Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-1-Ն
Տիպ
Օրենք
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (01.01.2008-31.08.2008)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.01.14/2(301) Հոդ.5
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
13.12.2003
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
07.01.2004
Дата вступления в силу
24.01.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2003 թվականի դեկտեմբերի 13-ին

 

ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն օրենքը կարգավորում է շահումով խաղերի, խաղատների գործունեության կազմակերպման և կարգավորման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև սահմանում է դրանց նկատմամբ պետական վերահսկողությունը:

2. Սույն օրենքի գործողությունը չի տարածվում հեռահաղորդակցության որևէ կապի միջոցով շահումով խաղերի կազմակերպման գործունեության վրա, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:

3. Շախմատ, շաշկի, նարդի, տիր, բիլիարդ և նմանատիպ սպորտային բնույթի խաղերը շահումով խաղ չեն հանդիսանում, բացառությամբ թղթախաղերի տեսակների:

(1-ին հոդվածը լրաց. 25.12.06 ՀՕ-22-Ն)

 

Հոդված 2. ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

շահումով խաղ` ցանկացած մեքենայացված կամ կենդանի խաղ, որը որևէ կերպ ստեղծում է շահման հնարավորություն.

մեքենայացված խաղ` ծրագրավորված կամ մեխանիկական խաղային ավտոմատի կամ նման այլ սարքավորման միջոցով իրականացվող խաղ, որին մասնակցում է միայն խաղացողը.

կենդանի խաղ` ցանկացած խաղ, որին բացի խաղացողից մասնակցում է նաև խաղարկողը, կամ որին միաժամանակ մասնակցելու հնարավորություն է ընձեռված մի քանի խաղացողների` առանց խաղարկողի մասնակցության (բացառությամբ մեքենայացված խաղերի).

խաղատների գործունեության կազմակերպում` խաղատանը շահումով խաղերի անցկացում.

խաղատուն` այն խաղասրահը, որտեղ անց է կացվում կենդանի խաղ (խաղեր) և (կամ) շահագործվում է քսանից ավելի մեքենայացված խաղ.

խաղասրահ` շինության ներսում այն տարածքը, որտեղ կազմակերպվում և անց են կացվում շահումով խաղեր.

խաղարկող` խաղը անցկացնելու կամ դրա ելքը հավաստելու համար խաղացողի հետ կազմակերպչի անունից և նրա կողմից լիազորված խաղին փաստացի մասնակցող կամ դրա խաղարկությունն իրականացնող ֆիզիկական անձ.

խաղացող` շահումով խաղին մասնակցող ֆիզիկական անձ կամ անձինք (բացի խաղարկողից).

կազմակերպիչ` օրենքով սահմանված կարգով շահումով խաղի կամ խաղատան կազմակերպման գործունեությամբ զբաղվելու լիցենզիա ստացած և շահումով խաղի կամ խաղատան կազմակերպման գործունեություն իրականացնելու միջոցով եկամուտ (շահույթ) ստանալու նպատակ հետապնդող կազմակերպություն.

լիազոր մարմին` շահումով խաղերի, խաղատան գործունեության լիցենզավորում և վերահսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմին:

Ինտերնետ շահումով խաղ է համարվում ինքնուրույն կամ հանձնարարության պայմանագրով որպես հանձնակատար, կոմիսիայի պայմանագրով որպես կոմիսիոներ, գործակալության պայմանագրով որպես գործակալ, երաշխավորության պայմանագրով որպես երաշխավոր, լիազորագրի հիման վրա որպես ներկայացուցիչ (այդ թվում` առևտրային), ինչպես նաև առևտրային միջնորդ հանդիսացող կամ որևէ ձևով լիազորված ցանկացած անձի (այսուհետ` ինտերնետ շահումով խաղի կազմակերպիչ) կողմից հրապարակային կամ այլ պայմանագրերով կամ առանց դրանց խաղացողին որևէ շահումով խաղի մասնակցելու հնարավորության ստեղծումը (որևէ կերպ մասնակցելու իրավունքի տրամադրումը, բացառությամբ ինտերնետ տոտալիզատորի) անմիջականորեն (խաղասրահում) և (կամ) ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով, բացառությամբ շարժական կապի երկրային ցանցի միջոցով մատուցվող տվյալների հաղորդման ծառայությունների և (կամ) կարճ հաղորդագրությունների միջոցով ինտերակտիվ խաղարկությունների:

(2-րդ հոդվածը լրաց. 25.12.06 ՀՕ-22-Ն)

 

Հոդված 3. «ԽԱՂԱՏՈՒՆ», «ԽԱՂԱՍՐԱՀ» և «ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐ» ԲԱՌԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

1. Խաղատան կազմակերպիչներն իրենց անվանման կամ ցուցանակների մեջ կարող են օգտագործել «խաղատուն», «խաղասրահ» և «շահումով խաղեր» բառերը, դրանց ածանցյալները կամ թարգմանությունները:

2. Շահումով խաղի կազմակերպիչներն իրենց անվանման կամ ցուցանակների մեջ կարող են օգտագործել «խաղասրահ» և «շահումով խաղեր» բառերը, դրանց ածանցյալները կամ թարգմանությունները:

3. Շահումով խաղի կազմակերպիչներն իրենց անվանման կամ ցուցանակների մեջ չեն կարող օգտագործել «խաղատուն» բառը, դրա ածանցյալները կամ թարգմանությունները:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԽԱՂԱՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

Հոդված 4. ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԽԱՂԱՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետությունում շահումով խաղերի, խաղատների գործունեություն կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետությունում գրանցված առևտրային կազմակերպությունները` լիազոր մարմնի կողմից տրված համապատասխան լիցենզիայի հիման վրա:

 

Հոդված 5. ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԽԱՂԱՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

Շահումով խաղի կամ խաղատան կազմակերպումը` եկամուտ (շահույթ) ստանալու նպատակով սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված շահումով խաղի իրականացման համար սարքավորումների տեղադրումն ու շահագործումն է կամ շահումով խաղին խաղացողների մասնակցության համար այլ կերպ հնարավորության ստեղծումն է:

 

Հոդված 6. ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԽԱՂԱՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆը ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Խաղային ավտոմատի շահագործումից ստացված հասույթի մեջ շահումների ծրագրավորված ընդհանուր մեծության նվազագույն չափը կազմում է 86 տոկոս:

2. Կազմակերպիչը`

ա) խաղատան կամ շահումով խաղերի կազմակերպման գործունեություն է իրականացնում միայն լիցենզիայում նշված վայրում (հասցեում).

բ) ապահովում է խաղասրահի դրսից դեպի ներս անտեսանելիությունը.

գ) ապահովում է խաղասրահի տարածքի պաշտպանությունը պահպանիչ և հակահրդեհային ազդարարման համակարգերով.

դ) արգելում է քսանմեկ տարին չլրացած ֆիզիկական անձանց մուտքը խաղասրահ.

ե) պատահականությամբ չպայմանավորված շահումներով խաղեր կազմակերպելիս նախօրոք տեղեկացնում և դրա մասին բացատրում է խաղացողներին.

զ) խաղացողի առաջին իսկ պահանջի դեպքում տրամադրում է շահումը.

է) ապահովում է խաղասրահում խաղանիշերի (ժետոնների) փոխանակումը միայն կանխիկ հայկական դրամով, բանկային քարտով կամ բանկային պրակտիկայում ընդունված այլ վճարային փաստաթղթերով.

ը) յուրաքանչյուր հաջորդ տարվա համար վճարում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում տարեկան պետական տուրքի գումարը.

թ) խաղասրահում կազմակերպվող խաղերի կանոնները փակցնում է խաղասրահում, տեսանելի տեղում (բացառությամբ այն խաղային ավտոմատների, որոնք իրենց վրա պարունակում են շահումների տարբերակներ).

ժ) շահումով խաղերը կազմակերպում և անցկացնում է իր կողմից սահմանած և լիազոր մարմնի հետ համաձայնեցված կանոնակարգին համապատասխան.

ժա) ապահովում է «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների կատարումը:

3. Խաղատուն կամ շահումով խաղ, ինչպես նաև անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կարող է կազմակերպվել քաղաքային համայնքների վարչական սահմաններից դուրս:

(6-րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-26-Ն, 25.12.06 ՀՕ-22-Ն)

 

Հոդված 7. ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ և ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ

 

1. Շահումով խաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգում պետք է նշվեն`

ա) հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը.

բ) հայտատուի գտնվելու և գործունեության իրականացման վայրերը.

գ) իրականացվող շահումով խաղերի տեսակները (մեքենայացված և/կամ կենդանի) և քանակը.

դ) շահումով խաղի մեկ տոմսի և (կամ) խաղանիշի (ժետոնի) և (կամ) միավորի գինը.

ե) խաղի անցկացման կարգը.

զ) շահումի տարբերակները.

է) շահումները վճարելու վայրը.

ը) խաղացողների իրավունքներն ու պարտականությունները.

թ) կազմակերպչի իրավունքներն ու պարտականությունները:

2. Շահումով խաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգը լիազոր մարմնի համաձայնեցմանն է ներկայացվում տվյալ վայրում լիցենզիա ստանալու հայտի հետ միասին:

3. Շահումով խաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգում կատարվող փոփոխություններն ու լրացումները կազմակերպիչը համաձայնեցնում է լիազոր մարմնի հետ` նախքան դրանց կիրառումը, փոփոխությունները ներկայացնելով լիազոր մարմին` երկու օրինակից:

Լիազոր մարմինը 15-օրյա ժամկետում ընդունում է որոշում` կանոնակարգում առաջարկվող փոփոխություններին համաձայնություն տալու կամ դրանք մերժելու մասին: Որոշման պատճենը երեք օրվա ընթացքում տրամադրվում (փոստով առաքվում) է կազմակերպչին:

Եթե լիազոր մարմինն ընդունել է կանոնակարգի փոփոխություններին վերապահումով համաձայնություն տալու մասին որոշում, ապա կազմակերպիչը պարտավոր է այդ որոշումը ընդունելուց հետո` 10 օրվա ընթացքում, լիազոր մարմին ներկայացնել ուղղված փաստաթղթերը, որից հետո լիազոր մարմինը 5-օրյա ժամկետում հայտատուին տրամադրում է լիազոր մարմնի հետ համաձայնեցված շահումով խաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգում կատարված փոփոխության մեկ օրինակը: Եթե կազմակերպիչը վերը նշված որոշումն ընդունելուց հետո` 10 օրվա ընթացքում, ուղղված փաստաթղթերը լիազոր մարմին չի ներկայացնում, ապա լիազոր մարմնի որոշումը` կանոնակարգի փոփոխություններին վերապահումով համաձայնություն տալու վերաբերյալ, համարվում է չեղյալ:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված փոփոխություններին և լրացումներին լիազոր մարմինը չի տալիս իր համաձայնությունը, եթե դրանք`

ա) հակասում են Հայաստանի Հանրապետության օրենքներին կամ իրավական այլ ակտերին.

բ) կվտանգեն խաղացողների շահերը.

գ) հակասում են սույն հոդվածի 1-ին մասի պահանջներին կամ 5-րդ մասի հիման վրա սահմանված կանոններին:

5. Նույն տեսակի կենդանի խաղերի համար Հայաստանի Հանրապետությունում գործում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված նույն կանոնները, ընդ որում, կազմակերպիչն ազատ է քայլերի մեծության ընտրության հարցում:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԽԱՂԱՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 8. ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԽԱՂԱՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

 

1. Շահումով խաղերի, խաղատների գործունեության լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգերով:

2. Լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե`

ա) հայտին կից փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքների և իրավական այլ ակտերի պահանջներին, կամ դրանցում ներկայացված են կեղծ տեղեկություններ.

բ) լիցենզիայի հայտատուն ունի հարկային և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների ժամկետանց պարտավորություններ.

գ) շահումով խաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենքներին կամ իրավական այլ ակտերին, կամ դրանցում ներառված են պայմաններ, որոնք կարող են վտանգել խաղացողների շահերը, կամ հակասում են 7-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին կամ 5-րդ մասի հիման վրա սահմանված կանոններին.

դ) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

3. Լիցենզիա ստանալու հայտը բավարարելու որոշումն ընդունելու դեպքում լիցենզիան հայտատուին է տրամադրվում օրենքով սահմանված պետական տուրքի առաջին տարեկան վճարումը կատարելուց ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում` վճարումը հավաստող փաստաթուղթը ներկայացնելուց հետո:

4. Եթե վերապահումով լիցենզիա տրամադրելու մասին որոշում ընդունելուց հետո այդ որոշման մեջ նշված թերությունները վերացնելու մասին տեղեկությունները կամ լիցենզիա ստանալու համար պետական տուրքի առաջին տարեկան վճարման անդորրագիրը կազմակերպիչը լիազոր մարմին է ներկայացնում մեկամսյա ժամկետից ուշ, ապա լիազոր մարմինը որպես լիցենզիան հանձնելու պայման հայտատուից հայտարարագիր է պահանջում առ այն, որ անցած ժամանակահատվածում լիցենզիա ստանալու հայտին կից փաստաթղթերը չեն կորցրել իրենց իրավական ուժը` սույն օրենքի և իրավական այլ ակտերի պահանջներին համապատասխանության իմաստով:

5. Եթե վերոհիշյալ հայտարարագիրը չի ներկայացվում, կամ հայտատուն հայտնում է, որ հայտին կից փաստաթղթերից որևէ մեկը կորցրել է իրավական ուժը, և չի ներկայացվում այդ փաստաթղթին փոխարինող փաստաթուղթ, ապա լիազոր մարմինը որոշում է կայացնում լիցենզիա ստանալու հայտը մերժելու մասին:

6. Շահումով խաղեր կազմակերպելու լիցենզիան իրավունք չի տալիս խաղատուն կազմակերպել: Խաղատան լիցենզիան իրավունք է տալիս նույն խաղասրահում սույն օրենքի պահանջների պահպանմամբ կազմակերպել ցանկացած շահումով խաղ:

7. Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է լիցենզավորման «Լիզենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` պարզ ընթացակարգով: Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման նկատմամբ չեն տարածվում սույն օրենքով սահմանված պահանջները (բացառությամբ անմիջականորեն (խաղասրահների) միջոցով ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման մասով սույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջի): Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար սահմանված պետական տուրքը ենթակա է գանձման (վճարման)` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ու չափերով:

(8-րդ հոդվածը լրաց. 25.12.06 ՀՕ-22-Ն)

 

Հոդված 9. ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ և ԽԱՂԱՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Շահումով խաղերի և խաղատների գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը` տեղում ստուգումների կամ փաստաթղթային վերահսկողության միջոցով և դրա արդյունքներով, սույն օրենքով սահմանված խախտումների բացահայտման դեպքում, կիրառում է սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցները:

2. Շահումով խաղերի և խաղատների գործունեության ստուգումներն իրականացվում են օրենքով սահմանված կարգով:

3. Փաստաթղթային վերահսկողությունն իրականացվում է կազմակերպիչների կողմից իրենց գործունեության վերաբերյալ լիազոր մարմնին սույն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով ներկայացվող տեղեկությունների (հաշվետվությունների) ուսումնասիրության միջոցով:

 

Հոդված 10. ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ և ԽԱՂԱՏԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Շահումով խաղի կամ խաղատան կազմակերպիչը լիազոր մարմին է ներկայացնում յուրաքանչյուր եռամսյակի համար մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա վերջին օրը համապատասխան տարածքային հարկային մարմնի տեղեկանքը` հաշվետու եռամսյակում հարկերի և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների գծով կազմակերպչի պարտավորությունների մասին:

2. Շահումով խաղի կամ խաղատան կազմակերպիչը մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 30-ը լիազոր մարմին է ներկայացնում հաշվապահական հաշվառման օրենսդրությանը համապատասխան պետական մարմիններին ներկայացվող իր տարեկան ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ անկախ աուդիտորական եզրակացությունը և հաշվապահական հաշվառման օրենսդրությանը համապատասխան պետական մարմիններին ներկայացվող իր տարեկան ֆինանսական հաշվետվությունները հրապարակում է առնվազն 1000 տպաքանակ ունեցող մամուլում ու մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա մայիսի 15-ը լիազոր մարմին է ներկայացնում թերթի մեկ օրինակը:

(10-րդ հոդվածը փոփ. 24.10.07 ՀՕ-229-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

Հոդված 11. ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

Սույն օրենքի խախտման դեպքում լիազոր մարմինը կազմակերպչի նկատմամբ կիրառում է պատասխանատվության հետևյալ միջոցները`

ա) նախազգուշացում և խախտումները վերացնելու հանձնարարական.

բ) տուգանք.

գ) լիցենզիայի գործողության կասեցում.

դ) լիցենզիայի գործողության դադարեցման հայցով դիմում է դատարան:

Սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «է» կետի պահանջի խախտման դեպքում պատասխանատվության միջոցը կիրառվում է «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:

(11-րդ հոդվածը լրաց. 23.05.06 ՀՕ-80-Ն)

 

Հոդված 12. ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄԸ և ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ

 

1. Տեղում ստուգումների կամ փաստաթղթային վերահսկողության միջոցով լիազոր մարմինն արձանագրում է թույլ տրված խախտումը և այդ մասին նախազգուշացնում է կազմակերպչին:

2. Նախազգուշացումը նախատեսում է նաև թույլ տրված խախտումը լիազոր մարմնի կողմից սահմանված ժամկետում վերացնելու կամ ապագայում նման խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարական, որի կատարումը պարտադիր է:

3. Նախազգուշացումը` որպես պատասխանատվության միջոց, կիրառվում է, եթե կազմակերպիչը`

ա) թույլ է տվել սույն օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված տեղեկությունների (հաշվետվությունների) ներկայացման ու հրապարակման կարգի խախտում.

բ) չի ապահովել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «բ», «գ» կամ «թ» կետերում նշված պահանջներից որևէ մեկը:

(12-րդ հոդվածը փոփ. 23.05.06 ՀՕ-80-Ն)

 

Հոդված 13. ՏՈՒԳԱՆՔԸ

 

1. Տուգանքը կիրառվում և գանձվում է լիազոր մարմնի կողմից: Եթե կազմակերպիչը համաձայն չէ տուգանքի կիրառման վերաբերյալ լիազոր մարմնի որոշման հետ, ապա լիազոր մարմինը տուգանքը գանձելու հայցով դիմում է դատարան:

2. Տուգանքը` որպես պատասխանատվության միջոց, կիրառվում է, եթե կազմակերպիչը`

ա) խախտել է սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նվազագույն չափը` յուրաքանչյուր խաղային ավտոմատի համար` երկու հարյուր հազար դրամի չափով.

բ) խախտել է սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետով սահմանված պահանջը` խախտման յուրաքանչյուր դեպքի համար` երկու հարյուր հազար դրամի չափով.

գ) խախտել է սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» կետով սահմանված պահանջը` երեք հարյուր հազար դրամի չափով.

դ) խախտել է սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետով սահմանված պահանջը` երկու հարյուր հազար դրամի չափով.

ե) սույն օրենքի 12-րդ հոդվածին համապատասխան նախազգուշացում կիրառելուց հետո` երկու տարվա ընթացքում, կրկնել է նույն խախտումը` հարյուր հազար հայկական դրամի չափով.

զ) խախտել է սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը` հինգ հարյուր հազար դրամի չափով.

է) խախտել է սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «ժ» կետի պահանջը` խախտման յուրաքանչյուր դեպքի համար` հինգ հարյուր հազար դրամ.

ը) առանց լիազոր մարմնին տեղեկացնելու փոփոխել է լիցենզավորման կարգով սահմանված լիցենզիա ստանալու համար ներկայացված տվյալներից մեկը (բացառությամբ սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված պահանջների), ինչը չէր կարող հիմք հանդիսանալ լիցենզիա ստանալու հայտի մերժմանը` խախտման յուրաքանչյուր դեպքի համար` երկու հարյուր հազար դրամ.

թ) սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան թույլ տված խախտումը լիազոր մարմնի կողմից սահմանված ժամկետում չի վերացրել և այդ մասին լիազոր մարմնին գրավոր չի տեղեկացրել` խախտման յուրաքանչյուր դեպքի համար` հարյուր հազար դրամ:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն տուգանքի կիրառումից հետո` երկու տարվա ընթացքում, տուգանքի կիրառման համար հիմք հանդիսացող խախտումը շարունակելու կամ այդպիսի նոր խախտում թույլ տալու դեպքում տուգանքի չափն ավելացվում է մեկ միլիոն դրամով:

4. Տեղեկությունները (հաշվետվությունները) ուշ ներկայացնելու կամ դրանցում անարժանահավատ տվյալներ արտացոլելու համար լիազոր մարմինը կարող է կազմակերպչի ղեկավարների նկատմամբ տուգանք նշանակելու հայցով դիմել դատարան` հարյուր հազար դրամը չգերազանցող չափով:

 

Հոդված 14. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ

 

1. Լիազոր մարմինը կասեցնում է լիցենզիայի գործողությունը`

ա) եթե կազմակերպիչը խախտել է սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կամ «ը» կետերով սահմանված պահանջները.

բ) եթե կազմակերպիչն ունի հարկային կամ օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների ժամկետանց պարտավորություններ.

գ) օրենքով սահմանված այլ դեպքերում:

2. Սույն հոդվածի 1-ին մասի «ա» և «բ» կետերի պահանջները խախտելու դեպքում լիցենզիայի գործողությունը կասեցվում է մինչև խախտման հիմքի վերացումը: Սույն հոդվածի 1-ին մասի «գ» կետի պահանջը խախտելու դեպքում լիցենզիայի գործողությունը կասեցվում է համապատասխան օրենքով սահմանված ժամկետով: Լիցենզիայի գործողության կասեցումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 15. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

1. Լիազոր մարմինը լիցենզիայի գործողությունը դադարեցնում է`

ա) եթե կազմակերպիչը սույն օրենքի 10-րդ հոդվածում նշված փաստաթղթերում ներկայացրել է կեղծ տվյալներ.

բ) եթե կազմակերպիչը սույն օրենքի 13-րդ հոդվածին համապատասխան տուգանք կիրառելուց հետո` երկու տարվա ընթացքում, երրորդ անգամ թույլ է տվել տուգանքի կիրառման համար հիմք հանդիսացող խախտում.

գ) եթե կազմակերպիչը սույն օրենքի 14-րդ հոդվածին համապատասխան լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող խախտում թույլ տալուց հետո` երկու տարվա ընթացքում, թույլ է տվել խախտում, որը հիմք է լիցենզիայի գործողությունը կրկին կասեցնելու համար.

դ) օրենքով նախատեսված այլ դեպքերում.

ե) կազմակերպչի դիմումի համաձայն:

2. Լիցենզիայի գործողությունը դադարեցվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 16. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը սահմանված կարգով տրված լիցենզիաները` սույն օրենքի պահանջների պահպանմամբ, ուժի մեջ են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը:

2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

3. Սույն օրենքով կազմակերպիչների պարտականությունների մեղմացում նախատեսող դրույթները հետադարձ ուժ չունեն:

4. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի ՀՕ-102 օրենքը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան

 

2004 թ. հունվարի 7
Երևան
ՀՕ-1-Ն