ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հունիսի 2023 թվականի N 883-Լ
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-566-21.04.2023-ԱռՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
02.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-566-21.04.2023-ԱռՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի և Լուսինե Բադալյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված՝ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է կարգավորել ասոցիացիաների և առողջապահության բնագավառում լիազոր մարմնի փոխհարաբերությունները՝ ստեղծելով համագործակցության մոդել, որոնց հարաբերությունները կկարգավորվեն ասոցիացիաների հետ լիազոր մարմնի կողմից կնքած համաձայնագրի ընդունմամբ: Ըստ նախագծի հեղինակների՝ օրենսդրական կարգավորումը նպատակ ունի ուժեղացնելու ասոցիացիաների դերակատարումը համակարգում, նպաստելու կազմակերպությունների կայացմանը, պայմաններ ստեղծելու, որպեսզի ավագ և միջին բուժաշխատողները ցանկություն ունենան անդամակցելու մասնագիտական կազմակերպություններին, ինչն ընդհանուր առմամբ կնպաստի բժշկական օգնության եւ սպասարկման որակի բարելավմանը:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախագծի վերաբերյալ ներկայացնում է հետևյալ դիտարկումները.
1. Նախագծի 1-ին հոդվածով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի (այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում լրացվում են 65-րդ և 66-րդ կետեր, մինչդեռ անհրաժեշտ է նշել, որ օրենքի գործող խմբագրությամբ 65-րդ կետում ամրագրված է կոնսիլիումի հասկացությունը, ուստի առաջարկում ենք համարակալումները վերանայել: Բացի այդ, նույն հոդվածով առաջարկվող լրացումները և համապատասխան իրավակարգավորումները` խորհրդատուների, նրանց ներկայացվող պահանջների, ընտրության, նշանակման կարգի, գործունեության ժամկետի վերաբերյալ, դուրս են օրենքի կարգավորման առարկայի շրջանակներից:
2. Նախագծի 1-ին հոդվածում 65-րդ կետի սահմանման մեջ անհրաժեշտ է վերանայել բուժաշխատողների իրավունքների իրացման վերաբերյալ դրույթը, քանի որ հասարակական կազմակերպությունն անմիջականորեն չի կարող իրացնել բուժաշխատողի իրավունքը, կարող է օժանդակել կամ ապահովել դրանց իրացումը: Միաժամանակ նույն կետի «ծավալող» բառից հետո առաջարկում ենք հանել «հասարակական» բառը: Բացի այդ, «ասոցիացիա» տերմինն արդեն իսկ ենթադրում է միավորում, և մեկ հասարակական կազմակերպությունը չի կարող դիտարկվել որպես ասոցիացիա, ուստի հաշվի առնելով սույն դիտարկումը՝ առաջարկում ենք նախագծի ամբողջ տեքստում համապատասխանեցնել ձևակերպումները և կիրառել ըստ սահմանված հապավման` նշելով «ասոցիացիա» եզրույթը նաև հոգնակի թվարկման դեպքում:
3. Նախագծի 1-ին հոդվածի 66-րդ կետում նշված է «բժշկական օգնության և սպասարկման ձև» եզրույթը, մինչդեռ օրենքում ձևը վերաբերելի է բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցմանը, ուստի այս մասով անհրաժեշտ է խմբագրել կարգավորումը: Բացի այդ, անհրաժեշտ է նույն կետում «իրականացնող խորհրդատու» բառերը փոխարինել «իրականացնող անձ» բառերով:
4. Նախագծի 4.1-ին գլխում անհրաժեշտ է պահպանել հոդվածների տրամաբանական շարադրանքը և 31.1-ին հոդվածը նախատեսել նախագծի 31.3-րդ հոդվածից հետո: Նախագծի 31.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ լիազոր մարմինը հաստատում է ասոցիացիաների հետ համագործակցության համաձայնագիր, մինչդեռ Առողջապահության նախարարությունը չունի նման լիազորություն, ուստի առաջարկվում է քննարկել համաձայնագրի ձևը հաստատելու մասին դրույթ սահմանելու նպատակահարմարության հարցը: Նույն հոդվածի 2-րդ մասում խնդրահարույց է «վերջիններիս» բառը, քանի որ ձևակերպումից հասկանալի չէ, թե ում է վերաբերում ծանուցման պահը, ուստի անհասկանալի է, թե ով է ծանուցումն ուղարկողը: Բացի այդ, անհրաժեշտ է նշել, որ ներպետական օրենսդրությամբ համաձայնագիրն այլ նշանակություն ունի, մասնավորապես` համաձայնագիրը նախատեսված է պայմանագրում փոփոխություն կատարելու համար, ուստի առաջարկում ենք համագործակցության համար նախատեսել այլ փաստաթուղթ: Անհրաժեշտ է նշել նաև, որ համաձայնագրի հիման վրա չեն կարող ընդունվել այլ նորմատիվ իրավական ակտեր, քանի որ դա ուղղակիորեն հակասում է Սահմանադրության 6-րդ հոդվածին, ուստի այս մասով ևս դրույթը վերանայման կարիք ունի: Նույն հոդվածի 3-րդ մասն ամրագրում է համաձայնագրի բովանդակությունը, որտեղ բացակայում է կողմերի իրավունքների վերաբերյալ նշում: Բացի այդ, նույն մասում սահմանված է պարտավորությունների կատարման հսկողության վերաբերյալ դրույթ, ինչը հակասում է Սահմանադրության 6-րդ հոդվածին, քանի որ հասարակական կազմակերպությունը պետական մարմնի գործառույթի նկատմամբ հսկողություն չի կարող իրականացնել:
5. Նախագծի 31.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «կամ» շաղկապը ենթադրում է, որ մեկ ասոցիացիայի անդամակցում են (նախագծում կիրառվում է նաև «անդամագրվել» բառը, անհրաժեշտ է միատեսակ կիրառություն ապահովել) միայն ավագ բուժաշխատողներ կամ միայն միջին բուժաշխատողներ, իսկ նույն մասի 2-րդ կետում «և» շաղկապը ենթադրում է բոլոր թվարկված պայմանների միաժամանակյա առկայություն, ինչի պարագայում նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված առնվազն 40 տոկոսի շեմը հաղթահարելու պահանջն անհնարին կլինի ապահովել:
6. Նախագծի 31.2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված է «համապատասխան բուժաշխատողների» եզրույթը, ինչն ըստ օրենքի ենթադրում է նաև կրտսեր բուժաշխատողներին, ինչը չի համապատասխանում նույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետին, ուստի անհրաժեշտ է խմբագրել ձևակերպումը: Նույն մասի 2-րդ կետում սահմանվում են անդամակցության իմպերատիվ պայմաններ, իսկ կետում նշված է «առկայության դեպքում», ինչը իմաստազուրկ է դարձնում կարգավորումը:
7. Նախագծի 31.2-րդ հոդվածի 3-րդ մասում խոսքը ասոցիացիայի անդամների առավելագույն թվի մասին է, ինչը նախագծով սահմանված չէ: Սույն դիտարկումը վերաբերում է նախագծի մյուս հոդվածներին: Բացի այդ, կարգավորված չէ այն դեպքը, երբ մեկից ավելի ասոցիացիաներ կունենան հավասար թվով անդամներ օրենքով սահմանված գործառույթների իրականացման համար:
8. Նախագծի 31.2-րդ հոդվածի 6-րդ մասում նշված «մասնագետ» բառը խնդրահարույց է օրենքում ամրագրված իրավակարգավորումների տեսանկյունից` հաշվի առնելով, որ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` բժշկական օգնությունը և սպասարկումը բնակչությանը խորհրդատվական, կանխարգելիչ, բուժական, պալիատիվ, դեղորայքային օգնության ցուցաբերում, ախտորոշիչ հետազոտությունների, վերականգնողական բուժման, բժշկական փորձաքննության անցկացում, հարբժշկական և ոչ բուժական բնույթի ծառայությունների մատուցումն է, իսկ հարբժշկական ծառայությունների ցանկը սահմանված է առողջապահության նախարարի 2021 թվականի մայիսի 6-ի N 29-Ն հրամանով, որտեղ ընդգրկված ծառայություններն իրականացնողներից ոչ բոլորն են բուժաշխատողներ: Նույն հոդվածի 7-րդ և 8-րդ մասերն առաջարկում ենք հանել, քանի որ 1-ին մասում արդեն ամրագրված է:
9. Անհրաժեշտ է ամբողջ նախագծում վերանայել «ասոցիացիա» բառը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում չի կիրառվում «ասոցիացիա» տերմինը: Առաջարկում ենք «ասոցիացիա» բառը փոխարինել «հասարակական կազմակերպություն» բառերով: Բացի այդ, անհրաժեշտ է վերանայել նաև «ասոցիացիաներ» և «ասոցիացիաների միավորումներ» եզրույթները:
Նշված հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 6-րդ կետերի համաձայն՝ ասոցիացիան մասնակցում է առողջապահության բնագավառի նորմատիվ իրավական ակտերի մշակմանը, մշակում է կլինիկական ուղեցույցներ և գործելակարգեր, լիազոր մարմնի առաջարկությամբ մասնակցում է լիազոր մարմնի կողմից մշակվող չափորոշիչների քննարկմանը, մշակում կամ մասնակցում են ընթացակարգերի մշակմանը: Անհրաժեշտ է նշել, որ ըստ օրենքի` պացիենտի վարման գործելակարգը, ընթացակարգը և չափորոշիչը հաստատվում են լիազոր մարմնի նորմատիվ իրավական ակտով, իսկ կլինիկական ուղեցույցը` լոկալ իրավական ակտով, ուստի առաջարկում ենք հստակ տարանջատել մշակելը և մշակմանը մասնակցել հասկացությունները: Առաջարկում ենք 1-ին մասի 2-րդ կետից հանել 4-րդ նախադասությունը, քանի որ այդ կետում նշված են այն դեպքերը, երբ լիազոր մարմինը կարող է չհաստատել ասոցիացիայի գործադիր մարմնի կողմից հավանության արժանացած իրավական ակտի նախագիծը, ինչն ուղղակիորեն սահմանափակում է պետական մարմնի լիազորությունների շրջանակը:
Նույն մասի 3-րդ կետում նշված կարգը սահմանելը դուրս է առողջապահության նախարարության լիազորությունների շրջանակից և ասոցիացիաներին չեն կարող վերապահվել վերահսկողական, այդ թվում՝ մշտադիտարկման լիազորություններ, որոնք արդեն իսկ վերապահված են տեսչական մարմիններին: Նույն կետում անհրաժեշտ է վերանայել «երեք տարին մեկ անգամ` անհրաժեշտության դեպքում» ձևակերպումը, քանի որ եթե անհրաժեշտության դեպքը առկա լինի, երեք տարվա ժամկետը պահպանելու պահանջը դառնում է պարտադիր պայման:
10. Նախագծի 31.3-րդ հոդվածի 7-րդ կետում առաջարկում ենք «փորձագետների» բառը փոխարինել «անձանց» բառով, քանի որ տվյալ անձը հետագայում է ներգրավվում որպես փորձագետ: Առաջարկում ենք նաև նույն մասի 8-րդ կետում հստակեցնել, թե որ բուժաշխատողների մասին է խոսքը` ասոցիացիային անդամակցո՞ղ, թե՞ բոլոր բուժաշխատողների: Նույն մասի 9-րդ կետում անհասկանալի է, թե որ օրենքի և որ կարգի մասին է խոսքը, ուստի առաջարկում ենք հստակեցնել դրույթը:
11. Նախագծի 31.3-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը դուրս է օրենքի կարգավորման առարկայի շրջանակից, այն անհրաժեշտ է ներառել «Դեղերի մասին» օրենքում: Նույն մասի 12-րդ կետն առաջարկում ենք հանել կամ խմբագրել, քանի որ Սահմանադրությամբ համայնքի խնդիրների և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների շրջանակներում է քննարկվում պատվիրակման ինստիտուտը, և որևէ այլ դեպք Սահմանադրությամբ նախատեսված չէ:
12. Նախագծի 31.3-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի բովանդակությունից հետևում է, որ ասոցիացիան իմպերատիվ կարգով խորհրդատուների թեկնածուներ է ներկայացնում լիազոր մարմնին, որոնցից մեկին լիազոր մարմինը կարող է նշանակել խորհրդատու, մինչդեռ նշվածը սահմանափակում է լիազոր մարմնի՝ սեփական հայեցողությամբ խորհրդատու ընտրելու հնարավորությունը, և անհասկանալի է լիազոր մարմնի` ներկայացված թեկնածուներից որևէ մեկին չընտրելու հետևանքը:
13. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում լիազոր մարմնին վերապահված լիազորությունը կրկնվում է:
14. Նախագծի 5-րդ հոդվածով նախատեսված է, որ էթիկայի հանձնաժողովը խախտման յուրաքանչյուր դեպքի համար կարող է դիմել ասոցիացիային` կարծիք ստանալու նպատակով: Նշված կարգավորումն առաջարկում ենք վերանայել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն հակասում է էթիկայի հանձնաժողովի գործունեության բնույթին և նպատակներին: Մասնավորապես` օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` էթիկայի հանձնաժողովի անդամը հանձնաժողովում իր պարտականություններն իրականացնելիս անկախ է և առաջնորդվում է Սահմանադրությամբ և օրենսդրությամբ: Նույնաբովանդակ դրույթ նախատեսված է նաև առողջապահության նախարարի 2022 թվականի նոյեմբերի 8-ի N 75-Ն հրամանում: Ավելին` նշված հրամանի N 3 hավելվածի 18-րդ կետի համաձայն` «էթիկայի կանոնի խախտման գործով քննության վարույթում որպես ապացույց գնահատվում են գործում առկա բացատրությունները, պարզաբանումները, փաստաթղթերը, այլ նյութերը: Ապացուցման պարտականությունը՝
1) իր համար բարենպաստ հանգամանքների առկայության մասով կրում է այն բուժաշխատողը, ում դեմ ներկայացվել է դիմումը.
2) բուժաշխատողի համար անբարենպաստ հանգամանքների առկայության մասով՝ դիմում ներկայացնողը»:
Վկայակոչված նորմերից հետևում է, որ էթիկայի հանձնաժողովը էթիկայի կանոնի խախտման գործի քննության շրջանակներում չի կարող սեփական նախաձեռնությամբ և հայեցողությամբ ձեռք բերել այլ ապացույց կամ դիրքորոշում և կաշկանդված է բուժաշխատողի և պացիենտի կողմից ներկայացված ապացույցներով: Միաժամանակ էթիկայի հանձնաժողովի անդամը պարտավոր է գործել անկախ և առաջնորդվել Սահմանադրությամբ և օրենսդրությամբ:
Բացի այդ, անհրաժեշտ է նշել, որ նախագծով առաջարկվող կարգավորմամբ չի բացահայտվում այն հանգամանքը, թե որ դեպքերում էթիկայի հանձնաժողովը կարող է դիմել կարծիք ստանալու համար, որ դեպքերում` չի կարող: Անհասկանալի է նաև ստացված կարծիքի իրավական կարգավիճակը և պարտադիրության բնույթը էթիկայի հանձնաժողովի համար, ինչպես նաև ստացված կարծիքը հաշվի չառնելու հետևանքները:
15. Առաջարկում ենք նաև վերանայել նախագծի 6-րդ հոդվածով ամրագրված մեկամսյա ժամկետը` օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունելու համար` նախատեսելով ավելի երկար ժամկետ:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|