Գլխավոր տեղեկություն
Номер
N 1520-Լ
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (08.09.2023-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ОВМИД РА 2015.10.07/65(1154) 07.09.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
07.09.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.09.2023
Дата вступления в силу
08.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 սեպտեմբերի 2023 թվականի N 1520-Լ

 

2023 ԹՎԱԿԱՆԻ ԽԱՂՈՂԻ ՄԹԵՐՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը և «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել 2023 թվականի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումները՝ համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝

1) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ համատեղ մշակել և սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել «2023 թվականին խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարողներին գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը․

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզպետների հետ համատեղ մշակել և հաստատել սույն որոշմամբ հաստատված հավելվածի 4-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերի շրջանակներում սուբսիդավորման տրամադրման ընթացակարգը․

3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հաստատել սույն որոշմամբ հաստատված միջոցառումների շրջանակներում խաղողի մթերման ընթացքի վերաբերյալ օպերատիվ տեղեկության հավաքագրման նպատակով մթերվող խաղողի քանակների փաստաթղթավորման և տեղեկության տրամադրման ընթացակարգը։

3․ 2023 թվականի խաղողի մթերումների գործընթացի ընտրանքային մշտադիտարկումը մթերման կետերում կատարվում է մարզպետների աշխատակազմերի համակարգմամբ, որին կարող են ներգրավվել խաղողագործների միությունները։

4. Սույն որոշմամբ հաստատված հավելվածի 4-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի շրջանակներում առաջացող ֆինանսական պարտավորությունները կիրականացվեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 201-Լ որոշմամբ հաստատված Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների, իսկ 4-րդ կետի 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերի շրջանակներում առաջացող ֆինանսական պարտավորությունները՝ պետական բյուջեի միջոցների հաշվին։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

07.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

սեպտեմբերի 7-ի N 1520-Լ որոշման

 

2023 ԹՎԱԿԱՆԻ ԽԱՂՈՂԻ ՄԹԵՐՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

1. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ

 

1. Միջոցառումների նպատակն է Հայաստանի Հանրապետությունում 2023 թվականին արտադրված խաղողի բերքի մթերման գործընթացը կազմակերպելու համար աջակցել խաղողի վերամշակմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին՝ դրամի արժևորման հետևանքով վերջիններիս մոտ պատրաստի արտադրանքի ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերը մեղմելու և խաղողի մթերումների համար անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավելու համար:

2. Աջակցության նպատակն է տնտեսավարող սուբյեկտների համար ստեղծել ֆինանսական միջոցների ժամանակավոր հասանելիության հնարավորություն՝ պահանջարկի փոփոխվող պայմաններին արձագանքելու, արտաքին մարտահրավերներին դիմակայելու և բնականոն գործունեությունը շարունակելու համար։

 

2. ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

3. Սույն միջոցառումների իմաստով տնտեսավարող սուբյեկտ են համարվում խաղողի վերամշակմամբ զբաղվող կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 201-Լ որոշմամբ հաստատված Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի և դրանց մասնակից բանկի կամ վարկային կազմակերպության ֆինանսական (վարկունակության) պահանջները բավարարող խաղողի վերամշակմամբ զբաղվող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք դիմումի ներկայացման օրվան նախորդող աշխատանքային օրվա դրությամբ չունեն չկատարված հարկային պարտավորություններ։

4. Աջակցության տրամադրման ձևերը և դրանց պայմանները հետևյալն են՝

1) Հայաստանի Հանրապետությունում 2023 թվականին խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին 2023 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև դեկտեմբերի 30-ը գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի պայմաններին համապատասխան նպատակային վարկերի տրամադրման պայմաններն են՝

ա. սուբսիդավորվում է տրամադրվող վարկի տոկոսադրույքի տարեկան 11 տոկոսային կետին համարժեք մասը (գումարը),

բ. յուրաքանչյուր վարկառուին տրամադրվող վարկի մայր գումարը չի կարող գերազանցել 4.0 մլրդ դրամը,

գ. տրամադրվող վարկերն ունեն առավելագույնը 60 ամիս մարման ժամկետ,

դ. վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը վարկը տրամադրելու պահից հաշվարկվելու է առնվազն 24 ամիս,

ե. մթերումների (գնումների) համար տրամադրվող վարկի չափը հաշվարկվում է խաղողի գնման այն պայմանագրերով, որոնք կնքվել են մինչև 2023 թվականի հոկտեմբերի 15-ը․

2) խաղողի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի գծով տնտեսավարողների մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2023 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը տրամադրվում է մինչև 50%-ի չափով բյուջետային երաշխիք, բայց ոչ ավելի, քան 2022 թվականին արտահանված արտադրանքի արժեքը․

3) 6000 տոննայից մինչև 9000 տոննան ներառյալ խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին, 5000 տոննան գերազանցող մթերված յուրաքանչյուր 1000 տոննայի դիմաց տրամադրվում է 30․0 մլն դրամի չափով սուբսիդավորում․

4) 15000 տոննա և ավելի խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին, 10000 տոննան գերազանցող մթերված յուրաքանչյուր 5000 տոննայի դիմաց տրամադրվում է 250․0 մլն դրամի չափով սուբսիդավորում․

5) կոնյակի սպիրտի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողից (տնտեսավարողներից) ձեռք է բերվում մինչև 1․0 մլն լիտր (100 %-անոց սպիրտի հաշվարկով) առնվազն 5 տարի հնացված կոնյակի սպիրտ՝ պայմանով, որ ձեռք բերված կոնյակի սպիրտի գումարով, պետության կողմից սահմանված գնով, Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզպետների կողմից հաստատված ցանկերով ներկայացված խաղողագործներից կատարվում են համարժեք քանակությամբ խաղողի մթերումներ։

5․ Աջակցության միջոցառումներից օգտվելու համար տնտեսավարողը մինչև մթերումներն սկսելը դիմում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն՝ աջակցությունից օգտվելու վերաբերյալ համաձայնագիր կնքելու նպատակով, ընդ որում, սույն հավելվածի 4-րդ կետի՝

1) 1-ին և 2-րդ ենթակետերի միջոցառումներից օգտվող տնտեսավարողը կարող է օգտվել նաև 3-րդ կամ 4-րդ ենթակետերի միջոցառումներից.

2) 3-րդ և 4-րդ ենթակետերի միջոցառումներից տնտեսավարողը չի կարող օգտվել միաժամանակ, ընդ որում, նշված ենթակետերի շրջանակներում սուբսիդավորման գումարները տրամադրվում են մթերված 1000 կամ 5000 տոննա ամբողջական խմբաքանակների համար.

3) 5-րդ ենթակետի միջոցառումից օգտվող տնտեսավարողը չի կարող օգտվել 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերի միջոցառումներից։

6. Այն դեպքում, երբ տնտեսավարողը դիմել է սույն հավելվածի 4-րդ կետի 4-րդ ենթակետի միջոցառումից օգտվելու համար, սակայն խաղողի բերքը չի բավարարել նախատեսված քանակությունը մթերելու համար, ապա տնտեսավարողը կարող է օգտվել սույն հավելվածի 4-րդ կետի 3-րդ ենթակետի միջոցառումից՝ պայմանով, որ մինչև մթերման ժամանակաշրջանի ավարտը տվյալ դեպքն առաջանալու օրվան հաջորդող երկօրյա ժամկետում փոստային կամ էլեկտրոնային եղանակով դրա մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը։

7․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և աջակցության միջոցառումներից օգտվող տնտեսավարողի միջև կնքվող համաձայնագրում նշվում է նաև, որ խաղողի մթերումներն իրականացվում են մարզպետների կողմից հաստատված ցանկերով ներկայացված խաղողագործներից, իսկ մթերվող խաղողի 1 կգ-ի նվազագույն գինը կազմում է 110 դրամ։

8. Աջակցության միջոցառումների շրջանակներում 2023 թվականին խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարողներն ապահովում են մթերման գործընթացի թափանցիկությունը, սույն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված կարգով մթերվող խաղողի քանակների փաստաթղթավորումը և տեղեկության տրամադրումը, ինչպես նաև ապահովում են մշտադիտարկում իրականացնող անձանց ազատ մուտքը մթերման կետեր, դրանցում տեղակայված խաղողի կշռման տարածքներ և վերջիններիս պահանջով մթերման հետ կապված անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկության տրամադրումը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

07.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան