ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 դեկտեմբերի 2021 թվականի N 1988-Ա
«ՀԱՅ-ԱԼՄԱՍՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 12-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ադամանդագործական և ոսկեգործական ընկերությունների կոնսոլիդացված պահանջարկն սպասարկելու, այն է՝ նույն ընկերությունների կողմից իրականացված կանխավճարների հաշվին բնական ալմաստի և թանկարժեք մետաղների հումք արդյունահանող ընկերություններից միասնական խմբաքանակով և (կամ) մեկ լոտով գնումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վերոհիշյալ ընկերություններին մեկ լոտով կամ խմբաքանակով փոխանցելու նպատակով հիմնադրել «Հայ-Ալմաստ» փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ` ընկերություն):
(1-ին կետը խմբ. 17.08.23 N 1375-Ա)
2. Սահմանել, որ ընկերությունն բնական ալմաստի և թանկարժեք մետաղների հումք արդյունահանող ընկերություններից միասնական խմբաքանակով և (կամ) մեկ լոտով գնումներ է կատարելու բացառապես նույն ընկերություններից այդ նպատակով ստացած կանխավճարների հաշվին:
(2-րդ կետը փոփ. 17.08.23 N 1375-Ն)
3. Սահմանել, որ ընկերությունն բնական ալմաստի և թանկարժեք մետաղների հումք արդյունահանող ընկերություններից գնում է կատարելու բացառապես այն խմբաքանակի և (կամ) լոտի, որն ընտրել են ընկերությանը կանխավճար (կանխավճարներ) փաստացի վճարած Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ադամանդագործական և ոսկեգործական ընկերությունների լիազոր ներկայացուցիչները:
(3-րդ կետը փոփ., լրաց. 17.08.23 N 1375-Ն)
4. Սահմանել, որ ընկերությունը գնված խմբաքանակը և (կամ) լոտը՝ անկախ կազմից և պարունակությունից, պետք է հանձնի կանխավճար փաստացի վճարած ընկերությունների լիազոր ներկայացուցչին և անմիջապես հաշվանցի կանխավճարի գումարը՝ ստանալով միայն կոմիսիոն վարձատրություն գործարքի կազմակերպման համար:
5. Սահմանել, որ ընկերությանն իրավունք չի վերապահվում իր հաշվին և (կամ) իր ռիսկով գնել և (կամ) վաճառել բնական ալմաստի և թանկարժեք մետաղների որևէ խմբաքանակ և (կամ) լոտ:
(5-րդ կետը փոփ. 17.08.23 N 1375-Ն)
6. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 50 մլն դրամ, որը համապատասխանում է 500 հատ հասարակ բաժնետոմսի, յուրաքանչյուրը` 100,000 դրամ։
7. Սահմանել, որ ընկերության գործունեության արդյունքում ընկերության զուտ ակտիվները չեն կարող նվազել քան կանոնադրական կապիտալի 70 տոկոսը։
8. «Հայ-Ալմաստ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում ներդրում իրականացնել 2022 թվականի պետական բյուջեից՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ընդհանուր հատկացումների շրջանակներում վերաբաշխում կատարելու միջոցով:
(8-րդ կետը խմբ. 22.04.22 N 530-Ա)
9. Ընկերության պետական սեփականություն հանդիսացող 100 տոկոս բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը (այսուհետ՝ լիազոր մարմին):
10. Ընկերության հիմնադրման հետ կապված «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մյուս լիազորությունները վերապահել լիազոր մարմնին։
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
09.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |