Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (11.11.2022-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.08.21-2023.09.03 Պաշտոնական հրապարակման օրը 23.08.2023
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
11.11.2022
Подписан
Նախագահող
Дата подписания
11.11.2022
Дата вступления в силу
11.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/4462/02/17

2022 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/4462/02/17

Նախագահող դատավոր

 Կ Չիլինգարյան

Դատավորներ

 Ա Մկրտչյան

 Ա Սմբատյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Մ. Դրմեյան

զեկուցող

Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Գ. Հակոբյան

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Է. Սեդրակյան

 

2022 թվականի նոյեմբերի 11-ին

գրավոր ընթացակարգով քննելով Նաիրա Բալոյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31102019 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Շանթ Խայալեանի ընդդեմ Նաիրա Բալոյանի ընդհանուր բաժնային սեփականության ներքո գտնվող գույքից բաժինն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում՝ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Նաիրա Բալոյանի ընդդեմ Շանթ Խայալեանի՝ ՀՀ ք. Երևան Դավթաշեն 3 թաղամասի 13 շենքի 16 բնակարանից Շանթ Խայալեանին պատկանող 1/2 բաժնեմասն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Շանթ Խայալեանը պահանջել է ընդհանուր բաժնային սեփականության ներքո գտնվող գույքից բաժինն առանձնացնել, իսկ դրա անհնարինության դեպքում՝ գույքը հրապարակային սակարկություններով վաճառել։ Հակընդդեմ հայցով Նաիրա Բալոյանը պահանջել է առանձնացնել ՀՀ ք.Երևան, Դավթաշեն 3 թաղամասի 13 շենքի 16 բնակարանից Շանթ Խայելեանին պատկանող 1/2 բաժնեմասը և դրա վրա բռնագանձում տարածել։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ն Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 17062019 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը մերժվել, այն է՝

«(․․․) Շանթ Առաքելի Խայալեանին և Նաիրա Տիգրանի Բալոյանին բաժնային սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Դավթաշեն 3-րդ թաղամաս 13 շենքի 16 բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառել և ստացված գումարը բաշխել ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց 1/2 բաժիններին համաչափ:

Նաիրա Տիգրանի Բալոյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Շանթ Առաքելի Խայալեանի՝ Երևան քաղաքի Դավթաշեն 3 թաղամասի 13 շենքի 16 բնակարանից Շանթ Խայալեանին պատկանող 1/2 բաժնեմասը դրա վրա բռնագանձում տարածելու համար առանձնացնելու պահանջի մասին, մերժել (․․․)»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 31102019 թվականի որոշմամբ Նաիրա Բալոյանի վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի 17062019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։

Վճռաբեկ բողոք է ներկայացրել հակընդդեմ հայցվոր Նաիրա Բալոյանը (ներկայացուցիչ Լ Մակինյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը բավարարելով հայցը, պարտավոր էր բավարարել հակընդդեմ հայցը նույնպես, քանի որ 200-րդ հոդվածի 2-րդ մասը նախատեսում է, որ բաժինը բնեղենով առանձնացնելու անհնարինությունը չպետք է որևէ բացասական հետևանք առաջացնի պարտատիրոջ իրավունքների իրականացման վրա։ Այսպիսով, բռնագանձումը պետք է տարածվեր ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածին համապատասխան և այն հանգամանքը, որ հակընդդեմ հայցը մերժվել է այն հիմքով, որ գույքը բնեղենով բաժանել հնարավոր չէր, իսկ հակընդդեմ հայցվորի պահանջը եղել է բաժնեմասն առանձնացնելը՝ դրա վրա բռնագանձում տարածելու նպատակով, հիմնավոր չէ։ Միևնույն գույքը դրվել է հրապարակային սակարկության՝ այս կերպ վտանգելով և աննկատ թողնելով երեխայի ապրուստի նպատակով բռնագանձման ենթակա ալիմենտի գումարը։

Փաստորեն Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև այն հանգամանքը, որ 01.10.2010 թվականին Նաիրա Բալոյանը դիմել է ՀՀ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ սույն գործով սկզբնական հայցվորի՝ իրենց անչափահաս երեխա Զառա Խայալեանի խնամքի համար ալիմենտի բռնագանձման և պատասխանողին որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին (թիվ ԵԱԴԴ/1076/02/10 քաղաքացիական գործ):

Վերաքննիչ դատարանը ելել է օրենքի տառացի մեկնաբանությունից, այնինչ այստեղ էական ուշադրության պետք է արժանանար օրենքի ընդունման նպատակը, այն է՝ պարտատիրոջ իրավունքների իրացման հնարավորությունը՝ հատկապես այն հանգամանքը, որ ալիմենտի բռնագանձումը անհրաժեշտ էր որպես երեխայի ապրուստի միակ միջոց։

Ուստի ելնելով գործում առկա ուշադրության արժանի փաստերից և հանգամանքներից, երեխայի շահերից ելնելով բաժնեմասն առանձնացնելու անհնարինության պարագայում բռնագանձումը պետք է տարածվեր սկզբնական հայցվորին պատկանող բաժնի վրա՝ հրապարակային սակարկություններով վաճառքից գոյացած գումարի միջոցով։

Վերաքննիչ դատարանը որոշման հիմքում դնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածը, գտել է, որ պատասխանողը կրել, բայց չի կատարել պարտապանի մոտ այլ գույքի բացակայության կամ անբավարարության փաստն ապացուցելու պարտականությունը։ Մինչդեռ, հակընդդեմ հայցվորի վրա նման ապացուցման պարտականություն չի դրվել, ուստի դրա բացասական հետևանքները հակընդդեմ հայցվորը չի կարող կրել։ Ավելին, հակընդդեմ հայցին կցված` կատարողական վարույթն ավարտելու մասին 22.03.2018 թվականի որոշման մեջ հստակ նշված է, որ սկզբնական հայցվորին պատկանող միակ գույքը, որը հայտնաբերվել է կատարողական գործողությունների արդյունքում, բնակարանի 1/2 բաժինն է։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 31102019 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ հակընդդեմ հայցը բավարարելով կամ գործն ուղարկել ստորադաս դատարան նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 15062011 թվականի թիվ ԵԱԴԴ/1076/02/10 քաղաքացիական գործով կայացրած վճռի համաձայն

«Հայցվորի պահանջը բավարարել մասնակի։

Շանթ Խիալյանից հօգուտ Նաիրա Բալոյանի բռնագանձել ալիմենտ ամսական 50000 ՀՀ դրամ կայուն դրամական գումարով` մինչև Նաիրա Բալոյանի խնամքին գտնվող 01.09.2005 թվականին ծնված Զառա Շանթ Խիալյանի չափահաս դառնալը:

Ալիմենտի բռնագանձումը կատարել 2010 թվականի հոկտեմբերի 1-ից:

 

Նաիրա Բալոյանի հայցապահանջը մնացած մասով` մերժել:

Քաղաքացիական գործի վարույթը` պատասխանողին որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասով` կարճել (․․․(հատոր 1, գթ 59-64):

2) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 15112017 թվականի և 19012018 թվականի տեղեկանքների համաձայն՝ ք Երևան, Դավթաշեն 3 թաղամաս 13 շենք, 16 բնակարան հասցեով անշարժ գույքը բաժնային սեփականության իրավունքով գրանցված է Շանթ Առաքելի Խայալեանի (1/2) և Նաիրա Տիգրանի Բալոյանի (1/2) անվամբ (հատոր 1, գթ 8, 35):

3) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Ալիմենտի բռնագանձման բաժնի 23032018 թվականի կատարողական վարույթն ավարտելու մասին որոշման համաձայն՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության ալիմենտի բռնագանձման Երևան քաղաքի հարկադիր կատարող Մ Չալաբյանը, ուսումնասիրելով Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 17112011 թվականի թիվ ԵԱԴԴ/1076/02/10 կատարողական թերթը, և 11122017 թվականին հարուցված թիվ 03870248 կատարողական վարույթի նյութերը, պարզել է, որ պարտապան Շանթ Առաքելի Խիալյանը հանդիսանում է ք Երևան, Դավթաշեն 3 թաղ, 13 շենք թիվ 16 բնակարանի բաժնային սեփականատեր և Նաիրա Բալոյանին առաջարկել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի համաձայն դիմել դատարան՝ պարտապանի բաժնեմասն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու համար (հատոր 1, գթ 58)։

4) Հետազոտությունների և դատական փորձաքննությունների կենտրոն «Անիկոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետներ Ա. Ստեփանյանի և Պ. Գրիգորյանցի 26.07.2018 թվականի թիվ ԱԴ 07/18 ՇԱ 79 եզրակացության համաձայն՝ ք Երևան, Դավթաշեն 3 թաղ, 13 շենքի թիվ 16 բնակարանից առանձին մուտքերով 1/2 բաժնեմասն առանձնացնելը հնարավոր չէ (հատոր 1, գ.թ. 86-112)։

5) ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության 05.04.2018 թվականի թիվ 22-25252 գրության համաձայն՝ ՀՀ նախագահի 29.10.2012 թվականի թիվ 269-Ա հրամանագրով Սիրիայի քաղաքացի Շանթ Խայալեանին շնորհվել է ՀՀ քաղաքացիություն և 29.03.2013 թվականին ստացել ՀՀ քաղաքացու անձնագիր: Ազգանվան գրելաձևը տպագրվել է Խայալեան, քանի որ նա քաղաքացիություն ստանալու համար ներկայացրել է Սիրայի քաղաքացու անձնագիրը ազգանունը՝ Խիալյան, քանի որ ազգանվան և անվան գրառումը պետք է համընկնի տվյալ անձի՝ օտարերկրյա պետությունում տրված անձնագրում կատարված անգլերեն գրառման հետ (հատոր 1, գ.թ. 80)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, ինչպես նաև 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի որոշումը հակասում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածին թիվ ԳԴ4/0306/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29112013 թվականի որոշմամբ տրված մեկնաբանությանը, ինչպես նաև Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածը, խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը (այսուհետ՝ Կոնվենցիա), Կոնվենցիային կից 1-ին արձանագրության 1-ին հոդվածը, Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածները, ինչի հետևանքով խաթարվել է արդարադատության բուն էությունը:

Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը

- արդյոք ընդհանուր գույքից բաժինն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու վերաբերյալ առաջարկ պարունակող ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կատարողական վարույթն ավարտելու մասին որոշումը բավարար, թույլատրելի և վերաբերելի ապացույց է՝ պարտապանի մոտ այլ գույքի անբավարարության կամ բացակայության փաստը հաստատված համարելու համար։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` երկու կամ ավելի անձանց սեփականության ներքո գտնվող գույքը նրանց է պատկանում ընդհանուր սեփականության իրավունքով: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` գույքի նկատմամբ ընդհանուր սեփականությունը համարվում է բաժնային, եթե օրենքով դրա նկատմամբ սահմանված չէ համատեղ սեփականություն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` բաժնային կամ համատեղ սեփականության մասնակցի մոտ այլ գույքի անբավարարության դեպքում նրա պարտատերն իրավունք ունի ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու պահանջ ներկայացնել` դրա վրա բռնագանձում տարածելու համար:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե բաժինը բնեղենով առանձնացնել անհնար է կամ դրա դեմ առարկում են բաժնային կամ համատեղ սեփականության մնացած մասնակիցները, պարտատերն իրավունք ունի ընդհանուր սեփականության մնացած մասնակիցներից պահանջել շուկայական գնով գնելու պարտապանի բաժինը` պարտքը մարելու համար: Ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից պարտապանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում պարտատերն իրավունք ունի պահանջելու բռնագանձումը տարածել ընդհանուր սեփականության իրավունքում պարտապանի բաժնի վրա` նույն օրենսգրքի 197-րդ հոդվածին համապատասխան:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը կարող է դրա մասնակիցների միջև բաժանվել նրանց համաձայնությամբ:

 

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի պահանջել առանձնացնելու իր բաժինն ընդհանուր գույքից:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` բաժնային սեփականության մասնակիցների միջև ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նրանցից մեկի բաժինն առանձնացնելու եղանակի և պայմանների մասին համաձայնության բացակայության դեպքում` բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի դատական կարգով պահանջել ընդհանուր գույքից բնեղենով առանձնացնելու իր բաժինը: Եթե բաժինը բնեղենով առանձնացնելը չի թույլատրվում օրենքով կամ դա անհնար է առանց ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքին անհամաչափ վնաս պատճառելու, առանձնացող սեփականատերը բաժնային սեփականության մյուս մասնակիցներից կարող է պահանջել վճարելու իր բաժնի արժեքը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` նույն հոդվածի համաձայն, բաժնային սեփականության մասնակցին բնեղենով առանձնացվող գույքի անհամաչափությունը բաժնային սեփականության իրավունքում նրա բաժնին վերացվում է նրան համապատասխան դրամական գումար վճարելով կամ այլ փոխհատուցումով: Բաժնային սեփականության մասնակցի բաժինը բնեղենով առանձնացնելու փոխարեն մյուս սեփականատերերը կարող են այդ մասնակցի համաձայնությամբ նրան փոխհատուցում վճարել: Այն դեպքերում, երբ սեփականատիրոջ բաժինն աննշան է, չի կարող իրապես առանձնացվել և ընդհանուր գույքի օգտագործման մեջ այդ սեփականատերն էական շահ չունի, դատարանը կարող է նաև այդ սեփականատիրոջ համաձայնության բացակայության դեպքում բաժնային սեփականության մյուս մասնակիցներին թույլատրել վճարելու փոխհատուցում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` նույն հոդվածին համապատասխան` փոխհատուցումն ստանալու պահից սեփականատերը կորցնում է ընդհանուր գույքում բաժնի նկատմամբ իրավունքը:

Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նույն հոդվածի 3-5-րդ կետերում սահմանված կանոններով բաժին առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության դեպքում դատարանն իրավունք ունի վճիռ կայացնել գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին` ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ:

Վերոնշյալ իրավանորմի վերլուծությունից հետևում է, որ ընդհանուր գույքը բաժանելու կամ նույն հոդվածի 3-5-րդ կետերում սահմանված կանոններով բաժինն առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարությունն օրենսդիրը սահմանել է որպես ընդհանուր գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պարտադիր նախապայման:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապացույց է այն փաստական տվյալը, որի հետազոտման և գնահատման հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմքում դրված, ինչպես նաև գործի կամ հարցի լուծման համար։

 

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 41 կետի համաձայն՝ հարկադիր կատարողն ավարտում է կատարողական վարույթը, եթե` պահանջատիրոջը գրավոր առաջարկություն է արվել ընդհանուր բաժնային կամ ընդհանուր համատեղ սեփականություն համարվող անշարժ գույքից պարտապանի բաժնեմասը առանձնացնելու պահանջ ներկայացնել դատարան։

ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ օրենսդիրը, ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների համար իրավունքների պաշտպանության անհրաժեշտ երաշխիքներ սահմանելով հանդերձ, որոշակի հանգամանքների առկայության պայմաններում, այն է` ընդհանուր գույքից պարտապանի բաժինը բնեղենով առանձնացնելու անհնարինության, ինչպես նաև ընդհանուր սեփականության մյուս մասնակիցների կողմից պարտապանի բաժինը գնելուց հրաժարվելու պարագայում, նախատեսել է այդ իրավունքների սահմանափակման հնարավորություն, որի նպատակն է ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների և պարտատիրոջ իրավունքների միջև անհրաժեշտ հավասարակշռություն ապահովելը: Նման իրավիճակում օրենսդիրը պարտատիրոջ իրավունքների պաշտպանության միակ հնարավոր միջոց է համարել պարտատիրոջ իրավունքը` պահանջելու ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքը հրապարակային սակարկություններով վաճառել` դրանից ստացված գումարն ընդհանուր սեփականության մասնակիցների միջև բաշխելով և բռնագանձումը պարտապանի բաժին գումարի վրա տարածելով (տե՛ս, Լուարա Դավթյանն ընդդեմ Արսեն Մակարյանի և մյուսների թիվ ԼԴ4/0280/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2014 թվականի որոշումը):

Նախկինում կայացրած իր որոշումներից մեկում ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ընդհանուր գույքից համասեփականատիրոջ բաժինը բնեղենով առանձնացնելու փաստը կարող է հաստատվել միայն համապատասխան մասնագիտական եզրակացությամբ (տե՛ս, Սամվել Ֆրանգուլյանի ընդդեմ Հենրիկ Ֆրանգուլյանի՝ թիվ ԵԷԴ/1089/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ պարտատիրոջ պահանջով հրապարակային սակարկություններով պարտապանին ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող գույքը կարող է վաճառվել հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, եթե`

1. ընդհանուր սեփականության մասնակցի մոտ այլ գույքն անբավարար է պարտատիրոջ նկատմամբ պարտավորությունները մարելու համար,

2. բաժինը բնեղենով առանձնացնելն անհնար է առանց ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքին անհամաչափ վնաս պատճառելու, կամ դրա դեմ առարկում են ընդհանուր սեփականության մնացած մասնակիցները,

3. պարտատերն ընդհանուր սեփականության մնացած մասնակիցներից պահանջել է շուկայական գնով գնել պարտապանի բաժինը,

4. ընդհանուր սեփականության մնացած մասնակիցները հրաժարվել են ձեռք բերել պարտապանի բաժինը:

Նման եզրահանգման համար ՀՀ վճռաբեկ դատարանը հիմք է ընդունել նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ և 200-րդ հոդվածներով սահմանված կարգավորումների համադրված վերլուծությունը նույն օրենսգրքի 192-րդ և 195-րդ հոդվածների հետ (տե՛ս, «ՎՏԲ-Հայաստան բանկ» փակ բաժնետիրական ընկերությունն ընդդեմ և մյուսների գործով՝ թիվ ԳԴ4/0306/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29112013 թվականի որոշումը)։

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է «Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին կետի իրավակարգավորումից հետևում է, որ պարտատերն ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու պահանջ ներկայացնելու իր իրավունքը կարող է իրացնել միայն պարտապանի մոտ այլ գույքի անբավարարության դեպքում, հետևաբար և պարտապանի մոտ այլ գույքի անբավարարության փաստն ապացուցելու պարտականությունը կրում է պարտատերը: Միաժամանակ այն դեպքում, երբ պարտապանն առարկում է նշված փաստի դեմ՝ վկայակոչելով այլ գույքի առկայությունը, վերջինս է կրում այլ գույքի առկայությունն ապացուցելու պարտականությունը, հետևաբար նաև այդ փաստի վիճելի լինելու դեպքում՝ դրանից բխող բացասական հետևանքները» (տե՛ս, Լաուրա Դավթյանն ընդդեմ և Արսեն Մակարյանի և մյուսների գործով՝ թիվ ԼԴ4/0280/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26122014 թվականի որոշումը)։

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի «Ընդհանուր դրույթներ պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու մասին» վերնագրված 43-րդ հոդվածի 1-ի մասի համաձայն՝ պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելը ներառում է գույքի վրա արգելանք դնելը, սահմանափակում կիրառելը, այն առգրավելը և հարկադիր իրացնելը (աճուրդ կամ ուղղակի վաճառք):

Նույն օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի ա) և բ) ենթակետերի համաձայն՝ եթե այլ բան նախատեսված չէ կատարողական թերթով, ապա պարտապանի այլ գույքի վրա բռնագանձումը տարածվում է հետևյալ հերթականությամբ. պարտապան ֆիզիկական անձի պարագայում` ա) շարժական գույք, բ) անշարժ գույք:

Նույն հոդվածի 4-րդ մասի երկրորդ պարբերության համաձայն՝ յուրաքանչյուր հաջորդ հերթի գույքի վրա բռնագանձումը տարածվում է միայն նախորդ հերթի գույքի վրա բռնագանձումը տարածելուց հետո: Առանց նախորդ հերթում ընդգրկված գույքի բռնագանձումն իրականացնելու՝ հաջորդ հերթի գույքը բռնագանձվում է, եթե ակնհայտ է, որ նախորդ հերթի գույքի արժեքն անբավարար է պահանջների բավարարման համար, կամ անհնարին է պարզել նախորդ հերթում ընդգրկված գույքի գտնվելու վայրը, իսկ հարկադիր կատարողի կամ պահանջատիրոջ ձեռնարկած` օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն, կամ նախորդ հերթում

ընդգրկված գույքի տասնհինգերորդ հարկադիր աճուրդը չի կայացել: Եթե միևնույն հերթում առկա են գույքի տարբեր տեսակներ, ապա դրանց վրա բռնագանձում տարածելու հերթականությունը որոշում է հարկադիր կատարողը:

Նույն օրենքի 471 հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության համաձայն՝ պարտապանի գույքի գույքագրման ժամանակ պարտապանը պարտավոր է գրավոր տեղեկացնել հարկադիր կատարողին գույքի այն տեսակների մասին, որոնք հանդիսանում են բաժնային կամ համատեղ սեփականություն՝ նշելով համասեփականատերերի տվյալները (անունը, ազգանունը (անվանումը), բնակության (գտնվելու) վայրը): Պարտապանը պարտավոր է ներկայացնել նաև համասեփականատերերի սեփականության իրավունքը հավաստող փաստաթղթեր:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե բաժնային կամ համատեղ սեփականություն հանդիսացող գույքն անշարժ է, ապա բռնագանձումը սույն օրենքով սահմանված կարգով տարածվում է պարտապանին պատկանող բաժնի վրա:

Շարադրված նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու գործընթացը բաղկացած է մի շարք հաջորդական և տրամաբանորեն միմյանց հետ կապված գործողություններից, որոնցից յուրաքանչյուրը հարկադիր կատարողը կատարում է՝ ելնելով նախորդ փուլում ձեռնարկված միջոցների արդյունքներից։ Ընդ որում, հարկադիր կատարողը կարող է ավարտել կատարողական վարույթը, եթե ձեռնարկել է իրենից կախված օրենքով թույլատրելի բոլոր միջոցները, սակայն, առկա են այնպիսի հիմքեր և հանգամանքներ, որոնք խոչընդոտում են հետագա կատարողական գործողությունների կատարմանը։ Մասնավորապես այն դեպքում, երբ կատարողական վարույթն ավարտվում է պահանջատիրոջ ընդհանուր բաժնային կամ ընդհանուր համատեղ սեփականություն համարվող անշարժ գույքի բաժնեմասն առանձնացնելու պահանջ ներկայացնելու գրավոր առաջարկով, ապա գործում է այն իրավաչափ կանխավարկածը, որ մինչ այդ հարկադիր կատարողը ձեռնարկել է օրենքով թույլատրելի բոլոր միջոցները՝ առանց պարտատիրոջ կողմից դատարան դիմելու հնարավորության բռնագանձումը նրա գույքի վրա տարածելու ուղղությամբ, սակայն բռնագանձումը հնարավոր չէ եղել կատարել՝ այլ անձանց իրավունքներին անթույլատրելի միջամտություն կատարելու խոչընդոտի պատճառով։ Այլ խոսքով՝ դա նշանակում է, որ հարկադիր կատարողը չի հայտնաբերել այնպիսի գույք, որի վրա կարող էր բռնագանձում տարածել՝ առանց դատարանի կողմից իրավական խոչընդոտի հաղթահարման։ Դա իր հերթին նշանակում է, որ հարկադիր կատարողը վերոգրյալ հիմքով կատարողական վարույթն ավարտում է, եթե չի հայտնաբերել պարտապանի այլ գույք, որի առկայությունը բավարար կլիներ կատարողական թերթի պահանջն ինքնուրույն կատարելու համար, այդ իսկ պատճառով էլ նշված հիմքով կատարողական վարույթի ավարտն ինքնին վկայում է պարտապանի մոտ այլ գույքի բացակայության կամ անբավարարության մասին՝ անկախ այդ մասին կատարողական վարույթն ավարտելու մասին որոշման մեջ նշվելուց կամ չնշվելուց։

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ բռնագանձում տարածելու նպատակով ընդհանուր գույքից բաժինն առանձնացնելու վերաբերյալ

հայցերով հարկադիր կատարողի կողմից ընդունված «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 41 կետի համաձայն կատարողական վարույթն ավարտելու մասին որոշումը պարտատիրոջ կողմից ներկայացնելն ինքնին բավարար է պարտապանի մոտ այլ գույքի անբավարարության կամ բացակայության հանգամանքը ապացուցված համարելու համար, եթե գործի քննության ընթացքում պարտապանը հակառակը չի ապացուցում։ Միաժամանակ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն պարտապանի բաժինն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին հայցը չի կարող մերժվել, եթե համապատասխան փորձագիտական եզրակացությամբ հաստատված է այն փաստը, որ վիճարկվող գույքից հնարավոր չէ պարտապանի բաժինն առանձնացնել։ Այդ դեպքում առկա են բոլոր հիմքերը՝ գույքը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու և բռնագանձումը վաճառքից ստացված գումարի բաժնի վրա տարածելու համար։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

 

1) Դատարանի 17062019 թվականի վճռի համաձայն սկզբնական հայցը բավարարվել է և վճռվել է՝ բաժնային սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Դավթաշեն 3 թաղամաս 13 շենքի 16 բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառել և ստացված գումարը բաշխել ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց 1/2 –ական բաժիններին համաչափ, իսկ հակընդդեմ հայցը՝ Երևան քաղաքի Դավթաշեն 3 թաղամասի 13 շենքի 16 բնակարանից Շանթ Խայալեանին պատկանող 1/2 բաժնեմասի վրա բռնագանձում տարածելու համար առանձնացնելու մասին պահանջը մերժվել է։

Վերաքննիչ դատարանի 31102019 թվականի որոշմամբ Նաիրա Բալոյանի վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի 17062019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։

Վերաքննիչ դատարանն իր որոշումը պատճառաբանել է հետևյալ կերպ

«(...) Ինչ վերաբերում է բողոք բերած անձի այն փաստարկին, թե հակընդդեմ հայցով ներկայացված պահանջի հետապնդած նպատակի և բնույթի թելադրանքով Դատարանը պետք է կայացներ Բնակարանի հրապարակային սակարկություններով վաճառքից գոյացած գումարի վրա բռնագանձում տարածելու մասին վճիռ, ապա այն ակնհայտորեն հիմնավորված չէ և հերքվում է պատասխանողի կողմից ներկայացված հակընդդեմ հայցապահանջի ծավալում «բռնագանձում տարածելու» պահանջ ներառված չլինելու փաստով, իսկ Դատարանն իրավասու չէր դուրս գալ հակընդդեմ հայցի շրջանակներից։

Ի վերջո, հակընդդեմ հայցի հիմքում դնելով ՀՀ քաղ. օր.-ի 200-րդ հոդվածը, պատասխանողը կրել, բայց չի կատարել պարտապանի մոտ այլ գույքի բացակայության կամ անբավարարության փաստն ապացուցելու պարտականությունը։ Այդ փաստի հաստատմանը ծառայող ապացույց չի կարող համարվել հակընդդեմ հայցին կցված` կատարողական վարույթն ավարտելու մասին 22.03.2018թ. որոշումը, քանի որ դրանում արձանագրվել է Բնակարանի նկատմամբ Շանթ Առաքելի Խայալեանի բաժնային սեփականություն ունենալու փաստը միայն, և այն չի պարունակում վերջինիս սեփականության իրավունքով պատկանող այլ գույքի կամ դրամական միջոցների բացակայության վերաբերյալ որևէ տեղեկություն»։

«(...) պատասխանողն իր հակընդդեմ պահանջը ձևակերպել է հետևյալ կերպ` «... խնդրում եմ ՀՀ, ք. Երևան, Դավթաշեն 3 թաղ., 13 շ., 16 բնակարանից առանձնացնել Շանթ Խայալեանին պատկանող 1/2 բաժնեմասը` դրա վրա բռնագանձում տարածելու համար»։ Հակընդդեմ հայցապահանջը ձևակերպող բառերի և արտահայտությունների տառացի մեկնաբանությունից ակնհայտ է, որ այն բովանդակում է Բնակարանից Շանթ Խայալեանին պատկանող 1/2 բաժինն առանձնացնելու մասին պահանջ միայն, որին հաջորդած` «դրա վրա բռնագանձում տարածելու համար» արտահայտությունը որևէ պարագայում չի կարող ընկալվել որպես Դատարանին ուղղված առանձին նյութաիրավական պահանջ, քանի որ այն արտացոլում է սոսկ բաժին առանձնացնելու վերաբերյալ ներկայացված պահանջի նպատակը և ծառայում է բացառապես այդ նպատակի բացահայտմանը, ընդ որում, այդ նպատակի բացահայտումը զուրկ է հակընդդեմ հայցապահանջի քննության և լուծման համար որևէ նշանակությունից»։

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը, արձանագրում է, որ պարտապանի մոտ այլ գույքի առկայության վերաբերյալ ապացույցների բացակայության պայմաններում, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ հարկադիր կատարողի կատարողական վարույթն ավարտելու մասին որոշումն ինքնին բավարար ապացույց է հանդիսանում պարտատիրոջ մոտ այլ գույքի բացակայությունը կամ անբավարարությունը հաստատված համարելու համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից հակընդդեմ հայցվոր Նաիրա Բալոյանի կողմից պարտապանի մոտ այլ գույքի բացակայության փաստն ապացուցելու պարտականությունը չկատարելու մասին պատճառաբանությունը հիմնազուրկ է, քանի որ հակընդդեմ հայցվորն արդեն իսկ իր հակընդդեմ հայցին կից ներկայացրել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության ալիմենտի բռնագանձման բաժնի հարկադիր կատարողի 23032018 թվականի կատարողական վարույթն ավարտելու մասին որոշումը, որի համաձայն հարկադիր կատարող Մ Չալաբյանը պարտատիրոջն առաջարկել է դիմելու դատարան ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի համաձայն՝ պարտապանի բաժնեմասն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ պարագայում հակընդդեմ հայցվորը, կրելով Շանթ Խայալեանի մոտ այլ գույքի բացակայության կամ անբավարարության մասին փաստն ապացուցելու պարտականությունը, կատարել է այն՝ ներկայացնելով դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ալիմենտի բռնագանձման բաժնի հարկադիր կատարողի 23032018 թվականի կատարողական վարույթն ավարտելու մասին որոշումը։

 

Վերոնշյալի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Նաիրա Բալոյանը, իրացնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին կետով իրեն վերապահված իրավունքը, պատշաճ կերպով իրականացրել է օրենսդրի կողմից իր վրա դրված ապացուցման պարտականությունը, այն է՝ ներկայացրել է թույլատրելի և վերաբերելի ապացույց, որը բավարար է հաստատված համարելու պարտապանի մոտ այլ գույքի անբավարարության կամ բացակայության փաստը, իսկ պարտապանը, կրելով իր մոտ առաջնահերթության կարգով բռնագանձման ենթակա այլ գույքի առկայության փաստն ապացուցելու պարտականություն՝ չի կատարել այն։

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սխալ եզրահանգման է եկել գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստն ապացուցված լինելու, հետևաբար և՝ դրա դատավարական հետևանքը կիրառելու հարցում, ինչն էլ ազդել է գործի ելքի վրա:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով հիմնավորվում է նաև պարտապանին ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մյուս պայմանների առկայությունը: Մասնավորապես, գործում առկա հետազոտությունների և դատական փորձաքննությունների կենտրոն «Անիկոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետներ Ա. Ստեփանյանի և Պ. Գրիգորյանցի 26.07.2018 թվականի թիվ ԱԴ 07/18 ՇԱ 79 եզրակացության համաձայն՝ ք Երևան, Դավթաշեն 3 թաղ 13 շենքի թիվ 16 բնակարանից առանձին մուտքերով 1/2 բաժնեմասն առանձնացնելը հնարավոր չէ։

Հակընդդեմ հայց ներկայացնելով՝ Նաիրա Բալոյանը խնդրել է հետևյալը «ՀՀ, ք Երևան, Դավթաշեն 3 թաղ 13 շմ 16 բնակարանից առանձնացնել Շանթ Խայալեանին պատկանող 1/2 բաժնեմասը՝ դրա վրա բռնագանձում տարածելու համար»։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է բողոքաբերի այն փաստարկը, որ Դատարանի կողմից սկզբնական հայցը բավարարելու պայմաններում բռնագանձումը պետք է տարածվեր Շանթ Խայալեանին պատկանող բնակարանի 1/2 բաժնեմասի հրապարակային սակարկությունից առաջացած գումարի վրա, ինչն անտեսվել է և՛ Դատարանի, և՛ Վերաքննիչ դատարանի կողմից։

 

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ «դրա վրա բռնագանձում տարածելու համար» արտահայտությունը որևէ պարագայում չի կարող ընկալվել որպես Դատարանին ուղղված առանձին նյութաիրավական պահանջ, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված հանգամանքը որևէ կերպ չի կարող ազդել հակընդդեմ հայցով ներկայացված պահանջի իրավաչափության վրա, քանի որ այդ արտահայտությունն ամբողջացնում է գույքի բաժինն առանձնացնելու պահանջը՝ ցույց տալով նման պահանջ ներկայացնելու նպատակը և հայցի բավարարման դեպքում պահանջ ներկայացնողի ակնկալիքը։ Պահանջի նման ձևակերպումն ամբողջությամբ համապատասխանում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի ձևակերպմանը, համաձայն որի՝ բաժնային կամ համատեղ սեփականության մասնակցի մոտ այլ գույքի անբավարարության դեպքում նրա պարտատերն իրավունք ունի ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու պահանջ ներկայացնել` դրա վրա բռնագանձում տարածելու համար։ Բացի այդ, Վերաքննիչ դատարանը վերոհիշյալ պատճառաբանությունն անելիս հաշվի չի առել, որ «դրա վրա բռնագանձում տարածելու համար» արտահայտությունն առանձին նյութաիրավական պահանջ չհամարելու պարագայում կստացվի, որ Դատարանը սկզբնական հայցը բավարարել է, իսկ միևնույն պահանջով հակընդդեմ հայցը՝ մերժել։

 

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե բաժինը բնեղենով առանձնացնել անհնար է կամ դրա դեմ առարկում են բաժնային կամ համատեղ սեփականության մնացած մասնակիցները, պարտատերն իրավունք ունի ընդհանուր սեփականության մնացած մասնակիցներից պահանջել շուկայական գնով գնելու պարտապանի բաժինը` պարտքը մարելու համար: Ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից պարտապանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում պարտատերն իրավունք ունի պահանջելու բռնագանձումը տարածել ընդհանուր սեփականության իրավունքում պարտապանի բաժնի վրա` նույն օրենսգրքի 197 հոդվածին համապատասխան։

 

Օրենքի վկայակոչված տեքստի շարադրանքից ուղղակիորեն բխում է, որ տվյալ դեպքում հակընդդեմ հայցվորը ներկայացրել է օրենքով սահմանված դրույթին լիովին համապատասխանող նյութաիրավական պահանջ, մինչդեռ Վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածին տալով ՀՀ վճռաբեկ դատարանի ԳԴ4/0306/02/11 քաղաքացիական գործով 29112013 թվականի որոշմամբ նույն նորմին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանություն, միևնույն ժամանակ սխալ մեկնաբանությամբ է կիրառել այդ նորմը։

Այսպիսով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը բավարար է՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար՝ նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել վերը նշված նյութական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով պետք է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված՝ դատական ակտը բեկանելու և փոփոխելու լիազորությունը՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Սահմանադրության նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված հիմնական իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր փաստ հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական ակտը միայն դատական ծախսերի մասով բողոքարկելու դեպքում բողոք բերող անձից պետական տուրք չի գանձվում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` (...) պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով (...)

7. դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար`

բ) ոչ դրամական պահանջի գործերով` բազային տուրքի քսանապատիկի չափով:

Նկատի ունենալով, որ Նաիրա Բալոյանի վճռաբեկ բողոքը բավարարվում է, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Նաիրա Բալոյանի կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու համար նախապես վճարված 10000 ՀՀ դրամը, ինչպես նաև վճռաբեկ բողոք ներկայացնելու համար նախապես վճարված 20000 ՀՀ դրամը ենթակա է բռնագանձման Շանթ Խայալեանից։

Ինչ վերաբերում է փաստաբանի ծախսին, ապա սույն գործում առկա չեն Նաիրա Բալոյանի կողմից փաստաբանների հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրեր։ Միաժամանակ փաստաբանների ծախսերի հատուցման պահանջ չի ներկայացվել, ուստի դատական ծախսերի հարցն այդ մասով Վճռաբեկ դատարանը համարում է լուծված։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Հակընդդեմ հայցը մերժելու մասով բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.10.2019 թվականի որոշումը և փոփոխել այն՝ Նաիրա Բալոյանի հակընդդեմ հայցը բավարարել՝ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 15062011 թվականի թիվ ԵԱԴԴ/1076/02/10 քաղաքացիական գործով բռնագանձված գումարի բռնագանձումը տարածել Երևանի Դավթաշեն 3 թաղամասի 13 շենքի 16 բնակարանի հրապարակային սակարկությունների արդյունքում Շանթ Խայալեանին պատկանող 1/2 բաժնի գույքի վաճառքից ստացված գումարի վրա։

Որոշման մնացած մասը թողնել անփոփոխ:

2. Շանթ Խայալեանից հօգուտ Նաիրա Բալոյանի բռնագանձել 10000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի և 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար: Մնացած դատական ծախսերի հարցը համարել լուծված։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող

Մ. Դրմեյան

Զեկուցող

Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Գ. Հակոբյան

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Է. Սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 օգոստոսի 2023 թվական: