Գլխավոր տեղեկություն
Номер
N 941-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.06.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.05.29-2023.06.11 Պաշտոնական հրապարակման օրը 09.06.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
08.06.2023
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
09.06.2023
Дата вступления в силу
10.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հունիսի 2023 թվականի N 941-Ն

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ, ՀՐԱԶԵՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍԵՐԻ ԵՎ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների արտադրության կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽաչատրՅԱՆ

 

Երևան


09.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

հունիսի 8-ի N 941-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ, ՀՐԱԶԵՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍԵՐԻ ԵՎ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների արտադրության կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝

1) արտադրության կազմակերպում՝ միջոցառումների ամբողջություն, որոնք բնութագրում են նոր մշակված, արդիականացված կամ շահագործման մեջ գտնվող քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների (այսուհետ՝ արտադրատեսակներ) արտադրության կազմակերպման երկու փուլերը՝ նախապատրաստումը և յուրացումը.

2) որակավորման փորձարկումներ՝ արտադրատեսակների ստուգիչ փորձարկումներ, որոնք անցկացվում են արտադրատեսակների արտադրության յուրացման ժամանակ, ստանդարտների պահանջներին արտադրատեսակի համապատասխանության հաստատման, արտադրատեսակների փորձանմուշների փորձարկումների ժամանակ ի հայտ եկած թերությունների վերացման համար անցկացվող միջոցառումների գնահատման, արտադրատեսակի որակի կայունությունն ապահովող մշակված տեխնոլոգիական պրոցեսի ստուգման նպատակով, ինչպես նաև տրված ծավալով արտադրատեսակների թողարկման համար արտադրության պատրաստ լինելը որոշելու համար.

3) արտադրության տեխնոլոգիական պատրաստվածություն (տեխնոլոգիական պատրաստվածություն)՝ արտադրություն իրականացնող կազմակերպությունում (այսուհետ՝ կազմակերպություն) սահմանված տեխնիկատնտեսական ցուցանիշներով տրված ծավալի արտադրանքի արտադրության համար անհրաժեշտ տեխնոլոգիական սարքավորումների, ստանդարտների պահանջներին համապատասխան ամբողջական լրակազմի առկայություն.

4) արտադրատեսակի բաղկացուցիչ մաս (նյութեր, կիսապատրաստվածքներ և համալրող պատրաստվածքներ)՝ արտադրատեսակի ինքնուրույն մաս, որը նախատեսված է արտադրատեսակի կազմում որոշակի տեխնիկական ֆունկցիաների կատարման համար, որն իրենից ներկայացնում է ընդհանուր կոնստրուկտորական (սխեմատիկ) լուծումով միավորված հավաքովի մասերի ամբողջություն:

 

2. ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

 

3. Արտադրատեսակների արտադրության նախապատրաստման փուլը ներառում է կազմակերպական, տեխնիկական, տնտեսական բնույթի, ինչպես նաև այլ անհրաժեշտ միջոցառումներ, որոնք ապահովում են կազմակերպության տեխնոլոգիական պատրաստվածությունը:

4. Արտադրատեսակների արտադրության նախապատրաստման փուլում կազմակերպությունը մշակում է կազմակերպատեխնիկական փաստաթուղթ, որում, որպես կանոն, նշվում են՝

1) արտադրվող արտադրատեսակի անվանումը և նշանակությունը.

2) արտադրատեսակի արտադրության կազմակերպման միջոցառումների համալիր գրաֆիկը (պլանը) և պատասխանատուները.

3) արտադրատեսակի՝ ստանդարտների պահանջներին համապատասխանության նկարագրությունը.

4) արտադրատեսակի մարտավարատեխնիկական բնութագիրը.

5) արտադրության գործընթացում օգտագործվող տեխնոլոգիաները, որոնք պետք է լինեն բնապահպանական տեսակետից անվտանգ, ռեսուրսախնայող.

6) արտադրատեսակների թողարկման ծավալը.

7) արտադրատեսակի բաղկացուցիչ մասերը (նյութերի, կիսապատրաստվածքների և համալրող պատրաստվածքների), տեղեկատվություն դրանց արտադրողների վերաբերյալ.

8) արտադրատեսակի բաղկացուցիչ մասերի հաշվառման եղանակը.

9) արտադրության գործընթացում ներգրավված անձնակազմի նախապատրաստման և ատեստավորման գործընթացի նկարագրությունը.

10) արտադրության ընթացքի նկատմամբ որակի հսկողության համակարգի նկարագրությունը.

11) արտադրության ընթացքում անվտանգության կանոնների պահպանման պայմանների նկարագրությունը.

12) որակավորման փորձարկումների անցկացման ծրագրի մշակման և հաստատման գործընթացի նկարագրությունը.

13) պետական գաղտնիք կազմող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարելու անհրաժեշտության դեպքում օրենսդրությամբ սահմանված կարգով գաղտնիության ռեժիմի պահպանման պայմանները:

5. Կազմակերպությունը, ըստ անհրաժեշտության, մշակում է նաև արտադրատեսակների արտադրության նախապատրաստման փուլի վերաբերյալ այլ միջոցառումներ, որոնք կապահովվեն կազմակերպության տեխնոլոգիական պատրաստվածությունը՝ տրված ծավալով և ստանդարտների պահանջներին համապատասխանող արտադրատեսակների թողարկման համար:

6. Արտադրատեսակների արտադրողն արտադրություն իրականացնելու համար նախատեսված շինության և պահեստների բոլոր մուտքերին, ինչպես նաև անմիջականորեն արտադրատեսակների արտադրություն իրականացնելու համար նախատեսված տարածքներում պարտավոր է տեղադրել անընդմեջ բարձր որակի (HD) տեսաձայնագրություն իրականացնող սարքեր՝ օրվա մութ ժամերին նկարահանելու և տեսաձայնագրությունն առնվազն 10 օր պահպանելու հնարավորությամբ: Տեսաձայնագրող սարքն արտադրատեսակի արտադրություն իրականացնելու համար նախատեսված շինության և պահեստների դրսի կողմից պետք է տեղադրված լինի այնպես, որպեսզի հնարավորություն տա նկարահանելու և հետևելու արտադրատեսակների արտադրություն իրականացնելու համար նախատեսված շինության (դրսի կողմից) մուտքի մոտ կատարվող գործողություններին: Արտադրատեսակների արտադրություն իրականացնելու համար նախատեսված շինության մուտքի դռան երկու կողմից փակցվում են «Տարածքը և դրա շրջակայքը տեսաձայնագրվում են» բովանդակությամբ հայտարարություններ:

 

3. ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՅՈՒՐԱՑՈՒՄ

 

7. Արտադրատեսակների արտադրության յուրացման փուլը ներառում է բուն արտադրության և որակավորման փորձարկումների անցկացման միջոցառումները:

8. Արտադրատեսակների արտադրության յուրացման փուլում արտադրողն ապահովում է՝

1) արտադրատեսակի բաղկացուցիչ մասերի (նյութերի, կիսապատրաստվածքների և համալրող պատրաստվածքների) մուտքային հսկողություն, որոնք նախատեսված են սեփական արտադրության արտադրատեսակների արտադրության համար.

2) տեխնոլոգիական հագեցվածության միջոցները.

3) արտադրատեսակի ընթացիկ որակավորման փորձարկումները.

4) արտադրության ընթացքի նկատմամբ որակի հսկողության համակարգով նախատեսված պահանջները.

5) արտադրատեսակի արտադրության որակը բարձրացնելու նպատակով աշխատանքային ստանդարտների պահանջներին համապատասխան ըստ անհրաժեշտության լրամշակումը (ներառելով չափագիտական փորձաքննության ընթացիկ արդյունքները).

6) կազմակերպատեխնիկական փաստաթղթով նկարագրված անվտանգության պահանջների պահպանումը.

7) արտադրության կազմակերպատեխնիկական փաստաթղթերով սահմանված արտադրատեսակների քանակի արտադրությունը՝ ստանդարտների պահանջներին համապատասխան:

9. Արտադրատեսակի պատրաստ լինելու դեպքում արտադրողը կազմակերպում և ապահովում է արտադրատեսակների որակավորման փորձարկումների անցկացումը՝ որակավորման փորձարկումների ծրագրին համապատասխան:

10. Կոնկրետ արտադրատեսակի վերաբերյալ որակավորման փորձարկումների անցկացման ծրագիրը կազմվում է՝ հաշվի առնելով արտադրատեսակի առանձնահատկությունը։

11. Արտադրատեսակի որակավորման փորձարկումն իրականացվում է արտադրողի կողմից նախապես ձևավորված հանձնաժողովի միջոցով:

12. Արտադրատեսակի արտադրողը որակավորման փորձարկումների սկզբում պետք է ունենա՝

1) արտադրատեսակի արտադրության կազմակերպման կազմակերպատեխնիկական փաստաթուղթը.

2) արտադրանքի արտադրության կազմակերպման միջոցառումների համալիր գրաֆիկը (պլանը).

3) որակավորման փորձարկումների ծրագիրը և դրանց անցկացման մեթոդիկան (մեթոդիկաները), եթե այն որակավորման փորձարկումների ծրագրի մաս չի կազմում.

4) արտադրատեսակի արտադրության յուրացման համար տեխնոլոգիական պատրաստվածության ընդհանուր վիճակի վերաբերյալ տեղեկանքը.

5) ստանդարտների պահանջներին համապատասխան արտադրված արտադրատեսակների վերաբերյալ տեղեկանքը:

13. Արտադրատեսակի որակավորման փորձարկման ընթացքում արտադրողը, անհրաժեշտություն առաջանալու դեպքում, ներկայացնում է այլ փաստաթղթեր (տվյալներ), որոնց անհրաժեշտությունն առաջացել է հանձնաժողովի աշխատանքի ընթացքում:

14. Որակավորման փորձարկումների արդյունքները համարվում են դրական, եթե արտադրատեսակները որակավորման փորձարկումների ծրագրով նախատեսված բոլոր կետերով հաջողությամբ հաղթահարել են փորձարկումները, հանձնաժողովը դրական է գնահատել տրված ծավալով ստանդարտների պահանջներին համապատասխանող արտադրատեսակների թողարկման հնարավորության համար արտադրության տեխնոլոգիական հանդերձանքը և արտադրման տեխնոլոգիական պրոցեսի կայունությունը:

15. Որակավորման փորձարկումների արդյունքները համարվում են բացասական, եթե որակավորման փորձարկումների ծրագրով նախատեսված թեկուզ մեկ կետով ստացվել են բացասական արդյունքներ և (կամ) հանձնաժողովը բացասական է գնահատել նշված ծավալով արտադրատեսակների թողարկման հնարավորությունը:

16. Փորձարկումների փուլը հաղթահարած յուրաքանչյուր արտադրատեսակ պետք է ունենա անհատական համար, ինչպես նաև ներկայացվի համապատասխանության գնահատման:

17. Արտադրության կազմակերպման շրջանակներում արտադրատեսակների արտադրության յուրացումը համարվում է ավարտված, եթե՝

1) կատարված են արտադրության կազմակերպման միջոցառումների համալիր գրաֆիկի (պլանի) միջոցառումները.

2) ստացվել են որակավորման փորձարկումների դրական արդյունքներ:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի տեղակալ

Բ. Բադալյան

 

09.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 հունիսի 2023 թվական: