Գլխավոր տեղեկություն
Номер
N 976-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.06.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.06.12-2023.06.25 Պաշտոնական հրապարակման օրը 16.06.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.06.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.06.2023
Дата вступления в силу
17.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հունիսի 2023 թվականի N 976-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ 2023 թվականի օգոստոսի 5-19-ը Հայաստանի Հանրապետությունում կայանալիք՝ համահայկական ամառային ութերորդ խաղերին (այսուհետ՝ խաղեր) մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող օտարերկրյա քաղաքացիներն ազատվում են մուտքի արտոնագրի տրամադրման համար նախատեսված պետական տուրքի վճարումից:

2. Սույն որոշմամբ սահմանված արտոնությունը կարող է կիրառվել միայն այն օտարերկրացիների նկատմամբ, որոնց տվյալները (անունը, ազգանունը, ծննդյան ամսաթիվը, անձնագրի համարը) մինչև 2023 թվականի օգոստոսի 1-ը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ տվյալ անձի ժամանելուց առնվազն 24 ժամ առաջ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից պաշտոնապես ներկայացված կլինեն, միաժամանակ, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն։

3. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` խաղերի ավարտին հաջորդող մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել տեղեկատվություն սույն որոշման 1-ին կետում նշված պետական տուրքի չափի մասին:

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` սույն որոշման 3-րդ կետում նշված տեղեկատվությունն ստանալուց և օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններից և հյուպատոսական հիմնարկներից ստացված` սույն որոշման 1-ին կետում նշված պետական տուրքի չափի մասին տվյալների հետ ամփոփելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից՝ այդ առաջարկության մեջ նշված գումարի չափով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը սույն որոշման 1-ին կետում նշված պետական տուրքի վճարումից ազատված մուտքի արտոնագրերի համար նախատեսված պետական տուրքի գումարների փոխարեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու նպատակով գումար հատկացնելու վերաբերյալ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է մինչև 2023 թվականի օգոստոսի 23-ը ծագած հարաբերությունների վրա։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

16.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 հունիսի 2023 թվական: