Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-13-Ն
Տիպ
Օրենք
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (22.12.2007-31.08.2008)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2005.01.21/5(377) Հոդ.85
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
14.12.2004
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
11.01.2005
Дата вступления в силу
22.03.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.08.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 14-ին

ՀԱՆՑԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Սույն օրենքի նպատակն է հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու իրավական մեխանիզմների սահմանման միջոցով պաշտպանել քաղաքացիների իրավունքները, ազատությունները և օրինական շահերը, հասարակությունը և պետությունը, ինչպես նաև ապահովել Հայաստանի Հանրապետության տնտեսական համակարգի կայունության համար անհրաժեշտ իրավական մեխանիզմների առկայությունը:

Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան 
 

Սույն օրենքը կարգավորում է հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հետ կապված հարաբերությունները, սահմանում է հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարն իրականացնող մարմինների համակարգը, ինչպես նաև այդ մարմինների համագործակցության կարգն ու պայմանները:


Հոդված 2.

Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի իրավական  կարգավորումը
 

Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով, իսկ սույն օրենքով նախատեսված դեպքում՝ նաև իրավական այլ ակտերով:


Հոդված 3.

Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
 

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

ա) հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով նախատեսված արարքների կատարմամբ ստացված գույքը, այդ թվում՝ դրամական միջոցները, արժեթղթերը և գույքային իրավունքները, իսկ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ուղղակի նախատեսված դեպքերում՝ նաև քաղաքացիական իրավունքների այլ օբյեկտներ.

բ) հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացում (փողերի լվացում)` Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքի 190-րդ հոդվածով նախատեuված արարքը.

գ) ահաբեկչության ֆինանսավորում՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 217-րդ հոդվածով նախատեսված արարքը.

դ) հաշվետվություն տրամադրող անձինք՝ բանկերը, վարկային կազմակերպությունները, արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի, արտարժույթի առուվաճառքի մասնագիտացված գործունեություն իրականացնող անձինք, դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող անձինք, վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունները, արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեություն իրականացնող անձինք, գրավատները, գույքի նկատմամբ իրավունքների գրանցում իրականացնող մարմինները, օրենքով սահմանված դեպքերում և կարգով գործարքներ վավերացնող անձինք, շահումով խաղ և վիճակախաղ կազմակերպող անձինք, խաղատները, հավատարմագրային կառավարում իրականացնող անձինք, ապահովագրական գործունեություն իրականացնող անձինք, ինվեստիցիոն գործունեություն իրականացնող անձինք, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերություն իրականացնող ոչ առևտրային կազմակերպությունները (ներառյալ` դրամաշնորհներ տրամադրող կազմակերպությունները).

ե) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ՝ «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված Հայաստանի Հանրապետության ռեզիդենտները.

զ) Լիազորված մարմին՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի` սույն օրենքով սահմանված մարմինը.

է) պարտադիր վերահսկողություն՝ դրամական միջոցների կամ այլ գույքի հետ կապված գործառնությունների վերահսկողության գծով Լիազորված մարմնի կողմից ձեռնարկվող միջոցառումների ամբողջություն, որն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով հաշվետվություն տրամադրող անձանց կողմից տրամադրվող և ստուգման ենթակա տեղեկության հիման վրա.

ը) երրորդ անձ՝ իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը հանդես է գալիս հաճախորդի անունից կամ հանձնարարությամբ կամ հաճախորդի հաշվին կամ հօգուտ հաճախորդի կատարում է կամ իրավունք ունի կատարելու իրավաբանական կամ փաստացի գործողություններ:

(3-րդ հոդվածը փոփ., խմբ. 28.11.06 ՀՕ-205-Ն, լրաց. 13.11.07 ՀՕ-260-Ն)


Գ Լ ՈՒ Խ  2

ՀԱՆՑԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ


Հոդված 4.

Հաշվետվություն տրամադրող անձանց պարտականությունները
 

1. Հաշվետվություն տրամադրող անձինք պարտավոր են օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով միջոցներ ձեռնարկել իրենց հաճախորդի կամ երրորդ անձի կողմից կասկածելի գործարքները (գործառնությունները) ճանաչելու և կանխելու ուղղությամբ:

2. Հաշվետվություն տրամադրող անձինք օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով պարտավոր են Լիազորված մարմին ներկայացնել հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման վերաբերյալ՝ սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերով սահմանված տեղեկությունները:


Հոդված 5.

Տեղեկության տրամադրման պահանջը
 

1. Հաշվետվություն տրամադրող անձինք պարտավոր են հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված կասկածելի գործարքների, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված այլ գործարքների մասին տեղեկացնել Լիազորված մարմնին:

Սույն օրենքի իմաստով գործարքի մասին իմանալու պահ է համարվում այն պահը, երբ հաշվետվություն տրամադրող անձը հաճախորդի հետ կնքել է գործարքը, կամ միջնորդել է դրա կնքման համար կամ այլ կերպ տեղեկացվել է նման գործարքի կնքման կամ դրա կնքման հնարավորության մասին, կամ գործարքի կնքումից հետո հաշվետվություն տրամադրող անձի մոտ գործարքի վերաբերյալ կասկած է առաջացել:

2. Հաշվետվություն տրամադրող անձը, նրա աշխատակիցները, գործակալներն ու ներկայացուցիչներն իրավունք չունեն այլ անձանց, ինչպես նաև այն անձին, որի վերաբերյալ տեղեկություն է տրամադրվում Լիազորված մարմնին, հայտնելու տեղեկության տրամադրման փաստի մասին:

(պարբերությունն ուժը կորցրել է 08.12.05 ՀՕ-251-Ն):

3. Քրեական հետապնդում իրականացնող մարմինները սույն օրենքով նշված տեղեկությունները, ինչպես նաև բանկերի կողմից Լիազորված մարմնին տեղեկություն տրամադրելու փաստի վերաբերյալ տեղեկությունները բանկերից կարող են ստանալ «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, իսկ հաշվետվություն տրամադրող այլ անձինք՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով:

4. Տեղեկության տրամադրումը կարող է կատարվել թղթային, իսկ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) նորմատիվ իրավական ակտերով նախատեսված դեպքում՝ նաև (կամ) էլեկտրոնային եղանակով:

5. Սույն օրենքով սահմանված կարգով տեղեկության տրամադրման փաստը չի կարող հաճախորդի կամ երրորդ անձի կողմից տեղեկությունը տրամադրած անձին կամ նրա աշխատակցին, ներկայացուցչին կամ գործակալին ներկայացված վնասների հատուցման պահանջը բավարարելու հիմք հանդիսանալ:

(5-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-251-Ն)


Հոդված 6.

Տեղեկացման ենթակա գործարքները
 

 1. Հաշվետվություն տրամադրող անձինք, անկախ գործարքի դիմաց վճարումը կանխիկ կամ անկանխիկ լինելու հանգամանքից, Լիազորված մարմնին են տրամադրում հետևյալ գործարքների վերաբերյալ տեղեկությունները՝

ա) գործարքներ, որոնց արժեքը գերազանցում է 20 միլիոն դրամը, բացառությամբ անշարժ գույքի առք ու վաճառքի գործարքների.

բ) անշարժ գույքի առք ու վաճառքի գործարքները, որոնց արժեքը գերազանցում է 50 միլիոն դրամը.

գ) կասկածելի գործարքները՝ անկախ սույն մասում նշված գումարի չափից: Ընդ որում՝ կասկածելի չեն համարվում սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված գործառնությունները:

2. Գործարքը (գործառնությունը) կարող է համարվել կասկածելի, եթե՝

ա) հաճախորդը հաշվետվություն տրամադրող անձին առաջարկում է կնքել կամ նրա հետ կնքում է այնպիսի գործարք, որը թեկուզև համապատասխանում է օրենքների և իրավական այլ ակտերի պահանջներին, սակայն տվյալ գործարքով հնարավոր չէ պարզել գործարքի կողմերից թեկուզև մեկի ինքնությունը կամ գործունեության բնույթը կամ ստանալ տվյալ գործարքի կնքման կամ իրականացման համար հաշվետվություն տրամադրող անձի համար անհրաժեշտ տեղեկություններ.

բ) գործարքի պայմանները չեն համապատասխանում ձեռնարկատիրական գործունեության տվյալ բնագավառում սովորաբար կնքվող նման գործարքների պայմաններին կամ գործարար շրջանառության սովորույթներին.

գ) հաշվետվություն տրամադրող անձի համար ակնհայտ է դառնում, որ առաջարկվող կամ կնքված գործարքն ակնհայտորեն տնտեսական կամ իրավաչափ նպատակ չի հետապնդում.

դ) հաճախորդը տեղեկատվություն տրամադրող անձին չի ներկայացնում տվյալ գործարքով օրինական հետևանքներ առաջացնելու մտադրության վերաբերյալ վերջինիս համար ընդունելի բացատրություններ և պարզաբանումներ: Հաշվետվություն տրամադրողի համար ընդունելի բացատրություններ և պարզաբանումներ կարող են հանդիսանալ հաճախորդի ներկայացրած այն բանավոր կամ գրավոր ապացույցները, որոնք բացահայտում են առաջարկվող կամ կնքված գործարքի վավերությունը, իրավաչափությունը, կամ գործարքի առարկա հանդիսացող գույքի ծագման օրինականությունը և իրական պատկանելությունը: Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել ընդունելի բացատրությունների և պարզաբանումների այլ չափանիշներ:

Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել գործարքը կասկածելի համարելու՝ սույն մասով չնշված այլ հիմքեր, որոնց հիման վրա հաշվետվություն տրամադրող անձինք պարտավոր են այդ գործարքը ճանաչել կասկածելի:

3. Կասկածելի չի համարվում այն դրամական փոխանցումը, որի արժեքը չի գերազանցում 5 միլիոն դրամը, և եթե այն կատարվել է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս աշխատող ֆիզիկական անձի կողմից անձնական, ընտանեկան կամ նման այլ նպատակներով:

4. Գործարքը կասկածելի համարելու՝ սույն հոդվածի 2-րդ մասով նշված հիմքերից յուրաքանչյուրի չափանիշները, ըստ հաշվետվություն տրամադրողների խմբի, սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը՝ համապատասխան իրավասու մարմնի հետ համաձայնեցված:

Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվող անձանց համար գործարքները կասկածելի համարելու չափանիշները սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը:

(6-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-251-Ն)


Հոդված 7.

Տեղեկության բովանդակությունը և տեղեկությունների տրամադրման կարգը
 

1. Տեղեկության մեջ նշվում են՝

ա) հաճախորդի տվյալները՝ անունը, անձը հաստատող փաստաթղթի տեսակը և տվյալները կամ անվանումը և հաշվետվություն տրամադրողի մոտ առկա իրավաբանական անձի այլ տվյալներ (գտնվելու վայր, հարկ վճարողի հաշվառման, բանկային հաշվի, պետական գրանցման, լիցենզիայի համար).

բ) գործարքի էությունը.

գ) գործարքի կնքման վայրը.

դ) գործարքի գինը (արժեքը).

ե) գործարքի կնքման ամսաթիվը.

զ) գործարքում շահառուի առկայության դեպքում՝ նրա վավերապայմանները (եթե առկա են):

2. Կասկածելի գործարքի մասին տեղեկացման մեջ նշվում են նաև գործարքը կասկածելի լինելու հիմքերը:

3. Հաշվետվություն տրամադրող անձանց այն աշխատակիցները, որոնք իրականացնում են հաճախորդների սպասարկումը, տվյալ գործարքը (գործառնությունը) կասկածելի որակվելու դեպքում պետք է տեղեկացված լինեն տվյալ հաճախորդի վերաբերյալ Լիազորված մարմնին տեղեկություն տրամադրելու փաստի մասին:

4. Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվող, ինչպես նաև այն անձանց կողմից, որոնց չեն լիցենզավորում և վերահսկում համապատասխան իրավասու մարմինները, տեղեկության տրամադրման կարգը, ժամկետները և ձևերը սահմանում է Կենտրոնական բանկը:

Իրավասու մարմինների կողմից լիցենզավորվող և վերահսկվող հաշվետվություն տրամադրող անձանց կողմից տեղեկության տրամադրման կարգը, ժամկետները և ձևերը սահմանում է Կենտրոնական բանկը՝ համաձայնեցնելով համապատասխան իրավասու մարմնի հետ:

Կենտրոնական բանկը սույն մասով սահմանված կարգերով կարող է սահմանել, որ տեղեկությունները հավաքագրվում են իրավասու մարմինների միջոցով: Իրավասու մարմինների միջոցով հավաքագրվող տեղեկությունները բավարար չլինելու դեպքում Կենտրոնական բանկն իրավունք ունի իրավասու մարմնից և (կամ) հաշվետվություն տրամադրող անձանցից պահանջելու ներկայացնել անհրաժեշտ տեղեկություններ:


Հոդված 8.

Հաշվետվություն տրամադրող իրավաբանական անձանց հիմնադիրների և անհատ ձեռնարկատերերի հայտարարությունները
 

1. Հայաստանի Հանրապետությունում ստեղծվող և սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված հաշվետվություն տրամադրող իրավաբանական անձի հիմնադիրը պարտավոր է մինչև իրավաբանական անձի գրանցումն իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմին ներկայացնել իր կողմից իրավաբանական անձին հանձնվող կամ վերջինիս կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում ներդրվող գույքի օրինականության վերաբերյալ հայտարարություն՝ նշելով հանձնվող գույքի կազմը, չափը և ծագման աղբյուրները, եթե հանձնվող կամ ներդրվող գույքի արժեքը գերազանցում է 40 միլիոն դրամը:

Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացող հաշվետվություն տրամադրող անհատ ձեռնարկատերը պարտավոր է մինչև պետական գրանցումը իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմին ներկայացնել իր կողմից ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակով նախատեսված գույքի օրինականության վերաբերյալ հայտարարություն՝ նշելով հանձնվող գույքի կազմը, չափը և ծագման աղբյուրները, եթե հանձնվող կամ ներդրվող գույքի արժեքը գերազանցում է 30 միլիոն դրամը:

2. Սույն հոդվածով նախատեսված հայտարարությունների օրինակելի ձևերը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը:

3. Իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմինը սույն հոդվածում նշված հայտարարագրի պատճենը առաքում է Լիազորված մարմնին՝ հաշվառման:


Հոդված 9.

Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից հաճախորդների նույնականացումը (իդենտիֆիկացիան), տեղեկությունների պահպանումը և ներքին հսկողության մարմինները
 

1. Հաշվետվություն տրամադրող անձինք պարտավոր են սույն օրենքով և դրան համապատասխան ընդունված իրավական ակտերով սահմանված կարգով իրականացնել հաճախորդների, հաճախորդների անունից հանդես եկող երրորդ անձանց նույնականացում (իդենտիֆիկացիա) և տեղեկությունների պահպանում:

2. Հաճախորդների, հաճախորդների անունից հանդես եկող երրորդ անձանց նույնականացման (իդենտիֆիկացիայի) և տեղեկությունների պահպանման կարգը, ըստ հաշվետվություն տրամադրողների խմբերի, սահմանում է Կենտրոնական բանկը՝ համապատասխան իրավասու մարմնի հետ համաձայնեցված: Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվող, ինչպես նաև այն անձանց կողմից, որոնց չեն լիցենզավորում և վերահսկում համապատասխան իրավասու մարմինները, հաճախորդների, հաճախորդների անունից հանդես եկող երրորդ անձանց նույնականացման (իդենտիֆիկացիայի) և տեղեկությունների պահպանման կարգը սահմանում է Կենտրոնական բանկը:

3. Հաշվետվություն տրամադրող անձինք պարտավոր են ունենալ հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառության և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելմամբ զբաղվող կառուցվածքային առանձին ստորաբաժանում կամ աշխատակից կամ այդ պարտականությունները դնել այլ կառուցվածքային ստորաբաժանման կամ աշխատակցի (այսուհետ՝ ներքին հսկողության մարմին) վրա: Հաշվետվություն տրամադրող անձանց ներքին հսկողության մարմնի գործունեության կարգը, նրա կողմից ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման հաճախականությունը սահմանում է Կենտրոնական բանկը:

4. Բանկի կամ վարկային կազմակերպության ներքին հսկողության մարմնի գործունեության առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքի 14-րդ հոդվածով և Կենտրոնական բանկի իրավական ակտերով:


Գ Լ ՈՒ Խ  3

ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆԸ


Հոդված 10.

Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի լիազորված մարմինը
 

Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի լիազորված մարմինը Կենտրոնական բանկն է:

Լիազորված մարմնի խնդիրը հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում տեղեկության կենտրոնացված հավաքագրումն է և պահպանումը, տվյալների վերլուծությունը, տեղեկության փոխանակումը և տրամադրումը ներպետական իրավասու մարմիններին, ինչպես նաև այդ տվյալների փոխանակումը և տրամադրումը միջազգային կազմակերպություններին, իսկ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված լինելու դեպքում՝ նաև այլ պետությունների իրավասու մարմիններին:

Լիազորված մարմինը պարտադիր վերահսկողություն է իրականացնում տեղեկությունների տրամադրման գործընթացի նկատմամբ:

Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարը կազմակերպելու և սույն օրենքով նախատեսված տեղեկությունները հավաքագրելու և համակարգելու նպատակով Կենտրոնական բանկում ստեղծվում է պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանում, որի ղեկավարին և անդամներին նշանակում է Կենտրոնական բանկի խորհուրդը: Սույն մասում նշված ստորաբաժանման՝ սույն օրենքից բխող գործառույթները սահմանվում են Կենտրոնական բանկի խորհրդի հաստատած կանոնադրությամբ:

Սույն օրենքով սահմանված տեղեկությունների վերլուծության հիման վրա Լիազորված մարմինն իրավունք ունի կասկածելի գործարքը (գործառնությունը) կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ դիմում ներկայացնել Կենտրոնական բանկի խորհուրդ: Կենտրոնական բանկի խորհուրդը դիմումը քննարկում է հնգօրյա ժամկետում:

Լիազորված մարմինը վերլուծում է սույն օրենքով սահմանված տեղեկությունները և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման կամ ահաբեկչության ֆինանսավորման, ինչպես նաև դրա փորձ կատարելու կասկած առաջանալու դեպքում ծանուցում է քրեական հետապնդում իրականացնող համապատասխան մարմնին՝ օրենքով սահմանված միջոցառումներ իրականացնելու համար:

(10-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-251-Ն)


Հոդված 11.

Լիազորված մարմնի և պետական այլ մարմինների փոխհարաբերությունները
 

1. Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի արդյունավետ իրականացման նպատակով Լիազորված մարմինը սույն օրենքով նախատեսված կարգով և սահմաններում համագործակցում է պետական այլ մարմինների հետ:

2. Սույն օրենքով նախատեսված տեղեկությունների վերլուծության արդյունքում սույն օրենքի և դրանից բխող իրավական այլ ակտերի պահանջների խախտումներ հայտնաբերելու դեպքում, եթե Լիազորված մարմնի կարծիքով հնարավոր է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 190-րդ, 217-րդ, 2171 , 388-րդ և 389-րդ հոդվածներով նախատեսված հանցակազմի հատկանիշների առկայությունը, Լիազորված մարմինը, Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով դիմում է քրեական հետապնդում իրականացնող համապատասխան մարմին:

3. Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի իրականացման ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում ստացված տեղեկությունները Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով, համապատասխան հարցման հիման վրա, Լիազորված մարմինը կարող է տրամադրել՝

ա) խաղատների, շահումով խաղ և վիճակախաղ կազմակերպող անձանց գործունեության հետ կապված տեղեկությունները՝ այդ անձանց գործունեությունը լիցենզավորող լիազորված պետական մարմնին.

բ) նոտարների, հավատարմագրային կառավարում իրականացնող կազմակերպությունների և սույն օրենքով նախատեսված ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության հետ կապված տեղեկությունները՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը.

գ) գույքի նկատմամբ իրավունքների գրանցում իրականացնող տարածքային մարմինների գործունեության հետ կապված տեղեկությունները՝ գույքի նկատմամբ իրավունքների գրանցում իրականացնող հանրապետական մարմնին.

դ) քրեական հետապնդում իրականացնող մարմիններին՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված քրեական գործ հարուցելու հիմքերի առկայության դեպքում:

4. Լիազորված մարմինն իրավունք ունի քրեական հետապնդում իրականացնող համապատասխան մարմնին հարցումներ ուղարկելու սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դիմումների ընթացքը պարզելու, տեղեկությունների բազան ամբողջականացնելու և սույն օրենքով իր վրա դրված այլ խնդիրներն իրագործելու համար: Քրեական հետապնդում իրականացնող համապատասխան մարմինները Լիազորված մարմնին պատասխանում են հարցումը ստանալու օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:

(11-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-251-Ն)


Հոդված 12.

Միջազգային համագործակցությունը
 

1. Լիազորված մարմինը և պետական այլ մարմինները համագործակցում են հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքար իրականացնող օտարերկրյա մարմինների հետ միջազգային պայմանագրերի շրջանակներում և իրավական ակտերով սահմանված ընթացակարգերի համաձայն: Լիազորված մարմնի կողմից համագործակցությունը կարող է իրականացվել նաև միջազգային պայմանագրերի բացակայության դեպքում:

2. Լիազորված մարմինը, փոխադարձության հիման վրա, սեփական նախաձեռնությամբ կամ հարցման դեպքում փոխանակում է տեղեկատվություն նմանատիպ գործառույթներ իրականացնող օտարերկրյա մարմինների հետ, որոնք ապահովում են տեղեկատվության համարժեք գաղտնիություն:

Այդ տեղեկատվությունը պետք է օգտագործվի միայն հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի նպատակներով:

3. Լիազորված մարմինն իրավասու չէ որևէ երրորդ կողմի բացահայտելու, ինչպես նաև քրեական հետապնդման, վարչական կամ դատական նպատակներով օգտագործելու ստացված տեղեկատվությունն առանց տեղեկատվությունը տրամադրած օտարերկրյա մարմնի նախնական համաձայնության:

4. Սույն հոդվածի նպատակներից ելնելով` լիազորված մարմինն իրավասու է համագործակցության համաձայնագրեր կնքելու նմանատիպ գործառույթներ իրականացնող օտարերկրյա մարմինների հետ, որոնք ապահովում են տեղեկատվության համարժեք գաղտնիություն:

(12-րդ հոդվածը խմբ. 28.11.06 ՀՕ-205-Ն)


Գ Լ ՈՒ Խ  4

 

ՀԱՆՑԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՆԿԵՐՈՒՄ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ


Հոդված 13.

Բանկերի և վարկային կազմակերպությունների ներքին իրավական ակտերը
 

1. Բանկերը և վարկային կազմակերպությունները պետք է ունենան հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների շրջանառության և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելմանն ուղղված ներքին իրավական ակտեր (կարգ, ընթացակարգ, հրահանգ, կանոնակարգ): Սույն մասով նախատեսված ներքին իրավական ակտը պետք է սահմանի՝

ա) այն պարտադիր ընթացակարգերը, որոնք բանկի կամ վարկային կազմակերպության ստորաբաժանումների և աշխատակիցների կողմից պետք է պահպանվեն բանկի կամ վարկային կազմակերպության հաճախորդների, պարտատերերի կամ այլ անձանց հետ ֆինանսական և (կամ) այլ գործառնություններ կատարելիս.

բ) այն տեղեկությունները, որոնք բանկը կամ վարկային կազմակերպությունը հաճախորդից, պարտատերերից կամ այլ անձանցից պետք է պահանջի ֆինանսական կամ այլ գործառնությունների կատարման ընթացքում.

գ) ներքին իրավական ակտով նախատեսված ընթացակարգերի և պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացման կարգն ու պայմանները.

դ) ներքին իրավական ակտով նախատեսված ընթացակարգերի և պահանջների չպահպանման համար բանկի ղեկավարների, աշխատակիցների և սույն օրենքի 14-րդ հոդվածում նշված պատասխանատու ստորաբաժանման կամ աշխատակցի պատասխանատվությունը.

ե) սույն օրենքով սահմանված այլ դրույթներ:

Բանկի կամ վարկային կազմակերպության՝ սույն մասով նշված ներքին ակտով կարող են կարգավորվել սույն օրենքով չկարգավորված և հանցավոր ճանապարհով ստացված միջոցների շրջանառության և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման հետ կապված այլ հարցեր:

2. Բանկերը և վարկային կազմակերպությունները պետք է ունենան հաճախորդների վերաբերյալ տեղեկությունների գրանցման և պահպանման, ինչպես նաև կասկածելի գործարքների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման, հաշվառման և պահպանման վերաբերյալ ներքին իրավական ակտեր (կարգ, ընթացակարգ, հրահանգ, կանոնակարգ):

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված ներքին իրավական ակտերից մեկական օրինակ բանկը կամ վարկային կազմակերպությունը դրանց հաստատման, ինչպես նաև դրանցում լրացումներ և փոփոխություններ կատարելու դեպքում մեկշաբաթյա ժամկետում տրամադրում է Կենտրոնական բանկին:


Հոդված 14.

Բանկերի և վարկային կազմակերպությունների ներքին հսկողության մարմինները
 

1. Բանկերը և վարկային կազմակերպությունները պարտավոր են ունենալ հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառության և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելմամբ զբաղվող կառուցվածքային առանձին ստորաբաժանում կամ աշխատակից կամ այդ պարտականությունները դնել այլ կառուցվածքային ստորաբաժանման կամ աշխատակցի՝ ներքին հսկողության մարմնի վրա:

2. Բանկի կամ վարկային կազմակերպության ներքին հսկողության մարմինը պարտավոր է բանկի (վարկային կազմակերպության) կառավարման իրավասու մարմնի սահմանած հաճախականությամբ և կարգով ուսումնասիրել բանկի (վարկային կազմակերպության) իրականացրած ֆինանսական գործառնությունների, բանկի (վարկային կազմակերպության) կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների և աշխատակիցների գործողությունների համապատասխանությունը սույն օրենքին, սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերին և դրանց հիման վրա ընդունված բանկի (վարկային կազմակերպության) ներքին իրավական ակտերին (կանոնակարգերին, ընթացակարգերին, հրահանգներին, ուղեցույցներին և այլն):

3. Բանկի կամ վարկային կազմակերպության ներքին հսկողության մարմինը սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ուսումնասիրության ավարտից հետո բանկի (վարկային կազմակերպության) կառավարման իրավասու մարմնի սահմանած ժամկետում ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ բանկի (վարկային կազմակերպության) գործադիր մարմնին, իսկ բանկի (վարկային կազմակերպության) ներքին իրավական ակտերով նախատեսված դեպքերում՝ նաև խորհրդին (տնօրենների կամ դիտորդ խորհրդին) ներկայացնում է գրավոր հաշվետվություն: Բանկը կամ վարկային կազմակերպությունը սույն մասով նշված հաշվետվության մեկ օրինակը ներկայացնում է Կենտրոնական բանկ:


Հոդված 15.

Տեղեկությունների հավաքագրման առանձնահատկությունները
 

1. Հաճախորդի համար հաշիվ բացելու և վարելու դեպքում բանկը պարտավոր է պարզել հաճախորդի՝ սույն օրենքով և իրավական այլ ակտերով տրամադրման ենթակա տեղեկությունները:

Հաճախորդի, պարտատիրոջ կամ այլ անձի կողմից որպես գործակալ, ներկայացուցիչ կամ լիազորված անձ՝ մեկ այլ անձի հանդես գալու դեպքում բանկը կամ վարկային կազմակերպությունը պարտավոր է պարզել այդ բանկային հաշվի կամ գործառնության իրական բենեֆիցիարին, ինչպես նաև սույն օրենքով սահմանված կարգով հավաքագրել գործակալի, ներկայացուցչի կամ լիազորված անձի վերաբերյալ՝ բանկի կամ վարկային կազմակերպության ներքին ակտերով նախատեսված տեղեկությունները:

Սույն մասով նշված գործակալի, ներկայացուցչի կամ լիազորված անձի վերաբերյալ բանկի կամ վարկային կազմակերպության կողմից տեղեկությունների պարզումը պարտադիր չէ, եթե որպես գործակալ, ներկայացուցիչ կամ լիազորված անձ հանդես է գալիս ֆինանսական շուկաներում որոշակի ֆինանսական գործառնություններ իրականացնելու համար լիցենզիա ունեցող անձը:

2. Եթե հաճախորդը, պարտատերերը կամ պայմանագրի կողմ հանդիսացող այլ անձ օֆշորային երկրում կամ տարածքում գրանցված և (կամ) գործող իրավաբանական անձ է, տվյալ պետության օրենսդրությամբ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող անձ կամ ֆիզիկական անձ է, ապա բանկը կամ վարկային կազմակերպությունը սույն օրենքով և իր ներքին ակտերով սահմանված կարգով պարտավոր է պարզել և գրառել նաև այդ անձանց կենսական շահերի կենտրոնը և եկամտի աղբյուրները:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկությունները պարզվում են նաև, եթե անձը հանդիսանում է բարձր ռիսկ առաջացնող հաճախորդ: Բարձր ռիսկ առաջացնող հաճախորդների ցանկը և չափանիշները հաստատում է Կենտրոնական բանկի խորհուրդը:

Բարձր ռիսկ առաջացնող հաճախորդների հետ գործարքները կնքվում են բանկի կամ վարկային կազմակերպության գործադիր մարմնի որոշմամբ:

4. Բանկն իրավունք ունի մերժելու հաշիվ բացելու, հաշիվ փակելու կամ այլ գործարք (գործառնություն) կատարելու վերաբերյալ հաճախորդի դիմումը, եթե հաշվին մուտքագրվող միջոցները կամ ապագա հաշվետերը կասկածվում են հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառության կամ ահաբեկչության ֆինանսավորման մեջ:

5. Հաճախորդների, պարտատերերի կամ պայմանագրի կողմ հանդիսացող այլ անձանց վերաբերյալ բանկի կամ վարկային կազմակերպության հավաքագրած՝ սույն օրենքով նախատեսված տեղեկությունները, այդ թվում՝ նրանց իրականացրած կասկածելի գործառնությունների վերաբերյալ տեղեկությունները, բանկը կամ վարկային կազմակերպությունը թղթային և (կամ) էլեկտրոնային եղանակով պետք է պահպանի առնվազն հինգ տարի:


Հոդված 16.

Ֆինանսական գործառնությունների իրականացումը: Բանկերի կողմից հաշիվներ բացելու և վարելու սահմանափակումները
 

1. Բանկերը և վարկային կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ֆինանսական գործառնություններ կարող են իրականացնել միայն սույն օրենքով սահմանված անհրաժեշտ տեղեկություններն ստանալուց և սույն օրենքով, բանկի (վարկային կազմակերպության) ներքին իրավական ակտերով սահմանված կարգով գրառելուց հետո:

2. Բանկերին արգելվում է բացել և վարել անանուն կամ մտացածին անուններով, ինչպես նաև թվային, տառային կամ պայմանական այլ նշաններով արտահայտված հաշիվներ:

3. Բանկերը, սույն օրենքի և սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջների պահպանմամբ, իրենց ներքին իրավական ակտերով պետք է սահմանեն այլ բանկերի թղթակցային հաշիվների բացման և վարման կարգը, ինչպես նաև այլ բանկերում իրենց թղթակցային հաշիվների բացման և վարման առանձնահատկությունները:

4. Բանկերը՝ իրավաբանական անձանց համար հաշիվներ բացելիս, իսկ վարկային կազմակերպությունները՝ փոխառություններ ներգրավելիս, պարտավոր են իրավաբանական անձանցից պահանջել կանոնադրության պատճենը, պետական գրանցման վկայականի պատճենը, իսկ առկայության դեպքում՝ նաև լիցենզիայի պատճենը:

5. Հաշիվներ բացելու, ֆինանսական գործառնություններ կատարելու՝ սույն օրենքով սահմանված կանոնները կիրառվում են նաև այն դեպքում, երբ հաշիվը բացվում է, կամ ֆինանսական գործառնությունը կատարվում է էլեկտրոնային եղանակով կամ գրագրության միջոցով:

 6. Բանկերը պարտավոր են առանց հաշիվ բացելու դրամական (փողային) փոխանցման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում նշել ուղարկողի անունը կամ անվանումը, բնակության կամ գտնվելու վայրը:

Օրենքով դրամական (փողային) փոխանցումներ իրականացնելու թույլտվություն ունեցող այլ անձինք պարտավոր են դրամական (փողային) փոխանցման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում նշել ուղարկողի անունը կամ անվանումը, բնակության կամ գտնվելու վայրը, առկայության դեպքում՝ հաշվի համարը:

Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնելու իրավունք ունեցող անձը պարտավոր է չկատարել փոխանցման կամ վճարման պահանջը, եթե փոխանցման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում բացակայում է սույն մասով սահմանված տվյալներից մեկը:


Հոդված 17.

Օտարերկրյա պետություններում և տարածքներում հաշիվների բացումը
 

 1. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտներին արգելվում է օտարերկրյա պետությունում կամ տարածքում բացել բանկային կամ այլ հաշիվներ, եթե տվյալ օտարերկրյա պետությունում կամ տարածքում բացակայում է հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի վերաբերյալ օրենսդրությունը:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված պետությունների և տարածքների ցանկը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ՝ հիմք ընդունելով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարով զբաղվող միջազգային կազմակերպությունների հրապարակած տվյալները:

3. Բանկերն ու վարկային կազմակերպությունները պարտավոր են հանձնարարել օտարերկրյա պետություններում գտնվող իրենց մասնաճյուղերին և ներկայացուցչություններին պահպանել սույն օրենքի և սույն օրենքից բխող իրավական այլ ակտերի պահանջները, եթե սույն օրենքը սահմանում է ավելի խիստ նորմեր, քան մասնաճյուղի կամ ներկայացուցչության գտնվելու վայրի պետության օրենքներն ու իրավական այլ ակտերը:


Գ Լ ՈՒ Խ  5

Կասկածելի գործառնությունների դադարեցումը ԵՎ կասեցումը, ահաբեկչության հետ կապված եկամուտների սառեցումը
(վերնագիրը խմբ. 28.11.06 ՀՕ-205-Ն)


Հոդված 18.

Գործառնությունների դադարեցումը և կասեցումը
 

1. Հաշվետվություն տրամադրող անձն իրավունք ունի դադարեցնելու կամ կասեցնելու կասկածելի գործարքը՝ այդ մասին տեղեկացնելով Լիազորված մարմնին:

Հաշվետվություն տրամադրող անձինք Կենտրոնական բանկի խորհրդի որոշման հիման վրա պարտավոր են դադարեցնել կամ կասեցնել այն հաշիվներով գործառնությունները, որոնք կասկածվում են հանցավոր ճանապարհով ստացված միջոցների շրջանառության կամ ահաբեկչության ֆինանսավորման մեջ:

Դադարեցված կամ կասեցված գործառնությունների մասին Լիազորված մարմնին տեղեկացնելու կարգը, ժամկետները, ձևը, գործառնությունների դադարեցման, կասեցման, ինչպես նաև դադարեցման կամ կասեցման վերացման կարգը, ժամկետները սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը:

Կենտրոնական բանկի խորհուրդը գործառնությունների դադարեցման կամ կասեցման հարցը քննարկում և որոշում է կայացնում տեղեկությունները ստանալու պահից հնգօրյա ժամկետում:

2. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով և պայմաններով իրավունք ունի բանկից, վարկային կազմակերպությունից, հաշվետվություն տրամադրող այլ անձանցից, բանկի, վարկային կազմակերպության, հաշվետվություն տրամադրող այլ անձի հաճախորդից, պարտատերից, կոնտրագենտից, մասնակցից կամ մասնակցություն ձեռք բերող անձից պահանջելու միջոցների ծագման օրինականության վերաբերյալ սույն օրենքով չնախատեսված անհրաժեշտ փաստաթղթեր կամ տեղեկություն:

Այդ միջոցների ծագման, շրջանառության օրինականության վերաբերյալ կասկածներ ունենալու դեպքում, եթե տվյալ անձը հակառակը չի ապացուցում, Կենտրոնական բանկն իրավասու է մերժելու օրենքով սահմանված նախնական համաձայնության, համաձայնության, հավանության, գրանցման կամ նման ցանկացած դիմում կամ միջնորդագիր, ինչպես նաև կիրառելու օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ:

3. Հաշվետվություն տրամադրող անձինք վերացնում են գործարքի (գործառնության) կասեցումը կամ դադարեցումը, եթե հաշվետվություն տրամադրող անձի հաճախորդի կողմից ներկայացվել են հաշվետվություն տրամադրողի համար ընդունելի բացատրություններ և պարզաբանումներ, որոնք ակնհայտ հիմնավորում են, որը տվյալ գործարքը կասկածելի չէ՝ այդ մասին տեղեկացնելով Կենտրոնական բանկին:

Կենտրոնական բանկի խորհրդի որոշման հիման վրա գործարքը (գործառնությունները) դադարեցված կամ կասեցված լինելու դեպքում հաշվետվություն տրամադրող անձը վերացնում է գործարքի (գործառնության) կասեցումը կամ դադարեցումը, եթե ներկայացված բացատրությունները և պարզաբանումները ընդունելի են Կենտրոնական բանկի խորհրդի համար:

(18-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-251-Ն)


Հոդված 181. Ահաբեկչության հետ կապված եկամուտների սառեցումը
 

1. Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերի և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կատարման նպատակով Լիազորված մարմինը պետք է ապահովի ահաբեկչության հետ կապված անձանց ցանկերին համապատասխան՝ դրանցում ներառված անձանց եկամուտների անհապաղ սառեցումը:

Սառեցման մասին որոշումը կարող է կայացնել հաշվետու անձը կամ Լիազորված մարմինը: Որոշումը գործում է յոթնօրյա ժամկետում, որը հաշվվում է հաշվետու անձի կողմից կայացվելու դեպքում՝ Լիազորված մարմնին որոշման օրինակը տրամադրելու պահից, իսկ Լիազորված մարմնի կողմից կայացվելու դեպքում՝ որոշման կայացման պահից սկսած:

2. Լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով պետք է նախատեսվի՝

ա) Լիազորված մարմնի կողմից նշված ցանկերի, ինչպես նաև դրանց փոփոխությունների և լրացումների հրապարակման ընթացակարգը, այդ ցանկերի մասին հաշվետվություն տրամադրող անձանց իրազեկման և ցանկերում ներառված անձանց եկամուտները հաշվետու անձանց կողմից անհապաղ սառեցնելու կարգը.

բ) ցանկերում ներառված անձանց եկամուտները Լիազորված մարմնի կողմից սառեցնելու կարգը.

գ) ցանկերում ներառված անձանց եկամուտների սառեցման համար նախատեսված ժամկետն անցնելուց հետո այդ եկամուտների վրա Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կալանք դնելու համար քրեական հետապնդման մարմիններին նյութերը ներկայացնելու կարգը.

դ) բարեխիղճ երրորդ անձանց եկամուտների սառեցման դեպքում սառեցման որոշման մասին նրանց իրազեկելու և հնարավոր առարկությունները հաշվի առնելու կարգը.

ե) սառեցված եկամուտների հաշվին ցանկերում ներառված անձանց ընտանեկան, բժշկական և այլ անձնական նպատակներով վճարումներ կատարելու Լիազորված մարմնի իրավասությունը և դրա ընթացակարգը.

զ) եկամուտների սառեցման մասին որոշումը Լիազորված մարմնի կողմից վերացնելու (եկամուտներն ապասառեցնելու) կարգն այն դեպքերում, երբ այդ անձանց անունները հանվել են համապատասխան ցանկերից:

(181-ին հոդվածը լրաց. 28.11.06 ՀՕ-205-Ն)


Գ Լ ՈՒ Խ  6

ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ


Հոդված 19.

Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջների խախտման համար
 

1. Հաշվետվություն տրամադրող անձինք սույն օրենքի և սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջներն առաջին անգամ չկատարելու դեպքում հօգուտ պետական բյուջեի վճարում են տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, երկրորդ անգամ՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով, երեք և ավելի անգամ՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տուգանքը Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվող և վերահսկվող, ինչպես նաև իրավասու մարմինների կողմից չվերահսկվող կամ չլիցենզավորվող տեղեկատվություն տրամադրող անձինք վճարում են Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ, իրավասու մարմինների կողմից լիցենզավորվող կամ վերահսկվող տեղեկատվություն տրամադրող այլ անձինք՝ Կենտրոնական բանկի գրավոր միջնորդությամբ՝ իրավասու մարմնի որոշմամբ:

3. Սույն օրենքի և սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջները խախտելու համար Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվող և վերահսկվող հաշվետվություն տրամադրող անձանց պաշտոնատար անձինք կրում են իրենց գործունեությունը կարգավորող օրենքներով և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվություն՝ այդ օրենքներով սահմանված:

Հաշվետվություն տրամադրող այլ անձանց պաշտոնատար անձանց կողմից սույն օրենքի և դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի խախտումների համար այդ անձանց նկատմամբ նշանակվում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ խախտումների համար, որոնք կրկին կատարվել են սույն մասով սահմանված կարգով տուգանք նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում, նշանակվում է տուգանք նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով: Նշված տուգանքը նշանակվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով:

4. Հաշվետվություն տրամադրողները, ինչպես նաև նրանց ղեկավարներն ու աշխատակիցները չեն կարող սույն օրենքից և սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերից բխող իրենց պարտականությունները օրենքի սահմաններում կատարելու համար ենթարկվել պատասխանատվության, այդ թվում՝ հատուցել հաճախորդի կամ այլ անձի կրած վնասները:

5. Լիազորված մարմնի աշխատակիցները սույն օրենքի և սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերի համաձայն` Լիազորված մարմին ներկայացված բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների հրապարակման, ինչպես նաև առևտրային և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների ապօրինի հրապարակման համար կրում են Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվություն:

Լիազորված մարմնի աշխատակիցների ապօրինի գործողությունների հետևանքով իրավաբանական և ֆիզիկական անձանց պատճառված վնասը, բայց ոչ ավելի, քան պատճառված վնասի չափով, Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ենթակա է հատուցման:

6. Պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողությունների (անգործության) հետևանքով պատճառված վնասը հատուցում է Հայաստանի Հանրապետությունը:


Գ Լ ՈՒ Խ  7

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ
ԴՐՈՒՅԹՆԵՐ


Հոդված 20.

Օրենքի ուժի մեջ մտնելը
 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող վաթսուներորդ օրվանից:

2. Սույն օրենքը տարածվում է արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառք իրականացնող անձանց, արտարժույթի առուվաճառք իրականացնող անձանց, դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող անձանց, վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունների, արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեություն իրականացնող անձանց, գրավատների, գույքի նկատմամբ իրավունքների գրանցում իրականացնող մարմինների, օրենքով սահմանված դեպքերում և կարգով գործարքներ վավերացնող անձանց, շահումով խաղ և վիճակախաղ կազմակերպող անձանց, խաղատների, հավատարմագրային կառավարում իրականացնող անձանց, ապահովագրական գործունեություն իրականացնող անձանց, ինվեստիցիոն գործունեություն իրականացնող անձանց, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերություն իրականացնող ոչ առևտրային կազմակերպությունների վրա՝ 2005 թվականի հուլիսի 1-ից:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության բանկերում ներդրվող այն բանկային ավանդները, որոնք կներդրվեն մինչև 2005 թվականի հուլիսի 1-ը, սույն օրենքի իմաստով չեն դիտարկվի որպես կասկածելի գործառնություններ:

(20-րդ հոդվածը լրաց. 13.11.07 ՀՕ-260-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան

2005 թ. հունվարի 11
Երևան
ՀՕ-13-Ն