ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0479/02/14 2022 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0479/02/14 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Մ. Դրմեյան | |
զեկուցող |
Ս. անտոնյան | |
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ | ||
Գ. Հակոբյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան |
2022 թվականի հոկտեմբերի 07-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի Արսեն Չիչյանի ընդդեմ Սերոփ-Գորիոն Դեր-Բողոսսյանի իրավահաջորդ Վանիս Կորյունի Դեր-Բողոսսյանի, երրորդ անձինք` «Արդշինբանկ» ՓԲԸ-ի, «Արարատբանկ» ՓԲԸ-ի` նվիրատվության պայմանագիրը կնքված ճանաչելու և սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.10.2019 թվականի որոշման դեմ Իրինա Հարությունյանի և Ռաշիդ Սիմոնյանի բերած վճռաբեկ բողոքները,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Արսեն Չիչյանը պահանջել է պարտավորեցնել Սերոփ-Գորիոն Դեր-Բողոսսյանին` իր հետ կնքելու Երևան քաղաքում գտնվող երկու գույքային միավորների նվիրատվության պայմանագրեր։
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Սուքոյան) 03.03.2017 թվականի վճռով գործի վարույթը կարճվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Ա. Սմբատյան, դատավորներ՝ Ն. Բարսեղյան, Հ. Ենոքյան) 23.11.2017 թվականի որոշմամբ Արսեն Չիչյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 03.03.2017 թվականի վճիռը բեկանվել և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության։
Գործի նոր քննության ընթացքում փոխելով հայցապահանջը՝ հայցվորը պահանջել է Երևան քաղաքի Նալբանդյան 7-րդ շենքի թիվ 1 և թիվ 1ա հասցեներում գտնվող անշարժ գույքերի մասով կնքված ճանաչել նվիրատվության 13.11.2013 թվականի պայմանագիրը և այդ գույքային միավորների նկատմամբ ճանաչել իր սեփականության իրավունքը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Ափինյան) 14.09.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Կ. Չիլինգարյան, դատավորներ՝ Ա. Խառատյան, Ա. Մկրտչյան) 20.12.2018 թվականի որոշմամբ Սերոփ-Գորիոն Դեր-Բողոսսյանի իրավահաջորդ Վանիս Դեր-Բողոսսյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 14.09.2018 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը մերժվել է։ Վճիռը բեկանելու և գործի վարույթը կարճելու կամ գործը նոր քննության ուղարկելու պահանջներին վերաբերող մասով վերաքննիչ բողոքը մերժվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03.04.2019 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.12.2018 թվականի որոշման դեմ Արսեն Չիչյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Տ. Գրիգորյան) (այսուհետ՝ Դատարան) 11.07.2019 թվականի որոշմամբ Սերոփ Գորիոնի Դեր-Բողոսսյանի իրավահաջորդ Վանիս Կորյունի Դեր-Բողոսյանի ներկայացուցիչ Դիանա Գրիգորյանի՝ վճռի կատարման շրջադարձի մասին դիմումը, բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 25.10.2019 թվականի որոշմամբ Իրինա Հարությունյանի և Ռաշիդ Սիմոնյանի վերաքննիչ բողոքները մերժվել են, և Դատարանի 11.07.2019 թվականի «Վճռի կատարման շրջադարձի մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Իրինա Հարությունյանը (ներկայացուցիչ Արթուր Սուքիասյան) և Ռաշիդ Սիմոնյանը:
Վճռաբեկ բողոքների պատասխան չի ներկայացվել։
2. Իրինա Հարությունյանի վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածը, ինչը հանգեցրել է նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի առաջին արձանագրության առաջին հոդվածով սահմանված՝ սեփականության անձեռնմխելիության իրավունքի խախտման:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին: Մասնավորապես՝ Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել բողոքի այն հիմքին, համաձայն որի՝ Դատարանի դատական ակտը պատճառաբանված չէ, Դատարանը որևէ գնահատական չի տվել Իրինա Հարությունյանի՝ բարեխիղճ ձեռք բերող հանդիսանալու հանգամանքին, չի հիմնավորել, թե ինչու է թույլատրելի համարել գույքը բարեխիղճ ձեռք բերողից վերցնելը, և թե ինչու բարեխիղճ ձեռքբերման ինստիտուտը կիրառելի չէ սույն գործի փաստերի նկատմամբ:
Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել նաև այն հարցին, թե ինչպես կարող է իրավաչափ համարվել Սերոփ-Գորիոն Դեր-Բողոսսյանի սեփականության իրավունքի ճանաչումն Իրինա Հարությունյանի սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր չճանաչելու կամ չդադարեցնելու պայմաններում:
Բացի այդ, Իրինա Հարությունյանը վերաքննիչ բողոքով ոչ թե արտահայտել է դիրքորոշում բարեխիղճ ձեռք բերողի ինստիտուտի կիրառման մասին, այլ վերաքննիչ բողոքի փաստարկը վերաբերել է Դատարանի կողմից վերոգրյալ հիմքով խախտում թույլ տալուն: Այսպես՝ առանց Իրինա Հարությունյանի կողմից դիրքորոշում արտահայտելու Դատարանը պետք է արձանագրեր, որ Իրինա Հարությունյանը հանդիսանում է բարեխիղճ ձեռք բերող, և որ բարեխիղճ ձեռք բերողի ինստիտուտի կիրառմամբ վճռի կատարման շրջադարձի մասին դիմումը ենթակա է մերժման:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.10.2019 թվականի որոշումը և փոփոխել այն՝ Երևան քաղաքի Նալբանդյան 7-րդ շենքի թիվ 1 բնակարանի մասով դիմումը մերժել:
2.1. Ռաշիդ Սիմոնյանի վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով․
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Իրինա Հարությունյանը վերաքննիչ բողոքով ոչ թե արտահայտել է դիրքորոշում բարեխիղճ ձեռք բերողի ինստիտուտի կիրառման մասին, այլ վերաքննիչ բողոքի փաստարկը վերաբերել է Դատարանի կողմից վերոգրյալ հիմքով խախտում թույլ տալուն: Հետևաբար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասը Վերաքննիչ դատարանի կողմից կիրառվել է սխալ։
Նշված բնակարանի նկատմամբ Իրինա Հարությունյանի սեփականության իրավունքի գրանցումը դադարեցված չլինելու պայմաններում բողոքաբերի գրավի իրավունքը դադարեցնելը որևէ տրամաբանություն և հիմնավորում չունի: Ընդ որում գրավի իրավունքն անգամ չի դադարեցվել` որպես Իրինա Հարությունյանի սեփականության իրավունքի դադարեցման հետևանք:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.10.2019 թվականի որոշումը և փոփոխել այն՝ Երևան քաղաքի Նալբանդյան 7-րդ շենքի թիվ 1 բնակարանի մասով դիմումը մերժել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1․ 28.02.2014 թվականին Դատարան ներկայացրած հայցադիմումում Արսեն Չիչյանը խնդրել է պարտավորեցնել Սերոփ-Գորիոն Դեր-Բողոսսյանին` իր հետ կնքելու Երևան քաղաքում գտնվող երկու գույքային միավորների նվիրատվության պայմանագրեր (խնդրո առարկա գույքային միավորների հասցեները նշվել են հայցադիմումում) պատճառաբանելով, որ պատասխանող Սերոփ-Գորիոն Դեր-Բողոսսյանը 13.11.2013 թվականին վկաների ներկայությամբ իր ստորագրած և «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ-ն տնօրենի ստորագրությամբ ու կնիքով վավերացված գրավոր հայտարարությամբ պարտավորվել է հայցվորին նվիրել անշարժ գույքի` ՀՀ Լոռու մարզում գտնվող տասներկու և Երևան քաղաքում գտնվող երկու միավոր, իսկ համապատասխան նվիրատվության պայմանագրեր չկնքելու դեպքում իրեն վճարել 300.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` ազատվելով վերը նշված գույքային միավորները նվիրելու պարտավորությունից, բայց ՀՀ Լոռու մարզում գտնվող տասներկու գույքային միավորների նվիրատվության վերաբերյալ 04.12.2013 թվականի պայմանագրերը ստորագրելուց հետո դադարեցրել է ստանձնած պարտավորության կատարումը (հատոր 1-ին, գ․թ 3-5)։
2․ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 18.03.2014 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ։ Նույն որոշմամբ բավարարվել է հայցի ապահովում կիրառելու մասին հայցվորի միջնորդությունը` արգելանք դնելով Սերոփ-Գորիոն Դեր-Բողոսսյանին սեփականության իրավունքով պատկանող և հայցադիմումում նշված` Երևան քաղաքում գտնվող անշարժ գույքի երկու միավորների վրա (հատոր 1-ին, գ․թ 22-21)։
3․ 06.03.2015 թվականի ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պետի գրությամբ դատարանն իրազեկվել է այն մասին, որ 21.09.2014 թվականին Սերոփ-Գորիոն Դեր-Բողոսսյանը մահացել է (փաստաբան Լուսինե Սահակյանի գրությանը կցվել է նաև հանգուցյալի մահվան վկայականի լուսապատճենը) (հատոր 1-ին, գ․թ 126-127)։
4․ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 08.09.2015 թվականի որոշմամբ գործի վարույթը կասեցվել է մինչև Սերոփ-Գորիոն Դեր-Բողոսսյանի իրավահաջորդության հարցի լուծումը (հատոր 2-րդ, գ․թ 41)։
5․ Դատարանը 15.02.2016 թվականի որոշմամբ վերսկսել է քաղաքացիական գործի վարույթը, իսկ պատասխանողին նրա իրավահաջորդով փոխարինելու վերաբերյալ հայցվորի միջնորդությունը Դատարանի 17.02.2017 թվականի արձանագրային որոշմամբ մերժվել է (հատոր 2-րդ, գ․թ 43, 74-75)։
6․ Դատարանի 03.03.2017 թվականին հրապարակած վճռով 17.06.1998 թվականի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ կետի հիման վրա քաղաքացիական գործի վարույթը կարճվել է (հատոր 2-րդ, գ․թ 85-91)։
7․ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.11.2017 թվականի որոշմամբ Դատարանի 03.03.2017 թվականի վճռի դեմ հայցվորի կողմից բերված վերաքննիչ բողոքը բավարարվել է, բողոքարկված վճիռը բեկանվել և գործն ուղարկվել է նոր քննության (հատոր 3-րդ, գ․թ 52-54)։
8․ Դատարանը 27.04.2018 թվականի արձանագրային որոշմամբ բավարարել է հայցվորի միջնորդությունը և պատասխանողին փոխարինել է նրա իրավահաջորդով` որպես այդպիսին ճանաչելով Վանիս Կորյունի Դեր-Բողոսսյանին (հատոր 4-րդ, գ․թ 28-29)։
9․ 28.06.2018 թվականին հայցվորը ներկայացրել է հայցադիմումի փոփոխություն և խնդրել է Երևան քաղաքում գտնվող երկու գույքային միավորների մասով կնքված ճանաչել նվիրատվության 13.11.2013 թվականի պայմանագիրը և այդ գույքային միավորների նկատմամբ ճանաչել իր սեփականության իրավունքը (հատոր 4-րդ, գ․թ 40-46)։
10․ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 14.09.2018 թվականի վճռով Սերոփ-Գորիոն Դեր-Բողոսսյանի 13.11.2013 թվականի և Արսեն Բենիկի Չիչյանի միջև ՀՀ, ք. Երևան, Նալբանդյան 7, բնակարան 1 հասցեում գտնվող և ՀՀ, ք. Երևան, Նալբանդյան 7 շենք, 1ա հասցեում գտնվող, անշարժ գույքերի մասով նվիրատվության պայմանագիրը ճանաչվել է կնքված:
ՀՀ ք.Երևան, Նալբանդյան 7, բնակարան 1 հասցեում գտնվող անշարժ գույքի (գրանցված ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ Կ5-2 մատյանի թիվ 00097 համարի տակ, բաղկացած 88,2 քմ շինությունից, որի նկարագիրը տրված է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 21.02.2002 թվականին տրված Անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 413298 վկայականում), և ՀՀ, ք. Երևան, Նալբանդյան 7 շենք, 1 ա հասցեում գտնվող տարածքի (գրանցված ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից, շինության ծածկագիր 01-006-0110-0001-004-034, բաղկացած 100,7 քմ շինությունից) նկատմամբ ճանաչվել է Արսեն Բենիկի Չիչյանի սեփականության իրավունքը (հատոր 4-րդ, գ.թ. 98-108):
11․ Արսեն Չիչյանը 15.10․2018 թվականին դիմում է ներկայացրել Դատարան, խնդրելով թիվ ԵԿԴ/047902/14 քաղաքացիական գործով վճիռը հաստատել երկրորդ կնիքով (հատոր 4-րդ, գ.թ. 128)։
12․ Արսեն Չիչյանը 17․10․2018 թվականին դիմում է ներկայացրել Դատարան, խնդրելով թիվ ԵԿԴ/047902/14 քաղաքացիական գործով վերացնել հայցի ապահովումը և տրամադրել կատարողական թերթ (հատոր 4-րդ, գ.թ. 129)։
13․ Սերոփ-Գորիոն Դեր-Բողոսսյանի իրավահաջորդ Վանիս Կորյունի Դեր-Բողոսսյանի կողմից Դատարանի 14.09.2018 թվականի վճռի դեմ փոստային առաքմամբ ներկայացվել է վերաքննիչ բողոք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում մուտքագրվել է 17․10․2018 թվականին (հատոր 5-րդ, գ.թ. 8-21)։
14․ Դատարանի 18․10․2018 թվականի որոշմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԿԴ/0479/02/14 քաղաքացիական գործով 18․03․2014 թվականի որոշման հիման վրա պատասխանող Սերոփ-Գորիոն Դեր-Բողոսսյանին սեփականության իրավունքով պատկանող ք․ Երևան Նալբանդյան 7 շենքի թիվ 1 և 1ա հասցեներում գտնվող անշարժ գույքերի վրա կիրառված արգելանքը վերացվել է և տրվել է կատարողական թերթ (հատոր 4-րդ, գ.թ. 130-132)։
15․ Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համաձայն՝ 23․10․2018 թվականին Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի 7 շենքի թիվ 1 բնակարանի նկատմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 14.09.2018 թվականի վճռի հիման վրա գրանցվել է Արսեն Չիչյանի սեփականության իրավունքը (հատոր 7-րդ, գ.թ. 22-23)։
16․ 23․10․2018 թվականին կնքված անշարժ գույքի վաճառքի պայմանագրի համաձայն Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի 7 շենքի թիվ 1 բնակարանը Արսեն Չիչյանը 90․000․000 ՀՀ դրամով վաճառել է Իրինա Հարությունյանին (հատոր 7-րդ, գ.թ. 16-17)։
17․ Պայմանագրի հիման վրա նշված գույքի նկատմամբ 24․10․2018 թվականին գրանցվել է Իրինա Հարությունյանի սեփականության իրավունքը (հատոր 7-րդ, գ.թ. 20-21)։
18․ 25․10․2018 թվականին կնքված Փոխառության և անշարժ գույքի գրավի պայմանագրի համաձայն՝ Իրինա Հարությունյանը Ռաշիդ Սիմոնյանից փոխառությամբ ստացել է 90․000․000 ՀՀ դրամ գումար մինչև 24․10․2021 թվականը վերադարձնելու պայմանով և ի ապահովումն պարտավորությունների կատարման գրավադրվել է Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի 7 շենքի թիվ 1 բնակարանը (հատոր 7-րդ, գ.թ. 12-15)։
19․ 29․10․2018 թվականին նշված գույքի նկատմամբ գրանցվել է Ռաշիդ Սիմոնյանի գրավի իրավունքը (հատոր 7-րդ, գ.թ. 18-19)։
20․ Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համաձայն՝ 06․11․2018 թվականին Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի 7 շենքի թիվ 32 հասցեի անշարժ գույքի նկատմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 14.09.2018 թվականի վճռի հիման վրա գրանցվել է Արսեն Չիչյանի սեփականության իրավունքը (հատոր 7-րդ, գ.թ. 10-11)։
21․ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.12.2018 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 14.09.2018 թվականի վճիռը բեկանվել փոփոխվել է և Արսեն Չիչյանի հայցը մերժվել է (հատոր 5-րդ, գ.թ. 143-153)։
22․ ՀՀ վճռաբեկ դատարանի 03.04.2019 թվականի որոշմամբ մերժվել է նշված որոշման դեմ Արսեն Չիչյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը (հատոր 6-րդ, գ.թ. 36-39):
23․ 02․05․2019 թվականին Սերոփ-Գորիոն Դեր-Բողոսսյանի իրավահաջորդ Վանիս Կորյունի Դեր-Բողոսսյանը Դատարան է ներկայացրել դիմում պահանջելով․ «Կատարել թիվ ԵԿԴ/0479/02/14 վճռի շրջադարձ և վերականգնել մինչև 14․09․2018 թվականի թիվ ԵԿԴ/0479/02/14 վճռի հիման վրա կատարված սեփականության իրավունքի գրանցումը եղած վիճակը, այն է՝ ՀՀ, ք․ Երևան, Նալբանդյան 7 շենք, բնակարան 1 և ՀՀ, ք․ Երևան, Նալբանդյան 7 շենք, 32 տարածքի «նախկին 1ա բնակարան» հասցեների անշարժ գույքերի նկատմամբ ճանաչել Սերոփ Գորիոն Դեր-Բողոսսյանի սեփականության իրավունքը՝ դադարեցնելով ՀՀ, ք Երևան Նալբանդյան 7 շենք, բնակարան 1 հասցեի անշարժ գույքի նկատմամբ 25․10․2018 թվականի Ռաշիդ Սպարտակի Սիմոնյանի անվամբ կատարված գրավի իրավունքը «գրավի իրավունքի պետական գրանցումը»» (հատոր 7-րդ, գ.թ. 3-9)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս ստորադաս դատարանների կողմից թույլ է տրվել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ վճռի կատարման շրջադարձի վերաբերյալ դիմումի քննության վարույթում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածով նախատեսված բարեխիղճ ձեռքբերողի ինստիտուտի կիրառելիության իրավական հարցին։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն՝
1. քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են օրենքով ու այլ իրավական ակտերով նախատեսված հիմքերից, ինչպես նաև քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններից, որոնք թեև օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չեն, սակայն, ըստ քաղաքացիական օրենսդրության սկզբունքների` առաջացնում են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ:
Դրան համապատասխան, քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են`
1) օրենքով նախատեսված պայմանագրերից և այլ գործարքներից, ինչպես նաև այն պայմանագրերից ու գործարքներից, որոնք թեև օրենքով նախատեսված չեն, սակայն դրան չեն հակասում.
2) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ակտերից, որոնք օրենքով նախատեսված են որպես քաղաքացիական իրավունքների և պարտականությունների ծագման հիմք.
3) քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանող դատական ակտից.
4) օրենքով թույլատրվող հիմքերով գույք ձեռք բերելու հետևանքով.
5) գիտության, գրականության, արվեստի ստեղծագործություններ, գյուտեր և մտավոր գործունեության այլ արդյունքներ ստեղծելու հետևանքով.
6) այլ անձին վնաս պատճառելու հետևանքով.
7) անհիմն հարստացման հետևանքով.
8) քաղաքացիների և իրավաբանական անձանց այլ գործողությունների հետևանքով.
9) այնպիսի իրադարձությունների հետևանքով, որոնց հետ օրենքը կամ այլ իրավական ակտը կապում է քաղաքացիական իրավական հետևանքների առաջացում:
2. Գույքի նկատմամբ պետական գրանցման ենթակա իրավունքները ծագում են դրանց գրանցման պահից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն՝
գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի համաձայն՝
1. անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետևանքների, բացառությամբ այն հետևանքների, որոնք կապված են գործարքի անվավերության հետ: Նման գործարքն անվավեր է կնքելու պահից:
2. Գործարքի անվավերության դեպքում կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը, իսկ ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում (ներառյալ, երբ ստացածն արտահայտվում է գույքից օգտվելու, կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության մեջ)` հատուցել դրա արժեքը դրամով, եթե գործարքի անվավերության այլ հետևանքներ նախատեսված չեն օրենքով:
3. Եթե վիճահարույց գործարքի բովանդակությունից բխում է, որ այն կարող է դադարել միայն ապագայում, ապա դատարանը, գործարքը ճանաչելով անվավեր, դադարեցնում է դրա գործողությունն ապագայում։
Նույն օրենսգրքի 275-րդ հոդվածի համաձայն՝
1. եթե գույքը հատուցմամբ ձեռք է բերվել այդ գույքն օտարելու իրավունք չունեցող անձից, որի մասին ձեռք բերողը չգիտեր և չէր կարող իմանալ (բարեխիղճ ձեռք բերող), ապա սեփականատերն իրավունք ունի ձեռք բերողից տվյալ գույքը պահանջել միայն այն դեպքում, երբ գույքը կորցրել է սեփականատերը կամ այն անձը, ում այդ գույքի սեփականատերը հանձնել է տիրապետման, կամ այն հափշտակվել է մեկից կամ մյուսից, կամ նրանց տիրապետումից դուրս է եկել այլ ճանապարհով` անկախ նրանց կամքից:
2. Եթե գույքն անհատույց է ձեռք բերվել այն օտարելու իրավունք չունեցող անձից, ապա սեփականատերը բոլոր դեպքերում իրավունք ունի հետ պահանջել այդ գույքը:
ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը:
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:
Նույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն` սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: Ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով սահմանված դեպքերի:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք (...):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է սեփականության իրավունքի պաշտպանության իրավական խնդրին:
Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ Սահմանադրությունը, հռչակելով սեփականության իրավունքի ճանաչումն ու պաշտպանությունը, երաշխավորում է յուրաքանչյուրի՝ սեփականություն ունենալու բացարձակ իրավունքը` միաժամանակ ամրագրելով օրենքով նախատեսված դեպքերում այդ իրավունքից զրկելու հնարավորությունը միայն դատական կարգով (տե՛ս, Գևորգ Գևորգյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/2434/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2009 թվականի որոշումը):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ ՄԻԵԴ) կողմից ձևավորված նախադեպային իրավունքի համաձայն` Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված «գույք» հասկացությունն ունի ինքնավար նշանակություն, որը չի սահմանափակվում նյութական իրերի նկատմամբ սեփականության իրավունքով և կապված չէ ներպետական օրենսդրության ձևական դասակարգման հետ: Ինչպես նյութական իրերը, գույքային հանդիսացող որոշակի այլ իրավունքներն ու շահերը նույնպես կարող են համարվել «գույքային իրավունքներ» և հետևաբար նաև «գույք» նույն դրույթի իմաստով: Յուրաքանչյուր գործով պարզաբանման ենթակա հարցն այն է, թե արդյոք, գործի բոլոր հանգամանքներից ելնելով, դիմումատուն ունեցել է Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով պաշտպանվող նյութական շահ (տե´ս, օրինակ, Մինասյանը և Սեմերջյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ 23.06.2009 թվականի վճիռը, 55-րդ կետ):
Միաժամանակ ՄԻԵԴ-ը Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով «սեփականություն» հասկացությունը բնորոշել է ընդլայնված կերպով` օգտագործելով «օրինական սպասելիք» հասկացությունը: Մասնավորապես, ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ պահանջի իրավունքն ստանում է «սեփականություն» որակումն այն պահից, երբ անձն ունենում է «օրինական սպասելիք» իր իրավունքներն իրականացնելու համար (տե՛ս, Pressos Compania Naviera S.A. and others v. Belgium գործով ՄԻԵԴ 20.11.1995 թվականի վճիռը): Ըստ ՄԻԵԴ-ի իրավական դիրքորոշման` պահանջի իրավունքը Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով կարող է ընկալվել որպես գույքային իրավունք, եթե բավարար չափով հիմնավորված է, որ այն կարող է իրավաբանորեն իրացվել (տե՛ս, Burdov v. Russia գործով ՄԻԵԴ 07.05.2002 թվականի վճիռը, 40-րդ կետ):
Մեկ այլ գործի շրջանակներում ՄԻԵԴ-ն արտահայտել է իրավական դիրքորոշում այն մասին, որ Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածում կիրառվող «գույք» եզրույթը սահմանափակված չէ միայն ֆիզիկական իրերի նկատմամբ սեփականության իրավունքով. այն իր մեջ ընդգրկում է նաև ակտիվներ հանդիսացող որոշ այլ իրավունքներ ու շահեր, որոնցից է, օրինակ, պարտավորության գույքային ապահովման իրավունքը (տե՛ս, Gasus Dosier - Und Fördertechnik Gmbh v. The Netherlands գործով ՄԻԵԴ 23.02.1995 թվականի վճիռը, 53-րդ կետ):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 170-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` սեփականատերեր չհամարվող անձինք կարող են ունենալ հետևյալ գույքային իրավունքները`
1) հողամասի կառուցապատման.
2) գույքի օգտագործման.
3) սերվիտուտի, ներառյալ՝ անձնական սերվիտուտի.
4) գրավի.
5) կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունք:
Այսպիսով, «գրավի իրավունքը պետք է դիտարկել որպես «գույք»՝ Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով, քանի որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրության համաձայն՝ (1) գրավի իրավունքը հանդիսանում է գրավառուի սահմանափակ իրային իրավունքը, (2) գրավառուն ունի հիմնական պարտավորության չկատարման դեպքում նախապատվության իրավունքով գրավադրված գույքի արժեքից իր պահանջների բավարարում ստանալու «օրինական սպասելիք»: Հետևաբար սեփականության իրավունքի պաշտպանության թե՛ սահմանադրաիրավական, թե՛ կոնվենցիոն ընթացակարգերը հավասարապես կիրառելի են նաև գրավի իրավունքի պաշտպանության նկատմամբ»:
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պետական գրանցման հիմնական սկզբունքներն ու խնդիրներն են` պետության կողմից գույքի նկատմամբ գրանցված իրավունքների (...) ճանաչումը, երաշխավորումը և պաշտպանությունը (...):
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմինը պարտավոր է մերժել իրավունքի պետական գրանցումը, եթե` անշարժ գույքի միավորի կամ դրա որևէ մասի նկատմամբ առկա է գրանցված իրավունք կամ սահմանափակում կամ նախնական նշում, որը բացառում է ներկայացված իրավունքի կամ սահմանափակման գրանցումը:
Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գույքի կամ դրա որևէ մասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը համարվում է չեղարկված` այդ գույքի կամ դրա համապատասխան մասի նկատմամբ որևէ հիմքով սեփականության իրավունքի նոր պետական գրանցում իրականացվելու պահից:
Վերոնշյալ հոդվածների վերլուծությունից բխում է, որ պետական մարմինները պարտավոր են հետևել օրենքների պահպանմանը, այդ թվում նաև` անձի սեփականության հիմնարար իրավունքի պաշտպանության ու երաշխավորման բնագավառում:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օրենսդիրը իրավունքի, այդ թվում՝ սեփականության իրավունքի գրանցումն իրականացնող լիազոր մարմնի վրա պարտականություն է դրել մերժելու գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելը, եթե տվյալ գույքի կամ նրա միավորի կամ մասի նկատմամբ արդեն առկա է այլ անձի գրանցված իրավունք, որը բացառում է ներկայացված իրավունքի գրանցումը: Այսինքն` վկայակոչված` «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով իմպերատիվ կերպով սահմանված է արգելք՝ նույն գույքի նկատմամբ այլ անձի սեփականության իրավունքը գրանցելու հարցում, որի նպատակն է երաշխավորել և պաշտպանել անձի գրանցված սեփականության իրավունքը և բացառել անշարժ գույքի նկատմամբ արդեն իսկ գրանցված իրավունքի դեպքում այլ անձի կողմից ներկայացված իրավունքի գրանցումը: Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ եզրահանգումը բխում է այն հանգամանքից, որ գույքի նկատմամբ որևէ հիմքով սեփականության իրավունքի նոր պետական գրանցում իրականացվելու պահից այդ գույքի նկատմամբ նախկին սեփականության իրավունքի պետական գրանցումը համարվում է չեղարկված (ուժը կորցրած), այսինքն՝ գույքի նկատմամբ նոր սեփականության իրավունքի գրանցումը հանգեցնում է այդ գույքի նկատմամբ ավելի վաղ գրանցված սեփականության իրավունքի դադարման։ Երբ գրանցում իրականացնող մարմինը գույքի նկատմամբ այլ անձի արդեն իսկ գրանցված սեփականության իրավունքի առկայության պայմաններում այդ նույն գույքի նկատմամբ կատարում է սեփականության իրավունքի նոր գրանցում, ընդ որում՝ որպես նոր սեփականատիրոջ սեփականության իրավունքի ծագման հիմք ընդունելով այնպիսի իրավաբանական փաստեր և դրանք հիմնավորող գրավոր փաստաթղթեր, որոնք չեն բխում արդեն իսկ գրանցված սեփականատիրոջ կամքից և գործողություններից (օրինակ՝ երբ գրանցված սեփականատերն իր գույքն օտարել է առուվաճառքի կամ նվիրատվության ձևով կամ կտակել է այլ անձի կամ հրաժարվել իր սեփականությունից), Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նման պայմաններում սեփականության իրավունքի նոր գրանցումը խախտում է արդեն իսկ գրանցված սեփականատիրոջ իրավունքները:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե ի կատար ածված վճիռը բեկանվել է և կայացվել է հայցը լրիվ կամ մասնակի մերժելու մասին նոր վճիռ, կամ գործի վարույթը կարճվել է, կամ հայցը թողնվել է առանց քննության, ապա դատարանը կայացնում է դատական ակտ` գույքը պարտապանին լրիվ կամ մասնակի վերադարձնելու մասին` նոր դատական ակտին համապատասխան:
Նախկինում կայացրած որոշումներից մեկով ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերոնշյալ իրավակարգավորման բովանդակության համաձայն՝ դատավարական իմաստով դատարանի ի կատար ածված վճռի կատարման շրջադարձի հարց կարող է լուծել, եթե`
1. առկա է դատարանի ի կատար ածված վճիռ, և
2. դատարանի ի կատար ածված վճիռն իրավասու դատական ատյանի կողմից բեկանվել է, և կայացվել է հայցը լրիվ կամ մասնակի մերժելու մասին նոր դատական ակտ, կամ գործի վարույթը կարճվել է, կամ հայցը թողնվել է առանց քննության:
Վճռի կատարման շրջադարձի նպատակն է դատական կարգով վերականգնել պատասխանողի իրավունքներն ու օրինական շահերը, որոնք խախտվել են բեկանված դատական ակտով: Բեկանված դատական ակտի փոխարեն համապատասխան դատարանի կողմից կայացվում է գործն ըստ էության լուծող այլ դատական ակտ` հայցը լրիվ կամ մասնակի մերժելու կամ գործի վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու մասին, որից հետո պարտապանը (գույքի նախկին սեփականատերը) իրավունք է ձեռք բերում վերականգնել նախկին դրությունը (տե՛ս, ըստ Նինա Չալտիկյանի դիմումի՝ ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2013 թվականի թիվ 2-4247/2004թ. որոշումը):
Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ վճռի կատարման շրջադարձի նպատակն է՝ վերացնել ի կատար ածված դատական ակտի իրավական հետևանքները` վերականգնել այդ ակտի կայացմանը նախորդող իրավական դրությունը և գործի հանգամանքներով պայմանավորված` վերականգնել շահագրգիռ կողմի խախտված նախկին իրավունքներն ու պարտականությունները։
ՀՀ սահմանադրական դատարանի 28.06.2013 թվականի թիվ ՍԴՈ-1102 որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է նաև, որ նյութական-իրավական իմաստով դատարանի ի կատար ածված վճռի կատարման շրջադարձի հարց կարող է լուծվել մասնավոր այնպիսի դեպքերում, երբ առկա են դատարանի կայացրած ակտի բեկանման (լրիվ կամ մասնակի), գործի վարույթը կարճելու, հայցն առանց քննության թողնելու` օրենքով նախատեսված հիմքեր, հետևաբար` նաև այդ ակտն ի կատար ածելու արդյունքում առաջացած իրավական հետևանքները վերացնելու (այդ ակտի կայացմանը նախորդող իրավական դրությունը, գործի հանգամանքներով պայմանավորված շահագրգիռ կողմի (տուժողի) նախկին իրավունքներն ու պարտականությունները վերականգնելու) իրավական անհրաժեշտություն: Այսինքն` դատարանի ի կատար ածված վճռի կատարման շրջադարձի նպատակն արդար և արդյունավետ արդարադատության իրականացման (արդարադատության նպատակների իրականացման) ապահովումն է, իսկ օբյեկտը՝ գույքային իրավունքն է և դրանով պայմանավորված կողմերի՝ միմյանց հանդեպ ունեցած իրավունքներն ու պարտականությունները, դրանց իրացման իրավաչափությունը՝ քաղաքացիաիրավական տվյալ վեճի շրջանակներում:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել է այն դիրքորոշումը, որ խախտված իրավունքների վերականգնումը պահանջում է խախտման արդյունքում տվյալ անձի համար առաջացած բացասական հետևանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում (տե՛ս, Պապամիկալոպոպուլոսն ընդդեմ Հունաստանի (Papamichalopopuulos v. Greece) գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 31.10.1995 թվականի վճիռը, կետ 34):
Այսպիսով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռի կատարման շրջադարձի վերաբերյալ դիմումի քննության վարույթի նպատակը մինչև բեկանված դատական ակտի կատարումը եղած դրությունը վերականգնելն է։ Այսինքն՝ բոլոր դեպքերում խոսք է գնում բեկանված դատական ակտով որոշված, սահմանված և տրամադրված իրավունքների և պարտականությունների մասին, որոնք վերացվել են դատական ակտի բեկանմամբ։ Հետևաբար վճռի շրջադարձի դիմումի քննության բովանդակությունը պետք է սահմանափակվի բեկանված դատական ակտի ծավալով, չսահմանափակելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 279-րդ հոդվածով բարեխիղճ ձեռքբերողի համար օրենքով վերապահված իրավունքները։ Այսինքն՝ բոլոր այն դեպքերում, երբ քաղաքացիական իրավունքներ են ծագել ոչ թե բեկանված դատական ակտի՝ այլ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված այլ հիմքերով /օր․՝ գործարք/, ապա քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը ենթակա է իրականացման քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ հաշվի առնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածով բարեխիղճ ձեռք բերողի համար օրենքով վերապահված երաշխիքները, որը հնարավոր է իրականացնել բացառապես հայցային վարույթի կարգով՝ ապահովելով արդար դատաքննության սահմանադրական և միջազգային պայմանագրերով նախատեսված երաշխիքները։
Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 14.09.2018 թվականի վճռով Սերոփ-Գորիոն Դեր-Բողոսսյանի 13.11.2013 թվականի և Արսեն Բենիկի Չիչյանի միջև ՀՀ, ք. Երևան, Նալբանդյան 7, բնակարան 1 հասցեում գտնվող և ՀՀ, ք. Երևան, Նալբանդյան 7 շենք, 1ա հասցեում գտնվող, անշարժ գույքերի մասով նվիրատվության պայմանագիրը ճանաչվել է կնքված: Սերոփ-Գորիոն Դեր-Բողոսսյանի իրավահաջորդ Վանիս Կորյունի Դեր-Բողոսսյանի կողմից Դատարանի 14.09.2018 թվականի վճռի դեմ փոստային առաքմամբ ներկայացվել է վերաքննիչ բողոք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում մուտքագրվել է 17․10․2018 թվականին։ Դատարանի 18․10․2018 թվականի որոշմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԿԴ/0479/02/14 քաղաքացիական գործով 18․03․2014 թվականի որոշման հիման վրա պատասխանող Սերոփ-Գորիոն Դեր-Բողոսսյանին սեփականության իրավունքով պատկանող ք․ Երևան Նալբանդյան 7 շենքի թիվ 1 և 1ա հասցեներում գտնվող անշարժ գույքերի վրա կիրառված արգելանքը վերացվել է և տրվել է կատարողական թերթ։
Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համաձայն՝ 23․10․2018 թվականին Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի 7 շենքի թիվ 1 բնակարանի նկատմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 14.09.2018 թվականի վճռի հիման վրա գրանցվել է Արսեն Չիչյանի սեփականության իրավունքը։ 23․10․2018 թվականին կնքված անշարժ գույքի վաճառքի պայմանագրի համաձայն Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի 7 շենքի թիվ 1 բնակարանը Արսեն Չիչյանը 90․000․000 ՀՀ դրամով վաճառել է Իրինա Հարությունյանին։ Պայմանագրի հիման վրա նշված գույքի նկատմամբ 24․10․2018 թվականին գրանցվել է Իրինա Հարությունյանի սեփականության իրավունքը։
25․10․2018 թվականին կնքված Փոխառության և անշարժ գույքի գրավի պայմանագրի համաձայն՝ Իրինա Հարությունյանը Ռաշիդ Սիմոնյանից փոխառությամբ ստացել է 90․000․000 ՀՀ դրամ գումար մինչև 24․10․2021 թվականը վերադարձնելու պայմանով և ի ապահովումն պարտավորությունների կատարման գրավադրվել է Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի 7 շենքի թիվ 1 բնակարանը։ 29․10․2018 թվականին նշված գույքի նկատմամբ գրանցվել է Ռաշիդ Սիմոնյանի գրավի իրավունքը։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.12.2018 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 14.09.2018 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է՝ Արսեն Չիչյանի հայցը մերժվել է։ ՀՀ վճռաբեկ դատարանի 03.04.2019 թվականի որոշմամբ մերժվել է նշված որոշման դեմ Արսեն Չիչյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը։
02․05․2019 թվականին Սերոփ-Գորիոն Դեր-Բողոսսյանի իրավահաջորդ Վանիս Կորյունի Դեր-Բողոսսյանը Դատարան է ներկայացրել դիմում՝ պահանջելով կատարել թիվ ԵԿԴ/0479/02/14 վճռի շրջադարձ և վերականգնել մինչև վճռի հիման վրա կատարված սեփականության իրավունքի գրանցումը եղած վիճակը։
Դատարանը 11.07.2019 թվականի որոշմամբ բավարարել է Վանիս Կորյունի Դեր-Բողոսսյանի դիմումը՝ վերականգնելով մինչև 14.09.2018 թվականի թիվ ԵԿԴ/0479/02/14 վճռի հիման վրա կատարված սեփականության իրավունքի գրանցումը եղած վիճակը, այն է՝ ՀՀ քաղաք Երևան, Նալբանդյան 7 շենք, բնակարան 1 և ՀՀ քաղաք Երևան, Նալբանդյան 7 շենք, 32 տարածքի (նախկին 1ա բնակարան) հասցեների անշարժ գույքերի նկատմամբ ճանաչվել է Սերոփ Գորիոնի Դեր-Բողոսսյանի սեփականության իրավունքը՝ դադարեցնելով ՀՀ քաղաք Երևան, Նալբանդյան 7 շենք, բնակարան 1 հասցեի անշարժ գույքի նկատմամբ 25.10.2018 թվականին Ռաշիդ Սիմոնյանի անվամբ կատարված գրավի իրավունքը (գրավի իրավունքի պետական գրանցումը):
Վերաքննիչ դատարանը 25.10.2019 թվականի որոշմամբ մերժել է Իրինա Հարությունյանի և Ռաշիդ Սիմոնյանի ներկայացրած վերաքննիչ բողոքները, և Դատարանի 11.07.2019 թվականի որոշումը թողել է անփոփոխ՝ պատճառաբանելով, որ տեղեկացված լինելով վճռի կատարման շրջադարձի վերաբերյալ դիմումի քննության մասին՝ Իրինա Հարությունյանը և Ռաշիդ Սիմոնյանը չեն մասնակցել և որևէ դիրքորոշում չեն ներկայացրել, մասնավորապես՝ Իրինա Հարությունյանի բարեխիղճ ձեռք բերող հանդիսանալու վերաբերյալ:
Սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռի կատարման շրջադարձի վերաբերյալ դիմումի քննության վարույթի նպատակը մինչև բեկանված դատական ակտի կատարումը եղած դրությունը վերականգնելն է՝ այսինքն բեկանված դատական ակտով հայցվորին տրված իրավունքների վերացումը։
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասը կիրառելիս դրա գործողության տիրույթում պետք է լինի բացառապես այն իրավունքների չեղարկումը, որոնք սահմանվել են բեկանված վճռով /դատական ակտով/։ Մինչդեռ դատարանները բարեխիղճ ձեռք բերողի ինստիտուտի կիրառման հարցը լուծել են բողոքաբերներին վճռի շրջադարձի դիմումի քննության մասնակից դարձնելու դատավարական գործողությամբ այն դեպքում, երբ վերջիններս չունեն այնպիսի դատավարական կարգավիճակ, որը թույլ կտար իրականացնելու իրենց իրավունքների արդյունավետ պաշտպանություն, այդ թվում՝ գործարքի անվավերության դեպքում ռեստիտուցիայի կիրառում և վնասների հատուցում։
Տվյալ դեպքում բողոք բերող անձանց իրավունքները ծագել են օրենքով սահմանված կարգով կնքված գործարքների հիման վրա և այդ գործարքները քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով չեն վիճարկվել որպես վիճահարույց կամ պահանջ չի ներկայացվել առոչինչ գործարքի հետևանքներ կիրառելու վերաբերյալ։
Այս համատեքստում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ առկա չէ դատական ակտ որով վերացել են նոտարական կարգով կնքված և պետական գրանցում ստացած գործարքները և դրանց հիման վրա կատարված պետական գրանցումները՝ տվյալ դեպքում սեփականության և գրավի իրավունքները, ապա վճռի կատարման շրջադարձի դիմումի քննությամբ դրանք չեն կարող անվավեր ճանաչվել և այդ կերպ վերականգնվել քաղաքացիական գործով պատասխանողի խախտված իրավունքները, քանի որ վճռի շրջադարձի դիմումով ենթակա են վերացման բացառապես տվյալ դատական ակտով սահմանված քաղաքացիական իրավունքները:
Ավելին՝ դատական ակտի կատարման շրջադարձով լուծվել է այնպիսի հարց, որով գույքի նկատմամբ նոր սեփականության իրավունքի գրանցումը հանգեցրել է այդ գույքի նկատմամբ այլ անձի գրանցված սեփականության իրավունքի դադարման՝ այն պայմաններում, օրինական ուժի մեջ մտած դատական ակտով այդ իրավունքը չի դադարեցվել և/կամ իրավունքի գրանցումն անվավեր չի ճանաչվել, հետևաբար նշված դատական ակտի կատարման շրջադարձով չէին կարող վերականգնվել բեկանված դատական ակտով քաղաքացիական գործին չմասնակցող անձանց ունեցած այն իրավունքները, որոնք ծագել են ոչ թե բեկանված դատական ակտի՝ այլ նոտարական կարգով կնքված և սահմանված կարգով պետական գրանցում ստացած գործարքի հիմքով։ Հակառակ դեպքում կստացվի մի իրավիճակ, երբ դատական ակտի կատարման շրջադարձով դատարանը փաստացի, առանց հայցային վարույթի կարգով քննելու և օրենքով սահմանված կարգով սեփականության իրավունքի հիմքում ընկած գործարքի անվավեր ճանաչելու, դադարեցնում է բեկանված դատական ակտի քաղաքացիական գործին չմասնակցող անձանց սեփականության և դրանից բխող գույքային իրավունքները։
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Իրավահարաբերության ծագման պահին գործող «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետի համաձայն դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են. ոչ առևտրային կազմակերպություններ և ֆիզիկական անձինք` դատարանների վճիռների կատարումը շրջադարձելու դիմումներով։
Նույն հոդվածի նախավերջին պարբերության համաձայն՝ նույն հոդվածի առաջին մասում նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նաև դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Իրինա Հարությունյանը և Ռաշիդ Սիմոնյանը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի ուժով ազատված են եղել հայցադիմումի, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար պետական տուրքի վճարման պարտականությունից, պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքները բավարարել։ Մասնակի բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.10.2019 թվականի որոշումը և փոփոխել այն՝ Սերոփ-Գորիոն Դեր-Բողոսսյանի իրավահաջորդ Վանիս Կորյունի Դեր-Բողոսսյանի դիմումը՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 14․09․2018 թվականի վճռի շրջադարձ կատարելու վերաբերյալ՝ Երևան քաղաքի Նալբանդյան 7-րդ շենքի թիվ 1 բնակարանի մասով, մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.10.2019 թվականի որոշումը՝ ՀՀ, ք․ Երևան, Նալբանդյան 7 շենք, 32 տարածքի «նախկին 1ա բնակարան» հասցեի մասով, թողնել օրինական ուժի մեջ։
2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Մ. Դրմեյան Զեկուցող Ս. անտոնյան Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ Գ. Հակոբյան Տ. Պետրոսյան Է. Սեդրակյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունիսի 2023 թվական: