Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.02.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.06.26-2023.07.09 Պաշտոնական հրապարակման օրը 30.06.2023
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
01.02.2023
Подписан
Նախագահող
Дата подписания
01.02.2023
Дата вступления в силу
01.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

              

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

             

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/12482/05/18 

2023 թ.    

Վարչական գործ թիվ ՎԴ/12482/05/18 

Նախագահող դատավոր՝

 Ա. Պողոսյան

Դատավորներ՝

 Կ. Բաղդասարյան

 Ա. Սարգսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող և զեկուցող

Ռ. Հակոբյան

Հ. Բեդևյան

Ա. Թովմասյան

Լ. Հակոբյան

Ք. Մկոյան

 

2023 թվականի փետրվարի 01-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի (ներկայումս՝ ՀՀ կադաստրի կոմիտե) (այսուհետ՝ Կադաստր) և «Արդշինբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 29.11.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Ֆելիքս Քոչարյանի ընդդեմ Կադաստրի, երրորդ անձ Բանկ՝ ՀՀ, ք. Երևան, Ռիգայի փողոց 126/4 շենքի թիվ 62 շինության նկատմամբ կատարված Բանկի գրավի իրավունքի պետական գրանցումը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ֆելիքս Քոչարյանը պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ,  ք. Երևան, Ռիգայի փողոցի 126/4 շենքի թիվ 62 շինության նկատմամբ կատարված Բանկի գրավի իրավունքի պետական գրանցումը։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Միրզոյան) (այսուհետ` Դատարան) 20.10.2020 թվականի վճռով հայցը մերժվել է։

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.11.2021 թվականի որոշմամբ Ֆելիքս Քոչարյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Դատարանի 20.10.2020 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է՝ հայցը բավարարվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Կադաստրը (ներկայացուցիչ՝ Մարինե Եսայան) և Բանկը (ներկայացուցիչ՝ Հասմիկ Անդրիասյան)։

Վճռաբեկ բողոքների պատասխան է ներկայացրել Ֆելիքս Քոչարյանը։

 

2. Կադաստրի վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասը, 60-րդ հոդվածի 1-ին մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 170-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, 226-րդ, 228-րդ հոդվածները, 242-րդ և 247-րդ հոդվածների 1-ին կետերը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 25-րդ և 27-րդ հոդվածները, 126-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանի կողմից անտեսվել է այն հանգամանքը, որ հենց հայցվորն է իր համաձայնությամբ վիճելի բնակարանի նկատմամբ իր սեփականության իրավունքը ցանկացել գրանցել գրավի իրավունքով ծանրաբեռնված վիճակում:

Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, որ հայցվորը «Նոր Շենք» ԲՇՈԱԿ-ում (այսուհետ՝ Կոոպերատիվ) վճարել է իր բնակարանի փայի արժեքը, ինչի հիման վրա վիճելի բնակարանը հանձնվել է իրեն, անհիմն է, քանի որ օրենսդիրը հստակ սահմանել է այն դեպքերը, թե երբ է դադարում գրավը, որոնց մեջ փայավճարը մուծելը բացակայում է: Ավելին, գրավ դրված գույքը հատուցմամբ կամ անհատույց օտարելիս կամ համապարփակ իրավահաջորդության կարգով այդ գույքի նկատմամբ գրավատուի սեփականության իրավունքն այլ անձի անցնելիս գրավի իրավունքը պահպանում է իր ուժը: Այսինքն, տվյալ դեպքում հայցվորը՝ որպես գրավատու, զբաղեցրել է Կոոպերատիվի տեղը:

Օրենսդրի կողմից Կոոպերատիվի մասնակցի մոտ սեփականության իրավունքի առաջացման պահը կապվում է որոշակի փայ վճարելու հանգամանքի հետ, հետևաբար սեփականության իրավունքը ձեռք է բերվում հատուցելի օտարման արդյունքում: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը սխալ է գնահատել վերը նշված հանգամանքը և եզրակացրել է, որ գրավի իրավունքը ենթակա կլիներ պահպանման, եթե վեճի առարկա անշարժ գույքը հատուցմամբ կամ անհատույց օտարվեր, ինչը, ըստ Վերաքննիչ դատարանի, տեղի չի ունեցել:

Հայցվորի կողմից որպես փայավճարը մուծված լինելու վերաբերյալ ապացույց ներկայացված և դատարանների կողմից որպես այդպիսին դիտարկված փաստաթղթերը կազմվել են ձևականորեն և չեն արտացոլել օբյեկտիվ իրականությունը, ուստի այդ փաստաթղթերը չէին կարող ունենալ ապացուցողական ուժ, դրանք չէին կարող լինել վերաբերելի և թույլատրելի ապացույցներ, հետևաբար դրանք դատական ակտի հիմքում դնելն անվիճելիորեն հանգեցրել է անիրավաչափ և անհիմն դատական ակտերի կայացմանը։

Սույն գործով հայցվորն ի սկզբանե իմացել է գրավի իրավունքի մասին, քանի որ վիճելի բնակարանի նկատմամբ իր սեփականության իրավունքի գրանցման ժամանակ ներկայացրել է Բանկի կողմից տրված համաձայնագիր, որով Բանկը թույլատրել է համապատասխան գրանցումը պայմանով, որ պահպանվի Բանկի գրավի իրավունքը։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.11.2021 թվականի որոշումը և այն փոփոխել՝ հայցը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության։

 

2.1. Բանկի վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 10-րդ և 60-րդ հոդվածների 1-ին մասերը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 170-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, 172-րդ հոդվածի 6-րդ կետը, 226-րդ, 228-րդ, 242-րդ և 247-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ և 27-րդ հոդվածները, 146-րդ հոդվածի 4-րդ մասը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 267-րդ հոդվածը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը, 8-րդ հոդվածի 1-ին մասը, 39-րդ հոդվածի 2-րդ մասը, 40-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Սույն գործով հատկանշական է այն հանգամանքը, որ Բանկը, բավարարելով Կոոպերատիվի խնդրանքը, որպես նշված շենքի գրավառու, իր համաձայնությամբ թույլատրել է գրավի առարկա շենքը բաժանել առանձին գույքային միավորների և դրանք գրանցել առանձին անձանց անվամբ, այդ թվում՝ թիվ 62 ոչ բնակելի տարածքը Ֆելիքս Քոչարյանի անվամբ՝ պահպանելով դրանցից յուրաքանչյուրի նկատմամբ Բանկի գրավի իրավունքը, ինչպիսի պայմաններում Կադաստրի կողմից գրանցվել են Երևան քաղաքի Ռիգայի փողոցի թիվ 126/4 շենքի առանձին հասցեներում գտնվող գույքերի նկատմամբ առանձին անձանց սեփականության իրավունքը՝ պահպանելով դրանցից յուրաքանչյուրի նկատմամբ գրավի իրավունքը:

Սույն գործով ներկայացված վճարման անդորրագրերի ուսումնասիրությունից պարզ չէ, թե Վերաքննիչ դատարանը ինչի հիման վրա է եզրահանգել, որ նշված կտրոնը կամ կտրոնները հավաստում են Ֆելիքս Քոչարյանի փայի վճարումը, այն դեպքում երբ վերը նշված կտրոնի վավերապայմաններն այդ փաստը չեն հիմնավորում: Փաստորեն, վերջինս չի կատարել իր պարտավորությունը, իսկ այն կատարելու դեպքում այդ գումարը կուղղվեր Բանկի նկատմամբ ունեցած պարտավորության մարմանը, որից հետո էլ Բանկը սահմանված կարգով գրություն կուղարկեր Կադաստր՝ այդ հասցեն գրավից ազատելու համար:

Հատկանշական է այն, որ նշված շենքի 90 տոկոս բնակարանների գրավն ազատվել է այդ կարգով, քանի որ մնացածն իրականում կատարել են իրենց պարտավորությունները:

Հայցվորը վիճելի բնակարանի նկատմամբ իր սեփականության իրավունքը գրանցելու մասին դիմումին կից՝ ի թիվս այլ փաստաթղթերի, ներկայացրել է նաև Բանկի համաձայնությունը, այսինքն՝ հայցվորը հենց ինքն է ի սկզբանե նաև իր համաձայնությամբ վիճելի բնակարանի նկատմամբ իր սեփականության իրավունքը ցանկացել գրանցել գրավի իրավունքով ծանրաբեռնված, որպիսի հանգամանքն անտեսվել է ինչպես Վերաքննիչ դատարանի կողմից, այնպես էլ առհասարակ գնահատման առարկա չի դարձվել:

Տվյալ դեպքում տեղի է ունեցել հատուցելի գործարք, որի արդյունքում վիճելի բնակարանի նկատմամբ դադարել է Կոոպերատիվի սեփականության իրավունքը և ծագել հայցվորի սեփականության իրավունքը, ինչի հիմքով էլ պահպանվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված գրավի իրավունքը: Այլ կերպ ասած՝ տեղի է ունեցել գրավատուի փոփոխություն. Կոոպերատիվի փոխարեն գրավատուի տեղը զբաղեցրել է հայցվորը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.11.2021 թվականի որոշումը և այն փոփոխել՝ հայցը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության։

 

2.2 Վճռաբեկ բողոքների պատասխանի հիմնավորումները.

Անշարժ գույքի՝ որպես ինքնուրույն գույքային միավորի նկատմամբ սեփականության իրավունքի առաջին պետական գրանցումը կատարվել է հայցվորի անվամբ, այսինքն՝ անշարժ գույքը՝ որպես ինքնուրույն գույքային միավոր, գրավի առարկա և Կոոպերատիվի սեփականություն, իրավաբանորեն երբևէ չի եղել:

Հայցվորը ոչ մի գրավի պայմանագրում գրավատու չի հանդիսացել, ոչ մի գրավի պայմանագիր չի ստորագրել, իսկ այն պայմանագրերը, որոնք նշված են վկայականներում, կնքվել են ավելի վաղ, քան թիվ 62 շինությունն առանձնացվել է որպես առանձին գույքային միավոր:

Հայցվորը՝ որպես Կոոպերատիվի անդամ, վեճի առարկա անշարժ գույքի համար նախատեսված փայն ամբողջությամբ վճարելուց հետո, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 6-րդ կետի հիմքով, ձեռք է բերել այն, հետևաբար գրավի իրավունքի պահպանման համար բացակայել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին կետի կիրառման համար պարտադիր նորմի դիսպոզիցիայով սահմանված սպառիչ դեպքերից որևէ մեկը, ինչից հետևում է, որ գրավի իրավունքը պահպանվել չէր կարող, և թիվ 62 շինությունը գրավի առարկա չի հանդիսացել, հայցվորը որևէ գրավի պայմանագիր չի ստորագրել և գրավատու երբեք չի եղել:

 

3. Վճռաբեկ բողոքների քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Բանկի, ԿոոպերատիվԻ և Հասմիկ Ավդալյանի միջև 25122009 թվականին և 29062010 թվականին կնքված գրավի պայմանագրերի հիման վրա գրավադրվել է գրավատու Հասմիկ Ավդալյանին սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Ռիգայի փողոցի թիվ 126/4 հասցեում գտնվող 9226,7քմ մակերեսով բազմաբնակարան բնակելի շենքը և 0,13հա մակերեսով հողամասը և նշված պայմանագրերից ծագող գրավի իրավունքը ենթարկվել է պետական գրանցման ու Բանկին՝ որպես գրավառուի, տրվել է «Անշարժ գույքի գրավի, հիփոթեքի իրավունքի գրանցման» թիվ 0252090 վկայականը  (հատոր  3-րդ, գթ 118)

2) Վերոգրյալ հասցեի գույքը որպես սեփականություն անցել է Կոոպերատիվին և շարունակել է որպես ապահովման միջոց մնալ գրավադրված, իսկ հետագայում  գրավառուի համաձայնությամբ այն բաժանվել է առանձին գույքային միավորների (չվիճարկվող փաստ).

3) Երևան քաղաքի Ռիգայի փողոց 126/4 շենքի թիվ 62 շինության նկատմամբ Ֆելիքս Քոչարյանի անվամբ 25.01.2011 թվականին կատարվել է իրավունքների պետական գրանցում: Ֆելիքս Քոչարյանի անվամբ սեփականության իրավունքով գրանցվել է 145,7քմ ոչ բնակելի տարածք, բաժնային սեփականության իրավունքով՝ 0,12464 հեկտար բազմաբնակարան բնակելի շենքի պահպանման և սպասարկման հողամաս և տրամադրվել է անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2767594 վկայականը (հատոր 1-ին, գ.թ. 9-11).

4) Կոոպերատիվի նախագահ Արտակ Ավդալյանի և Ֆելիքս Քոչարյանի միջև 26052011 թվականին, համաձայն 01092010 թվականին կայացած ընդհանուր ժողովի արձանագրության,  կնքվել է «Հանձնման-ընդունման ակտ», ըստ որի՝ Կոոպերատիվի նախագահ Արտակ Ավդալյանը հանձնել է Երևան քաղաքի Ռիգայի փողոցի թիվ 126/4 հասցեում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքի թիվ 62 բնակարանը 145,7քմ մակերեսով Ֆելիքս Քոչարյանին, որով հավաստվել է Ֆելիքս Քոչարյանի փայի ետգնումը Կոոպերատիվից (հատոր  1-ին, գթ 13)

5) Բանկի դիմումի հիման վրա 01.02.2012 թվականին կատարվել է Ֆելիքս Քոչարյանին սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Ռիգայի փողոցի թիվ 126/4 շենքի թիվ 62 շինության նկատմամբ Բանկի գրավի իրավունքի պետական գրանցում, որի հիմքում դրվել են 29062010 թվականի թիվ 2665 և 19112010 թվականի թիվ 4915 գրավի, հիփոթեքի պայմանագրերը (հատոր  2-րդ, գթ 21)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, պայմանավորված բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 242-րդ հոդվածի խախտում թույլ տալու հանգամանքով, ինչը, սակայն, հերքվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

 

Սույն բողոքների քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք կոոպերատիվին պատկանող անշարժ գույքի վերաբերյալ կնքված հիփոթեքի պայմանագիրը կարող է հիմք հանդիսանալ այդ անշարժ գույքից առանձնացված մեկ այլ՝ ինքնուրույն գույքային միավորի նկատմամբ ևս գրավառուի գրավի իրավունքի առկայությունը հաստատված համարելու և այդ իրավունքը գրանցելու համար։

 ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 117-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ կոոպերատիվ է համարվում քաղաքացիների և իրավաբանական անձանց անդամության վրա հիմնված ու իր անդամների գույքային փայավճարների միավորման միջոցով մասնակիցների նյութական և այլ կարիքների բավարարման նպատակով ստեղծված կամավոր միավորումը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ կոոպերատիվի սեփականության ներքո գտնվող գույքը, կոոպերատիվի կանոնադրությանը համապատասխան, բաժանվում է նրա անդամների փայերի: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ կոոպերատիվի անդամը պարտավոր է մինչև կոոպերատիվի գրանցումն ամբողջությամբ մուծել փայավճարը, եթե այլ բան նախատեսված չէ կոոպերատիվի կանոնադրությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ կոոպերատիվի անդամն իրավունք ունի դուրս գալ կոոպերատիվից: Այդ դեպքում նրան պետք է վճարվի նրա փայի արժեքը կամ տրվի դրան համապատասխան գույք, ինչպես նաև կատարվեն կոոպերատիվի կանոնադրությամբ նախատեսված այլ վճարներ:

Կոոպերատիվից դուրս եկող անդամին փայի արժեքը վճարվում կամ այլ գույքը տրվում է ֆինանսական տարին ավարտվելուց և կոոպերատիվի հաշվապահական հաշվեկշիռը հաստատվելուց հետո, եթե այլ բան նախատեսված չէ կոոպերատիվի կանոնադրությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ բնակարանային, ամառանոցային, ավտոտնակային կամ այլ կոոպերատիվի անդամը և փայակուտակման իրավունք ունեցող այլ անձինք, որոնք լրիվ մուծել են իրենց փայավճարը կոոպերատիվի կողմից իրենց տրամադրված բնակարանի, ամառանոցի, ավտոտնակի կամ այլ շինության համար այդ գույքի նկատմամբ ձեռք են բերում սեփականության իրավունք:

Վերոգրյալ իրավական նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կոոպերատիվ է համարվում քաղաքացիների և իրավաբանական անձանց անդամության վրա հիմնված ու իր անդամների գույքային փայավճարների միավորման միջոցով մասնակիցների նյութական և այլ կարիքների բավարարման նպատակով ստեղծված կամավոր միավորումը:

  Կոոպերատիվ սեփականությունն ի սկզբանե առաջանում է կոոպերատիվ կազմակերպություն ստեղծելու նպատակ ունեցող սուբյեկտների գույքի որոշակի մասի միավորման հիման վրա: Կոոպերատիվի անդամ դառնալու ցանկություն ունեցող յուրաքանչյուր քաղաքացի հրաժարվում է իր ունեցվածքի որոշակի մասի սեփականության իրավունքից, այն հանձնում է կազմակերպությանը որպես փայավճար՝ նրա անդամը դառնալու, գործունեությանը մասնակցելու կամ գործունեության արդյունքներից օգտվելու համար: Այլ կերպ ասած՝ կոոպերատիվի գործունեության նյութական հիմքը նրա սեփականություն կազմող գույքն է, որը կոոպերատիվի կանոնադրությանը համապատասխան բաժանվում է փայերի:

  Հարկ է նշել, որ յուրաքանչյուր կոոպերատիվ հանդիսանում է այն գույքի սեփականատերը, որը նրան է հանձնվում անդամների կողմից որպես փայավճար և այն գույքի սեփականատերը, որն արտադրում կամ ձեռք է բերում իր գործունեությամբ: Ընդ որում, յուրաքանչյուր կոոպերատիվ ինքնուրույն սեփականատեր է և ոչ ոք իրավասու չէ նրան զրկել սեփական գույքն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու իրավունքից կամ սահմանափակել այդ իրավունքը:

  Բնակարանային-շինարարական ընկերության, որպես սեփականության իրավունքի ինքնուրույն սուբյեկտի սեփականությունն է հանդիսանում այն օբյեկտը, որը կառուցվում է կոոպերատիվի մեջ միավորված անդամների փայավճարների հաշվին, ինչպես նաև այն դրամական գումարները, որոնք ներդրվում են ընդհանուր օգտագործման գույքի պահպանության անհրաժեշտ ծախսերը կատարելու համար: Կոոպերատիվի այն անդամները, ովքեր լրիվ մուծել են փայը բնակարանի կամ իրենց օգտագործման տրված այլ շինության կամ տեղի համար, ձեռք են բերում այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունք: Հարկ է նաև ընդգծել այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը  172-րդ հոդվածով ամրագրել է սեփականության իրավունք ձեռք բերելու հիմքերը, մասնավորապես՝ նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ բնակարանային, ամառանոցային, ավտոտնակային կամ այլ կոոպերատիվի անդամը և փայակուտակման իրավունք ունեցող այլ անձինք, որոնք լրիվ մուծել են իրենց փայավճարը կոոպերատիվի կողմից իրենց տրամադրված բնակարանի, ամառանոցի, ավտոտնակի կամ այլ շինության համար այդ գույքի նկատմամբ ձեռք են բերում սեփականության իրավունք:

  Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բնակարանային կոոպերատիվի անդամի կողմից փայավճարը լրիվ մուծելու դեպքում կոոպերատիվի կողմից վերջինիս տրամադրված բնակարանը բաժանվում է ամբողջական գույքից և օբյեկտիվ իրականության մեջ շարունակում է գոյություն ունենալ որպես կոոպերատիվի անդամին սեփականության իրավունքով պատկանող առանձին գույքային միավոր՝ իրեն անհատականացնող տվյալներով հանդերձ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կոոպերատիվը, որպես սեփականության իրավունքի ինքնուրույն սուբյեկտ, կարող է իր պարտավորությունների կատարումը երաշխավորելու նպատակով գրավադրել սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ կոոպերատիվին պատկանող անշարժ գույքի վերաբերյալ կնքված հիփոթեքի պայմանագրի հիմքով այդ անշարժ գույքից առանձնացված մեկ այլ՝ ինքնուրույն գույքային միավորի նկատմամբ ևս գրավառուի գրավի իրավունքի առկայության և այդ իրավունքի պետական գրանցման ենթակա լինելու իրավական հնարավորության հարցին։

ԱյսպեսՀՀ քաղաքացիական օրենսգրքի 170-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի անցումն այլ անձի հիմք չէ այդ գույքի նկատմամբ սեփականատեր չհամարվող անձանց գույքային իրավունքների դադարման համար, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գրավի իրավունքը գրավատուի գույքի նկատմամբ գրավառուի գույքային իրավունքն է, որը միաժամանակ միջոց է գրավառուի հանդեպ պարտապանի ունեցած դրամական կամ այլ պարտավորության կատարման ապահովման համար։

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գրավը լրացուցիչ (ակցեսոր) պարտավորություն է գրավառուի (պարտատիրոջ) հանդեպ գրավատուի (պարտապանի) հիմնական պարտավորության կատարման ապահովման համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 227-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գրավը ծագում է պայմանագրի ուժով: Գրավը ծագում է նաև օրենքի հիման վրա` դրանում նշված հանգամանքների երևան գալով: Օրենքում պետք է նախատեսվի այն գույքը, որը համարվում է պարտավորության կատարման ապահովման համար գրավ դրված:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկով արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 170-րդ հոդվածի և 226-րդ հոդվածի վկայակոչված իրավադրույթների բովանդակությունից հետևում է, որ գրավի իրավունքը կամ գրավը պարտավորությունների՝ իրային-իրավական ապահովման միջոց է, որը գրավառուին իրավունք է վերապահում հիմնական պարտավորության չկատարման դեպքում գրավատուի այլ պարտատերերի հանդեպ նախապատվության իրավունքով բավարարում ստանալու գրավի առարկայի արժեքից: Վերոգրյալ բնորոշումից բխում է, որ գրավով ապահովված պարտավորության պարտատերը գրավի առարկայի արժեքից իր պահանջի բավարարման նախապատվության իրավունք ունի մյուս պարտատերերի նկատմամբ, այսինքն՝ գրավով ապահովված պարտավորության պարտապանի մյուս պարտատերերի համեմատությամբ գրավով ապահովված պարտավորության պարտատիրոջ պահանջը ենթակա է բավարարման նախապատվության իրավունքով:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գրավի իրավունքն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում իրային իրավունքների շարքում: Ի տարբերություն այլ իրային իրավունքների` գրավն առաջանում և իրավական արժևորում է ստանում այնքանով, որքանով այն անհրաժեշտ է օգտագործել հիմնական պարտավորության կատարումն ապահովելու համար: Այդ իսկ պատճառով գրավը, որպես այդպիսին, ունի երկակի բնույթ. այն բնութագրվում է որպես պարտավորաիրավական բնույթի իրային-իրավական ապահովման միջոց: Գրավի իրավունքին բնորոշ են իրային իրավունքներին ներհատուկ հետևյալ առանձնահատկությունները.

«բացարձակ իրավունքը». գրավի իրավունքին համապատասխանում է բոլորի և յուրաքանչյուրի պարտականությունը՝ ձեռնպահ մնալու այդ իրավունքի իրականացումը խախտող կամ խոչընդոտող արարքներից (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 241-րդ հոդված),

«հետևելու իրավունքը». գրավի իրավունքի կրողը պահպանում է իր իրավունքն անգամ այն դեպքում, երբ գրավի առարկան անցնում է այլ անձի սեփականության ներքո (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին կետ) (տե՛ս, «Սեյվր» ՍՊԸ-ն ընդդեմ Նշան Ալեքսանյանի թիվ ԵԿԴ/0169/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 240-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ եթե գրավի առարկան ոչնչացել կամ վնասվել է կամ դրա նկատմամբ սեփականության իրավունքը դադարել է օրենքով սահմանված հիմքերով, ապա գրավատուն պարտավոր է ողջամիտ ժամկետում վերականգնել գրավի առարկան կամ այն փոխարինել այլ հավասարարժեք գույքով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

Նույն օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գրավ դրված գույքը հատուցմամբ կամ անհատույց օտարելիս կամ համապարփակ իրավահաջորդության կարգով այդ գույքի նկատմամբ գրավատուի սեփականության իրավունքն այլ անձի անցնելիս գրավի իրավունքը պահպանում է իր ուժը:

Գրավատուի իրավահաջորդը զբաղեցնում է գրավատուի տեղը և կրում նրա բոլոր պարտականությունները, եթե այլ բան նախատեսված չէ գրավառուի հետ համաձայնությամբ:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ պետական գրանցումն ընդգրկում է՝ (…) օրենքով նախատեսված այլ գույքային իրավունքների ծագման, դադարման, փոխանցման, փոփոխման պետական գրանցումը  (…)։

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 39-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ եթե օրենքով կամ հիփոթեքի պայմանագրով այլ բան նախատեսված չէ, հիփոթեքի պայմանագրի հիման վրա գրավի իրավունք գրանցելու հետ միաժամանակ գրանցվում է նաև սեփականատիրոջ կողմից գրավի առարկայի տնօրինման սահմանափակումը, որի` գործողության ընթացքում առանց գրավառուի համաձայնության դրան հակասող որևէ իրավունք կամ հիփոթեքի առարկա հանդիսացող անշարժ գույքի միավորի բաժանում կամ այլ միավորի հետ միավորում չի կարող գրանցվել:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այն դեպքում, երբ գրանցված հիփոթեքի առարկան օրենքով սահմանված կարգով փոխարինվում է այլ անշարժ գույքով, գրավառուի ներկայացմամբ հիփոթեքի առարկայի փոխարինման մասին համաձայնագրի հիման վրա այդ գույքի նկատմամբ գրավի իրավունքի գրանցման հետ միաժամանակ դադարեցվում է հիփոթեքի նախկին առարկայի նկատմամբ գրավի իրավունքի գրանցումը:

Վերոշարադրյալ հոդվածների վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գրավի պայմանագիրը կնքվում է որպես պարտատիրոջ հանդեպ ունեցած հիմնական պարտավորության կատարման ապահովման միջոց, որի հիման վրա գրավադրված գույքի միջոցով երաշխավորվում է հիմնական պարտավորության կատարումը։

Գրավի առարկա գույքի նկատմամբ սեփականության իրավունքն այլ անձի անցնելու հանգամանքը չի դադարեցնում այդ գույքի նկատմամբ գրավառուի գրավի իրավունքը: Այն պահպանում է իր ուժը նույնիսկ այն դեպքում, երբ գրավադրված գույքը հատուցմամբ կամ անհատույց օտարվում է կամ համապարփակ իրավահաջորդության կարգով այդ գույքի նկատմամբ գրավատուի սեփականության իրավունքն անցնում է այլ անձի: Նման դեպքերում գրավատուի իրավահաջորդը զբաղեցնում է գրավատուի տեղը և կրում նրա բոլոր պարտականությունները, եթե այլ բան նախատեսված չէ գրավառուի հետ համաձայնությամբ: Ընդ որում, եթե գրավի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը դադարում է օրենքով սահմանված հիմքերով, ապա գրավատուն պարտավոր է ողջամիտ ժամկետում վերականգնել գրավի առարկան կամ այն փոխարինել այլ հավասարարժեք գույքով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

Բացի այդ, հիփոթեքի պայմանագրի հիման վրա միաժամանակ կատարվում են գրավի իրավունքի, ինչպես նաև սեփականատիրոջ կողմից գրավի առարկայի տնօրինման սահմանափակման պետական գրանցումներ։ Ընդ որում, գրավի առարկայի տնօրինման սահմանափակումը, ի թիվս այլնի, ենթադրում է առանց գրավառուի համաձայնության անշարժ գույքը առանձին գույքային միավորների բաժանելու արգելք։

Միաժամանակ օրենսդրությամբ սահմանվում է հիփոթեքի առարկայի՝ այլ անշարժ գույքով փոխարինելու հնարավորություն, որպիսի դեպքում կնքվում է հիփոթեքի առարկայի փոխարինման մասին համաձայնագիր, որի հիման վրա էլ նոր գույքի նկատմամբ կարող է կատարվել գրավի իրավունքի պետական գրանցում՝ համապատասխանաբար դադարեցնելով հիփոթեքի նախկին առարկայի նկատմամբ գրավի իրավունքի գրանցումը։

Այսինքն, վերոգրյալ կարգավորումները ևս մեկ անգամ հավաստում են գրավի՝ որպես «հետևելու իրավունքի» բնույթի մասին այնքանով, որքանով գրավառուն պահպանում է գրավի առարկայի նկատմամբ իր իրավունքները նույնիսկ գրավի առարկայի օտարման կամ այն փոխարինելու դեպքում, որով պայմանավորված էլ չի թույլատրվում առանց գրավառուի համաձայնության գրանցել գրավի իրավունքին հակասող որևէ իրավունք կամ անշարժ գույքի միավորի բաժանում կամ այլ միավորի միավորում։

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գրավի՝ որպես «հետևելու իրավունքի» էությունը հանգում է նրան, որ գույքի նկատմամբ գրավառուի գրավի իրավունքը պահպանում է իր ուժը նույնիսկ այն դեպքում, երբ գրավադրված գույքը հատուցմամբ կամ անհատույց օտարվում է կամ համապարփակ իրավահաջորդության կարգով այդ գույքի նկատմամբ գրավատուի սեփականության իրավունքն անցնում է այլ անձի, որի դեպքում գրավատուի իրավահաջորդը զբաղեցնում է գրավատուի տեղը և կրում նրա բոլոր պարտականությունները, եթե այլ բան նախատեսված չէ գրավառուի հետ համաձայնությամբ: Նշվածը, սակայն, վերաբերելի չէ այն դեպքերին, երբ կոոպերատիվին սեփականության իրավունքով պատկանող և կոոպերատիվի պարտավորությունների համար գրավադրված գույքից կոոպերատիվի անդամի կողմից փայավճարը լրիվ մուծելու հետևանքով վերջինիս տրամադրված բնակարանը բաժանվում է ամբողջական գույքից և օբյեկտիվ իրականության մեջ շարունակում է գոյություն ունենալ որպես կոոպերատիվի անդամին սեփականության իրավունքով պատկանող առանձին գույքային միավոր՝ իրեն անհատականացնող տվյալներով հանդերձ: Նկարագրված դեպքում կոոպերատիվի անդամի կողմից մուծված փայավճարի գումարը կոոպերատիվի կողմից պետք է ուղղվի գրավով երաշխավորված պարտավորության համապատասխան մասի մարմանը, իսկ ամբողջական գույքից բաժանված բնակարանը փայավճարի գումարը մուծած կոոպերատիվի անդամին պետք է փոխանցվի առանց գրավի իրավունքով ծանրաբեռնված լինելու։ Այլ կերպ ասած, կոոպերատիվի անդամի կողմից փայավճարը լրիվ մուծելու և ամբողջական գույքից բաժանվելու արդյունքում վերջինիս որպես սեփականություն հատկացված բնակարանը չի կարող հանդիսանալ կոոպերատիվին պատկանող անշարժ գույքի վերաբերյալ կնքված հիփոթեքի պայմանագրի առարկա և այդ պայմանագիրը չի կարող հիմք հանդիսանալ անշարժ գույքից առանձնացված մեկ այլ՝ ինքնուրույն գույքային միավորի նկատմամբ ևս գրավառուի գրավի իրավունքի առկայությունը հաստատված համարելու և այդ իրավունքը գրանցելու համար։

 

Վճռաբեկ դատարանի վերոգրյալ իրավական դիրքորոշումը հիմնավորվում է նաև ներքոշարադրյալ իրավակարգավորումների վերլուծություններով։

ԱյսպեսՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ «Գրավի պայմանագիրը և դրա ձևը» վերտառությամբ 234-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ գրավի պայմանագիրը պետք է կնքվի գրավոր:

Նույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն՝ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում գրավի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ գրավի իրավունքը` պետական գրանցման: Նույն հոդվածի կանոնները չպահպանելը հանգեցնում է գրավի պայմանագրի անվավերության: Նման պայմանագիրն առոչինչ է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գրավի իրավունքը ծագում է գրավի պայմանագիրը կնքելու պահից, իսկ այն դեպքերում, երբ գրավի իրավունքը ենթակա է պետական գրանցման, ապա այն գրանցելու պահից: (...)։

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքով սահմանված կարգով գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար հիմք են հանդիսանում իրավահաստատող փաստաթղթերը, իսկ նույն օրենքի 4-րդ գլխով նախատեսված պետական գրանցման առանձնահատկությունների դեպքերում` նաև այդ գլխով սահմանված փաստաթղթերը։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար իրավահաստատող փաստաթղթեր ներկայացնելու պարտականությունը կրում են իրավունքի պետական գրանցման համար դիմող անձինք, (...):

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գրավի իրավունքի պետական գրանցման համար հիմք հանդիսացող իրավահաստատող փաստաթուղթն առաջին հերթին գրավի պայմանագիրն է։ Այսինքն՝ գույքի նկատմամբ անձի գրավի իրավունքի պետական գրանցումը կարող է իրականացվել բացառապես այդ գույքի վերաբերյալ կնքված գրավի պայմանագրի հիման վրա։ Իսկ բոլոր այն դեպքերում, երբ տեղի է ունեցել գրավի առարկայի փոփոխություն, ապա գրավի նոր առարկայի նկատմամբ գրավառուի գրավի իրավունքը կարող է գրանցվել գրավի առարկայի փոփոխության համաձայնագրի հիման վրա։

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ յուրաքանչյուր դեպքում գույքի նկատմամբ գրավի իրավունքի գրանցման համար անհրաժեշտ են համապատասխան փաստական և իրավական հիմքեր, ընդ որում՝ կախված կոնկրետ իրավիճակից, գույքի նկատմամբ գրավի իրավունքը կարող է գրանցվել կա՛մ գրավի պայմանագրի, կա՛մ գրավի առարկայի փոփոխության համաձայնագրի հիման վրա:  

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն վարչական գործը հարուցվել է Ֆելիքս Քոչարյանի կողմից ներկայացված հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ, ք. Երևան, Ռիգայի փողոցի թիվ 126/4 շենքի թիվ 62 շինության նկատմամբ կատարված Բանկի գրավի իրավունքի պետական գրանցումը։

Դատարանը 20.10.2020 թվականի վճռով հայցը մերժել է այն պատճառաբանությամբ, որ հայցվորը, որպես գրավատու, սույն գործով զբաղեցնում է Կոոպերատիվի տեղը, ուստի, հայցվորի պնդումը, թե իր կողմից վճարվել է բնակարանի փայի արժեքը, ինչի հիման վրա բնակարանը հանձնվել է իրեն՝ երրորդ անձանց իրավունքներից ազատ վիճակում, անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ գրավի առարկա գույքն առանձին գույքային միավորների բաժանելու և դրանք գրանցելու առանձին անձանց անվամբ Բանկի կողմից տրված համաձայնությունը պարունակել է պայման, որ այդ գործողությունները պետք է կատարվեն պայմանով, որ բաժանված գույքային միավորների նկատմամբ պետք է պահպանվի Բանկի գրավի իրավունքը:

Վերաքննիչ դատարանը 29.11.2021 թվականի որոշմամբ Ֆելիքս Քոչարյանի վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն՝ Դատարանի 20.10.2020 թվականի վճիռը բեկանել և փոփոխել է՝ հայցը բավարարել է այն պատճառաբանությամբ, որ Ֆելիքս Քոչարյանի անվամբ ք. Երևան, Արաբկիր, Ռիգայի փողոց, 126/4 շենքի թիվ 62 շինության նկատմամբ սեփականության իրավունքը, ապրիորի, չէր կարող սահմանափակվել գրավի իրավունքով, ինչը նշանակում է, որ 01.02.2012 թվականին այդ գույքի նկատմամբ չէր կարող կատարվել Բանկի գրավի իրավունքի փոփոխման պետական գրանցում։

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Ըստ գործի փաստերի՝ Բանկի, Կոոպերատիվի և Հասմիկ Ավդալյանի միջև 25122009 թվականին և 29062010 թվականին կնքված գրավի պայմանագրերի հիման վրա գրավադրվել է գրավատու Հասմիկ Ավդալյանին սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Ռիգայի փողոցի թիվ 126/4 հասցեում գտնվող 9226,7քմ մակերեսով բազմաբնակարան բնակելի շենքը և 0,13հա մակերեսով հողամասը և նշված պայմանագրերից ծագող գրավի իրավունքը ենթարկվել է պետական գրանցման ու Բանկին՝ որպես գրավառուի, տրվել է «Անշարժ գույքի գրավի, հիփոթեքի իրավունքի գրանցման» թիվ 0252090 վկայականը  (հատոր  3-րդ, գթ 118)։

Վերոգրյալ հասցեի գույքը որպես սեփականություն անցել է Կոոպերատիվին և շարունակել է որպես ապահովման միջոց մնալ գրավադրված, իսկ հետագայում  գրավառուի համաձայնությամբ այն բաժանվել է առանձին գույքային միավորների։

25.01.2011 թվականին Ֆելիքս Քոչարյանի անվամբ կատարվել է Երևան քաղաքի Ռիգայի փողոցի թիվ 126/4 շենքի թիվ 62 շինության նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում (հատոր  1-ին, գթ 9)։

Բանկի դիմումի հիման վրա 01.02.2012 թվականին կատարվել է  Ֆելիքս Քոչարյանին սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Ռիգայի փողոցի թիվ 126/4 շենքի թիվ 62 շինության նկատմամբ Բանկի գրավի իրավունքի պետական գրանցում, որի հիմքում դրվել են 29062010 թվականի թիվ 2665 և 19112010 թվականի թիվ 4915 գրավի, հիփոթեքի պայմանագրերը (հատոր  2-րդ, գթ 21)։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ֆելիքս Քոչարյանին սեփականության իրավունքով պատկանող վերոգրյալ հասցեի նկատմամբ Բանկի անվամբ 01.02.2012 թվականին կատարված գրավի իրավունքի պետական գրանցման հիմքում ընկած վերոգրյալ երկու պայմանագրերի առարկան է հանդիսացել Երևան քաղաքի Ռիգայի փողոցի թիվ 126/4 հասցեում գտնվող 9226,7քմ մակերեսով բազմաբնակարան բնակելի շենքը և 0,13հա մակերեսով հողամասը։ Փաստորեն նշված բնակարանի նկատմամբ գրավի իրավունքի պետական գրանցում կատարելու հիմքում ընկած անշարժ գույքի հիփոթեքի թվով 2 պայմանագրերի առարկան բոլորովին այլ գույքային միավոր է՝ թե՛ փաստական և թե՛ իրավական առումով։ Ընդ որում, տվյալ դեպքում Երևան քաղաքի Ռիգայի փողոցի թիվ 126/4 հասցեում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքից թիվ 62 բնակարանի բաժանումը գրավ դրված գույքի հատուցմամբ կամ անհատույց օտարում կամ համապարփակ իրավահաջորդության կարգով այդ գույքի նկատմամբ գրավատուի սեփականության իրավունքն այլ անձի անցում չէ, քանի որ նշված բնակարանը բաժանվել է ամբողջական գույքից և օբյեկտիվ իրականության մեջ գոյություն ունենալով որպես կոոպերատիվի անդամին սեփականության իրավունքով պատկանող առանձին գույքային միավոր՝ իրեն անհատականացնող տվյալներով հանդերձ, փոխանցվել է կոոպերատիվի անդամին առանց գրավի իրավունքով ծանրաբեռնված լինելու։

Այսպիսով, Կոոպերատիվի ամբողջական գույքից բաժանվելու արդյունքում Ֆելիքս Քոչարյանին որպես սեփականություն հատկացված բնակարանը չի կարող հանդիսանալ կոոպերատիվին պատկանող անշարժ գույքի վերաբերյալ կնքված հիփոթեքի պայմանագրի առարկա և այդ պայմանագիրը չի կարող հիմք հանդիսանալ անշարժ գույքից առանձնացված մեկ այլ՝ ինքնուրույն գույքային միավորի նկատմամբ ևս գրավառուի գրավի իրավունքի առկայությունը հաստատված համարելու և այդ իրավունքը գրանցելու համար։

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Երևան քաղաքի Ռիգայի փողոցի թիվ 126/4 շենքի թիվ 62 շինության նկատմամբ Բանկի գրավի իրավունքի պետական գրանցման հիմքում ընկած 29062010 թվականի թիվ 2665 և 19112010 թվականի թիվ 4915 գրավի, հիփոթեքի պայմանագրերի առարկա հանդիսացող Երևան քաղաքի Ռիգայի փողոցի թիվ 126/4 հասցեում գտնվող 9226,7քմ մակերեսով բազմաբնակարան բնակելի շենքը և 0,13հա մակերեսով հողամասի նկատմամբ գրանցված գրավի իրավունքը չէր կարող պահպանել իր ուժն այդ պայմանագրերի առարկա չհանդիսացող Երևան քաղաքի Ռիգայի փողոցի թիվ 126/4 շենքի թիվ 62 շինության նկատմամբ։ Մասնավորապես, Ֆելիքս Քոչարյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Երևան, Ռիգայի փողոց, 126/4 շենքի թիվ 62 շինությունը (ոչ բնակելի տարածքը) Վճռաբեկ դատարանի գնահատմամբ չի կարող նույնացվել նախկինում գրավադրված գույքի՝ ք.Երևան, Ռիգայի փողոց, 126/4 հասցեում գտնվող բազմաբնակարան բնակելի ամբողջ շենքի հետ, քանի որ նշյալ դեպքերում խոսքը գնում է տարբեր գույքային միավորների մասին։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կոոպերատիվի նախագահ Արտակ Ավդալյանի և Ֆելիքս Քոչարյանի միջև 26052011 թվականին, համաձայն 01092010 թվականին կայացած ընդհանուր ժողովի արձանագրության,  կնքվել է «Հանձնման-ընդունման ակտ», ըստ որի՝ Կոոպերատիվի նախագահ Արտակ Ավդալյանը հանձնել է Երևան քաղաքի Ռիգայի փողոցի թիվ 126/4 հասցեում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքի թիվ 62 բնակարանը 145,7քմ մակերեսով Ֆելիքս Քոչարյանին, որով հավաստվել է Ֆելիքս Քոչարյանի փայի ետգնումը Կոոպերատիվից։ Ընդ որում, համաձայն 26.05.2011 թվականի հաշիվ թիվ 066-ի՝ Ֆելիքս Քոչարյանի կողմից ք. Երևան, Ռիգայի 126/4 հասցեի 62 տարածքի համար Կոոպերատիվին վճարվել է 18.202.167,00 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գթ 12)։ Միևնույն ժամանակ հայցվոր կողմը Վերաքննիչ դատարան է ներկայացրել փայավճարների մուծումներ կատարելու վերաբերյալ դրամարկղային մուտքի օրդերների, կանխիկ մուծման կտրոնների և անձնական հաշվի շարժի վերաբերյալ տեղեկանքի պատճեններ (հատոր 3-րդ, գթ 67-116  

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ք. Երևան, Ռիգայի փողոց, 126/4 շենքի թիվ 62 շինության նկատմամբ սեփականության իրավունքը հայցվորը ձեռք է բերել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով, այն է՝ բնակարանային, ամառանոցային, ավտոտնակային կամ այլ կոոպերատիվի անդամը և փայակուտակման իրավունք ունեցող այլ անձինք, որոնք լրիվ մուծել են իրենց փայավճարը կոոպերատիվի կողմից իրենց տրամադրված բնակարանի, ամառանոցի, ավտոտնակի կամ այլ շինության համար, այդ գույքի նկատմամբ ձեռք են բերում սեփականության իրավունք, որը սակայն չի հանդիսանում ո՛չ հատուցմամբ կամ անհատույց օտարում, ո՛չ էլ համապարփակ իրավահաջորդության կարգով այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցում, հետևաբար երրորդ անձի նախկին գրավի իրավունքը խնդրո առարկա անշարժ գույքի՝ ք. Երևան, Արաբկիր, Ռիգայի փողոց, 126/4 շենքի թիվ 62 շինության նկատմամբ պահպանվել չէր կարող, և հայցվորը չէր կարող զբաղեցնել գրավատու Կոոպերատիվի տեղն ու չէր կարող կրել վերջինիս բոլոր պարտականությունները։ Ընդ որում, սույն գործով բացակայում է նաև հիփոթեքի առարկայի փոխարինման մասին համապատասխան համաձայնագիր, որի ուժով գրանցված հիփոթեքի առարկան օրենքով սահմանված կարգով փոխարինվում է այլ անշարժ գույքով և որպիսի համաձայնագրի հիման վրա այդ գույքի նկատմամբ գրավի իրավունքի գրանցման հետ միաժամանակ դադարեցվում է հիփոթեքի նախկին առարկայի նկատմամբ գրավի իրավունքի գրանցումը:

Մինչդեռ, Կադաստրի կողմից թիվ 62 բնակարանի նկատմամբ Բանկի գրավի իրավունքի գրանցումը ոչ իրավաչափորեն կատարվել է՝ հիմք ընդունելով ք. Երևան, Արաբկիր, Ռիգայի փողոցի թիվ 126/4 շենքի նկատմամբ կնքված գրավի իրավունքի պայմանագիրը, այսինքն՝ Բանկի գրավի իրավունքի պետական գրանցումը կատարվել է առանց այդ բնակարանի նկատմամբ կնքված գրավի պայմանագրի, փաստորեն առանց համապատասխան իրավահաստատող փաստաթղթի առկայության, հետևաբար Կադաստրի կողմից Ռիգայի փողոցի թիվ 126/4 շենքի թիվ 62 բնակարանի նկատմամբ Բանկի գրավի իրավունքի գրանցումը եղել է ոչ իրավաչափ։

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հատուկ ընդգծել, որ Ռիգայի փողոցի թիվ 126/4 շենքի թիվ 62 բնակարանի, որպես առանձին գույքային միավորի, նկատմամբ հայցվորի սեփականության իրավունքի գրանցումը Կադաստրի կողմից կատարվել է այդ պահին նշված հասցեի անշարժ գույքի նկատմամբ որևէ սահմանափակում չլինելու պայմաններում: Մասնավորապես, Ռիգայի փողոցի թիվ 126/4 շենքի թիվ 62 բնակարանի նկատմամբ հայցվոր Ֆելիքս Քոչարյանի սեփականության իրավունքը գրանցվել է 25012011 թվականին, իսկ Բանկի գրավի իրավունքը՝ վերջինիս դիմումի հիման վրա ավելի քան մեկ տարի անց՝ 01022012 թվականին։

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 3-րդ հոդվածի համաձայն՝ պետական գրանցման հիմնական սկզբունքներն ու խնդիրներն են`

1) պետության կողմից գույքի նկատմամբ գրանցված իրավունքների, սահմանափակումների ճանաչումը, երաշխավորումը և պաշտպանությունը. (․․․

Վերոգրյալ իրավակարգավորումից հետևում է, որ գույքի նկատմամբ գրանցված սեփականության իրավունքը ճանաչվում, երաշխավորվում և պաշտպանվում է պետության կողմից, հետևաբար գրանցված սեփականության իրավունքին ցանկացած միջամտություն, այդ թվում՝ տվյալ գույքի նկատմամբ գրավի իրավունքի գրանցում կարող է կատարվել սեփականատիրոջ իմացությամբ, օրենքով սահմանված կարգով՝ համապատասխան իրավահաստատող փաստաթղթերի հիման վրա։ Մինչդեռ, տվյալ դեպքում Ռիգայի փողոցի թիվ 126/4 շենքի թիվ 62 բնակարանի նկատմամբ հայցվոր Ֆելիքս Քոչարյանի սեփականության իրավունքին միջամտությունը տեղի է ունեցել այդ իրավունքը դեռևս 25012011 թվականին ծագելուց ավելի քան մեկ տարի անց, 01022012 թվականին՝ առանց սեփականատիրոջ իմացության և առանց իրավահաստատող փաստաթղթերի։ Մասնավորապես, Ռիգայի փողոցի թիվ 126/4 շենքի թիվ 62 բնակարանի նկատմամբ Բանկի գրավի իրավունքը գրանցվել է տվյալ բնակարանի վերաբերյալ իրավահաստատող փաստաթղթերի բացակայության պայմաններում, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կադաստրն իրավասու չէր նշված հասցեի բնակարանի նկատմամբ 01022012 թվականին կատարել Բանկի գրավի իրավունքի պետական գրանցում։

 

Այսպիսով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, ուստի բողոքարկվող դատական ակտը պետք է թողնել անփոփոխ՝ սույն որոշման պատճառաբանություններով։

 

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով անփոփոխ, իսկ այն դեպքում, երբ վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը, սակայն դատարանի կայացրած` գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի կամ սխալ է պատճառաբանված, ապա վճռաբեկ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը, հետևաբար տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ ստորադաս դատարանի թերի կամ սխալ պատճառաբանված դատական ակտն անփոփոխ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

Միաժամանակ՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն վարչական գործի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը անփոփոխ թողնելը՝ սույն որոշման պատճառաբանություններով, բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է, և առկա ապացույցները և հաստատված հանգամանքները թույլ են տալիս նման դատական ակտ կայացնել։

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ներկայացված վճռաբեկ բողոքների հիմքերը բավարար չեն Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար, ուստի բողոքները ենթակա են մերժման, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը պետք է թողնել անփոփոխ՝ սույն որոշման պատճառաբանություններով։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վճռաբեկ բողոքները ենթակա են մերժման Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ներկայացված վճռաբեկ բողոքների համար պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված։

 

Ելնելով  վերոգրյալից  և  ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքները մերժել: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 29.11.2021 թվականի որոշումը թողնել անփոփոխ՝ սույն որոշման պատճառաբանություններով։

2. Պետական տուրքի հարցը համարել լուծված։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։

 

Նախագահող և զեկուցող

Ռ. Հակոբյան

 

Հ. Բեդևյան

Ա. Թովմասյան

Լ. Հակոբյան

Ք. Մկոյան

   

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան