Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-519-Ն
Տիպ
Օրենք
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (01.01.2008-30.01.2009)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2003.04.09/18(253) Հոդ.310
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
19.11.2002
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
31.03.2003
Дата вступления в силу
10.04.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2002 թվականի նոյեմբերի 19-ին

ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան և հարաբերությունների շրջանակը

 

Սույն օրենքը կարգավորում է կենսաթոշակային համակարգի կազմակերպմանը, կառավարմանը և ֆինանսավորմանն առնչվող հարաբերությունները, սահմանում է`

1) պետական կենսաթոշակային ապահովագրության կազմակերպման և իրականացման սկզբունքները.

2) կենսաթոշակային ապահովության իրավական երաշխիքները.

3) կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու պայմանները.

4) պետական կենսաթոշակի տեսակները, կենսաթոշակի նշանակման և վճարման կարգը:

 

Հոդված 2. Պետական կենսաթոշակային ապահովության և պետական կենսաթոշակային ապահովագրության կազմակերպման և իրականացման սկզբունքները

 

Պետական կենսաթոշակային ապահովության և պետական կենսաթոշակային ապահովագրության կազմակերպման և իրականացման սկզբունքներն են`

1) կենսաթոշակի իրավունքի ապահովումը` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից.

2) պետական կենսաթոշակային սոցիալական ապահովագրության պարտադիրությունը.

3) կենսաթոշակային համակարգի ֆինանսական կայունության, հաշվեկշռվածության և զարգացման ապահովումը.

4) անհատական (անձնավորված) ապահովագրական հաշիվներում արտացոլվող` կենսաթոշակային ապահովագրության համար կատարված վճարումների մասին տեղեկատվության հիման վրա կենսաթոշակների նշանակման և վճարման ապահովումը.

5) սոցիալական համերաշխության և սոցիալական արդարության ապահովումը.

6) պետության երաշխավորած նվազագույն կենսաթոշակի ապահովումը:

 

Հոդված 3. Կենսաթոշակային բնագավառի իրավական կարգավորումը

 

Կենսաթոշակային ապահովության հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական այլ ակտերով:

 

Հոդված 4. Կենսաթոշակային համակարգը

 

Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային համակարգն ընդգրկում է`

1) պետական (պարտադիր) կենսաթոշակային ապահովագրությունը, որը պետական բյուջեի միջոցների հաշվին երաշխավորում է քաղաքացիների կենսաթոշակային սոցիալական ապահովության իրականացումը` տրամադրելով սույն օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասով սահմանված կենսաթոշակներ.

2) պետական կենսաթոշակային ապահովությունը, որը պետական բյուջեի միջոցների հաշվին երաշխավորում է պետական կենսաթոշակային ապահովագրության համակարգում չընդգրկված քաղաքացիների կենսաթոշակային սոցիալական ապահովության իրականացումը ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու և օրենքով սահմանված այլ դեպքերում.

3) կամավոր կենսաթոշակային ապահովագրությունը, որը գործատուների ու քաղաքացիների կամավոր վճարների և դրանց ներդրումից ստացված եկամուտների հաշվին օրենքով սահմանված կարգով երաշխավորում է ապահովագրված անձանց լրացուցիչ սոցիալական ապահովության իրականացումը:

(4-րդ հոդվածը խմբ. 24.10.07 ՀՕ-247-Ն)

 

Հոդված 5. Պետական քաղաքականությունը կենսաթոշակային ապահովության և կենսաթոշակային ապահովագրության բնագավառում

 

Կենսաթոշակային ապահովության և կենսաթոշակային ապահովագրության բնագավառում իրականացվող պետական քաղաքականության նպատակը համապատասխան երաշխիքներ ստեղծելու միջոցով համակարգի բնականոն և արդյունավետ գործունեության, զարգացման սոցիալական ծրագրերի իրականացման ապահովումն է:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 6. Կենսաթոշակային ապահովության և կենսաթոշակային ապահովագրության բնագավառի պետական կարգավորումը

 

(1-ին մասն ուժը կորցրել է 24.10.07 ՀՕ-247-Ն)

(2-րդ մասն ուժը կորցրել է 24.10.07 ՀՕ-247-Ն)

Հայաստանի Հանրապետության կառավարությունն ապահովում է կենսաթոշակային համակարգի պետական միասնական քաղաքականության իրականացումը, կենսաթոշակային ոլորտում կրթական և գիտական գործունեության զարգացումը:

 

Հոդված 7. Կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի լիազորությունները

 

Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած` կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը`

1) իրագործում է համակարգի պետական միասնական քաղաքականությունը.

2) իրականացնում է կենսաթոշակային օրենսդրության կիրառման և անհատական հաշվառման տվյալների բազայի վարման վերահսկողությունը.

21) իրականացնում է կենսաթոշակների նշանակման (վերահաշվարկման) և վճարման մեթոդական ղեկավարումը.

3) կենսաթոշակային սոցիալական ապահովագրություն իրականացնող լիազոր մարմնից ստանում է պարտադիր սոցիալական ապահովագրության ծրագրերի իրականացմանը վերաբերող ֆինանսական և վիճակագրական տվյալներ (տեղեկություններ)` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ստուգում տվյալների հավաստիությունը.

4) (4-րդ կետն ուժը կորցրել է 24.10.07 ՀՕ-247-Ն).

5) կազմում է համակարգի զարգացման պետական համապատասխան ծրագրեր և ապահովում դրանց իրականացումը.

6) եզրակացություն է տալիս կադրերի վերապատրաստում և որակավորման բարձրացում իրականացնող ուսումնական կազմակերպությունների` կենսաթոշակային բնագավառին վերաբերող ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի, դասագրքերի և ուսումնական ձեռնարկների նախագծերի վերաբերյալ.

7) կազմում է Հայաստանի Հանրապետության բնակչության կենսաթոշակային ապահովության մասին պետական ամենամյա զեկույց և յուրաքանչյուր օրացուցային տարվա ավարտից հետո` երկու ամսվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց հետո հրապարակում է.

8) համագործակցում է համապատասխան հասարակական ու միջազգային կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հետ.

9) իրականացնում է սույն օրենքի դրույթներից և իրավական այլ ակտերից բխող այլ գործառույթներ:

(7-րդ հոդվածը փոփ. 09.11.04 ՀՕ-120-Ն)

 

Հոդված 8. Կենսաթոշակների վճարման միջոցները

 

Կենսաթոշակները վճարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի` այդ նպատակով առանձնացված միջոցներից:

(8-րդ հոդվածը խմբ. է 24.10.07 ՀՕ-247-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

Հոդված 9. Պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության ենթակա և կենսաթոշակի իրավունք ունեցող անձինք

 

1. Պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության ենթակա են հետևյալ անձինք.

1) գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվողները.

2) անհատ ձեռնարկատերերը.

3) գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատերերը:

Անձն ապահովագրական կենսաթոշակի իրավունք ունի սույն օրենքով սահմանված պայմանների բավարարման և պարտադիր սոցիալական ապահովության (մինչև 2008 թվականի հունվարի 1-ը` պարտադիր սոցիալական ապահովագրության) վճարներ (այսուհետ` սոցիալական վճար) կատարած լինելու դեպքում:

2. «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կենսաթոշակի իրավունք ձեռք չբերած անձինք կենսաթոշակի իրավունք ունեն սույն օրենքով: Այդ անձանց ապահովագրական ստաժը հաշվարկելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Պետական տարբեր կենսաթոշակների իրավունք ունեցող անձին իր ընտրությամբ նշանակվում է մեկ կենսաթոշակ:

(9-րդ հոդվածը փոփ. է 24.10.07 ՀՕ-247-Ն)

 

Հոդված 10. Օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի կենսաթոշակի իրավունքը

 

Օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:

Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը սույն օրենքով սահմանված պայմանների բավարարման և պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության վճարումներ կատարելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն հավասար:

 

Հոդված 11. Կենսաթոշակի տեսակները

 

Սույն օրենքով սահմանվում են կենսաթոշակի հետևյալ տեսակները.

1. ապահովագրական`

1) տարիքային,

2) արտոնյալ պայմաններով,

3) երկարամյա ծառայության,

4) հաշմանդամության,

5) կերակրողին կորցնելու դեպքում,

6) մասնակի.

2. սոցիալական`

1) ծերության,

2) հաշմանդամության,

3) կերակրողին կորցնելու դեպքում:

 

ԳԼՈՒԽ 4

 

ՏԱՐԻՔԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ

 

Հոդված 12. Տարիքային կենսաթոշակի իրավունքը և նշանակման պայմանները

 

Տարիքային կենսաթոշակի իրավունք ունի 63 տարին լրացած անձը` 25 տարվա ապահովագրական ստաժի առկայության դեպքում:

Մինչև սույն հոդվածի առաջին մասով սահմանված կենսաթոշակային տարիքի հասնելը կանայք կենսաթոշակի անցնելու իրավունք ունեն ըստ հետևյալ սանդղակի.

 

Ծննդյան տարեթիվ

Տարիք

Կենսաթոշակի

անցնելու տարին

01.07.1944-31.12.1944
01.01.1945-30.06.1945
01.07.1945-31.12.1945
01.01.1946-30.06.1946
01.07.1946-31.12.1946
01.01.1947-30.06.1947
01.07.1947-31.12.1947
01.01.1948- 30.06.1948
01.07.1948-31.12.1948
և հետո

 59
59,5
60
60,5
61
61,5
62
62,5
63

2003
2004
2005
2006
2007
2008
2009
2010
2011

 

Տարիքային կենսաթոշակի իրավունք ձեռք բերած անձը կենսաթոշակ նշանակելու համար կարող է դիմել առանց ժամկետի սահմանափակման:

Տարիքային կենսաթոշակը սահմանվում է ցմահ:

 

Հոդված 13. Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքը և նշանակման պայմանները

 

1. Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունի`

1) 55 տարին լրացած անձը` 25 տարվա ապահովագրական ստաժի առկայության դեպքում, որից 15 տարին` առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում (թիվ 1 Ցուցակ), եթե լրիվ աշխատանքային օրը զբաղված է եղել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքներով, ընդ որում, մինչև սույն կետով սահմանված կենսաթոշակային տարիքի հասնելը տղամարդիկ և կանայք կենսաթոշակի անցնելու իրավունք ունեն ըստ հետևյալ սանդղակի.

 

Ծննդյան

տարեթիվ

Տղամարդ

Ծննդյան տարեթիվ

Կին

Կենսաթոշակի

անցնելու տարին

01.07.1949-31.12.1949
01.01.1950-30.06.1950
01.07.1950-31.12.1950
և հետո

54
54,5
55

01.07.1954-31.12.1954
01.01.1955-30.06.1955
01.07.1955-31.12.1955
01.01.1956- 30.06.1956
01.07.1956-31.12.1956
01.01.1957- 30.06.1957
01.07.1957- 31.12.1957
01.01.1958- 30.06.1958
01.07.1958-31.12.1958
01.01.1959-30.06.1959
01.07.1959-31.12.1959
01.01.1960-30.06.1960
01.07.1960-31.12.1960
և հետո

 49
49,5
50
50,5
51
51,5
52
52,5
53
53,5
54
54,5
55

2003
2004
2005
2006
2007
2008
2009
2010
2011
2012
2013
2014
2015

 

2) 59 տարին լրացած անձը` 25 տարվա ապահովագրական ստաժի առկայության դեպքում, որից 20 տարին` վնասակար, ծանր պայմաններում (թիվ 2 Ցուցակ), եթե լրիվ աշխատանքային օրը զբաղված է եղել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքներով, ընդ որում, մինչև սույն կետով սահմանված կենսաթոշակային տարիքի հասնելը կանայք կենսաթոշակի անցնելու իրավունք ունեն ըստ հետևյալ սանդղակի.

 

Ծննդյան տարեթիվ

Կին

Կենսաթոշակի

անցնելու տարին

01.07.1949- 31.12.1949
01.01.1950- 30.06.1950
01.07.1950- 31.12.1950
01.01.1951-30.06.1951
01.07.1951-31.12.1951
01.01.1952-30.06.1952
01.07.1952-31.12.1952
01.01.1953-30.06.1953
01.07.1953-31.12.1953
01.01.1954-30.06.1954
01.07.1954-31.12.1954
և հետո

 54
54,5
55
55,5
56
56,5
57
57,5
58
58,5
59

2003
2004
2005
2006
2007
2008
2009
2010
2011
2012
2013

 

3) հիպոֆիզարային թզուկությամբ (լիլիպուտ) հիվանդ անձը` 45 տարին լրանալու և 20 տարվա ապահովագրական ստաժ ունենալու դեպքում:

2. Սույն հոդվածի առաջին մասի 1-2-րդ կետերով նախատեսված` արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների թիվ 1 և թիվ 2 Ցուցակները (այսուհետ` Ցուցակներ) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(13-րդ հոդվածը փոփ. 11.11.05 ՀՕ-223-Ն)

 

Հոդված 14. Քաղաքացիական ավիացիայի աշխատողների երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունքը և նշանակման պայմանները

 

Երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ունեն քաղաքացիական ավիացիայի հետևյալ աշխատողները.

1) թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական և թռիչքային անձնակազմի անդամները` 45 տարեկան դառնալու և 25 տարի ծառայած լինելու դեպքում, իսկ առողջական վիճակի պատճառով թռիչքային աշխատանքներից ազատված անձինք` 20 տարի ծառայած լինելու դեպքում.

2) բորտօպերատորները և բորտուղեկցորդները` 45 տարեկան դառնալու և 25 տարի ծառայած լինելու դեպքում, իսկ առողջական վիճակի պատճառով թռիչքային աշխատանքներից ազատված անձինք` 20 տարի ծառայած լինելու դեպքում.

3) օդային երթևեկության կառավարումն իրականացնող ծառայության անձնակազմի անդամները, ովքեր ունեն դիսպետչերի (ենթակարգավարի) վկայական, 50 տարեկան դառնալու և 25 տարվա ապահովագրական ստաժ ունենալու դեպքում, որից 15 տարին անմիջականորեն զբաղված են եղել օդային երթևեկության կառավարման աշխատանքներով, իսկ առողջական վիճակի պատճառով օդային երթևեկության անմիջական կառավարման աշխատանքներից ազատված անձինք` 50 տարեկան դառնալու և 25 տարվա ապահովագրական ստաժ ունենալու դեպքում, որից 10 տարին անմիջականորեն զբաղվել են օդային երթևեկության կառավարման աշխատանքներով.

4) ինժեներատեխնիկական անձնակազմի անդամները` 55 տարեկան դառնալու և 25 տարվա ապահովագրական ստաժ ունենալու դեպքում, որից 20 տարին զբաղվել են երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքներով:

Սույն հոդվածով նախատեսված կենսաթոշակի իրավունք տվող գործունեության տեսակների, պաշտոնների ցանկը և երկարամյա ծառայության ստաժի հաշվառման առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(14-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-50-Ն)

 

Հոդված 15. Սահմանված ժամկետից շուտ կենսաթոշակի անցնելու իրավունքը

 

Յուրաքանչյուր անձ 35 տարվա ապահովագրական ստաժի առկայության դեպքում կենսաթոշակի անցնելու իրավունք ունի սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված տարիքից մեկ տարի շուտ` օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 16. Կենսաթոշակի չափը հաշվարկելու կարգը

 

Կենսաթոշակի չափը հաշվարկվում է կենսաթոշակի հիմնական և ապահովագրական մասերի գումարից:

Կենսաթոշակի ապահովագրական մասը հաշվարկվում է մինչև անձնավորված հաշվառման ներդրումը ձեռք բերված ապահովագրական ստաժի և անձնավորված հաշվառման ներդրումից հետո անհատական ապահովագրական հաշիվներում արտացոլվող` կենսաթոշակային ապահովագրության համար կատարված վճարումների մասին տեղեկատվության հիման վրա:

Կենսաթոշակը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

Կ=Հ+ (ո X Ա) X Գ + Վ / Տ, որտեղ`

Կ-ն` կենսաթոշակի ամսական գումարն է,

Հ-ն` հիմնական կենսաթոշակի չափը,

ո-ը` ապահովագրական ստաժի տարիները,

Ա-ն` մինչև անձնավորված հաշվառման ներդրումը ձեռք բերված ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքը,

Գ-ն` կենսաթոշակառուի անձնական գործակիցը,

Վ-ն` անձնավորված հաշվառման ներդրումից հետո անհատական հաշիվներում արտացոլվող` կենսաթոշակային ապահովագրության համար կատարված վճարումների ընդհանուր գումարի մասին տվյալը,

Տ-ն` կենսաթոշակի անցնելու պահին կանանց և տղամարդկանց կյանքի սպասվելիք միջին տևողությունը` ամիսներով, որը յուրաքանչյուր տարի հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` ելնելով պետական վիճակագրական տեղեկատվությունից:

Անձնավորված հաշվառման ներդրումից հետո անհատական հաշիվներում արտացոլվող` կենսաթոշակային ապահովագրության համար կատարված վճարումների ընդհանուր գումարի մասին տվյալի հիման վրա (Վ /Տ) կենսաթոշակի հաշվարկման կարգը սահմանվում է առանձին օրենքով:

 

Հոդված 17. Հիմնական կենսաթոշակի չափը

 

Հիմնական կենսաթոշակի չափը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Հիմնական կենսաթոշակի սահմանվող նոր չափը չի կարող պակաս լինել հիմնական կենսաթոշակի` նախկինում սահմանված չափից:

 

Հոդված 18. Ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքը

 

Ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Ապահովագրական ստաժի մեկ տարվա սահմանվող նոր արժեքը չի կարող պակաս լինել ապահովագրական ստաժի մեկ տարվա` նախկինում սահմանված արժեքից:

 

Հոդված 19. Կենսաթոշակառուի անձնական գործակիցը

 

Կենսաթոշակառուի անձնական գործակիցը (Գ) հաշվարկվում է կենսաթոշակառուի ունեցած փաստացի ստաժի տարիների և սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված պահանջվող ստաժի (25 տարի) հարաբերությամբ. ընդ որում, 25 տարին գերազանցող ապահովագրական ստաժի յուրաքանչյուր մեկ տարվա համար գործակիցը սահմանվում է 0,02:

 

Հոդված 20. Ոչ լրիվ ապահովագրական ստաժով տարիքային կենսաթոշակը

 

Տարիքային կենսաթոշակ նշանակելու համար պահանջվող ստաժ չունեցող, սույն օրենքի 12-րդ հոդվածով և 13-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված կենսաթոշակային տարիքի քաղաքացին առնվազն հինգ տարվա ապահովագրական ստաժի առկայության դեպքում ունի ոչ լրիվ ապահովագրական ստաժով տարիքային կենսաթոշակի իրավունք:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ

 

Հոդված 21. Հաշմանդամության կենսաթոշակի իրավունքը և նշանակման պայմանները

 

Հաշմանդամության կենսաթոշակ նշանակվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված անձին`

1) աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով` անկախ ապահովագրական ստաժից.

2) ընդհանուր հիվանդության, մանկուց հիվանդության, բնական, տեխնածին և այլ աղետների հետևանքով, եթե հաշմանդամություն սահմանելու ժամանակ անձն ունեցել է հետևյալ ապահովագրական ստաժը.

 

Տարիքային խումբը

Ապահովագրական ստաժը

մինչև 23

2 տարի

23-26

3 տարի

26-30

4 տարի

30 և ավելի

5 տարի

 

Աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով հաշմանդամության կենսաթոշակն ընդհանուր հիվանդության հետևանքով հաշմանդամության կենսաթոշակի փոխվելու դեպքում անհրաժեշտ ապահովագրական ստաժը որոշվում է առաջնակի հաշմանդամության խումբ սահմանելու ժամանակ անձի ունեցած տարիքին համապատասխան: Կենսաթոշակը սահմանվում է հաշմանդամության ամբողջ ժամանակահատվածի համար:

(21-րդ հոդվածը լրաց. 11.11.05 ՀՕ-223-Ն)

 

Հոդված 22. Աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով հաշմանդամ ճանաչված անձին կենսաթոշակ վճարելը

 

Աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով հաշմանդամ ճանաչված անձի կենսաթոշակը վճարում է սույն օրենքի 50-րդ հոդվածով սահմանված` կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը` գործատուի, գործատու հանդիսացող իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքում` դրա իրավահաջորդի միջոցներից, իսկ գործատուի լուծարման (անհատ ձեռնարկատեր հանդիսացող գործատուի մահվան կամ գործունեության դադարեցման) դեպքում` համապատասխան վճարները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կապիտալացվում են` դրանք կենսաթոշակառուին վճարելու համար:

Գործատուն կամ դրա իրավահաջորդը աշխատանքի վարձատրության համար նախատեսված միջոցներից պետական բյուջեին վճարումներ է կատարում կենսաթոշակ վճարելու համար մինչև կենսաթոշակառուի` սույն օրենքով սահմանված տարիքային կենսաթոշակի իրավունք ձեռք բերելը:

(22-րդ հոդվածը փոփ. 09.11.04 ՀՕ-120-Ն, 24.10.07 ՀՕ-247-Ն)

 

Հոդված 23. Հաշմանդամության կենսաթոշակ վճարելու ժամկետը հաշմանդամության խումբը փոխվելու կամ վերափորձաքննությամբ հաշմանդամ չճանաչվելու դեպքում

 

Հաշմանդամության խումբը փոխվելու դեպքում կենսաթոշակը նոր չափով վճարվում է այդ հանգամանքի առաջացման ամսին հաջորդող ամսվա 1-ից:

Բժշկասոցիալական վերափորձաքննությամբ հաշմանդամ չճանաչվելու դեպքում կենսաթոշակը վճարվում է մինչև հաշմանդամության ժամկետը լրանալու ամսվա վերջը:

(23-րդ հոդվածը փոփ. 11.11.05 ՀՕ-223-Ն)

 

Հոդված 24. Հաշմանդամության կենսաթոշակ վճարելու պայմանները հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը բաց թողնելու դեպքում

 

Հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը բաց թողնելու դեպքում երեք ամսվա ընթացքում վերափորձաքննության ներկայանալու և այդ ժամանակահատվածում հաշմանդամ ճանաչվելու դեպքում կենսաթոշակ վճարելը վերսկսվում է կասեցման օրվանից:

Վերափորձաքննությամբ վերստին հաշմանդամ ճանաչվելու դեպքում կենսաթոշակն այդ ժամանակահատվածի համար վճարվում է նախկին հաշմանդամության խմբով հաշվարկված չափով:

Սույն հոդվածի դրույթները տարածվում են նաև «Հաշմանդամ երեխա» ճանաչված անձանց վրա:

(24-րդ հոդվածը փոփ. 11.11.05 ՀՕ-223-Ն)

 

Հոդված 25. Հաշմանդամության կենսաթոշակի հաշվարկման կարգը

 

Հաշմանդամության կենսաթոշակը հաշվարկվում է սույն օրենքի 16-րդ հոդվածով սահմանված կարգով:

Հաշմանդամության հիմնական կենսաթոշակի չափը կազմում է`

1) առաջին խմբի համար` հիմնական կենսաթոշակի 140 տոկոսը.

2) երկրորդ խմբի համար` հիմնական կենսաթոշակի 120 տոկոսը.

3) երրորդ խմբի համար` հիմնական կենսաթոշակի 100 տոկոսը:

(25-րդ հոդվածը փոփ. 11.11.05 ՀՕ-223-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ԿԵՐԱԿՐՈՂԻՆ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՏՐՎՈՂ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ

 

Հոդված 26. Կերակրողին կորցնելու դեպքում ապահովագրական կենսաթոշակի իրավունքը

 

Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեն ընտանիքի հետևյալ անդամները.

1) 18 տարին չլրացած երեխան, եղբայրը, քույրը և թոռը, ընդ որում, եղբայրը, քույրը և թոռը, եթե չունեն աշխատունակ ծնողներ և չեն աշխատում.

2) ամուսինը կամ ընտանիքի այլ գործունակ չափահաս անդամը կամ օրենքով սահմանված կարգով խնամակալ ճանաչված անձը` անկախ տարիքից ու աշխատունակությունից, եթե նա զբաղված է մահացած կերակրողի ութ տարին չլրացած երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան խնամքով և չի աշխատում.

3) կերակրողի մահվան պահին սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած կամ անկախ տարիքից հաշմանդամ ճանաչված զավակները, ծնողները, ամուսինը, եթե չեն աշխատում:

Ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորողը կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունի մինչև ուսումնական հաստատությունն ավարտելը, բայց մինչև իր 23 տարին լրանալը:

Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակը սահմանվում է սույն հոդվածով նախատեսված ամբողջ ժամանակահատվածի համար:

Սույն հոդվածի դրույթները տարածվում են նաև մահացած ճանաչված անձի ընտանիքի վրա: Մահացած ճանաչված անձի ընտանիքի անդամներին կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ նշանակելիս այդ անձի մահվան օր է համարվում նրան մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռում սահմանված օրը:

 

Հոդված 27. Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ նշանակելու պայմանները

 

Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ է նշանակվում ընտանիքի` սույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված այն անդամներին, ովքեր մինչև կերակրողի մահը գտնվել են նրա խնամքի տակ:

Երեխաների` մահացած ծնողի (ծնողների) խնամքի տակ գտնվելը ենթադրվում է և ապացույցներ չի պահանջում:

Ընտանիքի` կենսաթոշակի իրավունք ունեցող բոլոր անդամների համար նշանակվում է մեկ ընդհանուր կենսաթոշակ:

Ընտանիքի անդամի պահանջով կենսաթոշակի նրա բաժինն առանձնացվում և վճարվում է առանձին` առանձնացման վերաբերյալ դիմումը տալու ամսին հաջորդող ամսվա 1-ից:

Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակով ապահովվող ընտանիքի անդամների թիվը փոփոխվելիս կենսաթոշակի չափը փոխվում է ընտանիքի` կենսաթոշակի իրավունք ունեցող անդամների թվին համապատասխան:

Ընդհանուր հիվանդության (այդ թվում` աշխատանքի հետ չկապված խեղման) հետևանքով մահացած անձի ընտանիքին ապահովագրական կենսաթոշակ նշանակվում է, եթե կերակրողը մահվան պահին ունեցել է սույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված հաշմանդամության կենսաթոշակ նշանակելու համար պահանջվող ստաժը:

Աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով մահացած անձի ընտանիքին կենսաթոշակ նշանակվում է` անկախ ապահովագրական ստաժի տևողությունից:

 

Հոդված 28. Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակը հաշվարկելու կարգը

 

Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակը հիմնական կենսաթոշակի չափով նշանակվում է ընտանիքի` սույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված անդամներից յուրաքանչյուրին` ավելացնելով մահացած կերակրողի հաշվարկված կենսաթոշակի ապահովագրական մասը հետևյալ չափերով.

1) մեկ խնամարկյալին` 50 տոկոսի չափով.

2) երկու խնամարկյալին` 90 տոկոսի չափով.

3) երեք խնամարկյալին` 120 տոկոսի չափով.

4) չորս և ավելի խնամարկյալին` 150 տոկոսի չափով:

Երկկողմանի ծնողազուրկ յուրաքանչյուր երեխայի կենսաթոշակը նշանակվում է` հիմնական կենսաթոշակի հնգապատիկին ավելացնելով յուրաքանչյուր ծնողի հաշվարկված կենսաթոշակի ապահովագրական մասը` սույն հոդվածի առաջին մասով սահմանված չափերով:

(28-րդ հոդվածը փոփ. 11.05.04 ՀՕ-72-Ն)

 

Հոդված 29. Որդեգրողի, որդեգրվածի, խորթ հոր (մոր) և խորթ որդու (դստեր) կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունքը

 

Սույն հոդվածով նախատեսված` որդեգրողի և որդեգրվածի կենսաթոշակի իրավունքն ու կենսաթոշակի չափերը սահմանվում են սույն օրենքի 27-28-րդ հոդվածներով:

Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստացող անչափահասն այդ իրավունքը պահպանում է նաև որդեգրվելու դեպքում:

Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստացող որդեգրվածը որդեգրողի մահվան դեպքում կենսաթոշակի ընտրության իրավունք ունի:

Խորթ հայրը (մայրը) կենսաթոշակի իրավունք ունի հարազատ հորը (մորը) հավասար, եթե մահացած խորթ որդուն կամ դստերն անչափահաս տարիքում խնամել է առնվազն 5 տարի:

Խորթ որդին (դուստրը) կենսաթոշակի իրավունք ունի հարազատ որդուն (դստերը) հավասար:

 

Հոդված 30. Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ վճարելը

 

Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակը վճարվում է ընտանիքի` գործունակ չափահաս, ինչպես նաև օրենքով իրենց եկամուտը տնօրինելու իրավունք ունեցող անչափահաս անդամներից որևէ մեկին կամ խնամակալին:

Կենսաթոշակի չափը փոփոխվում կամ ընտանիքի անդամներին դրա վճարումը դադարեցվում է սույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունքը դադարելու հանգամանքների առաջացման ամսին հաջորդող ամսվա 1-ից:

Բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատանը) ապրող երեխային վճարվում է կենսաթոշակի 50 տոկոսը: Այդ գումարները, մինչև երեխայի չափահաս դառնալը, կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգով կուտակվում են երեխայի անունով հատուկ այդ նպատակով բացված համապատասխան հաշվում և երեխայի չափահաս դառնալու օրվան հաջորդող մեկ ամսվա ընթացքում վճարվում են միանվագ կարգով:

(30-րդ հոդվածը փոփ. 11.11.05 ՀՕ-223-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ

 

Հոդված 31. Ծերության սոցիալական կենսաթոշակի իրավունքը և նշանակման պայմանները

 

Սույն օրենքով սահմանված տարիքային ապահովագրական կենսաթոշակի իրավունք չունեցող անձին 65 տարին լրանալու դեպքում նշանակվում է ծերության սոցիալական կենսաթոշակ:

Ծերության սոցիալական կենսաթոշակի իրավունք ձեռք բերած անձը կենսաթոշակ նշանակելու համար կարող է դիմել առանց ժամկետի սահմանափակման:

Ծերության սոցիալական կենսաթոշակը նշանակվում է ցմահ:

 

Հոդված 32. Ծերության սոցիալական կենսաթոշակի չափը

 

Ծերության սոցիալական կենսաթոշակը նշանակվում է օրենսդրությամբ սահմանված հիմնական կենսաթոշակի չափով:

 

Հոդված 33. Հաշմանդամության սոցիալական կենսաթոշակի իրավունքը և նշանակման պայմանները

 

Սույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված հաշմանդամության ապահովագրական կենսաթոշակի իրավունք չունեցող հաշմանդամին, ինչպես նաև «Հաշմանդամ երեխա» ճանաչված անձին նշանակվում է հաշմանդամության սոցիալական կենսաթոշակ:

Հաշմանդամության սոցիալական կենսաթոշակը սահմանվում է հաշմանդամության ամբողջ ժամանակահատվածի համար:

 

Հոդված 34. Հաշմանդամության սոցիալական կենսաթոշակի չափը

 

Հաշմանդամության սոցիալական կենսաթոշակ նշանակվում է`

1) առաջին խմբի հաշմանդամին և «Հաշմանդամ երեխա» ճանաչված անձին` հիմնական կենսաթոշակի 140 տոկոսի չափով.

2) երկրորդ խմբի հաշմանդամին` հիմնական կենսաթոշակի 120 տոկոսի չափով,

3) երրորդ խմբի հաշմանդամին` հիմնական կենսաթոշակի 100 տոկոսի չափով:

(34-րդ հոդվածը փոփ. 11.11.05 ՀՕ-223-Ն)

 

Հոդված 35. Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունքը, չափը և նշանակման պայմանները

 

Սույն օրենքով սահմանված` կերակրողին կորցնելու դեպքում ապահովագրական կենսաթոշակի իրավունք չունեցող անձին նշանակվում է կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ:

Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակը նշանակվում է սույն օրենքի 26-27-րդ և 29-30-րդ հոդվածներով նախատեսված կարգով, որոնց դրույթները տարածվում են նաև առանց ծնողական խնամքի մնացած այն երեխաների վրա, որոնց ծնողներն անհայտ են:

Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակը ընտանիքի` սույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված անդամներից յուրաքանչյուրին նշանակվում է հիմնական կենսաթոշակի չափով:

Երկկողմանի ծնողազուրկ յուրաքանչյուր երեխայի կենսաթոշակը նշանակվում է հիմնական կենսաթոշակի հնգապատիկի չափով:

(35-րդ հոդվածը փոփ. 11.05.04 ՀՕ-72-Ն)

 

Հոդված 36. Սոցիալական կենսաթոշակների ֆինանսավորումը

 

(36-րդ հոդվածն ուժը կորցրել է 24.10.07 ՀՕ-247-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԵՎ ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ՄԱՍՆԱԿԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ

 

Հոդված 37. Առանձնապես վնասակար, առանձնապես ծանր, վնասակար, ծանր պայմաններում աշխատելու և երկարամյա ծառայության համար տրվող մասնակի կենսաթոշակի իրավունքը և նշանակման պայմանները

 

Մասնակի կենսաթոշակի իրավունք ունեն`

1) (1-ին կետը ուժը կորցրել է 11.11.05 ՀՕ-223-Ն).

2) կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողները` 55 տարին լրանալու և մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն առնվազն 12 տարվա մասնագիտական ապահովագրական ստաժ ձեռք բերած լինելու դեպքում.

3) թատերական և թատերահանդիսային կազմակերպությունների որոշ կատեգորիաների դերասանները` 50 տարին լրանալու և մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն առնվազն 12 տարվա մասնագիտական ապահովագրական ստաժ ձեռք բերած լինելու դեպքում:

Մասնակի կենսաթոշակի իրավունք տվող պաշտոնների և աշխատանքային գործունեության տեսակների ցանկերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Մասնակի կենսաթոշակ նշանակվում է դրա իրավունքը տվող պաշտոններում և մասնագիտություններով աշխատելու ընթացքում ձեռք բերված ապահովագրական ստաժին համամասնորեն: Այդ իրավունքը տվող ստաժում հաշվառվում է մինչև սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված ցանկերը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանելն աշխատած ժամանակահատվածը:

Մասնակի կենսաթոշակ սահմանվում է մինչև սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված տարիքային կենսաթոշակի տարիքը լրանալը:

(37-րդ հոդվածը փոփ. 11.11.05 ՀՕ-223-Ն)

 

Հոդված 38. Մասնակի կենսաթոշակ ստանալու համար դիմելու ժամկետն ու կարգը

 

Մասնակի կենսաթոշակ ստանալու իրավունք տվող ապահովագրական ստաժ ունեցող և սույն օրենքի 37-րդ հոդվածով սահմանված տարիքը չլրացած անձը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` հինգ տարվա ընթացքում, պարտավոր է հաշվառվելու համար դիմել իր մշտական բնակության վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում:

Մասնակի կենսաթոշակին առնչվող հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով:

Մասնակի կենսաթոշակի հաշվարկման, նշանակման և վճարման առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 39. Մասնակի կենսաթոշակ վճարելու միջոցները

 

(39-րդ հոդվածն ուժը կորցրել է 24.10.07 ՀՕ-247-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  9

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ (ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ) ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

 

Հոդված 40. Կենսաթոշակային ապահովագրության ենթակա անձանց անհատական (անձնավորված) հաշվառման տվյալների բազայի ստեղծման նպատակը

 

Անհատական (անձնավորված) հաշվառումն արտացոլում է ապահովագրության ենթակա անձանց պարտադիր կենսաթոշակային ապահովագրության համար կատարված ապահովագրական վճարումների մասին անձնավորված տեղեկատվություն:

Կենսաթոշակային ապահովագրության ենթակա անձանց անհատական (անձնավորված) հաշվառման տվյալների միասնական բազայի (այսուհետ` բազա) ստեղծման նպատակն է`

1) ապահովել կենսաթոշակային ապահովագրության ենթակա անձանց մասին տվյալներ հավաքելը.

2) նպաստել կենսաթոշակային ապահովագրության ոլորտի հարաբերությունների կարգավորմանը և ապահովել ֆիզիկական անձի կենսաթոշակային ապահովագրության իրավունքի պաշտպանությունը.

3) կենսաթոշակի չափը պայմանավորել կատարված ապահովագրական վճարումներով և ապահովագրական ստաժի տևողությամբ.

4) անհատական հաշիվներում արտացոլել կենսաթոշակային ապահովագրության համար կատարված վճարումների և աշխատավարձի չափերը, ինչպես նաև կենսաթոշակի իրավունք տվող` օրենքով նախատեսված այլ տվյալներ:

 

Հոդված 41. Կենսաթոշակային սոցիալական ապահովագրության համար անհրաժեշտ բազայի ձևավորումը

 

Կենսաթոշակային սոցիալական ապահովագրության համար անհրաժեշտ բազան ձևավորվում է`

1) աշխատող քաղաքացիների մասին կենսաթոշակային սոցիալական ապահովագրություն իրականացնող լիազոր մարմին գործատուների և ֆիզիկական անձանց կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ներկայացվող տվյալներից.

2) գործատուների և ֆիզիկական անձանց կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով և ծավալով ներկայացվող այլ տվյալներից.

3) ֆիզիկական անձանց մահվան մասին քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից ներկայացվող տվյալներից.

4) օրենքով սահմանված կարգով պահանջվող անհրաժեշտ այլ տվյալներից:

(41-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-184-Ն)

 

Հոդված 42. Անհատական (անձնավորված) հաշվում ներառվող տեղեկատվությունը

 

Պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության ենթակա յուրաքանչյուր ֆիզիկական անձի համար անձնավորված հաշվառման բազայում էլեկտրոնային և փաստաթղթային տեսքով բացված հաշվառման քարտում արտացոլվում են ֆիզիկական անձի սոցիալական ապահովության քարտի կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը և հետևյալ տվյալները.

1) ազգանունը, անունը, հայրանունը.

2) ծննդյան օրը, ամիսը և տարին.

3) (3-րդ կետը ուժը կորցրել է 11.11.05 ՀՕ-223-Ն)

4) սեռը.

5) հաշվառման և (կամ) փաստացի բնակության վայրի հասցեն.

6) այն փաստաթղթի անվանումը, տալու ժամկետը, սերիան, համարը, որից վերցվել են տվյալները.

7) քաղաքացիությունը.

8) ֆիզիկական անձի խնամքի տակ գտնվող ընտանիքի անդամների մասին օրենսդրությամբ սահմանված տվյալները և նրանց սոցիալական ապահովության քարտերի կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքների համարները.

9) աշխատավարձի (դրան հավասարեցված եկամտի) չափը, որից կենսաթոշակային ապահովագրության համար վճարումներ են կատարվել.

10) ապահովագրական վճարումների չափը` նշելով այն տարին և ամիսը, որոնց համար դրանք կատարվել են.

11) աշխատանքային և հանրօգուտ այլ գործունեության, պարտադիր զինվորական ծառայության, գործազրկության և օրենսդրությամբ սահմանված այլ ժամանակահատվածների մասին տվյալներ.

12) արտոնյալ կենսաթոշակային ապահովագրության իրավունք տվող աշխատանքի հատուկ պայմանների մասին տվյալներ.

13) կենսաթոշակների նշանակման, հաշվարկման (վերահաշվարկման) և վճարման օրը, ամիսը և տարին, կենսաթոշակի չափը.

14) կուտակման սկզբունքով ձևավորվող` կենսաթոշակային ապահովագրության համար կատարված վճարումների մասին տվյալներ.

15) տեղեկություն ֆիզիկական անձի մահվան մասին:

Անհատական հաշվի` ֆիզիկական անձի հաշվառման քարտի ձևը սահմանում է կենսաթոշակային սոցիալական ապահովագրության բազան ձևավորող և վարող լիազոր մարմինը:

(42-րդ հոդվածը փոփ. 24.09.03 ՀՕ-3-Ն, 14.12.04 ՀՕ-184-Ն, 11.11.05 ՀՕ-223-Ն, լրաց. 22.02.07 ՀՕ-106-Ն)

 

Հոդված 43. Կենսաթոշակային սոցիալական ապահովագրության բազայի վարումը

 

Կենսաթոշակային սոցիալական ապահովագրության ենթակա անձանց անհատական (անձնավորված) հաշվառման բազան Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ձևավորում և վարում է կենսաթոշակային սոցիալական ապահովագրություն իրականացնող լիազոր մարմինը:

Անհատական տվյալները պաշտպանվում են օրենքով սահմանված կարգով:

Ֆիզիկական անձն իրավունք ունի օրենսդրությամբ սահմանված կարգով ծանոթանալ անհատական (անձնավորված) հաշվառման բազայի` իրեն վերաբերող տվյալներին:

(43-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-184-Ն)

 

Հոդված 44.

Կենսաթոշակային սոցիալական ապահովագրության բազայի տվյալների օգտագործումը

 

Կենսաթոշակային սոցիալական ապահովագրության բազայի տվյալներն օգտագործվում են կենսաթոշակ նշանակելու, հաշվարկելու (վերահաշվարկելու), վճարելու համար և օրենքով սահմանված այլ նպատակներով:

Կենսաթոշակային սոցիալական ապահովագրության բազայի տվյալներն անձի մահվանից հետո պահպանվում են օրենքով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  10

 

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՏԱԺԸ ԵՎ ԴՐԱ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

 

Հոդված 45.  Ապահովագրական ստաժը և դրանում հաշվառվող գործունեության ժամանակահատվածները

 

1. Ապահովագրական ստաժը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված աշխատանքային և այլ գործունեության ժամանակահատվածների հանրագումարն է, որի ընթացքում ֆիզիկական անձը ենթակա է եղել պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության, և նրա կողմից օրենքով սահմանված կարգով կատարվել են սոցիալական վճարներ:

Ապահովագրական ստաժը հաշվառվում է տարիներով և հաշվարկվում է` օրենքով սահմանված չափերով վճարումներ կատարած ամիսների թիվը 12-ի բաժանելով:

Եթե ապահովագրված անձի կատարած սոցիալական վճարները պակաս են եղել վճարելու պահին գործող օրենքով սահմանված տարեկան չափից, ապա այդ տարվա ապահովագրական ստաժը համամասնորեն պակասեցվում է:

2. Մեկ օրացուցային տարվա համար չի կարող հաշվարկվել մեկ տարուց ավելի ապահովագրական ստաժ, բացառությամբ սույն օրենքի 48-րդ հոդվածով սահմանված կարգի:

3. Ուսումնական հաստատություններում առկա (ցերեկային) ուսման ժամանակահատվածները հաշվառվում են ապահովագրական ստաժի մեջ, եթե ուսման տարիներին կամ ուսումն ավարտելուց հետո` տասը տարվա ընթացքում, ֆիզիկական անձը վճարումներ է կատարել վճարման պահին գործող օրենսդրությամբ վարձու աշխատողի համար սահմանված սոցիալական վճարի նվազագույնի չափով:

4. Զինվորական ծառայությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի, արտակարգ իրավիճակների հանրապետական գործադիր մարմիններում, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում գործող բանակի կազմում, պարտիզանական ջոկատներում և միավորումներում գտնվելու ժամանակահատվածները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հաշվառվում են ապահովագրական ստաժում:

41. Աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող` հաշմանդամ ճանաչված անձի հաշմանդամության ամբողջ ժամանակահատվածը հաշվառվում է ապահովագրական ստաժում, բայց մինչև նրա տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը:

5. Կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ 5 տարվա ապահովագրական (աշխատանքային) ստաժի առկայության դեպքում ապահովագրական ստաժում հաշվառվում են նաև`

1) պարտադիր զինվորական ծառայության ժամանակահատվածը.

2) ժամանակավոր անաշխատունակության նպաստ ստանալու ժամանակահատվածը.

3) գործազրկության նպաստ ստանալու ժամանակահատվածը.

4) ծնողներից (որդեգրողներից, խնամակալներից) մեկի` հաշմանդամ երեխային մինչև նրա 18 տարին լրանալը կամ խնամակալ ճանաչված անձի` առաջին խմբի հաշմանդամին խնամելու ժամանակահատվածը` տասը տարուց ոչ ավելի.

5) ծնողներից (որդեգրողներից) մեկի` մինչև յուրաքանչյուր երեխայի երկու տարին լրանալը երեխային խնամելու ժամանակահատվածը` վեց տարուց ոչ ավելի.

6) բռնադատված, անհիմն կերպով քրեական պատասխանատվության ենթարկված և հետագայում օրենքով սահմանված կարգով արդարացված անձի` կալանքի տակ գտնվելու, ազատազրկման վայրերում և աքսորավայրերում պատիժ կրելու ժամանակահատվածները.

7) սպայական կազմի, ենթասպայական կազմի և գերակետիկ ծառայության զինծառայող ամուսնու հետ համատեղ ապրած ժամանակահատվածն այն վայրերում, որտեղ բացակայել է ըստ մասնագիտության աշխատանքի տեղավորվելու հնարավորությունը, սակայն հինգ տարուց ոչ ավելի.

8) օտարերկրյա պետությունում գործող` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմին դիվանագիտական ծառայության մեկնած ամուսնու հետ համատեղ ապրած ժամանակահատվածը, սակայն հինգ տարուց ոչ ավելի:

Սույն հոդվածի հինգերորդ մասի 1-8-րդ կետերով սահմանված ժամանակահատվածները ապահովագրական (աշխատանքային) ստաժում հաշվառվում են նաև ընդհանուր հիվանդության հետևանքով հաշմանդամ դարձած անձին կամ ընդհանուր հիվանդության հետևանքով մահացած անձի ընտանիքին կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ` սույն օրենքի 21-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետով սահմանված ապահովագրական (աշխատանքային) ստաժի առկայության դեպքում:

6. Սույն հոդվածի չորրորդ մասով և հինգերորդ մասի 1-ին, 4-8-րդ կետերով սահմանված ժամանակահատվածների համար ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցներից` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(45-րդ հոդվածը լրաց. 11.11.05 ՀՕ-223-Ն, փոփ. 24.10.07 ՀՕ-247-Ն)

 

Հոդված 46. Ապահովագրական ստաժը հաշվառելու կարգը

 

Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը և անհատական հաշվառման բազայի ձևավորումը ապահովագրված անձի ունեցած աշխատանքային ստաժը օրենսդրությամբ սահմանված կարգով, համապատասխան փաստաթղթերի հիման վրա, հաշվառվում է ապահովագրական ստաժում:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց և անհատական հաշվառման բազայի ձևավորումից հետո ապահովագրված անձի ձեռք բերած ապահովագրական ստաժը հաշվարկվում է անհատական (անձնավորված) հաշվառման տվյալների հիման վրա:

 

Հոդված 47. Ապահովագրական ստաժը հաստատելու կարգը և ստաժը հաստատող փաստաթղթերը

 

Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը և անհատական հաշվառման բազայի ձևավորումը ապահովագրված անձի ունեցած աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթն աշխատանքային գրքույկն է, իսկ 1992 թվականի հունվարից սկսած` նաև սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը: Աշխատանքային գրքույկի կամ դրանում համապատասխան գրառումների կամ ստաժը հաստատող` օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթերի բացակայության դեպքում աշխատանքային ստաժը հաստատվում է արխիվային տեղեկանքով, իսկ դրա բացակայության դեպքում` դատական կարգով:

Պահանջվող (25 տարի) ապահովագրական ստաժի առկայության դեպքում ստաժը դատական կարգով չի հաստատվում:

Դատական կարգով ստաժը կարող է հաստատվել պահանջվող ստաժի պակասող մասը, սակայն տասը տարվա ստաժից ոչ ավելի:

(47-րդ հոդվածը լրաց. 11.11.05 ՀՕ-223-Ն, փոփ. 24.10.07 ՀՕ-247-Ն)

Ներմուծեք նկարագրությունը_21506 (47 հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը ճանաչվել են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18 և 37 հոդվածներին հակասող և անվավեր 29.01.08 ՍԴՈ-731 որոշմամբ:)

 

Հոդված 48. Ստաժի հաշվառման առանձնահատկությունները

 

1. Ապահովագրական ստաժում եռակի չափով հաշվառվում են`

1) բռնադատված կամ անհիմն կերպով քրեական պատասխանատվության ենթարկված և հետագայում օրենքով սահմանված կարգով արդարացված անձի` կալանքի տակ գտնվելու, ազատազրկման վայրերում և աքսորավայրերում պատիժ կրելու ժամանակահատվածները.

2) մարտական գործողությունների ընթացքում գործող բանակի կազմում, պարտիզանական ջոկատներում և միավորումներում գտնվելու ժամանակահատվածները:

2. Քաղաքացիական ավիացիայի թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական, թռիչքային անձնակազմի անդամների երկարամյա ծառայության ժամկետները հաշվարկվում են`

1) մխոցային օդանավերով կատարած յուրաքանչյուր 20 ժամ թռիչքը` որպես մեկ ամսվա ստաժ.

2) ռեակտիվ օդանավերով, ուղղաթիռներով, հատուկ կիրառման ավիացիայում (սանիտարական թռիչքներ, ավիաքիմիական աշխատանքներ, ավիալուսանկարահանում, պարեկություն, մթնոլորտի զոնդում և այլ տեսակի աշխատանքներ), այլ պետությունների օդանավերին ուղեկցող խմբերի թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական, թռիչքային անձնակազմի անդամների պաշտոններում աշխատելու, ինչպես նաև ավիացիայի թռիչքային անձնակազմի կադրերի պատրաստման և որակավորման բարձրացման բարձրագույն և միջնակարգ ուսումնական հաստատություններում սովորելու ժամանակ կատարած յուրաքանչյուր 12 ժամ թռիչքը` որպես մեկ ամսվա ստաժ.

3) վթարային-փրկարարական (որոնող-փրկարարական) ստորաբաժանումներում օդանավերի թռչող անձնակազմի մեկ տարվա աշխատանքը` որպես մեկուկես տարվա ստաժ.

4) ԴՕՍԱԱՖ-ի ուսումնական և սպորտային ավիացիայի կազմակերպությունների թռչող անձնակազմի պաշտոններում կատարած մեկ տարվա ծառայությունը որպես`

մեկուկես տարվա ստաժ, եթե կատարվել է ուսումնաթռիչքային պատրաստման պլանը,

երկու տարվա ստաժ, եթե կատարվել են թռիչքային բարդ կամ բարձրակարգ հնարքներ.

5) պարաշյուտիստների և փրկարարների մեկ տարվա ծառայությունը որպես` մեկուկես տարվա ստաժ, եթե կատարվել է մխոցային օդանավերից, ուղղաթիռներից, դիրիժաբլներից և աերոստատներից թռչելու, տաս մետրից ոչ պակաս բարձրության վրա կախման ռեժիմում գտնվող ուղղաթիռներից հատուկ իջեցնող հարմարանքներով վայրէջքի տարեկան նորման,

երկու տարվա ստաժ, եթե կատարվել է ռեակտիվ ինքնաթիռներից և ուղղաթիռներից թռչելու տարեկան նորման:

3. Սույն հոդվածի երկրորդ մասի 4-5-րդ կետերով սահմանված ծառայության ժամկետների արտոնյալ հաշվարկման իրավունք տվող պայմանները չկատարելու դեպքում մեկ տարվա ծառայությունը հաշվարկվում է որպես մեկ տարվա ստաժ:

4. Ստաժի հաշվարկման, դրանում աշխատանքային կամ այլ բնույթի գործունեության առանձին տեսակների հաշվառման, ստաժի հաստատման կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Պատերազմների, ռազմական գործողությունների, տարերային աղետների, վթարների, արհավիրքների և այլ արտակարգ իրավիճակների հետևանքով ապահովագրական ստաժը հաստատող փաստաթղթերի ձեռքբերման անհնարինության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունն ստեղծում է ապահովագրական ստաժ սահմանող հանձնաժողովներ, որոնց կազմի մեջ մտնում են գործադիր իշխանությունների, գործատուների, արհմիությունների կամ աշխատողների կողմից լիազորված այլ ներկայացուցիչներ:

 

Գ Լ ՈՒ Խ  11

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼԸ ԵՎ ՎՃԱՐԵԼԸ

 

Հոդված 49. Կենսաթոշակային ապահովագրություն իրականացնող լիազոր մարմինը

 

(49-րդ հոդվածն ուժը կորցրել է 24.10.07 ՀՕ-247-Ն)

 

Հոդված 50. Կենսաթոշակ նշանակելը

 

Կենսաթոշակը քաղաքացու գրավոր դիմումի հիման վրա նշանակում է կենսաթոշակային սոցիալական ապահովագրություն իրականացնող լիազոր մարմնի ստորաբաժանումը (այսուհետ` կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում)` ըստ Հայաստանի Հանրապետությունում նրա հաշվառման վայրի, իսկ հաշվառման վայր չունեցող անձին կենսաթոշակ նշանակվում է ըստ նրա փաստացի բնակության վայրի:

Կենսաթոշակ նշանակելու համար դիմելու օր է համարվում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման կողմից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով դիմումն ընդունելու օրը: Եթե նշված դիմումն առաքվում է փոստով, և դրան կցվում են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, ապա կենսաթոշակ նշանակելու համար դիմելու օր է համարվում այդ դիմումն ուղարկող փոստային բաժանմունքի դրոշմակնիքի վրա նշված օրը:

Այն դեպքում, երբ դիմումին կցվում են ոչ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը երեք աշխատանքային օրվա ընթացքում դիմողին գրավոր տեղեկացնում է, թե ինչ փաստաթղթեր պետք է լրացուցիչ ներկայացվեն: Տեղեկացվելուց հետո` երեք ամսվա ընթացքում, այդ փաստաթղթերը ներկայացվելու դեպքում դիմելու օր է համարվում կենսաթոշակ նշանակելու համար դիմումն ընդունելու օրը կամ փոստային բաժանմունքի դրոշմակնիքի վրա նշված օրը:

Կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու) կամ կենսաթոշակի տեսակը փոխելու դիմումը բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով ընդունելուց կամ փաստաթղթերը սույն հոդվածի երկրորդ և երրորդ մասերով սահմանված կարգով ներկայացվելուց հետո կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը յոթ աշխատանքային օրվա ընթացքում դրանք քննարկում և որոշում է կայացնում:

Դիմումը մերժելու մասին որոշում կայացնելու դեպքում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր ծանուցում է դիմողին` նշելով մերժելու պատճառը, բողոքարկելու կարգը, և վերադարձնում է բոլոր փաստաթղթերը:

Կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակ փոխելու, կենսաթոշակ վճարելու և կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 51. Կենսաթոշակ նշանակելու ժամկետները

 

Կենսաթոշակ նշանակվում է`

1) դիմելու օրվանից.

2) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչվելու օրվանից, եթե կենսաթոշակի նշանակման դիմումը տրվել է այդ օրվանից հետո` եռամսյա ժամկետում.

3) կերակրողի մահվան օրվանից, եթե կենսաթոշակի նշանակման դիմումը տրվել է այդ օրվանից հետո` վեցամսյա ժամկետում:

 

Հոդված 52. Կենսաթոշակի տեսակ փոխելը

 

Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը, մինչև կենսաթոշակառուի տարիքային կենսաթոշակի իրավունք ձեռք բերելը, նրա ցանկությամբ փոխում է կենսաթոշակի տեսակը:

Սույն օրենքով սահմանված տարիքային կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում սույն օրենքի 13-14-րդ և 37-րդ հոդվածներով սահմանված կենսաթոշակի փոխարեն նշանակվում է տարիքային կենսաթոշակ` անկախ կենսաթոշակառուի դիմելուց, իսկ սույն օրենքի 21-րդ և 26-րդ հոդվածներով սահմանված կենսաթոշակ ստանալու դեպքում կամ այդ հոդվածներով սահմանված կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում կենսաթոշակի տեսակը փոխվում է կենսաթոշակառուի գրավոր դիմումի համաձայն: Եթե նշանակված տարիքային կենսաթոշակի չափը ցածր է նախկին կենսաթոշակի չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով:

Կենսաթոշակի տեսակը փոխվում է կենսաթոշակի տեսակ փոխելու հանգամանքներն առաջանալու ամսին հաջորդող ամսվա 1-ից:

Սույն հոդվածով սահմանված դեպքերում կենսաթոշակի տեսակը փոխվում է, և կենսաթոշակը նշանակվում է նոր հիմունքներով` սույն օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 53. Կենսաթոշակ վերահաշվարկելը

 

Կենսաթոշակը վերահաշվարկվում է` հաշվի առնելով սույն օրենքի 17-19-րդ հոդվածներին համապատասխան սահմանված հիմնական կենսաթոշակի չափը, ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքն ու կենսաթոշակառուի անձնական գործակիցը:

Սույն օրենքով տարիքային կամ հաշմանդամության կենսաթոշակ նշանակելուց հետո կենսաթոշակառուն կենսաթոշակը վերահաշվարկելու իրավունք ունի երկու տարին մեկ անգամ` առնվազն վեց ամիս աշխատած լինելու դեպքում: Վերահաշվարկը կատարվում է դիմումը տալու ամսին հաջորդող ամսվա 1-ից:

Աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող` հաշմանդամ ճանաչված անձի կենսաթոշակը վերահաշվարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(53-րդ հոդվածը խմբ. 11.11.05 ՀՕ-223-Ն)

 

Հոդված 54. Աշխատող կենսաթոշակառուին կենսաթոշակ վճարելը

 

Աշխատող կենսաթոշակառուի կենսաթոշակը վճարվում է լրիվ չափով:

 

Հոդված 55. Կենսաթոշակ վճարելու կարգը

 

Յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակը վճարվում է հաջորդ ամսվա ընթացքում` ըստ Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակառուի փաստացի բնակության վայրի:

Կենսաթոշակ վճարելու ծախսերը կատարվում են պետական բյուջեում այդ նպատակով նախատեսված միջոցներից:

Կենսաթոշակառուն իրավունք ունի կենսաթոշակն ստանալ վճարման ծառայություն մատուցող կազմակերպությունից:

(55-րդ հոդվածը փոփ. 24.10.07 ՀՕ-247-Ն)

 

Հոդված 56. Լիազորագրով կենսաթոշակ վճարելու կարգը

 

Կենսաթոշակը կարող է վճարվել լիազորագրով:

Կենսաթոշակը մեկ լիազորագրով անընդմեջ կարող է վճարվել 6 ամսից ոչ ավելի` սկսած կենսաթոշակ չստացված ամսից:

Կասեցված կամ դադարեցված կենսաթոշակի վճարումը լիազորագրով չի վերսկսվում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած պետություններ մշտական բնակության մեկնող (մեկնած) անձանց կենսաթոշակի գործերն ուղարկելու դեպքերի, երբ սույն օրենքի 57-րդ հոդվածով սահմանված կարգով վճարվում է կենսաթոշակառուին հասանելիք, սակայն մինչ այդ չստացված կենսաթոշակի գումարը:

(56-րդ հոդվածը խմբ. 11.11.05 ՀՕ-223-Ն)

 

Հոդված 57. Անցած ժամանակահատվածի համար կենսաթոշակ վճարելը

 

Չստացված կենսաթոշակի գումարները վճարվում են անցած ժամանակահատվածի համար, սակայն կենսաթոշակ վճարելու համար դիմելու ամսվան նախորդող երեք տարուց ոչ ավելի:

Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման մեղքով չվճարված կենսաթոշակի գումարները վճարվում են առանց ժամկետի սահմանափակման:

Նշված դեպքերում չստացված կենսաթոշակի գումարը վճարվում է միանվագ:

 

Հոդված 58. Բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (ծերանոցում) ապրող կենսաթոշակառուին կենսաթոշակ վճարելը

 

Բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (ծերանոցում) ապրող կենսաթոշակառուին (բացառությամբ սույն օրենքի 30-րդ հոդվածի երրորդ մասով սահմանված դեպքի) կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգով վճարվում է նշանակված կենսաթոշակի ապահովագրական մասը:

(58-րդ հոդվածը խմբ. 11.11.05 ՀՕ-223-Ն)

 

Հոդված 59. Ազատազրկման վայրում գտնվող ազատազրկվածին կենսաթոշակ նշանակելը և վճարելը

 

Ազատազրկման վայրում գտնվող ազատազրկվածին կենսաթոշակ նշանակվում և վճարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

Հոդված 60. Կենսաթոշակ վճարելը կասեցնելը, դադարեցնելը և վերսկսելը

 

1. Կենսաթոշակ վճարելը կասեցվում է`

1) կենսաթոշակառուի կողմից վեց ամիս անընդմեջ անձամբ կենսաթոշակ չստանալու դեպքում.

2) հաշմանդամության ժամկետը լրանալու դեպքում:

Կենսաթոշակ վճարելը կասեցվում է նշված հանգամանքների առաջացման ամսին հաջորդող ամսվա 1-ից:

2. Կենսաթոշակ վճարելը դադարեցվում է`

1) կենսաթոշակառուի մահվան, ինչպես նաև մահացած կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում.

2) կենսաթոշակառուի կողմից տասներկու ամիս անընդմեջ անձամբ կենսաթոշակ չստանալու դեպքում.

3) հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, կրկին հաշմանդամ չճանաչվելու դեպքում.

4) կերակրողին կորցնելու դեպքում նշանակված կենսաթոշակի սահմանված ժամկետը լրանալու կամ կենսաթոշակի իրավունքը կորցնելու դեպքում.

5) օտարերկրյա պետություն մշտական բնակության մեկնելու դեպքում.

6) նշանակված կենսաթոշակի իրավունքը կորցնելու (կենսաթոշակի գործում կեղծ (ոչ հավաստի) փաստաթղթեր հայտնաբերելու) դեպքում:

Սույն հոդվածի երկրորդ մասի 1-5-րդ կետերում նշված դեպքերում կենսաթոշակ վճարելը դադարեցվում է այդ հանգամանքների առաջացման ամսին հաջորդող ամսվա 1-ից, իսկ 6-րդ կետում նշված դեպքում` հայտնաբերման օրվանից:

3. Կասեցված կենսաթոշակի վճարումը վերսկսվում է կասեցման օրվանից`

1) սույն հոդվածի առաջին մասի 1-ին կետում նշված դեպքում` կենսաթոշակառուի գրավոր դիմումի և անձը հաստատող փաստաթղթի հիման վրա.

2) սույն հոդվածի առաջին մասի 2-րդ կետում նշված դեպքում` սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված կարգով` բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնից ստացված` անձի հաշմանդամությունը հաստատող տեղեկանքի հիման վրա:

4. Դադարեցված կենսաթոշակի վճարումը վերսկսվում է`

1) կենսաթոշակառուին մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու մասին որոշումը չեղյալ համարելու վերաբերյալ դատարանի կողմից որոշում կայացնելուց հետո` կենսաթոշակառուի գրավոր դիմելու ամսին հաջորդող ամսվա 1-ից.

2) հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` տասներկու ամսվա ընթացքում, հաշմանդամ ճանաչվելու օրվանից` բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնից ստացված` անձի հաշմանդամությունը հաստատող տեղեկանքի հիման վրա, իսկ այդ ժամկետից հետո հաշմանդամ ճանաչվելու դեպքում` անձի գրավոր դիմումի հիման վրա.

3)18 տարին լրացած անձի` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի վճարումը դադարեցնելու օրվանից, եթե ուսման մասին ուսումնական հաստատությունից տեղեկանք է ներկայացվում այդ օրվանից հետո` 3 ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո տեղեկանք ներկայացնելու դեպքում` անձի գրավոր դիմելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:

Դադարեցված կենսաթոշակի վճարումը կենսաթոշակի իրավունք տվող նոր հանգամանքներ առաջանալու կամ նախկին հանգամանքները պատշաճ կարգով հաստատվելու դեպքում վերսկսվում է կենսաթոշակառուի գրավոր դիմելու և անհրաժեշտ այլ փաստաթղթեր ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից, եթե այդ կենսաթոշակի վճարումը դադարեցնելու օրվանից անցել է տասը տարուց ոչ ավելի ժամանակահատված:

Կենսաթոշակի վճարումը վերսկսելու դեպքում տվյալ կենսաթոշակի իրավունքը չի վերանայվում: Այս դեպքում կենսաթոշակի չափը հաշվարկվում է` հաշվի առնելով սույն օրենքի 17-19-րդ հոդվածներին համապատասխան սահմանված հիմնական կենսաթոշակի չափը, ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքը և կենսաթոշակառուի անձնական գործակիցը:

Կասեցված կամ դադարեցված կենսաթոշակի վճարումը կատարվում է սույն օրենքի 57-րդ հոդվածով սահմանված կարգով:

(60-րդ հոդվածը լրաց. 11.11.05 ՀՕ-223-Ն)

 

Հոդված 61. Օտարերկրյա պետություն մշտական բնակության մեկնող կենսաթոշակառուին կենսաթոշակ վճարելը

 

Օտարերկրյա պետություն մշտական բնակության մեկնող կենսաթոշակառուին միանվագ վճարվում է վեց ամսվա կենսաթոշակ կամ մինչև կենսաթոշակ ստանալու ժամկետը լրանալը, բայց վեց ամսից ոչ ավելի:

Նշված գումարը կենսաթոշակառուին վճարվում է նրա գրավոր դիմելու և հաշվառումից դուրս գալու դեպքում` մեկ ամսվա ընթացքում, որից հետո կենսաթոշակ վճարելը դադարեցվում է:

Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած պետություններ մշտական բնակության մեկնող անձանց վրա:

 

Հոդված 62. Բնակության վայրը փոխելու դեպքում կենսաթոշակ վճարելը

 

Բնակության վայրը փոխելու դեպքում կենսաթոշակառուի բնակության նոր վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակը վճարում է նախկին բնակության վայրից նրա կենսաթոշակի գործն ստանալուց հետո: Կենսաթոշակ վճարելը վերսկսվում է կենսաթոշակառուի նախկին բնակության վայրում կենսաթոշակի վճարումը դադարեցնելու օրվանից:

Կենսաթոշակի գործը տեղափոխվում է բնակության նոր վայրի` կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման պահանջագրով:

Կենսաթոշակի գործն ուղարկող ստորաբաժանումը գործի հետ ուղարկում է նաև կենսաթոշակի վերջին վճարման մասին տեղեկանք:

 

Հոդված 63. Պահումներ կենսաթոշակից

 

Կենսաթոշակից պահումներ կարող են կատարվել`

1) օրինական ուժի մեջ մտած դատավճիռների, վճիռների հիման վրա.

2) սխալ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու, ընտանիքի անդամների թվի փոփոխությունների մասին տեղեկություններ չներկայացնելու հետևանքով կենսաթոշակառուներին ավելի վճարված գումարները հետ գանձելու մասին փաստացի բնակության վայրի` կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման որոշման հիման վրա, սակայն նշանակված կենսաթոշակի 20 տոկոսի չափից ոչ ավելի:

Կենսաթոշակից կատարվող պահումների չափը հաշվարկվում է կենսաթոշակառուին վճարվելիք ամսական գումարից:

Կենսաթոշակից կատարվող պահումների ընդհանուր գումարը պետք է չգերազանցի կենսաթոշակի 50 տոկոսը:

 

Հոդված 64. Կենսաթոշակառուի մահվան դեպքում թաղման նպաստ վճարելը

 

Կենսաթոշակառուի մահվան, ինչպես նաև հաշմանդամ ճանաչված անձի` հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, վերափորձաքննության չներկայանալու և մահանալու դեպքում հուղարկավորությունը կատարած անձին հիմնական կենսաթոշակի քսանհինգապատիկի չափով վճարվում է թաղման նպաստ` դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակառուի մահվանից հետո` վեց ամսվա ընթացքում, կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում ներկայացնելու դեպքում:

Նշված գումարը վճարվում է դիմումը ներկայացնելուց հետո` մեկ ամսվա ընթացքում:

Բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված, բայց կենսաթոշակ նշանակելու համար չդիմած անձի մահվան դեպքում հուղարկավորությունը կատարած անձին սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով սահմանված կարգով վճարվում է թաղման նպաստ, եթե հաշմանդամը մահացել է հաշմանդամ ճանաչվելու օրվանից հետո` 3 ամսվա ընթացքում:

Սույն օրենքով և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կենսաթոշակներ ստացող կենսաթոշակառուի մահվան դեպքում թաղման նպաստ է վճարվում այն օրենքով, որով հաշվարկված նպաստի չափն ավելի բարձր է:

Կենսաթոշակառուին հասանելիք և նրա մահվան պատճառով չստացված կենսաթոշակի գումարը վճարվում է մահացողի ընտանիքի անդամին` դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակառուի մահվանից հետո` վեց ամսվա ընթացքում, կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում ներկայացնելու դեպքում:

Սահմանված ժամկետում չստացված կենսաթոշակի գումարը ենթակա է ժառանգման:

Փաստաթղթերի ցանկն ու դրանք ներկայացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(64-րդ հոդվածը փոփ. 24.09.03 ՀՕ-6-Ն, 11.11.05 ՀՕ-223-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ 12

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄՆԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 65. Կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի իրավունքները և պարտականությունները

(Վերնագիրը փոփ. 24.10.07 ՀՕ-247-Ն)

 

1. Սույն օրենքին համապատասխան կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինն իրավունք ունի`

1) պարտադիր սոցիալական ապահովության վճարների հավաքագրումը, գանձումը և հսկողությունը ապահովող լիազորված մարմնից Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով տեղեկատվություն ստանալ սոցիալական ապահովության վճարների մասին.

2) իր լիազորությունների շրջանակում քննարկել կենսաթոշակային ոլորտում թույլ տրված խախտումները.

3) (65-րդ հ. 1-ին մասի 3-րդ կետն ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-184-Ն)

4) գործատուներից, կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից պահանջել կենսաթոշակ նշանակելու և վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթեր, իսկ անհրաժեշտության դեպքում` ստուգել դրանց հավաստիությունը.

5) իրականացնել իր լիազորություններից բխող այլ գործառույթներ:

2. Կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը պարտավոր է`

1) օրենսդրությամբ սահմանված կարգով վարել կենսաթոշակային սոցիալական ապահովագրության համակարգի անհատական (անձնավորված) հաշվառման տվյալների բազան.

2) նշանակել, վերահաշվարկել և վճարել կենսաթոշակները.

21) (21 կետն ուժը կորցրել է 24.10.07 ՀՕ-247-Ն)

3) (65-րդ հ. 2-րդ մասի 3-րդ կետն ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-184-Ն)

4) օրենքով սահմանված կարգով քննարկել կենսաթոշակների նշանակման, վերահաշվարկման, վճարման և անհատական (անձնավորված) հաշվառման տվյալների բազայում փոփոխություններ կատարելու մասին բողոքները և դիմումները.

5) ապահովագրված անձին տարին երկու անգամ, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, անվճար տեղեկատվություն տրամադրել նրա անձնական հաշվում արտացոլված տվյալների մասին.

6) կենսաթոշակ նշանակելու մասին որոշում կայացնելուց հետո` տասնօրյա ժամկետում, կենսաթոշակառուին անվճար տրամադրել կենսաթոշակի վկայական:

Կենսաթոշակի վկայականի ձևն ու դրա տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(65-րդ հոդվածը փոփ. 09.11.04 ՀՕ-120-Ն, 14.12.04 ՀՕ-184-Ն, 24.10.07 ՀՕ-247-Ն)

 

Հոդված 66. Կենսաթոշակային սոցիալական ապահովության վճարումներ կատարողի իրավունքները և պարտականությունները

(Վերնագիրը փոփ. 24.10.07 ՀՕ-247-Ն)

 

1. Կենսաթոշակային սոցիալական ապահովության վճարումներ կատարողն իրավունք ունի`

1) խորհրդատվություն և մեթոդական պարզաբանումներ ստանալ կենսաթոշակային ապահովության համակարգի գործունեության մասին.

2) սահմանված կարգով դիմել կենսաթոշակային ապահովության համակարգի անհատական (անձնավորված) հաշվառման տվյալների բազայում իրեն վերաբերող տվյալների մասին տեղեկատվություն ստանալու և դրանցում փոփոխություններ կատարելու համար:

2. Կենսաթոշակային սոցիալական ապահովության վճարումներ կատարողը պարտավոր է`

1) օրենքով սահմանված կարգով կատարել պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովության վճարումներ.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ներկայացնել պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովության վճարումների մասին հավաստի անհատական (անձնավորված) հաշվետվություն.

3) քաղաքացիներին ապահովել կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերով, որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(66-րդ հոդվածը փոփ. 24.10.07 ՀՕ-247-Ն)

 

Հոդված 67. Ապահովագրված ֆիզիկական անձի իրավունքները և պարտականությունները

 

1. Ապահովագրված ֆիզիկական անձն իրավունք ունի`

1) կենսաթոշակ ստանալ.

2) խորհրդատվություն և մեթոդական պարզաբանումներ ստանալ կենսաթոշակային ապահովագրության համակարգի գործունեության մասին.

3) ներկայացնել կենսաթոշակային ապահովության հարցերին վերաբերող բողոքներ և առաջարկություններ.

4) տարին երկու անգամ, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, անվճար տեղեկատվություն ստանալ իր անձնական հաշվում արտացոլված տվյալների մասին:

2. Ապահովագրված ֆիզիկական անձը պարտավոր է`

1) կատարել պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության վճարումներ.

2) օրենքով սահմանված դեպքերում և կարգով ներկայացնել պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության վճարումների մասին հավաստի անհատական (անձնավորված) հաշվետվություն:

 

Հոդված 68. Կենսաթոշակառուի պարտականությունը

 

Կենսաթոշակառուն պարտավոր է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանմանը տեղյակ պահել այն հանգամանքների մասին, որոնց առկայությունը հանգեցնում է կենսաթոշակի չափի փոփոխության կամ դրա վճարման դադարեցման:

 

Հոդված 69. Կենսաթոշակին վերաբերող որոշումների բողոքարկումը

 

Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման` կենսաթոշակին վերաբերող որոշումները կարող են բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:

 

Հոդված 70. Պատասխանատվությունը կենսաթոշակային ապահովության օրենսդրությունը խախտելու համար

 

Կենսաթոշակային ապահովության օրենսդրությունը խախտելու համար պատասխանատվությունը սահմանվում է օրենքով:

 

Հոդված 71. Օրենքի կիրառմանը վերաբերող գերատեսչական նորմատիվ ակտերը

 

Սույն օրենքի կիրառմանը վերաբերող գերատեսչական նորմատիվ ակտերն իր իրավասության շրջանակում ընդունում է կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը:

 

Գ Լ ՈՒ Խ  13

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ

 

Հոդված 72.  Եզրափակիչ մաս

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունվարի 1-ից:

2. Օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1995 թվականի դեկտեմբերի 29-ի` «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին», 1996 թվականի ապրիլի 5-ի` «Երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակներ նշանակելու պայմանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները:

 

Գ Լ ՈՒ Խ  14

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 73.  Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված կենսաթոշակը վերահաշվարկելու կարգը 

 

Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված կենսաթոշակը վերահաշվարկվում է կենսաթոշակի գործում առկա փաստաթղթերով հաշվարկված ստաժին համապատասխան` հաշվի առնելով սույն օրենքի 17-19-րդ հոդվածներին համապատասխան սահմանված հիմնական կենսաթոշակի չափը, ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքը և կենսաթոշակառուի անձնական գործակիցը:

Լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու դեպքում կենսաթոշակը վերահաշվարկվում է սույն օրենքով սահմանված կարգով և համարվում է նոր նշանակում:

Եթե վերահաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված կենսաթոշակի չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով:

Ներմուծեք նկարագրությունը_21506 (73 հոդվածի 2-րդ մասը ճանաչվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 42 հոդվածի 3-րդ մասին հակասող և անվավեր 15.01.08 ՍԴՈ-723 որոշմամբ:)

 

Հոդված 74. Արտոնյալ պայմաններով (Ցուցակներով) կենսաթոշակները

 

Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո արտոնյալ պայմաններով կենսաթոշակները նշանակվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների Ցուցակներին համապատասխան:

Մինչև նոր Ցուցակների հաստատումը ուժի մեջ են Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած Ցուցակները:

Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատատեղերի և (կամ) մասնագիտությունների և (կամ) պաշտոնների անվանումների փոփոխություններն ու դրանց հավասարեցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող արտադրություններում, աշխատանքներում, պաշտոններում և մասնագիտություններով աշխատող այն անձանց համար, ովքեր մինչև մասնագիտական կամ կորպորատիվ կենսաթոշակային հիմնադրամների ստեղծումն ունեն պահանջվող ստաժի կեսից ավելին, գործատուները լրացուցիչ կենսաթոշակային սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումները կատարում են պետական բյուջեին` արտոնյալ կենսաթոշակները մինչև կենսաթոշակառուների տարիքային կենսաթոշակի տարիքը լրանալը վճարելու համար:

Մասնագիտական կամ կորպորատիվ կենսաթոշակային հիմնադրամների ստեղծումից հետո արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող արտադրություններում, աշխատանքներում, պաշտոններում և մասնագիտություններով աշխատող անձանց համար գործատուները կենսաթոշակային սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումները կատարում են նշված հիմնադրամներին` արտոնյալ կենսաթոշակները մինչև կենսաթոշակառուների տարիքային կենսաթոշակի տարիքը լրանալը վճարելու համար:

Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատատեղերում և (կամ) մասնագիտությամբ աշխատող յուրաքանչյուր ապահովագրված անձի համար լրացուցիչ կենսաթոշակային սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումները գործատուն կատարում է աշխատավարձի վճարմանն ուղղվող միջոցներից` տարբերակված դրույքաչափերով: Դրույքաչափերը սահմանվում են` ելնելով կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտություններով և պաշտոններում աշխատած անձանց թվաքանակից, նրանց համար նախատեսված աշխատավարձի ֆոնդից և օրենսդրությամբ սահմանված այլ տեղեկատվությունից: Դրույքաչափերը և դրանց հաշվարկման կարգը սահմանվում են օրենքով: Մասնագիտական կամ կորպորատիվ կենսաթոշակային հիմնադրամներն ստեղծվում և գործում են օրենքով սահմանված կարգով:

(74-րդ հոդվածը փոփ. 11.11.05 ՀՕ-223-Ն, 24.10.07 ՀՕ-247-Ն)

 

Հոդված 75. Երկարամյա ծառայության կենսաթոշակները

 

Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկարամյա ծառայության կենսաթոշակները նշանակվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած մասնագիտությունների և պաշտոնների ցանկին համապատասխան:

Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք տվող աշխատատեղերի և (կամ) մասնագիտությունների և (կամ) պաշտոնների անվանումների փոփոխությունները և դրանց հավասարեցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք տվող աշխատատեղերում և (կամ) մասնագիտությամբ աշխատող այն անձանց համար, ովքեր մինչև մասնագիտական կամ կորպորատիվ կենսաթոշակային հիմնադրամների ստեղծումն ունեն պահանջվող ստաժի կեսից ավելին, գործատուները լրացուցիչ կենսաթոշակային սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումները կատարում են պետական բյուջեին` երկարամյա ծառայության կենսաթոշակները մինչև կենսաթոշակառուների տարիքային կենսաթոշակի տարիքը լրանալը վճարելու համար:

Մասնագիտական կամ կորպորատիվ կենսաթոշակային հիմնադրամների ստեղծումից հետո երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք տվող աշխատատեղերում և (կամ) մասնագիտությամբ աշխատող անձանց համար գործատուները կենսաթոշակային սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումները կատարում են նշված հիմնադրամներին` այդ կենսաթոշակները մինչև կենսաթոշակառուների տարիքային կենսաթոշակի տարիքը լրանալը վճարելու համար:

Երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք տվող աշխատատեղերում և (կամ) մասնագիտությամբ աշխատող յուրաքանչյուր ապահովագրված անձի համար լրացուցիչ կենսաթոշակային սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումները գործատուն կատարում է աշխատավարձի վճարմանն ուղղվող միջոցներից` տարբերակված դրույքաչափերով: Դրույքաչափերը սահմանվում են` ելնելով կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտություններով և պաշտոններում աշխատած անձանց թվաքանակից, նրանց համար նախատեսված աշխատավարձի ֆոնդից և օրենսդրությամբ սահմանված այլ տեղեկատվությունից: Դրույքաչափերն ու դրանց հաշվարկման կարգը սահմանվում են օրենքով:

(75-րդ հոդվածը փոփ. 24.10.07 ՀՕ-247-Ն)

 

Հոդված 76. Կուտակային պարտադիր կենսաթոշակային ապահովագրությունը

 

1. Կուտակային պարտադիր կենսաթոշակային ապահովագրության համակարգին կատարվող պարտադիր կենսաթոշակային ապահովագրության վճարումների չափերը և դրանք վճարողների շրջանակը սահմանվում են օրենքով` ելնելով ակտուարական հաշվարկներից, որոնք կհամապատասխանեն բյուջետային տվյալ ժամանակահատվածի համար ընդունվող պետական բյուջեի մասին օրենքին: Պետական կենսաթոշակային ապահովագրության համակարգին կատարվող վճարումների ընդհանուր չափերն այս դեպքում չեն նվազեցվում:

2. Կուտակային պարտադիր կենսաթոշակային ապահովագրությանը պարտադիր կենսաթոշակային ապահովագրության վճարումների կատարումն սկսվում է ապահովագրված անձանց աշխատավարձի աճին զուգընթաց, միայն հետևյալ պայմանների առկայության դեպքում.

1) (1-ին կետն ուժը կորցրել է 24.10.07 ՀՕ-247-Ն)

2) պետական բյուջեի պակասուրդը չի գերազանցում հանրապետության համախառն ներքին արդյունքի մեկ տոկոսը.

3) հանրապետությունում վերջին երկու տարում գրանցվել է տնտեսական աճ, մասնավորապես, համախառն ներքին արդյունքը նախորդ տարվա համեմատությամբ աճել է առնվազն երկու տոկոսով.

4) անհատական (անձնավորված) հաշվառման համակարգը լիարժեք գործում է:

3. Կուտակային պարտադիր կենսաթոշակային ապահովագրության իրականացումն սկսելու պահին պարտադիր կենսաթոշակային ապահովագրության վճարների դրույքաչափերի նախնական զուտ արժեքը պետք է հավասար լինի կուտակային համակարգին կատարվող` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձից գանձվող գումարի չափին:

4. Կուտակային պարտադիր կենսաթոշակային ապահովագրություն կարող են իրականացնել օրենքով սահմանված կարգով ստեղծված հիմնադրամները:

 


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2003 թ. մարտի 31
Երևան
ՀՕ-519-Ն

 

 


* - Ծանոթություն -

Համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի հոդված 62-ի 6-րդ կետի «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը ուժի մեջ է մտնում 2003 թվականի ապրիլի 10-ից:

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան