ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մայիսի 2023 թ. N 47-Ն
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԿՈՂՄԻՑ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ԵՎ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ մասով և 245-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ավագանին որոշում է`
1. Սահմանել Ջերմուկ համայնքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունիսի 1-ից:
Կողմ -9
ԱՅՎԱԶՅԱՆ ՄԽԻԹԱՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՄԱՆԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳՈՀԱՐ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԱԶԱՏ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԱՐԿԱԴԻ ՍԱՐԳՍՅԱՆ ԼՈՒՍԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ ԱՆՆԱ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ |
ՎԱՐԴԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ |
Հավելված Ջերմուկ համայնքի ավագանու 2023 թվականի մայիսի 30-ի N 47-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԿՈՂՄԻՑ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ԵՎ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ մասին և 245-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ Ջերմուկ համայնքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի գծով արտոնությունների սահմանման հետ կապված հարաբերությունները:
2. Ջերմուկ համայնքի ավագանին անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի գծով արտոնություն է սահմանում առանձին հարկ վճարողների համար համայնքի վարչական տարածքում գտնվող (հաշվառված) անշարժ գույքի հարկով և փոխադրամիջոցի գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող գույքի մասով՝ արտոնության վերապահման տարվա համայնքի բյուջեի հաստատումից հետո, ընդ որում, սահմանած արտոնության գումարը չի կարող գերազանցել տվյալ հարկային տարվա համար անշարժ գույքի հարկի և (կամ) փոխադրամիջոցի գույքահարկի գծով համայնքի բյուջեի հաստատված եկամուտների տասը տոկոսը:
3. Անշարժ գույքի հարկի և (կամ) փոխադրամիջոցի գույքահարկի գծով արտոնություն կարող է սահմանվել հետևյալ քաղաքացիների խմբերի նկատմամբ՝
1) Արցախի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանքներ կատարելու կամ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով զոհված, վիրավորված և ստացած վնասվածքներից հաջորդող տարիների ընթացքում մահացածների ընտանիքների անդամներ,
2) Արցախյան և Հայաստանի Հանրապետության տարածքում տեղի ունեցած պատերազմների 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամներ, որոնք անշարժ գույքի հարկով կամ փոխադրամիջոցի գույքահարկով հարկման օբյեկտ համարվող բնակելի նշանակության շինությունը կամ փոխադրամիջոցը ձեռք են բերել մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը,
3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանքներ կատարելու կամ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով գերեվարված, անհայտ բացակայող ճանաչված անձինք կամ մահացած ճանաչված անձի ընտանիքի անդամ:
4. Անշարժ գույքի հարկի կամ փոխադրամիջոցի գույքահարկի գծով արտոնություն կարող է սահմանվել նաև սույն կարգի 3-րդ կետում չընդգրկված առանձին հարկատուների նկատմամբ՝ արտոնության կիրառումը հիմնավորող փաստաթղթերի առկայությամբ։
5․ Անշարժ գույքի հարկով կամ փոխադրամիջոցի գույքահարկով հարկվող բնակելի նշանակության մեկից ավելի շինությունների կամ մեկից ավել փոխադրամիջոցների առկայության դեպքում, արտոնությունը կիրառվում է այդ շինություններից կամ փոխադրամիջոցներից մեկի նկատմամբ` ըստ անշարժ գույքի հարկի կամ փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություն ստացող անձի ցանկության:
6. Սույն կարգով սահմանված անշարժ գույքի հարկի կամ փոխադրամիջոցի գույքահարկի գծով արտոնություններից գրավոր հրաժարվելու դեպքում արտոնությունը համարվում է չսահմանված՝ տվյալ դիմողի մասով:
7. Սույն կարգի իմաստով ընտանիքի անդամ են հանդիսանում ամուսինը, ծնողը և զավակը (որդեգրողները և որդեգրվածները), ինչպես նաև քույրը և եղբայրը, եթե վերջիններս սույն կարգի 3-րդ կետի 1-ին կամ 3-րդ ենթակետերում նշված հանգամանքների ի հայտ գալու (հաստատման) օրվա դրությամբ փաստացի բնակվել են նույն հասցեում և ամուսնացած չեն եղել:
8. Հարկ վճարողներին անշարժ գույքի հարկի և (կամ) փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություն կարող է սահմանվել Ջերմուկ համայնքի ղեկավարի ներկայացմամբ:
9. Հարկ վճարողներին անշարժ գույքի հարկի և (կամ) փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություն կարող է սահմանվել՝
1) համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի նախաձեռնությամբ,
2) հարկ վճարողի հայցմամբ՝ համայնքի ղեկավարի եզրակացությամբ։
10․ Այն դեպքում, երբ արտոնությունը սահմանվում է համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի նախաձեռնությամբ, նախաձեռնողի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացվում անշարժ գույքի հարկի կամ փոխադրամիջոցի գույքահարկի գծով արտոնություն սահմանելու վերաբերյալ առաջարկությունը` նշելով հարկային օրենսդրությամբ նախատեսված հարկային արտոնության տեսակը և հայցվող արտոնության գումարի մեծությունը` հարկային արտոնություն տալու անհրաժեշտության հիմնավորմամբ:
11. Այն դեպքում, երբ արտոնությունը հայցվում է հարկ վճարողի կողմից, հարկ վճարողը համայնքի ղեկավարին է ներկայացնում անշարժ գույքի հարկի կամ փոխադրամիջոցի գույքահարկի գծով արտոնություն ստանալու վերաբերյալ դիմում` նշելով հարկային օրենսդրությամբ նախատեսված հարկային արտոնության տեսակը և հայցվող արտոնության գումարը, տեղեկություններ` առաջացած հարկային պարտավորությունները ժամանակին կատարելու անհնարինության, տույժերի ու տուգանքների առաջացման պատճառների մասին՝ հարկային արտոնություն ստանալու անհրաժեշտության հիմնավորմամբ: Դիմումին կից ներկայացվում են սույն կարգի 3-րդ կետի 1-ին, 2-րդ կամ 3-րդ ենթակետերով սահմանված խմբերի ներկայացուցիչ լինելու փաստը հավաստող փաստաթղթերի պատճենները, սույն կարգի 7-րդ կետով և 15-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված և արտոնության կիրառման համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները:
12. Անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի գծով արտոնություն չի կարող սահմանվել, եթե արտոնություն հայցող անձը (բացի արտոնության կիրառման համար հիմք հանդիսացող ժամկետանց պարտավորությունների) Ջերմուկ համայնքի հանդեպ ունի չկատարված այլ ժամկետանց պարտավորություններ։
13. Համայնքի ղեկավարը հարկ վճարողի դիմումը և սույն կարգի 11-րդ կետում նշված անհրաժեշտ փաստաթղթերը ստանալուց հետո մեկամսյա ժամկետում՝
1) կարգով նախատեսված պայմանները բավարարելու դեպքում՝ հարկ վճարողին հարկային արտոնություն տրամադրելու վերաբերյալ հարցը՝ հարկ վճարողի ներկայացրած փաստաթղթերի հետ մեկտեղ օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում է համայնքի ավագանու քննարկմանը.
2) կարգով նախատեսված պայմանները չբավարարելու դեպքում՝ հայցողի ներկայացրած փաստաթղթերը վերադարձնում է հարկ վճարողին` գրավոր նշելով չհամաձայնելու պատճառները, փաստական և իրավական հիմքերը:
14. Համայնքի ավագանին հարցը քննարկելուց հետո ընդունում է որոշում հարկ վճարողի համար անշարժ գույքի հարկի կամ փոխադրամիջոցի գույքահարկի գծով արտոնություն սահմանելու և հարկ վճարողի փոխարեն համայնքի բյուջեից վճարում կատարելու մասին կամ մերժում է արտոնության տրամադրումը:
15. Համայնքի ավագանու որոշման մեջ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներից բացի, նշվում են նաև`
1) հարկ վճարողի գրանցման և գույքի գտնվելու հասցեները, հարկ վճարողի անվանումն ու հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), ֆիզիկական անձի հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ).
2) հարկային օրենսդրությամբ սահմանված` տրամադրվող արտոնության տեսակը.
3) արտոնության գումարի մեծությունը, իսկ հարկի ժամկետային արտոնության տրամադրման դեպքում` հետաձգման ժամկետները:
16. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ մասով և 245-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված չափի հաշվարկման նպատակով`
1) հարկվող օբյեկտի, հարկի դրույքաչափի կամ հարկի նվազեցման գծով արտոնություն սահմանելիս, արտոնության գումարը հաշվարկվում է` հիմք ընդունելով հաշվառման տվյալների հիման վրա հաշվարկված հարկի գումարները, իսկ եթե դա անհնարին է, ապա հիմք ընդունելով հարկ վճարողի նախորդ հաշվետու ժամանակաշրջանի հաշվառման տվյալների հիման վրա հաշվարկված հարկի գումարների մեծությունը.
2) հարկի հաշվարկման կամ վճարման ժամկետի, ինչպես նաև հարկային օրենսդրությամբ և հարկային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերով նախատեսված պահանջները խախտելու համար հաշվարկված հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի ու տուգանքների վճարման ժամկետի գծով արտոնություն սահմանելիս, տվյալ բյուջետային տարում արտոնության գումարը հաշվարկվում է հետաձգվող հարկային պարտավորության գումարի նկատմամբ տվյալ բյուջետային տարվա ընթացքում արտոնության մնացած ժամանակահատվածի համար հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հարկի գումարի նկատմամբ հաշվարկվող տույժերի գումարի չափով:
17. Համայնքի ավագանու կողմից սույն կարգով չնախատեսված կարգով արտոնությունների սահմանումն արգելվում է, այդ թվում` հարկ վճարողների հարկային պարտավորությունների կատարման համար համայնքի բյուջեից փոխհատուցում տրամադրելու միջոցով:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հունիսի 2023 թվական: