ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 օգոստոսի 2023 թվականի N 1416-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 201-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին» N 201-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) 23-րդ կետի 1.4-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.5-րդ ենթակետով.
«1.5) սույն ծրագրի 24-րդ կետի 2-րդ ենթակետում նշված նպատակով մթերումների (գնումների) համար տրամադրվող վարկերից բացի 2023 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը շահառուներին կարող է տրամադրվել լրացուցիչ վարկ՝ պտուղբանջարեղենային պահածոների տարայավորման համար անհրաժեշտ ապակե բանկաներ, կափարիչներ, ասեպտիկ պարկեր և դրանց տարաներ ձեռք բերելու համար.»․
2) 24-րդ կետի 5.1-ին ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.2-րդ, 5․3-րդ, 5.4-րդ և 5.5-րդ ենթակետերով.
«5.2) սույն կետի 2-րդ և 2.1-ին ենթակետերի շրջանակներում 2022 թվականին տրամադրված վարկերի համար ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների և շահառուների փոխադարձ համաձայնությամբ կարող են տրամադրվել վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ մինչև 6 ամսով լրացուցիչ ժամկետներ և մինչև 6 ամսով երկարաձգվել վարկերի մարման ժամկետները.
5.3) սույն կետի 2-րդ և 2.1-ին ենթակետերի շրջանակներում 2023 թվականի հունվարի 1-ից հետո տրամադրված վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ և վարկերի մարման ժամկետները կարող են երկարաձգվել մինչև 6 ամիս ժամկետով՝ ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների ու շահառուների փոխադարձ և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության գրավոր համաձայնությամբ, եթե սույն կետի 5.4-րդ ենթակետում նշված դիմումի ներկայացման ամսաթվին նախորդող 12 ամիսներին տվյալ շահառուի ընդհանուր հասույթների ավելի քան 70 տոկոսն ապահովվել է արտահանումների հաշվին, և շահառուի տնտեսական գործունեությունով չպայմանավորված օբյեկտիվ պատճառներով արտահանումը դարձել է անհնարին.
5.4) սույն կետի 5.3-րդ ենթակետում նշված համաձայնությունն ստանալու նպատակով շահառուն էլեկտրոնային կամ թղթային տարբերակով դիմում է ներկայացնում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն, որում նշում է արտահանման անհնարինության պատճառները և դիմումին կցում է նախորդ 12 ամիսներին ընդհանուր հասույթների ավելի քան 70 տոկոսն արտահանումների հաշվին ապահովված լինելու վերաբերյալ հիմնավորող փաստաթղթերը.
5.5) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը սույն կետի 5.4-րդ ենթակետում նշված դիմումը մուտքագրվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում դիմումի և ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա տրամադրում է գրավոր պատասխան համաձայնության կամ մերժման մասին.»․
3) 32-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում «60» թիվը փոխարինել «90» թվով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
24.08.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|