Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.04.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.08.19-2024.09.01 Պաշտոնական հրապարակման օրը 19.08.2024
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
01.04.2024
Подписан
Նախագահող
Дата подписания
01.04.2024
Дата вступления в силу
01.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Արագածոտնի մարզի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

ԱՐԱԴ/0005/01/21

նախագահող դատավոր

 ՍՄնոյան


ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,

 

Նախագահող դատավոր՝

 ԱԲեկթաշյան

Դատավորներ՝
 

 ՌՄխիթարյան

 ՄՄելքոնյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Լ. Թադևոսյանի

 

Դ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ

Ա. Պողոսյանի

 

Ս. Օհանյանի

1 ապրիլի 2024 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Օրբել Ժորայի Հովակիմյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի մարտի 22-ի որոշման դեմ պաշտպան ԱՆերսիսյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2020 թվականի հոկտեմբերի 19-ին ՀՀ Արագածոտնի մարզի դատախազի տեղակալի կողմից հարուցվել է թիվ 29200720 քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) և 273-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

2021 թվականի հունվարի 19-ին Օրբել Ժորայի Հովակիմյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Նախաքննության մարմնի նույն օրվա որոշմամբ ՕՀովակիմյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 2-րդ մասով։

2021 թվականի հունվարի 21-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանը, կիրառելով դատական քննության արագացված կարգ, 2021 թվականի ապրիլի 23-ի դատավճռով ՕՀովակիմյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքների կատարման մեջ:

ՕՀովակիմյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 1-ին մասով պատիժ է նշանակվել՝ ազատազրկում՝ 6 (վեց) ամիս ժամկետով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ազատազրկում՝ 1 (մեկ) տարի ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոններով, նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, ՕՀովակիմյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկումը՝ 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, որը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 2 (երկու) տարի ժամկետով: ՕՀովակիմյանի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

 4 Մեղադրող ԳՀարությունյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2023 թվականի մարտի 22-ին որոշում է կայացրել բողոքը մասնակիորեն բավարարելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի ապրիլի 23-ի դատավճիռը մասնակիորեն բեկանելու և փոփոխելու մասին ՕՀովակիմյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։

Միաժամանակ, ՕՀովակիմյանը մեղավոր է ճանաչվել 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ մասով, Առաջին ատյանի դատարանի վերոհիշյալ դատավճռով նշանակված՝ 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումից հանվել է ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված՝ 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկում պատիժը և ՕՀովակիմյանին թողնվել է կրելու ազատազրկում՝ 1 (մեկ) տարի ժամկետով։

Ամբաստանյալ ՕՀովակիմյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացվել է և պատժի կրման սկիզբը որոշվել է հաշվել վերջինին փաստացի արգելանքի վերցնելու պահից:

Դատավճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ:

Դատավոր ՌՄխիթարյանը, հատուկ կարծիք է հայտնել՝ գտնելով, որ առկա չէ որևէ ողջամիտ հիմնավորում առ այն, որ ՕՀովակիմյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայով նախատեսված առավել մեղմ պատժատեսակի, այդ թվում՝ տուգանքի կիրառումը չի կարող ապահովել պատժի նպատակները, և որ ամբաստանյալի նկատմամբ 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկում պատժի կիրառումն անարդարացի է՝ ակնհայտ խիստ ու անհամաչափ, և նրա նկատմամբ պատիժ պետք է նշանակվի տուգանք՝ քսանապատիկի չափով։

5. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ պաշտպան ԱՆերսիսյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի սեպտեմբերի 1-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

6. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական իրավունքի խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա։

Բողոքաբերի համոզմամբ՝ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ հոդվածների պահանջները, որի արդյունքում ՕՀովակիմյանի նկատմամբ չի կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, որը ենթակա էր կիրառման։

61 Բողոքի հեղինակը փաստել է, որ ՕՀովակիմյանի նկատմամբ նշանակված պատժի կրման նպատակահարմարության հարցը քննարկելիս հաշվի չի առնվել նրա կողմից կատարված հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը, որպիսի պայմաններում վերջինի նկատմամբ չի նշանակվել արդարացի պատիժ։

62 Բողոք բերած անձը փաստարկել է, որ ՕՀովակիմյանի նկատմամբ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ մասով, որը համապատասխանում է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասին, ազատազրկումից զատ որպես պատիժ նախատեսվել է նաև տուգանք պատժատեսակը, որպիսի հանգամանքն անտեսվել է և ամբաստանյալի նկատմամբ նշանակվել է ակնհայտ խիստ պատիժ։

63 Բողոք բերած անձը նշել է, որ վիճարկվող դատական ակտը կայացնելիս իր պաշտպանյալը եղել է 61 տարեկան, վերջինս բնութագրվում է դրական, զղջում է կատարածի համար, որը դրսևորվել է ինքնախոստովանական ցուցմունքներ տալով, աջակցել է վարույթն իրականացնող մարմնին, դատարանում ներկայացրել է միջնորդություն՝ սույն քրեական գործով արագացված դատաքննության կարգ կիրառելու համար, ինչպես նախաքննության, այնպես էլ դատարանում գործի քննության ընթացքում դրսևորել է պատշաճ վարքագիծ, հետևաբար պատժի նպատակների իրագործման տեսանկյունից բացակայում է պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը։

Բողոքի հեղինակը նշել է նաև, որ ՕՀովակիմյանին մեղսագրվող հանցագործության առարկան հանդիսացող «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի քաշը կազմել է 12.88 գրամ, ինչն առավել քան մոտ է տվյալ թմրամիջոցի համար սահմանված խոշոր չափի նվազագույն շեմին:

7. Վերոգրյալի հիման վրա, բողոքի հեղինակը խնդրել է վճռաբեկ բողոքը բավարարել, Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի մարտի 22-ի որոշումը բեկանել և ՕՀովակիմյանին մեղավոր ճանաչել 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ մասով՝ նրա նկատմամբ պատիժ նշանակելով տուգանք՝ նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, որն էլ տարաժամկետել և հնարավորություն տալ վերջինիս տուգանքը վճարել մեկ տարվա ընթացքում, կամ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ, ՕՀովակիմյանի նկատմամբ Վերաքննիչ դատարանի կողմից նշանակված ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառել։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

8. Նախաքննության մարմնի որոշմամբ Օրբել Հովակիմյանին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքների համար. «(…) [Ն]ա խախտելով «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի» մասին ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջը, 2020 թվականի ապրիլ ամսից սկսած Արագածոտնի մարզի Օշական գյուղի Մաշտոցի փողոցի 47 տան բակում՝ ցանցապատ տարածքում մշակել և աճեցրել է շրջանառությունն արգելված, խոշոր չափի՝ 15 հատ թմրամիջոց՝ թմրալկալոիդ տետրահիդրոկաննաբինոլ պարունակող կանեփ (cannabis խմբի) տեսակի բույսեր, որոնք 2020 թվականի սեպտեմբերի 12-ին հայտնաբերվել և վերցվել են ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնի աշխատակիցների կողմից՝ նրա տանը կից բակում կատարված զննությամբ։

Բացի այդ, Օրբել Ժորայի Հովակիմյանը, խախտելով «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի» մասին ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջը, իր հողամասում մշակած և աճեցրած կանեփ տեսակի բույսերից տերևներ և գլխիկներ պոկելով, ապօրինի ձեռք է բերել և իր օգտագործման համար ապօրինի պահել ընդհանուր՝ խոշոր չափի՝ 12.88 գրամ հաստատուն քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ, որոնք 2020 թվականի սեպտեմբերի 12-ին հայտնաբերվել և վերցվել են ոստիկանության Աշտարակի բաժին աշխատակիցների կողմից՝ նրա տանը կից բակում կատարված զննությամբ»1:

9. Առաջին ատյանի դատարանի դատավճռով արձանագրվել է հետևյալը «(…) Դատարանը հիմք ընդունելով մեղադրանքի հիմքում դրված ապացույցները, գտնում է, որ ամբաստանյալ Օրբել Ժորայի [Հովակիմյանին] ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքները հիմնավորված են և այդ հոդվածներով էլ նա պետք է ենթարկվի պատժի:

(…) Դատարանը որպես Օրբել Ժորայի [Հովակիմյանի] անձը բնութագրող տվյալներ հաշվի է առնում այն, որ նա 59 տարեկան է, բնութագրվում է դրական, առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել, զղջում է կատարածի համար:

Օրբել Հովակիմյանի պատիժը և պատասխանատվությունը ծանրացնող և մեղմացնող հանգամանքներ առկա չեն:

(…) [Գ]նահատելով ամբաստանյալ` Օրբել Ժորայի [Հովակիմյանի] կողմից կատարված հանցագործությունների բնույթը և հանրության համար վտանգավորության աստիճանը, այդ թվում՝ նրա հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, խախտված հասարակական հարաբերության սոցիալական նշանակությունը, հանցանքները կատարելուց հետո ամբաստանյալի դրսևորած վարքագիծը, նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող, անձը բնութագրող հանգամանքների առկայությունը, պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, դատարանը հանգում է հետևության, որ տվյալ դեպքում սանկցիայով նախատեսված ազատազրկման ձևով նվազ խիստ պատժատեսակի միջոցով հնարավոր է ապահովել պատժի նպատակների իրացվելիությունը և տվյալ դեպքում նշանակվող պատիժը բխում է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված՝ արդարության և պատասխանատվության անհատականացման, պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներից:

Դատարանը գտնում է, որ Օրբել Հովակիմյանի նկատմամբ վերջնական պատիժ պետք է նշանակել ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կանոններով՝ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով:

(…) [Դ]ատարանը ուսումնասիրելով ամբաստանյալ Օրբել Ժորայի Հովակիմյանի անձը, այդ թվում՝ նրա անձը բնութագրող սոցիալ-հոգեբանական, սոցիալ-ժողովրդագրական հատկանիշները, հանցագործությունից հետո դրսևորած վարքագիծը, նրա կողմից քրեական օրենքով արգելված արարքի կատարման եղանակը, բնույթը, հանրային վտանգավորության աստիճանը, ինչպես նաև այն, որ նախկինում դատված չի եղել, բնութագրվում է դրական, զղջում է կատարածի համար, գտնում է, որ ազատազրկման ձևով նշանակվող պատժատեսակի կիրառման արդյունքում ակնկալվող պատժի նպատակների իրագործումը հնարավոր է նաև առանց նշանակված պատժատեսակը կրելու:

Դատարանը գտնում է նաև, որ ամբաստանյալ Օրբել Հովակիմյանի հետագա վարքագծի վերահսկողությունն ապահովելու նպատակով պետք է սահմանել փորձաշրջան՝ վերահսկողությունը դնելով՝ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության վրա և Օրբել Հովակիմյանի վրա պետք է դնել պարտականություն` չփոխել մշտական բնակության վայրը՝ վարքագծի նկատմամբ սահմանված վերահսկողությունը պատշաճ իրականացնելու նպատակով (…)»2։

10. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(…) Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ է համարում քննարկել սույն գործով հետադարձության կարգով 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ 2021 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրք) կիրառելիության հարցը։

(…)

Նախկին և նոր քրեական օրենսգրքերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի համար նախատեսված պատիժների համեմատական վերլուծության հիման վրա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ նոր ընդունված օրենսդրությունը համարվում է պատիժը մեղմացնող, քանի որ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիան նախատեսում է (…) նաև ազատազրկումից առավել մեղմ այլընտրանքային պատժատեսակներ՝ հանրային աշխատանքներ և ազատության սահմանափակում, որը նախատեսված չէր 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված քրեական օրենսգրքով: Հետևաբար, դրա գործողությունը տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը հանցանք կատարած անձանց վրա։

Վերը նշվածը հաշվի առնելով՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Օրբել Հովակիմյանին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 2-րդ մասով մեղսագրված արարքը պետք է որակել 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ մասի ():

()

Տվյալ դեպքում Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Օրբել Հովակիմյանի նկատմամբ պատիժ նշանակելիս, պատժի տեսակը և չափը որոշելիս, հաշվի է առել կատարված հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, այդ թվում` ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ և 63-րդ հոդվածներով նախատեսված պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:

Առաջին ատյանի դատարանը որպես Օրբել Հովակիմյանի անձը բնութագրող տվյալներ հաշվի է առել այն, որ նա 59 տարեկան է, բնութագրվում է դրական, առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել, զղջում է կատարածի համար:

Ամբաստանյալ Օրբել Հովակիմյանի պատիժը և պատասխանատվությունը ծանրացնող և մեղմացնող հանգամանքներ Առաջին ատյանի դատարանը չի արձանագրել:

Առաջին ատյանի դատարանն ուսումնասիրելով ամբաստանյալ Օրբել Հովակիմյանի անձը, այդ թվում՝ նրա անձը բնութագրող սոցիալ-հոգեբանական, սոցիալ-ժողովրդագրական հատկանիշները, հանցագործությունից հետո դրսևորած վարքագիծը, նրա կողմից քրեական օրենքով արգելված արարքների կատարման եղանակը, բնույթը, հանրային վտանգավորության աստիճանը, ինչպես նաև այն, որ նախկինում դատված չի եղել, բնութագրվում է դրական, զղջում է կատարածի համար, գտել է, որ ազատազրկման ձևով նշանակվող պատժատեսակի կիրառման արդյունքում ակնկալվող պատժի նպատակների իրագործումը հնարավոր է նաև առանց նշանակված պատժատեսակը կրելու:

Հաշվի առնելով ամբաստանյալ Օրբել Հովակիմյանի կողմից կատարված հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը, նրա անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներն ապահովելու համար նրա նկատմամբ պատիժ պետք է նշանակել ազատազրկում` 1 (մեկ) տարի ժամկետով (…)՝ հանելով ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը։

Անդրադառնալով Օրբել Հովակիմյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հնարավորության հարցին՝ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը.

Վերաքննիչ դատարանը նախ հարկ է համարում արձանագրել, որ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի համեմատ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքը պատիժը պայմանականորեն չկիրառելու հնարավորության տեսակետից որևէ մեղմացում կամ բարելավում չի սահմանում (), հետևաբար՝ այդ մասով այն հետադարձ ուժ չի կարող ունենալ:

(…)

Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ ամբաստանյալ Օրբել Հովակիմյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու անհրաժեշտությունը (ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հնարավորությունը) քննարկելիս, թեև Առաջին ատյանի դատարանը բազմակողմանի գնահատման է ենթարկել ամբաստանյալի անձը բնութագրող հանգամանքները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների բացակայությունը, սակայն հաշվի չի առել Օրբել Հովակիմյանի կողմից կատարված հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը, որպիսի պայմաններում վերջինի նկատմամբ չի նշանակել արդարացի պատիժ, ինչը չի բխում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածով սահմանված արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքից, անհրաժեշտ և բավարար չէ նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար ու չի կարող ապահովել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակները:

Մասնավորապես՝ Առաջին ատյանի դատարանն հաշվի չի առել այն, որ ամբաստանյալ Օրբել Հովակիմյանին մեղսագրված հանցագործության առարկան «չորացված մարիխուանա» տեսակի թմրամիջոցը՝ 12.88 գրամ է, որը, համարվում է խոշոր չափի: Բացի այդ, թմրանյութերի ապօրինի խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելը կամ աճեցնելը, համատարած օգտագործումը վնաս է հասցնում ոչ միայն առանձին անձանց առողջությանը, այլև ամբողջ բնակչության, ազգի ֆիզիկական և հոգեկան առողջական վիճակին։

Ամփոփելով վերը շարադրված դատողությունները՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Օրբել Հովակիմյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին Առաջին ատյանի դատարանի հետևությունը հիմնավորված և պատճառաբանված չէ։

Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերը նշված նյութական իրավունքի խախտումները, որոնք ազդել են պատիժը կրելու նպատակահարմարության մասով գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, հիմք են դատախազի վերաքննիչ բողոքը մասնակի բավարարելու և Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելու և փոփոխելու համար: (...)»3։

 

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.

11. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «8. Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերով վերաքննիչ և վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով»։

Վերոգրյալից հետևում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո կայացված դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են 2022 թվականի հուլիսի 1-ից գործող քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Հետևաբար, սույն բողոքի քննությունն իրականացնելիս, որպես Վճռաբեկ դատարանում բողոքի քննության ընթացակարգային կառուցակարգ հիմք է ընդունվում 2022 թվականի հուլիսի 1-ից գործող կարգը։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ ՕՀովակիմյանի վերաբերյալ քրեական գործը քննության է առել, իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի իրավաչափությունը գնահատել է 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների շրջանակներում, ուստի ստորադաս դատարանի հետևությունների իրավաչափության գնահատման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները:

12 Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված և պատճառաբանվա՞ծ են արդյոք ՕՀովակիմյանի նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ նշանակելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները:

13. ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի՝ համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար»:

ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները»:

ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն՝ «1. Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում՝ հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները:

2. Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում՝ պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով:

3. Հանցագործության համար նախատեսված պատիժներից առավել խիստը նշանակվում է, եթե նվազ խիստ տեսակը չի կարող ապահովել պատժի նպատակները»:

13.1. Մեջբերված նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ պատժի արդարությունը դրսևորվում է հանցագործության և քրեաիրավական ներգործության միջոցների (պատժի) համաչափության ապահովմամբ։ Հետևաբար, կոնկրետ գործով պատիժ նշանակելիս, դատարանի ներքին համոզմունքը ձևավորվում է կատարված արարքի հանրային վտանգավորության բնույթի ու աստիճանի, հանցավորի անձի, պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների վերլուծության հիման վրա` ելնելով ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակների իրացումն ապահովելու անհրաժեշտությունից4։

14. Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ հանցագործության կատարման մեջ մեղավոր ճանաչված անձի նկատմամբ պատիժ նշանակելիս, դատարանը պարտավոր է գործի նյութերում առկա փաստական տվյալների հիման վրա պատճառաբանել ինչպես պատժի տեսակի և չափի ընտրության, այնպես էլ ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելու անհրաժեշտության վերաբերյալ իր որոշումը: Դատական որոշման որակը մեծապես կախված է դրա պատճառաբանական մասից, հետևաբար դատական որոշումները սկզբունքորեն պետք է պատճառաբանված լինեն: Պատժի տեսակի և չափի ընտրության, ինչպես նաև պատիժը կրելու անհրաժեշտության վերաբերյալ դատարանի եզրահանգումները հիմնավորող պատճառների մատնանշումը ոչ միայն ավելի հասկանալի և ընդունելի է դարձնում դատավճիռը վարույթի մասնակիցների համար, այլև բացառում է կամայականությունը: Նախևառաջ, դա նշանակում է, որ դատարանը պարտավորված է լինում արձագանքել կողմերի ներկայացրած փաստարկներին և մատնանշել տվյալ որոշումը հիմնավորող և իրավաչափ դարձնող փաստարկները: Եվ երկրորդ` պատշաճ պատճառաբանությունը հասարակությանը թույլ է տալիս հասկանալ, թե ինչպես է գործում դատական համակարգը հանցանք կատարած անձի նկատմամբ պատիժ սահմանելիս: Բացի այդ, դատական ակտի չպատճառաբանված կամ ոչ բավարար չափով պատճառաբանված լինելը հանգեցնում է նաև քրեական դատավարության կարևորագույն սկզբունքներից մեկի` արդար դատական քննության իրավունքի խախտման, քանի որ օբյեկտիվորեն սահմանափակվում է վերադաս դատական ատյանի հնարավորությունը` լիարժեք դատական ստուգման ենթարկելու բողոքարկվող դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը5։

Հետևաբար, 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջները պահպանված լինելու առումով ընդունելի չի կարող համարվել ոչ միայն այն դատական ակտը, որտեղ պատժի վերաբերյալ դատարանի հետևությունները հիմնված չեն դատական քննության ժամանակ հետազոտված ապացույցների վրա, այլև այնպիսին, որում բացակայում են պատժատեսակի, պատժաչափի կամ պատիժը կրելու նպատակահարմարության վերաբերյալ դատարանի եզրահանգումները հիմնավորող հետևողական, հստակ և ոչ հակասական պատճառաբանությունները6:

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ,

- ՕՀովակիմյանին, ի թիվս այլնի, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ նա ապօրինի ձեռք է բերել և իր օգտագործման համար ապօրինի պահել ընդհանուր՝ խոշոր չափի՝ 12.88 գրամ հաստատուն քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որն էլ 2020 թվականի սեպտեմբերի 12-ին հայտնաբերվել և վերցվել է ոստիկանության Աշտարակի բաժին աշխատակիցների կողմից՝ նրա տանը կից բակում կատարված զննությամբ7։

- Առաջին ատյանի դատարանը, ամբաստանյալ ՕՀովակիմյանին մեղավոր ճանաչելով առաջադրված մեղադրանքում և գնահատելով կատարված հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, հանցագործության կատարման հանգամանքները, հանցանքները կատարելուց հետո ամբաստանյալի դրսևորած վարքագիծը, նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող, անձը բնութագրող հանգամանքների առկայությունը, պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ամբաստանյալ ՕՀովակիմյանի անձը բնութագրող տվյալները, գտել է, որ սանկցիայով նախատեսված ազատազրկման ձևով նվազ խիստ պատժաչափի միջոցով հնարավոր է ապահովել պատժի նպատակների իրացվելիությունը և միաժամանակ նրա ուղղումը հնարավոր է առանց ռեալ (իրական) պատիժ նշանակելու8:

- Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում նշել է, որ ամբաստանյալ ՕՀովակիմյանին մեղսագրված արարքի համար 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքը համարվում է պատիժը մեղմացնող, քանի որ տվյալ օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիան նախատեսում է նաև ազատազրկումից առավել մեղմ այլընտրանքային պատժատեսակներ՝ հանրային աշխատանքներ և ազատության սահմանափակում, որը նախատեսված չէր 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված քրեական օրենսգրքով։ Արդյունքում, Վերաքննիչ դատարանն ՕՀովակիմյանին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրված արարքը վերաորակել է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ մասով և այդ հոդվածի սանկցիայով նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում` 1 (մեկ) տարի ժամկետով։

Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը փաստել է, որ ամբաստանյալ ՕՀովակիմյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու անհրաժեշտությունը քննարկելիս, Առաջին ատյանի դատարանը հաշվի չի առել նրա կողմից կատարված հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը, ինչպես նաև այն, որ «ամբաստանյալ Օրբել Հովակիմյանին մեղսագրված հանցագործության առարկան «չորացված մարիխուանա» տեսակի թմրամիջոցը՝ 12.88 գրամ է, որը, համարվում է խոշոր չափի: Բացի այդ, թմրանյութերի ապօրինի խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելը կամ աճեցնելը, համատարած օգտագործումը վնաս է հասցնում ոչ միայն առանձին անձանց առողջությանը, այլև ամբողջ բնակչության, ազգի ֆիզիկական և հոգեկան առողջական վիճակին»9։

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը գտել է, որ ՕՀովակիմյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին Առաջին ատյանի դատարանի հետևությունները հիմնավորված և պատճառաբանված չեն, իսկ նյութական իրավունքի խախտումները, որոնք ազդել են պատիժը կրելու նպատակահարմարության մասով գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, հիմք են դատախազի վերաքննիչ բողոքը մասնակի բավարարելու և Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելու և փոփոխելու համար10:

16. Նախորդ կետում մեջբերված փաստերը գնահատելով սույն որոշման 13-14-րդ կետերում կատարված իրավական վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, ՕՀովակիմյանի նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ նշանակելիս, պատշաճ գնահատման չի արժանացրել այն հանգամանքը, որ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիան նախատեսում է ինչպես ազատությունից զրկելու հետ կապված՝ ազատազրկումից ավելի մեղմ պատժատեսակ՝ կարճաժամկետ ազատազրկումը, այնպես էլ ազատությունից զրկելու հետ չկապված պատժատեսակներ՝ ազատության սահմանափակումը, հանրային աշխատանքներն ու տուգանքը։

Վերաքննիչ դատարանը չի ներկայացրել որևէ փաստարկված հիմնավորում առ այն, թե Առաջին ատյանի դատարանի կողմից արձանագրված՝ ՕՀովակիմյանի անձը բնութագրող տվյալների առկայության և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայության պայմաններում, ՕՀովակիմյանի նկատմամբ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայով նախատեսված պատիժներից նվազ խիստ տեսակը՝ տուգանքը, ինչպես նաև հոդվածի սանկցիայով նախատեսված այլընտրանքային մյուս պատժատեսակներն ինչու՞ չեն կարող ապահովել պատժի նպատակները և ինչո՞վ է պայմանավորված արարքի սանկցիայով նախատեսված առավել խիստ պատժատեսակի ընտրությունը։

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն ՕՀովակիմյանի նկատմամբ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի համար քրեաիրավական ներգործության միջոցի ընտրությունը, փաստացի, ի թիվս այլնի, պայմանավորել է նաև 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքի բնույթով ու հանրային վտանգավորության աստիճանով, այն դեպքում, երբ այդ արարքի համար քրեական հետապնդումը՝ Վերաքննիչ դատարանի որոշմամբ, քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով դադարեցվել է, ինչը բացառում է նշված արարքի համար անձի նկատմամբ քրեաիրավական որևէ հետևանքների առաջացումը, որպիսի պայմաններում վերոգրյալի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևություններն իրավաչափ և հիմնավոր համարվել չեն կարող։

17. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՕՀովակիմյանի նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ նշանակելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավորված և պատճառաբանված չեն:

Ամբաստանյալ O.Հովակիմյանի նկատմամբ պատիժ նշանակելու հարցը լուծելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ հոդվածների պահանջների խախտում, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածով նախատեսված՝ քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում է:

Վերը նշված նյութական և դատավարական իրավունքի խախտումները, որոնք ազդել են ամբաստանյալ ՕՀովակիմյանի նկատմամբ պատիժ նշանակելու կապակցությամբ գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ և 387-րդ հոդվածների հիման վրա, ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու հիմք են: Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն որոշմամբ արձանագրված՝ ՕՀովակիմյանի նկատմամբ առավել մեղմ պատժատեսակ նշանակելու և դրա շուրջ քննություն իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ վարույթը պետք է փոխանցել Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։

17 Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը բողոքաբերի՝ սույն որոշման 5.1-րդ կետում նշված փաստարկներին անդրադառնալն առարկայազուրկ է համարում։

18. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ 361-363-րդ, 385-րդ ու 386-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Ամբաստանյալ Օրբել Ժորայի Հովակիմյանի վերաբերյալ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի ապրիլի 23-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի մարտի 22-ի որոշումը բեկանել ու վարույթը փոխանցել Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

2 Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

 

_________________________

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 86-87։

2 Տես քրեական գործ, հատոր 1, թերթեր 161-163։

3 Տես քրեական գործ, հատոր 2, թերթեր 84-95։

4 Տե'ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Գառնիկ Գալստյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵՄԴ/0027/01/14, Էդվարդ Ադամյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵԷԴ/0048/01/14, Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13, Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Նարեկ Սարգսյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0042/01/11, Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08 որոշումները:

5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գառնիկ Գալստյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵՄԴ/0027/01/14 որոշման 23-րդ կետը, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի՝ Ֆրունզիկ Գալստյանի գործով 2010 թվականի մարտի 26-ի ԵԿԴ/0058/11/09 որոշման 18-19-րդ կետերը։

6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գառնիկ Գալստյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵՄԴ/0027/01/14 որոշման 23-րդ կետը, ինչպես նաև Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշման 40-րդ կետը։

7 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։

8 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։

9 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։

10 Տե՛ս նույն տեղում։

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Լ. Թադևոսյան

Դ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 օգոստոսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան