Գլխավոր տեղեկություն
Номер
N 934-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.12.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.05.29-2023.06.11 Պաշտոնական հրապարակման օրը 08.06.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
08.06.2023
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
08.06.2023
Дата вступления в силу
05.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հունիսի 2023 թվականի N 934-Ն

 

ԿԱՐՈՒՍԵԼՆԵՐԻ (ԶՎԱՐՃԱՀԱՐՄԱՐԱՆՔՆԵՐԻ) ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով, «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել կարուսելների (զվարճահարմարանքների) անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Կարուսելների (զվարճահարմարանքների) անվտանգ շահագործման տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1351-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է պաշտոնական հրապարակմանը հաջորդող 180-րդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽաչատրՅԱՆ

 

Երևան


08.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

հունիսի 8-ի N 934-Ն որոշման

 

Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն  Ա Ն Վ Տ Ա Ն Գ ՈՒ Թ Յ Ա Ն  Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

 

ԿԱՐՈՒՍԵԼՆԵՐԻ (ԶՎԱՐՃԱՀԱՐՄԱՐԱՆՔՆԵՐԻ) ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Կարուսելների (զվարճահարմարանքների) անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները (այսուհետ՝ կանոններ) սահմանում են տեխնիկական անվտանգության պահանջներ` կարուսելների (զվարճահարմարանքների) և դրանց սարքավորումների անվտանգ շահագործման վերաբերյալ:

2. Սույն կանոնները տարածվում են զվարճանքի համար շարժական կամ անշարժ սարքավորումների վրա` նախատեսված զբոսայգիներում, հանգստյան այգիներում և հանգստի այլ վայրերում տեղակայման և շահագործման համար:

3. Սույն կանոնների դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության տարածքում տեղաբաշխված ժամանակավոր և մշտական, նախկինում շահագործված և սկզբնապես տեղակայված զվարճահարմարանքների վրա, այդ թվում՝

1) առաջընթաց շարժման մեքենայացված զվարճահարմարանքներ.

2) պտտական շարժման մեքենայացված զվարճահարմարանքներ.

3) ավտոդրոմներ, արագընթաց ճանապարհներ ու քարթինգներ.

4) փչովի զվարճահարմարանքներ.

5) մրցութային զվարճացնող ու մրցանակային զվարճահարմարանքներ.

6) սարքավորումներ` մանկական հրապարակների համար.

7) ջրային ատրակցիոններ` ակվապարկերի, լողավազանների ու ջրավազանների համար.

8) օժանդակ սարքեր, որոնք կիրառվում են զվարճահարմարանքների հետ միասին, որոնց մեջ առկա են ուղևորների վրա կենսաքիմիական ազդեցություններ և կախված այդ ազդեցություններից՝ հնարավոր վնասվածքներ ստանալու ռիսկեր, ինչպիսիք են`

ա. նշանակալի բարձրության վրա բարձրանալը,

բ. շինվածքի բաղկացուցիչ մասերի համեմատ՝ նշանակալի արագությամբ տեղաշարժվելը,

գ. նշանակալի ուղղաձիգ, ինչպես նաև երկայնակի ու կողմնային թափընթացքի արագացումներով ու արգելակմամբ տեղաշարժվելը,

դ. նստեցման տեղերի կամ հենարանների մակերևույթների նշանակալի թեքությունները,

ե. նշանակալի բարձրության վրա միաժամանակյա բարձրացման հետ` նշանակալի արագության հասնելը:

4. Զվարճահարմարանքների, տեսարանային զվարճացնող սարքավորումների, մանկական հրապարակների սարքավորումների, ջրային ատրակցիոնների, կայանների, ջրավազանների ու լողավազանների զվարճանքի այլ սարքերի հիմնական տեսակները սահմանված են սույն կանոնների N 1 աղյուսակով:

 

Աղյուսակ N 1

 

NN ը/կ

Զվարճանքի սարքերի տեսակները, հիմնական հատկանիշները, բնութագրերը

Զվարճանքի հիմնական տեսակները

1.

Առաջընթաց շարժման մեքենայացված զվարճահարմարանքներ, որոնք ուղևորներին առավելապես տեղաշարժում են առաջընթացով (որոնց մեջ ուղևորատար մոդուլները կամ խցիկները տեղաշարժվում են ուղղորդներով)

1.1. Սահելու սարեր

1.2. Ազատ անկման աշտարակներ

1.3. Զբոսայգիների երթուղիներ

1.4. Փողրակների (կիսախողովակների) մեջ մակույկներով ջրային վայրէջքներ

1.5. Զբոսանքի միառելս ճանապարհներ

1.6. Համանման այլ զվարճահարմարանքներ

2.

Պտտական շարժման մեքենայացված զվարճահարմարանքներ, որոնք ուղևորներին առավելապես տեղաշարժում են պտտեցնելով (որոնց մեջ ուղևորատար մոդուլներն ու խցիկները պտտվում կամ ճոճվում են), այդ թվում` բարդ շարժմամբ

2.1. Ճոճեր (ճլորթիներ), այդ թվում` բարդ շարժմամբ

2.2. Կարուսելներ, այդ թվում` բարդ շարժմամբ

2.3. Դիտման անիվներ

2.4. Տեղաշարժում ձևացնողներ (սիմուլյատորներ)

2.5. Համանման այլ զվարճահարմարանքներ

3.

Ավտոդրոմներ, ճանապարհներ ու քարթինգներ` զվարճահարմարանքներ, որոնց մեջ ուղևորատար մոդուլներն ու խցիկները կարող են տեղաշարժվել շարժման ուղղորդներից դուրս` նշանակալի արագություններով

3.1. Բախվող ավտոմեքենանե

3.2. Զբոսանքի ավտոգնացքներով զբոսայգու ճանապարհներ

3.3. Քարթինգներ, այդ թվում՝ նաև էստակադների վրա

3.4. Մինի ավտոմեքենաներով արագընթաց ճանապարհներ

3.5. Համանման այլ զվարճահարմարանքներ

4.

Փչովի զվարճահարմարանքներ, որոնց մեջ համապատասխան գործառույթի ապահովման համար օգտագործվում են օդաճնշական սարքեր

4.1. Բատուտներ

4.2. Փոքր սարեր

4.3. Ճոճեր (ճլորթիներ)

4.4. Փչովի կերպարներ, այդ թվում` քայլող

4.5. Համանման այլ զվարճահարմարանքներ

5.

Մրցութային զվարճացնող ու մրցանակային զվարճահարմարանքներ, որոնց մեջ մրցութային նպատակով օգտագործվում են նավամոդելներ ու ավտոմոդելներ, լազերներ, տարբեր հարմարանքներ և այլն

5.1. Հրաձգարաններ

5.2. Զսպանակավոր բատուտներ

5.3. Մագլցման, սողանցման զվարճահարմարանքներ (պատեր, սանդուղքներ և այլն)

5.4. Լազերային որսորդություն

5.5. Համանման այլ զվարճահարմարանքներ

6.

Սարքավորումներ մանկական հրապարակների համար, որոնց վրա երեխաներն ու դեռահասները կարող են խաղալ ու զվարճանալ

6.1. Ճոճեր (ճլորթիներ), ճոճաթոռներ, կարուսելներ

6.2. Փոքր սարքեր, պատեր, սանդուղքներ

6.3. Մանկական տարբեր տեսակի համալիրներ

6.4. «Չոր» ավազաններ (գնդիկներով)

6.5. Համանման այլ զվարճահարմարանքներ

7.

Ջրային ատրակցիոններ` ակվապարկերի, ջրավազանների ու լողավազանների համար, որոնք նախատեսված են սահքի և տեղաշարժման համար` օգտագործելով ջրային միջավայրը մակերեսների հետ շփումը փոքրացնելու համար և այլն

7.1. Ջրային ուղիղ վայրէջքներ

7.2. Ջրային վայրէջքներ` պտտուղիներով և թեքուղիներով

7.3. Լողացող հենահարթակներ, տախտակամածներ

7.4. Ջրում սուզվելու հարմարանքներ

8.

Օժանդակ սարքեր` սարքեր, որոնք կիրառվում են զվարճահարմարանքների հետ միասին ու ապահովում են զվարճանքների հարմարավետությունը, հանդիսավորությունը և այլ հնարավորություններ

8.1. Տրիբուններ, հարթակներ և այլն

8.2. Վրաններ, ծածկված կրպակներ, ծածկեր և այլն

8.3. Գովազդային կանգնակներ, պաշտպանիչ վահաններ և այլն

8.4. Թեմատիկ ձևավորմամբ տաղավարներ, կրպակներ

8.5. Զվարճահարմարանքների հետ համատեղ օգտագործվող համանման սարքեր

 

5. Սույն կանոնների դրույթները չեն տարածվում շինարարական օբյեկտների, շինարարական կամրջակների, կենդանիներ պահելու համար շինությունների, երեխաների համար մանկական հիմնարկներում ու բնակելի շենքերի բակերում տեղադրված պարզագույն տեսակի զվարճասարքերի, կինոթատրոնների, թատրոնների, կրկեսների սարքավորումների, սպորտային շինությունների ու մարզասարքերի, մետաղանիշով աշխատող խաղային ավտոմատների, խաղատների սարքավորումների, ճոպանուղիների, ամբարձիչների, վերելակների տեխնոլոգիական սարքավորումների, սքեյթբորդների, նավակների ու մոտոնավակների, հեծանիվների, ավտոմոտոավիա և այլ տրանսպորտային միջոցների վրա, բոուլինգների և համանման այլ սարքերի վրա, ինչպես նաև առանց ուղևորների երթևեկության ցուցադրման զվարճահարմարանքների և ատրակցիոնների վրա:

 

2. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՏԵՐՄԻՆՆԵՐ

 

6. Սույն կանոններում օգտագործվում են «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և սույն կետում կիրառվող հետևյալ հիմնական հասկացությունները և տերմինները՝

1) զվարճահարմարանք` մեքենա կամ սարք, որի մեջ զվարճանքի և հոգեհուզական ու ֆիզիոլոգիական ազդեցություն (տպավորություն) ստեղծելու նպատակով նախատեսված է հաճախորդների վրա կիրառել կենսամեխանիկական ազդեցություն` բացառելով նրանց կյանքին և առողջությանն սպառնացող վտանգները.

2) շահագործման փաստաթղթեր՝ փաստաթղթերի փաթեթ` մշակված նախագծողի կողմից, որը զվարճահարմարանքների շահագործման բոլոր գործընթացներում` համաձայն տեխնիկական անձնագրի պայմանների, ապահովում է դրանց անվտանգությունը.

3) կրիտիկական բաղադրամաս` զվարճահարմարանքի կառուցվածքի մաս, հանգույց կամ տարր, որը տեխնիկապես պատասխանատու է զվարճահարմարանքի բարձր աստիճանի անվտանգության համար.

4) կրիտիկական պարամետր` էական բնութագրիչ, որը տեխնիկապես պատասխանատու է զվարճահարմարանքի բարձր աստիճանի անվտանգության համար.

5) ուղևորատար մոդուլ` զվարճահարմարանքի մաս, որի մեջ նախատեսված է ուղևորների տեղաշարժ (զբոսանքի սայլակ, դիտարկման անիվի խցիկ, ճոճանակի զամբյուղ և այլն), և որը կարող է ներառել մեկ կամ մի քանի նստեցման տեղեր, ամրապնդիչ սարքեր և անվտանգությունն ապահովող այլ միջոցներ.

6) ծառայության ժամկետ` շահագործման օրացուցային տևողությունը, որին հասնելու դեպքում զվարճահարմարանքի շահագործումը, անկախ դրա տեխնիկական վիճակից, պետք է դադարեցվի.

7) օգտվելու սահմանափակում՝ նորմերից ավելի, կամ հասակի, տարիքի, կշռի շեղումներով, ինչպես նաև վատ ինքնազգացողությամբ հաճախորդներին զվարճահարմարանքից օգտվելու արգելք.

8) վտանգավոր գոտի` տարածք զվարճահարմարանքի ներսում կամ դրա շուրջը, որտեղ մարդը կարող է ենթարկվել հնարավոր վնասվածքի կամ առողջությանը վնասմանը.

9) բլոկավորման գոտի` զվարճահարմարանքի տեղամասերը, որոնց վրա բաժանվում են ռելսուղին կամ առուն, որոնցից յուրաքանչյուրի վրա ժամանակի ցանկացած պահի կարող է գտնվել մեկ ուղևորատար մոդուլ կամ գնացք.

10) վթար՝ զվարճահարմարանքի կամ դրա բաղկացուցիչ մասի ավերումը, խորտակումը, կործանումը, քանդվելը, քայքայվելը.

11) տեխնիկական պատասխանատու անձ` անհրաժեշտ մասնագիտական պատրաստվածություն ունեցող անձ՝ նշանակված շահագործողի կողմից, որը պատասխանատու է զվարճահարմարանքի տեխնիկական վիճակի, շահագործման ու դրա տեխնիկական սպասարկման համար.

12) օպերատոր` կառավարչի կողմից նշանակված անձ, որը պատասխանատու է զվարճահարմարանքի ճիշտ վարման համար, երբ հաճախորդների մուտքը զվարճահարմարանք թույլատրված է.

13) ուղևոր` զվարճահարմարանքով տեղաշարժվող անձ.

14) հաճախորդ՝ զվարճացման համար զվարճահարմարանքի գոտում կամ օժանդակ համասարքերում գտնվող անձ.

15) կենսաքիմիական ազդեցություն` զվարճահարմարանքների շահագործման ընթացքում տեղաշարժվող ուղևորների օրգանիզմում տեղի ունեցող փոփոխություններ (ընկալումներ)` կապված հարմարանքների վերընթաց և վայրէջքային շարժման արագությունների, ազատ անկման, ինչպես նաև լուսային, ձայնային, քամիների ազդեցության և օդի ճնշման տատանումների հետ.

16) կենսամեխանիկական ազդեցություն՝ զվարճահարմարանքների շահագործման ընթացքում տեղաշարժվող ուղևորների վրա ներազդեցության ուժ, որը կապված է նրանց տեղաշարժման հետ.

17) ամենօրյա ստուգումներ` զվարճահարմարանքի կրիտիկական բաղադրամասերի ու պարամետրերի, շրջափակոցների և այլ մասերի աշխատունակության ու տեխնիկական վիճակի ստուգումն աշխատանքային օրվա սկզբում.

18) հսկիչ ստուգումներ` զվարճահարմարանքի կամ դրա բաղկացուցիչ մասերի լրիվ ստուգում, որն անցկացվում է հարմարանքի նոր տեղակայումից կամ խոշոր արդիականացումից հետո.

19) նախագծող` լիցենզավորված իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը տեխնոլոգիական հրահանգների պահանջներին համապատասխան նախագծում է զվարճահարմարանքներ, մշակում նախագծակոնստրուկտորական ու շահագործման փաստաթղթեր.

20) անվտանգություն` անթույլատրելի ռիսկի բացակայություն` կապված արտադրանքով կամ ծառայությամբ մարդու կյանքին, առողջությանը, ֆիզիկական, իրավաբանական անձանց և պետական գույքին, շրջակա միջավայրին, կենդանական ու բուսական աշխարհին վնաս հասցնելու հնարավորության հետ.

21) օժանդակ սարքեր` զվարճանքի տեսարանային և այլ հնարավորություն ու հարմարավետություն ապահովող սարքավորումներ, որոնք օգտագործվում են զվարճանքի վայրում կամ զվարճահարմարանքի վրա (մեջ):

 

3. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ ԶՎԱՐՃԱՀԱՐՄԱՐԱՆՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

3.1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

7. Յուրաքանչյուր զվարճահարմարանք, որը տեղաբաշխված է շուկայում, համաձայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, ենթակա է գրանցման արտադրական վտանգավոր օբյեկտների պետական ռեեստրում և տեխնիկական անվտանգության ամենամյա փորձաքննության:

8. Մինչև զվարճահարմարանքի տեղակայումը շուկայում շահագործողը գրավոր հրամանով նշանակում է անձանց, ովքեր պատասխանատու են աշխատանքների կատարման յուրաքանչյուր փուլի համար:

9. Արտադրական վտանգավոր օբյեկտը շահագործող անձի հրամանով նշանակված տեխնիկական պատասխանատու անձը և սպասարկող անձնակազմը պետք է ունենան համապատասխան որակավորում «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով սահմանված կարգով: Տեխնիկական պատասխանատու անձի ուսուցումը և որակավորումը պետք է կատարվի երեք տարին մեկ անգամ, իսկ սպասարկող անձնակազմինը՝ յուրաքանչյուր տարին առնվազն մեկ անգամ:

10. Զվարճահարմարանքների տեխնիկական անվտանգության փորձաքննության ժամանակ շահագործման, փոխադրման, հավաքակցման, կարգաբերման ու տեղակայման, շահագործման դադարեցման, վերաշահագործման հանձնելու, տեխնիկական սպասարկման, նորոգման, օգտահանման դեպքում համապատասխան յուրաքանչյուր փուլի մասին պետք է կազմվի հիմնավորված եզրակացություն և հանձնվի շահագործողին:

 

3.2. ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ

 

11. I և II (առավել բարձր և բարձր) մակարդակի տեխնիկական պատասխանատվության զվարճահարմարանքների համար, մինչև շահագործման ժամանակաշրջանի սկիզբը, ամենամյա և հսկիչ ստուգումների ձևով պետք է անցկացվի դրանց տեխնիկական վիճակի գնահատում, III և IV (բարձրացված և նվազագույն) մակարդակի տեխնիկական պատասխանատվության մեքենայացված զվարճահարմարանքների համար` երեք տարին մեկ անգամ:

12. Մեքենայացված զվարճահարմարանքների, մանկական հրապարակների սարքավորումների, ինչպես նաև տեսարանային-զվարճացնող համասարքերի համար պետք է անցկացվի տեխնիկական վիճակի գնահատում` հսկիչ ստուգման ձևով, իսկ շահագործման դեպքում` ամենամսյա ստուգմամբ:

13. Զվարճահարմարանքների շահագործումից առաջ պետք է անցկացվի հնարավոր վտանգավոր իրադրությունների և իրավիճակների բացահայտում, որոնք կարող են առաջանալ մեխանիկական, էլեկտրական, քիմիական, ջերմային ազդեցություններից, ճառագայթահարումից, ջրային միջավայրից, ինչպես նաև այլ պատճառներից:

14. Զվարճահարմարանքների շահագործմանը պետք է նախորդի միջոցառումների մշակումը վթարների և արտակարգ իրավիճակների նվազեցման ուղղությամբ, որոնք են`

1) հաճախորդների նկատմամբ վտանգավոր ազդեցությունների նվազեցում.

2) պաշտպանիչ, ապահովիչ միջոցների և պաշտպանակների ճիշտ ընտրություն և կիրառում.

3) սարքավորումների սուր եզրերի, անկյունների, դուրս ցցված մասերի բացառում.

4) կառավարման համակարգերի մշակման և պատրաստման ժամանակ անվտանգության պահանջների պահպանում.

5) վտանգի առաջացման բացառում` կապված հիդրավլիկ և օդաճնշակային սարքավորումների շահագործման հետ.

6) հրդեհային և էլեկտրական անվտանգության ապահովում.

7) զվարճահարմարանքների տեղակայման բացառումն այնպիսի տարածքներում, որտեղ կարող են ի հայտ գալ բնական և երկրաբանական անբարենպաստ պայմաններ (սողանքներ, փլուզումներ, ջրածածկումներ, ճահճացումներ և այլն).

8) զվարճահարմարանքների մուտքերի և հարթակների սարքին վիճակի պահպանում.

9) կապի և ազդարարման միջոցների ապահովում, դրանց սարքին վիճակում պահպանում.

10) ջրային զվարճահարմարանքների տեղադրման վայրերում ջրատարածքի հատակի մաքրում.

11) զվարճահարմարանքների տեղադրման վայրերում վթարափրկարարական սպասարկման միջոցների ապահովում:

15. Զվարճահարմարանքների շահագործման նախապատրաստման փուլում կատարվող տեխնիկական վիճակի գնահատման գործողությունների ծավալն ու քանակը կիրառվում են` հաշվի առնելով նաև դրանցում կրիտիկական բաղադրամասերի և կրիտիկական պարամետրերի առկայությունը:

16. Տեխնիկական վիճակի գնահատման ժամանակ իրականացվում են հետևյալ ընթացակարգերը, և ձևակերպվում են հետևյալ փաստաթղթերը`

1) շահագործողի կողմից զվարճահարմարանքի կառավարչի և օպերատորի նշանակման հաստատումը.

2) սպասարկումն իրականացնող անձնակազմի առկայության հաստատումը.

3) սպասարկող անձնակազմի ուսուցման ու հրահանգավորման հաստատումը.

4) շահագործման գծով հրահանգների, նորոգման ու տեխնիկական սպասարկման հրահանգների պահանջների կատարումը, համապատասխան տեղեկամատյանների վարույթը.

5) զվարճահարմարանքների ամենօրյա ստուգումների անցկացումը և արդյունքների գրանցումը.

6) հսկիչ գործարկման անցկացումը.

7) զվարճահարմարանքի աշխատանքի ժամանակ և աշխատանքից դուրս դրա վտանգավոր գոտիներ ուղևորների մուտք գործելու հնարավորության բացառումը.

8) զվարճահարմարանքի անթույլատրելի շահագործման բացառումը.

9) օպերատորի գործելակարգի կանոնների տեղադրումը զվարճահարմարանքի վրա.

10) ուղևորներով զվարճահարմարանքի բեռնավորման սխեմայի տեղաբաշխումը.

11) զվարճահարմարանքի վրա կրիտիկական բաղադրամասերի ու պարամետրերի ամենօրյա ստուգումների կարգի մասին ցուցատախտակի տեղաբաշխումը.

12) զվարճահարմարանքի ղեկավարման վահանակի վրա դրա հիմնական տեխնիկական բնութագրերով ցուցատախտակի տեղաբաշխումը.

13) առողջական վիճակի պատճառով զվարճահարմարանքից օգտվելու սահմանափակումների մասին տեղեկատվության տեղաբաշխումը.

14) տարիքի ու հասակի պատճառով զվարճահարմարանքից օգտվելու սահմանափակումների մասին տեղեկատվության տեղաբաշխումը.

15) հաճախորդների հասակը, քաշը չափելու համար չափման միջոցների տեղաբաշխումը.

16) զվարճահարմարանքից օգտվելու կանոնների տեղաբաշխումը.

17) հաշմանդամություն ունեցող հաճախորդների սպասարկման կանոնների տեղաբաշխումն այն դեպքերում, եթե զվարճահարմարանքի կենսամեխանիկական ներգործությունը նրանց համար թույլատրելի է.

18) փրկարարական ծառայությունների հեռախոսահամարների մասին տեղեկատվության տեղաբաշխումը.

19) տեղահանման անհրաժեշտ նշանների տեղաբաշխումը.

20) ուղևորատար մոդուլներից ուղևորների տարահանման միջոցների կազմակերպումը.

21) դեղարկղի տեղադրումը, առաջին բժշկական օգնություն ցույց տալու կետի ապահովումը.

22) տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացության առկայության ապահովումը:

17. III և IV մակարդակի տեխնիկական պատասխանատվության ոչ մեքենայացված զվարճահարմարանքների շահագործման դեպքում դրանցից ինքնուրույն օգտվել թույլատրվում է 3 տարեկանից բարձր տարիք ունեցող երեխաներին, ինչպես նաև 3 տարեկանից ցածր տարիք ունեցողներին` մեծահասակների կամ չափահասների ուղեկցությամբ: Նշված զվարճահարմարանքները պետք է կահավորված լինեն`

1) տարիքի, հասակի ու կշռի պատճառով սահմանափակումների մասին տեղեկատվությամբ.

2) հաճախորդների` օգտվելու մասին կանոններով.

3) շահագործողի ու փրկարարական ծառայությունների հեռախոսահամարների տեղեկատվությամբ.

4) տեխնիկական անվտանգության փորձաքննության տեղեկատվությամբ:

18. Զվարճահարմարանքները և դրանց բաղկացուցիչ տարրերի մետաղական մասերը պետք է ունենան հուսալի հողանցում:

19. Մինչև զվարճահարմարանքի շահագործումը դրա շահագործողը պարտավոր է «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով այն գրանցել արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում:

 

3.3. ՀԱՎԱՔԱԿՑՈՒՄԸ, ԿԱՐԳԱԲԵՐՈՒՄԸ

 

20. Զվարճահարմարանքների հավաքակցման, կարգաբերման ու անվտանգ տեղակայումն իրականացվում է «Ատրակցիոնների անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության 2016 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 1114 որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգին համապատասխան:

21. Եթե զվարճահարմարանքի վրա տեղի է ունեցել վթար, որի հետևանքով վնաս է հասցվել ուղևորի կյանքին ու առողջությանը, ապա պետք է անմիջապես դադարեցնել զվարճահարմարանքի աշխատանքը և դրա մասին տեղյակ պահել իրավասու մարմիններին:

22. Զվարճահարմարանքներում տեղի ունեցած վթարների ու դժբախտ դեպքերի տեխնիկական քննությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 23-ի N 488-Ն որոշմամբ սահմանված կարգով:

23. Եթե տեխնիկական քննության արդյունքում պարզվում է, որ վթարը հանդիսանում է արտադրական, նախագծային կամ շահագործման թերություն, ապա զվարճահարմարանքի շահագործողը պետք է իրականացնի համապատասխան միջոցառումներ` դադարեցնի վթարված, ավերված (քանդված) բաղկացուցիչ մասերով զվարճահարմարանքի շահագործումը և տեխնիկական նորմերի ու տեխնոլոգիական հրահանգի պահանջներին համապատասխան` հիմնանորոգի այն: Հիմնանորոգումից հետո պետք է կատարվեն զվարճահարմարանքի տեխնիկական անվտանգության նոր փորձաքննություն և հսկիչ ստուգում:

24. Զվարճահարմարանքի շահագործողը պատասխանատու է հարմարանքի տեխնիկապես սարքին վիճակի պահման և անվտանգ շահագործման համար:

25. Զվարճահարմարանքի և (կամ) դրա հիմնական կրող կառուցվածքների սահմանված ծառայության ժամկետը կամ ռեսուրսը սպառվելու դեպքում զվարճահարմարանքի շահագործումը պետք է անմիջապես դադարեցվի:

26. Զվարճահարմարանքի շահագործման երկարաձգումը հնարավոր է դրա ենթադրյալ (հավանական) մնացորդային ռեսուրսի գնահատումից հետո: Այդ նպատակով շահագործողը կազմակերպում է զվարճահարմարանքի ստուգում և տեխնիկական անվտանգության փորձաքննություն` ներգրավելով իրավասու մարմինների ներկայացուցիչներին: Ներքին թերությունների, մաշվածության, կոռոզիայի, մետաղի հոգնածության հայտնաբերման նպատակով պետք է անցկացվեն մետաղական շինվածքի մանրամասն ստուգում, փորձարկում և ախտորոշում:

27. Զվարճահարմարանքի տեխնիկական անվտանգության փորձաքննության, փորձարկման ախտորոշման և ստուգման արդյունքի հիման վրա իրավասու մարմինները դրա ռեսուրսի երկարաձգման մասին տալիս են եզրակացություն:

28. Եթե զվարճահարմարանքի տեխնիկական վիճակի ստուգման և տեխնիկական անվտանգության փորձաքննության արդյունքում պարզվում է, որ հարմարանքի և դրա հիմնական կրող կառուցվածքների ռեսուրսն սպառված է (հասել է սահմանային թույլատրելի վիճակի), ապա այդպիսի զվարճահարմարանքի շահագործումը պետք է դադարեցվի` այն ենթակա է օգտահանման:

 

3.4. ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ, ՎԵՐԱՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ

 

29. Զվարճահարմարանքների շահագործման դադարեցման, վերագործարկման դեպքում որոշ գործընթացներ ենթակա են ստուգման և տեխնիկական վիճակի գնահատման` փաստաթղթերի ձևակերպմամբ: Դրանք են`

1) զվարճահարմարանքների մասնակի կամ լրիվ քանդման դեպքում` տեխնիկական ախտորոշման ստուգումները.

2) նոր տեղակայումից կամ խոշոր վերափոխումից հետո կամ շահագործման ժամանակաշրջանից առաջ` հսկիչ ստուգումները.

3) զվարճահարմարանքի լրիվ կամ մասնակի քանդման դեպքում կամ աննշան վթարից հետո (որը հաճախորդների կյանքի համար հնարավոր վտանգի ու առողջության թեթև վնասի, կորստի չի մղում) ստուգումը.

4) վթարից հետո (որը ուղևորների ու հաճախորդների առողջությանը նշանակալից վնաս է հասցրել կամ զրկել է կյանքից) անհրաժեշտ միջոցառումների անցկացումը.

5) տեղեկատվության տրամադրումը պետական մարմիններին:

 

3.5. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆ ՈՒ ՆՈՐՈԳՈՒՄԸ

 

30. Զվարճահարմարանքների տեխնիկական սպասարկման ու նորոգման ժամանակ որոշ գործընթացներ ենթակա են տեխնիկական վիճակի գնահատման` փաստաթղթերի ձևակերպմամբ: Դրանք են`

1) զվարճահարմարանքի անձնակազմի հրամանով նշանակումը.

2) տեխնիկական պատասխանատու անձի (անձանց), սպասարկող անձնակազմի ուսուցման և որակավորման կազմակերպումը.

3) շահագործման փաստաթղթերին համապատասխան տեխնիկական սպասարկման աշխատանքների կատարումը` համապատասխան տեղեկամատյանի վարմամբ.

4) զվարճահարմարանքի ապահովումը գործիքներով և պահեստամասերով.

5) զվարճահարմարանքի ապահովումը հակահրդեհային միջոցներով.

6) ամենօրյա ու հսկիչ ստուգումների իրականացումը:

31. Զվարճահարմարանքների սպասարկման գործառություններում ընդգրկված անձինք պետք է անցնեն ուսուցում և գիտելիքների ստուգում ու ստանան համապատասխան որակավորում:

32. Զվարճահարմարանքների վրա նորոգման աշխատանքները նախատեսվում է իրականացնել երկու փուլով` պլանային նախազգուշական և հիմնական նորոգման: Եթե առաջինի դեպքում հարմարանքի նորոգումն իրականացվում է շահագործողի կողմից նախապես հաստատված ժամանակացույցով սահմանված ժամկետներում, ապա հիմնական նորոգման դեպքում, եթե սպառվել է հարմարանքի աշխատաժամանակի համար նորմատիվներով սահմանված ռեսուրսի վերջնական ժամկետը, կամ դրանում տեղի են ունեցել վթարներ, կամ շահագործման ընթացակարգից նշանակալի խախտումներ և շեղումներ:

33. Նյութերը, տարրերը և հանգույցները, որոնք օգտագործվում են զվարճահարմարանքների նորոգման ժամանակ, պետք է համապատասխանեն որակին ներկայացվող պահանջներին:

34. Զվարճահարմարանքներ նորոգող կազմակերպությունը պետք է ունենա ժամանակակից տեխնոլոգիական սարքավորումներով ու տեխնիկական միջոցներով հագեցած նյութատեխնիկական բազա, պահեստամասերի ու հանգույցների պաշար, գործիքների համալրում:

35. Զվարճահարմարանքների շահագործման և նորոգման գործառույթներում ընդգրկված մասնագետները, որոնք կատարում են զվարճահարմարանքի շինվածքի և կրիտիկական բաղադրամասերի կարգավորում, կարգաբերում, հավաքակցում, եռակցման և այլ աշխատանքներ, պետք է ունենան համապատասխան որակավորում:

36. Զվարճահարմարանքների նորոգման աշխատանքները պետք է կատարվեն նորոգման հատուկ ստենդների, հարթակների և կախոցների վրա:

37. Յուրաքանչյուր նոր նորոգված զվարճահարմարանք պետք է պարտադիր կարգով ենթարկվի ստատիկ և դինամիկ փորձարկումների:

38. Զվարճահարմարանքի շահագործողը նորոգող կազմակերպությանը տրամադրում է հարմարանքի էսքիզային գծագրերը` կառուցվածքների չափսերի ու պարամետրերի նշումով:

39. Զվարճահարմարանքի նորոգումից հետո պետք է կազմվի հանձնմանընդունման ակտ` նորոգող կազմակերպության և հարմարանքի շահագործողի միջև:

 

3.6. ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ՀԱՆՈՒՄԸ ԵՎ ՕԳՏԱՀԱՆՈՒՄԸ

 

40. Զվարճահարմարանքները շահագործումից հանելուց հետո և օգտահանման դեպքերում դրանց շահագործողն իրականացնում է հետևյալ գործառույթները` փաստաթղթերի ձևակերպմամբ`

1) զվարճահարմարանքի կամ դրա կրիտիկական բաղադրամասերի սահմանային թույլատրելի վիճակի հասնելու մասին տեխնիկական ախտորոշիչ ստուգումների անցկացում և գնահատում.

2) աշխատասպառման ռեսուրսով զվարճահարմարանքի կրիտիկական բաղադրամասերի հանգումն այնպիսի վիճակի, որը հաստատում է դրանց հետագա շահագործման անհնարինությունը` հաստատված արձանագրությամբ.

3) զվարճահարմարանքի ապահավաքակցում, օգտահանում (ուտիլիզացում, ապամոնտաժում), արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրից գրանցումից հանում, շահագործման դադարեցման մասին արձանագրության կազմում.

4) զվարճահարմարանքների օգտագործման համար ոչ պիտանի հարմարանքների, մետաղաշինվածքների, հանգույցների և տարրերի տարածքից դուրս հանում ու փոխադրում:

 

3.7. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ ԶՎԱՐՃԱՀԱՐՄԱՐԱՆՔՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

 

41. Զվարճահարմարանքների կարգաբերման, կարգավորման և արգելակների ստուգիչ գործարկման, հետգլորքային սարքվածքների և անվտանգության այլ սարքվածքների աշխատանքի բոլոր ռեժիմներում կայունության և հավասարակշռության ստուգման ժամանակ ուղևորատար մոդուլների նստեցման տեղերի վրա պետք է տրվեն հետևյալ բեռնվածությունները`

1) ընտանեկան ու արտակարգ զվարճահարմարանքների համար, եթե դրանց բեռնավորման ժամանակ ապահովվում է ուղևորների կշռի հսկողությունը` համաձայն N 2 աղյուսակի.

 

Աղյուսակ N 2

 

Նստեցման տեղերի քանակը*

Բեռնվածությունը, kH ± 3%

գումարայինը, ոչ ավելի

մեկ նստեցման տեղի համար, ոչ ավելի

1

1.2

1.2

2

2.2

1.2

3

3.0

1.2

4

3.6

1.2

5

4.0

1.2

n ≥ 6

n x 0.75

1.2

* մեկ մոդուլում կամ մոդուլների կապակցված համակարգում

 

2) մանկական ու փոքր զվարճահարմարանքների համար (մինչև 130 սմ հասակ ունեցող երեխաների), աղյուսակից բեռնվածությունները պետք է ընդունել K = 0.5 գործակցով.

3) եթե զվարճահարմարանքի բեռնումը չի հսկվում, աղյուսակից բեռնվածությունները պետք է ընդունել K = 1.35 գործակցով.

4) պտտական շարժման զվարճահարմարանքների պարամետրերի հաշվարկը պետք է կատարվի աշխատանքի ժամանակ, դադարի վիճակում, լրիվ, մասնակի, ինչպես նաև չհավասարակշռված բեռնվածությամբ:

42. Սևեռման սարքվածքների ընտրությունը պետք է լինի այնպիսին, որպեսզի բացառվեն կամ նվազագույնի հասցվեն հետևյալ հնարավոր ռիսկերը`

1) մարմնի ոչ ճիշտ դիրքի դեպքում` արագացումների ներգործության հետևանքով ուղևորի հենարանաշարժական ապարատի վնասումը.

2) ուղևորների հարվածելը նստեցման տեղերին կամ ուղևորատար մոդուլներին.

3) զվարճահարմարանքների այլ տարրերից վնասվածքներ ստանալը կամ դրանց միջև մնալը (լռվելը).

4) ուղևորների վնասվելը հանկարծակի շարժման սկզբում և հնարավոր պոկումների դեպքում.

5) զվարճահարմարանքի շարժման ժամանակ այլ ուղևորներից հարվածներ ստանալը.

6) ուղևորատար մոդուլից դուրս գալուց կամ նետվելուց ստացած վնասվածքները:

43. Պետք է հաշվի առնել, որ ուղևորների ոչ մտածված վտանգավոր վարքի դեպքում նշված հնարավոր ռիսկերն ավելանում են:

44. Զվարճահարմարանքի ջարդվածքի կամ վթարային կանգառի դեպքում, երբ ուղևորները սևեռման սարքերի միջոցով պահվում են իրենց տեղերում, պետք է հնարավորություն ստեղծվի, որպեսզի սպասարկող անձնակազմն ի վիճակի լինի ուղևորներին ազատելու սևեռման սարքերից` ապահովելով յուրաքանչյուրի անվտանգ ու արագ տարահանումը, հատկապես նրանց, ովքեր գտնվում են «գլխիվայր» դրության մեջ:

45. Յուրաքանչյուր ուղևորատար մոդուլ պետք է կահավորված լինի մոդուլի ներսում ուղևորներին իրենց տեղերում պահելու միջոցներով` հաշվի առնելով մոդուլի շարժման բնույթը: Աշխատանքի ժամանակ ուղևորատար մոդուլի դռները չպետք է բացվեն (եթե դա նախատեսված չէ զվարճանքի տպավորության համար): Դռները չպետք է բացվեն նաև վթարային իրավիճակներում: Դռները պետք է կահավորված լինեն փակիչ սարքերով` ապահովիչ կեռիկներով, դրսից փականներով, որոնք ընթացքի ժամանակ կանխում են դռների պատահական բացվելը:

46. Շարժաբերներով արտաքին էներգիայի աղբյուրի դռներն ուղևորների համար պետք է լինեն անվտանգ: Դրանց շարժումը պետք է լինի դանդաղ, իսկ գործողության առավելագույն ուժը չպետք է գերազանցի 150H արժեքը՝ չափված դռան եզրից:

47. Ուղևորատար մոդուլի նստարանները պետք է հուսալիորեն ամրացված լինեն դրա կառուցվածքներին:

48. Ուղևորը պետք է մարմնի համար ունենա հարմար հենարան նստարանի, թիկնակի, արմնկատակի ու ոտնատեղի համար, որպեսզի ի վիճակի լինի հակազդելու շարժման ժամանակ առաջացած ուժերին: Ուղևորատար մոդուլի նախագծման ժամանակ նստարանների և այլ բաղկացուցիչ մասերի չափերն ու ձևը պետք է ընտրել կախված հաճախորդների մարմնի դիրքի պահանջներից, ներգործող արագացումներից: Նստարանները պետք է կահավորված լինեն 0.4 մ բարձրությամբ թիկնակներով, իսկ նստարանի մակերեսը պետք է ունենա թեքություն դեպի թիկնակը:

49. Այնպիսի զվարճահարմարանքներում, որոնք նախատեսված են միայն մինչև 130 սմ հասակ ունեցող երեխաների համար, թիկնակի բարձրությունը կարելի է փոքրացնել մինչև 0.25 սմ:

50. Այնպիսի գործոններ, ինչպիսիք են նստարանի չափն ու ձևը, ուղևորի հագուստի ու նստարանի մակերեսի միջև շփման ուժի մեծությունը, ինչպես նաև մասնակի կամ լրիվ երեսապատումը, պետք է հաշվի առնվեն սևեռման ամբողջ համակարգի արդյունավետ հաշվարկի համար:

51. Պողպատալարից պատրաստված ճոպաններից կամ օղակավոր շղթաներից կախված նստարանները պետք է ունենան կախոցների այնպիսի համակարգ, որպեսզի կախովի մեկ տարրի հանկարծակի խափանման դեպքում վտանգավոր իրավիճակներ չառաջանան:

52. Յուրաքանչյուր կանգնեցնող կամ դանդաղեցնող արգելակ, որը նախատեսված է աշխատանքային ռեժիմով աշխատող ուղևորատար մոդուլի շարժման արագության կարգավորման համար, պետք է հաշվարկված լինի շարժման դանդաղեցման 5 մ/վրկ2 -ից ոչ ավելի արագացմամբ:

53. Այն դեպքերում, երբ զվարճահարմարանքի ուղեգծի վրա միաժամանակ տեղաշարժվում են մի քանի սայլակներ (կամ գնացքներ), հարևան սայլակների (գնացքների) միջև ժամանակի ցանկացած պահին պետք է գտնվի վթարային արգելակ: Վթարային արգելակը պետք է ապահովի արագացման դանդաղեցումը 7 մ/վրկ2-ից ոչ ավելի արագացմամբ:

54. Կանգնեցնող ու դանդաղեցնող արգելակները պետք է հաշվարկվեն` հաշվի առնելով հոգնածության ամրությունը: Վթարային արգելակների համար հոգնածության հաշվարկ չի պահանջվում:

55. Արգելակման ժամանակ առավելագույն արագացումը պետք է որոշվի շփման գործակցի առավելագույն մեծության համար` հաշվի առնելով արգելակներում օգտագործվող շփվող նյութերի հատկությունները:

56. Արգելակման ուղու հաշվարկը պետք է կատարվի հուսալիության 1.2 գործակցով, այս դեպքում շփման գործակիցները պետք է ընդունվեն` հաշվի առնելով դրանց հնարավոր ցածրացումը եղանակային պայմանների, մաշվածության ու խոնավության պատճառով:

57. Արգելակների կառուցվածքը պետք է ապահովի ուղևորատար մոդուլի կանգառն ուղեգծի տրված տեղերում, ինչպես չբեռնավորված, այնպես էլ ուղևորներով բեռնավորված վիճակում:

58. Արգելակման ժամանակ սույն կանոնների 62-րդ և 63-րդ կետերում նշված արագացումների մեծություններից բարձր մեծություններ ուղևորատար մոդուլի կանգնեցման, դանդաղեցման ու վթարային արգելակների համար թույլատրվում է, եթե դրանց վրա օգտագործվում են սևեռակման սարքեր:

59. Այնպիսի զվարճահարմարանքները, որոնց վրա ուղևորատար մոդուլները (սայլակները) կամ գնացքները շղթաների, ճոպանների ֆրիկցիոն անիվների միջոցով կամ ինքնուրույն տեղաշարժվում են թեք հարթությամբ դեպի վեր, հետգլորումը կանխելու համար պետք է կահավորված լինեն պաշտպանիչ սարքվածքներով կամ ավտոմատ գործող արգելակներով:

60. Եթե սայլակի կամ գնացքի համար ենթադրվում է ուղեգծով կամ կայարանի մոտով հետընթաց շարժում, ապա վերելքի հատվածում հակահետգլորման սարքվածքների տեղադրումը պարտադիր չէ: Հակահետգլորման սարքվածքների տեղադրումը պարտադիր չէ նաև, եթե ուղեգիծը, որի վրա միաժամանակ գտնվում են մի քանի սայլակներ կամ գնացքներ, և վերելքի առանձին տեղամասեր կահավորված են արգելակների կառավարման բլոկավորմամբ:

61. Զվարճահարմարանքների հիմնական կրող մետաղական կառուցվածքները պետք է պատրաստվեն այնպես, որ հնարավոր լինի ապահովել դրանց անվտանգ հավաքակցումը, կարգաբերումը, շահագործումն ու ապահավաքակցումը: Կառուցվածքները բազմակի հավաքակցման ու ապահավաքակցման դեպքում պետք է պահպանեն իրենց նախագծային տեխնիկական բնութագրերը, դրսևորեն բավարար կենսունակություն:

62. Զվարճահարմարանքների կառուցվածքները հավաքակցման ու ապահավաքակցման նկատմամբ պետք է լինեն տեխնոլոգիապես կայուն և պիտանի երկրաչափական չափերի կարգավորման համար, որոնք ապահովում են զվարճահարմարանքի շահագործման անվտանգությունը:

63. Զվարճահարմարանքի շահագործման ժամանակ դրանց կառուցվածքներում չպետք է առաջանան մնացորդային ձևախախտումներ:

64. Կառուցվածքային սխեմաները պետք է ապահովեն ամբողջ կառուցվածքի, ինչպես նաև հավաքակցման և ապահավաքակցման ու շահագործման ժամանակ դրա առանձին տարրերի ամրությունը, կայունությունը, կարծրությունն ու տարածական անփոփոխությունը:

65. Կառուցվածքները պետք է պաշտպանված լինեն կոռոզիայից ու խոնավությունից: Որպես կարգ, դրանց փակ պրոֆիլները պետք է լինեն հերմետիկ:

66. Զվարճահարմարանքների շահագործման ընթացքում տեսողական ու գործիքային ստուգումների անցկացման համար դրանց դիտանցքները և կրիտիկական բաղադրամասերը պետք է լինեն մատչելի:

67. Զվարճահարմարանքների կրիտիկական պարամետրերի կառավարման համակարգի աշխատանքի ռեժիմների համար պետք է նախատեսված լինեն հետևյալ ռեժիմները`

1) հավաքակցման, սպասարկման ու նորոգման փուլերում օգտագործվող ռեժիմներ.

2) շահագործական` ձեռքի, կիսաավտոմատ ու ավտոմատ աշխատանքի ռեժիմներ` ուղևորների հետ աշխատելու համար.

3) արտակարգ, երբ նախորդ երկու ռեժիմներն իրագործել հնարավոր չէ:

68. Կառավարման ռեժիմի ցանկացած փոփոխություն չպետք է հանդիսանա վտանգավոր իրավիճակների առաջացման պատճառ:

69. Զվարճահարմարանքների աշխատանքի ընթացքում անհրաժեշտ է նախատեսել հնարավորություն`

1) կանգնեցնել զվարճահարմարանքը, որից հետո փոխել կառավարման ռեժիմն ու կատարել կրկնակի թողարկում.

2) կանխել կառավարման ռեժիմի պատահական փոփոխությունը:

70. Ռեժիմների համապատասխան փոխարկիչը պետք է տեղադրվի այնպես, որպեսզի ապահովվի դրա հուսալի և անվթար աշխատանքը, անմատչելիությունը` կողմնակի անձանց համար:

71. Շահագործումից առաջ ռեժիմը կարող է իրագործվել միայն օպերատորի կառավարմամբ` հետևյալ պայմանների կատարման դեպքում`

1) մեկ անձը պետք է իրականացնի լրիվ հսկում.

2) մեկից ավելի համակարգի միաժամանակյա կառավարումը, որը ռիսկի վերլուծությամբ սահմանվել է որպես վտանգավոր կամ պետք է կանխվի կառավարման համակարգի կողմից` ապահովելով անվտանգությունը, կամ կառավարումն ամբողջությամբ պետք է կենտրոնացված լինի մեկ օպերատորի ձեռքերում.

3) անվտանգությունն ապահովող ղեկավարման համակարգերը` կախված ռիսկի վերլուծության արդյունքներից, պետք է աշխատեն սովորական ռեժիմով կամ կենտրոնացվեն մեկ անձի հսկողության տակ.

4) վթարային կանգառ իրականացնող համակարգերը, աշխատելու ամբողջ ընթացքում, պետք է գործեն այդ ռեժիմով:

72. Զվարճահարմարանքների աշխատանքի ընթացքում կարող են իրագործվել շահագործման մի քանի ռեժիմներ: Այդ ռեժիմներից ցանկացածը կարող է իրականացվել միայն օպերատորի կարգադրությամբ կամ նրա հսկողությամբ: Այդ դեպքում պետք է գործեն անվտանգության բոլոր համակարգերը:

73. Զվարճահարմարանքների հիմնական աշխատանքային ռեժիմները ներառում են`

1) ձեռքի ռեժիմ, երբ կառավարման ամբողջ պարտականություններն իրականացնում է օպերատորը.

2) կիսաավտոմատ ռեժիմ, երբ կառավարման գործողությունների մի մասն իրականացվում է ավտոմատ կարգով` համաձայն տրված ծրագրի.

3) ավտոմատ ռեժիմ, երբ կառավարման ամբողջ գործողություններն իրականացվում են ավտոմատ կարգով` համաձայն տրված ծրագրի:

74. Զվարճահարմարանքների` շահագործման ռեժիմով աշխատելու դեպքում պետք է կատարվեն հետևյալ պահանջները`

1) զվարճահարմարանքը պետք է միշտ գործարկվի օպերատորի կողմից` բացառությամբ չընդհատվող նստեցման ու իջեցման դեպքերի, եթե դա թույլատրվում է` ելնելով ռիսկի գնահատումից.

2) եթե ուղևորների առողջական վիճակի հետ կապված առաջացել են խնդիրներ, օպերատորին տեղյակ պահելու համար պետք է ստեղծել հնարավորություն նախատեսված զբոսանքի ժամանակը կրճատելու համար.

3) շահագործման այլ ռեժիմների կիրառում, եթե դրանք չեն մեծացնում ռիսկերը:

75. Այնպիսի զվարճահարմարանքներում, որտեղ ուղևորների նստեցումն ու իջեցումը կատարվում են առանց կանգառի, պետք է ապահովվի օպերատորի մշտական հսկողությունը:

76. Զվարճահարմարանքը համարվում է պարապուրդի ռեժիմի մեջ, որը կարող է առաջանալ հետևյալ դեպքերում`

1) վթարային կանգառի.

2) էլեկտրասնուցման վթարային անջատման.

3) արտահերթ անջատումից հետո էլեկտրամատակարարման վերականգնման.

4) պաշտպանիչ կանգառի իրագործման:

77. Կառավարման համապատասխան համակարգով զվարճահարմարանքի անվտանգության ապահովումը նշանակում է, որ՝

1) զվարճահարմարանքի ոչ աշխատանքային վիճակում, ցանկացած պահի պետք է բացառվեն վտանգավոր իրավիճակները.

2) վթարային կամ արտահերթ կանգառից հետո զվարճահարմարանքի պարապուրդի ժամանակ անհրաժեշտ է կառավարման համակարգում ստուգել ու վերականգնել բոլոր պարամետրերն ու տվյալները, որոնք կապ ունեն անվտանգության ապահովման հետ, և միայն դրանից հետո անցնել շահագործման նորմալ ռեժիմի:

78. Զվարճահարմարանքի արգելակման ու կանգառի ժամանակ անհրաժեշտ է`

1) պահպանել գործողությունների անվտանգ հաջորդականությունը.

2) ժամանակի ցանկացած պահի թույլ չտալ արագությունների անկում` աշխատանքային թույլատրելի ցուցանիշների նվազագույնից կամ բարձրացում` առավելագույնից:

79. Զվարճահարմարանքը շարժման մեջ դնող էլեկտրամատակարարման հիմնական աղբյուրից բացի պետք է լինի էներգիայի մատակարարման լրացուցիչ աղբյուր, որն էլեկտրասնուցման անջատման դեպքում կապահովի զվարճահարմարանքի անվտանգ կանգառն ու կկանխի ինքնաբերական թողարկումը:

80. Արտակարգ ռեժիմում զվարճահարմարանքների աշխատանքի ժամանակ պետք է կատարվեն այն պահանջները, որոնք սահմանված են շահագործումից առաջ և լրացուցիչ`

1) հրահանգներ տալն անվտանգությունն ապահովող կառավարման համակարգի կողմից թույլատրվում է կիրառել միայն խիստ որոշակի առանձին քայլերով, որի դեպքում պետք է երաշխավորվի, որ յուրաքանչյուր առանձին հրահանգ կատարվում է նպատակաուղղված.

2) եթե արտակարգ կանգառի դեպքում ուղևորների ազատման միակ միջոցը համարվում է անվտանգության համար նախատեսված բլոկավորումը, ապա ռեժիմի կարգավորման աշխատանքները պետք է կատարվեն պատասխանատու օպերատորի կողմից:

81. Զվարճահարմարանքներում պետք է նախատեսվեն ուղևորատար մոդուլների չնախատեսված բախումները կանխող միջոցներ, եթե այդպիսի բախումներ հնարավոր են:

82. Զվարճահարմարանքների բլոկավորման գոտիները, որոնց վրա բաժանվում է ռելսուղին կամ առուն, պետք է լինեն այնպիսի քանակությամբ, որպեսզի կանխվեն վտանգավոր բախումները:

83. Բլոկավորման գոտիների կառավարման համակարգը պետք է ընդգրկի`

1) գոտու զբաղվածության ցուցանշման միջոցները` զբաղվածության տվիչները.

2) գոտու ազատման ցուցանշման միջոցները` ազատման տվիչները.

3) կառավարման սկզբունքային սխեմաները.

4) ուղևորատար մոդուլը կանգնեցնելու ունակ արգելակման սարքվածքները:

84. Բլոկավորման գոտի մտնելու ժամանակ յուրաքանչյուր ուղևորատար մոդուլ պետք է կառավարման համակարգին տա ազդանշան, որը նշանակում է, որ գոտին զբաղված է: Բացի նշված դեպքերից, ուղևորատար մոդուլը կամ գնացքը կարող է հեռանալ բլոկավորման գոտուց միայն այն դեպքում, երբ ազատ է հաջորդ գոտին:

85. Բլոկավորման գոտուց հեռանալու ժամանակ յուրաքանչյուր ուղևորատար մոդուլի վերջին բաժանմունքը (սեկցիան) պետք է կառավարման համակարգին տա ազդանշան, որը նշանակում է, որ գոտին ազատ է:

86. Յուրաքանչյուր խափանման դեպքում, որը մեծացնում է ուղևորներին սպառնացող հնարավոր ռիսկերը (պահեստային տվիչներից մեկի խափանումը կամ էլեկտրասնուցման աղբյուրի անջատումը), կառավարման համակարգը պետք է իրագործի ուղևորատար մոդուլի վթարային կանգառ:

87. Կանգառից հետո էլեկտրական, հիդրավլիկ և օդաճնշակային (պնևմատիկ) սարքերի աշխատունակության վերականգնման դեպքում, եթե բացակայում է կրկնակի թողարկման անվտանգության ավտոմատ ապահովումը, բլոկավորման գոտու կառավարման համակարգերը պետք է կանխեն արգելակների անջատումը` բացառությամբ ձեռքի կառավարման համակարգով աշխատելու դեպքում: Եթե նախատեսված է կրկնակի թողարկման ավտոմատ համակարգ, ապա այն պետք է միանա ձեռքի կառավարմամբ:

88. Բլոկավորման գոտիների կառավարման համակարգում բախումը կանխող սարքվածքները պետք է աշխատեն մշտապես:

89. Կանգառի սարքվածքները պետք է տեղաբաշխված լինեն այնպես, որ դրանց կողմից ուղևորատար մոդուլի կանգառից հետո նորմալ պայմաններում հնարավոր լինի իրագործել անվտանգ կրկնակի թողարկում:

90. Յուրաքանչյուր բլոկավորման գոտում տեղադրված տվիչների միջակայքը (ինտերվալը) պետք է լինի այնպիսին, որ կանխվի ցանկացած պատճառով կանգառից հետո գոտուց հեռացող ուղևորատար մոդուլի բախումն իր հետևից ընթացող մոդուլի հետ:

91. Զբաղվածության ու միջակայքի տվիչները պետք է տեղաբաշխված լինեն այնպես, որ մինչև ուղևորատար մոդուլի գոտուց լրիվ հեռանալը դրանք ցույց տան, որ գոտին զբաղված է:

92. Հսկման ու կառավարման համակարգերը (էլեկտրական, էլեկտրոնային, օդաճնշակային կամ հիդրավլիկ) էլեկտրասնուցման անջատման դեպքում պետք է ի վիճակի լինեն կառավարելու կանգառի սարքվածքները:

 

4. ՄԱՆԿԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

93. Մանկական հրապարակների սարքավորումների շահագործման ժամանակ պետք է հաշվի առնվեն`

1) տարբեր տարիքային խմբերի երեխաների համար խաղային հրապարակներում սարքավորումների շահագործման առանձնահատկությունները.

2) սարքավորումների տարբեր բացվածքներում, ճեղքերում, անցքերում երեխաների ձեռքերի, ոտքերի, գլխի, մատների, հագուստի խցկված մնալու, լռվելու անթույլատրելիությունը.

3) խաղային ու վայրէջքի գոտիների չափերի բավարարությունը.

4) այն տեղերում, որտեղ կարող են ընկնել տարբեր առարկաներ, որտեղ տեղի են ունենում սահք, գլորում, թռիչքներ, սարքավորման տարրերում և դրանց միջև ճեղքերի, բացվածքների առկայության անթույլատրելիությունը.

5) ազատ անկման անվտանգ բարձրության (խաղային մակերեսից մինչև վայրէջքի գոտու միջև ընկած ուղղաձիգ հեռավորությունը) ապահովումը.

6) սարքավորման շարժվող ու անշարժ տարրերի, ինչպես նաև խաղային հրապարակի միջև անվտանգ հեռավորության ապահովումը.

7) որպեսզի ռիսկը, որը ենթադրվում է զվարճանքի և խաղի ժամանակ, երեխայի համար լինի ակնհայտ, և նա կարողանա կանխատեսել դրանք ու խուսափել դրանցից.

8) սարքավորման մեջ երեխաների օգնության համար մեծահասակների մուտքի մատչելիությունը.

9) սարքավորման մակերեսին ջրի կուտակման անթույլատրելիությունը, ջրի ազատ հոսքի և չորացման ապահովումը.

10) ամրացման միացությունների դուրս ցցված վերջույթներից պաշտպանվածության ապահովումը.

11) որպեսզի սարքավորման փայտե տարրերի ու դրանց մակերեսների վրա չլինեն մշակման թերություններ.

12) որպեսզի սարքավորման վրա երեխաներին պահող (բռնող) տարրերի լայնությունը համապատասխանի նախագծով նախատեսված չափերին.

13) որպեսզի հարկ եղած տեղերում սարքավորումն ապահովվի բազրիքներով, ճաղաշարքերով ու պաշտպանակներով` հաշվի առնելով երեխաների տարիքային խմբերը: Դրա հետ մեկտեղ, բազրիքների, ճաղաշարքերի ու պաշտպանակների կառուցվածքը պետք է լինի այնպիսին, որ հնարավոր չլինի երեխաներին կանգնել կամ նստել, մագլցել ու բարձրանալ դրանց վրա:

94. Սարքավորումների շահագործման ընթացքում պետք է հսկել`

1) որպեսզի օգտագործվող նյութերը երեխաների ու շրջակա միջավայրի վրա չունենան վտանգավոր ազդեցություն.

2) որպեսզի շատ բարձր ջերմաստիճանի պայմաններում երեխաների մաշկի վրա սարքավորումների հետ շփումից չառաջանան ջերմային այրվածքներ:

95. Մանկական խաղային հրապարակների սարքվածքների համար արգելվում է օգտագործել հետևյալ նյութերը`

1) պոլիմերային դյուրավառ նյութեր.

2) այրման արգասիքների թունավորության տեսակետից վտանգավոր նյութեր.

3) նոր նյութերը, որոնց հատկությունները դեռևս բավականաչափ չեն ուսումնասիրված:

96. Եթե սարքավորումներում օգտագործվում են տարբեր ձուլամայրային (մատրիցա) հիմքով ոչ դյուրավառ պոլիմերային և կոմպոզիցիոն նյութեր, ապա դրանք ուլտրամանուշակագույն ճառագայթման ներգործության հանդեպ պետք է լինեն կայուն:

97. Պոլիմերային և կոմպոզիցիոն նյութերի մակերեսների կարծրությունը շահագործման ամբողջ ընթացքում պետք է ապահովի երեխաների անվտանգությունը:

98. Մետաղե նյութերը, որոնց շերտազատման, կեղևահանման, կլպման հետևանքով առաջանում են թթուներ (օքսիդներ), պետք է պաշտպանված լինեն ոչ թունավոր ծածկույթով:

99. Նրբատախտակները մթնոլորտային ներգործությունների նկատմամբ պետք է լինեն կայուն:

100. Սարքավորման հավաքակցումը, տեղադրումն ու շահագործումը պետք է կատարվեն նախագծին, սարքավորման տեխնիկական անձնագրի պահանջներին համապատասխան:

101. Սարքավորումը պետք է հավաքակցվի և տեղադրվի այնպես, որպեսզի ապահովվի խաղացող երեխաների անվտանգությունը:

102. Արգելվում է շահագործել մանկական հրապարակների սարքավորումները, եթե դրանցում աշխատանքներն ամբողջությամբ չեն ավարտվել:

103. Մանկական հրապարակների սարքավորումների ստուգման ժամանակ անհրաժեշտ է`

1) համոզվել սարքավորման սարքինության և համալրության մեջ.

2) հավաստիանալ սարքավորման յուրաքանչյուր կառուցվածքի, դրա առանձին տարրերի ու մասերի առավելագույն ունակության մեջ՝ դրանց մշտական և ժամանակավոր բեռնվածության պայմաններում:

104. Մանկական հրապարակների սարքավորումների շահագործման ժամանակ անհրաժեշտ է՝

1) արգելապատել խաղային գոտիները, որպեսզի դրանք չհատեն հետիոտնի անցումային գոտիները.

2) բացառել սարքավորման շահագործումը, եթե այն վնասված է և կարող է վնաս հասցնել երեխաների առողջությանը.

3) խաղային գոտում չստեղծել խոչընդոտներ, որոնք կարող են վնասվածքի պատճառ հանդիսանալ.

4) վայրէջքի գոտիները սարքավորել հարվածամեղմիչ ծածկույթով՝ երեխաների վնասվելը բացառելու համար.

5) տեղակայել ցուցանակներ` համապատասխան բովանդակությամբ:

105. Զվարճահարմարանքի շահագործողը օբյեկտի համար մշակում է տեխնիկական անվտանգության համալիր միջոցառումներ և պարբերաբար, առնվազն տարեկան մեկ անգամ ստուգում և գնահատում է այդ միջոցառումների արդյունավետությունը և շահագործման պայմանների փոփոխության դեպքում ճշգրտում դրանք ու ապահովում դրանց պարտադիր կատարումը:

 

5. ՋՐԱՅԻՆ ԱՏՐԱԿՑԻՈՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

106. Ջրային ատրակցիոնների (ակվապարկերի, ջրամբարների, ջրավազանների և այլն) շահագործման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել՝

1) ջրային միջավայրի առանձնահատկությունները, հաճախորդների` սահուն մակերեսների վրա ընկնելու ռիսկը, սահմանված քանակից ավելի ջրի կուտակման անթույլատրելիությունը, խեղդվելու ռիսկը, խոնավ միջավայրում էլեկտրահարվելու ռիսկը, բարձրությունից ընկնելու ժամանակ վնասվածք ստանալու ռիսկը.

2) սուր վերջույթներից, անհարթություններից, ցցվածքներից մեխանիկական վնասվածքներ ստանալու անթույլատրելիությունը.

3) չարգելափակված մակերեսներից 0,4 մ-ից ավելի բարձրությունից ընկնելու ռիսկերը (եթե դա նախատեսված չէ զվարճալիքային էֆեկտներ ստեղծելու համար).

4) անցարանների լայնության բավարար լինելը, հնարավորությունը մարդկանց առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար.

5) պահիչ միջոցների` հենարանների, բազրիքների, ճաղաշարքերի հարմարությունը.

6) ատրակցիոններից օգտվողների մարմինները հպվող տեղերի վրա հարթ մակերեսների ստեղծման անհրաժեշտությունը.

7) մաշկի վնասվածքի կանխման համար ջրային մակերեսներում սահմանված նորմերով անհրաժեշտ ջրային շերտի ու հոսքի ստեղծման անհրաժեշտությունը.

8) ատրակցիոնի ձևի ընտրության ժամանակ անվտանգության հաշվարկի կատարման անհրաժեշտությունը, հատկապես առավել արագությամբ սահելու տեղերի մակերեսների հաշվարկը.

9) արգելակման տեղերի քանակների և հարմարությունների ստեղծումը` հաճախորդներին իջնելուց հետո տեղահանելու համար, որպեսզի բացառվեն բախումները մյուս հաճախորդների հետ.

10) ատրակցիոնների տարրերին շահագործման նորմերով սահմանված չափերից ավելի ծանրաբեռնվածության անթույլատրելիությունը:

107. Ջրային ատրակցիոնների շահագործական փաստաթղթերը պետք է մշակվեն` հաշվի առնելով սույն կանոնների 81-րդ կետի բոլոր պահանջները:

108. Ջրային ատրակցիոնների համար կիրառվող նյութերի ընտրության ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել օգտագործվող մետաղե, փայտե, ոչ մետաղե շինվածքների և ամրակապող արտադրատեսակների կայունությունը, հակակոռոզիոն հատկությունները:

109. Սահելու համար մակերեսները և հենարանային մակերեսները պետք է պատրաստվեն այնպիսի նյութերից, որոնցում բացառվում են շերտատումը կամ նշանակալի ձևախախտումները:

110. Ջրային ատրակցիոններում կիրառվող էլեկտրասարքավորումների տեղադրումը պետք է կատարվի` հաշվի առնելով խոնավ միջավայրի առանձնահատկությունները:

111. Ջրային ատրակցիոնների շահագործման ժամանակ պետք է օբյեկտի անհրաժեշտ տեղերում տեղադրվեն տեղեկատվական ցուցանակներ և ցուցիչներ, ինչպես նաև ատրակցիոնից օգտվելու անվտանգության կանոնները:

112. Ջրային ատրակցիոնների սարքերի համար օգտագործվող ջրի որակը պետք է համապատասխանի «Լողավազանների կառուցվածքին, շահագործմանը և ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ N 2.III.2.2.4» սանիտարական նորմերի պահանջներին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ

Բ. Բադալյան

 

08.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հունիսի 2023 թվական: