Գլխավոր տեղեկություն
Номер
N 1069-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (21.08.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.09.13/56(1331) Հոդ.877
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.08.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.09.2017
Дата вступления в силу
23.09.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 օգոստոսի 2017 թվականի N 1069-Ն

 

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՇԱՐԱՅԻՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված փրկարարական ծառայության կանոնագրքի 22-րդ հոդվածի 8-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել փրկարարական ծառայության շարային կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. սեպտեմբերի 6

Երևան

 

 

 Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
օգոստոսի 24-ի N 1069-Ն որոշման

 

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՇԱՐԱՅԻՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ԲԱԺԻՆ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՐՑԵՐ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Փրկարարական ծառայության շարային կանոնադրությունը (այսուհետ` կանոնադրություն) սահմանում է Հայաստանի Հանրապետության (այսուհետ` ՀՀ) ներքին գործերի նախարարության (այսուհետ` նախարարություն) համակարգի փրկարարական ծառայողների (այսուհետ` ծառայողներ) ու ստորաբաժանումների շարքերը (տեսակները) հետիոտն կարգով և մեքենաների վրա, դրանց ղեկավարումը, ծառայողների պարտականությունները շարվելուց առաջ և շարքում, շարային վարժաձևերն ու շարժումն առանց զենքի և զենքով, ողջույնի կատարումը, շարքից դուրս գալը և շարք վերադառնալը, պետին (հրամանատարին) մոտենալը և նրանից հեռանալը, շարային ստուգատեսի անցկացման կարգը, նախարարության, նախարարության փրկարար ծառայության (այսուհետ` ծառայություն) դրոշների (այսուհետ` դրոշ) դիրքը շարքում, այն դուրս բերելու և տանելու կարգը:

(1-ին կետը փոփ. 11.08.23 N 1343-Ն)

2. Կանոնադրությունում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

1) շարք՝ ծառայողների, ստորաբաժանումների՝ կանոնադրությամբ սահմանված դասավորությունը հետիոտն ու մեքենաներով՝ համատեղ գործողությունների համար.

2) տողան՝ շարք, որտեղ ծառայողները տեղավորված են մի գծի վրա, կողք կողքի՝ սահմանված տարածությամբ.

3) մեքենաների գիծ՝ շարք, որտեղ մեքենաները դասավորված են կողք կողքի՝ մի գծի վրա.

4) թև՝ շարքի աջ (ձախ) վերջավորությունը: Շարքի դարձումների դեպքում թևերի անվանումները չեն փոխվում.

5) ճակատ՝ շարքի այն կողմը, որին ծառայողները դարձված են դեմքով (մեքենաները՝ ճակատամասով).

6) շարքի թիկունքային կողմ՝ ճակատի հակադիր կողմը.

7) տարածություն (ինտերվալ)՝ ծառայողների (մեքենաների), ստորաբաժանումների միջև ճակատային գծով եղած տարածությունը.

8) հեռավորություն (դիստանցիա)՝ ծառայողների (մեքենաների), ստորաբաժանումների միջև դեպի խորքն ընկած հեռավորությունը.

9) շարքի լայնություն՝ թևերի միջև եղած հեռավորությունը.

10) շարքի խորություն՝ առաջին տողանի (առաջին շարքում կանգնած ծառայողի) և վերջին տողանի (վերջին շարքում կանգնած ծառայողի) միջև եղած հեռավորությունը, իսկ մեքենաներով գործելու դեպքում՝ մեքենաների առաջին գծի (առջևում կանգնած մեքենայի) և մեքենաների վերջին գծի (հետևում կանգնած մեքենայի) միջև եղած հեռավորությունը.

11) միատողան շարք՝ շարքի այն տեսակը, որտեղ ծառայողները տեղավորված են սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգով.

12) երկտողան շարք՝ շարքի այն տեսակը, որտեղ տողաններից մեկում կանգնած ծառայողները մեկ քայլ հեռավորությամբ դասավորված են մյուս տողանի ծառայողների թիկունքում՝ առաջ մեկնած ձեռքի ափը դնելով դիմացը կանգնած ծառայողի ուսին և նայելով առջևի կանգնածի ծոծրակին: Տողանները կոչվում են առաջին և երկրորդ: Դարձումների դեպքում տողանների անվանումները չեն փոխվում.

13) կարգ՝ երկտողան շարքում կանգնած երկու ծառայողներ՝ մեկը մյուսի թիկունքում: Եթե առաջին տողանի ծառայողի թիկունքում (երկրորդ տողանում) ծառայող չկա, ապա այդպիսի կարգը կոչվում է ոչ լրիվ: Երկտողան շարքի հետդարձի ժամանակ ոչ լրիվ կարգի ծառայողն անցնում է առաջին տողան.

14) միատողան ու երկտողան շարքերը կարող են լինել խիտ և նոսր: Խիտ շարքում ծառայողները տողաններում տեղավորված են ճակատով, կողք կողքի՝ մեկը մյուսի արմունկից ձեռքի ափի լայնության վրա: Նոսր շարքում ծառայողները տողաններում տեղավորված են ճակատով՝ մեկը մյուսից մեկ քայլ կամ հրամանատարի (պետի) նշած հեռավորության վրա.

15) շարասյուն՝ շարք, որտեղ ծառայողները տեղավորված են մեկը մյուսի թիկունքում՝ ծոծրակի ուղղությամբ, իսկ ստորաբաժանումները (մեքենաները)՝ իրար հետև՝ կանոնադրությամբ կամ հրամանատարի (պետի) կողմից սահմանված հեռավորության վրա: Շարասյուները կարող են լինել միաշարասյուն, երկշարասյուն, եռաշարասյուն և ավելի: Շարասյուները կիրառվում են ստորաբաժանումները երթային կամ ծավալուն շարքով շարելու համար.

16) ծավալուն շարք՝ որտեղ ստորաբաժանումները շարված են ճակատով մի գծի վրա՝ միատողան կամ երկտողան շարքով (մեքենաների գծով), կամ շարասյուների գծով՝ կանոնադրությամբ կամ հրամանատարի (պետի) կողմից սահմանված հեռավորության վրա: Ծավալուն շարքը կիրառվում է ստուգումների, հաշվարկների, ստուգատեսների, շքերթների (զորահանդեսների) ժամանակ և այլ անհրաժեշտ դեպքերում.

17) երթային շարք՝ որտեղ ստորաբաժանումը շարված է շարասյունով կամ ստորաբաժանումները՝ շարասյուներով, մեկը մյուսի հետևում՝ կանոնադրությամբ կամ հրամանատարի (պետի) կողմից սահմանված հեռավորության վրա: Երթային շարքը կիրառվում է ստորաբաժանումների հանդիսավոր երթի, երգով անցնելու, ինչպես նաև այլ անհրաժեշտ դեպքերում.

18) ուղղապահ՝ ծառայող (ստորաբաժանում, մեքենա), որը շարժվում է շարասյան առջևից՝ նշված ուղղությամբ: Ուղղապահի հետևից իրենց շարժումը համաձայնեցնում են մյուս ծառայողները (ստորաբաժանումները, մեքենաները).

19) վերջապահ՝ ծառայող (ստորաբաժանում, մեքենա), որը շարժվում է շարասյան վերջում:

 

ԳԼՈՒԽ 2. ՇԱՐՔԻ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

 

3. Շարքի ղեկավարումն իրականացվում է հրամանատարի (պետի) հրամաններով և կարգադրություններով, որոնք տրվում են ձայնով, ազդանշաններով, անձնական օրինակով, ինչպես նաև տեխնիկական ու շարժական միջոցների օգնությամբ: Հրամաններն ու կարգադրությունները շարասյանը կարող են հաղորդվել ստորաբաժանումների հրամանատարների (պետերի) (մեքենաների ավագների) միջոցով:

4. Մեքենաների շարքի ղեկավարումն իրականացվում է ներքին կապի միջոցներով տրվող հրամաններով ու կարգադրություններով:

5. Շարքում ավագ հրամանատարը (վերադաս պետը) գտնվում է այնտեղ, որտեղից ավելի հարմար է հրամաններ տալ: Մյուս հրամանատարները (պետերը) հրաման են տալիս` մնալով կանոնադրությամբ կամ ավագ հրամանատարի (վերադաս պետի) կողմից սահմանված տեղերում:

6. Ստորաբաժանումների հրամանատարներին (պետերին) երթային շարքում թույլատրվում է շարքից դուրս գալ միայն հրաման տալու և դրանց կատարումն ստուգելու համար:

7. Շարային հրամանները կարող են լինել նախնական և կատարողական կամ միայն կատարողական:

8. Նախնական հրամանը տրվում է հստակորեն, բարձրաձայն, ձգելով, որպեսզի շարքում կանգնածները հասկանան, թե հրամանատարն ինչ գործողություններ է պահանջում իրենցից: Ցանկացած նախնական հրամանի դեպքում շարքում գտնվող ծառայողներն ընդունում են շարային կեցվածք, շարժման մեջ գտնվելիս՝ անցնում են շարային քայլի, իսկ շարքից դուրս գտնվելիս՝ շրջվում են պետի կողմը և ընդունում շարային կեցվածք:

9. Ստորաբաժանման կամ առանձին ծառայողի ուշադրությունը գրավելու նպատակով նախնական հրաման տալիս, անհրաժեշտության դեպքում, տրվում է ստորաբաժանման անվանումը կամ ծառայողի կոչումը և ազգանունը: Օրինակ՝ «Ջոկատ, կանգ-Ա՛Ռ», «Փրկարարական ծառայության սերժանտ Սիմոնյան, հետ-ԴԱՐՁ»:

10. Զենքով վարժաձևերի կատարման ժամանակ նախնական հրամանի մեջ անհրաժեշտության դեպքում նշվում է զենքի տեսակը: Օրինակ՝ «Ավտոմատը կրծքին-Ա՛Ռ» և այլն:

11. Կատարողական հրամանը (կանոնադրությունում նշված է գլխատառերով) տրվում է դադարից հետո՝ բարձրաձայն, հատ-հատ և հստակ: Կատարողական հրամանին հաջորդում է դրա անհապաղ և ճշգրիտ կատարումը:

12. Հրաման տալիս ձայնը պետք է համապատասխանեցվի շարքի լայնությանն ու խորությանը, իսկ զեկույցն արտասանվի հստակորեն՝ առանց ձայնի կտրուկ բարձրացման:

13. Մեքենաների ղեկավարման հրամանները, ազդանշանները կիրառվում են ՀՀ պաշտպանության նախարարի 2001 թվականի ապրիլի 29-ի N 307 հրամանով հաստատված ՀՀ զինված ուժերի շարային կանոնադրությանը (այսուհետ` զինված ուժերի շարային կանոնադրություն) համապատասխան: Անհրաժեշտության դեպքում ստորաբաժանման հրամանատարը (պետը) նշանակում է շարքի ղեկավարման լրացուցիչ ազդանշաններ:

14. Բոլոր ստորաբաժանումներին վերաբերող հրամաններն ընդունում և անմիջապես կատարում են ստորաբաժանումների հրամանատարները (պետերը) և մեքենաների հրամանատարները (ավագները):

15. Հրամանն ազդանշանով հաղորդելիս՝ նախ տրվում է «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ» ազդանշանը, իսկ եթե հրամանը վերաբերում է ստորաբաժանումներից միայն մեկին, ապա ազդանշանի հետ միասին տրվում է նաև այդ ստորաբաժանման անվանումը:

16. Ազդանշանով հրամանն ընդունելուն պատրաստ լինելը դարձյալ նշվում է «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ» ազդանշանով: Ազդանշանի ընդունումը հաստատվում է՝ այն կրկնելով կամ իր ստորաբաժանմանը համապատասխան ազդանշան տալով:

17. Վարժաձևերի կատարումը չեղյալ համարելու կամ դադարեցնելու համար տրվում է «ԹՈՂՆԵԼ» հրամանը: Այդ հրամանով ընդունվում է նախնական դիրքը:

18. Սովորեցնելիս թույլատրվում է կանոնադրությունում նշված շարային վարժաձևերը կատարել մասերի բաժանելով, ինչպես նաև նախապատրաստական վարժությունների օգնությամբ: Դրա համար տրվում են համապատասխան հրամաններ: Օրինակ՝ «Ավտոմատը կրծքին-Ա՛Ռ, մասերի բաժանելով, կատարի՛ր՝ ՄԵԿ, կատարի՛ր՝ ԵՐԿՈՒ, կատարի՛ր՝ ԵՐԵՔ»: «Աջ-ԴԱ՛ՐՁ, մասերի բաժանելով, կատարի՛ր՝ ՄԵԿ, կատարի՛ր՝ ԵՐԿՈՒ»:

19. Համահավաք անձնախմբեր կազմավորելու համար կատարվում է շարային հաշվարկ` ըստ ստորաբաժանումների`

1) ծառայողները կանգնում են միատողան կամ երկտողան և հաշվում են ընդհանուր հերթականությամբ.

2) սույն կետի 1-ին ենթակետի պահանջը կատարելուց հետո, ելնելով անձնախմբի թվից, ըստ հերթականության կատարվում է ստորաբաժանումների հաշվարկ, և նշանակվում են այդ ստորաբաժանումների հրամանատարներ:

20. Շքերթներին (զորահանդեսներին) մասնակցելու համար, ինչպես նաև այլ դեպքերում հրամանատարի հրամանով ստորաբաժանման անձնակազմը կարող է ընդհանուր շարասյամբ շարվել երեքական, չորսական և ավելի: Այդ դեպքում, որպես կանոն, շարք են կանգնում ըստ հասակի:

21. Ստորաբաժանումները շարք են կանգնում «ՇԱՐՎԻՐ» հրամանով, դրանից առաջ նշվում է շարք կանգնելու կարգը: Օրինակ՝ «երկտողան-ՇԱՐՎԻ՛Ր»: Այդ հրամանով ծառայողը պետք է արագորեն շարքում զբաղեցնի իր տեղը, պահպանի սահմանված տարածությունն ու հեռավորությունը, ընդունի շարային կեցվածք:

22. Ստորաբաժանումներին հրաման տալու համար նշվում են այդ ստորաբաժանումների անվանումները:

 

ԳԼՈՒԽ 3. ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ (ՊԵՏԵՐԻ) ԵՎ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՎԵԼՈՒՑ ԱՌԱՋ ԵՎ ՇԱՐՔՈՒՄ

 

23. Ստորաբաժանման հրամանատարը (պետը) պարտավոր է՝

1) նշել շարվելու տեղը, ժամանակը, կարգը, համազգեստը և հանդերձանքը, ինչպես նաև տեխնիկայի տեսակը, անհրաժեշտության դեպքում նշանակել դիտորդ.

2) ստուգել և գիտենալ շարքում ենթակա ստորաբաժանման ծառայողների, հրշեջ-փրկարարական, փրկարարական և ռազմական տեխնիկայի, սարքավորումների, գործիքների ու պաշտպանության միջոցների առկայությունը.

3) ստուգել ենթակաների արտաքին տեսքը, ինչպես նաև հանդերձանքի առկայությունը և հարմարեցման ճշտությունը.

4) ապահովել շարքի կարգապահությունը, պահանջել ստորաբաժանումների կողմից հրամանների և ազդանշանների, իսկ ծառայողների կողմից՝ շարքում իրենց պարտականությունների ճշգրիտ կատարումը.

5) հետիոտն շարքում հրաման տալիս՝ տեղում ընդունել շարային կեցվածք.

6) ստորաբաժանումների՝ հրշեջ-փրկարարական, փրկարարական և ռազմական տեխնիկայով և սարքավորումներով (գործիքներով) շարք կանգնելու ժամանակ`

ա. կատարել դրանց արտաքին զննում,

բ. ստուգել անձնակազմի փոխադրման միջոցների առկայությունն ու սարքինությունը,

գ. ստուգել փոխադրվող (քարշակվող) նյութական մասի ամրակապման և գույքի դասավորման ճշտությունը,

դ. անձնակազմին հիշեցնել անվտանգության պահանջները,

ե. շարժման ընթացքում պահպանել սահմանված հեռավորությունը, արագությունը և երթևեկության կանոնները:

24. Ծառայողը պարտավոր է՝

1) ստուգել իրեն ամրացված հրշեջ-փրկարարական, փրկարարական և հատուկ տեխնիկան, սարքավորումները, գործիքները, պաշտպանության անհատական միջոցները, զենքը, համազգեստը և հանդերձանքը.

2) ունենալ կոկիկ մազեր և արտաքին տեսք.

3) խնամքով ուղղել համազգեստը, ճիշտ հագնել և հարմարեցնել հանդերձանքը, օգնել ընկերոջը վերացնելու նկատված թերությունները.

4) գիտենալ իր տեղը շարքում, կարողանալ արագորեն, առանց իրարանցման զբաղեցնել այն. շարժման ընթացքում պահպանել հավասարությունը, սահմանված տարածությունը և հեռավորությունը, անվտանգության պահանջները, առանց թույլտվության դուրս չգալ շարքից (մեքենայից).

5) չծխել, շարքում չխոսել առանց թույլտվության, ուշադիր լինել հրամանատարի (պետի) հրամանների նկատմամբ, դրանք կատարել արագ և ճշգրիտ` առանց մյուսներին խանգարելու.

6) հրամանները հաղորդել առանց աղավաղման, բարձրաձայն և հստակորեն:

 

ԲԱԺԻՆ 2. ՇԱՐԱՅԻՆ ՎԱՐԺԱՁԵՎԵՐՆ ՈՒ ՇԱՐԺՈՒՄՆ ԱՌԱՆՑ ԶԵՆՔԻ ԵՎ ԶԵՆՔՈՎ

 

ԳԼՈՒԽ 4. ՇԱՐԱՅԻՆ ՎԱՐԺԱՁԵՎԵՐՆ ՈՒ ՇԱՐԺՈՒՄՆ ԱՌԱՆՑ ԶԵՆՔԻ

 

25. Շարային կեցվածք ընդունվում է «ՇԱՐՎԻՐ» կամ «ԶԳԱՍՏ» հրամանով:

26. Սույն կանոնադրության 25-րդ կետում նշված հրամանով անհրաժեշտ է` արագ շարվել և կանգնել ուղիղ, չշարժվել, առանց լարվածության, կրունկները՝ միասին, ոտնաթաթերը հավասարեցնել ճակատի գծով՝ դրանք դնելով ոտնաթաթի լայնությամբ, ծնկներն ուղղել, բայց չլարել, կուրծքը բարձրացնել, իսկ մարմինը մի փոքր առաջ տալ, փորը ներս քաշել, ուսերը բացել, ձեռքերն իջեցնել այնպես, որ դաստակների ափերը լինեն ազդրերի կողքին և մեջտեղը, իսկ մատները կիսածալված քսվեն ազդրերին, գլուխը պահել բարձր և ուղիղ, կզակը չցցել, նայել ուղիղ, դեպի առաջ, պատրաստ լինել անհապաղ գործողության:

27. Շարային կեցվածքը տեղում ընդունվում է նաև առանց հրամանի, հրաման տալիս կամ ստանալիս, զեկուցելիս, Հայաստանի Հանրապետության պետական օրհներգի կատարման ժամանակ, ողջույնի դեպքում:

28. «ԱԶԱՏ» հրամանի դեպքում պետք է կանգնել հանգիստ, թուլացնել աջ կամ ձախ ծունկը, բայց տեղից դուրս չգալ, լինել ուշադիր և չխոսել:

29. «ԿԱՐԳԻ ԲԵՐԵԼ» հրամանով, շարքից դուրս չգալով, անհրաժեշտ է ուղղել համազգեստն ու հանդերձանքը, շարքից դուրս գալու անհրաժեշտության դեպքում` թույլտվության համար դիմել անմիջական պետին: «ԿԱՐԳԻ ԲԵՐԵԼ» հրամանից առաջ տրվում է «ԱԶԱՏ» հրամանը:

30. Գլխարկները հանելու համար տրվում Է` «Գլխարկները (գլխարկը) ՀԱՆԵ՛Լ», իսկ դնելու համար` «Գլխարկները (գլխարկը) ԴՆԵ՛Լ» հրամանը: Միայնակ ծառայողները, անհրաժեշտության դեպքում, գլխարկը հանում և դնում են առանց հրամանի: Հանված գլխարկը պետք է ազատորեն բռնել ցած իջեցրած ձեռքում, ճակատանիշը դեպի առաջ: Գլխարկը հանվում և դրվում է աջ ձեռքով:

31. Տեղում դարձումները կատարվում են «Աջ-ԴԱ՛ՐՁ», «Ձախ-ԴԱ՛ՐՁ», «Հետ-ԴԱ՛ՐՁ» հրամաններով:

32. Հետ դարձը և ձախ դարձը պետք է կատարել ձախ թևի կողմը՝ ձախ կրունկի և աջ ոտնաթաթի վրա, աջդարձը՝ աջ ձեռքի կողմը՝ աջ կրունկի և ձախ ոտնաթաթի վրա:

33. Դարձումները կատարվում են երկու գործողությամբ`

1) առաջին գործողություն` դարձում կատարել, պահպանելով իրանի ճիշտ դիրքը և, ծնկները չծալելով, մարմնի ծանրությունը փոխադրել առջևի ոտքի վրա.

2) երկրորդ գործողություն՝ ամենակարճ ճանապարհով մյուս ոտքը դնել առջևի ոտքի մոտ:

34. Շարժումը կատարվում է քայլով կամ վազքով, ընդ որում`

1) քայլով շարժման արագությունը պետք է լինի 110-120 քայլ՝ մեկ րոպեում, իսկ քայլի չափը՝ 70-80 սմ.

2) վազքով շարժման արագությունը պետք է լինի 165-180 քայլ՝ մեկ րոպեում, իսկ քայլի չափը՝ 85-90 սմ:

35. Քայլը լինում է շարային և երթային`

1) շարային քայլը կիրառվում է ստորաբաժանումների հանդիսավոր երթի, շարժվելիս՝ ողջույնի կատարման ժամանակ, ծառայողի` պետին (հրամանատարին) մոտենալիս և նրանից հեռանալիս, շարքից դուրս գալիս և շարք վերադառնալիս, ինչպես նաև շարային պարապմունքների ժամանակ: Մյուս բոլոր դեպքերում կիրառվում է երթային քայլը.

2) շարային քայլով շարժումն սկսվում է «Շարային քայլով-ՄԱ՛ՐՇ» հրամանով (շարժման ընթացքում՝ «Շարային-ՄԱՐՇ»), իսկ երթային քայլով շարժումը՝ «Քայլով-ՄԱ՛ՐՇ» հրամանով:

36. Նախնական հրամանով իրանը պետք է փոքր-ինչ առաջ տալ, մարմնի ծանրությունը փոխադրել առավելապես աջ ոտքի վրա` պահպանելով կայուն կեցվածք. կատարողական հրամանով շարժումն սկսել ձախ ոտքի լրիվ քայլով:

37. Շարային քայլի ժամանակ ոտքը՝ առաջ ձգված ոտնաթաթով, բարձրացվում է գետնից 15-20 սմ և ամուր դրվում գետնին: Թևերը, ուսերից սկսած, շարժել իրանի կողքով, դրանք առաջ բերելիս՝ արմունկը ծալել այնպես, որ դաստակը բարձրանա գոտու ճարմանդից վերև` ափաչափ լայնությամբ, և մարմնից ափաչափ հեռավորությամբ, իսկ արմունկը մնա ձեռքի դաստակի մակարդակին, հետ տանելիս՝ ուսահոդը ձգել մինչև վերջ: Ձեռքի մատները պահել կիսախուփ վիճակում, գլուխը՝ ուղիղ, նայել դիմացը:

38. Երթային քայլի ժամանակ անհրաժեշտ է ոտքն ազատ մեկնել` առանց ոտնաթաթը ձգելու, և գետնին դնել, ինչպես սովորական քայլի ժամանակ՝ ձեռքերն ազատորեն շարժելով իրանի մոտով: Երթային քայլի ժամանակ «ԶԳԱՍՏ» հրամանով անցնել շարային քայլի: Շարային քայլի ժամանակ «ԱԶԱՏ» հրամանով անցնել երթային քայլի:

39. Վազքը պետք է սկսել «Վազքով-ՄԱ՛ՐՇ» հրամանով, ընդ որում`

1) տեղից շարժվելիս`

ա. նախնական հրամանով` իրանը թեթևակիորեն առաջ տալ, ձեռքերը` կիսախուփ, արմունկները՝ փոքր-ինչ հետ,

բ. կատարողական հրամանով` սկսել վազքը ձախ ոտքով, վազքի տակտին համապատասխան ձեռքերն ազատորեն շարժել հետ ու առաջ.

2) քայլից վազքի անցնելու դեպքում`

ա. նախնական հրամանով` ձեռքերը կիսախուփ կատարել` արմունկները տանելով փոքր-ինչ հետ,

բ. կատարողական հրամանով, որը տրվում է ծառայողի ձախ ոտքը գետնին դնելու հետ միաժամանակ, աջ ոտքով մեկ քայլ կատարել և վազքն սկսել ձախ ոտքով:

40. Վազքից քայլի անցնելու համար տրվում է «Քայլո՛վ-ՄԱ՛ՐՇ» հրամանը: Կատարողական հրամանով, որը տրվում է ծառայողի աջ ոտքը գետնին դնելու հետ միաժամանակ, պետք է կատարել ևս երկու քայլ վազք և ձախ ոտքով սկսել քայլը:

41. Տեղում քայլ կատարելու համար տրվում է «Տեղում քայլով-ՄԱ՛ՐՇ» (շարժման ընթացքում՝ «ՏԵՂՈՒ՛Մ») հրամանը, որի դեպքում պետք է ոտքերը հերթականությամբ բարձրացնել և իջեցնել, ընդ որում, գետնից բարձրացնել 15-20 սմ և գետնին դնել ամբողջ թաթը` սկսելով ոտնամատներից, ձեռքերի շարժումները կատարել քայլի տակտով: «ՈՒՂԻՂ» հրամանով, որը տրվում է ձախ ոտքը գետնին դնելու հետ միաժամանակ, պետք է աջ ոտքով կատարել ևս մեկ քայլ տեղում և ձախ ոտքով շարժվել առաջ` լրիվ քայլով (վազքով):

42. Շարժումը դադարեցնելու համար տրվում է հետևյալ հրամանը, օրինակ` «Փրկարարական ծառայության սերժանտ Հովհաննիսյան, կա՛նգ-Ա՛Ռ»: Կատարողական հրամանով, որը տրվում է աջ կամ ձախ ոտքը գետնին դնելու հետ միաժամանակ, պետք է կատարել ևս մի քայլ և, մյուս ոտքը դնելով նախորդ քայլը կատարած ոտքի մոտ, ընդունել շարային կեցվածք:

43. Շարժման արագությունը փոխելու համար տրվում են «ԼԱՅՆ ՔԱՅԼ», «ԿԱՐՃ ՔԱՅԼ», «ՀԱՃԱԽԱՔԱՅԼ», «ԴԱՆԴԱՂ ՔԱՅԼ», «ԿԵՍ ՔԱՅԼ», «ԼՐԻՎ ՔԱՅԼ» հրամանները:

44. Առանձին ծառայողին մի քանի քայլ այս կամ այն կողմ տեղափոխելու համար տրվում է հետևյալ հրամանը, օրինակ` «Փրկարարական ծառայության ենթասպա Հովհաննիսյան, երկու քայլ աջ (ձախ), քայլով-ՄԱ՛ՐՇ», և ծառայողը պետք է կատարի երկու քայլ աջ (ձախ)՝ յուրաքանչյուր քայլից հետո մի ոտքը միացնելով մյուսին:

45. Մի քանի քայլ առաջ կամ հետ տեղափոխվելու համար պետք է տալ հետևյալ հրամանը, օրինակ` «Երկու քայլ առաջ (հետ), քայլով-ՄԱ՛ՐՇ», որի դեպքում ծառայողը պետք է կատարի երկու քայլ առաջ (հետ) և մի ոտքը միացնի մյուսին:

46. Սույն կանոնադրության 45-րդ կետում նշված գործողությունները կատարելու ընթացքում ծառայողի ձեռքերը մնում են անշարժ:

47. Քայլելու ժամանակ դարձումները կատարվում են «Ա՛ջ-ԴԱ՛ՐՁ», «Ձա՛խ-ԴԱ՛ՐՁ», «Հե՛տ-ԴԱ՛ՐՁ» հրամաններով, ընդ որում`

1) աջ (ձախ) դառնալու համար կատարողական հրամանը տրվում է աջ (ձախ) ոտքը գետնին դնելու հետ միաժամանակ և անհրաժեշտ է`

ա. ձախ (աջ) ոտքով մի քայլ կատարել,

բ. ձախ (աջ) ոտնամատների վրա դարձում կատարել,

գ. դարձման հետ միաժամանակ աջ (ձախ) ոտքն առաջ դնել և քայլը շարունակել նոր ուղղությամբ.

2) հետդարձի համար կատարողական հրամանով, որը տրվում է աջ ոտքը գետնին դնելու հետ միաժամանակ, անհրաժեշտ է`

ա. ձախ ոտքով կատարել ևս մեկ քայլ (մեկ հաշվին),

բ. աջ ոտքը տանել կես քայլ առաջ և մի փոքր ձախ,

գ. երկու ոտնաթաթերի ծայրերի վրա, կտրուկ շրջվել ձախ ձեռքի կողմը (երկու հաշվին),

դ. շարժումը շարունակել ձախ ոտքով նոր ուղղությամբ (երեք հաշվին):

48. Դարձումների ժամանակ ձեռքերի շարժումները պետք է կատարել քայլին համաչափ:

49. Վազքի ժամանակ աջ (ձախ) դարձումները կատարվում են նույն հրամաններով, ինչ քայլելու ժամանակ` երկու հաշվին տեղում դարձում կատարել` վազքին համաչափ: Վազքի ժամանակ հետդարձի համար կատարողական հրամանով տեղում կտրուկ շրջվել ձախ ձեռքի կողմը (չորս հաշվին)` վազքին համաչափ:

 

ԳԼՈՒԽ 5. ՇԱՐԱՅԻՆ ՎԱՐԺԱՁԵՎԵՐՆ ՈՒ ՇԱՐԺՈՒՄԸ ԶԵՆՔՈՎ

 

50. Շարային կեցվածքը զենքով նույնն է, ինչ որ առանց զենքի, ընդ որում՝

1) ավտոմատը պետք է բռնել «Փոկին-ԱՌ» դրությամբ, փողաբերանը դեպի վեր, աջ ձեռքի դաստակը գոտու վերին եզրին հենելով՝ ծալովի կոթով ավտոմատը բռնել փողաբերանը դեպի ցած.

2) կարաբինը պետք է բռնել ոտքի մոտ՝ ազատորեն ցած իջած ձեռքով այնպես, որ կոթի ծոծրակալը դրվի գետնին՝ քսվելով աջ ոտնաթաթին, ընդ որում, ազատորեն ցած իջեցրած աջ ձեռքով բռնել փողի գազախողովակից:

51. Ավտոմատը «Փոկին-ԱՌ» դրությունից կրծքին է վերցվում «Ավտոմատը կրծքին-Ա՛Ռ» հրամանով, երեք գործողությամբ`

1) առաջին գործողություն՝ աջ ձեռքը փոկի վրայով բարձրացնել մի փոքր վերև, ավտոմատը հանել ուսից և, ձախ ձեռքով բռնելով փողակալից ու փողի պահպանակից, ուղղահայաց դիրքով պահել իր առջև՝ պահեստատուփը դեպի ձախ, փողաբերանը՝ կզակի բարձրությամբ.

2) երկրորդ գործողություն՝ աջ ձեռքով փոկը տանել աջ և ափով տակից բռնել այնպես, որ մատները կիսախուփ վիճակում ուղղված լինեն դեպի իրեն, միաժամանակ աջ արմունկն անցկացնել փոկի տակով.

3) երրորդ գործողություն՝ փոկն անցկացնել գլխի վրայով, աջ ձեռքով բռնել կոթի վզիկը, իսկ ձախ ձեռքն արագորեն ցած իջեցնել:

52. Ծալովի կոթով ավտոմատը «Փոկին-ԱՌ» դրությունից «կրծքին» է բերվում նույն հրամանով, սակայն երկու գործողությամբ՝

1) առաջին գործողություն՝ աջ ձեռքով ավտոմատը հանել ուսից՝ աջ արմունկը չհանելով փոկի տակից և, ձախ ձեռքով բռնելով ավտոմատի փողակալից ու փողի պահպանակի ներքևից, պահել իր առջև՝ պահեստատուփը դեպի ցած, փողաբերանը՝ դեպի ձախ.

2) երկրորդ գործողություն՝ աջ ձեռքով փոկն անցկացնել գլխի վրայով ու գցել ձախ ուսին, նույն ձեռքով բռնել փողատուփը` հենց փոկի մոտ, իսկ ձախ ձեռքն արագորեն իջեցնել ցած:

53. Ավտոմատը «Կրծքին-ԱՌ» դրությունից «Փոկին-ԱՌ» դրության է բերվում «Փոկին-ԱՌ» հրամանով, երեք գործողությամբ՝

1) առաջին գործողություն՝ ձախ ձեռքով բռնել ավտոմատի փողակալից և փողի պահպանակի ներքևից՝ միաժամանակ այն հրելով փոքր-ինչ առաջ և վերև, աջ ձեռքը հանել փոկի տակից, բռնել կոթի վզիկը և պահել ավտոմատը.

2) երկրորդ գործողություն՝ ավտոմատը բարձրացնելով վերև՝ փոկն անցկացնել գլխի վրայով և ավտոմատը բռնել իր առջև ուղղահայաց դիրքով՝ պահեստատուփը դեպի ձախ, փողաբերանի կտրվածքը՝ կզակի բարձրությամբ.

3) երրորդ գործողություն՝ աջ ձեռքով բռնել փոկի վերևի մասը և ավտոմատը գցել աջ ուսի հետևը՝ «Փոկին-ԱՌ» դրությամբ, իսկ ձախ ձեռքն արագորեն իջեցնել ցած:

54. Ծալովի կոթով ավտոմատը «Կրծքին-ԱՌ» դրությունից «Փոկին-ԱՌ» դրության է բերվում նույն հրամանով, երեք գործողությամբ՝

1) առաջին գործողություն՝ ձախ ձեռքով բռնել ավտոմատի փողի վերևի մասից ու գազախողովակից և, թեթևակիորեն բարձրացնելով վերև, աջ արմունկը հանել փոկի տակից, աջ ձեռքով, ափը դեպի ներքև, փողատուփի մոտից բռնել փոկը.

2) երկրորդ գործողություն՝ ավտոմատը շրջելով փողատուփը դեպի վեր, փոկն անցկացնել գլխի վրայով և ավտոմատը բռնել` պահեստատուփը դեպի աջ.

3) երրորդ գործողություն՝ ավտոմատը գցել աջ ուսի հետևը՝ «Փոկին-ԱՌ» դրությամբ, իսկ ձախ ձեռքն արագորեն իջեցնել ցած:

55. Կարաբինը «Ոտքին-ԱՌ» դրությունից «Փոկին-ԱՌ» դրության է վերցվում «Փոկին-Ա՛Ռ» հրամանով, երեք գործողությամբ`

1) առաջին գործողություն՝ աջ ձեռքով թեթևակիորեն բարձրացնել կարաբինը՝ առանց մարմնից հեռացնելու, պահեստատուփը թեքել դեպի ձախ. ձախ ձեռքով բռնել կարաբինի պահեստատուփը և պահել այն դիրքով, որ փողաբերանի կտրվածքը հավասարվի աչքերին, աջ արմունկը սեղմել մարմնին.

2) երկրորդ գործողություն՝ աջ ձեռքով բռնել փոկը և ձգել դեպի ձախ.

3) երրորդ գործողություն՝ կարաբինն արագորեն նետել թիկունքին, ձախ ձեռքը ցած իջեցնել, աջը` փոկով ցած սահեցնել այնպես, որ նախաբազուկը հորիզոնական դիրք ընդունի, կարաբինն արմունկով թեթևակիորեն սեղմել մարմնին:

56. Կարաբինը «Փոկին-ԱՌ» դրությունից «Ոտքին» է իջեցվում «Ոտքին-Ա՛Ռ» հրամանով, երկու գործողությամբ՝

1) առաջին գործողություն՝ աջ ձեռքը փոկով բարձրացնելով մի փոքր վերև՝ կարաբինը հանել ուսի վրայից և, ձախ ձեռքով բռնելով փողակալը, աջով՝ փողի պահպանակի վերևի մասից՝ պահեստատուփը դեպի ձախ, փողաբերանը՝ աչքերի հավասարությամբ.

2) երկրորդ գործողություն՝ ձախ ձեռքն արագորեն իջեցնել, իսկ աջով կարաբինը սահուն դնել գետնին, ոտքի մոտ:

57. Կարաբինը «Ոտքին-ԱՌ» դրությունից «Ուսին-ԱՌ» դրության է վերցվում միայն դրած սվինով, «Ուսին-ԱՌ» հրամանով, երկու գործողությամբ՝

1) առաջին գործողություն՝ աջ ձեռքով բարձրացնելով կարաբինը և շրջելով փակաղակը դեպի առաջ՝ ուղղաձիգ կերպով այն պտտել մարմնի շուրջը դեպի ձախ և, միաժամանակ, աջ ձեռքի դաստակով բռնել փողակալի ու փողի պահպանակի վերին մասից, այդ ընթացքում ձախ ձեռքի դաստակը մի փոքր առաջ բերել և կարաբինի կոթը դնել ձախ ձեռքի ափին այնպես, որ կոթի ծոծրակալն ընկնի ափի վրա, բութ մատը գտնվի առջևում, իսկ մնացած մատները սեղմվեն կոթի ձախ կողմին, կարաբինը ձգված ձեռքում, ձախ ուսի դիմաց պահել ուղղաձիգ՝ կոթը հպելով ձախ ոտքին, աջ արմունկը պահել ուսի բարձրությամբ.

2) երկրորդ գործողություն՝ աջ ձեռքն արագորեն իջեցնել, միաժամանակ ձախ ձեռքով կարաբինը բարձրացնել այնպես, որ ձգանի կանթն ընկնի ուսափոսիկում, և կարաբինը պահել առանց կողքի թեքելու, ձախ ձեռքի դաստակը պահել արմունկից մի փոքր ցած, կոթը սեղմել գոտկատեղին, իսկ նախաբազուկը՝ կողքին:

58. Կարաբինը «Ուսին-ԱՌ» դրությունից «Ոտքին-ԱՌ» դրության է բերվում «Ոտքին-ԱՌ» հրամանով, երեք գործողությամբ՝

1) առաջին գործողություն՝ արագորեն իջեցնել ձախ ձեռքը, աջով բռնել կարաբինը փողակալի ու փողի պահպանակի վերին մասից.

2) երկրորդ գործողություն՝ աջ ձեռքով կարաբինն իջեցնել աջ ոտքի մոտ՝ փակաղակը դեպի իրեն, ձախ ձեռքով սվինափողը բռնած՝ կարաբինը պահել աջ ոտքի ազդրի երկայնքով այնպես, որ կոթը հպվի ոտնաթաթին.

3) երրորդ գործողություն՝ արագորեն իջեցնել ձախ ձեռքը, իսկ աջ ձեռքով կարաբինը սահուն կերպով դնել գետնին:

59. Փոկը թուլացնելու (ձգելու) անհրաժեշտության դեպքում տրվում է «Փոկը-ԹՈՒԼԱՑՆԵԼ» (ՁԳԵ՛Լ) հրամանը:

60. «Փոկը» նախնական հրամանով ավտոմատը պետք է բռնել աջ ձեռքը, կարաբինը՝ ոտքի մոտ, ծալել ծալովի կոթով ավտոմատի կոթը: Այնուհետև անհրաժեշտ է աջ ձեռքը փոկի վրայով սահեցնելով մի փոքր վերև՝ ավտոմատը հանել ուսից և, ձախ ձեռքով բռնելով փողակալից ու փողի պահպանակից, պահեստատուփը պահել դեպի ցած, հորիզոնական դիրքով, կզակի բարձրության վրա: Ավտոմատը պահելով ձախ ձեռքով՝ աջով պետք է տեղաշարժել մղլակը և կոթը հետ գցել, աջով բռնել ավտոմատի փողակալից ու փողի պահպանակից: «ԹՈՒԼԱՑՆԵԼ» (ՁԳԵԼ) հրամանով պետք է կատարել կես աջդարձ, միաժամանակ ձախ ոտքը գցել մի քայլ դեպի ձախ և, առաջ թեքվելով, զենքի կոթը հենել ձախ ոտնաթաթին, իսկ փողը դնել աջ արմունկի ծալքին, ծնկները չծալել, աջ ձեռքով բռնելով փոկի ճարմանդը՝ ձախով ձգել (թուլացնել) փոկը և ինքնուրույն ընդունել շարային կեցվածք:

61. «Մեջքին-ԱՌ», «Փոկին-ԱՌ» և «Կրծքին-ԱՌ» հրամաններից առաջ զենքը նախօրոք պահպանակին է դրվում «Պահպանակին-ԴՆԵ՛Լ» հրամանով:

62. Սվին-դանակը հանելու կամ դնելու անհրաժեշտության դեպքում պետք է տալ «Սվին-դանակը- ՀԱՆԵ՛Լ» և «Սվին-դանակը-ԴՆԵ՛Լ» հրամանները:

63. Զենքը «Փոկին-ԱՌ» դրությունից «մեջքին» է բերվում «Զենքը մեջքի՛ն-Ա՛Ռ» հրամանով, երկու գործողությամբ՝

1) առաջին գործողություն՝ ձախ ձեռքով փոկը բռնել աջ ուսից մի փոքր ներքև, իսկ աջ ձեռքով միաժամանակ բռնել զենքի կոթը (ծալովի կոթով ավտոմատի փողից՝ ներքին փոկակալի մոտ).

2) երկրորդ գործողություն՝ աջ ձեռքով զենքը թեթևակիորեն բարձրացնել վերև, իսկ ձախով փոկը գլխի վրայով գցել ձախ ուսին, զենքը և ձեռքերն արագորեն իջեցնել ցած:

64. Ավտոմատը «Մեջքին-ԱՌ» դրության պետք է վերցնել առանց սվին-դանակի, իսկ կարաբինը՝ ծալված սվինով:

65. Զենքը «Մեջքին-ԱՌ» դրությունից «Փոկին-ԱՌ» դրության է վերցվում «Փոկին-Ա՛Ռ» հրամանով, երկու գործողությամբ՝

1) առաջին գործողություն՝ ձախ ձեռքով փոկը բռնել ձախ ուսից մի փոքր ցած, իսկ աջով միաժամանակ բռնել խզակոթը (փողի լայն մասից).

2) երկրորդ գործողություն՝ աջ ձեռքով թեթևակիորեն բարձրացնել զենքը, իսկ ձախով փոկն անցկացնել գլխի վրայով և գցել աջ ուսին, փոկը վերցնել աջ ձեռքը, ձախ ձեռքն արագորեն ցած իջեցնել:

66. Ավտոմատը «Կրծքին-ԱՌ» դրությունից «Մեջքին-ԱՌ» դրության փոխադրելու և «Մեջքին-ԱՌ» դրությունից «Կրծքին-ԱՌ», ինչպես նաև կարաբինը «Մեջքին-ԱՌ» դրությունից «Ոտքին-ԱՌ» դրության փոխադրելու համար անհրաժեշտ է նախապես զենքը վերցնել «Փոկին-ԱՌ» դրության:

67. Ծալովի կոթով ավտոմատը «Կրծքին-ԱՌ» դրությունից «Մեջքին-ԱՌ» դրության բերելու համար պետք է աջ ձեռքով բռնել փողաբերանից և փոխադրել մեջքին: «Մեջքին-ԱՌ» դրությունից «Կրծքին-ԱՌ» դրության բերելու համար անհրաժեշտ է աջ ձեռքով բռնել ավտոմատի փողաբերանից և այն ձգելով դեպի ձախ ուսը՝ փոխադրել «Կրծքին-ԱՌ» դրության:

68. «Ոտքին-ԱՌ» ընդհանուր հրամանով`

1) կարաբինը վերցվում է «Ոտքին-ԱՌ» դրության.

2) ավտոմատի դրությունը չի փոխվում:

69. Զենքի սխալ դիրքն ուղղելու նպատակով անհրաժեշտ է տալ «Զենքը-ՈՒՂՂԵ՛Լ» հրամանը:

70. Դարձումները և շարժումը զենքով կատարվում են սույն կանոնադրությամբ առանց զենքի դարձումների ու շարժման համար սահմանված կանոններով և հրամաններով:

71. Տեղում, «Ոտքին-ԱՌ» դրության դեպքում, զենքով դարձումների ժամանակ նախնական հրամանով զենքն անհրաժեշտ է փոքր-ինչ բարձրացնել վերև և միաժամանակ փողաբերանը ձգել դեպի իրեն, իսկ աջ ձեռքը թեթևակիորեն սեղմել աջ կոնքին: Կատարելով դարձումը՝ ոտքը դնելու հետ միաժամանակ անհրաժեշտ է զենքը սահուն դնել գետնին:

72. «Ոտքին-ԱՌ» դրության դեպքում զենքով քայլելու համար «Քայլով» նախնական հրամանով զենքը փոքր-ինչ պետք է բարձրացնել վերև, իսկ «Վազքով» նախնական հրամանով, բացի դրանից, ձախ արմունկը կիսածալել:

73. Վազքի ժամանակ պետք է զենքը պահել թեթևակիորեն ծալված աջ ձեռքում այնպես, որ փողաբերանը որոշ չափով լինի փոքր-ինչ առաջ թեքված դիրքում, իսկ խիտ շարքում վազքի ժամանակ` սվինը պահել մոտիկ:

74. Զենքով շարժվելիս` «Ոտքին-ԱՌ», «Փոկին-ԱՌ», «Կրծքին-ԱՌ» և «Ուսին-ԱՌ» դրություններում ազատ շարժումները պետք է կատարել քայլին համաչափ, ազատ ձեռքով, իսկ զենքը «Մեջքին-ԱՌ» դրությունում՝ երկու ձեռքով:

75. Կարաբինով շարժվելիս` «Ուսին-ԱՌ» դրությունում եղած ժամանակ «Կանգ-ԱՌ» կատարողական հրամանով պետք է կանգ առնել և առանց հրամանի կարաբինն իջեցնել ոտքի մոտ:

76. Շարժվելիս պետք է կարաբինը ոտքի մոտից ուսին վերցնել երկու գործողությամբ` սույն կանոնադրության 57-րդ կետին համապատասխան: Կատարողական հրամանով պետք է աջ ոտքով կատարել մի քայլ, այնուհետև, ձախ ոտքը գետնին դնելու հետ, հետևողականորեն կատարել յուրաքանչյուր գործողությունը:

77. Շարժվելիս կարաբինը «Ուսին-ԱՌ» դրությունից «Ոտքին-ԱՌ» դրության է բերվում երեք գործողությամբ` սույն կանոնադրության 58-րդ կետին համապատասխան` «Ոտքին-ԱՌ» հրամանով, որը տրվում է ձախ ոտքը գետնին դնելու հետ միաժամանակ: Կատարողական հրամանով պետք է աջ ոտքով կատարել մի քայլ, այնուհետև, ձախ ոտքը գետնին դնելու հետ, հետևողականորեն կատարել յուրաքանչյուր գործողությունը:

 

ԲԱԺԻՆ 3. ՈՂՋՈՒՅՆԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ, ՇԱՐՔԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼԸ ԵՎ ՇԱՐՔ  ՎԵՐԱԴԱՌՆԱԼԸ, ՊԵՏԻՆ (ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻՆ) ՄՈՏԵՆԱԼԸ ԵՎ ՆՐԱՆԻՑ ՀԵՌԱՆԱԼԸ

 

ԳԼՈՒԽ 6. ՈՂՋՈՒՅՆԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՌԱՆՑ ԶԵՆՔԻ՝ ՏԵՂՈՒՄ ԵՎ ՇԱՐԺՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ

 

78. Ողջույնը կատարվում է կտրուկ և ձգված՝ հստակ պահպանելով շարային կեցվածքի և շարժման կանոնները:

79. Շարքից դուրս տեղում ողջույնի համար `

1) առանց գլխարկի, պետք է պետից (հրամանատարից) երեք-չորս քայլ հեռավորության վրա շրջվել պետի (հրամանատարի) կողմը, ընդունել շարային կեցվածք, նայել նրա դեմքին և գլուխը շրջել նրա շարժման ուղղությամբ.

2) գլխարկով, բացի սույն կետի 1-ին ենթակետով սահմանված գործողություններից, աջ ձեռքը պետք է ամենակարճ ճանապարհով մոտեցնել գլխարկին, ձեռքի մատներն իրար կպած, ափն ուղիղ այնպես, որ միջնամատը քսվի գլխարկի ներքևի եզրին (հովարիկի մոտ), իսկ արմունկը լինի ուսի բարձրությամբ, նույն գծի վրա: Գլուխը պետի (հրամանատարի) կողմը շրջելիս` ձեռքի դիրքը գլխարկի մոտ մնում է անփոփոխ և, երբ պետը (հրամանատարը) անցնում է ողջունող ծառայողի մոտից, վերջինս գլուխն ուղղում է՝ միաժամանակ իջեցնելով ձեռքը:

80. Շարքից դուրս՝ առանց գլխարկի, շարժման ընթացքում ողջույնի համար պետից (հրամանատարից) երեք-չորս քայլ հեռավորության վրա պետք է ոտքը գետնին դնելու հետ միաժամանակ դադարեցնել ձեռքերի շարժումները, գլուխը շրջել պետի կողմը և, շարունակելով քայլել, նայել նրա դեմքին: Պետի (հրամանատարի) մոտով անցնելուց հետո անհրաժեշտ է գլուխը պահել ուղիղ և շարունակել ձեռքերի շարժումները:

81. Եթե ծառայողը գլխարկով է, ոտքը գետնին դնելու հետ միաժամանակ անհրաժեշտ է գլուխը շրջել պետի (հրամանատարի) կողմը, աջ ձեռքը մոտեցնել գլխարկին և, ձախ ձեռքը հպելով կողքին՝ նայել նրա դեմքին: Պետի (հրամանատարի) մոտով անցնելուն պես, ձախ ոտքը գետնին դնելու հետ միաժամանակ գլուխը պահել ուղիղ, իսկ աջ ձեռքն իջեցնել ցած: Պետից (հրամանատարից) առաջ անցնելու դեպքում ողջույնը կատարել անցնելու քայլի հետ միաժամանակ: Երկրորդ քայլի հետ գլուխը պահել ուղիղ, աջ ձեռքն իջեցնել ցած:

82. Պետի՝ մեքենայով անցնելու դեպքում ծառայողը պետք է կանգնի, դեմքով շրջվի դեպի պետի կողմը և ձեռքը հպի գլխարկին:

83. Ծառայողի ձեռքերն զբաղված լինելու պարագայում ողջույնը կատարվում է գլուխը շրջելով պետի (հրամանատարի) կողմը:

 

ԳԼՈՒԽ 7. ՈՂՋՈՒՅՆԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԶԵՆՔՈՎ՝ ՏԵՂՈՒՄ ԵՎ ՇԱՐԺՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ

 

84. Շարքից դուրս, տեղում զենքով ողջույնը պետք է կատարել այնպես, ինչպես առանց զենքի, ընդ որում, զենքի դիրքը չի փոխվում, և ձեռքը գլխարկին չի մոտեցվում՝ բացառությամբ կարաբինը «Ուսին-ԱՌ» դրությունից, որի դեպքում կարաբինը նախօրոք առնվում է ոտքի մոտ:

85. Զենքը «Մեջքին-ԱՌ» դրության ժամանակ ողջույնի կատարման համար աջ ձեռքն անհրաժեշտ է մոտեցնել գլխարկին:

86. Շարքից դուրս զենքով շարժման ժամանակ ողջույնի կատարման համար, երբ զենքը գտնվում է «Ոտքին-ԱՌ», «Փոկին-ԱՌ» կամ «Կրծքին-ԱՌ» դրությունում, պետից (հրամանատարից) երեք-չորս քայլ հեռավորության վրա ոտքը դնելու հետ միաժամանակ, գլուխը պետք է շրջել նրա կողմը, դադարեցնել ազատ ձեռքի շարժումը, իսկ «Մեջքին-ԱՌ» դրության ժամանակ, բացի դրանից, աջ ձեռքը մոտեցնել գլխարկին: Կարաբինով ողջույն կատարելիս՝ «Ուսին-ԱՌ» դրությամբ պետք է շարունակել աջ ձեռքի շարժումը:

87. «Ոտքին-ԱՌ» դրությունից կարաբինով ողջույնը պետք է կատարել «Աջից (ձախից, կենտրոնից) դիմավորելու համար ՈՂՋՈՒՆԻ՛Ր» հրամանով, երկու գործողությամբ՝

1) առաջին գործողություն` կարաբինը բարձրացնել աջ ձեռքով և բռնել կախված վիճակում՝ փողը պահելով կրծքի մեջտեղի դիմաց, նշանաձողիկը դեպի իրեն, միաժամանակ ձախ ձեռքով բռնել կարաբինի փողակալից (չորս մատը պահեստատուփի առջևի մասի վրա, բութ մատը՝ նշանաձողիկի տակ), ձախ ձեռքի դաստակը պահել գոտու բարձրության վրա.

2) երկրորդ գործողություն՝ աջ ձեռքը փոխադրել կոթի վզիկին և կարաբինը պահել այնպես, որ բութ մատը լինի հետևի կողմից, մյուս մատները ձգված վիճակում դրվեն կոթի վզիկի առջևի մասում: Երկրորդ գործողության կատարման հետ միաժամանակ` գլուխն անհրաժեշտ է թեքել աջ (ձախ) և պետին ուղեկցել հայացքով՝ նրա շարժման հետ գլուխը շրջելով:

88. Կարաբինը «ՈՂՋՈՒՆԻՐ» դրությունից «Ոտքին-ԱՌ» դրության է բերվում «Ոտքի՜ն-Ա՛Ռ» հրամանով: Նախնական հրամանով գլուխը պետք է պահել ուղիղ, իսկ կատարողական հրամանով` կարաբինը ոտքի մոտ բերել երեք գործողությամբ՝

1) առաջին գործողություն՝ աջ ձեռքը տեղափոխել վերև և բռնել փողակալի ու փողի պահպանակի վերևի մասից.

2) երկրորդ գործողություն՝ կարաբինն աջ ոտքի մոտ փոխադրել այնպես, որ խզակոթը հպվի ոտնաթաթին, ձախ ձեռքով բռնել սվինի փողից.

3) երրորդ գործողություն՝ արագորեն իջեցնել ձախ ձեռքը, իսկ աջով կարաբինը սահուն կերպով դնել գետնին:

89. Կարաբինով ողջույնը կատարվում է միայն այն ժամանակ, երբ ծառայողներն ու ստորաբաժանումները գտնվում են տեղում՝ շարքի մեջ:

90. «Աջից (ձախից, կենտրոնից) դիմավորելու համար ՈՂՋՈՒՆԻՐ» հրամանով կարաբինը պետք է վերցնել «Ողջունիր» դրության, շարքում գտնվող բոլոր ծառայողները պետք է ընդունեն շարային կեցվածք, միաժամանակ գլուխները շրջեն պետի կողմը` հայացքով ուղեկցելով նրան, մինչև շարքի կողքով անցնելը և նոր հրաման տալը:

 

ԳԼՈՒԽ 8. ՇԱՐՔԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼԸ ԵՎ ՇԱՐՔ ՎԵՐԱԴԱՌՆԱԼԸ: ՊԵՏԻՆ (ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻՆ) ՄՈՏԵՆԱԼԸ ԵՎ ՆՐԱՆԻՑ ՀԵՌԱՆԱԼԸ

 

91. Շարքից դուրս գալու համար ծառայողին տրվում է հետևյալ հրամանը` «Փրկարարական ծառայության սերժանտ Պետրոսյան, շարքից դուրս գալ այսքան քայլ» կամ «Փրկարարական ծառայության սերժանտ Պետրոսյան, ինձ մոտ (Վազքով ինձ մոտ)»:

92. Ծառայողը, սույն կանոնադրության 91-րդ կետին համապատասխան տրված հրամանի դեպքում, լսելով իր ազգանունը, պատասխանում է՝ «Ես եմ», իսկ շարքից դուրս գալու (կանչվելու) դեպքում պատասխանում է՝ «Լսում եմ»`

1) առաջին հրամանով ծառայողը շարային քայլով դուրս է գալիս շարքից` նշված քայլերի թիվը հաշվելով առաջին տողանից, կանգնում և դեմքով շրջվում է դեպի շարքը.

2) երկրորդ հրամանով ծառայողը, առաջին տողանից ուղիղ դուրս գալով մեկ-երկու քայլ, ընթացքից շրջվում է պետի կողմը, ամենակարճ ճանապարհով շարային քայլով մոտենում (վազում) է նրա մոտ և, կանգնելով երկու-երեք քայլ հեռավորության վրա, զեկուցում է իր գալու մասին: Օրինակ՝ «Պարոն փրկարարական ծառայության լեյտենանտ, փրկարարական ծառայության սերժանտ Պետրոսյանը ներկայացել է Ձեր հրամանով».

3) ծառայողը երկրորդ տողանից դուրս գալու դեպքում թեթևակիորեն ձեռքը դնում է իր առջև կանգնած ծառայողի ուսին, որը մի քայլ առաջ է գալիս և, աջ ոտքն առանց ձախին մոտեցնելու, տանում է մի քայլ դեպի աջ, ձախ ոտքը միացնում է աջին, շարքից դուրս գալու հնարավորություն է տալիս ծառայողին, այնուհետև, կանգնում է իր տեղում.

4) առաջին տողանից ծառայողի դուրս գալուց հետո այդ տեղն զբաղեցնում է երկրորդ տողանում նրա հետևում կանգնած ծառայողը.

5) երկշարասյուն, եռաշարասյուն (քառաշարասյուն) շարքից ծառայողը դուրս է գալիս մոտակա թևի կողմը, նախապես կատարելով աջ դարձ (ձախ դարձ): Եթե նրա կողքին ծառայող է կանգնած, ապա վերջինս աջ (ձախ) ոտքով մեկ քայլ է անում դեպի աջ (ձախ) կողմը և, առանց աջ (ձախ) ոտքը մյուս ոտքի մոտ դնելու, մի քայլ հետ է գնում` ոտքերը միացնելով իրար, ծառայողին շարքից դուրս գալու հնարավորություն է տալիս, այնուհետև կանգնում է իր տեղում.

6) ծառայողի՝ զենքը ձեռքին շարքից դուրս գալու դեպքում զենքի դիրքը չի փոխվում:

93. Շարք վերադառնալու համար ծառայողին պետք է տրվի հետևյալ հրամանը՝ «Փրկարարական ծառայության սերժանտ Պետրոսյան, կանգնել շարք» կամ ուղղակի «Կանգնել շարք»: «Փրկարարական ծառայության սերժանտ Պետրոսյան» հրամանով դեմքով դեպի շարքը կանգնած ծառայողը, լսելով իր ազգանունը, դեմքով շրջվում է դեպի պետը և պատասխանում է՝ «Ես եմ», իսկ «Կանգնել շարքում» հրամանով, եթե առանց զենքի է կամ զենքով՝ «Մեջքին-ԱՌ» դրությունում, ձեռքը մոտեցնում է գլխարկին և պատասխանում՝ «Լսում եմ», ապա շրջվում է շարժման կողմը, առաջին քայլի հետ միաժամանակ իջեցնում ձեռքը, շարային քայլով ամենակարճ ճանապարհով կանգնում է իր տեղում:

94. «Կանգնել շարքում» հրաման տրվելու դեպքում ծառայողը պետք է վերադառնա շարք՝ առանց նախապես շրջվելու դեպի պետը:

95. Սույն կանոնադրության 92-րդ, 93-րդ և 94-րդ կետերով նախատեսված հրամանները զենքով կատարելու դեպքում, շարք վերադառնալուց հետո, ծառայողը պետք է զենքը պահի այն դիրքում, ինչպես շարքում գտնվող ծառայողները:

96. Շարքից դուրս պետին մոտենալիս` նրանից հինգ-վեց քայլ հեռու, ծառայողը պետք է անցնի շարային քայլի, երկու-երեք քայլ հեռու կանգնի պետի առջև, ոտքերն իրար միացնելու հետ միաժամանակ աջ ձեռքը մոտեցնի գլխարկին և զեկուցի իր մոտենալու մասին, իսկ զեկույցն ավարտելուն պես ձեռքն իջեցնի:

97. Պետին զենքով մոտենալիս` ծառայողը զենքի դիրքը չպետք է փոխի` բացառությամբ կարաբինի «Ուսին-ԱՌ» դրությունից, որը «Ոտքին-ԱՌ» դրության է բերվում, երբ ծառայողը կանգնում է պետի առջև` ձեռքը գլխարկին չի մոտեցնում` բացառությամբ այն դեպքերի, երբ զենքը գտնվում է «Մեջքին-ԱՌ» դրությամբ:

98. Պետից ստանալով հեռանալու թույլտվություն` ծառայողը պետք է աջ ձեռքը մոտեցնի գլխարկին և պատասխանի՝ «Լսում եմ», ապա շրջվի շարժման կողմը, առաջին քայլի հետ իջեցնի ձեռքը և, կատարելով երեք-չորս շարային քայլ, շարժումը շարունակի երթային քայլով: Զենքը ձեռքին պետից հեռանալիս` զենքի դիրքը չի փոխվում` բացառությամբ կարաբինի, որը «Ոտքին-ԱՌ» դրությունից, եթե անհրաժեշտ է, ծառայողը «Լսում եմ» պատասխանից հետո փոխադրում է այլ դրության:

99. Ծառայողին կարգադրելով շարք վերադառնալ կամ թույլատրելով գնալ` պետը ձեռքը պետք է մոտեցնի գլխարկին և իջեցնի ցած:

 

ԲԱԺԻՆ 4. ՇԱՐՔԵՐԸ ՀԵՏԻՈՏՆ ԿԱՐԳՈՎ ԵՎ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՎՐԱ

 

ԳԼՈՒԽ 9. ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔԵՐԸ ՀԵՏԻՈՏՆ ԿԱՐԳՈՎ

 

100. Թվով 5-12 ծառայողներից բաղկացած ստորաբաժանման ծավալուն շարքը կարող է լինել միատողան կամ երկտողան:

101. Միատողան (երկտողան) շարվելու համար ստորաբաժանմանը տրվում է «Ստորաբաժանում, միատողան (երկտողան)-ՇԱՐՎԻ՛Ր» հրամանը. ստորաբաժանման հրամանատարը (պետը), հրաման տալիս, ընդունելով շարային կեցվածք, պետք է կանգնի դեմքով դեպի շարքի ճակատը. ստորաբաժանման ծառայողները շարվեն հրամանատարից ձախ` սույն կանոնադրությամբ սահմանված տարածությամբ և հեռավորությամբ, միաժամանակ բոլոր ծառայողների ոտնաթաթերի ծայրերը պետք է գտնվեն մեկ ուղիղ գծով:

102. Շարք կանգնելն սկսելուն պես ստորաբաժանման հրամանատարը (պետը) պետք է շարային քայլով դուրս գա շարքից և հետևի, թե ինչպես է կատարվում հրամանը: Չորս և ավելի պակաս ծառայողից բաղկացած անձնակազմը միշտ կանգնում է միատողան:

103. Թվով 12-ից ավելի ծառայողներից, այդ թվում` ներքին կառուցվածքային ստորաբաժանումներից բաղկացած ստորաբաժանումը, ինչպես նաև այն ստորաբաժանումը, որի ներքին կառուցվածքային ստորաբաժանումները (բաժին, ջոկատ, խումբ, օղակ, ջոկ և այլն) բաղկացած են չորս կամ երեք ծառայողից, կանգնում է երկտողան շարքով կամ ներքին կառուցվածքային ստորաբաժանումների շարասյուների գծով:

104. Երկտողան (ստորաբաժանումների շարասյուների գծով) շարվելու համար ստորաբաժանմանը պետք է տրվի «Ստորաբաժանում, երկտողան-ՇԱՐՎԻՐ» կամ «Ստորաբաժանում, եռաշարասյուն (քառաշարասյուն) կառուցվածքային ստորաբաժանումների շարասյուների գծով-ՇԱՐՎԻ՛Ր» հրամանը:

105. Սույն կանոնադրության 104-րդ կետում նշված ստորաբաժանման (հիմնական) ծառայողների շարումն սկսվում է առաջին կառուցվածքային ստորաբաժանումից` հաստիքների համաձայն՝ հրամանատարից (պետից) ձախ, սույն կանոնադրության 103-րդ կետով նշված կանոններով, ընդ որում`

1) հիմնական ստորաբաժանման հրամանատարի (պետի) տեղակալները կանգնում են նրանից ձախ.

2) երկտողան շարքում վերջին կարգը յուրաքանչյուր կառուցվածքային ստորաբաժանումում պետք է լինի լրիվ:

106. Շարքը տեղում հավասարեցնելու անհրաժեշտության դեպքում պետք է տրվի «ՀԱՎՍԱ՛Ր» կամ «Ձախ ՀԱՎՍԱ՛Ր» հրամանները`

1) «ՀԱՎՍԱ՛Ր» հրամանով բոլորը, բացի աջթևայինից, գլուխները պետք է շրջեն աջ (աջ ականջի դիրքը ձախից բարձր, կզակը` վեր) և հավասարվեն այնպես, որ յուրաքանչյուր ծառայող տեսնի իրենից հետո երրորդ ծառայողի կուրծքը.

2) «Ձախ ՀԱՎՍԱՐ» հրամանով բոլորը, բացի ձախթևայինից, պետք է գլուխները շրջեն ձախ (ձախ ականջի դիրքը՝ աջից բարձր, կզակը` վեր).

3) հավասարվելու ժամանակ ծառայողները կարող են փոքր-ինչ շարժվել առաջ, հետ կամ կողքի.

4) կարաբինը (ավտոմատը) «Ոտքին - ԱՌ» դրությունում հավասարվելիս, սույն կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված գործողությունները կատարելիս, կատարողական հրամանով ծառայողը սվինը (փողաբերանը) պետք է թեքի դեպի իրեն և սեղմի աջ կողքին:

107. Հավասարվելուց հետո տրվում է «ԶԳԱՍՏ» հրամանը, որի դեպքում բոլոր ծառայողներն արագորեն պետք է ուղղեն գլուխները և կարաբինը (ավտոմատը) բռնեն նախկին դիրքով:

108. Հետ դարձից հետո ստորաբաժանումը հավասարեցնելու համար պետք է նշվի հավասարեցման կողմը, օրինակ՝ «Աջ (ձախ)-ՀԱՎՍԱ՛Ր»:

109. «ԱԶԱՏ» և «ԿԱՐԳԻ ԲԵՐԵԼ» հրամաններով ծառայողները պետք է կատարեն սույն կանոնադրության 28-րդ և 29-րդ կետերով սահմանված գործողությունները:

110. «Ստորաբաժանում-ՑՐՎԻՐ» հրամանով ծառայողները պետք է դուրս գան շարքից:

111. Ստորաբաժանումը հավաքելու համար պետք է տրվի «Ստորաբաժանում-ԻՆՁ Մ՛ՈՏ» հրամանը, որից հետո ծառայողները պետք է վազքով հավաքվեն հրամանատարի մոտ և շարք կանգնեն նրա լրացուցիչ հրամանով:

112. Ստորաբաժանման դարձումները բոլոր ծառայողները պետք է կատարեն միաժամանակ՝ հավասարությունը պահպանելով սույն կանոնադրությամբ դարձումների համար սահմանված հրամանները և կանոնները: Երկտողան շարքով ստորաբաժանման աջ դարձի (ձախ դարձի) ժամանակ ստորաբաժանման հրամանատարը (պետը) պետք է կես քայլ աջ ձախ), իսկ հետ դարձի դեպքում` մի քայլ առաջ գնա:

113. Տեղում ստորաբաժանման նոսրացման համար պետք է տրվի «Ստորաբաժանում, դեպի աջ (ձախ, կենտրոնից), այսքան քայլով-ԲԱՑԱԶԱՏՎԻ՛Ր) վազքով-ԲԱՑԱԶԱՏՎԻՐ) հրամանը`

1) կատարողական հրամանով բոլոր ծառայողները, բացի նրանից, ումից սկսվում է նոսրացումը, պետք է շրջվեն նշված կողմը, ոտքերը միացնելու հետ միաժամանակ գլուխը շրջեն շարքի ճակատի կողմը և գնան արագացված կիսաքայլով (վազքով)՝ ուսի վրայից նայելով հետևից եկողին և չկտրվելով նրանից.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված գործողության կատարումից հետո` հետևից եկողի կանգնելուց հետո, յուրաքանչյուր ծառայող պետք է ևս կատարի այնքան քայլ, որքան նշված է հրամանում, և շրջվի ձախ (աջ).

3) նոսրացումը պետք է կատարվի մեկ քայլով, եթե հրամանում նշված չէ տարածությունը.

4) կենտրոնից նոսրացման դեպքում պետք է նշվի, թե ով է կենտրոնը, և կենտրոնի ծառայողը, լսելով իր ազգանունը, պետք է պատասխանի՝ «Ես եմ», ձախ ձեռքը պարզի առաջ ու ցած իջեցնի.

5) ստորաբաժանման հավասարվելու ժամանակ պետք է պահպանվի նոսրացման ժամանակ սահմանված տարածությունը:

114. Տեղում ստորաբաժանման խտացման համար պետք է տրվի «Ստորաբաժանում, դեպի աջ (դեպի ձախ, դեպի կենտրոն)-ԽՏԱՑԻ՛Ր» (վազքով-ԽՏԱՑԻ՛Ր) հրամանը: Կատարողական հրամանով բոլոր ծառայողները, բացի նրանից, դեպի ում կատարվում է խտացումը, շրջվում են խտացման կողմը, որից հետո արագացված կիսաքայլով (վազքով) մոտենում են խիտ շարքի համար սահմանված տարածությանը և ինքնուրույն կանգնում ու շրջվում են ձախ (աջ):

115. Ստորաբաժանման շարժման համար պետք է տրվեն հետևյալ հրամանները` «Ստորաբաժանում, քայլով (շարային քայլով, վազքով)-ՄԱ՛ՐՇ»: Անհրաժեշտության դեպքում, պետք է նշվի շարժման ուղղությունը և հավասարությունը պահելու կողմը: Օրինակ՝ «Ստորաբաժանում, դեպի այսինչ առարկան, հավասարությունը աջ (ձախ), քայլով (շարային քայլով, վազքով)-ՄԱՐՇ»: «ՄԱՐՇ» հրամանով բոլոր ծառայողները միաժամանակ սկսում են շարժումը ձախ ոտքով՝ պահպանելով հավասարությունը, տարածությունն ու հեռավորությունը: Հավասարություն պահպանելու կողմը չնշվելու դեպքում հավասարությունը պահվում է՝ հայացքն ուղղելով դեպի աջ թևը` առանց գլուխը թեքելու:

116. Ստորաբաժանման կանգնելու համար պետք է տրվի «Ստորաբաժանում, կանգ-Ա՛Ռ» հրամանը:

117. Ծառայողների մոտ զենքի տարբեր տեսակների առկայության և դրանք մի դրությունից մյուսը փոխադրելու անհրաժեշտության դեպքում պետք է նշվի զենքի անունը: Օրինակ՝ «Ավտոմատը կրծքին-Ա՛Ռ», «Կարաբինը ուսին-Ա՛Ռ» և այլն:

118. Տեղում կանգնած շարքում մի քանի քայլ այս կամ այն կողմ տեղափոխվելու համար պետք է տրվի «Ստորաբաժանում, աջ-ԴԱ՛ՐՁ (ձախ-ԴԱ՛ՐՁ)», որից հետո՝ «Այսքան քայլ առաջ, քայլով-ՄԱ՛ՐՇ» հրամանը: Ծառայողների կողմից գործողությունը կատարվելուց հետո, շրջվելու և նախնական դիրքն ընդունելու համար, ստորաբաժանմանը պետք է տրվի «Ձախ-ԴԱՐՁ (աջ-ԴԱՐՁ)» հրամանը:

119. Ոչ համաքայլ (ազատ) քայլելու համար պետք է տրվի «ՈՉ ՀԱՄԱՔԱՅԼ», իսկ համաքայլ քայլելու անհրաժեշտության դեպքում՝ «ՀԱՄԱՔԱՅԼ» հրամանը (վերջինիս դեպքում քայլում են այնպես, ինչպես ուղղապահը կամ հրամանատարի տված հաշվով):

120. Ուսն առաջ բերելով՝ ուղղությունը փոխելու համար պետք է տրվի «Ստորաբաժանում, աջ (ձախ) ուսն առաջ, քայլով-ՄԱ՛ՐՇ» (ընթացքում՝ ՄԱՐՇ») հրամանը:

121. Սույն կանոնադրության 120-րդ կետում նշված հրամանով`

1) ստորաբաժանումը պետք է շարժվի աջ (ձախ)` ուսն առաջ բերելով, առաջ եկող թևի թևայինը, գլուխը թեքելով ճակատի երկայնքով, շարժվի լրիվ քայլով այնպես, որ մյուսներին չսեղմի դեպի անշարժ թևը.

2) անշարժ թևի թևայինը տեղում քայլելով՝ աստիճանաբար պետք է շրջվի ձախ (աջ)՝ հարմարվելով առաջ եկող թևի շարժմանը, մյուսները, ճակատով պահպանելով հավասարությունը՝ հայացքն ուղղելով առաջ եկող թևի կողմը (առանց գլուխը թեքելու) և արմունկով շոշափելով անշարժ թևի կողքի հարևանին, անշարժ թևին մոտենալու համեմատ աստիճանաբար փոքրացնում են քայլերը.

3) ստորաբաժանումն առաջ շարժվելիս` թեքվելու համար պետք է տրվի «ՈՒՂԻ՛Ղ» կամ «Ստորաբաժանում, կանգ-Ա՛Ռ» հրամանը:

122. Ստորաբաժանումը միատողան շարքից երկտողան շարքի վերադասավորելու համար նախապես պետք է կատարի հաշվարկ՝ մեկ, երկու. տրվում է հրաման, օրինակ՝ «Ստորաբաժանում, մեկից երկու-ՀԱՇՎԻ՛Ր», որի դեպքում յուրաքանչյուր ծառայող, սկսած աջ թևից, հերթով գլուխն արագորեն շրջում է իրենից ձախ կանգնած ծառայողի կողմը, ասում է իր համարը և կտրուկ ուղղում է գլուխը (ձախթևայինը գլուխը չի շրջում):

123. Սույն կանոնադրության 122-րդ կետով սահմանված ձևով է կատարվում նաև ընդհանուր հաշվումը` ըստ հերթական համարների, որի համար տրվում է «Ստորաբաժանում, հերթով-ՀԱՇՎԻ՛Ր» հրամանը: Երկտողան շարքում երկրորդ տողանի ձախթևայինը շարքի ընդհանուր համարանշումն ավարտելուց հետո զեկուցում է՝ «Լրիվ» կամ «Ոչ լրիվ»:

124. Ստորաբաժանումը տեղում միատողան շարքից երկտողան շարքի վերադասավորելու համար պետք է տրվի «Ստորաբաժանում, երկտողան-ՇԱՐՎԻ՛Ր» հրամանը: Կատարողական հրամանով երկրորդ համարները ձախ ոտքով կատարում են մի քայլ հետ՝ չմիացնելով աջ ոտքը, այն տանում են մի քայլ աջ` կանգնելով առաջին համարի հետևը և ձախ ոտքը միացնելով աջին:

125. Ստորաբաժանումը տեղում երկտողան խիտ շարքից միատողան շարքի վերադասավորելու համար անհրաժեշտ է նախապես նոսրացնել մեկ քայլով, որից հետո տալ «Ստորաբաժանում, միատողան-ՇԱՐՎԻ՛Ր» հրամանը: Կատարողական հրամանով երկրորդ համարները ձախ ոտքով մի քայլ անելով դեպի ձախ և աջ ոտքը չմիացնելով ձախին՝ մի քայլ առաջ են գալիս, ձախ ոտքը միացնելով աջին՝ կանգնում են առաջին համարների գծի վրա:

126. Զենքը գետնին է դրվում «Ստորաբաժանում, դնե՛լ-ԶԵՆՔԸ» հրամանով, որի ժամանակ`

1) «Դնել» նախնական հրամանով ավտոմատը բռնում են աջ ձեռքով, կարաբինը՝ «Ոտքին-ԱՌ» դրությամբ.

2) կատարողական հրամանով առաջին տողանը երկու քայլ առաջ է գալիս և ոտքերը միացնում իրար, այնուհետև` երկու տողանները միաժամանակ ձախ ոտքով մի քայլ առաջ են գալիս.

3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված գործողությունը կատարելուց հետո զենքը դնում են գետնին՝ փակաղակի (փակաղակի շրջանակի) բռնակը դեպի ներքև, կոթի ծոծրակալը՝ աջ ոտնամատի մոտ (աջ ծունկը չի ծալվում), որից հետո ձախ ոտքը միացնում են աջին.

4) միատողան շարքում կատարողական հրամանով կատարվում է միայն սույն կետի 3-րդ ենթակետում նշված գործողությունը:

127. Զենքը գետնից վերցնելու համար պետք է տրվեն հետևյալ հրամանները` «Ստորաբաժանում, ԶԵՆՔԻ ՄՈՏ» և հետո՝ «Ի ԶԵՆ»`

1) առաջին հրամանով ստորաբաժանումը շարժվում է զենքի մոտ.

2) երկրորդ հրամանով ծառայողները ձախ ոտքով մի քայլ գալիս են առաջ, աջ ձեռքով վերցնում զենքը և, հետ գալով, ձախ ոտքը միացնում են աջին: Երկրորդ տողանը երկու քայլ գալիս է առաջ, որից հետո երկու տողաններն էլ զենքը միաժամանակ վերցնում են «Փոկին-ԱՌ» դրության:

128. Ստորաբաժանման երթային շարքը կարող է լինել միաշարասյուն կամ երկշարասյուն:

129. Ստորաբաժանումը տեղում միաշարասյուն (երկշարասյուն) շարելու համար պետք է տրվի «Ստորաբաժանում, միաշարասյուն (երկշարասյուն)-ՇԱՐՎԻՐ» հրամանը: Ստորաբաժանման հրամանատարը (պետը), շարային կեցվածք ընդունելով և հրաման տալով, կանգնում է դեմքով դեպի շարժման կողմը, իսկ ստորաբաժանումը (ենթակա ծառայողները) շարվում է միաշարասյուն (երկշարասյուն)` հաստիքի համաձայն:

130. Չորս և պակաս ծառայողից բաղկացած ստորաբաժանումը կանգնում է միաշարասյուն:

131. Մի քանի կառուցվածքային ստորաբաժանումներից բաղկացած ստորաբաժանման երթային շարքը կարող է լինել քառաշարասյուն, եռաշարասյուն, երկշարասյուն կամ միաշարասյուն:

132. Տեղում ստորաբաժանման ծառայողներին եռաշարասյուն (քառաշարասյուն) շարելու համար պետք է տրվի հետևյալ հրամանը` «Ստորաբաժանում, եռաշարասյուն (քառաշարասյուն)-ՇԱՐՎԻՐ», որի դեպքում կառուցվածքային ստորաբաժանումների ծառայողները շարվում են եռաշարասյուն (քառաշարասյուն)` ըստ հաստիքի:

133. Ծավալուն շարքից շարասյան վերադասավորելու համար պետք է տրվի հետևյալ հրամանը՝ «Ստորաբաժանում, աջ-ԴԱ՛ՐՁ»: Երկտողան շարքի դարձման դեպքում ստորաբաժանման հրամանատարը կես քայլ աջ է կատարում:

134. Շարասյունից ծավալուն շարքի վերադասավորելու համար ստորաբաժանմանը պետք է տրվի «Ստորաբաժանում, ձախ-ԴԱ՛ՐՁ» հրամանը: Երկշարասյուն ստորաբաժանման դարձման դեպքում ստորաբաժանման հրամանատարը կես քայլ առաջ է գալիս:

135. Միաշարասյուն ստորաբաժանումը երկշարասյան վերադասավորելու համար պետք է տրվի «Ստորաբաժանում, երկշարասյուն, քայլով-ՄԱ՛ՐՇ» (քայլելիս՝ «ՄԱ՛ՐՇ») հրամանը: Կատարողական հրամանով ստորաբաժանման հրամանատարը (ուղղապահը) շարժվում է կես քայլ անելով. երկրորդ համարները, շարժվելով դեպի աջ, քայլի տակտով շարասյան մեջ զբաղեցնում են իրենց տեղերը: Ստորաբաժանումը շարժվում է կես քայլ անելով, մինչև «ՈՒՂԻՂ» կամ «Ստորաբաժանում, կանգ-ԱՌ» հրամանը:

136. Երկշարասյուն ստորաբաժանումը միաշարասյան վերադասավորելու համար պետք է տրվի «Ստորաբաժանում, միաշարասյուն, քայլով-ՄԱ՛ՐՇ» (քայլելիս՝ «ՄԱՐՇ») հրամանը: Կատարողական հրամանով ստորաբաժանման հրամանատարը (ուղղապահը) շարժվում է լրիվ քայլով, իսկ մյուսները՝ կես քայլ անելով, երկրորդ համարները, իրենց տեղերի ազատմանը զուգընթաց, քայլին համաչափ անցնում են առաջին համարների հետևը և շարունակում շարժվել լրիվ քայլով:

137. Միատողան ծավալուն շարքից ստորաբաժանման վերադասավորումը միաշարասյուն շարքի (երկտողան շարքից՝ երկշարասյուն շարքի) կատարվում է «Ստորաբաժանում, աջ-ԴԱ՛ՐՁ» հրամանով: Երկտողան շարքի դարձման դեպքում ստորաբաժանման հրամանատարը կես քայլ աջ է կատարում:

138. Երկտողան ծավալուն շարքից ստորաբաժանման վերադասավորումը միաշարասյուն շարքի (միատողան շարքից՝ երկշարասյուն շարքի) պետք է կատարվի «Ստորաբաժանում, աջ-ԴԱ՛ՐՁ», «Միաշարասյուն (երկշարասյուն), քայլով-ՄԱ՛ՐՇ» (քայլելիս՝ «ՄԱ՛ՐՇ») հրամաններով՝

1) «ՄԱՐՇ» հրամանով առաջին ստորաբաժանման ծառայողներն ընթացքից վերադասավորվում են միաշարասյան` սույն կանոնադրության 136-րդ կետով, իսկ երկշարասյան՝ սույն կանոնադրության 135-րդ կետով սահմանված կարգով.

2) մյուս ստորաբաժանումների ծառայողները, հաջորդաբար վերադասավորվելով միաշարասյան (երկշարասյան), իրենց ստորաբաժանումների կազմում գնում են առաջին ստորաբաժանման ծառայողների հետևից:

139. Երկտողան ծավալուն շարքից ստորաբաժանման վերադասավորումը եռաշարասյուն (քառաշարասյուն) շարքի, պետք է կատարվի «Ստորաբաժանում, աջ-ԴԱ՛ՐՁ», «Եռաշարասյուն (քառաշարասյուն), քայլով-ՄԱ՛ՐՇ» (ընթացքում՝ «ՄԱՐՇ») հրամաններով՝

1) «ՄԱՐՇ» հրամանով առաջին ստորաբաժանման ծառայողները շարժվում են կիսաքայլ՝ ընթացքում վերադասավորվելով միաշարասյան.

2) մյուս ստորաբաժանումների ծառայողները շարժվում են դեպի ձախ, առաջին ստորաբաժանման գիծ՝ պահպանելով սահմանված տարածությունը և նույնպես վերադասավորվելով միաշարասյան, որից հետո ստորաբաժանման հրամանատարը տալիս է «Ուղի՛ղ» կամ «Ստորաբաժանում, կանգ-Ա՛Ռ» հրամանը:

140. Միաշարասյուն ստորաբաժանման վերադասավորումը միատողան ծավալուն շարքի (երկշարասյուն շարքից՝ երկտողան շարքի) պետք է կատարվի ստորաբաժանման ձախ դարձով:

141. Եռաշարասյուն (քառաշարասյուն) ստորաբաժանման վերադասավորումը երկշարասյան պետք է կատարվի «Ստորաբաժանում, երկշարասյուն, քայլով-ՄԱ՛ՐՇ» (ընթացքում՝ «ՄԱՐՇ») հրամանով, որի դեպքում`

1) առաջին ստորաբաժանման ծառայողները գնում են ուղիղ՝ ընթացքում վերադասավորվելով երկշարասյան` սույն կանոնադրության 135-րդ կետով սահմանված կարգով.

2) մյուս ստորաբաժանումների ծառայողները տեղում քայլ են կատարում, ապա հաջորդաբար իրենց ստորաբաժանումների կազմում հետևում առջևից գնացող ստորաբաժանմանը՝ վերադասավորվելով երկշարասյան:

142. Եռաշարասյուն (քառաշարասյուն) ստորաբաժանումը երկտողան ծավալուն շարքի վերադասավորելու համար նախապես վերադասավորվում է երկշարասյուն շարքի` սույն կանոնադրության 141-րդ կետում ամրագրված կարգով, այնուհետև` կատարում սույն կանոնադրության 140-րդ կետով սահմանված գործողությունները:

143. Եռաշարասյուն (քառաշարասյուն) ստորաբաժանման վերադասավորումը միաշարասյան պետք է կատարվի «Ստորաբաժանում, միաշարասյուն, քայլով-ՄԱ՛ՐՇ» (ընթացքում՝ «ՄԱՐՇ») հրամանով, որի դեպքում առաջին ստորաբաժանման ծառայողները գնում են ուղիղ, մյուս ստորաբաժանումների ծառայողները քայլում են տեղում, և իրենց ստորաբաժանումների կազմով շարասյունից դուրս գալուն համեմատ իրենց հրամանատարների (պետերի) «ՈՒՂԻՂ» հրամանով հաջորդաբար սկսում են լրիվ քայլով շարժվել առաջ՝ հետևելով առջևից գնացող ստորաբաժանմանը:

144. Միաշարասյուն ստորաբաժանման վերադասավորումը եռաշարասյուն (քառաշարասյուն) շարքի պետք է կատարվի «Ստորաբաժանում, եռաշարասյուն (քառաշարասյուն), քայլով-ՄԱ՛ՐՇ» (ընթացքում՝ «ՄԱ՛ՐՇ») հրամանով, որի դեպքում առաջին ստորաբաժանման ծառայողները քայլում են տեղում, մյուս ստորաբաժանումների ծառայողները, դուրս գալով առաջին ստորաբաժանման գիծ, նույնպես քայլում են տեղում՝ մինչև ստորաբաժանման հրամանատարի «ՈՒՂԻՂ» կամ «Ստորաբաժանում, կանգ-Ա՛Ռ» հրամանը:

145. Ստորաբաժանման վերադասավորումը երկշարասյուն շարքից եռաշարասյուն (քառաշարասյուն) շարքի կատարվում է «Ստորաբաժանում, եռաշարասյուն (քառաշարասյուն), քայլով-ՄԱ՛ՐՇ» (ընթացքում՝ «ՄԱ՛ՐՇ») հրամանով: «ՄԱՐՇ» հրամանով ստորաբաժանման ծառայողները դասավորվում են եռաշարասյան` սույն կանոնադրության 139-րդ կետում ամրագրված կարգով:

146. Ստորաբաժանման ծառայողներին հավաքելու համար պետք է տրվի «Ստորաբաժանում, ինձ ՄՈ՛Տ» հրամանը, որից հետո ենթակա ծառայողները վազքով հավաքվում են ստորաբաժանման հրամանատարի մոտ և լրացուցիչ հրամանով շարք կանգնում:

147. Շարասյան շարժման ուղղությունը փոխելու համար պետք է տրվեն հետևյալ հրամանները՝

1) «Ստորաբաժանում, աջ (ձախ) ուսն առաջ-ՄԱ՛ՐՇ», որի դեպքում ուղղապահը մինչև «ՈՒՂԻՂ» հրամանն անցնում է ձախ (աջ), մյուսները հետևում են նրան.

2) «Ստորաբաժանում, իմ հետևից-ՄԱ՛ՐՇ (վազքով ՄԱ՛ՐՇ)», և ստորաբաժանումը հետևում է հրամանատարին (պետին):

148. Հիմնական ստորաբաժանումը կառուցվածքային ստորաբաժանումների շարասյուների գծից երթային շարասյան է վերադասավորվում հետևյալ հրամաններով՝ «Ստորաբաժանում, երթային եռաշարասյուն (քառաշարասյուն, երկշարասյուն) իմ հետևից (կամ նշվում է ուղղությունը), քայլով-ՄԱ՛ՐՇ» կամ «Ստորաբաժանում, երթային եռաշարասյուն (քառաշարասյուն, երկշարասյուն), ճանապարհով, գնալու կարգը՝ ղեկավարող խումբ, առաջին ստորաբաժանում և այլն (կամ նշվում է գնալու այլ կարգ), քայլով-ՄԱՐՇ»`

1) «Երթային եռաշարասյուն» հրամանով կառուցվածքային ստորաբաժանումների հրամանատարները (պետերը) կանգնում են իրենց ստորաբաժանումների առջև՝ երկու քայլ հեռավորության վրա.

2) կատարողական հրամանով ղեկավարող խումբը կամ հրամանում նշված ստորաբաժանումն սկսում է շարժումը, մյուս ստորաբաժանումները քայլում են տեղում.

3) ղեկավարող խմբի կամ հրամանում նշված ստորաբաժանման շարժման համեմատ մյուս ստորաբաժանումներն իրենց հրամանատարների «ՈՒՂԻՂ» հրամանով շարժվում են վերադաս հրամանատարի (պետի) հրամանով նշված կամ սույն կանոնադրությամբ սահմանված կարգով.

4) անհրաժեշտության դեպքում կառուցվածքային ստորաբաժանումներն իրենց հրամանատարների (պետերի) լրացուցիչ հրամանով վերադասավորվում են ընթացքում` վերադաս հրամանատարի (պետի) նշած ձևով:

149. Հիմնական ստորաբաժանումը եռաշարասյուն (քառաշարասյուն) շարքից կառուցվածքային ստորաբաժանումների շարասյուների գծի վերադասավորելը պետք է կատարվի «Ստորաբաժանում, դեպի ձախ, կառուցվածքային ստորաբաժանումների շարասյուների գծով, քայլով-ՄԱ՛ՐՇ» (ընթացքում՝ «ՄԱ՛ՐՇ») հրամանով`

1) կատարողական հրամանով ղեկավարող խումբը կամ ուղղապահ ստորաբաժանումը քայլում է տեղում.

2) մյուս ստորաբաժանումներն անցնում են ձախ՝ ուղղապահ ստորաբաժանման գիծ.

3) կառուցվածքային ստորաբաժանումների հրամանատարների (պետերի) «ՏԵՂՈՒՄ» հրամանով տեղում քայլող ստորաբաժանումները հավասարվում են ճակատով ու խորությամբ՝ մինչև վերադաս հրամանատարի (պետի) «ՈՒ՛ՂԻՂ» կամ «Ստորաբաժանում, կանգ-ԱՌ» հրամանը.

4) սույն կետի 3-րդ ենթակետում նշված վերջին հրամանով կառուցվածքային ստորաբաժանումների հրամանատարները (պետերը) կանգնում են իրենց ստորաբաժանումների աջ թևում:

150. Ծավալուն երկտողան շարքից ստորաբաժանման վերադասավորումը երկշարասյան պետք է կատարվի ստորաբաժանման աջ դարձումով, իսկ երկշարասյուն շարքից ծավալուն երկտողան շարքի վերադասավորումը՝ ձախ դարձումով:

151. Շարքի մեջ՝ տեղում ողջույնի համար, երբ վերադաս պետը (հրամանատարը) մոտենալով՝ գտնվում է 20-25 քայլի վրա, ստորաբաժանման (կառուցվածքային ստորաբաժանման) հրամանատարը հրաման է տալիս՝ «Ստորաբաժանում, ԶԳԱ՛ՍՏ, հավասարությունը դեպի ԱՋ (դեպի ՁԱԽ, դեպի ԿԵՆՏՐՈՆ)»`

1) բոլոր ծառայողներն ընդունում են շարային կեցվածք, միաժամանակ գլուխները շրջում են նշված կողմը (աջ, ձախ) և հայացքով ուղեկցում վերադաս պետին (հրամանատարին).

2) շարքում գտնվող ստորաբաժանման հրամանատարի տեղակալները և կառուցվածքային ստորաբաժանումների հրամանատարները, դրանից բացի, ձեռքը մոտեցնում են գլխարկին:

152. Վերադաս պետի (հրամանատարի)` շարքի թիկունքի կողմից մոտենալու ժամանակ, ստորաբաժանման հրամանատարը ծառայողներին տալիս է հետ դարձի, ապա սույն կանոնադրության 151-րդ կետում ամրագրված ողջունելու հրամանները:

153. Ստորաբաժանման (կառուցվածքային ստորաբաժանման) հրամանատարը, ողջույնի հրաման տալով`

1) պետք է ձեռքը մոտեցնի գլխարկին, շարային քայլով մոտենա վերադաս պետին (հրամանատարին), նրանից երկու-երեք քայլ հեռավորության վրա կանգնի և զեկուցի` «Պարոն փրկարարական ծառայության գնդապետ, ստորաբաժանման անձնակազմն զբաղված է այս-այս գործով: Ստորաբաժանման հրամանատար (պետ), փրկարարական ծառայության կապիտան Պետրոսյան»: Ողջույնն ընդունող վերադաս պետը (հրամանատարը) ձեռքը պետք է մոտեցնի գլխարկին` ողջույնի կատարման հրամանից հետո.

2) վերջացնելով զեկույցը, ձեռքը չհեռացնելով գլխարկից, ձախ (աջ) պետք է ոտքով մի քայլ շարժվի կողքի՝ միաժամանակ շրջվելով աջ (ձախ) և, վերադաս պետին (հրամանատարին) առաջ թողնելով՝ մեկ-երկու քայլ հեռավորությամբ, շարքի արտաքին կողմով գնում է նրա հետևից.

3) վերադաս պետի (հրամանատարի) անցնելուց կամ «ԱԶԱՏ» հրամանից հետո պետք է տա «ԱԶԱՏ» հրամանը և իջեցնի ձեռքը:

154. Պետը (հրամանատարը) շարքում գտնվող ծառայողին`

1) կոչումով և ազգանունով դիմելու դեպքում` ծառայողը պետք է պատասխանի՝ «Ես եմ».

2) միայն կոչումով դիմելու դեպքում` ծառայողը պետք է ներկայանա՝ նշելով իր պաշտոնը, կոչումը և ազգանունը, ընդ որում, ծառայողը ձեռքը գլխարկին չի մոտեցնում (զենքի առկայության դեպքում` զենքի դիրքը չի փոխվում):

155. Շարքով շարժման ժամանակ ողջույնի համար`

1) վերադաս պետից (հրամանատարից) 10-15 քայլ հեռավորության վրա ստորաբաժանման հրամանատարը հրաման է տալիս՝ «Ստորաբաժանում, ԶԳԱ՛ՍՏ, հավասարությունը դեպի աջ (ձախ)»`

ա. «ԶԳԱՍՏ» հրամանով բոլոր ծառայողներն անցնում են շարային քայլի,

բ. «Հավասարությունը դեպի ԱՋ (ձախ)» հրամանով միաժամանակ գլուխները շրջում են վերադաս պետի (հրամանատարի) կողմը և դադարեցնում ձեռքերի կամ զենքից ազատ ձեռքի շարժումը.

2) կարաբինը «Ուսին-ԱՌ» դրության ժամանակ զենքից ազատ ձեռքի շարժումը չի դադարեցվում.

3) ստորաբաժանման հրամանատարը, եթե առանց զենքի է կամ զենքը գտնվում է «Մեջքին-ԱՌ» դրությունում, գլուխը շրջելով՝ ձեռքը մոտեցնում է գլխարկին.

4) վերադաս պետի անցնելուն պես կամ «ԱԶԱՏ» հրամանով ստորաբաժանման հրամանատարը հրաման է տալիս՝ «ԱԶԱՏ», և իջեցնում է ձեռքը:

156. Պետի (հրամանատարի) ողջույնին կամ շնորհակալություն հայտնելուն ծառայողները պետք է`

1) պատասխանեն միասին, բարձրաձայն, հստակ.

2) քայլելիս պատասխանն սկսեն ձախ ոտքը գետնին դնելու հետ միաժամանակ՝ հաջորդ ամեն մի բառն արտասանելով յուրաքանչյուր քայլի հետ միասին:

157. Երթային շարքում ստորաբաժանման շարժման ուղղությունը փոխվում է ստորաբաժանման երթային շարքի համար սույն կանոնադրությամբ սահմանված հրամաններով ու կանոններով:

158. Շարքի մեջ՝ տեղում և շարժման ընթացքում ողջույնը պետք է կատարվի սույն կանոնադրության 151-154-րդ կետերով սահմանված կարգով: Ստորաբաժանման հրամանատարի (պետի) տեղակալը (տեղակալները) և ներքին կառուցվածքային ստորաբաժանումների հրամանատարները (պետերը) պետք է գտնվեն իրենց տեղերում և ձեռքը գլխարկին չմոտեցնեն:

159. Շարժման ընթացքում ողջույնի կատարման հրամանի դեպքում երգը պետք է դադարեցվի:

 

ԳԼՈՒԽ 10. ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔԵՐԸ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՎՐԱ

 

160. Ծավալուն շարքում ստորաբաժանումների (հրշեջ-փրկարարական, փրկարարական, քաղաքացիական պաշտպանության ջոկատներ, խմբեր և այլն)`

1) մեքենաները պետք է դասավորվեն ճակատով մեկ գծի վրա՝ մեքենաների, ստորաբաժանումների շարասյուների գծով, մեքենաների ու ստորաբաժանումների միջև սույն կանոնադրությամբ սահմանված կամ հրամանատարի (պետի) նշած տարածությամբ ու հեռավորությամբ.

2) անձնակազմը պետք է գտնվի մեքենաներում (մեքենաների վրա) կամ շարվի մեքենաների առջև միատողան կամ երկտողան, ստորաբաժանումների շարասյուների գծով այնպես, որ վերջին տողանը գտնվի մեքենաների առջևում, երեք քայլից ոչ պակաս հեռավորության վրա. վարորդները կանգնում են իրենց ստորաբաժանման շարքում:

161. Երթային շարքում մեքենաները ստորաբաժանումում շարվում են շարասյունով կամ ստորաբաժանումներն իրար հետևից շարվում են` սույն կանոնադրությամբ կամ հրամանատարի (պետի) կողմից սահմանված հեռավորության վրա:

162. Ավտոմեքենաներ և այլ մեքենաներ նստելուց առաջ, անհրաժեշտության դեպքում, ստորաբաժանումներում պետք է կատարվի ծառայողների և գույքի (այլ նյութական արժեքների) հաշվարկ՝ ըստ մեքենաների, և նշվի նստելու եղանակը, ինչպես նաև ստուգվի զենքը լիցքավորված է, թե ոչ, իսկ եթե տեղափոխությունը կատարվում է լիցքավորված զենքով, ապա դրվա՞ծ է պահպանակին, թե՞ ոչ:

163. Յուրաքանչյուր մեքենայում անհրաժեշտ է սպաներից, ենթասպաներից կամ սերժանտներից նշանակել մեքենայի ավագ, որին ենթարկվում է մեքենայում գտնվող ամբողջ անձնակազմը` ներառյալ վարորդը:

164. Մեքենայի ավագին արգելվում է`

1) իր վրա վերցնել մեքենան վարելը.

2) վարորդին ստիպել որևէ մեկին հանձնել մեքենայի ղեկը.

3) արձակել այնպիսի կարգադրություններ, որոնք վարորդին կհարկադրեն խախտել ճանապարհային երթևեկության կանոնները և սահմանված արագությունը:

165. Ավագ պետի (հրամանատարի) ազդանշաններին հետևում է ստորաբաժանման հրամանատարը (մեքենայի ավագը), իսկ ավտոմեքենաներում` նաև նշանակված դիտորդը:

166. «ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՄՈՏ» հրամանով մեքենաների անձնակազմը (ծառայողները) պետք է շարվի (շարվեն) շարասյունով մեքենաների մոտ` ըստ հաստիքի` հրամանատարից ձախ: Անհրաժեշտության դեպքում ավտոմեքենաների վարորդները բացում են դռները: Նստեցումն ավարտելուց հետո դռները փակվում են:

167. «ՏԵՂԵՐՈՒՄ» հրամանով ծառայողները (անձնակազմը) պետք է արագորեն զբաղեցնեն մեքենաներում իրենց տեղերը`

1) նստելիս օգտվում են անիվներից, թրթուրներից և ոտնակներից.

2) նստելիս զենքը բռնում են՝ ելնելով հարմարությունից` բացառությամբ գնդացիրների և այլ ծանր զենքերի, որոնք հանձնվում են արդեն նստած կամ հետևում կանգնած ծառայողին: Նստելուց հետո զենքը դնում են ծնկների արանքում և երկու ձեռքով բռնում: Ավտոմատները, բացի դրանից, ստորաբաժանման հրամանատարի հրամանով կարող են վերցնել «Կրծքին-ԱՌ» դրության.

3) իրեղենի պարկերն ստորաբաժանման հրամանատարի (մեքենայի ավագի) ցուցումով հանվում և տեղավորվում են մեքենայում:

168. Ստորաբաժանման հրամանատարը (մեքենայի ավագը) պետք է հետևի անձնակազմի նստեցման ճշտությանը, որից հետո զբաղեցնի իր տեղը հրամանատարի նստատեղում. ավտոմեքենայում՝ վարորդի կողքին:

169. Ստորաբաժանման շարժվելուց առաջ`

1) նախօրոք տրվի «ՇԱՐԺԻՉԸ ՄԻԱՑՐՈՒ» հրամանը, որի դեպքում, տաքացնելու նպատակով, միացվում են շարժիչները.

2) «ՄԱՐՇ» հրամանով բոլոր մեքենաները միաժամանակ պետք է սկսեն շարժվել, այն շարքով, ինչ շարքով գտնվում էին տեղում կանգնած ժամանակ կամ վերադասավորվում են հրամանատարի հրամանով՝ ընթացքում ընդունելով սահմանված հեռավորությունն ու տարածությունը: Եթե շարասյան մեջ գտնվող մեքենաների միջև հեռավորությունը 10 մետրից ավելի չի եղել, ապա դրանք սկսում են շարժվել հերթով՝ հասնելով սահմանված հեռավորության:

170. Շարժման կարգն ու արագությունը, ինչպես նաև հանգստանալու կանգառները որոշելիս` անհրաժեշտ է առաջնորդվել ՀՀ պաշտպանության նախարարի 1996 թվականի օգոստոսի 12-ի N 341 հրամանով հաստատված ՀՀ զինված ուժերի մարտական կանոնադրությունում շարադրված ցուցումներով:

171. Մեքենաների միջև հեռավորությունը փոփոխելու համար պետք է տրվեն «ՄԵԾԱՑՆԵ՛Լ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ», «ՓՈՔՐԱՑՆԵ՛Լ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ» հրամանները:

172. Շարժման ընթացքում դարձումները կարող են կատարվել հաջորդաբար՝ ուղղապահ մեքենայի հետևից կամ բոլոր մեքենաներով (ստորաբաժանումներով)՝ միաժամանակ:

173. Հաջորդաբար հետ դարձ կատարելու համար «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ, ԱՐԱ ԻՆՁ ՆՄԱՆ» հրամանով`

1) գլխամասային մեքենան ցածր արագությամբ կատարում է հետ դարձ և շարժումը շարունակում հակառակ ուղղությամբ.

2) մյուս մեքենաները, հասնելով գլխամասային մեքենայի դարձման տեղը, նույնպես կատարում են հետ դարձ և շարունակում շարժումը:

174. Միաժամանակ աջ դարձ (ձախ դարձ, հետ դարձ) կատարելու համար պետք է տրվի «ԲՈԼՈՐԸ ԱՋ ԴԱ՛ՐՁ (ԲՈԼՈՐԸ ՁԱԽ ԴԱ՛ՐՁ, ԲՈԼՈՐԸ ՀԵՏ ԴԱ՛ՐՁ)» հրամանը`

1) «ԲՈԼՈՐԸ ԱՋ ԴԱՐՁ (ԲՈԼՈՐԸ ՁԱԽ ԴԱՐՁ)» հրամանով մեքենաներն ընթացքից միաժամանակ դառնում են նշված կողմը և շարժումը շարունակում նոր ուղղությամբ.

2) «ԲՈԼՈՐԸ ՀԵՏ ԴԱՐՁ» հրամանով յուրաքանչյուր մեքենա, չկրճատելով հեռավորությունը, կանգ է առնում, ձախ դառնալով՝ կատարում հետ դարձ և շարունակում շարժվել հակառակ ուղղությամբ:

175. Ճանապարհն ազատելու նպատակով շարժման ընթացքում պետք է տրվի «ԱՋ ԸՆԴՈՒՆԵԼ» հրամանը, որի դեպքում շարասյան բոլոր մեքենաները պետք է ճանապարհի երթևեկելի մասից միաժամանակ մի կողմ քաշվեն և շարունակեն շարժվել աջ ճամփեզրով կամ ճանապարհի աջ մասով:

176. Մեքենաների կանգնեցումը պետք է կատարվի «ԿԱՆԳՆԻՐ» հրամանով, որի դեպքում մեքենաները պետք է մոտենան առջևում կանգնած մեքենային և հերթականությամբ կանգնեն 10 մետրից ոչ պակաս կամ հրամանատարի սահմանած հեռավորության վրա`

1) կանգնելուց առաջ մեքենաների շարասյունը մոտեցվում է աջ ճամփեզրին կամ ճանապարհի աջ կողմին.

2) խաչմերուկները, ճամփաբաժանները, կամուրջները, կիրճերը, երկաթուղային գծանցները, տների մատույցները և բակերի մուտքերը պետք է ազատ մնան, եթե նույնիսկ այդ դեպքում խախտվում է հեռավորության պահպանումը.

3) կանգնելուց հետո, անհրաժեշտության դեպքում, տրվում է «ՇԱՐԺԻՉԸ ԱՆՋԱՏԻՐ» հրամանը:

177. Մեքենաներից անձնակազմի իջեցումն անհրաժեշտ է կատարել ըստ հարմարության: Մեքենաներից իջնելու համար տրվում է «ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՄՈՏ» հրամանը, որի դեպքում անձնակազմն արագորեն իջնում է մեքենաներից և շարվում դրանց մոտ կամ գործում է հրամանատարի հրամանով: Մեքենաներից իջնելիս` զենքերը բռնում են ըստ հարմարության, իսկ գնդացիրներն ու ծանր զենքը տալիս են արդեն իջած ծառայողներին:

178. Ստորաբաժանման ծավալուն շարքը մեքենաների գիծն է, մեքենաների միջև տարածությունը՝ 3 մետր:

179. Ստորաբաժանման մեքենաները ծավալուն շարքով կանգնեցնելու համար անհրաժեշտ է տալ «Մեքենաների գծով-ՄԱ՛ՐՇ» հրամանը: Հրաման տալով՝ ստորաբաժանման հրամանատարն իր մեքենան ճակատային մասով կանգնեցնում է դեպի ստորաբաժանման շարքի ճակատը, մյուս մեքենաներն իրենց համարների կարգով շարվում են մի գծի վրա, ստորաբաժանման հրամանատարի մեքենայից դեպի ձախ` պահպանելով սահմանված տարածությունը:

180. Ստորաբաժանման ծավալուն շարքը կարող է լինել ստորաբաժանումների շարասյուների գծով, որի դեպքում ստորաբաժանումների միջև տարածությունը 5 մետր է:

181. Ստորաբաժանման մեքենաները ծավալուն շարքով (մեքենաների գծով կամ ստորաբաժանումների շարասյուների գծով) շարելու համար պետք է տրվի «Մեքենաների գծով (ստորաբաժանումների շարասյուների գծով)-ՄԱՐՇ» հրամանը, որից հետո`

1) ստորաբաժանման հրամանատարն իր մեքենան ճակատային մասով կանգնեցնում է դեպի ստորաբաժանման շարքի ճակատը կամ նշում առաջին ստորաբաժանման մեքենաների շարվելու վայրը.

2) ստորաբաժանումներն իրենց համարների կարգով շարվում են մեքենաների գծով (շարասյուներով)՝ ստորաբաժանման հրամանատարի մեքենայից ձախ` սահմանված տարածությամբ ու հեռավորությամբ:

182. Ստորաբաժանման երթային շարքը շարասյունն է, մեքենաների միջև հեռավորությունը` տեղում շարվելիս և կանգառներում` 10 մետրից ոչ պակաս, շարժման ընթացքում, կախված շարժման արագությունից ու պայմաններից, միջին հաշվով՝ 25-50 մետր, ստորաբաժանման հրամանատարի մեքենան ընթանում է շարասյան առջևից:

183. Ստորաբաժանման մեքենաները շարասյունով շարելու, ինչպես նաև մեքենաների գծից շարասյան վերադասավորելու համար տրվում է «Շարասյունով-ՄԱ՛ՐՇ» հրամանը:

184. Մեքենաների գծից շարասյան վերադասավորվելիս հրամանատարի մեքենայի հետևից իրենց համարների կարգով շարվում են ստորաբաժանման մյուս մեքենաները` պահպանելով սահմանված հեռավորությունը:

185. Ստորաբաժանման մեքենաների՝ շարասյունից ծավալուն շարքի՝ մեքենաների գծի, վերադասավորումը կատարվում է սույն կանոնադրության 181-րդ կետով սահմանված կարգով:

186. Ստորաբաժանման մեքենաները շարասյունով շարելու, ինչպես նաև ծավալուն շարքից շարասյան վերադասավորելու համար պետք է տրվի «Շարասյունով-ՄԱ՛ՐՇ» հրամանը, որի դեպքում`

1) ստորաբաժանման մեքենաները ծավալուն շարքից շարասյան վերադասավորելիս` ստորաբաժանման հրամանատարի մեքենան կամ առաջին ստորաբաժանման գլխամասային մեքենան շարունակում է շարժվել ուղիղ, ապա դուրս է գալիս նշված ուղղության վրա.

2) ստորաբաժանման հրամանատարի մեքենայի կամ առաջին ստորաբաժանման գլխամասային մեքենայի հետևից իրենց համարների հերթականությամբ կամ ստորաբաժանման հրամանատարի նշած կարգով, սահմանված հեռավորությամբ, շարասյուներով շարժվում են մյուս ստորաբաժանումների մեքենաները:

187. Ստորաբաժանման մեքենաների՝ շարասյունից ծավալուն շարքի (մեքենաների գծի կամ շարասյուների գծի) վերադասավորումը կատարվում է սույն կանոնադրության 181-րդ կետով սահմանված հրամաններով ու կանոններով, ընդ որում, ստորաբաժանումների մեքենաները շարասյուներով դուրս են գալիս ընդհանուր շարասյունից և ստորաբաժանումների հրամանատարների՝ «Մեքենաների գծով-ՄԱ՛ՐՇ» կամ «Շարասյունով-ՄԱ՛ՐՇ» հրամաններով շարվում են համապատասխանաբար մեքենաների գծով կամ շարասյուների գծով:

188. Մեքենաների վրա՝ տեղում և շարժման ընթացքում ողջույնի կատարման համար «ԶԳԱՍՏ» հրամանով բաց մեքենայում գտնվող անձնակազմը պետք է նստի առանց մեջքը կորացնելու, գլուխն ուղիղ, նայի իր դիմաց, ձեռքերի դաստակները պետք է կիսախուփ դնի ծնկներից փոքր-ինչ վերև:

189. «Հավասարությունը դեպի ԱՋ (դեպի ՁԱԽ)» հրամանով ստորաբաժանումների հրամանատարները, ինչպես նաև մեքենաների ավագները գլուխները պետք է շրջեն պետի (հրամանատարի) կողմը, միաժամանակ ձեռքը մոտեցնեն գլխարկին, մյուս ծառայողները գլուխները պահեն ուղիղ՝ առանց պետի (հրամանատարի) կողմը դարձնելու:

190. Ծառայողները մեքենայում դեմքով դեպի շարժման ուղղությունը նստած լինելու դեպքում «Հավասարությունը դեպի ԱՋ (դեպի ՁԱԽ)» հրամանով պետք է գլուխները միաժամանակ շրջեն պետի (հրամանատարի) կողմը:

191. Մեքենան պետի (հրամանատարի) մոտից անցնելուց հետո, «ԱԶԱՏ» հրամանով բոլոր ծառայողները գլուխները պետք է ուղղեն և նստեն ազատ, իսկ ստորաբաժանումների հրամանատարները և մեքենաների ավագները նաև ձեռքը գլխարկի մոտից իջեցնում են ցած:

192. Միայնակ ծառայողները մեքենայում ողջույնի կատարման ժամանակ նստած դրությունում գլուխները պետք է շրջեն պետի (հրամանատարի) կողմը՝ մեջքը պահելով ուղիղ, գլուխները շրջելու հետ միաժամանակ ձեռքը մոտեցնեն գլխարկին:

193. Վարորդները մեքենա վարելիս` ողջույն չեն կատարում:

 

ԲԱԺԻՆ 5. ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՇԱՐԱՅԻՆ ՍՏՈՒԳԱՏԵՍ

 

ԳԼՈՒԽ 11. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

194. Շարային ստուգատեսն անցկացվում է ծառայողների միայնակ շարային պատրաստվածության և ստորաբաժանումների շարային ներդաշնակման աստիճանը որոշելու նպատակով:

195. Շարային ստուգատեսի ժամանակ ստուգվում են նաև ծառայողների արտաքին տեսքը, հանդերձանքի, գույքի, սարքավորումների, փրկարարական ու ռազմական տեխնիկայի, զենքի առկայությունն ու վիճակը:

196. Շարային ստուգատեսում տեսչական ստուգման ժամանակ, բացի սույն կանոնադրության 195-րդ կետում նշված ստուգումները, կարող է անցկացվել ծառայողների անանուն հարցում:

197. Շարային ստուգատեսն անցկացվում է ուղղակի (անմիջական) պետերի (հրամանատարների) կամ տեսչական ստուգումները ղեկավարելու համար նշանակված պաշտոնատար անձանց կողմից:

198. Շարային ստուգատեսն անցկացնող անձանց թույլատրվում է սահմանել ստուգատեսի անցկացման ընթացակարգ՝ ելնելով դրա նպատակից և խնդիրներից:

199. Յուրաքանչյուր շարային ստուգատես ավարտվում է ստորաբաժանման (ստորաբաժանումների) հանդիսավոր երթով, իսկ դրոշը տանելուց հետո՝ շարային երգի կատարմամբ:

200. Ստուգատեսն անցկացնող պետը (հրամանատարը) ստուգվող ստորաբաժանման պետին (հրամանատարին) նախօրյակին հայտնում է ստուգատեսի անցկացման ժամանակը, տեղը, շարվելու կարգը, համազգեստի տեսակը, ստուգատեսին դուրս բերվող տեխնիկան:

201. Ստորաբաժանումների շարային ստուգատեսն անցկացվում է հետիոտն կարգով կամ մեքենաների վրա:

202. Հետիոտն ստուգատեսին դուրս է բերվում ստորաբաժանման ամբողջ անձնակազմը՝ անձնական հանդերձանքով և զենքով, իսկ մեքենաներով ստուգատեսին, բացի դրանից ամբողջ հրշեջ-փրկարարական, փրկարարական սարքավորումները, սարքերը, գործիքներն ու տեխնիկան, այդ թվում` ռազմական:

 

ԳԼՈՒԽ 12. ՇԱՐԱՅԻՆ ՍՏՈՒԳԱՏԵՍ` ՀԵՏԻՈՏՆ ԿԱՐԳՈՎ

 

203. Շարային ստուգատեսի համար ստորաբաժանումը կանգնում է երկտողան ծավալուն շարք, ստորաբաժանման հրամանատարը (պետը) կանգնում է ստորաբաժանման կենտրոնից (առաջին տողանից) յոթից ութ քայլ առաջ, ստորաբաժանման հրամանատարի (պետի) տեղակալները՝ աջթևային ծառայողից երկու քայլ դեպի աջ:

204. Շարային ստուգատեսի համար`

1) ստորաբաժանումը (ելնելով ծառայողների և կառուցվածքային ստորաբաժանումների թվից) կարող է կանգնել ծավալուն շարք` կառուցվածքային ստորաբաժանումների շարասյուների գծով.

2) ստորաբաժանման հրամանատարը (պետը) կանգնում է ստորաբաժանման կենտրոնի առջև, տասը քայլի վրա.

3) ամբողջ ստորաբաժանման փողհար-թմբկահարները (առկայության դեպքում)՝ աջ թևում, միատողան, ուղղապահ ստորաբաժանման հրամանատարից (պետից) երկու քայլ դեպի աջ, ստորաբաժանման հրամանատարի (պետի) տեղակալները` փողհար-թմբկահարներից երկու քայլ դեպի աջ.

4) նվագախմբի ներկայության դեպքում փողհար-թմբկահարներին թև չեն կանչում, իսկ նվագախումբը կանգնում է աջթևային ստորաբաժանման հրամանատարից (պետից) երկու քայլ աջ:

205. Ստուգատեսն անցկացնող պետի (հրամանատարի)` 40-50 քայլ հեռավորության վրա մոտենալու ժամանակ, ստորաբաժանման հրամանատարը պետք է տա «Ստորաբաժանում-ԶԳԱ՛ՍՏ, հավասարությունը դեպի ԱՋ (դեպի ՁԱԽ, դեպի ԿԵՆՏՐՈՆ)» հրամանը, որից հետո`

1) ստորաբաժանման հրամանատարը ձեռքը մոտեցնում է գլխարկին, շարային քայլով մոտենում է ստուգատեսն անցկացնող պետին, երկու-երեք քայլ հեռավորությամբ կանգնում է նրա առջև և զեկուցում՝ «Պարոն փրկարարական ծառայության գնդապետ, ստորաբաժանումը շարված է շարային ստուգատեսի: Ստորաբաժանման հրամանատար (պետ), փրկարարական ծառայության կապիտան Պետրոսյան»: Զեկույցից հետո ստորաբաժանման հրամանատարը մի քայլ գնում է դեպի ձախ (աջ), միաժամանակ կատարելով աջ դարձ (ձախ դարձ), գլուխը թեքում է պետի կողմը և, առաջ թողնելով պետին, շարքի արտաքին կողմով հետևում է նրան մեկ-երկու քայլի վրա՝ ձեռքը չիջեցնելով գլխարկից.

2) ստորաբաժանման կազմում փողհար-թմբկահարի առկայության դեպքում ստորաբաժանման հրամանատարի (պետի) «Հավասարությունը դեպի ԱՋ (դեպի ՁԱԽ, դեպի ԿԵՆՏՐՈՆ)» հրամանով փողհար-թմբկահարն սկսում է «Երթային քայլերգ» նվագել.

3) երբ ստորաբաժանման հրամանատարը (պետը) կանգնում է ստուգատեսն անցկացնող պետի առջև, փողհար-թմբկահարը դադարեցնում է նվագը և ստորաբաժանման հրամանատարի (պետի) զեկույցից հետո վերսկսում է այն:

206. Անցնելով ստորաբաժանման ամբողջ ճակատով՝

1) ստուգատեսն անցկացնող պետը`

ա. դուրս է գալիս շարքի կենտրոն, ողջունում ստորաբաժանման անձնակազմին,

բ. այնուհետև թույլատրում է «ԱԶԱՏ» հրաման տալ և ստորաբաժանման հրամանատարին (պետին) ցուցումներ է տալիս շարունակելու ստուգատեսը,

գ. ստորաբաժանման շարքի կենտրոնի առջև կանգնելու ժամանակ, փողհար-թմբկահարը դադարեցնում է նվագը.

2) ստորաբաժանման հրամանատարը (պետը) հրաման է տալիս՝ «ԱԶԱՏ», ձեռքն իջեցնում է գլխարկի մոտից, ստուգատեսն անցկացնող պետին է հանձնում սահմանված ձևի շարային գրությունը և, նրանից ցուցումներ ստանալով, ձեռնամուխ է լինում դրանց կատարմանը.

3) առաջարկությունների, դիմումների և բողոքների հարցում անցկացնելու համար ստորաբաժանման հրամանատարը (պետը) հրաման է տալիս՝ «Ստորաբաժանում, ԶԳԱ՛ՍՏ: Առաջարկությունների, դիմումների և բողոքների համար, նշված կարգով քայլով-ՄԱ՛ՐՇ»:

207. Ստորաբաժանման ստուգատեսն սկսվում է անձնակազմի ներկայության, ծառայողների արտաքին տեսքի, հանդերձանքի, զենքի ստուգմամբ, այնուհետև` ստուգվում է ծառայողների միայնակ շարային պատրաստվածության և ստորաբաժանման շարային ներդաշնակման աստիճանը:

208. Ստուգատեսն անցկացնող պետի առջևով ստորաբաժանումը հանդիսավոր երթով անցնում է` ըստ ներքին կառուցվածքային ստորաբաժանումների՝ մեկ գծայինի (երկու գծայինի) հեռավորությամբ (ստորաբաժանումը` եռաշարասյուն (քառաշարասյուն):

209. Հանդիսավոր երթն սկսելուց առաջ ստուգատեսին ներկա գտնվող ստորաբաժանման հրամանատարի (պետի) ուղղակի (անմիջական) պետերը (հրամանատարները) կանգնում են ստուգատեսն անցկացնող պետի հետևում, փոքր-ինչ դեպի աջ, մեկ-երկու քայլի վրա:

 210. Ստորաբաժանման հրամանատարը, ստորաբաժանումն ըստ հասակի վերադասավորելով շարասյուների (կառուցվածքային ստորաբաժանումների շարասյուների) գծով, ուղղապահ (առաջին) ստորաբաժանման թիկունքում ունենալով նրա անցման գիծը նշելու համար նախատեսված մեկ (երկու) տողան գծայիններ՝ կանգնում է ուղղապահ ստորաբաժանման (ղեկավարող խմբի) առջև յոթ (15) քայլի վրա՝ դեմքով դեպի շարքը և հրաման է տալիս` «Ստորաբաժանում, ԶԳԱ՛ՍՏ: Հանդիսավոր երթի, ըստ կառուցվածքային ստորաբաժանումների, մեկ գծայինի (երկու գծայինի) հեռավորությամբ, առաջին ստորաբաժանում (ղեկավարող խումբ)-ՈՒՂԻ՛Ղ, մյուսները՝ աջ-ԴԱ՛ՐՁ: Հավասարությունը դեպի աջ, քայլով-ՄԱ՛ՐՇ»: Ապա արագ հետ դարձ է կատարում և ստորաբաժանման հետ միաժամանակ շարժվում է առաջ:

211. Ստանալով «Հանդիսավոր երթի» հրաման`

1) շարքից դուրս են գալիս և կանգնում ստորաբաժանման`

ա. հրամանատարի տեղակալները՝ հրամանատարի հետևում, երկու քայլի վրա (կառուցվածքային ստորաբաժանումների հրամանատարները (պետերը)` իրենց ստորաբաժանումներից երկու քայլ առաջ),

բ. փողհար-թմբկահարը (առկայության դեպքում)՝ ստորաբաժանման հրամանատարի տեղակալներից երկու քայլի վրա,

գ. գծայինները վազքով կամ արագացված շարային քայլով ստորաբաժանման աջ թևով դուրս են գալիս ստորաբաժանման անցնելու գիծը, կանգնում միմյանցից 10-15 մետր (15-20 քայլ) հեռավորության վրա, ինքնուրույնաբար ձախ են դառնում և «Քայլով-ՄԱՐՇ» հրամանով ավտոմատները միաժամանակ վերցնում են «Կրծքին-ԱՌ», իսկ կարաբինները՝ «ՈՂՋՈՒՆԻՐ» դրության.

2) կատարողական հրամանով ամբողջ ստորաբաժանումն սկսում է քայլել, ընդ որում՝

ա. առաջին ստորաբաժանումը (ղեկավարող խումբը) շարային քայլով շարժվում է ուղիղ,

բ. յուրաքանչյուր հաջորդ ստորաբաժանում, հասնելով առաջին ստորաբաժանման (ղեկավարող խմբի) կանգնած տեղը, ձախ է դառնում, տեղում քայլ կատարում և սկսում է հավասարվել,

գ. առջևից գնացող ստորաբաժանումը հրամանում նշված հեռավորության հասնելուց հետո, հաջորդ ստորաբաժանումը «ՈՒՂԻՂ» հրամանով սկսում է շարժվել շարային քայլով,

դ. ստորաբաժանումների աջթևայինները շարժվում են գծայինների նշած գծի ուղղությամբ` նրանցից մեկ քայլի վրա.

3) ստորաբաժանման հրամանատարը, նրա տեղակալները, կառուցվածքային (ներքին) ստորաբաժանումների հրամանատարները, ստուգատեսն անցկացնող պետին չհասած, մեկ գծայինի հեռավորության վրա, ձեռքը մոտեցնում են գլխարկին և միաժամանակ գլուխները շրջում ստուգատեսն անցկացնող պետի կողմը.

4) ստուգատեսն անցկացնող պետի մոտից անցնելով չորս քայլ՝ ստորաբաժանման հրամանատարը մի կողմ է անցնում, կանգնում իր ուղղակի պետերից (հրամանատարներից) աջ և մինչև ամբողջ ստորաբաժանման անցնելը մնում է իր տեղում՝ սպասելով ստուգատեսն անցկացնող պետի ցուցումներին.

5) ստորաբաժանման հրամանատարի կողմից ձեռքը գլխարկին մոտեցնելուն պես` նույն ստորաբաժանման ծառայողները, բացի աջթևայիններից, գլուխները միաժամանակ դարձնում են ստուգատեսն անցկացնող պետի կողմը.

6) ստուգատեսն անցկացնող պետի մոտով մեկ գծայինի հեռավորությամբ անցնելուն պես` ստորաբաժանման հրամանատարը ձեռքն իջեցնում է գլխարկի մոտից, իսկ մյուս ծառայողներն ուղղում են գլուխները:

212. Երբ ամբողջ ստորաբաժանումն անցնում է ստուգատեսն անցկացնող պետի մոտով, գծայինները պետք է իրենց ավագի ազդանշանով զենքը վերցնեն «Փոկին-ԱՌ» դրության, դառնան աջ, մեկ շարասյունով վազքով հասնեն ստորաբաժանման վերջին տողանին և շարք կանգնեն: Նվագախմբի առկայության դեպքում գծայինները պետք է գնան նրա հետևից երկու քայլ հեռավորությամբ:

213. Երգով անցնելու համար ստորաբաժանման հրամանատարը, վերադասավորելով ստորաբաժանումը, յոթ (15) քայլ հեռավորության վրա կանգնում է ղեկավարող (ուղղապահ) խմբի առջևում և հրաման տալիս` «Ստորաբաժանում, ԶԳԱ՛ՍՏ: Երգով անցնելու համար, ըստ ստորաբաժանումների (կառուցվածքային), հեռավորությունը 50 մետր, առաջին ստորաբաժանում՝ ուղիղ, մյուսները՝ աջ-ԴԱ՛ՐՁ, քայլով-ՄԱ՛ՐՇ»: Ապա արագ հետ դարձ է կատարում և ստորաբաժանման հետ միաժամանակ շարժվում է առաջ:

214. «Երգով անցնելու համար» հրամանով շարքից պետք է դուրս գան և կանգնեն՝

1) ստորաբաժանման հրամանատարի տեղակալները՝ հրամանատարից հետո, երկու քայլ հեռավորության վրա.

2) փողհար-թմբկահարը (առկայության դեպքում)՝ ստորաբաժանման հրամանատարի տեղակալներից երկու քայլ հետ:

215. Կատարողական հրամանով շարժումն սկսում է ամբողջ ստորաբաժանումը միաժամանակ, ընդ որում՝

1) առաջին ստորաբաժանումը (ղեկավարող խումբը) երթային քայլով, երգով, շարժվում է ուղիղ.

2) յուրաքանչյուր հաջորդ ստորաբաժանում, հասնելով առաջին ստորաբաժանման (ղեկավարող խմբի) կանգնած տեղը, շրջվում է ձախ, տեղում քայլ կատարում և սկսում հավասարվել.

3) առջևից գնացող կառուցվածքային ստորաբաժանումը հրամանում նշված հեռավորության հասնելուն պես` հաջորդող կառուցվածքային ստորաբաժանման հրամանատարը հրաման է տալիս՝ «Ստորաբաժանում, երգով-ՈՒՂԻ՛Ղ».

4) սույն կետի 3-րդ ենթակետում նշված հրամանով կառուցվածքային ստորաբաժանումն սկսում է շարժումը` երգով, երթային քայլով:

 

ԳԼՈՒԽ 13. ՇԱՐԱՅԻՆ ՍՏՈՒԳԱՏԵՍԸ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՎՐԱ

 

216. Ստորաբաժանումը շարային ստուգատեսի համար պետք է իր անձնակազմով ծավալուն շարք կանգնի մեքենաների առջևում՝ մեքենաները գծով, անձնակազմը՝ երկտողան շարքով:

217. Ստորաբաժանումը (մեքենաները և անձնակազմը) շարային ստուգատեսի համար կարող է ծավալուն շարք կանգնել կառուցվածքային ստորաբաժանումների շարասյուների գծով:

218. Անձնակազմի շարային ստուգատեսը մեքենաների վրա անցկացվում է սույն կանոնադրության 11-րդ գլխով` հետիոտնի համար սահմանված կարգով:

219. Հրշեջ-փրկարարական, փրկարարական, հատուկ և ռազմական տեխնիկայի, սարքավորումների (սարքերի), գործիքների առկայության ու վիճակի, ինչպես նաև մեքենաների վրա անձնակազմի գործելու պատրաստվածության ստուգումը պետք է կազմակերպվի ստուգատեսն անցկացնող պետի ցուցումների համաձայն:

220. Հանդիսավոր երթով մեքենաներն անցնում են ստորաբաժանումների երթային շարասյուներով, ընդ որում`

1) մեքենաների խցիկների (տեխզինվածության խցիկի) ապակիները պետք է փակ լինեն.

2) հրամանատարի տեղում պետք է կանգնած լինի ստուգվող ստորաբաժանման (ստորաբաժանումների) հրամանատարը (հրամանատարները).

3) ավտոմեքենայով շարժվելիս` ստորաբաժանումների հրամանատարները կարող են գտնվել մեքենաների վարորդների կողքին:

221. Հանդիսավոր երթն սկսվում է «Շարասյունով-ՄԱՐՇ» հրամանով (ազդանշանով)`

1) բոլոր մեքենաները շարժվում են միաժամանակ, նույն շարքով, որում գտնվում էին տեղում կանգնած ժամանակ կամ վերադասավորվում են հրամանատարի հրամանով՝ ընթացքում ընդունելով սահմանված հեռավորությունն ու տարածությունը.

2) եթե մեքենաների միջև հեռավորությունը 10 մետրից ավելի չէ, ապա դրանք սկսում են շարժվել հերթով՝ հասնելով սահմանված հեռավորության, իսկ երկու և ավելի շարասյուներով անցնելու դեպքում պահպանում են նաև տարածությունը:

222. Ստուգատեսն անցկացնող պետին չհասած, երկու-երեք գծայինի հեռավորության վրա մեքենաների հրամանատարական տեղում (խցիկում) գտնվող հրամանատարները պետք է ձեռքերը մոտեցնեն գլխարկին և միաժամանակ գլուխները դարձնեն պետի կողմը:

223. Ստորաբաժանումների հրամանատարներն ստուգատեսն անցկացնող պետից մեկ գծայինի հեռավորության վրա պետք է ձեռքն իջեցնեն զլխարկի մոտից և գլուխը պահեն ուղիղ, իսկ մնացած ծառայողներն ընդունում են «ԱԶԱՏ» դրություն:

 

ԲԱԺԻՆ 6. ԴՐՈՇԻ ԴԻՐՔԸ ՇԱՐՔՈՒՄ, ԱՅՆ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼՆ ՈՒ ՏԱՆԵԼԸ

 

ԳԼՈՒԽ 14. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

224. Համապատասխան ստորաբաժանման ղեկավարի հրամանով դրոշի մոտ նշանակվում են դրոշակակիր ու երկու օգնական` սերժանտական, ենթասպայական կամ սպայական կազմից, առավելապես շքանշաններով ու մեդալներով պարգևատրված ծառայողներից:

225. Դրոշը դուրս բերելիս և պահպանման վայր տանելիս` ուղեկցելու համար ստորաբաժանման հրամանատարի (պետի) հրամանով նշանակվում է դրոշակակիր խումբ (դասակ):

226. Դրոշը պահպանման վայր տանելիս` դրոշակակիր խմբի մոտ պետք է գտնվեն դրոշակակիրը, օգնականները և փողհար-թմբկահարը:

227. Դրոշը տեղափոխելիս` դրոշակակիրը և օգնականները պետք է ունենան ուսափոկ:

228. Դրոշը կրելու ուսափոկը պետք է բաղկացած լինի երկար ու կարճ ուսագոտիներից և կաշվե փոքրիկ բաժակից` դրոշի ներքևի փայտե ծայրը տեղավորելու համար: Կաշվե ուսագոտիները` 80 մմ լայնությամբ, պատում են մետաքսե կարմիր պաստառով և եզրերը կարում 12-15 մմ լայնությամբ ոսկեգույն տրեզով: Օգնականների ուսափոկը ևս նույնն է, ինչ դրոշակակրինը, բայց կաշվե բաժակի փոխարեն կարվում է ոսկեգույն ծոպ:

229. Դրոշը դուրս (շարք) պետք է բերվի միշտ բաց վիճակում, իսկ հեռավոր վայր պետք է տեղափոխվի ծածկոցով:

 

ԳԼՈՒԽ 15. ԴՐՈՇԻ ԴԻՐՔԸ ՇԱՐՔՈՒՄ

 

230. Տեղում՝ շարքի մեջ դրոշակակիրը դրոշը բռնում է ոտքի մոտ՝ ազատորեն ցած իջեցրած աջ ձեռքով, իսկ դրոշակակոթի ներքևի ծայրը պետք է լինի աջ ոտնաթաթի մոտ:

231. Զենքով վարժաձևեր կատարելիս` դրոշի դիրքը չպետք է փոխվի:

232. «Քայլով» նախնական հրամանով շարժվելու համար դրոշակակիրը դրոշը փոխադրում է ձախ ուսին՝ ձախ ձեռքը դրոշակակոթի վրա ձգելով՝ բռնում է այն, իսկ աջ ձեռքն ազատ իջեցնում է ցած, ընդ որում, դրոշակակոթի ներքևի ծայրը պետք է գետնից բարձր լինի 50-60 սմ:

233. Դրոշով տեղաշարժվելիս` ավտոմատներով զինված օգնականները և դրոշակակիր խմբի ծառայողներն ավտոմատը պետք է կրեն «Կրծքին-ԱՌ» դրությամբ, իսկ կարաբինը` «Ուսին-ԱՌ», ընդ որում, նրանք ձախ ձեռքով բռնում են «Կրծքին-ԱՌ» դրությամբ գտնվող ավտոմատի փողակալից ու փողի պահպանակից:

234. Ծավալուն շարքում դրոշակակիրը և նրա երկու օգնականները դրոշով կանգնում են սույն կանոնադրությամբ սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 16. ԴՐՈՇԸ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼՈՒ ԵՎ ՏԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

235. Դրոշակակիր խումբը դրոշի պահպանման տեղն է գնում եռաշարասյուն (քառաշարասյուն)`

1) առջևից վեց քայլ հեռավորությամբ գնում է խմբի ղեկավարը (հրամանատարը), նրանից երկու քայլ հեռավորությամբ՝ դրոշակակիրն իր օգնականներով, նրանցից երկու քայլի վրա՝ փողհար-թմբկահարը.

2) հասնելով դրոշի պահպանման տեղը՝ դրոշակակիր խումբն անցնում է ձախ (աջ) ուսն առաջ, կատարում ձախ դարձ (աջ դարձ) և կանգնում այնպես, որ շարքի կենտրոնը գտնվի շենքի (պահպանման տեղի) ելքի դիմաց.

3) դրոշակակիր խմբի ղեկավարը (հրամանատարը) կանգնում է խմբի աջ թևում՝ փողհար-թմբկահարի աջ կողմում, իսկ դրոշակակիրը և իր օգնականներն ուղղվում են դրոշն ընդունելու համար:

236. Դրոշակակիրը, պահպանության համար պատասխանատու պաշտոնատար անձից ընդունելով դրոշը, ձեռքը մոտեցնում է գլխարկին և հրաման տալիս՝ «Իմ հետևից, քայլով-ՄԱ՛ՐՇ» և օգնականների հետ շարժվում է դեպի դրոշակակիր խումբը:

237. Դրոշակակիր խմբի ղեկավարը (հրամանատարը), դրոշը մուտքի մոտ հայտնվելու ժամանակ, հրաման է տալիս՝ «Դրոշակակիր խումբ, դրոշի ներքո-ԶԳԱ՛ՍՏ»: Իսկ եթե խումբը զինված է կարաբիններով, հրաման է տալիս՝ «Դրոշակակիր խումբ, դրոշի ներքո-ԶԳԱ՛ՍՏ, ՈՂՋՈՒՆԻ՛Ր»`

1) առաջին հրամանով դրոշակակիր խմբի ծառայողներն ընդունում են շարային կեցվածք, խմբի ղեկավարը (հրամանատարը) ձեռքը մոտեցնում է գլխարկին.

2) իսկ երկրորդ հրամանով խմբի ծառայողները, բացի դրանից, կարաբինը վերցնում են «ողջունիր» դրությամբ, փողհար-թմբկահարը նվագում է «դրոշի ներքո».

3) դրոշակակիրն օգնականների հետ կանգնում է միատողան, դրոշակակիր խմբից երկու քայլ դեպի աջ, ճակատով շարժման ուղղությամբ.

4) դրոշակակիրն օգնականների հետ իր տեղում կանգնելուն պես, դրոշակակիր խմբի ղեկավարը, ձեռքն իջեցնելով գլխարկից, հրաման է տալիս՝ «դրոշակակիր խումբ, աջ-ԴԱ՛ՐՁ», իսկ եթե խմբի անձնակազմը կարաբինը վերցրել է «ողջունիր» դրությամբ, ղեկավարը հրամայում է՝ «դրոշակակիր խումբ, ոտքին-Ա՛Ռ», այնուհետև՝ «Ուսին-Ա՛Ռ»:

238. Շարժումը դրոշով պետք է սկսվի դրոշակակրի` «Իմ հետևից, քայլով-ՄԱ՛ՐՇ» հրամանով:

239. Սույն կանոնադրության 238-րդ կետում նշված հրամանով դրոշակակիրը և իր օգնականներն սկսում են շարժվել կիսաքայլ:

240. Դրոշակակիր խումբը ղեկավարի` «Դրոշակակիր խումբ, եռաշարասյուն (քառաշարասյուն) քայլով-ՄԱ՛ՐՇ» հրամանով ընթացքում վերադասավորվում է սույն կանոնադրությամբ սահմանված կարգով:

241. Դրոշակակիր խմբի վերադասավորվելուց հետո դրոշակակրի «ՈՒՂԻՂ» հրամանով բոլոր ծառայողները շարունակում են շարժվել լրիվ քայլով:

242. Դրոշով շարժումը պետք է կատարվի շարային քայլով՝ հետևյալ կարգով. առջևից` դրոշակակիրն իր օգնականներով, նրանցից երեք քայլ հեռավորությամբ՝ դրոշակակիր խմբի ղեկավարը, փողհար-թմբկահարը երկու քայլ հեռավորությամբ գնում է խմբի ղեկավարի հետևից, իսկ նրանից երկու քայլ հեռավորությամբ՝ դրոշակակիր խմբի ծառայողները:

243. Փողհար-թմբկահարը դրոշակակիր խմբի անցնելու ժամանակ խփում է «Երթային քայլերգ» և թմբկահարելը դադարեցնում է, երբ սկսում է նվագել նվագախումբը (փողհար-թմբկահարները):

244. Երբ դրոշակակիր խումբը դրոշով 40-50 քայլի վրա մոտենում է ստորաբաժանման շարքին, ստորաբաժանման հրամանատարը պետք է տա «Դրոշի ներքո-ԶԳԱ՛ՍՏ, հավասարությունը դեպի ԱՋ (դեպի ՁԱԽ, դեպի ԿԵՆՏՐՈՆ)» հրամանը, որից հետո` ըստ հետևյալ հաջորդականության`

1) ստորաբաժանումների հրամանատարները ձեռքը մոտեցնում են գլխարկին, բոլորը գլուխը դարձնում են դեպի դրոշը և հայացքով ուղեկցում այն՝ գլուխը շրջելով նրա շարժման ուղղությամբ.

2) նվագախումբը նվագում է «Դիմավորման քայլերգը».

3) նվագախմբի բացակայության դեպքում նախապես նվագախմբի տեղում շարված փողհար-թմբկահարները թմբկահարում են «Դրոշի ներքո».

4) դրոշակակիր խումբը կանգնում է շարքի (ստորաբաժանման) ձախ թևում և, եթե դրոշակակիր խումբը զինված է կարաբիններով, ղեկավարի հրամանով դրանք վերցնում է «ողջունիր» դրությամբ.

5) դրոշակակիրն իր օգնականներով շարքի (ստորաբաժանման) ճակատի երկայնքով շարունակում է շարժվել դեպի աջ թևը և հասնելով շարքի (ստորաբաժանման) աջ թևը՝ դրոշակակիրն օգնականների հետ միասին կանգնում են շարքում, նրանց համար նշանակված տեղում.

6) դրոշակակիրն իր տեղում կանգնելուն պես` ստորաբաժանման հրամանատարը նվագախմբին (փողհար-թմբկահարներին) ազդանշան է տալիս դադարեցնել նվագը (թմբկահարելը) և հրաման է տալիս՝ «ԱԶԱՏ», իսկ եթե կարաբինները «ողջունիր» դրությամբ են, ապա նախապես հրաման է տալիս՝ «Ոտքին-Ա՛Ռ».

7) սույն կետի 6-րդ ենթակետում նշված գործողություններից հետո դրոշակակիր խմբի ղեկավարը խումբը տանում է ստորաբաժանման շարք՝ իր տեղը:

245. Դրոշը տանելու համար ստորաբաժանման հրամանատարը հրաման է տալիս՝ «Դրոշակակիր խումբ-ԱՌԱ՛Ջ», որից հետո` ըստ հետևյալ հաջորդականության`

1) դրոշակակիր խումբը փողհար-թմբկահարի հետ դուրս է գալիս եռաշարասյուն (քառաշարասյուն) և, անցնելով ձախ ուսն առաջ, 20-25 քայլ հեռավորությամբ կանգնում ձախ թևի ստորաբաժանման կենտրոնում՝ դեմքով ստորաբաժանման ճակատի կողմը.

2) դրոշակակիր խմբի կանգնելուն պես` ստորաբաժանման հրամանատարը հրաման է տալիս՝ «Դրոշի ներքո-ԶԳԱ՛ՍՏ, հավասարությունը դեպի աջ».

3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված հրամանով ստորաբաժանումը շարվում է սույն կանոնադրության 244-րդ կետով (դրոշակակիր խումբը հավասարվում է ձախ) սահմանված կարգով, նվագախումբը նվագում է «Դիմավորման քայլերգը» (փողհար-թմբկահարը՝ «Դրոշի ներքո»).

4) դրոշակակիրը տալիս է՝ «Իմ հետևից, քայլով-ՄԱ՛ՐՇ» հրամանը և օգնականների հետ ստորաբաժանման ճակատի երկայնքով գնում է դեպի դրոշակակիր խումբը.

5) դրոշակակիրը դրոշը ձեռքին դրոշակակիր խմբին հավասարվելուն պես` դրոշակակիր խմբի հրամանատարը`

ա. տալիս է՝ «Դրոշակակիր խումբ, քայլով-ՄԱ՛ՐՇ» հրաման,

բ. կարաբիններով (ավտոմատներով) զինված լինելու դեպքում նախապես տալիս է՝ «Դրոշակակիր խումբ, ոտքին-Ա՛Ռ», այնուհետև՝ «Ուսին-Ա՛Ռ» հրամանները.

6) դրոշակակիր խումբը դրոշով շարժվում է դեպի դրոշի պահպանման տեղը.

7) ստորաբաժանման հրամանատարը, դրոշակակիր խումբը 40-50 քայլ հեռանալուց հետո, նվագախմբին (փողհար-թմբկահարներին) նշան է անում դադարեցնել նվագը (թմբկահարելը) և հրաման է տալիս՝ «ԱԶԱՏ»:

246. Մոտենալով դրոշի պահպանման վայրին՝

1) դրոշակակիր խմբի ղեկավարը խումբը շարում է սույն կանոնադրության 237-րդ կետով սահմանված կարգով և տալիս հրաման՝ «Դրոշակակիր խումբ, դրոշի ներքո-ԶԳԱՍՏ», իսկ եթե խումբը զինված է կարաբիններով (ավտոմատներով), տալիս է հրաման «Դրոշակակիր խումբ, դրոշի ներքո-ԶԳԱ՛ՍՏ, ՈՂՋՈՒՆԻՐ».

2) սույն կետի 1-ին ենթակետում ամրագրված հրամաններով խումբը գործում է սույն կանոնադրության 235-րդ կետով սահմանված կարգով`

ա. փողհար-թմբկահարը խփում է «Դրոշի ներքո»,

բ. դրոշակակիրը հրաման է տալիս՝ «Իմ հետևից, քայլով-ՄԱ՛ՐՇ», և օգնականների հետ գնում դրոշի պահպանման տեղը.

3) դրոշը ներս տարվելուց հետո դրոշակակիր խմբի ղեկավարը ձեռքն իջեցնում է գլխարկի մոտից, փողհար-թմբկահարը դադարեցնում է թմբկահարելը, եթե կաբաբինը (ավտոմատ) «ողջունիր» դրությամբ է, խմբի ղեկավարը հրաման է տալիս՝ «Դրոշակակիր խումբ, ոտքին-Ա՛Ռ», այնուհետև` «Փոկին-Ա՛Ռ», և խումբը տանում է կարգադրված տեղը:

(հավելվածը փոփ. 11.08.23 N 1343-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան