ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հունիսի 2023 թվականի N 897-Ն
ՀԱՆՔԱՅԻՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել հանքային պարարտանյութերի պահպանման և անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
06.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի N 897-Ն որոշման |
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ՀԱՆՔԱՅԻՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հանքային պարարտանյութերի պահպանման և անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները (այսուհետ՝ կանոններ) սահմանում են տեխնիկական անվտանգության պահանջներ՝ հանքային պարարտանյութերի պահպանման և անվտանգ շահագործման վերաբերյալ` մարդու կյանքն ու առողջությունը, շրջակա միջավայրը և գույքը պաշտպանելու համար` կանխելով այնպիսի գործողություններ, որոնք ապակողմնորոշում են սպառողներին՝ կապված դրանց նշանակության և անվտանգության հետ:
2. Սույն կանոնների պահանջները տարածվում են բոլոր տեսակի պարզ և բարդ հանքային պարարտանյութերի պահպանման և անվտանգ շահագործման հետ կապված հարաբերությունների վրա, բացառությամբ օրգանական պարարտանյութերի:
2. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ՏԵՐՄԻՆՆԵՐ
3. Սույն կանոններում օգտագործվում են հետևյալ հասկացությունները և տերմինները`
1) հանքային պարարտանյութերի անվտանգություն` կանխարգելիչ միջոցառումների համակարգ, որը բացառում է հանքային պարարտանյութերի վտանգավոր հատկությունների ազդեցությունը մարդու, շրջակա միջավայրի և գույքի վրա.
2) հատիկավոր հանքային պարարտանյութ՝ հանքային պարարտանյութ, որն ստացվել է կտրման, սեղմման կամ կառուցվածքային` հատիկավորման եղանակներով և բաղկացած է հիմնականում մասնիկներից, որոնք չափսերով 1 մմ-ից մինչև 6 մմ են.
3) հեղուկ հանքային պարարտանյութ՝ հանքային պարարտանյութ, որը հանդես է գալիս համապատասխան լուծիչում լուծույթի կամ սուզպենզիայի ձևով համապատասխան սնուցող էլեմենտներով.
4) արտադրող՝ Հայաստանի Հանրապետության տարածքում հանքային պարարտանյութերի արտադրությամբ զբաղվող իրավաբանական անձ, ներառյալ օտարերկրյա կամ անհատ ձեռնարկատեր, ով պատասխանատու է այդ պարարտանյութերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանության համար.
5) ներմուծող՝ արտասահմանյան ոչ ռեզիդենտ գործընկերներից Հայաստանի Հանրապետության տարածք հանքային պարարտանյութեր փոխադրող իրավաբանական անձ, որը պատասխանատու է այդ պարարտանյութերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանության համար.
6) հանքային պարարտանյութ՝ արդյունաբերական եղանակով ստացված կամ հանածո պարարտանյութ, որը պարունակում է սնուցող տարր.
7) ոչ պիտանի հանքային պարարտանյութեր՝ հանքային պարարտանյութեր, որոնք պիտանելիության ժամկետը լրանալու կամ պահպանման ու տեղափոխման պայմանները խախտելու պատճառով կորցրել են սկզբնական սպառողական հատկությունները և ենթակա չեն օգտագործման, ինչպես նաև հանքային պարարտանյութեր, որոնց օգտագործումն արգելված է՝ կապված շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա հայտնաբերված բացասական ազդեցության հետ.
8) պարզ հանքային պարարտանյութ՝ հանքային պարարտանյութ, որը պարունակում է գլխավոր սնուցող տարրերից որևէ մեկը.
9) բարդ հանքային պարարտանյութ՝ պինդ կամ հեղուկ համալիր հանքային պարարտանյութ, որում բոլոր մասնիկները, բյուրեղները կամ հատիկներն ունեն միևնույն կամ մոտիկ քիմիական բաղադրություն.
10) օրգանական պարարտանյութ՝ բուսական կամ կենդանական ծագման օրգանական նյութեր պարունակող պարարտանյութ.
11) հանքային պարարտանյութերի անվտանգության անձնագիր (այսուհետ` անվտանգության անձնագիր)՝ քիմիական նյութերի համար անվտանգության անձնագրի տեսքով մշակված փաստաթուղթ, որը հանդիսանում է հանքային պարարտանյութերի համար տեխնիկական փաստաթղթերի պարտադիր մաս և պարունակում է տեղեկատվություն տվյալ հանքային պարարտանյութի բաղադրության, հատկությունների, արտադրողի և (կամ) ներմուծողի մասին, անվտանգության պահանջների և միջոցառումների մասին, անվտանգ փոխադրման, օգտագործման և պահպանման եղանակների մասին.
12) սպառող՝ անհատ, որը մտադրվում է գնել կամ պատվիրել, օգտագործել հանքային պարարտանյութեր, բացառապես անձնական տնային տնտեսությունում օգտագործելու համար, որոնք կապված չեն ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ.
13) կանխարգելիչ միջոցառումներ՝ միջոցներ, որոնք պետք է ձեռնարկվեն՝ կանխելու կամ նվազագույնի հասցնելու պարարտանյութերի վտանգավոր հատկությունների ազդեցության պատճառով առաջացող անբարենպաստ հետևանքները.
14) գնորդ՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ներառյալ սպառողը, որը գնում է ապրանքներ` դրանք օգտագործելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված ցանկացած նպատակների համար:
3. ՀԱՆՔԱՅԻՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ
4. Հանքային պարարտանյութերն ունեն տեսակներ: Հանքային պարարտանյութի տեսակը կատեգորիա է, որը որոշվում է ակտիվ բաղադրիչով, իսկ ակտիվ բաղադրիչը՝ հիմնական սնուցիչ էլեմենտն է, որը պարունակվում է պարարտանյութի բաղադրության մեջ:
5. Հանքային պարարտանյութերը դասակարգվում են ըստ քիմիական նյութերի վտանգավորության դասերի: Հանքային պարարտանյութի վտանգավորության դասը պետք է նշված լինի արտադրողի կողմից:
6. Հանքային պարարտանյութը կարող է լինել կոմպլեքս: Այդ դեպքում այն պարունակում է առնվազն երկու ակտիվ բաղադրիչ:
7. Միկրոպարարտանյութը հանքային պարարտանյութ է, որի մեջ ակտիվ բաղադրիչը միկրոէլեմենտն է (բորի, կոբալտի, պղնձի, երկաթի, մանգանի, մոլիբդենի, ցինկի և այլնի տեխնիկական աղեր):
8. Օրգանահանքային պարարտանյութն օրգանական և հանքային պարարտանյութերի խառնուրդ է, որն ստացվել է միասնական տեխնոլոգիական գործընթացով կամ մեխանիկական խառնման միջոցով:
9. Մանրացված պարարտանյութը հանքային պարարտանյութ է, որը բաղկացած է հիմնականում 1 մմ չափից փոքր մասնիկներից:
10. Հանքային պարարտանյութերը պետք է համապատասխանեն անվտանգության բոլոր պահանջներին:
11. Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառվող հանքային պարարտանյութերը պետք է համապատասխանեն քիմիական և ճառագայթահարման անվտանգության չափանիշներին՝ համաձայն N 1 ձևի:
Ձև N 1
Հանքային պարարտանյութերի քիմիական անվտանգության չափաքանակներ.
NN ը/կ |
Քիմիական անվտանգության չափաքանակներ |
Ցուցանիշները |
1. |
Ներծծվող նյութի զանգվածային բաժին (ազոտ, ֆոսֆոր, կալիում), % |
Պետական գրանցման ընթացքում պետք է |
2. |
Միկրո տարրերի զանգվածային բաժինը (ցինկ, պղինձ, մանգան, բոր, մոլիբդեն, կոբալտ, երկաթ), % | |
3. |
Գրանուլոմետրիկ բաղադրությունը հատիկավոր և փոշի պարարտանյութերի համար,% |
Հատուկ հանքային պարարտանյութի համար |
4. |
Հատիկների ստատիկ ամրություն, MPa |
1,2 (12) – 30,0 (300) |
5. |
Ցրվողականությունը հատիկավոր և փոշի պարարտանյութերի համար,% |
100 |
6. |
Թունավոր տարրերի, ներառյալ կապարի, մկնդեղի, կադմիումի, կեղտաջրերի զանգվածային բաժինը % |
Պետք է համապատասխանի պետական գրանցման հանքային պարարտանյութի համար: |
7. |
Ամոնիումի նիտրատի 10% զանգվածային չափաբաժնով ջրային լուծույթի pH |
ոչ պակաս 5,0 |
8. |
Ամոնիումի նիտրատի ծակոտկենությունը (յուղ պահելու ունակություն) 25-500C ջերմաստիճանում,% ոչ ավելին |
4 |
9. |
Դյուրավառ նյութերի պարունակությունը ամոնիումի նիտրատում. հանքային պարարտանյութերի համար, որոնք պարունակում են առնվազն 31,5% ազոտ ըստ զանգվածային ,% ոչ ավելին |
0,2 |
10. |
Ազոտ պարունակող հանքային պարարտանյութերի համար` 28-ից 31.5% ըստ քաշի, ոչ ավելին |
0,4 |
քլորի զանգվածային բաժինը ամոնիումի նիտրատում ՝%, ոչ ավելին |
0,02 | |
պղնձի պարունակությունը ամոնիումի նիտրատում, ոչ ավելին, մգ / կգ |
10 | |
Հանքային պարարտանյութերի ճառագայթային անվտանգության չափաքանակները
1. ֆոսֆորային հանքային պարարտանյութերում բնական ճառագայթաակտիվ նուկլիդների տեսակարար ակտիվությունը չպետք է գերազանցի հետևյալ արժեքը.
АU + 1.5 АТh ≤ 1.2 kBq / kg
որտեղ АU-ն և АTh-ն ուրանի-238 (ռադիում-226) և թորիում-232 (թորիում-228) տեսակարար ակտիվությունն են, որոնք ռադիոակտիվ հավասարակշռության մեջ են, համապատասխանաբար ուրանի և տորիումի մնացած շարքերի հետ. 2. հանքային պարարտանյութերի արտադրության համար հումքում ճառագայթաակտիվ նուկլիդների (ուրանի-238, թորիում-232) գումարային ալֆա ակտիվությունը չպետք է գերազանցի 10 kBq / kg. 3. քիմիական սինթեզով արտադրվող ազոտական պարարտանյութերում ճառագայթաակտիվությունը չափագրված չէ. 4. հանքային պարարտանյութերում կալիում -40 իզոտոպի թույլատրելի պարունակությունը հաստատված չէ: |
12. Արտադրողը կամ ներմուծողը, հանքային պարարտանյութը շրջանառության մեջ դնելով, մշակում է տվյալ պարարտանյութի անվտանգության անձնագիրը համաձայն N 2 ձևի և պատասխանատու է դրանում պարունակվող տեղեկատվության ամբողջականության և ճշգրտության համար:
Ձև N 2
1. Հանքային պարարտանյութերի անվտանգության անձնագրի ձևաթերթ
ՀԱՆՔԱՅԻՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ
Հաստատում եմ՝ կազմակերպության ղեկավար________________________ ___ _____________20___թ.
|
Անվանում: տեխնիկական |
|
քիմիական |
|
վաճառքային |
|
հոմանիշ |
Տեխնիկական կարգավորման ոլորտում փաստաթղթի ձևավորում, որի համաձայն արտադրվում են հանքային պարարտանյութերը
Ծածկագիր տեղեկությունները |
Գրանցման մասին |
Վտանգավորության բնութագրեր
Հակիրճ |
Հիմնական վտանգավոր կոմպոնենտներ |
ՍԹԿ մգ/մ3 |
Վտանգավորության դաս |
Գրանցված նյութերը |
Դիմող ________________________ (կազմակերպության անուն) |
(քաղաք, երկիր) |
Հեռախոսահամար: |
|
E-mail: |
|
ֆաքս: |
2. Հանքային պարարտանյութերի անվտանգության անձնագրում նշվող նվազագույն պահանջների բովանդակություն
NN ը/կ |
Բաժնի անվանումը |
Բովանդակություն |
1. | Հանքային պարարտանյութի նույնականացումը և տեղեկություններ արտադրողի կամ մատակարարի մասին |
հանքային պարարտանյութի անվանման համապատաս- խանությունը, որը նշված է կարգավորող փաստաթղթում: Նույնականացման այլ մեթոդներ: Հանքային պարարտանյութերի օգտագործման վերաբերյալ առաջարկություններ և սահմանափակումներ: Հանքային պարարտանյութերի շրջանառության համար պատասխանատու կազմակերպության ամբողջական պաշտոնական անվանումը, հասցեն և հեռախոսահամարը (անձի անունը): Արտակարգ իրավիճակների վերաբերյալ խորհրդատվություն տրամադրող կազմակերպության հեռախոսահամարը |
2. |
Վտանգի (վտանգների) նույնականացում |
Տեղեկություններ հանքային պարարտանյութերի ըստ վտանգավորության դասակարգման մասին, որը համապատասխանում է տարածաշրջանում գործող օրենսդրությանը: |
3. |
Բաղադրությունը (տեղեկատվություն բաղադրիչների մասին) |
Անհատական քիմիական պարարտանյութերի համար. քիմիական անվանումը IUPAC պահանջների համաձայն. քիմիական բանաձև; նյութի քանակը. ընդհանուր ընդունված հոմանիշներ և այլն; խառնուրդներ և ֆունկցիոնալ հավելումները, այդ թվում նրանց վտանգավորությունը: Հանքային պարարտանյութերի համար, որոնք պարունակում են նյութերի խառնուրդներ. տեղեկատվություն ապրանքի բաղադրության մասին (ըստ բաղադրիչների), որը կարող է օգնել գնորդին և այլ շահագրգիռ կողմերին որոշել դրա օգտագործման հետ կապված ռիսկերը. Մարդու առողջության կամ շրջակա միջավայրի համար վտանգ ներկայացնող բոլոր բաղադրիչների համար պետք է տրամադրվի հետևյալ տեղեկատվությունը` բաղադրիչի անվանումը և նույնացման այլ նշաններ, վտանգի նկարագրում (վտանգի դասակարգում, կիրառման կամ օգտագործման պայմաններ): |
4. |
Առաջին օգնության միջոցներ |
տվյալներ ախտանիշների արտահայտման վերաբերյալ, որոնք դրսևորվում են հանքային պարարտանյութերի ազդեցությամբ: Վթարի վայրում տուժածներին առաջին օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ միջոցառումների նկարագրությունը` պարտադիր նշելով այն դեպքերը, երբ վիրավորներին անհապաղ պետք է ցուցաբերվի բժշկական օգնություն: Պետք է նշել, արդյոք հնարավոր է ի հայտ գա հետաձգված որևէ ազդեցություն: Այս դեպքում պարտադիր պետք է նշվի, թե արդյոք անհրաժեշտ է կամ ցանկալի է որոշակի պրոֆիլի մասնագետի բժշկի օգնությունը (տոքսիկոլոգ, մաշկաբան և այլն): Տուժածների համար առաջին բուժօգնության միջոցառումների վերաբերյալ տեղեկատվությունը պետք է համակարգված լինի վնասակար հետևանքների տեսակներով (շնչառական համակարգի միջոցով, օրգանիզմ ներթափանցման դեպքում, աչքերում և մաշկի վրա): |
5. |
Հրդեհի և պայթյունի անվտանգության ապահովման միջոցներ և միջոցառումներ |
Քիմիական նյութերի հրդեհի և պայթյունահրդեհավտանգավորության ընդհանուր բնութագրերը. Հրդեհի և պայթյունի վտանգի ցուցանիշները: Առաջարկվող մարման միջոցներ: Արգելված հրդեհամարման միջոցներ: Հրդեհաշիջման անհատական պաշտպանիչ միջոցներ: հրդեհամարման առանձնահատկություններ: |
6. |
Միջոցառումներ արտակարգ իրավիճակների դեպքերում, պատահարների կանխարգելման և դրանց հետևանքների վերացման ուղղությամբ |
Վթարային և արտակարգ իրավիճակների դեպքում անհատական և կոլեկտիվ անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ, ինչպիսիք են հրդեհի և փոշու աղբյուրների վերացումը, աչքերի շնչառության և մաշկի պաշտպանության միջոցների օգտագործումը: Վթարային և արտակարգ իրավիճակների վերացման գործողությունների ընթացակարգ: Վթարային և արտակարգ իրավիճակների վերացման նախազգուշական միջոցներ, շրջակա միջավայրի պաշտպանության ապահովում (մեկուսացման անհրաժեշտությունն ու տեսակը, ստորերկրյա և մակերեսային ջրերի, հողերի պաշտպանության, միջոցառումների, հարակից տարածքների բնակիչներին տեղեկացնելու անհրաժեշտությունը և այլն): |
7. |
Հանքային պարարտանյութերի օգտագործման կանոնները նրանց պահեստավորման և բեռնաթափման ընթացքում |
Նախազգուշական միջոցներ հանքային պարարտանյութերի բեռնաթափման ժամանակ, ներառյալ. ինժեներական անվտանգության միջոցառումների համակարգի վերաբերյալ տեղեկատվություն. շրջակա միջավայրի պաշտպանության միջոցներ; առաջարկներ՝ անվտանգ տեղաշարժի և փոխադրման համար: Հանքային պարարտանյութերի պահպանման պայմաններն ու ժամկետները, այդ թվում. պահեստների կամ բաքերի կառուցվածքային առանձնահատկություններ, ներառյալ անթափանց պատերի (միջնապատերի) և օդափոխության առկայություն. պահեստավորման ընթացքում անհամատեղելի նյութերի ցուցակ. ջերմաստիճանի և խոնավության թույլատրելի միջակայքերը, պահեստավորման համար լուսավորության պահանջները, շրջակա միջավայրի համար, օրինակ, իներտ գազի միջավայրում. հատուկ էլեկտրական սարքավորումների անհրաժեշտություն և ստատիկ էլեկտրական լիցքերի վերացման միջոցառումների անհրաժեշտություն. Որոշակի պահպանման պայմաններում հանքային պարարտանյութերի քանակի սահմանափակումը, փաթեթավորման համար առաջարկվող նյութի տեսակը (բեռնարկղերը); պահեստավորման պայմանների լրացուցիչ հատուկ պահանջներ: |
8. |
Վտանգավոր ազդեցության հսկողության սարքեր և անհատական պաշտպանության միջոցներ |
Պարտադիր հսկողության ենթակա պարամետրերը, դրանց առավելագույն թույլատրելի արժեքները, որոնք կենսաբանորեն անվտանգ են անձնակազմի համար (նկատի ունենալով ստանդարտները և դրանք սահմանող այլ կարգավորող փաստաթղթեր): Սահմանված պարամետրերն ապահովելու և վերահսկելու միջոցառումներ: Տեղեկատվություն անձնակազմի անհատական պաշտպանության միջոցների մասին |
9. |
Ֆիզիկաքիմիական բնութագրերը |
Ֆիզիկական վիճակ Խտությունը: Մածուցիկություն: Ջրածնական ցուցիչ (pH): Լուծելիություն (տվյալ միջավայրում): |
10. |
Ռեակցիոնունակություն և կայունություն |
Քիմիական կայունություն: Վտանգավոր ռեակցիաների հնարավորությունը: Պայմաններ, որով կարելի է դրանից խուսափել (ինչպիսիք են ստատիկ լիցքեր, ցնցումը կամ թրթռումը): Անհամատեղելի նյութեր: Քայքայման վտանգավոր նյութեր |
11. |
Թունավորության մասին տեղեկատվություն |
Հանքային պարարտանյութերի հետ մարդու շփման դեպքում տոքսոլոգիական հետևանքների հակիրճ, բայց համապարփակ նկարագրություն, ներառյալ. տեղեկատվություն ճառագայթահարման հավանական ուղիների վերաբերյալ (շնչառական համակարգի միջոցով, օրգանիզմ մտնելու միջոցով, աչքերի և մաշկի վրա); տեղեկություններ քիմիական նյութի հետ անմիջական շփման ընթացքում մարդու առողջության համար վտանգավոր ազդեցության, ինչպես նաև այդ ազդեցության հետևանքների և տեղեկատվություն օրգանիզմի վրա երկարաժամկետ վտանգավոր ազդեցության վերաբերյալ (օրինակ՝ գրգռվածություն, քաղցկեղածինություն, վերարտադրողական թունավորում և այլն). սուր թունավորության ցուցանիշներ. |
12. |
Բնապահպանական տեղեկատվություն |
Շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունների գնահատում (օդ, ջուր, հող): Տվյալներ շրջակա միջավայրի կայունության և վերափոխման վերաբերյալ: Էկոտոքսիկության ցուցանիշները: Ներծծման տվյալները (հողում): Հիգիենիկ չափանիշներ շրջակա միջավայրի օբյեկտներում: Անբարենպաստ հետևանքների այլ տեսակներ: |
13. |
Թափոնների (մնացորդների) հեռացման առաջարկություններ |
Առաջարկություններ հանքային պարարտանյութերի թափոնների (մնացորդների) անվտանգ վերամշակման համար: Տեղեկատվություն թափոնների մաքրման, հեռացման և (կամ) վերամշակման մասին՝ համաձայն գործող օրենսդրության: Թափոնների և աղտոտված փաթեթավորման (կոնտեյներ) վերացման (ոչնչացման) եղանակներ և վայրեր |
14. |
Տեղեկատվություն տեղափոխման (տեղափոխման) ընթացքում) |
ՄԱԿ-ի համարը` համաձայն ՄԱԿ-ի առաջարկությունների: Տրանսպորտային միջոցների տեսակները: Վտանգավորության դասակարգումը տրանսպորտային տեղափոխման ժամանակ: Տրանսպորտային մակնշում և փաթեթավորման խմբաքանակ: Տեղեկություններ այն մասին, թե արդյոք հանքային պարարտանյութերը հանդիսանում են որպես ծովային և ջրային աղտոտիչ նյութեր: Անվտանգ փոխադրման առաջարկություններ (ներառյալ տարածքի ներսում)` գործող կանոնակարգերին համապատասխան |
15. |
Տեղեկատվություն ազգային և միջազգային օրենսդրության վերաբերյալ |
Տեղեկություններ հանքային պարարտանյութերի շրջանառությունը կարգավորող օրենսդրության մասին: Տեղեկատվություն մարդու և շրջակա միջավայրի պաշտպանության պահանջները կարգավորող փաստաթղթերի վերաբերյալ: տեղեկատվություն միջազգային նախազգուշական մակնշման մասին: |
16. |
Լրացուցիչ տեղեկություններ |
Անվտանգության անձնագրի վերանայման (վերամշակման) դեպքում անհրաժեշտ է նշել, թե որ բաժիններում են կատարվել փոփոխություններ: Անվտանգության անձնագրի պատրաստման մեջ օգտագործված տվյալների աղբյուրների ցուցակ |
13. Արտադրողը կամ ներմուծողը պարտավոր է անվճար սպառողին կամ գնորդին ապահովել անվտանգության անձնագրով:
14. Սպառողի կամ գնորդի պահանջով անվտանգության անձնագիրը պետք է ներկայացվի նրան այն դեպքում, երբ ընդհանուր առմամբ հայտնի են հանքային պարարտանյութի վտանգավոր հատկությունների կամ վտանգավոր ազդեցության վերաբերյալ տվյալներ:
15. Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության մեջ դրվող կամ շուկայահանվող հանքային պարարտանյութերը պետք է ուղեկցվեն տվյալ տեսակի պարարտանյութի վերաբերյալ արտադրողի կողմից մշակված անվտանգության անձնագրով և որակի փաստաթղթով (համապատասխանության սերտիֆիկատ կամ համապատասխանության հայտարարագիր)։
16. Հանքային պարարտանյութերի անվտանգության անձնագրի ձևաթուղթը, ինչպես նաև հանքային պարարտանյութերի համար անվտանգության տվյալների թերթում տեղեկատվության պարունակության նվազագույն պահանջները ներկայացված են սույն կանոնների N 2 ձևում:
4. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
17. Հանքային պարարտանյութերի մշակումը, պահպանումը, տեղափոխումը պետք է իրականացվի այնպես, որ դրանց օգտագործման համար հաշվի առնվի կիրառման սահմանաքանակները, թույլ չտրվի հիգիենիկ նորմատիվ քանակների ավելցուկ` հողում, օդում, ջրային ռեսուրսներում և գյուղատնտեսական ապրանքներում վտանգավոր և թունավոր նյութերի պարունակության համար:
18. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի N 182-Ն որոշմամբ հաստատված վնասակար նյութերի սահմանաքանակների ցանկում ներառված նյութերի սահմանաքանակները գերազանցող պահեստները և պահեստարանները, համաձայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 11-րդ և 12-րդ հոդվածների, պետք է գրանցվեն լիազոր մարմնի կողմից վարվող արտադրական վտանգավոր օբյեկտների պետական ռեեստրում և տարեկան առնվազն 1 անգամ անցնեն տեխնիկական անվտանգության փորձաքննություն:
19. Պահեստի շահագործման և սպասարկման գործառույթներում ընդգրկված ինժեներատեխնիկական մասնագետ կադրերի ուսուցումը և որակավորումն իրականացվում է «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի պահանջներին համապատասխան՝
1) պահեստը շահագործող անձի հրամանով նշանակված սպասարկող անձնակազմի գիտելիքների պարբերական ստուգումը պետք է կատարվի 12 ամիսը մեկ, իսկ պատասխանատու ինժեներատեխնիկական անձնակազմի գիտելիքների ստուգումը՝ 3 տարին մեկ անգամ:
5. ՀԱՆՔԱՅԻՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
20. Քիմիական նյութերի վտանգավորության հետ կապված հանքային պարարտանյութերի արտադրության մեջ տեխնոլոգիական գործընթացների անվտանգությունը պետք է ապահովվի հետևյալ կազմակերպչական և տեխնիկական միջոցառումներով՝
1) կատարել տեխնոլոգիական պրոցեսի այնպիսի ընտրություն, որ բացառվի պայթյունի, հրդեհի վտանգը և ապահովվեն թունավորության ամենացածր ցուցանիշները.
2) արտադրությունն ապահովել պայթյունաճնշման և պայթյունապաշտպան համակարգերով և միջոցներով, ինչպես նաև նախազգուշացման և հաղորդակցման համակարգերով.
3) կիրառել տեխնոլոգիական գործընթացների կառավարման և ավտոմատացման միջոցներ, հակավթարային պաշտպանության միջոցների համակարգեր.
4) կիրառել սակավաթափոն և անթափոն տեխնոլոգիաներ.
5) տեխնոլոգիական գործընթացներում զերծ մնալ նոր քիմիական նյութերի օգտագործումից, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտադիր գրանցում չեն ստացել.
6) կանխարգելել աշխատանքային տարածքի, ինչպես նաև շրջակա միջավայրի աղտոտումը.
7) անձնակազմին ապահովել անհատական և կոլեկտիվ պաշտպանության արդյունավետ միջոցներով.
8) արտադրական թափոնների վերամշակում.
9) ստեղծել պայմաններ վթարների արագ տեղայնացման և վերացման համար, վթարի դեպքում ապահովել մարդկանց անվտանգ տարհանումը.
10) ապահովել սանիտարական կանոնների և նորմերի, ինչպես նաև աշխատանքի պաշտպանության, հրդեհի և պայթյունի անվտանգության պահանջների պատշաճ կատարումը:
21. Հանքային պարարտանյութերի արտադրության մեջ կազմակերպությունները պետք է ապահովված լինեն արտադրության հսկողության հետևյալ համակարգերով՝
1) աշխատանքային ռեժիմների և տեխնոլոգիական պրոցեսի հիմնական փուլերում կրիտիկական ցուցանիշների, առաջնային ելանյութի, վերջնական արտադրանքի որակի և անվտանգության.
2) վնասակար արտանետումների և շրջակա միջավայրի աղտոտման, թափոնների առաջացման և վերացման պարամետրեր.
3) աշխատավայրում վտանգավոր ու վնասակար արտադրական գործոնների մակարդակը և աշխատատեղում օդի վնասակար նյութերի կոնցենտրացիան.
4) վնասակար նյութերի պարունակությունը՝ սանիտարական պաշտպանության գոտում գտնվող շրջակա միջավայրի օբյեկտներում.
5) փոշու և գազի հավաքման սարքերի և մաքրման կայանների արդյունավետությունը:
6. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՀԱՆՔԱՅԻՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ
22. Հանքային պարարտանյութերի պահպանումն իրականացվում է պարարտանյութի յուրաքանչյուր տեսակի համար անվտանգության անձնագրում նշված պահպանման հատուկ պայմանների պահանջներին համապատասխան:
23. Մեծաքանակ չտարավորված հանքային պարարտանյութերի պահեստավորումը պետք է իրականացվի հատուկ փակ տարածքներում (պահեստներ) կամ տարողություններում (սիլոսներ):
24. Տարաների մեջ պարունակվող հանքային պարարտանյութերը պետք է պահել բաց տարածքներում՝ պինդ ծածկույթով ծածկված կամ տանիքների տակ:
25. Պայթյունահրդեհավտանգ պարարտանյութերը (սելիտրա և պարարտանյութեր դրա հիման վրա), անկախ նրանց տարաների առկայությունից, պահվում են առանձին պահեստում կամ հանքային պարարտանյութերի առանձին բաժանմունքում, իսկ պահեստի մնացած բաժանմունքներից պետք է մեկուսացված լինի խուլ հակահրդեհային պատով:
26. Պահեստներում և տարաներում հանքային պարարտանյութերի պահեստավորման պահանջները սահմանվում են տեխնիկական կարգավորման փաստաթղթերով՝ կախված բեռնարկղի տեսակից և պահեստավորված պարարտանյութերի հատկություններից:
27. Պահպանված հանքային պարարտանյութերի քանակը չպետք է գերազանցի նախագծով նախատեսված պահեստարանների և բեռնարկղերի հզորությունը:
28. Հանքային պարարտանյութերի պահպանման ժամանակ անհրաժեշտ է ձեռնարկել հետևյալ միջոցառումները՝
1) անվտանգության ապահովում՝ անհրաժեշտ է պահպանել քանակի և որակի համապատասխանություն.
2) պետք է նվազագույնի հասցնել, հնարավորության դեպքում արգելել անձնակազմի շփումը պահեստավորված նյութերի հետ, որը կարող է առաջացնել թունավորումներ.
3) շրջակա միջավայրին հասցվող վնասների կանխարգելման նպատակով ժամանակին պետք է հեռացնել կամ վերամշակել վտանգավոր արտադրական թափոնները.
4) պայթյունահրդեհավտանգ պարարտանյութեր պահեստավորելիս պետք է ապահովել բարձր աստիճանի հրդեհային անվտանգության միջոցներ.
5) շարժիչի արտանետման խողովակների վրա պետք է դնել կայծամարիչ, արգելել կամ բացառել բաց կրակի առկայությունը, աշխատատեղերն ապահովել առաջնային հրդեհաշիջման միջոցներով:
29. Հեղուկ պարարտանյութերը տարողություններում (սիլոսներ, պահեստներ) պահելու դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել լրացուցիչ համապատասխան տեխնիկական միջոցներ և պայմաններ, որոնք ուղղված են տարրաների վթարային ոչնչացման դեպքում թափված արտադրանքի ամբողջ ծավալի տեղայնացմանը կամ վերացմանը:
30. Հանքային պարարտանյութերի պահեստային աշխատանքները պետք է իրականացվեն անհատական պաշտպանության միջոցների կիրառմամբ:
31. Հանքային պարարտանյութերի պահեստներում արգելվում է պահել սննդի տեսակներ, կերեր, կենցաղային տարբեր իրեր և սարքավորումներ:
7. ՀԱՆՔԱՅԻՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՊԱՀԵՍՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
32. Հանքային պարարտանյութերի պահեստները պետք է նախատեսված լինեն ազոտական, կալիումական, ֆոսֆորային և այլ տիպի պարարտանյութերի պահպանման համար և պետք է համապատասխանեն պահպանման և անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության պահանջներին:
33. Թեթև մետաղական կոնստրուկցիաներով կառուցվող հանքային պարարտանյութերի պահեստային շենքերի երկարությունը պետք է լինի ոչ ավելի, քան 30 մ:
34. Պահեստային շենքերում կարող են ներկառուցվել սենքեր և միջնորմներ՝ յուրաքանչյուր տեսակի պարարտանյութերի առանձին պահեստավորման համար:
35. Հնարավոր է նաև նախատեսել բարդ մեխանիզացիա բեռնաթափման, պահեստի շուրջը պարարտանյութերի տեղափոխման և դրանց վրա բեռնաթափման համար:
36. Մետաղական կառույցները պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետությունում գործող շինարարական նորմերի պահանջներին:
37. Պահեստների ներսում պետք է նախատեսված լինի բնական կամ արհեստական օդափոխություն, լուսավորություն, հրդեհային ազդարարման սարքեր, հրդեհաշիջման սարքավորումներ՝ նորմատիվատեխնիկական փաստաթղթերով սահմանված պահանջներին համապատասխան:
38. Բնակելի շենքերից հանքային պարարտանյութերի պահեստների սանիտարապաշտպանական գորտիների չափերը, կախված դրանց տարողությունից, սահմանված են ՍՆ 245-71 «Արդյունաբերական ձեռնարկությունների նախագծման սանիտարական նորմերով»:
39. Հանքային պարարտանյութի պահեստի պատերը (միջնապատերը), պետք է լինեն այնպիսին, որ կարողանան դիմակայել դրանց վրա ճնշման զգալի ուժին (քանի որ, որոշ նյութեր կարող են պահպանվել թափված վիճակով, պատերին հենվելով) և ունենան ամուր մետաղական տանիք:
40. Հատակը պետք է լինի բետոնապատ կամ ասֆալտապատ (ստորերկրյա ջրերից և հալվող ջրերից այն պաշտպանելու համար), դրանց վրա պետք է դրվեն փայտե տակդիրներ:
41. Պահեստային տարածքը կարող է ունենալ մի քանի խցիկներ, որոնք բաժանված են բաժանմունքներով, բայց դրանք բոլորը պետք է ունենան օդափոխության համակարգ:
42. Պահեստում ջեռուցումն արգելվում է, անհրաժեշտ է նախատեսել հակահրդեհային համակարգ:
43. Պահեստը պետք է հագեցած լինի մուտքի և ելքի հնարավորությամբ, ինչպես նաև համապատասխան բեռնման և բեռնաթափման մեխանիզմներով:
44. Հանքային պարարտանյութերի պահեստային շենքեր ու շինություններ կառուցելու կամ գործողների վերակառուցումը նախագծման, շինարարության և շահագործման փուլերում պետք է նախագծվեն, կառուցվեն և շահագործման հանձնվեն «Քաղաքաշինության մասին» օրենքով և քաղաքաշինության ոլորտի նորմատիվատեխնիկական փաստաթղթերի, այդ թվում՝ ՀՀՇՆ III-9.02.02-03, ՀՀՇՆ IV-11.03.01-04 (ՄUՆ 3.02.01-2002), ՀՀՇՆ 20․04-2020, ՀՀՇՆ 13-02-2022 , ՀՀՇՆ IV-12.02.01-04, ՀՀՇՆ 22-03-2017, ՀՀՇՆ 21-01-2014, ՀՀՇՆ 30-01-2014 շինարարական նորմերով և կանոններով սահմանված պահանջներին համապատասխան։
45. Պահեստի հարակից տարածքը պետք է լինի բաց՝ նախատեսված պարարտանյութերի խմբաքանակների խառնման նախապատրաստական և բուն գործընթացի համար:
8. ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
46. Հանքային պարարտանյութերի պահպանման ընթացքում պարարտանյութերի որակի վրա ազդում են մի շարք հարաչափեր, մասնավորապես ջերմաստիճանի և խոնավության փոփոխությունները: Հանքային պարարտանյութերի պահեստային շենքերում և շինություններում փաթեթավորված (հատուկ պարկերի մեջ) և առանց փաթեթավորման (լցնովի) պարարտանյութերի պահման համար անհրաժեշտ է իմանալ պահեստավորվող պարարտանյութի յուրաքանչյուր տեսակի համար հիմնական ֆիզիկամեխանիկական և քիմիական հատկությունները, որոնցից ամենակարևորներն են՝ լուծելիությունը ջրում, խոնավածծությունը, ցրունությունը, հատիկակազմությունը, հատիկների ամրությունը, ինչպես նաև պահպանման ամենաբարենպաստ առավելագույն և նվազագույն ջերմաստիճանները և օդի հարաբերական խոնավությունը, որոնք պետք է համապատասխանեն պարարտանյութի տեխնիկական անվտանգության անձնագրում և որակի փաստաթղթերում սահմանված պահանջներին։
47. Հանքային պարարտանյութերն սպառողների կամ պատվիրատուների պահեստներ են մատակարարում կամ բեռնառաքում են փաթեթավորված (հատուկ պարկերով) կամ առանց փաթեթավորման` որպես սորուն բեռներ լցնելով հանքային պարարտանյութերի փոխադրման համար մասնագիտացված երկաթուղային հատուկ փակ վագոնների կամ ձագարաձև թափքով վագոնների (վագոն հոպեր) կամ հատուկ խոնավաանթափանց կամ խոնավադիմացկուն մետաղական բեռնարկղերի կամ փակ թափքով ավտոտրանսպորտային միջոցների (ավտոմեքենաներ, ինքնաթափ մեքենաներ, տրակտորային կցանքներ և այլն) կամ ջրային տրանսպորտի հատուկ մասնագիտացված պարարտանյութեր տեղափոխող բեռնատար նավերի (նավամբարների) մեջ։ Հանքային պարարտանյութերը փոխադրվում են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով (երկաթուղային, ավտոմոբիլային, ջրային, օդային), բացառությամբ ամոնիումի նիտրատ պայթյունահրդեհավտանգ հանքային պարարտանյութի, որի փոխադրումը օդային տրանսպորտով արգելվում է, յուրաքանչյուր տվյալ տեսակի տրանսպորտի համար գործող վտանգավոր բեռների փոխադրման կանոններին կամ նորմատիվ իրավական ակտով սահմանված պահանջներին համապատասխան։
48. Փաթեթավորված պարարտանյութերը դասավորվում են միմյանց վրա՝ խաչաձև, առավելագույնը 10-15 շարքերով, բացառությամբ սույն կանոնների 41-րդ կետով նախատեսված դեպքերի:
49. Յուրաքանչյուր հատուկ պարարտանյութի համար նախատեսվում են հատուկ պահպանման պայմաններ՝
1) ամոնիումի նիտրատը /ամոնիում սելիտրա/, ինչպես նաև կալիումի և նատրիումի նիտրատները, դյուրավառ և պայթուցիկ նյութեր են, դրանց պահեստավորման վրա սահմանվում են խիստ պահանջներ, որոնց չպահպանումը (հատկապես դետոնացիա և այրում) կարող է հանգեցնել աղետալի հետևանքների` նյութերի պայթեցում և բոցավառում: Հետևաբար, ամոնիումի նիտրատի պահեստավորման ժամանակ անհրաժեշտ է պահպանել հետևյալ կանոնները՝
ա. սելիտրան /ամոնիումի նիտրատը / պահվում է այլ պարարտանյութերից առանձին, իր հատուկ հատվածում, հակահրդեհային ինվենտարի պատի հետևում: Ամոնիումի նիտրատն ունի խոնավություն կլանելու մեծ հատկություն, ուստի այն պետք է պահվի հատուկ բիտումային խառնուրդով ներծծված պարկերի մեջ: Պարկերը պետք է իրար վրա շարել մինչև 8-10 շարքի բարձրության վրա, բայց ոչ ավելին, քանի որ այս նյութը խստորեն պնդանում է,
բ. ամոնիումի նիտրատի յուրաքանչյուր պահեստի հզորությունը չպետք է գերազանցի 2 տոննան, իսկ խցիկը` 1 տոննան,
գ. խստիվ արգելվում է սելիտրան պահել բաց տարածքներում կամ միայն ծածկի տակ.
2) ամոնիումի սուլֆատը պակաս հիդրոսկոպիկ է, քան ամոնիումի նիտրատը և հետևաբար այն կարող է պահվել ինչպես պարկերի մեջ մինչև 12 շարքի բարձրության, այնպես էլ թափված վիճակում` մինչև 3 մետր բարձրությամբ.
3) սուպերֆոսֆատը, ֆոսֆորային պարարտանյութերի խառնուրդ է, որն ունի իր պահպանման առանձնահատկությունները: Այն ավելի քիչ հիդիոսկոպիկ է, ուստի հեշտությամբ դիմանում է ոչ չոր պայմաններին՝
ա. ոչ հատիկավոր սուպերֆոսֆատը պետք է պահվի մեծ մասամբ թափված վիճակով մինչև 1,5 մետր բարձրությամբ, քանի որ փաթեթավորումն արագորեն փչանում է իր պարունակած ֆոսֆորաթթվի պատճառով,
բ. հատիկավոր սուպերֆոսֆատը կարող է պահվել նաև փաթեթների մեջ, որոնք միմյանց վրա տեղադրվում են խաչաձև՝ մինչև 15 շարքի բարձրության վրա: Չոր պայմաններում և փոքր կույտերում սուպերֆոսֆատը գործնականում չի պնդանում, հիդրոսկոպիկ չէ, ուղղակի վերածվում է կտորների, բայց երբ խոնավությունը բարձրանում է, այն քայքայվում է և հետագայում պարտադիր պետք է մանրացված լինի.
4) կալիումի քլորիդն ավելի քիչ հիդիոսկոպիկ է, քան սելիտրան, բայց մյուս պարարտանյութերից ավելի շատ հիդրոսկոպիկ է, ուստի պահանջում է սենյակում պահպանել չորություն: Առանց փաթեթավորման պահպանման դեպքում բարձրությունը կարող է հասնել մինչև 1,5-2 մ, իսկ պարկերով թույլատրվում է բարձել մինչև 15 շարք: Արտադրողները սովորաբար չեն սահմանափակում կալիումի քլորիդի պահպանման ժամկետը, բայց փաթեթավորման մեջ բարձրորակ պահպանումը երաշխավորված է միայն 6 ամսվա ընթացքում.
5) կրաքարի և դոլոմիտային փոշու երկարատև պահպանման համար պահեստավորման դեպքում կրաքարի և դոլոմիտի /հանքանյութ և ապար/ փոշին պետք է մանրակրկիտ չորացվի: Դրա համար հանքային պարարտանյութերի պահեստը պետք է մեկուսացված լինի բոլոր տեսակի խոնավությունից:
9. ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
50. Պահեստում պարարտանյութերի պահպանումը պետք է կազմակերպել երեք հիմնական հատկությունների հիման վրա` հիդրոսկոպիկություն, պարկերում պնդելիություն և ցրվելիություն:
51. Բարձր հիդրոսկոպիկությամբ պարարտանյութերը պետք է պահվեն հատուկ չորանոց պայմաններում, հակառակ դեպքում փոշու նյութերը կարող են վերածվել կտորների, իսկ հատիկավոր հանքային պարարտանյութերը կարող են փշրվել դառնալ փոշի: Հետևաբար յուրաքանչյուր տեսակի նյութի համար թույլատրվում է որոշակի բարձրության խաչաձև դասավորվածություն՝ առավելագույնը 8-15 շարքերով:
10. ՊԱՀԱՆՋՆԵՐ ՀԱՆՔԱՅԻՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՀԱՄԱՐ
52. Չտարավորված պարարտանյութերը պետք է տեղափոխվեն փակ թափքով տրանսպորտային միջոցներով:
53. Փաթեթավորված հանքային պարարտանյութեր տեղափոխելիս չի թույլատրվում պարկերը վնասել, բեռը թափել կամ ցրել:
Տարողությունը վնասված լինելու դեպքում պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկվեն մնացած բեռը հավաքելու կամ այլ տրանսպորտային միջոց տեղափոխելու ուղղությամբ:
54. Վտանգավոր դասի (նիտրատ և դրանց հիման վրա պարարտանյութեր, ամոնիակաջուր, հեղուկ ազոտական պարարտանյութեր և այլն) պարարտանյութերի տեղափոխումը պետք է իրականացվի վտանգավոր բեռների տեղափոխման հետ կապված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
55. Հեղուկ հանքային պարարտանյութերի տեղափոխումն իրականացվում է հատուկ երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտով, ցիստեռնով, խողովակաշարերով և բեռնաթափման ու լիցքավորման սարքերով, որոնք պետք է պատրաստված լինեն ամոնիակի ագրեսիվ միջավայրի նկատմամբ կայուն նյութերից: Բրոնզից կամ պղնձից պատրաստված մասերի օգտագործումը խստիվ արգելվում է:
56. Տարաների (ցիստեռներ, տարողություններ) լցնելը հեղուկ հանքային պարարտանյութերով իրականացվում է, հաշվի առնելով արտադրանքի ծավալային ընդլայնումը` երթուղու ընթացքում հնարավոր ջերմաստիճանային տարբերությունների ժամանակ:
57. Հեղուկ հանքային պարարտանյութերի տեղափոխման համար նախատեսված տարողությունները չպետք է ամբողջությամբ լցվեն: Թույլատրվում է լցվեն իրենց ամբողջ հզորության 90% -ից ոչ ավելի (ջրային ամոնիակի համար` 85%):
58. Արգելվում է հանքային պարարտանյութերի հետ միասին տեղափոխել մարդկանց, սննդամթերք, խմելու ջուր և կենցաղային իրեր:
59. Հանքային պարարտանյութերի տեղափոխումից հետո մեքենայի մասերը պետք է մաքրվեն պարարտանյութերի մնացորդներից և լվանալ ջրով՝ բարձր ճնշման տակ: Ցիստեռները, խողովակաշարերը և բեռնաթափման սարքերը, ինչպես նաև բեռնարկղերը պետք է լվանալ տաք ջրով կամ շոգեգոլորշով և թողնել բաց, մինչև ամբողջովին չորանալը:
11. ՀԱՆՔԱՅԻՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
60. Հանքային պարարտանյութեր օգտագործելիս անհրաժեշտ է առաջնորդվել անվտանգության անձնագրում ամրագրված պահանջներով, օգտագործման հրահանգներով, ինչպես նաև տեխնիկական կարգավորման փաստաթղթերով:
61. Պինդ հանքային պարարտանյութերի ստացման մեքենայացված աշխատանքը պետք է իրականացվի այնպիսի սարքավորումներով, որոնք հագեցած լինեն փոշու ձևավորումը նվազեցնող սարքերով:
62. Պատրաստման չափաքանակները չպետք է գերազանցեն օգտագործման հրահանգներում սահմանված նորմերը:
63. Հանքային պարարտանյութերի կիրառման ժամանակ ազոտական և հեղուկ կոմպլեքս պարարտանյութերի անկայուն միացությունների, ինչպես նաև թունաքիմիկատների հետ նրանց փոխազդեցության արդյունքում թունավորումը կանխելու համար արգելվում է՝
1) իրականացնել ձեռքով աշխատանքներ բույսերը սնուցելիս (մոլախոտ, թուլացում և այլն): Քլորօրգանական պեսցիդներ օգտագործելուց հետո հողի վրա պետք է լցնել պարարտանյութեր առնվազն 72 ժամ հետո.
2) հանքային պարարտանյութերով, քլորային և ֆոսֆորօրգանական թունաքիմիկատներով բուժված դաշտերում աշխատանքներ իրականացնել արեգակնային ամենաբարձր ճառագայթման ժամերին, երբ հողի խոնավությունը 60%-ից ավելին է, քան ընդհանուր դաշտային խոնավության կարողությանը:
64. Մի քանի ագրեգատների կողմից պարարտանյութերի միաժամանակյա խառնման դեպքում, դաշտը տարածող ագրեգատների միջև հեռավորությունը սահմանվում է՝ հաշվի առնելով քամու ուղղությունն ու ուժը, ինչպես նաև դաշտի կազմաձևը, բայց ոչ պակաս, քան 50 մ:
65. Գյուղատնտեսական նյութեր մշակողների կողմից հանքային պարարտանյութերի կիրառումը պետք է իրականացվի համաձայն ժամանակացույցի, դրանց փաստացի կիրառումը պետք է գրանցվի գրանցամատյաններում՝ նշելով օգտագործված պարարտանյութերի քանակը, մշակվող տարածքի չափը, ամսաթիվը և կիրառման մեթոդները:
66. Արգելվում է կիրառել հանքային պարարտանյութեր ջրային ռեսուրսների ափամերձ շերտերում, ինչպես նաև սառած կամ ձնածածկ հողի վրա:
67. Պինդ հանքային պարարտանյութերի օգտագործման աշխատանքների ավարտից հետո մեքենաների թափքը և տարածիչ մասերը պետք է մաքրվեն մնացորդներից և ջրով լվացվեն:
68. Հեղուկ պարարտանյութեր կիրառելուց հետո ցիստեռները, բաքերը և բեռնաթափման սարքերը պետք է լվանալ տաք ջրով կամ շոգեգոլորշով:
69. Մեքենաների և սարքավորումների մաքրումն ու լվացումը պետք է իրականացվեն հատուկ հատկացված լվացման տարածքներում` հագեցած ջրամեկուսիչ ծածկույթով և կեղտաջրերի մաքրման միջոցներով:
12. ՀԱՆՔԱՅԻՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
70. Հողում հանքային պարարտանյութերի պարունակության նկատմամբ հսկողությունը, կիրառման նորմերը և չափաբաժինները սահմանվում են տվյալ պարարտանյութի կիրառման գոտում գտնվող ագրոքիմիական ծառայությունների տվյալների հիման վրա և իրականացվում են հողաշինարարական և բնապահպանական հանրապետական և տարածքային ծրագրերի հիման վրա։ Պարարտանյութի կիրառման նորմերը կախված են բազմաթիվ գործոններից՝ մշակաբույսերի կենսաբանական բնութագրերից, վեգետացիոն շրջանից, հողի տեսակից, կլիմայական պայմաններից, ցանքի տեսակից (աշնանացան, գարնանացան), պարարտանյութի կիրառման եղանակներից և այլն, հաշվի առնելով հողերի տեսակն ըստ իրենց ֆիզիկական, քիմիական և կենսաբանական հատկությունները, ինչպես նաև մարդու առողջության ու շրջակա բնական միջավայրի պահպանության նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված հողն աղտոտող վնասաբեր նյութերի, մանրէների և այլ կենսաբանական նյութերի, մոլախոտերի, բույսերի վնասատուների ու հիվանդությունների սահմանային թույլատրելի նորմերը։ Հողերի պահպանությանն ուղղված և աղտոտվածության դեմ անհրաժեշտ միջոցառումներն իրականացնում են հողօգտագործողները կամ սեփականատերերը` իրենց սեփական միջոցների հաշվին, համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների հետ:
71.Հանքային պարարտանյութերի կիրառման նորմերը կախված են բազմաթիվ գործոններից՝ մշակաբույսերի կենսաբանական բնութագրերից, վեգետացիոն շրջանից, կլիմայական պայմաններից, ցանքի տեսակից (աշնանացան, գարնանացան), պարարտանյութի կիրառման եղանակներից, հողի տեսակից և այլն։ Հանքային պարարտանյութերի օգտագործումը հողի մեջ և կիրառման չափաբաժինները գյուղատնտեսական մշակաբույսերի պարարտացման համար սահմանվում են դրա կիրառման գոտում գտնվող ագրոքիմիական ծառայությունների տվյալների հիման վրա, հաշվի առնելով պարարտանյութի կիրառման գոտու հողի տեսակը և պարարտանյութերի յուրաքանչյուր տեսակի համար բոլոր տեսակի ցանքաբույսերի կողմից գլխավոր սնուցող տարրի յուրացվելիության ժամկետները։ Հանքային պարարտանյութերի օգտագործման ժամանակ պետք է հաշվի առնվեն և պահպանվեն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տարածքում ջրաէկոհամակարգերի սանիտարական պահպանման, հոսքի ձևավորման, ստորերկրյա ջրերի պահպանման, ջրապահպան, էկոտոնի և անօտարելի գոտիների տարածքների սահմանման չափորոշիչները՝ փաստացի չափերն ու սահմանագծերը։
72. Հանքային պարարտանյութերի կիրառման և գլխավոր սնուցող տարրի բարձր յուրացվելիությունը (հողի մեջ ներթափանցելու կամ մտցնելու) արդյունավետությունը բարձրացնելու նպատակով մշակաբույսերի գրեթե մեծ մասի պարարտացման համար պարարտանյութերը պետք է կիրառվեն տարբեր եղանակներով՝ մինչցանքային կամ նախացանքային ժամանակ (ցանքի նախապատրաստության ընթացքում), ցանքի ժամանակ (սերմերը ցանելու հետ), լրացուցիչ սնուցման ժամանակ (վեգետացիոն ժամանակահատվածում)՝ պահպանելով և հաշվի առնելով սույն կանոնների 71-րդ կետով սահմանված պահանջները։
73. Հանքային պարարտանյութերի արտադրությունում, պահեստներում առաջացած պինդ թափոնները (արտադրության սարքավորումների, հաղորդակցուղիների, պահեստը մաքրելուց հետո) պետք է թաղվեն թափոնների հեռացման համար նախատեսված հատուկ հատկացված վայրերում։ Ըստ նպատակային նշանակության օգտագործման համար ոչ պիտանի հանքային պարարտանյութերի թափոնները պետք է ուղարկվեն տեխնոլոգիական վերամշակման։ Հանքային պարարտանյութերի հետ կապված աշխատանքների ժամանակ օգտագործվող սարքավորումների և հաղորդակցուղիների, բեռնարկղերի, տրանսպորտային միջոցների, անհատական պաշտպանության միջոցների և համազգեստների մաքրելուց կամ լվանալուց հետո մաքրման ջրերը պետք է ուղարկվեն կենսամաքրման կայաններ։
13. ՈՉ ՊԻՏԱՆԻ ՀԱՆՔԱՅԻՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
74. Ոչ պիտանի հանքային պարարտանյութերը ենթակա են վերամշակման:
75. Չօգտագործվող հանքային պարարտանյութերի մշակումը պետք է իրականացվի դրանց տեխնոլոգիական վերամշակման միջոցով:
76. Ոչ պիտանի հանքային պարարտանյութերի և նրանց բեռնարկղերի վերամշակման տեխնոլոգիական մեթոդները պետք է նշված լինեն անվտանգության անձնագրի մեջ:
77. Ըստ նպատակային նշանակության օգտագործման համար ոչ պիտանի հանքային պարարտանյութերի պինդ թափոնները պետք է հեռացվեն և թաղվեն թափոնների հեռացման համար նախատեսված հատուկ հատկացված վայրերում, իսկ դրանք փոխադրող տրանսպորտային միջոցները և բազմակի օգտագործման բեռնարկղերը պետք է ախտահանվեն և վնասազերծվեն։
78. Ոչ պիտանի հանքային պարարտանյութերի և դրանց բեռնարկղերի բեռնման, տեղափոխման և բեռնաթափման հետ կապված աշխատանքներ իրականացնելիս չի թույլատրվում կողմնակի անձանց ներկայությունը, բացառությամբ վարորդի և բեռներին ուղեկցող անձնակազմի:
79. Ոչ պիտանի հանքային պարարտանյութերի տեղափոխումը և դրանց վերամշակման վայր տեղափոխումը պետք է իրականացվի հատուկ տրանսպորտային միջոցների համար սահմանված վտանգավոր բեռների տեղափոխման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմաններին և կանոններին համապատասխան:
80. Ոչ պիտանի հանքային պարարտանյութերի պահպանումը մինչև դրանց վերամշակումը, պետք է իրականացվի տվյալ տեսակի հանքային պարարտանյութերի պահպանման համար սահմանված կանոնների համաձայն:
81. Կազմակերպությունները, որոնք ունեն ոչ պիտանի հանքային պարարտանյութեր, սակայն չունեն համապատասխան պայմաններ դրանց պահպանման համար, պարտավոր են ապահովել դրանց տեղափոխումը համապատասխան պահեստավորման պայմաններով պահեստներ: Նշված պահեստներում պետք է բացառվի կողմնակի անձանց մուտքը:
82. Ոչ պիտանի հանքային պարարտանյութերը վերամշակելիս կազմակերպության ղեկավարի կողմից նշանակվում է պատասխանատու անձ՝ գործընթացը կազմակերպելու և իրականացնելու համար:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
06.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հունիսի 2023 թվական: