Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (16.01.2023-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.08.21-2023.09.03 Պաշտոնական հրապարակման օրը 23.08.2023
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
16.01.2023
Подписан
Նախագահող
Дата подписания
16.01.2023
Дата вступления в силу
16.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Սնանկության գործ թիվ ԵՇԴ/0126/04/14

2023 թ.

Սնանկության գործ թիվ ԵՇԴ/0126/04/14

Նախագահող դատավոր՝  Ա. Մխիթարյան

Դատավորներ՝

 Ս. Գրիգորյան

 Ա. Կուրեխյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Մ. Դրմեյան

զեկուցող

Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2023 թվականի հունվարի 16-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ Երևան համայնքի դիմումի` «ՌԱՄԶԵՍ» ՍՊԸ-ին (այսուհետ` Ընկերություն) սնանկ ճանաչելու պահանջի մասին, սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.05.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Լևոն Մեսրոպյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Երևան համայնքը պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ:

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 21.04.2015 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր` Ա. Կուբանյան) (այսուհետ` Դատարան) 24.01.2020 թվականի վճռով հաստատվել է Ընկերության սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանի կողմից ներկայացված վերջնական հաշվետվությունը և Ընկերության սնանկության գործն ավարտվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.05.2022 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լևոն Մեսրոպյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11-րդ, 13-րդ, 63-րդ և 66-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանի՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշման պատճառաբանության հիմքում դրված դատողությունը որևէ պարագայում չի կարող վերաբերել այն իրավաբանական անձին և տարածվել այն իրավաբանական անձի վրա, որը բողոքարկում է իրեն լուծարելու  հետևանքով սնանկության վերաբերյալ գործն ավարտելու մասին վճիռը, քանի որ բոլոր այն դեպքերում, երբ ստորադաս դատարանը կայացնում է իրավաբանական անձին լուծարելու  հետևանքով սնանկության վերաբերյալ գործն ավարտելու մասին վճիռ և այդ վճիռը չի տրամադրում իրավաբանական անձին, ու թեկուզև գրանցվում է իրավաբանական անձի լուծարումը, ապա այդ իրավաբանական անձը զրկվում է դատարանի մատչելիության, դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքներից՝ չունենալով նաև դատարանի եզրահանգումների հետ իր անհամաձայնությունը հայտնելու, դատավարական գործընթացներ նախաձեռնելու հնարավորություն:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը գործի քննության պահին գործող օրենսդրությանը համապատասխան չի ապահովել Ընկերության պատշաճ ծանուցումը և վերջինիս չի իրազեկել միջնորդության քննության մասին: Բացի այդ, կայացնելով վճիռ՝ Դատարանն այն չի ուղարկել Ընկերությանը վերջինիս կողմից հայտնած հասցեով:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Ընկերությունը նույն՝ Դատարանի կողմից 24.01.2020 թվականին կայացված վճռի գոյության պայմաններում դիմում է ներկայացրել ինչպես ՀՀ սահմանադրական դատարան, այնպես էլ՝ վերաքննիչ բողոք ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան և վճռաբեկ բողոք ՀՀ վճռաբեկ դատարան, որոնց բոլորին պատշաճ կարգով ընթացք է տրվել, իսկ մի մասն էլ բավարարվել են, այդ թվում` բավարարվել է նաև հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը վերացնելու մասին վերաքննիչ բողոքը: Այսինքն` վերոնշյալ դատարաններն արդեն իսկ ավարտման վճռի առկայությունը չեն գնահատել որպես իրավասուբյեկտության կորուստ, ավելին` բողոք բերող անձը մեղավոր չէ, որ դատական ծանուցագրերը և վճիռը պատշաճ կարգով չեն առաքվել իրեն:

Վերաքննիչ դատարանն  Ընկերության գործունեությունը դադարած լինելու փաստը հաստատել է www.e-register.am կայքում առկա տվյալների հիման վրա, այսինքն` Վերաքննիչ դատարանը հիմնվել է այնպիսի ապացույցի վրա, որը չի ներկայացվել գործին մասնակցող անձանց կողմից և գործի նյութերում առկա չի եղել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 05.05.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

 

 3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ սնանկության վարույթի արդյունքում գործին մասնակցող անձ իրավաբանական անձի լուծարումն օրենքով սահմանված կարգով գրանցված լինելու դեպքում վերջինիս ի պաշտոնե ներկայացուցչի կողմից դատական ակտը բողոքարկելու հնարավորությանը:

 

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

Վճռաբեկ դատարանը Խաչատուր Շահինյանն ընդդեմ Հայկ Մելքոնյանի թիվ ԵՄԴ/3578/02/15 քաղաքացիական գործով 15.01.2018 թվականին կայացված որոշմամբ դիրքորոշում է հայտնել այն մասին, որ առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն դեպքում, երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք:

Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի  6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե´ս, Ashingdane v. The United Kingdom, թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):

Արդար դատաքննության իրավունքը պետք է մեկնաբանվի օրենքի գերակայության լույսի ներքո, որով պահանջվում է, որ դատավարության մասնակիցներն ունենան դատական պաշտպանության արդյունավետ միջոցներ, որոնք նրանց թույլ կտան պաշտպանել իրենց քաղաքացիական իրավունքները (տե՛ս, Բելեշը և այլք ընդդեմ Չեխիայի Հանրապետության (47273/99) գործով Եվրոպական դատարանի 12.02.2003 թվականի որոշումը, § 49):

Եվրոպական դատարանը նշել է նաև, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները՝ խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության և արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին ու խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):

ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներում (տե´ս, ՍԴՈ-652,  ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-765, ՍԴՈ-844, ՍԴՈ-873, ՍԴՈ-890, ՍԴՈ-932, ՍԴՈ-942,  ՍԴՈ-1037, ՍԴՈ-1052, ՍԴՈ-1115, ՍԴՈ-1127, ՍԴՈ-1190, ՍԴՈ-1192, ՍԴՈ-1196, ՍԴՈ-1197, ՍԴՈ-1220, ՍԴՈ-1222, ՍԴՈ-1257, ՍԴՈ-1289) կարևորելով իրավակարգավորման մի շարք սկզբունքներ, արձանագրել է, որ`

 - դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,

- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման:

Վերոնշյալ իրավական նորմերի և ՀՀ սահմանադրական դատարանի որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումների վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ Հայաստանի  Հանրապետությունում երաշխավորվում է արդար դատաքննության հիմնական իրավունքը, որի կարևոր բաղադրիչներից մեկը, ի թիվս այլնի, բողոքարկման իրավունքն է:  Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ակտերի բողոքարկման դատավարական ինստիտուտն իրավական այնպիսի միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե´ս նաև «Կոնվերս բանկ» ՓԲԸընդդեմ Քրիստինե Տոնոյանի և Օվսաննա Մեսրոբյանի թիվ ԵԿԴ/2357/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.03.2019 թվականի որոշումը):

Բողոքարկման իրավունքի և այդ համատեքստում նաև դատարանի մատչելիության վերաբերյալ վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով կիրառման ենթակա իրավակարգավորումներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճիռների և նույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն՝

1) գործին մասնակցող անձինք,

2) դատախազը` օրենքով նախատեսված դեպքերում,

3) գործին մասնակից չդարձած անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է դատական ակտ,

4) այն անձինք, որոնց նկատմամբ առաջին ատյանի դատարանի կողմից կիրառվել է դատական տուգանք՝ դատական տուգանք կիրառելու մասին որոշման մասով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձի ներկայացուցիչը օրենքով նախատեսված դեպքում գործին մասնակցող անձի անունից դատարանում հանդես գալու իրավունք ունեցող անձն է:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձը կարող է դատարանում իր գործը վարել անձամբ կամ մեկ կամ մի քանի ներկայացուցչի միջոցով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն հոդվածի 2-7-րդ մասերով նախատեսված անձինք համարվում են գործին մասնակցող անձի ի պաշտոնե ներկայացուցիչներ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝  դատարանում իրավաբանական անձի գործերը վարում են օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ իրավաբանական անձը ներկայացնելու լիազորությամբ օժտված անձինք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե բողոքը ներկայացրել է այն անձը, որը դատական ակտը բողոքարկելու իրավունք չունի։

Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ օրենսդրի կողմից սահմանվել է նաև առաջին ատյանի դատարանի վճիռների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեցող անձանց շրջանակը: Այդպիսի անձինք են հանդիսանում նաև գործին մասնակցող անձինք, այսինքն՝ նույն օրենսգրքի 31-րդ հոդվածի իմաստով՝  կողմերը, երրորդ անձինք, դիմողները և դիմումի քննության ելքով շահագրգռված այլ անձինք` նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված գործերով: Վերջիններս կարող են դատարանում գործերը վարել ինչպես անձամբ, այնպես էլ՝ իրենց ներկայացուցիչների միջոցով: Ընդ որում, իրավաբանական անձի դեպքում վերջինիս ի պաշտոնե ներկայացուցիչներն են հանդիսանում օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ իրավաբանական անձը ներկայացնելու լիազորությամբ օժտված անձինք, որպիսին կարող է լինել նաև իրավաբանական անձի տնօրենը:

Միևնույն ժամանակ օրենսդիրը վերաքննության վարույթում որոշակի ընթացակարգ է սահմանել բողոքարկման իրավունքի իրացման առումով՝ նշելով, որ վերաքննիչ բողոքի ընդունումը բոլոր դեպքերում ենթակա է մերժման, եթե բողոքը ներկայացրել է այն անձը, որը դատական ակտը բողոքարկելու իրավունք չունի: Ուստի ցանկացած պարագայում դատարանը պարտականություն է կրում ստուգելու` արդյո՞ք բողոքը ներկայացվել է այն անձի կողմից, ով ունի դատական ակտը բողոքարկելու իրավունք:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Երևան համայնքը դիմում է ներկայացրել Դատարան՝  Ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին (հատոր 1-ին, գ.թ 2):

 Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 21.04.2015 թվականի վճռով Ընկերությունը ճանաչվել է սնանկ (հատոր 1-ին, գ.թ 83, 84):

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 08.10.2015 թվականի որոշմամբ հաստատվել է պահանջների վերջնական ցուցակը (հատոր 2-րդ, գ.թ 51, 52):

Դատարանը 24.01.2020 թվականին կայացրել է հետևյալ վճիռը.

«Հաստատել «ՌԱՄԶԵՍ» ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանի կողմից ներկայացված վերջնական հաշվետվությունը:

«ՌԱՄԶԵՍ» ՍՊԸ (հասցե`ք.Երևան, Եղ. Թադևոսյան 3/1, ՀՎՀՀ 02213385, պետ. գրանց. հա. 269.110.01426, վկ. հա. 03Ա176305) սնանկության վերաբերյալ գործն ավարտել:

«ՌԱՄԶԵՍ» ՍՊ ընկերությունը համարել լուծարված:

Հանձնարարել իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին` օրենքով սահմանված կարգով կատարել համապատասխան գրառում իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում:

Հանձնարարել «ՌԱՄԶԵՍ» ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարչին սույն վճռի կայացման պահից ոչ ուշ, քան 45 օրվա ընթացքում պարտապանի օրենքով և իրավական այլ ակտերով պահպանման ենթակա արխիվային փաստաթղթերը հանձնել ՀՀ պետական արխիվ, սահմանված կարգով հանձնել կնիքը /դրա առկայության դեպքում/ և իրականացնել օրենքով սահմանված բոլոր այն գործողությունները, որոնք անհրաժեշտ են պարտապանի լուծարման պետական գրանցման համար:

Իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնում «ՌԱՄԶԵՍ» ՍՊ ընկերության լուծարման գրանցման պահից «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կառավարչի իրավունքները և պարտականությունները համարել դադարեցված» (հատոր 4-րդ, գ.թ 112, 113)։

Նշված վճիռը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ:

Դատարանի 24.01.2020 թվականի վճռի դեմ փոստային ծառայության միջոցով 22.04.2022 թվականին վերաքննիչ բողոքներ է ներկայացրել Լևոն Մեսրոպյանը՝ մի դեպքում Ընկերության անունից՝ միաժամանակ միջնորդելով հարգելի համարել վերաքննիչ բողոք ներկայացնելու ժամկետը բաց թողնելու պատճառը, իսկ մյուս դեպքում՝ իր անունից (հատոր 5-րդ, գ.թ 2-71, 91-99):

Վերաքննիչ դատարանը 05.05.2022 թվականին որոշումներ է կայացրել վերը նշված վերաքննիչ բողոքների ընդունումը մերժելու մասին: Դրանցից Ընկերության անունից Լևոն Մեսրոպյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի (հատոր 5-րդ, գ.թ 2-71) ընդունումը Վերաքննիչ դատարանը մերժել է այն պատճառաբանությամբ, որ «www.e-register.am կայքում առկա տվյալների համաձայն՝ «ՌԱՄԶԵՍ» ՍՊԸ (հասցե` ՀՎՀՀ 02213385, պետ. գրանց. հա. 269.110.01426,) գործունեությունը դադարեցված է։ (…) պարտապան ընկերության լուծարման գրանցման փաստի ուժով վերջինիս իրավունակությունը դադարել է: (…) սույն գործով «Ռամզես» ՍՊ ընկերության տնօրենը լուծարված և գործունեությունը դադարած ընկերության անունից դատական ակտը բողոքարկելու իրավունք չունի, հետևաբար վերաքննիչ բողոքի ընդունումը ենթակա է մերժման, միաժամանակ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերաքննիչ բողոքի ընդունումը ենթակա է մերժման, Վերաքննիչ դատարանն այլևս բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդությանը չի անդրադառնում» (հատոր 5-րդ, գ.թ 73-75):

Վերաքննիչ դատարանի որոշման իրավաչափությունը գնահատելու համար Վճռաբեկ դատարանը վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում ցանկանում է անդրադառնալ հետևյալ հարցերին՝

-  արդյո՞ք Ընկերությունը սույն գործով հանդիսանում է գործին մասնակցող անձ.

- արդյո՞ք Լևոն Մեսրոպյանը, որպես լուծարված Ընկերության նախկին տնօրեն, ունի Ընկերության անունից Դատարանի 24.01.2020 թվականի վճիռը բողոքարկելու իրավունք:

Առաջին հարցադրման առումով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ, ինչպես արդեն իսկ նշվեց վերը, սույն գործի փաստերի համաձայն՝ Երևան համայնքը հարկադիր սնանկության դիմումը Դատարան է ներկայացրել հենց ընդդեմ Ընկերության՝ պահանջելով վերջինիս ճանաչել սնանկ: Դրանից ելնելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերությունը, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի իմաստով սույն գործով հանդիսանալով պարտապան, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի իմաստով հանդիսանում է գործին մասնակցող անձ: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ, ինչպես Վերաքննիչ դատարանն է նշել իր որոշման մեջ, Ընկերության գործունեությունն այժմ դադարեցված է, ապա դա չի կարող հիմք հանդիսանալ արձանագրելու համար, որ Ընկերությունն այլևս սույն գործով չի հանդիսանում գործին մասնակցող անձ. վերջինիս՝ սույն գործով ունեցած կարգավիճակն անփոփոխ է՝ անկախ հետագայում տեղի ունեցած զարգացումներից:

Անդրադառնալով երկրորդ հարցադրմանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 52-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ իրավաբանական անձի իրավունակությունը ծագում է նրա ստեղծման (56 հոդվածի 3-րդ կետ) և դադարում է լուծարման ավարտի (69 հոդվածի 7-րդ կետ) պահից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ իրավաբանական անձի լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է` առանց իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:

Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ իրավաբանական անձը լուծարվում է նաև սնանկության հետևանքով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 69-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ իրավաբանական անձը համարվում է լուծարված, իսկ նրա գոյությունը` դադարած, պետական գրանցման պահից:

Վերը նշված նորմերի համակարգային վերլուծությունից բխում է, որ իրավաբանական անձի իրավունակությունը ծագում է նրա ստեղծման, իսկ դադարում է նաև սնանկության հետևանքով լուծարման ավարտի պահից, այսինքն՝ երբ այն ենթարկվում է պետական գրանցման: Ընդ որում, իրավաբանական անձի լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է` առանց իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:

Վերը նշված նորմերը տառացի մեկնաբանելու արդյունքում կարող է տպավորություն ստեղծվել, որ իրավաբանական անձի լուծարումն օրենքով սահմանված կարգով գրանցվելու դեպքում, երբ դադարում է նրա իրավունակությունը, դադարում է նաև «Սնանկության մասին» ՀՀ օրենքով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված՝ գործին մասնակցող անձի՝ դատական ակտը բողոքարկելու իրավունքը: Սակայն Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վերը նշված նորմերի՝ նման ձևով մեկնաբանությունը կարող է հանգեցնել գործին մասնակցող, տվյալ դեպքում՝ իրավաբանական անձի իրավունքների և ազատությունների հիմնարար խախտմանը՝ պայմանավորված դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում թույլ տալու հետ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, քանի որ դրա հետևանքով գործին մասնակցող անձը զրկվում է առնվազն երկու ատյանում լսված լինելու, վերադաս դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտի վերանայման հնարավորություններից, իսկ դրանց արդյունքում՝ արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մաս կազմող դատարանի մատչելիության իրավունքից, որոնցից ցանկացել է օգտվել թեկուզև լուծարված Ընկերությունը, և որին ներկայացրել է վերջինիս ի պաշտոնե ներկայացուցիչ հանդիսացած տնօրեն Լևոն Մեսրոպյանը:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, առանց իրավաչափ նպատակ հետապնդելու վերաբերյալ հիմնավորումներ նշելու, Ընկերության վերը նշված իրավունքները ենթարկել է սահմանափակման՝ նաև խախտելով Ընկերության արդար դատաքննության իրավունքը:

Վերը նշված դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք անհիմն են և չէին կարող հիմք հանդիսանալ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշում կայացնելու համար:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 05.05.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը պետք է ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ ներկայացված վերաքննիչ բողոքի վերաբերյալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքից բխող համապատասխան որոշում կայացնելու հարցը լուծելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.05.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը, և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ ներկայացված վերաքննիչ բողոքի վերաբերյալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքից բխող համապատասխան որոշում կայացնելու հարցը լուծելու համար:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Մ. Դրմեյան

Զեկուցող

Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 օգոստոսի 2023 թվական: