Վ-37/2 որոշումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա․ Ավագյան) (այսուհետ` Դատարան) 25․05․2020 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 21․04․2022 թվականի որոշմամբ Քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 25․05․2020 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ՝ նույն որոշմամբ ամրագրված պատճառաբանություններով։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քաղաքապետարանը (ներկայացուցիչ՝ Զ․ Սմբատյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջները.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154․1-րդ հոդվածը և «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ լիազոր մարմնի կողմից «Քաղաքաշինության մասին» օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված նախազգուշացում ուղարկելու կամ չուղարկելու հանգամանքը որևէ կերպ փոխկապակցվածության մեջ չի գտնվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիայով սահմանված իրավախախտման դեպքի բացահայտման պայմաններում անձին վարչական պատասխանատվության ենթարկելու գործընթացի իրականացման տեսանկյունից, ուստի եթե առկա է իրավախախտումը, ապա լիազոր մարմինը պարտավոր է այդ փաստն արձանագրել, ինչը տեղի է ունեցել քննարկվող դեպքում:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 21․04.2022 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը մերժել կամ գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության։
3. Վճռաբեկ բողոքների քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) 10.12.2018 թվականի թիվ 01/18-Հ-8453-1243 շինարարության թույլտվության համաձայն` Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդի փողոցի թիվ 17/16 հասցեում կառուցապատող «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ին արտադրական շենքի մի մասի վերակառուցման և հասարակական նշանակության շինության վերահատակագծման, վերակառուցման համար տրվել է թույլտվություն՝ նախատեսելով շինարարական աշխատանքներն իրականացնել 8 ամսվա ընթացքում (հատոր 1-ին, գ.թ. 61-62)։
2) «Ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի» ակտի համաձայն` Արին Բերդի փողոցի թիվ 17/16 հասցեում արտադրական շենքի մի մասի վերակառուցման և հասարակական նշանակության շինության վերահատակագծման աշխատանքների սկիզբը` 10.12.2018 թվական, ավարտը` 31.05.2019 թվական: Շինարարության տևողությունը` նախատեսված` 8 ամիս, փաստացի` 5 ամիս (հատոր 1-ին, գ.թ. 24-26)։
3) Երևանի քաղաքապետի 11.09.2019 թվականի թիվ 031906 արձանագրության համաձայն՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ՔՀՎ վարչության տարածքային երկրորդ բաժնի առաջատար մասնագետ Սարգիս Հակոբյանը հայտնաբերել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածով նախատեսված կառուցապատման համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելու իրավախախտումը: Ըստ արձանագրության՝ Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդի փողոցի թիվ 17/16 հասցեում կառուցապատող «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրենին արտադրական շենքի մի մասի վերակառուցման և հասարակական նշանակության շինության վերահատակագծման, վերակառուցման համար Երևանի քաղաքապետարանի կողմից 10.12.2018 թվականին տրված թիվ 01/18-Հ-8453-1243 շինարարության թույլտվությամբ սահմանվել է 8 ամիս ժամկետ, սակայն նույն թվականի 04.09.2019 թվականին հայտնաբերվել է, որ շինարարական օբյեկտի ընդունող հանձնաժողովի ակտը ձևակերպված չէ: Իրավախախտումը հայտնաբերվել է 04.09.2019 թվականին: Իրավախախտումը կատարվել է «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի կողմից. Վալերի Մեջլումյան: Նույն արձանագրությունը ստորագրվել է «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վալերի Մեջլումյանի լ/ա Վահե Հարությունյանի կողմից և կատարվել է գրառում՝ «շին. ավարտական ակտ ստանալու համար 23.05.2019թ. դիմել եմ Երևանի քաղաքապետարան (դիմում հ-4795): Հրդեհային անվտանգության տեսչության մարմնի կողմից կատարված դիտողությունների և թերությունների վերացման ժամանակահատվածում ավարտվել է շին.թույլտվության ժամկետը» (հատոր 1-ին, գ.թ. 30-31)։
4) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետի 02.10.2019 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-37/2 որոշմամբ կառուցապատող «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վալերի Մեջլումյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկվել է վարչական պատասխանատվության` վարչական տույժ 182.400 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ. 54-55)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի և «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 23-րդ հոդվածների կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի և «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 23-րդ հոդվածների կապակցությամբ առկա իրավունքի զարգացման խնդիրը սույն գործով վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում առաջադրում է հետևյալ իրավական հարցադրումը. արդյո՞ք շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետում կառուցապատումը չավարտելու դեպքում կառուցապատողին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154․1-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու պարտադիր նախապայման է շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու և այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու վերաբերյալ՝ շինարարության թույլտվություն տվող մարմնի կողմից կառուցապատողին նախազգուշացում տալը։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենքի միատեսակ կիրառության ապահովման` Վճռաբեկ դատարանի գործառույթը ենթադրում է ոչ միայն միասնական դիրքորոշման ձևավորում իրավական նորմի մեկնաբանության արդյունքում, այլև՝ ձևավորված դիրքորոշման հետագա զարգացում։ Նման իրավիճակներում իրավունքի զարգացման արդյունքում ձևավորված նոր դիրքորոշումը պետք է գերակայի նախորդ դիրքորոշման նկատմամբ և հիմք ընդունվի Վճռաբեկ դատարանի նոր դիրքորոշումը ձևավորած որոշման կայացման պահին դատարանների վարույթներում գտնվող գործերի լուծման համար:
Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ թիվ ՎԴ/1876/05/13 վարչական գործով 28.11.2014 թվականի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ «…Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154․1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումը տեղ ունի համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետն ավարտվելու հաջորդ օրը, եթե այդ ժամկետում կառուցապատումը չի ավարտվել, հետևաբար վարչական մարմնի կողմից կառուցապատողին «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված նախազգուշացում ուղարկելը չի կարող որևէ նշանակություն ունենալ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտման համար կառուցապատողին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծման համար»։
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավակիրառ պրակտիկայի առանձնահատկություններով պայմանավորված՝ օբյեկտիվորեն առկա է նշված դիրքորոշումը վերանայելու և զարգացնելու անհրաժեշտություն ներքոշարադրյալ հիմնավորումներով։
Վճռաբեկ դատարանը վերն առանձնացված իրավական խնդիրն անհրաժեշտ է համարում դիտարկել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154․1-րդ հոդվածի և «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի նորմերի միջև առկա համակարգային փոխկապվածության լույսի ներքո։
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինական գործունեության հիմնադրույթները և կարգավորում այդ գործունեության հետ կապված հարաբերությունները: Քաղաքաշինությունը Հայաստանի Հանրապետությունում կենսագործունեության համար բարենպաստ տարածական միջավայրի ստեղծման կամ փոփոխման նպատակով պետության, ֆիզիկական, իրավաբանական անձանց և դրանց միավորումների գործողությունների համախումբ է, որն ընդգրկում է (․․․) շենքերի, շինությունների նախագծման և շինարարության, վերակառուցման (ներառյալ՝ քանդման), վերականգնման, ուժեղացման, արդիականացման, ինչպես նաև տարածքների բարեկարգման բոլոր տեսակները (․․․):
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի սեփականատեր հանդիսացող կամ այն փոփոխելու իրավունքով օժտված օգտագործողը քաղաքաշինական գործունեություն իրականացնելիս հանդես է գալիս որպես կառուցապատող (․․․):
Նույն հոդվածի 4-րդ մասը սահմանում է կառուցապատողի պարտականությունները․ ի թիվս այլնի, կառուցապատողները պարտավոր են կառուցապատումն ավարտել տվյալ քաղաքաշինական գործունեության համար շենքերի և կառուցվածքների շինարարության տևողության նորմերով հաշվարկված ու շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետներում և ապահովել ավարտված շինարարական օբյեկտի շահագործման փաստագրումը («ժ» կետ):
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է «շինարարության թույլտվություն» հասկացության բովանդակությունը․ այն է՝ շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը` իրականացնել որոշակի շինարարական գործունեություն ինչպես նոր կառուցապատվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ շինարարության թույլտվությունը տրվում է ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրած մարմնի կողմից ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերը Կառավարության սահմանած կարգով համաձայնեցնելուց և կառուցապատողի կողմից դրանք հաստատելուց հետո` նույն օրենքի 6-րդ հոդվածի չորրորդ մասի «ժ» կետով նախատեսված ժամկետով:
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ նույն օրենքի 6-րդ հոդվածի չորրորդ մասի «ժ» կետով նախատեսված ժամկետներում կառուցապատումը (․․․) չավարտվելու դեպքում, շինարարության թույլտվություն տվող մարմինը գրավոր նախազգուշացնում է կառուցապատողին շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու և այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու կամ սեփականության իրավունքով իրեն պատկանող քաղաքաշինական գործունեության օբյեկտն օտարելու վերաբերյալ: Ընդ որում, շինարարության թույլտվություն տվող մարմնի կողմից շինարարության տևողությունը կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան տվյալ օբյեկտի չիրականացված աշխատանքների համար շինարարության տևողության նորմերով հաշվարկված ժամկետի չափով:
Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ նշված պահանջը չկատարելու դեպքում կառուցապատողը շինարարության թույլտվություն տվող մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով ենթարկվում է վարչական պատասխանատվության:
Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ եթե նախազգուշացումն ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում, կառուցապատողը չի դիմում շինարարության թույլտվություն տվող մարմին` շինարարության ժամկետը երկարաձգելու հայտով, կամ շինարարության թույլտվությամբ սահմանված նոր ժամկետում չի ավարտում կառուցապատումը, կամ չի օտարում սեփականության իրավունքով իրեն պատկանող օբյեկտը, ապա շինարարության թույլտվություն տվող մարմինը նրան կրկին անգամ ենթարկում է վարչական պատասխանատվության և դիմում է դատարան տվյալ օբյեկտը վաճառելու հայցով` դատարանի սահմանած կարգով և գնով, բայց ոչ պակաս, քան օբյեկտի կադաստրային արժեքի 75 տոկոսի չափով:
ՀՀ կառավարության 19.03.2015 թվականի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 596-Ն որոշման Հավելված 1-ի 123-րդ կետի համաձայն՝ շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետներում կառուցապատումը (…) չավարտելու դեպքում իրավասու մարմինը կառուցապատողին գրավոր նախազգուշացնում է շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու և այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու կամ սեփականության իրավունքով իրեն պատկանող քաղաքաշինական գործունեության օբյեկտն օտարելու մասին: Նույն Հավելված 1-ի 124-րդ կետի համաձայն՝ իրավասու մարմնի կողմից շինարարության (…) թույլտվությամբ սահմանված շինարարության (…) տևողությունը կարող է երկարաձգվել՝ ոչ ավելի, քան տվյալ օբյեկտի չիրականացված աշխատանքների համար շինարարության (…) տևողության նորմերով հաշվարկված ժամկետի չափով:
Հավելված 1-ի 125-րդ կետը սահմանում է. «Սույն կարգի 123-րդ կետով սահմանված դեպքում կառուցապատողը շինարարության թույլտվություն տվող մարմնի կողմից՝ օրենքով սահմանված կարգով ենթարկվում է վարչական պատասխանատվության»:
Վերոհիշյալ նորմերի համակարգային վերլուծությունը վկայում է, որ կառուցապատման գործընթացի կայունությունը, որոշակիությունն ու կանխատեսելիությունը, ի թիվս այլնի, ապահովվում է կառուցապատումը որոշակի կոնկրետ ժամկետներով սահմանափակելու միջոցով, որպիսի ժամկետը հաշվարկվում է տվյալ քաղաքաշինական գործունեության համար շենքերի և կառուցվածքների շինարարության տևողության նորմերով ու սահմանվում շինարարության թույլտվությամբ։ Այդ ժամկետում կառուցապատողի կողմից շինարարության ավարտը երաշխավորելու նպատակով օրենսդիրը պարտականություններ է սահմանել ոչ միայն կառուցապատողի, այլ նաև շինարարության թույլտվություն տվող մարմնի համար։ Ամրագրելով կառուցապատողի՝ տվյալ քաղաքաշինական գործունեության համար շենքերի և կառուցվածքների շինարարության տևողության նորմերով հաշվարկված ու շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետներում կառուցապատումն ավարտելու պարտականությունը՝ օրենսդիրը միաժամանակ շինարարության թույլտվություն տվող մարմնին պարտավորեցրել է նախատեսված ժամկետներում կառուցապատումը չավարտվելու դեպքում գրավոր նախազգուշացնել կառուցապատողին՝ շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու և այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու կամ սեփականության իրավունքով իրեն պատկանող քաղաքաշինական գործունեության օբյեկտն օտարելու վերաբերյալ:
Օրենսդիրը վարչական պատասխանատվություն է նախատեսել ոչ թե ինքնին սահմանված ժամկետում կառուցապատումը չավարտելու համար, այլ սահմանված ժամկետում կառուցապատումը չավարտելու պայմաններում շինարարության թույլտվություն տվող մարմնի կողմից շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու վերաբերյալ նախազգուշացման պահանջը չկատարելու համար («Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մաս):
Վերոհիշյալ իրավակարգավորումներից բխում է նաև, որ կառուցապատողին վերապահված է շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու համար դիմելու իրավական հնարավորություն, իրավունք: Ըստ այդմ՝ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի նորմերն իրենց հիմքում ունեն այն տրամաբանությունը, որ հարկադրանքի միջոցը (վարչական պատասխանատվությունը) գործադրվում է միայն այդ իրավական հնարավորությունը չիրացնելու դեպքում:
Վարչական պատասխանատվությունն ինքնանպատակ չէ. սույն դեպքում վարչական պատասխանատվության նպատակն է ապահովել կառուցապատողի կողմից սահմանված ժամկետներում կառուցապատման իրականացումը՝ օգտագործելով նաև սահմանված ժամկետը երկարաձգելու իրավական հնարավորությունը: Այն դեպքում, երբ օբյեկտիվ պատճառներով շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետում կառուցապատումը չավարտած կառուցապատողն իրացնում է այդ ժամկետը երկարաձգելու իր իրավունքը, վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելը դառնում է ինքնանպատակ և նաև իմաստազրկում ժամկետը երկարաձգելու իրավական հնարավորությունը։
Այսպիսով, ըստ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի կարգավորումների՝ կառուցապատողը կրում է կառուցապատումը շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետում ավարտելու պարտականություն: Միաժամանակ, կառուցապատողին իրավունք է վերապահված դիմել իրավասու մարմին՝ շինարարության թույլտվության ժամկետը երկարաձգելու խնդրանքով: Կառուցապատումը շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետում չավարտելու դեպքում շինարարության թույլտվություն տալու լիազորությամբ օժտված վարչական մարմինը պարտավոր է իրացնել շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու և այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու կամ սեփականության իրավունքով իրեն պատկանող քաղաքաշինական գործունեության օբյեկտն օտարելու վերաբերյալ կառուցապատողին նախազգուշացնելու իր լիազորությունը: Նախազգուշացման պահանջի չկատարումը հանգեցնում է վարչական պատասխանատվության:
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի՝ «Նշված պահանջը չկատարելու դեպքում կառուցապատողը շինարարության թույլտվություն տվող մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով ենթարկվում է վարչական պատասխանատվության» նորմն իրացվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154․1-րդ հոդվածում. նշված նորմը «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում, իսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154․1-րդ հոդվածն ամրագրվել են միաժամանակ՝ նույն օրն ընդունված համապատասխանաբար թիվ ՀՕ-494 և թիվ ՀՕ-496 օրենքներով։ Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի նորմերն ուղղակիորեն թղթակցում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154․1-րդ հոդվածի հետ, և ըստ այդմ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված զանցակազմի բովանդակությունը պետք է բացահայտվի այս նորմերի համակարգային փոխկապվածության համատեքստում։
Իրավահարաբերությունների ծագման պահին գործող խմբագրությամբ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` շինարարության նախահաշվային արժեքի մեկ տոկոսի չափով:
Հաշվի առնելով, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածն ընդունված է ի իրացումն «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի, և այս նորմերը գտնվում են համակարգային փոխկապվածության մեջ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ է հետևյալ պայմանների միաժամանակյա ծառայությունը՝
- կառուցապատողը շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետում չի ավարտել կառուցապատումը,
- շինարարության թույլտվություն տվող մարմինը գրավոր նախազգուշացրել է կառուցապատողին շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու և այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու կամ սեփականության իրավունքով իրեն պատկանող քաղաքաշինական գործունեության օբյեկտն օտարելու վերաբերյալ,
- գրավոր նախազգուշացումից հետո շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու և այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու կամ սեփականության իրավունքով իրեն պատկանող քաղաքաշինական գործունեության օբյեկտն օտարելու պահանջը կառուցապատողը չի կատարել։
Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անձը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով չի կարող վարչական պատասխանատվության ենթարկվել ինքնին շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետում կառուցապատումը չավարտելու փաստի ուժով: Շինարարության թույլտվություն տվող մարմինն իրավասու չէ անձին ենթարկել նշված նորմով նախատեսված վարչական պատասխանատվության, քանի դեռ չի իրացրել «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված՝ շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու և այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու կամ սեփականության իրավունքով իրեն պատկանող քաղաքաշինական գործունեության օբյեկտն օտարելու վերաբերյալ կառուցապատողին գրավոր նախազգուշացնելու իր լիազորությունը: Ըստ այդմ՝ շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետում կառուցապատումը չավարտելու դեպքում կառուցապատողին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154․1-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու պարտադիր նախապայման է շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու և այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու վերաբերյալ շինարարության թույլտվություն տվող մարմնի կողմից կառուցապատողին տրված նախազգուշացումը։
Հետևաբար, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված զանցակազմի օբյեկտիվ կողմի առկայությունը հաստատված համարելու համար, ի թիվս այլնի, պահանջվում է շինարարության թույլտվությունը տվող մարմնի գրավոր նախազգուշացումն ուղղված՝ շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետում կառուցապատումը չավարտած կառուցապատողին, գրավոր նախազգուշացումը վերջինիս կողմից ստացված լինելու ապացույցի և նախազգուշացման պահանջը կառուցապատողի կողմից չկատարելու փաստի առկայություն:
Վճռաբեկ դատարանը, սույն գործով վճռաբեկ բողոքի քննությունն իրականացնելով իրավունքի զարգացման իր գործառույթի տիրույթում, արձանագրում է, որ իրավակիրառ պրակտիկան պետք է զարգանա Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասին տրված վերը նշված մեկնաբանությանը համապատասխան:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Դիմելով դատարան` Վալերի Մեջլումյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 02․10․2019 թվականի թիվ Վ-37/2 որոշումը, որով վարչական պատասխանատվության է ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով՝ կառուցապատումը սահմանված ժամկետում չավարտելու համար։
Դատարանը, հայցը բավարարելով, արձանագրել է, որ կառուցապատող «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վալերի Մեջլումյանին Քաղաքապետարանի կողմից շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու և այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու կամ սեփականության իրավունքով կառուցապատողին պատկանող քաղաքաշինական գործունեության օբյեկտն օտարելու վերաբերյալ գրավոր նախազգուշացում կատարված չլինելու պայմաններում կառուցապատող «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վալերի Մեջլումյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասով չէր կարող ենթարկվել վարչական պատասխանատվության:
Դատարանը փաստել է, որ կառուցապատող «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վալերի Մեջլումյանին նման գրավոր նախազգուշացում կատարելու արդյունքում միայն Քաղաքապետարանը, որպես շինարարության թույլտվություն տվող մարմին, իրավասու էր նախազգուշացմամբ նշված պահանջը չկատարելու դեպքում կառուցապատող Վալերի Մեջլումյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկել վարչական պատասխանատվության:
Վերաքննիչ դատարանը, մերժելով Քաղաքապետարանի բողոքը, Դատարանի վճիռը թողել է անփոփոխ՝ հետևյալ հիմնավորումներով․ Վերաքննիչ դատարանն անհիմն է համարել հայցվոր կողմի և Դատարանի դիրքորոշումն առ այն, որ վարչական մարմնի կողմից «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված՝ կառուցապատողին նախազգուշացնելու պարտականությունը կատարված չլինելու պայմաններում կառուցապատողը չի կարող Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154․1-րդ հոդվածի 1-ին մասի կիրառմամբ ենթարկվել վարչական պատասխանատվության։ Վերաքննիչ դատարանը, հիմքում ունենալով թիվ ՎԴ/1876/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28․11․2014 թվականի ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154․1-րդ հոդվածի հիմքով վարչական պատասխանատվության կիրառման վերաբերյալ արտահայտած դիրքորոշումը, վերահաստատել է, որ իրավախախտումը կատարելուց հետո շինարարության թույլտվության ժամկետը երկարաձգելու համար դիմելը չի կարող կառուցապատողին ազատել պատասխանատվությունից։
Վերաքննիչ դատարանը վիճարկվող ակտը ոչ իրավաչափ է ճանաչել այլ պատճառաբանությամբ՝ արձանագրելով, որ վարչական վարույթի շրջանակներում գործի քննության համար ենթադրաբար հրավիրված նիստի ժամանակի մասին հայցվորին պատշաճ ձևով չտեղեկացնելու արդյունքում վարչական մարմինը չի ապահովել հայցվոր կողմի լսված լինելու իրավունքը, որով ըստ էության վերջինս զրկվել է իր իրավունքների և ազատությունների արդյունավետ պաշտպանության հնարավորությունից:
Վճռաբեկ դատարանը, վերոհիշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը, արձանագրում է հետևյալը.
Սույն գործի փաստերից հետևում է, որ «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ին 10.12.2018 թվականին թիվ 01/18-Հ-8453-1243 շինարարության թույլտվությունը տրվել է 8 ամիս ժամկետով, իսկ ըստ Երևանի քաղաքապետի 11.09.2019 թվականի թիվ 031906 արձանագրության՝ հայտնաբերվել է, որ նշված ժամկետում շինարարական օբյեկտի ընդունող հանձնաժողովի ակտը ձևակերպված չէ:
Արդյունքում Երևանի քաղաքապետարանի 02.10.2019 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-37/2 որոշմամբ շինարարության թույլտվությամբ սահմանված 8 ամիս ժամկետում շինարարական օբյեկտի շահագործման ընդունող հանձնաժողովի ակտի ձևակերպված չլինելու համար Վալերի Մեջլումյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով ենթարկվել է վարչական պատասխանատվության:
Վճռաբեկ դատարանը վարչական վարույթի նյութերի ուսումնասիրության արդյունքում արձանագրում է, որ գործում առկա չէ կառուցապատումը 10.12.2018 թվականի թիվ 01/18-Հ-8453-1243 շինարարության թույլտվությամբ սահմանված 8-ամսյա ժամկետում չավարտվելու պայմաններում կառուցապատող «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ին՝ շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու և այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու կամ սեփականության իրավունքով կառուցապատողին պատկանող քաղաքաշինական գործունեության օբյեկտն օտարելու վերաբերյալ գրավոր նախազգուշացնելու վերաբերյալ որևէ ապացույց:
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ կառուցապատող «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վալերի Մեջլումյանը չէր կարող Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկվել, քանի դեռ շինարարության թույլտվություն տվող մարմինը չէր իրացրել «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված՝ գրավոր նախազգուշացում կատարելու իր լիազորությունը: Պատասխանող վարչական մարմինը՝ որպես շինարարության թույլտվություն տվող մարմին, իրավասու էր Վալերի Մեջլումյանին վարչական պատասխանատվության ենթարկել միայն գրավոր նախազգուշացման պահանջը չկատարելու դեպքում:
Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանի իրավական դիրքորոշումներն ու եզրահանգումը, ի տարբերություն Վերաքննիչ դատարանի իրավական դիրքորոշումների, համահունչ են Վճռաբեկ դատարանի սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումներին: Թեև Վերաքննիչ դատարանը վիճարկվող վարչական ակտն այլ պատճառաբանությամբ գնահատել է որպես ոչ իրավաչափ վարչական ակտ, այնուամենայնիվ, Վերաքննիչ դատարանի կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասը կիրառվել է սխալ մեկնաբանությամբ:
Ի ամփոփումն վերոշարադրյալի՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, բավարարելով հայցը, իսկ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի վճիռը՝ թեև այլ հիմնավորմամբ և պատճառաբանությամբ, կայացրել են գործի ելքը ճիշտ լուծող դատական ակտեր։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով անփոփոխ, իսկ այն դեպքում, երբ վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը, սակայն դատարանի կայացրած` գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի կամ սխալ է պատճառաբանված, ապա վճռաբեկ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը:
Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ստորադաս դատարանի դատական ակտը պատճառաբանելու իր լիազորությունը, որպիսի պատճառաբանությունները բերված են սույն դատական ակտում:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախuերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախuերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է (...) մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։ Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Քաղաքապետարանի կողմից վճռաբեկ բողոքի համար պետական տուրքը վճարված լինելու պարագայում պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված` նկատի ունենալով, որ վերջինիս բողոքը ենթակա է մերժման:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1․ Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 21․04․2022 թվականի որոշումը թողնել անփոփոխ՝ սույն որոշման պատճառաբանությամբ։
2․ Դատական ծախսերի հարցը համարել լուծված:
3․ Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող |
Ռ. Հակոբյան |
Զեկուցող |
Լ. Հակոբյան |
Հ. Բեդևյան | |
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 օգոստոսի 2023 թվական: